Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-Ը ՀԱ ...

 

 

i

050.0102.290513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2013 թվականի թիվ 102-Ն

 

i

«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 71-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նպատակ ունենալով բարձրացնել բանկերում ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև համապատասխանեցնել բանկերի ներքին հսկողության համակարգին ներկայացվող պահանջները Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի (BCBS) կողմից սահմանված սկզբունքներին,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 250-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 16-ի թիվ 40 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 71-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ին:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի ապրիլի 16-ի

թիվ 102-Ն որոշմամբ

 

ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են բանկերում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա այնքանով, որքանով կիրառելի է:

 

ԲԱԺԻՆ 2. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 2. Ներքին հսկողության համակարգ

 

3. Ներքին հսկողության համակարգը բանկի ներքին կազմակերպական կառուցվածքի, գործարար գործընթացների, ռիսկերի կառավարման համակարգի, հաշվետվողականության, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության իրականացման միջոցառումների համալիր է: Ներքին հսկողության համակարգն ուղղված է բանկի ակտիվների պահպանմանը, բանկի գործունեության անընդհատության ապահովմանը, բանկի գործունեությանը ներհատուկ ռիսկերի ժամանակին բացահայտմանը, գնահատմանն ու շարունակական կառավարմանը, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների` գործող ստանդարտներին համապատասխանության ապահովմանը, իրականացվող գործառնությունների արդյունավետության բարձրացմանը, բանկի գործունեության համապատասխանության ապահովմանը գործող օրենսդրությանը և բանկի ներքին իրավական ակտերին:

4. Ներքին հսկողության հիմնական նպատակներն են.

1) բանկային գործունեությանը բնորոշ ռիսկերի բացահայտումը և կառավարումը, բանկի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և անձնակազմի արդյունավետ կառավարումը (գործառնական նպատակ),

2) բանկում որոշում կայացնելու համար անհրաժեշտ հաշվապահական, ֆինանսական և այլ հաշվետվությունների հուսալիության, ամբողջականության և ժամանակին ներկայացման, բանկի ներսում տեղեկատվության անհրաժեշտ հոսքերի ապահովումը (տեղեկատվական նպատակ),

3) բանկի գործունեության համապատասխանության ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, բանկի կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատված ներքին իրավական ակտերի (կարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլն) պահանջներին (իրավական համապատասխանության նպատակ):

5. Ներքին հսկողության համակարգը ներառում է բանկի գլխամասի և մասնաճյուղերի ներքին հսկողության համակարգերը, որոնք կազմում են տրամաբանական ամբողջություն և հիմնվում են միևնույն չափանիշների և սկզբունքների վրա:

6. Բանկի ու բանկի դուստր և/կամ կախյալ և/կամ հսկվող ընկերությունների (առկայության դեպքում) ներքին հսկողության առանձին համակարգերը կազմում են տրամաբանական ամբողջություն և հիմնվում են միևնույն չափանիշների և սկզբունքների վրա այն դեպքում, երբ

1) բանկի ու բանկի դուստր և/կամ կախյալ և/կամ հսկվող ընկերությունների գործունեությունը կամ գործառնությունները փոխկապակցված են, կամ

2) բանկի դուստր և/կամ կախյալ և/կամ հսկվող ընկերություններն ունեն էական ազդեցություն բանկի ֆինանսական արդյունքների, ֆինանսական վիճակի կամ համբավի վրա:

7. Գործարար գործընթացների իրականացումը ամբողջությամբ կամ դրանց մի մասը բանկի դուստր, կախյալ կամ հսկվող ընկերությունների կողմից կարող է ապահովվել, այնքանով, որքանով չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

8. Բանկն ապահովում է, որպեսզի իր ներքին հսկողության համակարգը բավարարի առնվազն սույն կանոնակարգով սահմանված պահանջներին: Եթե բանկի կողմից իրականացվող առանձին գործառնությունների բնույթը, ծավալը կամ այդ գործառնություններից ստացվող բանկի ֆինանսական արդյունքները էական չեն բանկի համար կամ չեն առաջացնում էական ռիսկեր, ապա բանկը կարող է չպահպանել այդ գործառնությունների գծով սույն կանոնակարգով սահմանված ներքին հսկողության պահանջները` բանկի խորհրդի որոշմամբ հաստատված հիմնավորմամբ:

9. Բանկում պատշաճ ներքին հսկողության համակարգի ձևավորման, կենսագործունեության և արդյունավետության շարունակական մոնիտորինգի իրականացման համար պատասխանատու են բանկի խորհուրդը (այսուհետ նաև` խորհուրդ), գործադիր մարմինը, հսկողական գործառույթ իրականացնող անձինք, բանկի բոլոր աշխատակիցները` օրենքով և/կամ այլ իրավական ակտերով սահմանված իրենց պարտականությունների շրջանակներում: Սույն կանոնակարգի համաձայն` բանկի խորհրդի իրավասությանը վերապահվելիք պարտականությունները վերջինի կողմից իրականացվում են բանկում ներքին հսկողության ստանդարտների սահմանման ներքո:

10. Բանկերի ներքին հսկողության համակարգը նկարագրվում է բանկի ներքին իրավական ակտերում, որոնք հանդես են գալիս կարգերի, ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլ ակտերի տեսքով:

11. Ներքին հսկողության համակարգը, դրա առանձին տարրերը բանկի խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իսկ միջավայրի փոփոխությունների, ինչպես նաև նոր կամ նախկինում հսկողությունից դուրս մնացած էական ռիսկերի, առկա համակարգի էական թերությունների ու բացթողումների հայտնաբերման դեպքում` ողջամիտ ժամկետում, գնահատվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում են: Կատարված էական փոփոխությունները և փոփոխման հիմնավորումները, ինչպես նաև փոփոխության անհրաժեշտության բացակայության հիմնավորումները պատշաճ կարգով փաստաթղթավորվում են:

12. Միջավայրի փոփոխություններ են.

1) բանկի բիզնես ռազմավարության փոփոխությունը,

2) գործառնական միջավայրի էական նշանակություն ունեցող փոփոխությունները,

3) անձնակազմի էական նշանակություն ունեցող փոփոխությունը,

4) նոր կամ վերափոխված տեղեկատվական համակարգերը,

5) նոր կամ վերափոխված տեխնոլոգիաները,

6) նոր ծառայությունները, գործունեության տեսակները,

7) կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը,

8) բանկի վերակազմակերպումը,

9) բանկի կողմից դուստր և/կամ կախյալ և/կամ հսկվող ընկերությունների ստեղծումը, դուստր կամ կախյալ ընկերություններին մասնակցությունը,

10) միջազգային գործառնությունների ընդլայնումը,

11) էական նշանակություն ունեցող փոփոխությունները տնտեսական, ֆինանսական և/կամ բանկային գործունեության կարգավորման բնագավառում,

12) բանկի գործունեության, ռիսկայնության մակարդակի վրա էական ազդեցություն ունեցող ներքին և արտաքին այլ հանգամանքների ի հայտ գալը և այլն:

13. Բանկերի ներքին հսկողության համակարգը ապահովում է հուսալի և բնականոն բանկային գործունեության իրականացումը` հաշվի առնելով տվյալ բանկի գործունեության բնույթը, առկա ու հնարավոր ռիսկերը, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, գործարար շրջանառության սովորույթները ու բանկի գործունեության միջավայրը:

14. Բանկի գործադիր մարմնի, ներքին հսկողական գործառույթներ իրականացնող անձանց, բանկի աշխատակիցների կողմից հայտնաբերված ներքին հսկողության համակարգի թերությունները և բացթողումները բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվում են խորհրդին:

15. Բանկն ապահովում է ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերի հասանելիությունը բանկի անձնակազմին: Բանկն ապահովում է բանկի անձնակազմի տեղեկացվածությունը բանկի ներքին հսկողության համակարգը նկարագրող ներքին իրավական ակտերի դրույթներին` իրենց կողմից իրականացվող գործառույթների մասով:

16. Բանկի յուրաքանչյուր էական գործարար գործընթացի համար բանկում պետք է ներդրվեն համապատասխան հսկողական մեխանիզմներ: Հսկողական մեխանիզմները կարող են լինել կանխարգելող (ուղղված անցանկալի արդյունքների կանխարգելմանը), բացահայտող (ուղղված անցանկալի գործառնությունների բացահայտմանը), ինչպես նաև անցանկալի հետևանքները վերացնող (ուղղված անցանկալի հետևանքների վերացմանը): Անցանկալի արդյունքների/գործառնությունների բացահայտման, կանխարգելման և վերացման հսկողական մեխանիզմներն են.

1) բանկի գործունեության պարբերական ուսումնասիրությունը և գնահատումը բանկի կառավարման մարմինների կողմից (աշխատակիցներից կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների պահանջման, իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ աշխատակիցներին հարցերի տրման և նրանցից պատասխանների, պարզաբանումների և բացատրությունների ստացման և այլ միջոցներով),

2) բանկին պատկանող գույքի և առավել կարևոր փաստաթղթերի (այդ թվում` վարկային, ավանդային պայմանագրեր) ֆիզիկական պաշտպանվածության ապահովումը, ինչը ենթադրում է, որ բանկին պատկանող գույքը և առավել կարևոր փաստաթղթերը պաշտպանված են կորստից, չթույլատրված դուրսհանումից կամ օգտագործումից,

3) ներքին սահմանաչափերի, դրանցից թույլատրելի շեղումների սահմանումը և պահպանումը (օրինակ` առանձին գործարքների, գործունեության ցուցանիշների նկատմամբ և այլն),

4) որոշակի սահմանաչափերը գերազանցելու դեպքում որոշումների կայացումը, գործարքների հաստատումը և (կամ) թույլատրումը վերադաս իրավասու անձանց կողմից,

5) աշխատանքային պարտականությունների պատշաճ տարանջատումը և աշխատակիցներին շահերի բախում չպարունակող պարտականությունների հանձնարարումը,

6) գույքի և գրառումների համատեղ պահպանումը, երբ որոշակի գործընթացների համար հավասարապես հաշվետու են երկու կամ ավելի անձինք (օրինակ, երբ երկու կամ ավելի բանալիներից կամ գաղտնաբառերից յուրաքանչյուրը, որոնք պետք է օգտագործվեն դրամապահոց, արխիվ կամ այլ պահուստարան մուտքի իրավունք ստանալու համար, վստահվում են առանձին անհատների),

7) կրկնակի ստուգումը,

8) տվյալների և գրառումների համադրումը,

9) պարբերական գույքագրումը,

10) կրկնակի կամ բազմակի ստորագրությունների պահանջումը,

11) հայտնաբերված խախտումների, թերությունների, ինչպես նաև դրանց հետևանքով առաջացած անցանկալի երևույթների վերացման կապակցությամբ հանձնարարականներ տալը և դրանց պատշաճ ու ժամանակին կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը,

12) բանկի հայեցողությամբ` հսկողության այլ մեխանիզմներ:

 

ԲԱԺԻՆ 3. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ԳՈՐԾԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 3. Կազմակերպական կառուցվածք, գործարար գործընթացներ, անձնակազմի կառավարում

 

17. Ներքին հսկողության համակարգը բանկի կազմակերպական կառուցվածքի առումով նվազագույնը նախատեսում է.

1) բանկի կազմակերպական կառուցվածքի մանրամասն նկարագիրը` սխեմատիկ և/կամ տեքստային ձևով,

2) բանկի ստորաբաժանումների ու աշխատակիցների պատշաճ տարանջատված պարտականություններն ու լիազորությունները: Պարտականությունների ու լիազորությունների տարանջատման ընթացքում նվազագույնը բացահայտվում ու վերահսկվում են շահերի բախման հնարավոր դեպքերն ու ոլորտները:

18. Բանկի ներքին հսկողության համակարգը բանկի գործարար գործընթացների առումով նվազագույնը ներառում է.

1) բանկի կողմից իրականացվող գործարար գործընթացների նկարագիրը, որը ներառում է բանկի կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրը` սխեմատիկ և/կամ տեքստային ձևով, այդ թվում`

ա. նկարագրվող գործարար գործընթացի իրականացման քայլերի հերթականությունը,

բ. գործարար գործընթացի վերջնական արդյունքը` փաստաթղթի, գործարքի, տեղեկատվության կամ այլ տեսքով,

գ. գործարար գործընթացի իրականացման ժամկետները` ըստ քայլերի,

դ. կապը բանկի առանձին գործարար գործընթացների միջև,

ե. անհրաժեշտ հղումներ գործընթացը կանոնակարգող օրենքներին, այլ իրավական ակտերին կամ այլ ներքին ակտերին,

2) գործարար գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների սահմանված և տարանջատված պարտականություններն ու լիազորությունները,

3) գործարար գործընթացների առանձին քայլերի իրականացմանն առնչվող ռիսկերի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված ներքին հսկողության մեխանիզմները,

4) գործարար գործընթացի անխափան և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման եղանակները և այդ տեղեկատվության հոսքերը բանկում (ստորաբաժանումների, ղեկավարների, աշխատակիցների միջև):

19. Բանկի առանձին գործընթացների և գործառնության իրականացումը և հաշվառումը (ներառյալ` հետագա հսկողության (post control-ի) ձևով) սկզբից մինչև վերջ չի դրվում միայն մեկ կամ փոխկապակցված անձանց վրա:

20. Ներքին հսկողության համակարգը անձնակազմի կառավարման քաղաքականության (կադրային քաղաքականության) առումով նվազագույնը նախատեսում է.

1) աշխատակիցներին աշխատանքի ընդունելու և ազատելու կարգը,

2) աշխատակիցների վերապատրաստման սկզբունքները,

3) աշխատակիցների վարձատրության, պարգևատրման կամ այլ ձևի նյութական խրախուսման (այսուհետ` վարձատրության քաղաքականություն) և կարգապահական պատասխանատվության ենթարկելու քաղաքականությունն ու կարգը,

4) աշխատակիցների առաջխաղացման, ռոտացիաների իրականացման կարգը,

5) արձակուրդային քաղաքականության սկզբունքները,

6) աշխատակիցների կատարած աշխատանքների գնահատման կարգը,

7) մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատատեղերի նկարագրությունը,

8) աշխատանքային էթիկայի կանոնները:

21. Բանկի բոլոր աշխատակիցներն առնվազն գրավոր ձևով տեղեկացվում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ առնչվող ռիսկերի, ներքին հսկողության համակարգում իրենց դերի, աշխատանքի վայրում և դրանից դուրս իրենց վարքագծին ներկայացվող պահանջների, իրենց կողմից թույլ տրված չարաշահումների, բացթողումների հետևանքների մասին:

22. Բանկի խորհրդի կողմից հաստատված վարձատրության քաղաքականությունն առնվազն բավարարում է հետևյալ պահանջներին.

1) չի խթանում բանկի աշխատակիցների կողմից չհիմնավորված ռիսկերի ստանձնումը, ինչպես նաև հաճախորդների նկատմամբ ոչ արդարացի վերաբերմունքի ցուցաբերումը,

2) համահունչ է բանկի խորհրդի կողմից հաստատված ռիսկի ախորժակին, բանկի երկարաժամկետ նպատակներին,

3) առնվազն վերաբերում է բանկի ղեկավարներին, ինչպես նաև բոլոր այն աշխատակիցներին, որոնց գործունեությունը կարող է էական ազդեցություն ունենալ բանկի ռիսկերի մակարդակի վրա,

4) վարձատրության քաղաքականության մշակման, կիրառման և մոնիթորինգի ժամանակ առնվազն բացահայտվում և վերահսկվում են շահերի բախման հնարավոր դեպքերն ու ոլորտները: Ընդ որում, հսկողական գործառույթներում ընդգրկված աշխատակիցների արդյունավետ աշխատանքին խոչընդոտող շահերի բախման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով հսկողական գործառույթներում ընդգրկված աշխատակիցների վարձատրությունը սահմանելիս կարող են կիրառվել գործունեության արդյունքների վրա հիմնված փոփոխուն վարձատրության մեխանիզմներ: Հսկողական գործառույթներում ընդգրկված աշխատակիցների վարձատրությունը կարող է ածանցվել համապատասխան հսկողական գործառույթի նպատակներին հասնելու արդյունքներից,

5) վարձատրության փոփոխուն բաղադրիչների կիրառման դեպքում ապահովվում է վարձատրության հաստատուն և փոփոխուն բաղադրիչների արդյունավետ համադրությունը:

23. Գործունեության արդյունքների վրա հիմնված վարձատրության փոփոխուն բաղադրիչի սահմանման դեպքում.

1) ապահովվում է, որպեսզի գործունեության արդյունքների գնահատման չափանիշները լինեն հստակ և օբյեկտիվորեն գնահատելի,

2) գործունեության արդյունքների գնահատումը կարող է հիմնվել ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական չափանիշների վրա,

3) հաշվի են առնվում ոչ միայն անհատի գործունեության արդյունքները, այլ նաև համապատասխան բիզնես միավորի գործունեության արդյունքները, ինչպես նաև բանկի գործունեության ընդհանուր արդյունքները (կիրառելիության դեպքում),

4) գործունեության արդյունքների հիման վրա վարձատրության աճ իրականացնելիս հաշվի են առնվում նաև գործունեության հետ կապված ներկա և ապագա ռիսկերը: Հաշվի առնելով ժամանակի ընթացքում գործունեության արդյունքների և դրանց հետ կապված ռիսկերի փոփոխման հավանականությունը` գործունեության արդյունքների գնահատումը, կիրառելիության դեպքում, իրականացվում է երկարաժամկետ կտրվածքով,

5) սահմանվում են վարձատրության փոփոխուն բաղադրիչի սահմանաչափեր, որոնք համահունչ են բանկի կապիտալի կառավարման ռազմավարությանը և կապիտալի արդյունավետ մակարդակը պահպանելու բանկի ունակությանը` հաշվի առնելով կապիտալի ներքին թիրախները և օրենսդրական պահանջները:

 

ԲԱԺԻՆ 4. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 4. Ռիսկերի կառավարման համակարգ

 

24. Ռիսկերը, որոնց ենթարկված է կամ կարող է ենթարկվել բանկը, ներառում են ներքին և արտաքին հանգամանքներ, որոնք կարող են սպառնալ բանկի գործունեության անընդհատությանը կամ բացասական ազդեցություն ունենալ բանկի կապիտալի և/կամ շահույթի, ինչպես նաև գործարար համբավի վրա:

25. Բանկն ապահովում է խորհրդի կողմից հաստատված ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի առկայություն, որը համահունչ է բանկի գործունեությանը բնորոշ ռիսկերի բնույթին, իրականացվող գործարար գործընթացների ծավալին և բարդությանը:

26. Բանկի ռիսկերի կառավարման համակարգն առնվազն ներառում է.

1) ռիսկերի կառավարման ռազմավարությունը, որով սահմանվում են ռիսկերի կառավարման առումով բանկի ընդհանուր մոտեցումները/նպատակները: Ընդ որում, ռիսկերի կառավարման ռազմավարության մշակման ժամանակ առնվազն հաշվի են առնվում բանկի խորհրդի կողմից հաստատված գործարար ծրագիրն ու բանկի կողմից իրականացվող գործարար գործընթացները, ներառյալ բանկի կողմից պատվիրակված գործընթացները,

2) խորհրդի կողմից հաստատված բանկի ռիսկի ախորժակը, այսինքն` ռիսկերի այն մասը, որը բանկը կարող է և ցանկանում է ստանձնել` չխաթարելով իր ֆինանսական կայունությունը և բնականոն գործունեությունը,

3) առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները, որոնցով առնվազն սահմանվում են.

ա. բանկի գործունեությանը ներհատուկ խելամտորեն կանխատեսելի և էական ռիսկերը` ըստ տեսակների: Ընդ որում, բանկի կողմից առնվազն դիտարկվում են սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված ռիսկերը, ինչպես նաև խմբի անդամ լինելու հետևանքով առաջացող լրացուցիչ ռիսկերը (կիրառելիության դեպքում),

բ. ռիսկի յուրաքանչյուր տեսակի համար ռիսկի ընդունելի սահմանաչափերը, սահմանված սահմանաչափերից թույլատրելի շեղումների դեպքերն ու չափերը,

գ. ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմների կիրառումը (օրինակ` ապահովագրություն, հեջավորում և այլն),

4) առանձին ռիսկերի ճանաչման, գնահատման, զսպման, դրանց մոնիթորինգի և հաշվետվողականության գործընթացները և գործիքները (ներառյալ` մոդելները (կիրառելիության դեպքում)),

5) ռիսկերի կառավարման գործընթացում բանկի առանձին կազմակերպական միավորների, ինչպես նաև աշխատակիցների պարտականություններն ու լիազորությունները,

6) բանկի կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացների քաղաքականությունը` համաձայն սույն կանոնակարգի 5-րդ գլխի:

i

27. Բանկը մշակում է ռիսկերի գնահատման գործող համակարգ` ուղղված առնվազն հետևյալ ռիսկերի գնահատմանը.

1) Վարկային ռիսկ

2) Շուկայական ռիսկ

3) Իրացվելիության ռիսկ

4) Գործառնական ռիսկ

5) Համբավի ռիսկ

6) Ռազմավարական (բիզնես մոդելի) ռիսկ.

7) Երկրի ռիսկ:

(27-րդ կետը փոփ. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

28. Վարկային ռիսկը հավանականություն է, որ գործարքի մյուս կողմը կխախտի բանկի հետ կնքած պայմանագրի պայմանները, ինչը բացասաբար կազդի բանկի շահույթի և (կամ) կապիտալի վրա` անկախ այն հանգամանքից` գործարքներն արտացոլվում են բանկի հաշվեկշռում, թե հանդես են գալիս որպես արտահաշվեկշռային հոդված: Ընդ որում, վարկային ռիսկն առաջանում է ցանկացած ժամանակ, երբ միջոցները տրամադրվում են, ներդրվում են կամ այլ կերպ հասանելի են դառնում փոխառուին (գործընկերոջը) և (կամ) պահանջի իրավունք է առաջանում բանկի համար և (կամ) բանկը ստանձնում է միջոցների տրամադրման պարտավորություն:

29. Բանկը պետք է ունենա մշակված մեթոդաբանություն, որը թույլ կտա գնահատել վարկային ռիսկը ինչպես առանձին փոխառուի/գործընկերոջ մակարդակով, այնպես էլ վարկային պորտֆելների կտրվածքով:

i

29.1. Չհեջավորված փոխառուների դեպքում բանկը պետք է գնահատի նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված վարկային ռիսկը: Ընդ որում, չհեջավորված է համարվում այն փոխառուն, որի` պահանջի (օրինակ` փոխառություն, վարկ, լիզինգ, ֆակտորինգ) արժույթով արտահայտված ներհոսքերը (բացառությամբ` տվյալ պահանջի գումարի) վերջին մեկ տարվա ընթացքում քիչ են եղել կամ բանկի կանխատեսմամբ առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են քիչ լինել նույն արժույթով արտահայտված դրամական արտահոսքերից (ներառյալ տվյալ պահանջի գծով կատարվող բոլոր վճարումները), և որի արտարժութային ռիսկը հեջավորված չէ տվյալ բանկում:

(29.1-ին կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

30. Որպես վարկային ռիսկի գնահատման գործիք բանկի կողմից ներքին վարկանշման համակարգեր կիրառվելու դեպքում վերջինները պետք է հնարավորություն տան բացահայտել և չափել առանձին գործիքների/փոխառուների վարկային ռիսկը: Ներքին վարկանիշները պետք է կիրառվեն ոչ միայն խնդրահարույց, այլ բոլոր ակտիվների նկատմամբ:

31. Բանկը պետք է իրականացնի վարկային ռիսկի վերլուծություն առանձին պորտֆելների գծով` բացահայտելով պորտֆելին բնորոշ խնդիրները` ներառյալ ռիսկի կենտրոնացումները: Հատուկ ուշադրություն պետք է հատկացվի խոշոր փոխառություններին: Կատարված վերլուծությունները պետք է փաստաթղթավորվեն:

32. Բանկը պետք է ունենա մեթոդաբանություն վարկային ռիսկի կենտրոնացումները բացահայտելու, չափելու, մոնիթորինգի ենթարկելու և կառավարելու համար: Նշված մեթոդաբանությունը պետք է անդրադառնա վարկային ռիսկի կենտրոնացումների տարբեր դրսևորումներին, ներառյալ`

1) վարկային ռիսկի կենտրոնացումները միևնույն տնտեսական ոլորտում,

2) վարկային ռիսկի կենտրոնացումները միևնույն աշխարհագրական վայրում,

3) վարկային ռիսկի կենտրոնացումներն այն անձանց շրջանում, որոնց ֆինանսական դրությունը կախված է միևնույն ապրանքի/ծառայության գնից, կամ որոնք զբաղվում են նմանատիպ գործունեությամբ/գործում են միևնույն շուկայում/որդեգրել են նմանատիպ ներդրումային ռազմավարություն,

4) կոնկրետ անձին կամ փոխկապակցված անձանց խմբին տրամադրված խոշոր փոխառությունները,

5) վարկային ռիսկի անուղղակի կենտրոնացումները, օրինակ` միատեսակ գրավի գծով, մեկ երաշխավորի գծով կենտրոնացումները և այլն:

33. Վարկային ռիսկի կենտրոնացումների կառավարման մոտեցումները պետք է հստակ փաստաթղթավորվեն, և այդ փաստաթղթերում պետք է տրվեն վարկային ռիսկի կենտրոնացումների սահմանումը, դրանց նկատմամբ կիրառվող սահմանաչափերը և դրանց հաշվարկման կարգը: Սահմանաչափերը կարող են կիրառվել բանկի կապիտալի, ընդհանուր ակտիվների կամ վարկային պորտֆելի նկատմամբ:

34. Բանկը օրական կտրվածքով ուսումնասիրում է իր կողմից տրամադրված վարկային գծերի օգտագործման ծավալները: Դրա հիման վրա բանկը պարբերաբար գնահատում է իր առկա համախառն և զուտ ռիսկը (հաշվի առած գրավի և երաշխիքների առկայությունը):

35. Բանկը մշակում է վարկային ռիսկի զսպման մեխանիզմներ (ֆինանսական գրավ (համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Վարկային ռիսկի հաշվարկը» հավելված 3-ի 26-րդ կետի), երաշխիք/երաշխավորություն) օգտագործելու պարագայում առաջացող այլ ռիսկերի (մասնավորապես` գրավը ժամանակին իրացնելու անհնարինություն, երաշխավորի կողմից իր պարտականությունները կատարելուց խուսափում/հետաձգում, ապահովվածությունը հավաստող փաստաթղթերի անկատարություն կամ իրավական խնդիրներ պարունակող փաստաթղթերի առկայություն) կառավարմանն ուղղված մեթոդաբանություն և գործընթացներ, որոնց արդյունավետությունը պետք է պարբերաբար գնահատվի:

36. Շուկայական ռիսկը հավանականություն է, որ շուկայական գների (տոկոսադրույքներ, արտարժույթի փոխարժեքներ, բաժնային գործիքների գներ և այլն) տատանումը բացասական ազդեցություն կունենա բանկի կապիտալի և/կամ շահույթի վրա:

37. Կախված շուկայական ռիսկին բանկի հակվածության աստիճանից` ռիսկի գնահատման ներքին գործընթացը կարող է հիմնված լինել Վելյու ըթ ռիսկ (Valսe at Risk) կամ այլ մոդելների և/կամ սթրես-թեստերի արդյունքների վրա, ներառյալ ռիսկի կենտրոնացումների գնահատումը և սթրեսային շուկայական պայմաններում իրացվելիության խնդիրների առաջացման ռիսկը: Ներդրված մոդելները պետք է հնարավորություն տան բացահայտելու և չափելու բոլոր առևտրային գործառնություններից առաջացող ռիսկերը: Բանկի կողմից կիրառվող առևտրային գործիքների, ինչպես նաև առևտրային գործառնությունների իրականացման ռազմավարության փոփոխության դեպքում ռիսկերի գնահատման մոդելների և/կամ սթրես-թեստերի հիմքում ընկած մեթոդաբանությունները ևս պետք է կրեն համապատասխան փոփոխություններ:

38. Տոկոսադրույքի ռիսկը հավանականություն է, որ շուկայական տոկոսադրույքների անցանկալի տեղաշարժերը բացասական ազդեցություն կունենան բանկի կապիտալի և/կամ շահույթի վրա: Կարող է հանդես գալ ընդհանուր ռիսկի և/կամ հատուկ ռիսկի միջոցով: Ընդհանուր ռիսկը վերաբերում է տոկոսադրույքի նկատմամբ զգայուն գործիքի արժեքի այնպիսի տատանումներին, որոնք կապված են շուկայում տեղի ունեցող ընդհանուր տեղաշարժերի հետ, օրինակ` եկամտաբերության կորի փոփոխությունների հետ: Հատուկ ռիսկը վերաբերում է կոնկրետ գործիքին, որի գծով տոկոսադրույքի տատանումները շեղվում են շուկայական մակարդակից` պայմանավորված անհատական գործոններով, օրինակ` արժեթուղթ թողարկողի վարկունակությամբ:

39. Բանկը ապահովում է մինչև մարման ժամկետը պահվող ֆինանսական գործիքների տոկոսադրույքի ռիսկի գնահատման և կառավարման, ինչպես նաև այդ ռիսկի գծով անհրաժեշտ կապիտալի պահանջի գնահատման և ապահովման համար մշակված մեթոդաբանության առկայություն:

40. Բանկի առևտրային պորտֆելում առկա կենտրոնացումները պետք է գնահատվեն և ակտիվորեն կառավարվեն, իսկ կենտրոնացվածություն առաջացնող դիրքերի մասին տեղեկատվությունը պետք է պարբերաբար ներկայացվի գործադիր մարմնին և բանկի խորհրդին: Հատուկ ուշադրության պետք է արժանանան չդիվերսիֆիկացված և ցածր իրացվելիություն ունեցող գործիքներից բաղկացած պորտֆելները:

41. Արտարժութային ռիսկը հավանականություն է, որ արժույթի փոխարժեքի տատանումները բացասական ազդեցություն կունենան բանկի կապիտալի և/կամ շահույթի վրա: Վերաբերում է ինչպես առևտրային, այնպես էլ վարկային գործառնություններին:

42. Հաշվի առնելով արտարժութային ռիսկի ցածր կանխատեսելիությունը` բանկը պետք է ունենա արտարժութային ռիսկը գնահատելու և կառավարելու համար անհրաժեշտ ռեսուրսներ (համապատասխան մասնագիտացում ունեցող աշխատակիցներ, տվյալների բազաներ, տվյալների մշակման համակարգեր և այլն), որոնց բավարարությունը և արդյունավետությունը պետք է պարբերաբար գնահատվեն:

43. Արտարժութային գործառնությունների բնույթից ու բարդությունից կախված` բանկում պետք է ներդրվեն համապատասխան գործընթացներ, որոնք պետք է ուղղված լինեն ինչպես բանկի ընդհանուր արտարժութային ռիսկի կառավարմանը, այնպես էլ կոնկրետ գործիքների կամ որոշակի հաճախորդների գծով արտարժութային ռիսկի կառավարմանը:

44. Բանկը պետք է ունենա համապատասխան գործընթացներ նոր գործիքների ներդրման կամ նոր շուկաներում գործառնությունների իրականացման հետ կապված արտարժութային ռիսկի բացահայտման և կառավարման համար (նոր գործիքներ ներդնելու կամ նոր շուկաներում գործառնություններ իրականացնելու ծրագրեր ունենալու դեպքում): Արտարժութային ռիսկերի կառավարման/հեջավորման գործիքակազմը պետք է նախապես` մինչև նոր գործիքների ներդրումը/նոր շուկաներում գործառնությունների իրականացումը, հաստատվի բանկի խորհրդի կամ համապատասխան կոմիտեի կողմից:

45. Բանկի արտարժութային ռիսկի կառավարմանը վերաբերող փաստաթղթերով առնվազն սահմանվում են արտարժութային ռիսկի առաջացման բոլոր հնարավոր հիմնական աղբյուրները և արտարժույթի փոխարժեքի տատանումների ազդեցության գնահատումը բանկի կողմից իրականացվող գործառնությունների, ինչպես նաև բանկի գործունեության արդյունքների վրա: Ռիսկի գնահատման համակարգի հիմքում ընկած ենթադրությունները պետք է պարզ և հասկանալի լինեն ռիսկի կառավարիչների և բանկի ղեկավարության համար:

46. Բանկի արտարժութային ռիսկի կառավարմանը վերաբերող փաստաթղթերով նկարագրվում են արտարժութային ռիսկի կառավարման գործընթացի ներքին հսկողության համակարգը և այդ համակարգի համապատասխանության ու արդյունավետության գնահատման պարբերականությունը, ներքին հսկողության գործընթացների գնահատման համար պատասխանատու անձանց կամ ստորաբաժանման պարտականությունները և լիազորությունները:

47. Իրացվելիության ռիսկը հավանականություն է, որ բանկը բավարար իրացվելի միջոցներ չի ունենա պարտավորությունները ժամանակին մարելու համար: Կարող է հանդես գալ երկու եղանակով` միջոցների ներգրավման անհնարինություն և ակտիվների իրացվելիության ռիսկ: Առաջինը ենթադրում է, որ բանկը հնարավորություն չի ունենա համապատասխան ժամկետում միջոցներ ներգրավել շուկայից այնպիսի արժեքով, որը հասանելի է շուկայի այլ մասնակիցներին (օրինակ` բանկի վարկանիշի կամ հեղինակության անկման արդյունքում): Երկրորդ դեպքում բանկն ի վիճակի չէ շուկայում իրացնել իր ակտիվներն առանց գնային կորուստների (ոչ տարողունակ կամ ոչ իրացվելի շուկայական պայմաններում, երբ առկա են գնային զգալի տատանումներ կամ կոնկրետ բանկի ակտիվների նկատմամբ շուկայում անբավարար պահանջարկի դեպքում):

48. Բանկը գնահատում է այն շուկաների իրացվելիությունը, որտեղ գործունեություն է ծավալում, ինչպես նաև նախատեսում և ապահովում է իր իրացվելիության մակարդակին համարժեք կապիտալի առկայություն` հաշվի առնելով, որ բանկի կապիտալի մեծությունը կարող է ազդել ճգնաժամային իրավիճակներում բանկի` իրացվելիություն ներգրավելու հնարավորության վրա:

49. Բանկում ներդրվում է ակտիվների-պասիվների կառավարման արդյունավետ գործող համակարգ:

50. Բանկի կողմից գնահատվում է դրամական միջոցների ներհոսքը և արտահոսքը ամսական կտրվածքով` այդ թվում` այն ժամկետային պարտավորությունների տեսակարար կշիռը, որոնց գծով ցանկացած պահի կարող է ներկայացվել մարման պահանջ:

51. Գործառնական ռիսկը անբավարար կամ ձախողված ներքին գործընթացների, համակարգերի և մարդկային գործոնի կամ արտաքին գործոնների արդյունքում կորուստի առաջացման հավանականություն է, ինչը բացասական ազդեցություն կունենա բանկի կապիտալի և/կամ շահույթի վրա: Գործառնական ռիսկը ներառում է նաև իրավական ռիսկը:

52. Իրավական ռիսկը հավանականություն է, որ պայմանագրերի դրույթները, դատական գործերը, դատարանի որոշումները, վճիռները կամ այլ իրավական գործընթացները կընդհատեն կամ բացասական ազդեցություն կունենան բանկի գործառնությունների վրա:

53. Բանկի քաղաքականությամբ սահմանվում է գործառնական ռիսկի նկատմամբ կազմակերպության զգայունությունը, ներառյալ գործառնական ռիսկը բանկից դուրս փոխանցելու (օրինակ` պատվիրակման, ապահովագրության միջոցով) հնարավորությունը և մակարդակը:

54. Համբավի ռիսկը հավանականություն է, որ բանկի վերաբերյալ հանրության բացասական կարծիքը (իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող) կհանգեցնի հաճախորդների թվաքանակի նվազման, կոնտրագենտների/հաճախորդների հետ իրականացվող գործառնությունների ծավալի կրճատման, ծախսատար դատական գործընթացների և եկամտաբերության անկման: Համբավի ռիսկը կարող է առաջացնել նաև իրացվելիության խնդիրներ, բաժնետոմսերի գների անկում և այլն:

55. Ռազմավարական (բիզնես մոդելի) ռիսկն առաջանում է անհամապատասխան բիզնես ռազմավարության ընտրության դեպքում կամ ռազմավարության հիմքում ընկած ենթադրություններում, ցուցանիշներում, նպատակներում կամ այլ գործոններում բացասական տեղաշարժերի արդյունքում:

i

55.1. Երկրի ռիսկը հավանականությունն է, որ այլ երկրում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական և (կամ) քաղաքական պայմանները կամ իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան բանկի ռիսկի պրոֆիլի, իրացվելիության, կապիտալի և (կամ) շահույթի վրա:

(55.1-ին կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

55.2. Բանկը մշակում է ռեյտինգավորման համապատասխան համակարգեր այն երկրների գծով, որոնց ռեզիդենտների հետ բանկը կամ բանկի հաճախորդները իրականացնում են այնպիսի ֆինանսական գործառնություններ, որոնք էական են բանկի համար երկրի ռիսկի տեսանկյունից:

(55.2-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

55.3. Բանկը սահմանում է համապատասխան սահմանաչափեր սույն Կանոնակարգի 55.2-րդ կետով նախատեսված երկրների և վերջիններիս հետ կատարվող ֆինանսական գործառնությունների գծով: Ընդ որում, սույն կետով սահմանված սահմանաչափերը պետք է վերանայվեն առնվազն տարին մեկ անգամ:

(55.3-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

55.4. Սույն կանոնակարգի 55.2-55.3-րդ կետերով սահմանված պահանջները կարող են կիրառվել ոչ թե առանձին երկրների, այլ ընդհանուր տարածաշրջանի նկատմամբ, եթե բանկի հիմնավոր կարծիքով` տարածաշրջանի երկրները ենթակա են միևնույն կամ նմանատիպ երկրի ռիսկի:

(55.4-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

56. Յուրաքանչյուր գործառնություն, որը կարող է հանգեցնել բանկի խորհրդի կողմից հաստատված ռիսկերի կառավարման ռազմավարությունից, ռիսկի ախորժակից և (կամ) ռիսկի սահմանաչափերից չթույլատրված շեղմանը, հանգամանորեն քննարկվում և ներկայացվում է խորհրդի հաստատմանը:

57. Բանկի կողմից նոր գործառնությունների կամ գործիքների ներդրման դեպքում բանկը գնահատում է դրանց հավանական ազդեցությունը բանկի գործունեության ռիսկայնության մակարդակի վրա` անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելով ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգում:

i

57.1. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում (ռիսկի ախորժակի սահմանում, ռիսկի չափում, կապիտալի համարժեքության ներքին գնահատում, ֆինանսական ցուցանիշների կանխատեսում) ներքին մոդելներ կիրառվելու դեպքում բանկը պետք է բացահայտի և նվազագույնի հասցնի մոդելի մեջ կիրառվող պարամետրերի սխալ նկարագրության, սխալ գնահատումների, թերի հիպոթեզների և (կամ) ենթադրությունների, մաթեմատիկական հաշվարկների սխալների, սխալ կամ թերի տվյալների, սխալ կամ թերի կիրառման, անբավարար մոնիթորինգի և (կամ) հսկողության արդյունքում առաջացող ռիսկերը:

(57.1-ին կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

57.2. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում կիրառվող յուրաքանչյուր ներքին մոդելի համար բանկը պետք է ունենա ներքին կարգեր և գործընթացներ, որոնք նկարագրում են մոդելի մշակման և կիրառման ամբողջ կենսացիկլը, այդ թվում`

1) մոդելի կիրառման անհրաժեշտության գնահատում,

2) մոդելի մշակում,

3) մոդելի գնահատում,

4) մոդելի հաստատում,

5) մոդելի պարբերական մոնիթորինգի իրականացում, այդ թվում` պատմական տվյալների հիման վրա թեստավորում (առնվազն տարին մեկ անգամ),

6) մոդելում փոփոխությունների և ճշգրտումների իրականացում (ըստ անհրաժեշտության):

(57.2-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

57.3. Բանկի կողմից ռիսկերի կառավարման գործընթացում կիրառվող յուրաքանչյուր ներքին մոդել հաստատումից առաջ պետք է անցնի գնահատում, որի պարագայում բանկը պետք է ապահովի գնահատման գործընթացի անկախությունն ու անաչառությունը:

(57.3-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

57.4. Սույն կանոնակարգի 57.2-րդ և 57.3-րդ կետերի պահանջները (բացառությամբ սույն կանոնակարգի 57.2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված պահանջների) պարտադիր չեն այն բանկերի համար, որոնք կիրառում են իրենց մայր կազմակերպությունների կողմից մշակված ներքին մոդելներ, պայմանով, որ առկա են բավարար հիմնավորումներ, որ մայր կազմակերպությունում ներդրված են մոդելների մշակման, գնահատման և հաստատման համարժեք մեխանիզմներ:

(57.4-րդ կետը լրաց. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

58. Բանկի խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ դիտարկվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում է ռիսկերի կառավարման գործընթացը, որպեսզի ապահովվի գործընթացի արդիականությունը և հիմնավորվածությունը: Ռիսկերի կառավարման գործընթացի վերանայման անհրաժեշտության բացակայության հիմնավորումները պատշաճ կարգով փաստաթղթավորվում են: Դիտարկման/վերանայման ենթակա հիմնական ոլորտներն առնվազն ընդգրկում են.

1) բանկի կապիտալի գնահատման ներքին գործընթացների համարժեքությունը բանկի կողմից իրականացվող գործառնությունների բնույթին, ծավալին և բարդությանը,

2) խոշոր ռիսկերի և ռիսկերի կենտրոնացումների բացահայտումը,

3) բանկի ռիսկայնության մակարդակի գնահատման ընթացքում օգտագործվող մուտքային տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը,

4) բանկի ռիսկայնության մակարդակի գնահատման ընթացքում օգտագործվող մեթոդների, սցենարների հիմնավորվածությունն ու արդյունավետությունը,

5) ենթադրությունների և օգտագործվող մուտքային տվյալների թեստավորումն ու վերլուծությունը:

59. Բանկի խորհուրդը պատասխանատու է ռիսկերի կառավարման համակարգի ձևավորման, կենսագործունեության և արդյունավետության շարունակական մոնիտորինգի ապահովման համար, իսկ գործադիր մարմինը` ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ կիրառման, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված ընթացակարգերի և այլ ներքին իրավական ակտերի` ամբողջ բանկում արդյունավետ շրջանառության ապահովման համար:

 

ԳԼՈՒԽ 5. Կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթաց (ICAAP)

 

60. Բանկը ապահովում է իր կողմից ստանձնած ռիսկերին համարժեք կապիտալի առկայություն, ինչպես նաև մշակում և օգտագործում է ռիսկերի մոնիթորինգի և կառավարման արդյունավետ մեխանիզմներ:

61. Բանկի գործադիր մարմինը պատասխանատվություն է կրում կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացների (այսուհետ նաև` ԿՀԳՆԳ) մշակման, բանկի ռիսկայնության նկարագրին և ռիսկերի կառավարման միջավայրին համարժեք կապիտալի նպատակային մակարդակ սահմանելու, ինչպես նաև կապիտալի մակարդակը ստանձնած ռիսկերին համապատասխանեցնելու համակարգ ներդնելու համար:

62. Բանկի գործադիր մարմինը և խորհուրդը դիտարկում են կապիտալի պլանավորումը որպես բանկի ռազմավարական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ տարր: Բանկի զարգացման ծրագրերը հստակ սահմանում են բանկի կապիտալի պահանջը, նախատեսվող կապիտալ ներդրումները, կապիտալի ցանկալի մակարդակը, ինչպես նաև կապիտալի համալրման հնարավոր աղբյուրները:

63. Որպես բանկի ռիսկերի կառավարման համակարգի բաղկացուցիչ մաս` բանկն առնվազն եռամսյակային պարբերականությամբ իրականացնում է կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթաց, որը պետք է համահունչ լինի բանկի գործունեությանը բնորոշ ռիսկերի բնույթին, ծավալին և բարդությանը:

64. Կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացի հիմնական տարրերն են`

1) համապատասխան քաղաքականություններն ու ընթացակարգերը, որոնք սահմանում են ռիսկերը էական համարելու չափանիշները, ապահովում են բանկի կողմից բոլոր էական ռիսկերի ճանաչումը, չափումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության շրջանառությունը (կապիտալի մակարդակի բավարարության գնահատման ժամանակ հաշվի են առնվում բանկի կողմից ստանձնած բոլոր էական ռիսկերը: Արտաքին գործոնների, ինչպես օրինակ, բիզնես ցիկլերի և մակրոտնտեսական միջավայրի ազդեցությունը կապիտալի պահանջի վրա նույնպես գնահատվում է),

2) կապիտալի մեծությունը ստանձնած ռիսկերի մակարդակին հարաբերակցելու/համապատասխանեցնելու գործընթացը,

3) բանկի ռազմավարության և գործարար ծրագրի հիման վրա առկա և պոտենցիալ ռիսկերին կապիտալի համարժեքության գնահատման գործընթացը,

4) կապիտալի կառավարման գործընթացի ներքին հսկողության և ներքին աուդիտի դիտարկումների իրականացումը:

65. Բանկի խորհուրդը հաստատում է ԿՀԳՆԳ քաղաքականությունը, որն առնվազն ներառում է.

1) ԿՀԳՆԳ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի նկարագրությունը: Ընդ որում, ԿՀԳՆԳ իրականացման ընթացակարգերը պետք է համահունչ լինեն բանկի կազմակերպական կառուցվածքին և ռիսկերի կառավարման համակարգին,

2) ԿՀԳՆԳ-ի ընթացքում իրականացվող հաշվարկների ժամանակ օգտագործվող տեղեկատվության հավաքագրման, պահպանման, արժանահավատության ստուգման ընթացակարգերը, ինչպես նաև կիրառվող տվյալների որակի (ամբողջականություն, արժանահավատություն և այլն) նկատմամբ բանկի պահանջները,

3) այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում պետք է արտահերթ ԿՀԳՆԳ իրականացվի,

4) ԿՀԳՆԳ իրականացման հիմնական պատասխանատուները,

5) կառավարչական որոշումների կայացման, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործընթացներում ԿՀԳՆԳ արդյունքների կիրառման եղանակները,

6) ԿՀԳՆԳ արդյունքները շահագրգիռ ստորաբաժանումներին հասանելի դարձնելու ընթացակարգերը:

66. Բանկը ձևավորում է ռիսկերի մոնիթորինգի և հաշվետվողականության համապատասխան համակարգ, որը թույլ կտա գնահատել, թե ինչպես է բանկի ռիսկայնության մակարդակի փոփոխությունն ազդում կապիտալի պահանջարկի վրա: Բանկի գործադիր մարմինը և խորհուրդը սահմանված պարբերականությամբ ստանում են հաշվետվություն ռիսկերի կառավարման համար պատասխանատու անձանցից բանկի ռիսկայնության մակարդակի և դրան համարժեք կապիտալի պահանջի վերաբերյալ: Հաշվետվության բովանդակությունը պետք է հնարավորություն տա կառավարման մարմիններին.

1) գնահատել էական ռիսկերի մակարդակը և փոփոխման տենդենցները ու դրանց ազդեցությունը կապիտալի մակարդակի վրա,

2) գնահատել կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացների հիմքում ընկած ենթադրությունների հիմնավորվածությունը,

3) որոշել արդյոք բանկն ապահովում է ռիսկերին դիմակայելու համար անհրաժեշտ կապիտալի բավարար մակարդակ և արդյոք դա համապատասխանում է բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նպատակներին,

4) հիմնվելով ստացված հաշվետվությունների վրա գնահատել կապիտալի ապագա պահանջը և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել բանկի ռազմավարական գործունեության ծրագրում:

67. Բանկն օգտագործում է ԿՀԳՆԳ-ի արդյունքները բացահայտելու համար արդյոք բանկի առկա կապիտալը բավարար է բանկի ստանձնած ռիսկերին դիմակայելու համար: Եթե առկա կապիտալի մեծությունը բավարար չէ, ապա բանկը նվազեցնում է ստանձնած ռիսկի մակարդակը կամ ավելացնում կապիտալի/պահուստների մեծությունը, որպեսզի ապահովի ինչպես կապիտալի նորմատիվային պահանջը, այնպես էլ ԿՀԳՆԳ-ի արդյունքում գնահատված կապիտալի լրացուցիչ պահանջը:

68. Բանկն ապահովում է նորմատիվային նվազագույն պահանջը գերազանցող կապիտալի համարժեքության ցուցանիշ` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները.

1) Բանկի բնականոն գործունեության ընթացքում բանկի կողմից իրականացվող գործառնությունների ծավալը և տեսակները փոփոխվում են, ինչը հանգեցնում է նոր ռիսկերի առաջացման կամ առկա ռիսկերի ավելացման` առաջացնելով կապիտալի համալրման անհրաժեշտություն:

2) Եթե բանկը ստիպված լինի կապիտալ համալրել կարճ ժամանակահատվածում կամ շուկայական անբարենպաստ պայմաններում, ապա կապիտալի համալրումը բանկի համար կլինի ծախսատար:

3) Բանկի գործունեության ընթացքում առաջանում են ռիսկեր (տվյալ բանկի գործունեությանը հատուկ կամ մակրոտնտեսական նշանակության), որոնք ընդգրկված չեն կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջներում:

4) Բանկի կողմից կապիտալի համարժեքության նորմատիվային պահանջի խախտումը կարող է հանգեցնել վերահսկողի կողմից համապատասխան պատժամիջոցների կիրառման:

5) Եթե բանկն ակնկալում է ստանալ բարձր վարկանիշ միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից, ապա այն պետք է ունենա կապիտալի համարժեքության նվազագույն պահանջից ավելի կապիտալ:

69. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կապիտալի նվազագույն մակարդակից ավելի կապիտալի ապահովումը չպետք է դիտվի որպես բանկի աճող ռիսկերին դիմակայման միակ միջոց: Ոչ համարժեք ներքին հսկողության համակարգի կամ անարդյունավետ ռիսկերի կառավարման գործընթացների խնդիրները չպետք է լուծվեն ավելցուկային կապիտալի ձևավորմամբ:

 

ԳԼՈՒԽ 6. Սթրես-թեստավորում

 

i

70. Բանկն իրականացնում է սթրես-թեստավորում առնվազն հետևյալ ռիսկերի գծով.

1) վարկային ռիսկ,

2) արտարժութային ռիսկ,

3) տոկոսադրույքի ռիսկ,

4) գնային ռիսկ,

5) իրացվելիության ռիսկ,

6) վարակի ռիսկ (այլ բանկի/ֆինանսական կազմակերպության ֆինանսական խնդիրների հնարավոր բացասական ազդեցությունը տվյալ բանկի կապիտալի և (կամ) շահույթի վրա),

7) երկրի ռիսկ:

(70-րդ կետը փոփ. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

i

71. Վարկային, տոկոսադրույքի, գնային, վարակի և երկրի ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն եռամսյակային կտրվածքով, իսկ արտարժութային և իրացվելիության ռիսկերի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն ամսական կտրվածքով (առաջիկա մեկ տարվա ժամանակային հորիզոնով): Ընդ որում, յուրաքանչյուր ռիսկի գծով սթրես-թեստավորումն իրականացվում է` հիմք ընդունելով բանկի կանխատեսումների վրա հիմնված հիմնական սցենարը, որը ենթարկվում է շոկային ցնցումների` արտացոլելով ծայրահեղ, բայց հավանական իրավիճակների առնվազն երկու մակարդակներ (միջին և խիստ):

(71-րդ կետը փոփ. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

72. Սթրես-թեստերը կարող են լինել պարզ` զգայունության վերլուծություն` կախված կոնկրետ ռիսկի գործոնի փոփոխությունից և առավել բարդ, որոնք հաշվի են առնում տարբեր ռիսկային գործոնների, այդ թվում` համակարգային, փոխազդեցության արդյունքները: Եթե բանկի կողմից որոշակի ռիսկի գծով սթրես-թեստավորման գործընթացում դիտարկվող իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ բանկի գործունեությանն առնչվող այլ ռիսկերի վրա, ապա բանկը պետք է գնահատի ինչպես յուրաքանչյուր ռիսկի գծով ազդեցություններն առանձին-առանձին, այնպես էլ համընդհանուր ազդեցությունը:

73. Բացի որոշակի պարբերականությամբ իրականացվող սթրես-թեստերի, բանկերն անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև միանգամյա սթրես-թեստեր:

74. Սթրես-թեստավորման համակարգը կազմում է բանկի ռիսկերի կառավարման գործընթացի մի մասը, նպաստում է ռիսկերի կառավարման որակի բարելավմանը, ապահովում է ռիսկերի կառավարման լրացուցիչ գործիքներ: Սթրես-թեստերի համար օգտագործվող սցենարները ապագային միտված են, ծայրահեղ, բայց հավանական և թույլ են տալիս գնահատել բանկի զգայունությունը շոկային իրավիճակների նկատմամբ:

75. Բանկի խորհուրդը պատասխանատու է սթրես թեստավորման արդյունավետ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար, իսկ գործադիր մարմինը` սթրես-թեստերի հետևողական իրականացման համար:

76. Սթրես-թեստերի օգտագործումը պարտադիր է այն առկա կամ պոտենցիալ ռիսկերը բացահայտելու համար, որոնք չեն բացահայտվի միայն պատմական շարքերի վրա հիմնված ռիսկերի կառավարման վիճակագրական գործիքների օգտագործման դեպքում, երբ պատմական տվյալները չեն ընդգրկում սթրեսային ժամանակահատվածներ: Մասնավորապես, համապատասխան սթրես-թեստավորման պետք է ենթարկվի նոր ներդրվող գործիքների կամ գործառնությունների ռիսկայնությունը:

77. Սթրես-թեստերի հիմքում ընկած հիմնական ենթադրությունները, հիմնական սցենարները, սթրես-թեստերի ազդեցության գնահատման համար օգտագործվող հիմնական դատողությունները, ինչպես նաև երևույթների տեղի ունենալու հավանականությունը գնահատելու մեթոդաբանությունը պետք է փաստաթղթավորվեն և շրջանառվեն գործընթացի համար պատասխանատու անձանց միջև:

78. Բանկի ներքին իրավական ակտերում նկարագրվում են սթրես-թեստերի իրականացման սկզբունքները, սթրես-սցենարների որոշման ընթացակարգը, գործընթացի հիմնական պատասխանատուները, սթրես-թեստերի արդյունքների կիրառման եղանակները կառավարչական որոշումների կայացման, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործընթացներում: Բանկի ներքին իրավական ակտերով պետք է նաև սահմանվեն սթրես-թեստերի արդյունքները շահագրգիռ ստորաբաժանումներին հասանելի դարձնելու և Կենտրոնական բանկին տրամադրելու ընթացակարգերը:

79. Սթրես թեստավորման արդյունքները ունեն կիրառական նշանակություն, այսինքն` ազդում են բանկի ղեկավարների և կառավարման մարմինների որոշումների, ներառյալ բանկի խորհրդի և գործադիր մարմնի կողմից կայացվող ռազմավարական որոշումների կայացման վրա: Մասնավորապես` սթրես-թեստերն օգտագործվում են բանկի ռիսկի ախորժակը որոշելու կամ առանձին ռիսկերի գծով սահմանաչափեր սահմանելու համար: Սթրես-թեստերի արդյունքները կիրառվում են նաև երկարաժամկետ գործարար ծրագրերի կազմման, ինչպես նաև կապիտալի և իրացվելիության պլանավորման ժամանակ:

80. Իրականացված սթրես-թեստերի արդյունքների (ազդեցությունը տնտեսական նորմատիվների մեծության վրա և (կամ) գնահատված վնասի մեծությունը) հիման վրա բանկը մշակում է սթրեսային (արտակարգ) իրավիճակների ի հայտ գալու դեպքում բանկի կողմից իրականացվելիք միջոցառումների ծրագրեր: Արտակարգ իրավիճակներում գործունեության ծրագրերը նվազագույնը ներառում են բանկում գործող առանցքային նշանակություն ունեցող ոլորտների, համակարգերի, ստորաբաժանումների աշխատանքի նկարագրությունը արտակարգ իրավիճակի դեպքում, ինչպես նաև աշխատանքի անընդհատության ապահովման արարողակարգերի նկարագրությունը: Սթրեսային (արտակարգ) իրավիճակների ծրագրերը տարեկան կտրվածքով փորձարկվում են` պարզելու համար դրանց արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում թարմացվում են: Սթրեսային (արտակարգ) իրավիճակների ծրագրերում բանկն արտացոլում է, թե որքան ժամանակ կպահանջվի սթրեսային իրավիճակներում դիրքերը հեջավորելու կամ այլ կերպ ռիսկերը կառավարելու համար:

81. Բանկն իրականացնում է ներքին միջավայրում հնարավոր (արտակարգ) սթրեսային իրավիճակների կանխարգելմանն ուղղված ընթացակարգեր և միջոցառումներ:

 

ԲԱԺԻՆ 5. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅԼ ՏԱՐՐԵՐ

 

ԳԼՈՒԽ 7. Դրամարկղային գործառնություններ, ներդրումային գործունեություն, վարկերի կառավարում

 

82. Բանկի ներքին հսկողության համակարգը դրամարկղային գործառնությունների առումով նվազագույնը ներառում է.

1) գանձապահների տնօրինության տակ գտնվող կանխիկ միջոցների առավելագույն սահմանաչափերը,

2) կանխիկ միջոցների գույքագրման պարբերականությունը,

3) կանխիկ միջոցներով գործառնությունների իրականացման ներքին ընթացակարգերը, հսկողության մեխանիզմները,

4) կանխիկ միջոցների պահպանման և տեղափոխման անվտանգությունն ապահովող մեխանիզմները:

83. Բանկի ներքին հսկողության համակարգը ներդրումային գործունեության առումով, նվազագույնը ներառում է.

1) ներդրումային քաղաքականությունը,

2) ներդրումային պորտֆելի (ներդրումային գործիքների առանձին խմբերի) նպատակային (բենչմարք) կառուցվածքը, եկամտաբերությունը և ժամկետայնությունը,

3) ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման ներքին ընթացակարգերը, ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման համար անհրաժեշտ նվազագույն տեղեկատվությունը,

4) ներդրումային հանձնաժողովի կամ այլ պատասխանատու ստորաբաժանման կազմը, պարտականությունները և լիազորությունները, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում` ներդրումների համար պատասխանատու անձի պարտականությունները և լիազորությունները,

5) ներդրումային սահմանափակումները (օրինակ` ըստ փոխառուների կամ ֆինանսական գործիքների վարկանիշների),

6) թույլատրելի կենտրոնացումների սահմանաչափերը (օրինակ` ըստ ներդրումային գործիքների, ըստ գործընկերների/արժեթուղթ թողարկողների/փոխառուների, ըստ տնտեսության ճյուղերի, ըստ բանկի հետ կապված անձանց և այլն),

7) ներդրումների բազմազանեցման (դիվերսիֆիկացման) սկզբունքները,

8) բանկի թղթակցային հաշիվների բացման և փակման սկզբունքները, այլ բանկերում հաշիվների մնացորդների մոնիթորինգի և համադրման իրականացման պարբերականությունը,

9) փոխառության ապահովվածության ընդունելի տեսակները,

10) ձեռք բերված արժեթղթերի թողարկողների և փոխառուների վարկունակության գնահատման պահանջը, այդ գնահատումները իրականացնելու կարգը, ժամկետներն ու պարբերականությունը, դրանց համար պատասխանատու անձանց և նրանց պարտականությունները,

11) դիլերների (ներդրումային գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցների) կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) տեսակները և թույլատրելի առավելագույն չափերը/սահմանաչափերը,

12) ներդրումների դասակարգման, չաշխատող ակտիվների գծով հնարավոր կորուստների պահուստի ձևավորման սկզբունքները, ընթացակարգերը, դրանց հաշվարկման և պարբերական մոնիտորինգի իրականացման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակները, ինչպես նաև բանկի ժամկետանց ակտիվների հետստացման ընթացակարգերը,

13) այլ բանկերում հաշիվների մնացորդների մոնիթորինգի և համադրման իրականացման համար պատասխանատու (անձանց) պաշտոնները, իրականացման պարբերականությունը,

14) բանկի պարտավորությունների կառուցվածքին և բնույթին բանկի ներդրումային գործունեության համապատասխանությունը ապահովելու, ինչպես նաև առկա անհամապատասխանությունների արդյունքում առաջացող ռիսկերը կառավարելու ընթացակարգերը,

15) ածանցյալ գործիքներով գործառնությունների իրականացման քաղաքականությունը, դրա իրականացման ներքին ընթացակարգերը, այդ թվում`

ա. ածանցյալ գործիքներով գործառնություններից բխող ռիսկերի ճանաչման, գնահատման և կառավարման արդյունավետ համակարգի առկայություն,

բ. արտաբորսայական ածանցյալ գործիքներով գործառնություններ իրականացնելու դեպքում ածանցյալների արժեքի գնահատման մեթոդները:

84. Բանկի ներդրումային գործունեության վերաբերյալ բանկի խորհրդին և գործադիր մարմնին ներկայացվող հաշվետվություններն առնվազն ներառում են.

1) ներդրումների կառուցվածքը,

2) մարումների ժամանակացույցը,

3) ներդրումների եկամտաբերությունը,

4) ներդրումների որակի վերլուծությունը,

5) խնդրահարույց ներդրումները և դրանց հետստացման ուղղությամբ իրականացված միջոցառումները,

6) գրավադրված արժեթղթերը` ինչպես գումարային արտահայտությամբ, այնպես էլ որպես տոկոս` ներդրումային պորտֆելից,

7) իրականացված ածանցյալ գործառնությունները:

i

85. Բանկի ներքին հսկողության համակարգը վարկավորման գործընթացի (վարկերի, փոխառությունների, օվերդրաֆտների, վարկային գծերի, վարկային քարտերի, երաշխիքների, ֆակտորինգային և ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործառնությունների տրամադրման, այսուհետ` վարկ) առումով, նվազագույնը ներառում է.

1) բանկի նպատակային շուկաները, վարկավորման ընդունելի տեսակները (լիզինգային գործառնությունների իրականացման դեպքում` նաև այն գույքի տեսակները, որոնց լիզինգը բանկը մտադիր է իրականացնել),

2) վարկային պորտֆելի նպատակային (բենչմարք) կառուցվածքը, եկամտաբերությունը և ժամկետայնությունը,

3) վարկային կոմիտեի անդամների կազմը, վարկային կոմիտեի իրավասությունները և պարտականությունները, գործունեության և որոշումների ընդունման կարգը,

4) վարկային կենտրոնացումների սահմանաչափերը, այդ թվում` ըստ այն երկրների, որոնց կամ որոնց ռեզիդենտների հետ բանկը գործառնություններ է իրականացնում,

5) վարկային պորտֆելի բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները,

6) վարկերի տրամադրման, մոնիթորինգի և դրանց վերադարձման, այդ թվում` դատական և արտադատական, ընթացակարգը,

7) բանկում գնագոյացման (վարկավորման տոկոսադրույքների, ֆակտորինգային զեղչատոկոսների ձևավորման) սկզբունքները, ընդ որում` չհեջավորված փոխառուի դեպքում գնանշման ժամանակ բանկը պետք է հաշվի առնի նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված վարկային ռիսկը,

8) ապահովման միջոցների (գրավի, երաշխավորության) ընդունելի տեսակները,

9) «վարկի գումար»/»ապահովում» հարաբերակցությունները տարբեր վարկային գործիքների (վարկերի տեսակների) համար` արտահայտված տոկոսով,

10) գրավի առարկայի վերաբերյալ հսկողության ձևերը (մասնավորապես` հիփոթեքային վարկավորման դեպքում) և այլ պահանջները (օրինակ` գրավադրված շենքի ապահովագրում),

11) հաստատված քաղաքականություններից և (կամ) սահմանաչափերից հնարավոր բացառությունների դեպքերը կամ հիմքերը,

12) վարկավորման սահմանաչափերը` ըստ վարկի գումարի, ժամկետի, այն երկրների, որոնց կամ որոնց ռեզիդենտների հետ բանկը գործառնություններ է իրականացնում, տոկոսի և տեսակի,

13) վարկերի տրամադրման համար պահանջվող, ինչպես նաև վարկային գործերում պահպանվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,

14) բանկի հետ կապված անձանց վարկավորման սկզբունքները,

15) բանկի կողմից մերժված հայտերի վերաբերյալ տեղեկատվության պահպանման և մերժումների հիմնավորվածության ուսումնասիրության կարգը,

16) վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը, ապահովվածություն չունեցող վարկերի տրամադրման հիմքերը, դեպքերը,

17) փոխկապակցված անձանց վարկերի տրամադրման կարգը, սահմանաչափերը:

(85-րդ կետը փոփ. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

i

86. Գրավի առարկայի գնահատման և վերահսկման ներքին հսկողության համակարգը նվազագույնը ներառում է`

1) գրավի գնահատումն իրականացնող աշխատակիցների ընտրության և վերջիններիս աշխատանքի վերահսկման սկզբունքները,

2) անկախ գնահատող հանդիսացող անձանց ընտրության սկզբունքները,

3) գրավի վերագնահատումն իրականացնելու գործընթացը և հաճախականությունը,

4) գրավի առարկայի և դրա ապահովագրվածության վերահսկման գործընթացը և հաճախականությունը, հատկապես ֆիզիկապես բանկի հսկողությունից դուրս (գրավատուի օգտագործման ներքո) գտնվող գրավների գծով,

5) պահանջ` առ այն, որ գրավը գնահատող անձինք չպետք է շահագրգիռ լինեն վարկը տրամադրելու հարցում:

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.04.2013
N 102-Ն
Որոշում