Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ճշտված հաշվարկներ:

 

Հոդված 2. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկված և չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի) վճարումից:

 

Հոդված 3. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված և չվճարված տույժերի) վճարումից:

 

Հոդված 4. 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշտված հաշվարկներով հարկի լրացուցիչ գումարներ հաշվարկած հարկ վճարողներն ազատվում են այդ հաշվարկներով առաջացող հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող տույժերից և տուգանքներից:

Սույն հոդվածին համապատասխան ճշտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջանների համար:

 

i

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն և «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-151-Ն օրենքները:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-258-Ն

 

 

pin
ՀՀ 19.12.2012
N ՀՕ-258-Ն օրենք