Սեղմել Esc փակելու համար:
«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՇԻԴ ՄԵԼԻՔՍԵԹ ...

 

 

020.1074.050213

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՇԻԴ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 5 փետրվարի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի, Հ. Տիգրանյանի,

դիմող Ռ. Մելիքսեթյանի ներկայացուցիչ Լ. Գրիգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և քաղաքացի Ռաշիդ Մելիքսեթյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և քաղաքացի Ռ. Մելիքսեթյանի` 19.09.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունելիս լուծման ենթակա հարցերը» վերտառությամբ 113-րդ հոդվածը սահմանում է.

«1. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

2. Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:

3. Գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է միջանկյալ դատական ակտ»:

2. Գործի դատավարական նախապատմությունը` դիմող «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի առնչությամբ, հանգում է հետևյալին.

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն 18.08.2011թ. վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, դիմողի տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու և հայցվող տեղեկատվությունը տրամադրելու պահանջների մասին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դատաքննության ընթացքում պատասխանող կողմն ընդունել է հայցի հիմնական պահանջը` հայցվորի վերը նշված իրավունքների խախտման փաստը, իսկ դատարանը կողմերի վրա ապացուցման բեռ չի դրել: Դատաքննությունն ավարտվել է 04.04.2012թ., դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, վճռի հրապարակման օր է հայտարարվել 19.04.2012թ.: Սակայն նշանակված օրը դատարանը վճիռ չի կայացրել, փոխարենն ընդունել է «Գործի քննությունը վերսկսելու մասին» որոշում, որում մասնավորապես նշվում է, որ դատարանն անհրաժեշտ է համարում շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, և նման պայմաններում պետք է վերսկսել գործի վարույթը:

Գործով վերսկսված դատաքննությունն ավարտվել է 20.06.2012թ., դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, վճռի հրապարակման օր է հայտարարվել 04.07.2012թ.: Սակայն այս անգամ ևս նշանակված օրը դատարանը վճիռ չի կայացրել և ընդունել է նույնաբովանդակ որոշում, ինչ վերը նշված որոշումը:

Գործի դատավարական նախապատմությունը` դիմող Ռ. Մելիքսեթյանի առնչությամբ, հանգում է հետևյալին. Ռ. Մելիքսեթյանը ՀՀ ԴԱՀԿ ծառայության` 17.06.2011թ. կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը վերացնելու պահանջով 06.07.2011թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը տվյալ գործով անցկացրել է թվով յոթ նախնական դատական նիստեր (վերջինը` 15.06.2012թ.): Գործով դատաքննությունն ավարտվել է 17.07.2012թ., դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, վճռի հրապարակման օր է հայտարարվել 31.07.2012թ.: Սակայն նշանակված օրը դատարանը վճիռ չի կայացրել, և կայացրել է «Գործի քննությունը վերսկսելու մասին» որոշում, նշելով, թե գործի համար նշանակություն ունեցող կոնկրետ ինչ նոր ապացույցներ պետք է հետազոտի դատարանը:

3. Վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի սահմանադրականությունը` դիմողները գտնում են, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ և (կամ) 1-ին, 18, 19-րդ հոդվածներին:

Դիմողների կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ, նախ` օրենսգրքի վիճարկվող դրույթներով դատարանի` լրացուցիչ ապացույցները հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը շարունակելու իրավասությունը կարող է վտանգել մրցակցային դատավարության և կողմերի իրավահավասարության սկզբունքների իրացումը: Երկրորդ` դատարաններին տրված` գործի քննությունը վերսկսելու լայն հնարավորությունը գործնականում հանգեցնում է գործի քննության ողջամիտ ժամկետների խախտմանը: Եվ երրորդ` խնդրո առարկա դրույթները, չնախատեսելով գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը պատճառաբանելու ուղղակի պարտականություն, պատճառաբանական մասում որոշակի հարցերի պատասխանելու ենթակա շրջանակ, հակասում են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի` «պատճառաբանված դատական ակտի» բաղադրատարրին:

Ի հիմնավորումն այն հանգամանքի, որ բարձրացված հիմնախնդիրը եզակի բնույթ չի կրում, դիմողները ՀՀ սահմանադրական դատարան են ներկայացրել վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայի մի շարք այլ` նմանատիպ օրինակներ, որոնցից մեկով ՀՀ վարչական դատարանը յոթ անգամ կայացրել է «Գործի քննությունը վերսկսելու մասին» որոշում:

Վերջապես, դիմողների տեսակետից, իրավակիրառական պրակտիկայում խնդրո առարկա իրավանորմերը դատարանների կողմից մեկնաբանվում և, հետևաբար, կիրառվում են ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող իմաստով և բովանդակությամբ: Վերջին հանգամանքին էապես նպաստում է նաև այն, որ սահմանադրաիրավական վեճի առարկա նորմերը դատավարության մասնակիցների համար անկանխատեսելի են դարձնում ինչպես դատարանի, այնպես էլ իրենց վարքագիծը, բացառելով դատարանի դատավարական նշված լիազորության իրականացման նկատմամբ որևէ վերահսկողություն` նմանօրինակ միջանկյալ դատական ակտի իրավաչափությունը կողմերի կողմից վիճարկելու գործող ընթացակարգերի իսպառ բացակայության պատճառով:

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Անդրադառնալով դիմողների այն դիրքորոշմանը, համաձայն որի` դատարանը չպետք է իրավասու լինի մրցակցող կողմերից որևէ մեկի փոխարեն փաստի հաստատմանն ուղղված գործողություններ իրականացնել, պատասխանողը, հղում կատարելով գործի փաստերն ի պաշտոնե պարզելու դատավարական սկզբունքին` ամրագրված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով, գտնում է, որ վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու, հիմնավորված վճիռ կայացնելու նպատակով, չսահմանափակելով կողմերի հավասարության սկզբունքը, դատարանն իրավասու է նման գործողություններ իրականացնել, և գործի քննությունը վերսկսելու հնարավորության նախատեսումը միանշանակ պայմանավորված է դատարանի հիմնական դերի` արդարադատության պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ: Ընդ որում, պատասխանողը տարբեր դատավարական օրենսգրքերի համեմատական ուսումնասիրության արդյունքներով վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխանաբար` 57, 131 և 363-րդ հոդվածները, փաստում է, որ նմանատիպ իրավակարգավորումներ նախատեսված են նաև սահմանադրական, քաղաքացիական և քրեական դատավարությունների ոլորտներում:

Չհամաձայնելով դիմողների այն տեսակետին, համաձայն որի` օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասում «ապացույցների լրացուցիչ հետազոտում» և «գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզում» հասկացությունները նույնաբովանդակ են, ինչն անորոշություն է ստեղծում, պատասխանողը, վկայակոչելով և մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, գտնում է, որ վերը նշված հասկացությունները տարբեր հասկացություններ են. «ապացույցների լրացուցիչ հետազոտում» հասկացությունը վերաբերում է նույն ապացույցի լրացուցիչ հետազոտմանը, իսկ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար կարող են պահանջվել և հետազոտվել նոր ապացույցներ:

Անդրադառնալով օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ դիմողների դիրքորոշմանը` պատասխանողը, վկայակոչելով օրենսգրքի 112-րդ հոդվածը, որն էլ, իր հերթին, հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածին, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը պատճառաբանված որոշում կայացնելու որոշակի իրավական երաշխիք է:

5. Հաշվի առնելով դիմողների փաստարկները` սահմանադրական դատարանը սույն գործով հարկ է համարում նախ բացահայտել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերով սահմանված իրավակարգավորման նպատակը և տրամաբանությունը` նշված նորմերը դիտարկելով օրենսգրքի 113-րդ հոդվածի մյուս նորմերի հետ համադրության մեջ:

Օրենսգրքի 113-րդ հոդվածը վերաբերում է գործով ըստ էության դատական ակտ կայացնելիս դատարանի գործողություններին: Վերջիններս այն անհրաժեշտ, պարտադիր և բավարար գործողություններն են, որոնք չկատարելու դեպքում կխաթարվեր արդարադատության էությունը` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ակնհայտ է, որ արդարության պահանջները բավարարող դատական ակտ կայացնելու համար առնվազն հարկ է որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և դրանք հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցների շրջանակը` այդ շրջանակից բացառելով ոչ վերաբերելի և ոչ թույլատրելի ապացույցները: Հարկ է նաև մրցակցային դատավարության սկզբունքի հիման վրա հնարավորություն ընձեռել կողմերին դատարանի կողմից հետազոտելու համար ներկայացնելու համապատասխան ապացույցները: Ինքնանպատակ չէ այն, որ մինչև բուն դատաքննության անցկացումը վարչադատավարական օրենսդրությամբ նախատեսված է նախնական դատական նիստեր անցկացնելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է դատական ակտի կայացմանը, որին նվիրված է օրենսգրքի 113-րդ հոդվածը, ապա այն ըստ էության հանդիսանում է նախնական դատական նիստերի և դատաքննության ամփոփումը, որի ժամանակ հարկ է ոչ միայն գնահատել գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները և դրանց հիման վրա որոշել կիրառելի իրավունքը, այլ դատական քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար մեկ անգամ ևս ստուգել հնարավոր բացթողումների առկայությունը, այն է` որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզված լինելը: Ընդ որում, գործնականում չի բացառվում դատական քննության ընթացքում հնարավոր սխալների, թերությունների առկայությունը: Դրանց բացառմանն են ուղղված հենց օրենսգրքի վիճարկվող նորմերը: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը գտնվում են նույն հոդվածի 1-ին մասի դրույթների հետ տրամաբանական փոխկապվածության մեջ: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը, նախատեսելով գործի քննությունը վերսկսելու ինստիտուտ, հետապնդում է, առաջին հերթին, հնարավոր դատական սխալից խուսափելու, գործի լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, արդարադատությունն ամբողջ ծավալով իրականացնելու նպատակ: Նման իրավակարգավորման բացակայությունն, ընդհակառակը, կարող է հանգեցնել դատական սխալի, արդար և բազմակողմանի դատաքննության պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն: Ընդ որում, օրենսգրքի վիճարկվող նորմերով սահմանված իրավակարգավորումը բնորոշ է սահմանադրական, քաղաքացիական և քրեական դատավարություններին և նախատեսված է ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ, այլ նաև բազմաթիվ այլ պետությունների օրենսդրություններով (օրինակ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական դատավարության և արբիտրաժային դատավարության օրենսգրքեր, ՈՒկրաինա, Լատվիա և այլն):

6. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում օրենսգրքի վիճարկվող նորմերը գնահատել ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

առաջին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81, 82, 117.9 և 118.11-րդ հոդվածները, որոնք վերաբերում են առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատարաններում գործի քննության ժամկետներին, նույնությամբ օգտագործում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «ողջամիտ ժամկետ» եզրույթը` առանց կոնկրետացնելու այդ եզրույթի բովանդակային ծավալը, այսինքն` առանց մատնանշելու կոնկրետ օրացուցային օրեր, ամիսներ:

Երկրորդ` օրենսդիրը, օգտագործելով «ողջամիտ ժամկետ» եզրույթը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ հաշվի է առել տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող հանգամանքերի հնարավոր առկայությունը` հնարավորություն ընձեռելով դատական քննության տևողության ողջամտությունը գնահատել` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքները: Որպես տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող հանգամանքներ կարող են հանդես գալ, ի թիվս այլնի, գործի բարդությունը, հայցվորի և իրավասու մարմինների վարքագիծը, այն հանգամանքը, թե տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում գործը և այլն: Այդ է պատճառը, որ օրենսդիրը վարչադատավարական օրենսդրության մեջ նախատեսել է նախնական դատական նիստերի ինստիտուտը, որն ուղղված է գործը դատաքննության նախապատրաստելուն այն հաշվարկով, որպեսզի գործի դատաքննության ավարտից հետո չառաջանա գործի քննությունը վերսկսելու անհրաժեշտություն:

Երրորդ` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքը` ամրագրված օրենսգրքի 6-րդ հոդվածում, ինչը պարտավորեցնում է դատարանին, չկաշկանդվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնց համար տրամաբանորեն պահանջվում է որոշակի ժամանակահատված:

Չորրորդ` Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «ողջամիտ ժամկետ» եզրույթը վերաբերում է ոչ միայն օրենսդրին, այլ, նախևառաջ, իրավակիրառողին, որը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ, պարտավոր է ապահովել գործի քննության ողջամիտ ժամկետները` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքները, որոնք չեն բացառում տարբեր գործոններով պայմանավորված`գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող հանգամանքների հնարավոր առկայությունը:

Հինգերորդ` եթե անգամ օրենսդիրը վարչադատավարական օրենսդրության մեջ կոնկրետացնի Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «ողջամիտ ժամկետ» եզրույթը` մատնանշելով կոնկրետ օրացուցային օրեր կամ ամիսներ, ապա, միևնույն է, առաջանալու է այդ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան իրավակարգավորում սահմանելու անհրաժեշտություն` հաշվի առնելով տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքերի հնարավոր առկայությունը: Այդ հանգամանքներով է պայմանավորված այն, որ օրենսդիրը վարչադատավարական օրենսդրության մեջ նախնական դատական նիստերի և գործի քննությունը վերսկսելու ինստիտուտների հետ մեկտեղ նախատեսել է նաև գործի քննությունը հետաձգելու, գործի վարույթը կասեցնելու ինստիտուտները:

Հաշվի առնելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «ողջամիտ ժամկետ» եզրույթը չի բացառում տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայությունը և դրանով պայմանավորված` նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի վարույթը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը: Դա միաժամանակ ենթադրում է դատարանի կողմից գործի քննությունն անհարկի, կամայականորեն ձգձգելը բացառելու պատվիրան:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ տարաբնույթ օբյեկտիվ գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքն իրավաչափորեն երկարաձգող հնարավոր հանգամանքների առկայությունը և դրանով պայմանավորված` արդարադատության անաչառ ու արդյունավետ իրականացման շահերից ելնելով նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի վարույթը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը հակասության մեջ չի գտնվում Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու սկզբունքի հետ:

7. Գործի քննության «ողջամիտ ժամկետ» հասկացության բովանդակության բացահայտմանն է անդրադարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Դատարանը իրազեկ է այն դժվարությունների մասին, որոնք երբեմն դանդաղեցնում են ... վեճերի քննությունը, ինչը ծանոթ է ազգային դատարաններին, և որոնք բխում են տարբեր գործոններից: Մնում է միայն, որ 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գործերը պետք է քննվեն ողջամիտ ժամկետում. Կոնվենցիան նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ընդհատումներով, որոնք կարող են վարկաբեկել դրա արդյունավետությունն ու ճշմարտացիությունը» (H. c. France, 58): «Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված` դատական քննության տևողության ողջամիտ բնույթը պետք է գնահատվի յուրաքանչյուր դեպքում` գործի հանգամանքներին համապատասխան (Konig v. Germany, 99; Buchholz v. Germany, 49)», «և հաշվի առնելով դատարանի պրակտիկայում ամրագրված չափանիշները» (Wiesinger v. Austria, 54), «մասնավորապես, գործի բարդությունը, հայցվորի վարքագիծը, իրավասու մարմինների վարքագիծը: Այս վերջին կետով հաշվի է առնվում նաև հայցվորի համար դատական քննության առարկայի կարևորությունը» (Zimmermann et Steiner v. Switzerland, 24; X. c. France, 32; Karakaya v. France, 30; տես նաև` Erkner et Hofauer c. Autriche, 66; Poiss v. Austria, 55; H. c. Royaume-Uni, 71; Allenet de Ribemont v. France, 47; Duclos V. France, 55; Ceteroni v. Italy, 22): «Հայցվորների վարքագիծը հանդիսանում է օբյեկտիվ հանգամանք, որը չի մեղսագրվում Պատասխանող պետությանը, և որը հաշվի է առնվում որոշելու համար, թե արդյոք տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված` ողջամիտ ժամկետի սահմանազանցում» (Wiesinger v. Austria, 57; Erkner et Hofauer c. Autriche, 68; Poiss v. Austria, 57): «Ստուգելու համար ժամանակահատվածի ողջամիտ բնույթը, պետք է հաշվի առնել այն վիճակը, որում տվյալ պահին գտնվել է գործը» (Raffineries grecques Stran et Stratis Andreadis c. GrՌce, 52; Baggetta v. Italy, 20):

Վերոգրյալը դիտարկելով սույն որոշման 6-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումների համատեքստում` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողների այն տեսակետը, որ օրենսգրքի վիճարկվող դրույթներով դատարաններին տրված` գործի քննությունը վերսկսելու հնարավորությունն իրավական հիմք է գործի քննության ողջամիտ ժամկետների խախտման համար:

8. Անդրադառնալով դիմողների այն պնդումներին, որ լրացուցիչ ապացույցները հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը շարունակելու` դատարանի իրավասությունը կարող է վտանգել մրցակցային դատավարության և կողմերի իրավահավասարության սահմանադրական և կոնվենցիոն դրույթների պահպանումը, և որ նման իրավասությունը չի համապատասխանում դատարանի գործառույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, սահմանադրական դատարանը դրանք հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ: Սահմանադրական դատարանը վարչադատավարական օրենսդրության ուսումնասիրության հիման վրա արձանագրում է, որ բոլոր դեպքերում, երբ գործի քննությունը վերսկսվում է, դատավարությունն ընթանում է այն նույն կանոններով և սկզբունքներով, ինչ մինչև դրա ավարտը, և վիճարկվող օրենսդրական կարգավորումների առկայությունը որևէ դեպքում չի ենթադրում, որ կողմերը զրկվում են մրցակցային դատավարության կամ իրավահավասարության իրավունքներից:

Բացի դրանից, սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ, ի տարբերություն դատավարության այլ ձևերի (օրինակ` քաղաքացիական դատավարության), վարչադատավարական օրենսդրության մեջ կողմերի իրավահավասարության սկզբունքի հետ մեկտեղ գործում է նաև փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքը: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն.

«1. Գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

2. Դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

3. Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի»:

Վերոգրյալի հիման վրա` սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննությունը վերսկսելու ինստիտուտի անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով ամրագրված` գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքի տրամաբանությունից:

9. Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում կարևորում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի սահմանադրականության գնահատման հարցը` դատական ակտերի պատճառաբանվածության տեսանկյունից:

Ինչպես նշվեց, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է միջանկյալ դատական ակտ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը գտնվում են տրամաբանական փոխկապվածության մեջ. դրանցից առաջինը սահմանում է գործի քննությունը վերսկսելու հիմքերը, իսկ երկրորդը սահմանում է գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ դատական ակտի տեսակը: Ընդ որում, գործի քննությունը վերսկսելու հիմքերը շարադրված են հստակ և ինքնաբերաբար հանդես են գալիս նաև որպես գործի քննությունը վերսկսելու պատճառ կամ առիթ: Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` գործի քննությունը վերսկսելու հիմքերը պարտավորեցնում են դատարաններին գործի քննությունը վերսկսելու մասին դատական ակտ կայացնելիս դատական ակտում նշել այդ հիմքերը կամ համապատասխանաբար` դրանցից մեկը: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նման պարտականությունը միաժամանակ ապահովում է դատական ակտի պատճառաբանվածությունը, որի վերաբերյալ սահմանադրական դատարանն իր, մասնավորապես, ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-765, ՍԴՈ-818, ՍԴՈ-886, ՍԴՈ-919 որոշումներում բազմիցս արտահայտել է համապատասխան իրավական դիրքորոշումներ: Այսինքն` կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը` դատարաններն ինքնին կիրառում են նշված մասում ամրագրված հիմքերից որևէ մեկը, այն է` ապացույցները լրացուցիչ հետազոտելու անհրաժեշտությունը կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը շարունակելու անհրաժեշտությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` տվյալ դատական ակտը կայացնելու իրավասությունը ենթադրում է իրավունքով սահմանափակված հայեցողություն և պատճառաբանված դատական ակտ կայացնելու պարտականություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ գործի քննությունը վերսկսելու մասին պատճառաբանված դատական ակտ կայացնելու որոշակի իրավական երաշխիք է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի ուժով, ի թիվս այլնի, միջանկյալ դատական ակտին ներկայացվող պահանջների նկատմամբ տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, մասնավորապես, այդ օրենսգրքի 144-րդ հոդվածը, պարտավորեցնում է դատարաններին դատական ակտ կայացնելիս այդ ակտում նշել նաև այն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է համապատասխան հետևությունների:

10. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև դիտարկվող հիմնահարցն ուսումնասիրել կոնկրետ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունների համատեքստում` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում ստեղծված իրավիճակը:

Այս առումով սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ինքնին գործի քննությունը վերսկսելու ինստիտուտի նպատակը թեև իրավաչափ է, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն կիրառելի է բացառապես միայն այն դեպքերում, երբ առկա են գործով ապացույցները լրացուցիչ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու` իրապես օբյեկտիվ հիմքեր և պատճառներ: Հակառակ պարագայում, ինչպես վկայում են դիմողները, դատարանների կողմից դիտարկվող ինստիտուտի անհարկի և չհիմնավորված (առանց պատշաճորեն պատճառաբանելու) կիրառումը գործնականում կարող է հանգեցնել գործի դատական քննության ողջամիտ ժամկետների չարդարացված և անթույլատրելի խախտումների և, վերջին հաշվով, արդարադատության բուն նպատակների խաթարմանը:

Սահմանադրական դատարանը չի կարող արդարացված համարել բոլոր այն դեպքերը, երբ, ինչպես վկայում են գործի նյութերը, 5-7 անգամ դատարանն անցկացնում է նախնական դատական նիստեր և ապա դատաքննության արդյունքում կրկին որոշում է կայացնում վերսկսել (ընդ որում` ոչ մեկ անգամ) գործի դատաքննությունը: Սա վկայում է արդարադատության որակի ու դատական վերահսկողական համակարգերի հնարավոր բացերի մասին: Նման պրակտիկայի առկայությունը պայմանավորված է ոչ թե վեճի առարկա ինստիտուտի առկայությամբ, այլ վերջինիս ոչ համարժեք կիրառման, դատաքննության ոչ պատշաճ իրականացման հանգամանքներով, ինչը բողոքարկման ինստիտուտի շրջանակներում պետք է անհրաժեշտ վերաբերմունքի արժանանա` նման դատական ակտերի գնահատման ու նախադեպային պրակտիկայի ձևավորման իրավասությամբ օժտված դատական ատյանների կողմից:

Խնդրո առարկա ինստիտուտի ձևական կիրառումը դատարանների գերծանրաբեռնվածության կամ այլ պատճառաբանությամբ, որոնք որևէ անմիջական առնչություն չունեն օրենսգրքի 113-րդ հոդվածում ամրագրված հիմքերի հետ, սահմանադրաիրավական առումով իրավաչափ չէ:

Սահմանադրական դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ դիմողների իրավունքների հնարավոր խախտումները պայմանավորված չեն վեճի առարկա նորմերի սահմանադրաիրավական բովանդակությամբ կամ դրանց տրված որևէ կոնկրետ մեկնաբանությամբ: Վեճի առարկան, ըստ էության, օրենքի նորմի այնպիսի կիրառումն է, երբ խնդիրն առնչվում է դատական հայեցողության սահմանների ոչ համարժեք ընկալմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

5 փետրվարի 2013 թվականի

ՍԴՈ-1074

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
05.02.2013
N ՍԴՈ-1074
Որոշում