Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-Ը ՀԱ ...

 

 

050.0102.290513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2013 թվականի թիվ 102-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 71-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

87. Ոսկյա իրերի գրավադրման պարագայում (եթե ոսկյա իրերը պահվում են գրավառուի մոտ) գրավի առարկայի գնահատման և պահպանման ներքին հսկողության համակարգը ներառում է.

1) պահանջ, որպեսզի գրավի առարկայի պահպանումը բանկի պահոցում իրականացվի փակ թափանցիկ պարկի մեջ, որը կնքված է (ստորագրության կամ իդենտիֆիկացման այլ միջոցներով) բանկի աշխատակցի ու գրավատուի կողմից,

2) պահանջ, որը կապահովի թափանցիկ պարկի բացումը միայն գրավատուի ու պարկը կնքած բանկի աշխատակցի ներկայությամբ. գրավատուի ներկայությունը պարկի բացման ժամանակ անհնար լինելու դեպքում, գրավատուի համաձայնության առկայության դեպքում պարկը բացվում է հատուկ ընթացակարգով (ուղղված գրավատուի շահերի պաշտպանությանը) առանց վերջինիս ներկայության,

3) պահանջ, որպեսզի բանկում պահվի յուրաքանչյուր գրավի առարկայի նկարագրությունը, որը ստորագրված կլինի բանկի աշխատակցի ու գրավատուի կողմից,

4) թափանցիկ պարկի բացման ժամը և օրը հավաստող անդորրագիրը հաճախորդի կողմից ստորագրելու պահանջ:

88. Բանկի վարկավորման գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերից շեղումները պատշաճ հիմնավորվում, փաստաթղթավորվում և պահվում են վարկային գործերում:

89. Վարկային գործերը նվազագույնը ներառում են հետևյալ փաստաթղթերը.

1) վարկային հայտ/դիմում,

2) վարկային կոմիտեի կամ իրավասու այլ մարմնի կամ անձի որոշումը,

3) վարկային պայմանագիր,

4) վարկառուի վարկանիշը (առկայության դեպքում),

5) վարկառուի իրավունակությունը կամ գործունակությունը հաստատող փաստաթղթեր,

6) վարկային ռեգիստրից կամ բյուրոներից ստացված հարցումները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

7) գրավի կամ վարկի ապահովման այլ միջոցի պայմանագիր (ապահովվածության առկայության դեպքում),

8) գրավի կամ վարկի ապահովման այլ միջոցի վերաբերյալ այլ փաստաթղթեր (կիրառելիության դեպքում),

9) վարկառուի գործարար ծրագիր կամ վարկի վերադարձելիությունը հիմնավորող այլ տեղեկատվություն,

10) վարկառուի ֆինանսական հաշվետվությունները (կիրառելիության դեպքում),

11) վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունները (կիրառելիության դեպքում),

12) վարկառուի հետ նամակագրությունը (կիրառելիության դեպքում),

13) պատասխանատու անձի կողմից վավերացված գրառումներ վարկառուի հետ հեռախոսազրույցների և հանդիպումների մասին (կիրառելիության դեպքում),

14) վարկի մոնիթորինգի հաշվետվությունը/մոնիթորինգի հետ կապված բոլոր այլ փաստաթղթերը (առկայության դեպքում):

90. Վարկային գործերում առկա փաստաթղթերը պետք է նվազագույնը ներառեն հետևյալ տեղեկությունները (կամ էլեկտրոնային, կամ թղթային տեսքով).

1) վարկառուի անունը, ազգանունը և զբաղմունքը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը և գործունեության տեսակը), գրավատուները, երաշխավորները, այլ ապահովվածություն տրամադրած անձինք (առկայության դեպքում),

2) վարկի տրամադրման ամսաթիվը և մարման ժամկետը,

3) վարկի գումարը (սկզբնական գումարն ու ընթացիկ մնացորդը),

4) վարկի տրամադրման նպատակը` սպառողական, թե ձեռնարկատիրական, իսկ խոշոր վարկերի համար` վարկի օգտագործման նպատակայնությունը հիմնավորող փաստաթղթերը,

5) վարկի տոկոսադրույքը և վճարումների ժամանակացույցը,

6) գրավի տեսակը և գնահատված արժեքը (գրավի առկայության դեպքում),

7) վարկի կարգավիճակը` ընթացիկ կամ ժամկետանց (որքան ժամանակ),

8) վարկի վերաձևակերպումները կամ երկարաձգումները, վարկային պայմանագրի վերանայման պատճառների նկարագրությունը,

9) վարկի առնչությամբ կատարված ներքին և արտաքին ստուգումների արդյունքները,

10) վարկի դասակարգումը, դասակարգման պատճառները (դասակարգված լինելու դեպքում),

11) չաշխատող վարկերի վերադարձման համար ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվություն,

12) վարկառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացած ցանկացած այլ փոխառությունների մասին տեղեկատվություն:

91. Վարկի մոնիթորինգի գործընթացը նվազագույնը ներառում է.

i

1) վարկի յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից առաջ (բացառությամբ առաջինի)` վարկի օգտագործման նպատակայնության ուսումնասիրություն (խոշոր գումարների դեպքում), բացառությամբ վարկային գծերի վարկային սահմանաչափերի,

2) վճարումների և վարկի մարումների գրանցում,

3) գրավի առարկայի պարբերական վերագնահատում,

4) վարկառուի վերաբերյալ ֆինանսական և գործառնական տեղեկատվության կանոնավոր ստացում, վերլուծություն, չհեջավորված փոխառուի դեպքում` նաև փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված ռիսկի գնահատում, ու, անհրաժեշտության դեպքում, վարկառուի հետ դրանց քննարկում,

5) վարկառուի հետ հեռախոսազրույցների միջոցով լրացուցիչ կապի պահպանում,

6) անհրաժեշտության դեպքում` զրույցներ վարկառուի մատակարարների, այլ կոնտրագենտների և հաճախորդների հետ,

7) վարկի գծով ստացված բոլոր տվյալների գրանցում,

8) անհրաժեշտության դեպքում` վարկառուին աջակցելու (վարկի վերադարձելիությունը ապահովելու) համար քայլերի ձեռնարկում,

9) հատուկ ուշադրություն այն վարկային գծերի նկատմամբ

ա. որոնք գերազանցում են բանկի ներքին իրավական ակտերով որոշված սահմանաչափերը (բացառություններ),

բ. որոնցում շարժ չկա,

գ. որոնցով մարումներն իրականացվում են հաճախորդի հաշվին մուտքագրվող վարկի նոր մասնաբաժնի հաշվին:

(91-րդ կետը փոփ. 30.03.18 թիվ 38-Ն որոշում)

92. Բանկի խորհրդին ու գործադիր մարմնին խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ ներկայացվող բանկի վարկավորման գործունեությանը վերաբերող հաշվետվություններն առնվազն ներառում են.

1) վարկային պորտֆելի կառուցվածքը,

2) վարկային պորտֆելի որակը,

3) վարկերի հիմնական ուղղությունները,

4) վարկերի կենտրոնացումները,

5) խոշոր վարկերը,

6) բանկի հետ կապված անձանց տրված վարկերը,

7) խնդրահարույց (ժամկետանց) վարկերը, այդ վարկերի դասակարգումը հիմնավորող տեղեկատվություն, ժամկետանց վարկերի հետ ստացման (մարման) ուղղությամբ իրականացված միջոցառումները:

 

ԳԼՈՒԽ 8. Բանկի հիմնական միջոցների կառավարում

 

93. Բանկի ներքին հսկողության համակարգը հիմնական միջոցների կառավարման առումով նվազագույնը ներառում է.

1) բանկի հիմնական միջոցների ձեռքբերման, օտարման և դուրսգրման կանոնները,

2) հիմնական միջոցների ձեռքբերման/օտարման նպատակահարմարության որոշման չափանիշները,

3) բռնագանձման արդյունքում կամ այլ հիմքով բանկի սեփականությունը դարձած հիմնական միջոցների օտարման կամ օգտագործման սկզբունքները, ժամկետներն ու ընթացակարգերը,

4) հիմնական միջոցների պահպանման, հաշվառման ներքին ընթացակարգերը,

5) գույքագրման պարբերականությունը և ներքին ընթացակարգերը,

6) դուրս գրված հիմնական միջոցների տնօրինման սկզբունքներն ու ձևերը,

7) հիմնական միջոցների վերագնահատման պարբերականությունը, կարգը, վերագնահատման անհրաժեշտության որոշման սկզբունքները:

 

ԳԼՈՒԽ 9. Բանկի ավանդների և իրացվելիության կառավարում

 

i

94. Բանկի ներքին հսկողության համակարգը բանկում առկա ավանդների (ավանդային բազայի) և բանկային հաշիվների կառավարման առումով, նվազագույնը ներառում է.

1) ավանդային բազայի նպատակային (բենչմարք) կառուցվածքը (ցպահանջ, ժամկետային ավանդների տեսակարար կշիռը` հաշվի առնելով սեզոնայնության և այլ հնարավոր գործոնները),

2) ավանդներ ներգրավելու սկզբունքները,

3) բանկի հաճախորդների (առանձին նաև բանկի հետ կապված անձանց) հաշիվների բացման, վարման, հսկման և փակման սկզբունքները, կարգը, գործընթացները: Ընդ որում, փակման գործընթացները պետք է նվազագույնը ներառեն`

ա) փակման պատճառների մասին տեղեկատվությունը,

բ) վճարային քարտային հաշիվների դեպքում` հաշվի փակման արդյունքում վճարային քարտի վերադարձման ընթացակարգերը,

գ) վճարային քարտային հաշիվների դեպքում` տվյալ հաշվով գործարքների` այդ թվում, օնլայն և օֆլայն գործարքների կասեցման կամ դադարեցման ընթացակարգերը:

4) հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքների որոշման սկզբունքները:

(94-րդ կետը փոփ. 08.12.15 թիվ 256-Ն որոշում)

95. Բանկի ներքին հսկողության համակարգը իրացվելիության (ակտիվների և պարտավորությունների) կառավարման առումով նվազագույնը ներառում է.

1) բանկի իրացվելիության պահանջների բավարարման աղբյուրներն ու դրանց օգտագործման ուղիները,

2) բանկի ակտիվների գնագոյացման (տոկոսադրույքի որոշման) մեխանիզմը (հաշվի առնելով բանկի ֆոնդերի արժեքը, վերադիր ծախսերը, վարկային ռիսկը և վճարվող շահաբաժինները),

3) բանկի պարտավորությունների ցանկալի կամ նպատակային կառուցվածքը և ժամկետայնության սահմանները (օրինակ` բանկը կարող է սահմանել, որ բանկի կողմից թողարկված ավանդային սերտիֆիկատները չպետք է գերազանցեն բանկի համախառն պարտավորությունների որոշակի տոկոսը, իսկ այդ ավանդային սերտիֆիկատների ժամկետայնությունը որոշակի ժամկետից պակաս չպետք է լինի),

4) բանկին տրամադրված փոխառությունների գումարների սահմանաչափերը (ընդհանուր և ըստ տեսակների), ինչպես նաև համախառն տոկոսային ծախսերի սահմանաչափերը,

5) բանկի իրացվելիության պահանջները բավարարելու համար օգտագործվող ֆինանսավորման աղբյուրների կենտրոնացումների սահմանաչափերը (օրինակ` բանկը, որի պարտավորությունների մեծ մասը կազմում են մեկ անձի (ֆիզիկական կամ իրավաբանական) ավանդները, կախվածության մեջ է ընկնում այդ անձի գործողություններից),

6) փոխառությունները ըստ մարման ժամկետների բազմազանեցնելու (դիվերսիֆիկացնելու) պահանջը,

7) իրացվելիության պահանջները բավարարելու համար բանկի հետ կապված անձանցից (կազմակերպություններից) փոխառու միջոցների ներգրավման սահմանափակումները,

8) իրացվելի միջոցների առաջնային աղբյուրների սպառման դեպքում այլընտրանքային աղբյուրների ընտրության չափանիշները, դրանց հայթայթման ուղիները,

9) տոկոսադրույքի ռիսկը սահմանափակելու սկզբունքներն ու մեթոդները` ներառյալ հետհաշվեկշռային հոդվածների հետ առնչվող տոկոսադրույքի ռիսկը,

10) տոկոսային մարժայի նպատակային մակարդակը,

11) տոկոսադրույքների փոփոխության նկատմամբ զգայուն հետհաշվեկշռային հոդվածների սահմանաչափերը,

12) ակտիվների և պարտավորությունների կառավարման կոմիտեի (առկայության դեպքում) անդամների կազմը, նրանց նշանակման կարգը, պարտականությունները և լիազորությունները, ինչպես նաև ակտիվների և պարտավորությունների կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումը, դրա պարտականությունները և լիազորությունները,

13) միջոցների ներգրավման և տեղաբաշխման տոկոսադրույքի վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմներն ու ընթացակարգերը,

14) բանկի ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության ճեղքվածքի թույլատրելի սահմանաչափերը,

15) բանկի անունից փոխառության գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցների համար առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափերը/սահմանաչափերը,

16) բանկի այն ստորաբաժանումների աշխատանքների կոորդինացման եղանակները, որոնք կարող են իրենց կողմից իրականացվող գործառնություններով ազդել բանկի իրացվելիության մակարդակի վրա,

17) իրացվելիության արտահերթ պահանջները (ինչը կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների աճի, ավանդների կենտրոնացման հետևանքով) բավարարելու ծրագիրը,

18) ներգրավվող և տրամադրվող միջոցների դիվերսիֆիկացման մոտեցումները` ըստ առանձին արժույթների,

19) իրացվելիության ռիսկը նվազեցնելու նպատակով գրավի գների զգայունության ընթացիկ վերլուծություն իրականացնելու պահանջ,

20) պարբերաբար իրացվելիության ռիսկի սթրես-թեստեր իրականացնելու պահանջ` կարճաժամկետ և տևական, բանկին հատուկ և լայն շուկայական սթրեսային սցենարների գծով: Թեստավորման հաճախականությունը պետք է համահունչ լինի բանկի ակտիվների կառուցվածքին և իրացվելիության ռիսկերին ենթարկվածությանը,

21) իրացվելիության ճգնաժամի (չնախատեսված իրավիճակների) պայմաններում գործողությունների ծրագրի առկայության և այն պարբերաբար վերանայելու պահանջ` ներառյալ արտակարգ իրավիճակներում ֆինանսավորման ծրագրի առկայության պահանջ:

96. Բանկի խորհրդին ու գործադիր մարմնին նվազագույնը երկու ամիսը մեկ անգամ ներկայացվող հաշվետվությունները ներառում են հետևյալ տեղեկատվությունը.

1) բանկի` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ձևավորված իրացվելի միջոցների պահանջը,

2) ընթացիկ իրացվելիությունը,

3) միջոցների ակնկալվող/կանխատեսվող պահանջը,

4) միջոցների ներգրավման աղբյուրները,

5) ակտիվների ընթացիկ և ակնկալվող որակը,

6) ընթացիկ և ակնկալվող դրամական հոսքերը,

7) կապիտալի ընթացիկ և ակնկալվող մակարդակը,

8) միջոցների ներգրավման և իրացման «արժեքը» (օրինակ` ավանդների տոկոսադրույք, հնարավոր կորուստներ ակտիվների վաճառքից և այլն),

9) բանկի ակտիվների և պարտավորությունների կառավարման որակը,

10) տվյալներ բանկի ակտիվների եկամտաբերության մասին,

11) տոկոսային մարժան, տոկոսային մարժայի փոփոխության/տատանումների պատճառների վերլուծությունները,

12) տոկոսադրույքի նկատմամբ զգայուն գործիքների կենտրոնացումները,

13) տվյալ ժամանակաշրջանի դրությամբ ավանդային բազայի կառուցվածքը և դրա փոփոխման միտումները,

14) ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռի կառուցվածքի փոփոխման միտումները,

15) շուկայական կանխատեսումները,

16) բանկի տրամադրած փոխառությունների նպատակը, դրանց ֆինանսավորման աղբյուրները, գումարները, ժամկետները, ստացվելիք ու ստացված տոկոսավճարները:

 

ԳԼՈՒԽ 10. Գործարար գործընթացների անընդհատության կառավարում

 

97. Բանկը բացահայտում, գնահատում, կառավարում և նվազեցնում է գործարար գործընթացների անընդհատությունը (շարունակականությունը) վտանգող ռիսկերը:

98. Գործարար գործընթացների անընդհատության կառավարման նպատակն է նվազեցնել կամ կանխարգելել արտակարգ իրավիճակ տեղի ունենալու դեպքում հնարավոր բացասական ազդեցությունը բանկի գործառնությունների, համբավի, շահութաբերության, ավանդատուների և այլ պարտատերերի, ֆինանսական համակարգի և (կամ) այլ շահագրգիռ անձանց վրա:

99. Այն գործառնությունները, որոնք անմիջականորեն չեն իրականացվում բանկի կողմից և պատվիրակվել են այլ անձանց, նույնպես ընդգրկվում են գործարար գործընթացների անընդհատության կառավարման համակարգում:

100. Գործարար գործընթացների անընդհատության կառավարումը (այսուհետ նաև` ԳԳԱԿ) իրենից ներկայացնում է համալիր և ամբողջական գործընթաց, որը ներառում է այն բոլոր միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակի դեպքում կարևոր նշանակություն ունեցող գործարար գործընթացների անընդհատության ապահովմանը և (կամ) վերականգնմանը նախապես սահմանված ժամկետներում և ծավալով:

101. Սույն գլխի իմաստով արտակարգ իրավիճակն այն իրավիճակն է, որի առաջացումը հնարավոր է, սակայն դժվար կանխատեսելի (ցածր հավանականություն ունեցող), և որը առաջացնում է կամ կարող է առաջացնել զգալի նյութական վնասներ կամ այլ բացասական հետևանքներ բանկի, նրա ավանդատուների կամ այլ պարտատերերի համար: Արտակարգ իրավիճակները ներառում են ինչպես արտաքին աղետները (օրինակ` բնական աղետներ, տեխնիկական վթարներ, պատերազմ (ռազմական գործողություններ), ավազակային հարձակումներ, զանգվածային անկարգություններ, համաճարակներ, դիվերսիաներ, զանգվածային գործադուլ), այնպես էլ ներքին աղետները, որոնք առաջանում են բանկի աշխատակիցների դիտավորյալ (չարամիտ) կամ անզգույշ (անփույթ, չմտածված) գործողությունների կամ անգործության, այդ թվում` անվտանգության ապահովման համակարգերի ստեղծման և շահագործման ընթացքում ոչ մասնագիտական կամ սխալ որոշումների ընդունման հետևանքով:

102. Սույն գլխի իմաստով կարևոր նշանակություն ունեցող գործընթացները բանկի այն գործառնությունները, գործընթացները, ռեսուրսները և ենթակառուցվածքներն են, որոնց խափանումը, ընդհատումը կամ բացակայությունը (այսուհետ` խափանումը) էական բացասական ազդեցություն կունենա բանկի գործառնությունների, համբավի, շահութաբերության, ավանդատուների և այլ պարտատերերի վրա և/կամ որոնք այդպիսին են ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

103. Բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման համակարգը նվազագույնը ներառում է.

1) բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման քաղաքականությունը` հաստատված բանկի խորհրդի կողմից,

2) բանկի գործարար գործընթացների վերլուծությունը, այդ թվում` ռիսկերի գնահատումը,

3) գործարար գործընթացների վերականգնման նպատակները և ռազմավարությունը,

4) գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագիրը, այդ թվում` արտակարգ իրավիճակների կառավարման և վերականգնման ծրագիրը,

5) բանկի աշխատակիցների համար սեմինարների անցկացման և իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագիրը,

6) գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի պարբերական թեստավորման և վերանայման ծրագիրը:

104. Բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման համակարգը հարմարեցվում է բանկի գործունեության բնույթին, չափին և բարդությանը:

105. Բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման քաղաքականությունը այն հիմնական փաստաթուղթն է, որով սահմանվում են ԳԳԱԿ համակարգի ներդրման սկզբունքները և ուղղությունը: Քաղաքականությունը պետք է առնվազն պարունակի.

1) ԳԳԱԿ նպատակները, խնդիրները և ԳԳԱԿ համակարգի ներդրման բանկի որդեգրած մոտեցումը.

2) ԳԳԱԿ ներդրման համար պատասխանատու անձանց, թիմերի և (կամ) կոմիտեների ցանկը, նրանց հստակ իրավունքները, պարտականությունները և լիազորությունները:

106. Բանկի գործարար գործընթացների վերլուծության նպատակն է բացահայտել այն բոլոր գործարար գործընթացները, որոնք ունեն կարևոր նշանակություն, գնահատել դրանց խափանման ազդեցությունը բանկի վրա և որոշել վերականգնման առաջնահերթությունները:

107. Գործարար գործընթացների վերլուծության ժամանակ հաշվի է առնվում հետևյալը.

1) հավանական արտակարգ իրավիճակները (սցենարները),

2) գործարար գործընթացի խափանման հնարավոր բացասական ազդեցությունը բանկի ավանդատուների կամ այլ պարտատերերի վրա, ինչպես նաև ազդեցության գնահատումը ֆինանսական, իրավական կամ համբավի տեսանկյունից,

3) գործարար գործընթացների խափանման առավելագույն թույլատրելի ժամանակը:

108. Ռիսկերի գնահատման ժամանակ բացահայտվում են այն հնարավոր ռիսկերը (պատճառները), որոնք կարող են հանգեցնել կարևոր նշանակություն ունեցող գործարար գործընթացների խափանմանը: Այդ ռիսկերի գծով հաշվի են առնվում տեղի ունենալու հավանականությունը և տեղի ունենալու դեպքում հնարավոր ազդեցությունը:

109. Վերականգնման նպատակները բանկի կարևոր գործարար գործընթացների իրականացման նախապես սահմանված մակարդակներն (ծավալներն) են, ըստ որի պետք է վերականգնվեն այդ գործարար գործընթացները արտակարգ իրավիճակ տեղի ունենալուց հետո` նախապես սահմանված վերականգնման ժամկետում:

110. Բանկը սահմանում և փաստաթղթավորում է գործարար գործընթացների վերականգնման նպատակները և դրան հասնելու ռազմավարությունը` հիմք ընդունելով բանկի գործարար գործընթացների վերլուծության արդյունքները, բանկի գործունեության բնույթը, չափը և բարդությունը:

111. Բանկն ապահովում է գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի համապատասխանությունը բանկի գործարար գործընթացների անընդհատության կառավարման քաղաքականությանը:

112. Գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրում նշվում են բոլոր այն միջոցառումները և պահանջվող տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա բանկին արդյունավետ կերպով կառավարել արտակարգ իրավիճակը սկզբնական փուլում, ինչպես նաև հետագայում վերականգնել կարևոր նշանակություն ունեցող գործարար գործընթացները:

113. Գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագիրն առնվազն պարունակում է.

1) կարևոր նշանակություն ունեցող գործարար գործընթացների ցանկը,

2) յուրաքանչյուր կարևոր գործարար գործընթացի վերականգնման մակարդակը և վերականգնման ժամկետը,

3) յուրաքանչյուր կարևոր գործարար գործընթացի վերականգնման ռազմավարությունը և պահանջվող միջոցառումներն ու դրանց հաջորդականությունը,

4) գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների համար պահանջվող ռեսուրսների և ենթակառուցվածքների նկարագրությունը,

5) արտակարգ իրավիճակի պայմաններում և դրանից հետո բանկի աշխատակիցների և թիմերի իրավունքները, պարտականությունները և լիազորությունները,

6) հաղորդակցման ծրագրերը:

114. Բանկի գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագիրը թեստավորվում է առնվազն տարին մեկ անգամ, կամ ավելի հաճախ` գործարար գործընթացների կազմի, կառուցվածքի կամ բնույթի հետ կապված էական փոփոխությունների դեպքում: Գործարար գործընթացների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի թեստավորման արդյունքները փաստաթղթավորվում և ներկայացվում են բանկի խորհրդին:

115. Բանկերի տեղեկատվական համակարգերի անընդհատության ապահովման և կառավարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ այլ իրավական ակտով:

 

ԳԼՈՒԽ 11. Վճարային համակարգեր, հետհաշվեկշռային գործառնություններ, մասնաճյուղերի կառավարում, տեղեկատվություն բանկի հետ կապված անձանց մասին, ՓԼ/ԱՖ

 

116. Բանկերի կողմից վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու ժամանակ ներքին հսկողություն իրականացնելու նպատակներն են` վճարահաշվարկային ծառայություններին բնորոշ ռիսկերի բացահայտումը, վերլուծությունը և կառավարումը, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով միջոցառումների իրականացումը:

117. Ներքին հսկողության համակարգը վճարահաշվարկային համակարգերի առումով նվազագույնը ներառում է.

1) օպերատորի կամ գործակալի հետ պայմանագիր կնքելիս գործունեության համառոտ նկարագրության տրամադրում,

2) համակարգում հնարավոր խափանումների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների նկարագրություն:

118. Բանկի ներքին հսկողության համակարգը վճարային գործիքների (վճարման հանձնարարական, վճարման պահանջագիր, պարբերաբար վճարումների հանձնարարական, ուղղակի դեբետագրում (այսուհետև` կարգադրություն)) մասով նվազագույնը ներառում է.

1) գործարքների իրականացման, մասնավորապես կարգադրությունների ընդունման, մշակման, կատարման և մերժման ընթացակարգերի սահմանում,

2) գործարքների իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման համար կիրառվող ընթացակարգերի սահմանում,

3) բանկային հաշիվների և կանխիկ եղանակով իրականացված գործարքների ծավալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի սահմանում,

4) փաստաթղթերի պահպանման (արխիվացման) ընթացակարգերի սահմանում,

5) չպարզաբանված, մերժված և ուշացված գործարքների մասին տեղեկությունների տրամադրման, չպարզաբանված գործարքների բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացակարգերի սահմանում:

119. Բանկի ներքին հսկողության համակարգը փաստաթղթային ակրեդիտիվի, փաստաթղթային ինկասոյի, երաշխիքների և այլ փաստաթղթային գործարքների գծով նվազագույնը ներառում է.

1) գործարքների իրականացման ընթացակարգեր,

2) յուրաքանչյուր գործիքի նկարագրություն,

3) ռիսկերի կառավարման մեխանիզմներ:

120. Բանկի ներքին հսկողության համակարգը չեկերով իրականացվող գործառնությունների մասով նվազագույնը ներառում է.

1) բանկի կողմից չեկերի թողարկման, սպասարկման և վճարման իրականացման ընթացակարգերը,

2) չեկային գրքույկի տրամադրման ժամանակ հաճախորդին նույնականացնող տվյալների մուտքագրում և պահպանում տվյալների բազայում,

3) այլ բանկերի վրա դուրս գրված չեկերի (ներառյալ` ըստ տեսակների) սպասարկման վերաբերյալ ընթացակարգերի սահմանում,

4) չեկով վճարում կատարելու մերժման պայմանների սահմանում,

5) կեղծ չեկերի հայտնաբերման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման ընթացակարգերի սահմանում:

i

121. Ներքին հսկողության համակարգը վճարային քարտերի թողարկման, պահպանման և սպասարկման մասով նվազագույնը ներառում է հետևյալ պահանջները`

1) Վճարային քարտերի թողարկման, պահպանման և վճարային քարտը քարտապանին տրամադրման ընթացակարգեր, այդ թվում`

ա. Տպված/թողարկված, սակայն քարտապանին դեռևս չտրամադրված վճարային քարտերը և ՊԻՆ-կոդի ծրարները բանկի տարածքային ստորաբաժանումներից տեղափոխման և բանկում պահպանման ընթացակարգեր,

բ. վճարային քարտերի և ՊԻՆ-կոդի տրամադրման ժամանակ քարտապանի տվյալները երրորդ անձանց, այդ թվում` թողարկողի աշխատակիցներին հասանելի լինելու հնարավորությունը նվազեցնող անվտանգության մեխանիզմներ,

գ. մոնիթորինգի իրականացման գործընթացի համար պատասխանատու աշխատակցի մասնագիտական համապատասխանության չափանիշներ:

2) Վճարային քարտերի սպասարկման ընթացակարգեր, այդ թվում`

ա. բանկի կողմից առևտրի և/կամ ծառայություններ մատուցող կետերի (այսուհետ` սպասարկողների) համար վճարային քարտերի անկանխիկ սպասարկումը ապահովող (էքվայրինգի) ընթացակարգեր,

բ. բանկի կողմից կանխիկացման գործարքների իրականացման դեպքում տվյալ գործառույթը ապահովող ընթացակարգեր,

գ. բանկի կողմից կանխիկի մուտքագրման գործարքների իրականացման դեպքում տվյալ գործառույթը ապահովող ընթացակարգեր:

3) Վճարային քարտերով կատարված գործարքների մոնիթորինգի իրականացման և հսկողության ընթացակարգեր, այդ թվում`

ա. սպասարկողների վարքագծի մոնիթորինգի իրականացման ընթացակարգեր,

բ. քարտապանների վարքագծի մոնիթորինգի իրականացման ընթացակարգեր,

գ. վճարային քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի կատարման (առնվազն քարտային հաշվից ելքերի) վերաբերյալ քարտապաններին կարճ հաղորդագրության (էս էմ էս) տրամադրման ընթացակարգեր,

դ. միջադեպեր (քարտի կորստի, բլոկավորման, չսպասարկման, բանկոմատի կողմից առգրավման կամ այլ) առաջանալու դեպքում քարտապանների իրական ժամանակում ահազանգմանը արձագանքելու ընթացակարգեր,

ե. բանկի վճարային քարտով կատարված գործարքների մոնիթորինգի համակարգի շուրջօրյա սպասարկման անընդհատության և հասանելիության ապահովման ընթացակարգեր,

զ. տեղի ունեցած միջադեպերին արագ արձագանքելու բանկի ահազանգման համակարգի շուրջօրյա սպասարկման անընդհատության և հասանելիության ապահովման ընթացակարգեր:

4) Մոնիթորինգի արդյունքում կասկածելի գործարքների հսկողության ընթացակարգեր, այդ թվում`

ա. կասկածելի գործարքները այլ գործարքներից տարանջատելու և բացահայտելու արդյունավետ ինքնաշխատ մեխանիզմներ,

բ. կասկածելի գործարքները բացահայտելու համար պատասխանատու մասնագետների մասնագիտական համապատասխանության չափանիշներ,

գ. կասկածելի գործարքները բացահայտելու դեպքում քարտապանի կամ սպասարկողի հետ կապի հաստատման մեխանիզմներ,

դ. կասկածելի գործարքներ բացահայտելու դեպքում քարտապանի կամ սպասարկողի հետ կապ հաստատելու հնարավորության բացակայության դեպքում բանկի գործողությունները բնութագրող ընթացակարգեր,

ե. քարտապանի կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա միջոցների հետ գանձման գործընթաց (Chargeback) նախաձեռնելու ընթացակարգեր,

զ. միջոցների հետգանձման գործընթացի համար պատասխանատու աշխատակցի համար մասնագիտական համապատասխանության չափանիշներ:

5) Վիրտուալ (ինտերնետ) միջավայրում գործարքների անվտանգ կատարումը ապահովող համապատասխան չափանիշներ և հսկողության արդյունավետ մեխանիզմներ, այդ թվում`

ա. որպես թողարկող քարտապանների կողմից կատարվող գործարքների տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգերի առկայության հետ կապված ընթացակարգեր` գաղտնագրված փակ բանալիների փոխանակման (օրինակ` 3 d secure), քարտապանին կարճ հաղորդագրություն (էս էմ էս) տրամադրելու և (կամ) բանկի կողմից միանգամյա կոդերի ձևավորման և տրամադրման միջոցով,

բ. որպես սպասարկում իրականացնող սպասարկողների կողմից կատարվող գործարքների տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգերի առկայության հետ կապված ընթացակարգեր` գաղտնագրված փակ բանալիների փոխանակման (3 d secure) և (կամ) բանկի կողմից միանգամյա կոդերի ձևավորման և տրամադրման միջոցով:

6) Բանկի կողմից հավաստագրման իրականացման ընթացակարգեր:

7) Բանկի կողմից քարտապանի նույնականացման ընթացակարգեր:

8) Թողարկողի կողմից քարտապանին տրամադրված վճարային քարտի կորստի դեպքում, նախքան քարտապանի բացահայտելը և կորստի վերաբերյալ թողարկողին տեղեկացնելը թողարկողի կողմից կիրառվող հնարավոր ռիսկերի կառավարմանն ուղղված ընթացակարգեր`

ա. առանց շփման (contactless) կատարված և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքների դեպքում (անկախ գործարքը օնլայն կամ օֆլայն կատարելու հանգամանքից),

բ. թողարկողի կողմից քարտապանի նույնականացմամբ կատարված գործարքների դեպքում (անկախ գործարքը օնլայն կամ օֆլայն կատարելու հանգամանքից),

գ. Օֆլայն կատարված գործարքների և այդ գործարքների արդյունքում բացասական մնացորդի համար հնարավոր տույժերի կամ տուգանքների առաջացման դեպքում:

9) Վճարային քարտերի տվյալների հափշտակման, անօրինական ընթերցման արդյունքում պատրաստված կեղծ քարտերով կամ տվյալների անօրինական օգտագործմամբ վճարումների կատարման արդյունքում քարտապանի մոտ առաջացող ռիսկի կառավարմանն ուղղված ընթացակարգեր.

ա. առանց շփման (contactless) կատարված և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքների դեպքում (անկախ գործարքը օնլայն կամ օֆլայն կատարելու հանգամանքից),

բ. թողարկողի կողմից քարտապանի նույնականացմամբ կատարված գործարքների դեպքում (անկախ գործարքը օնլայն կամ օֆլայն կատարելու հանգամանքից),

գ. օֆլայն կատարված գործարքների և այդ գործարքների արդյունքում բացասական մնացորդի համար տույժերի կամ տուգանքների կիրառման դեպքում:

10) Տեղադրված բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների ֆիզիկական և տեխնիկական անվտանգության ապահովման վերաբերյալ ընթացակարգեր (տեղակայման վայրի ընտրությունը, անվտանգության միջոցառումները, համապատասխան պայմանագրերը և այլն), ինչպես նաև բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների միջոցով կատարված խարդախությունների և խափանումների պատճառների բացահայտմանն ու վերացմանն ուղղված ընթացակարգեր:

11) Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների աշխատանքը բնականոն կերպով ապահովելու ընթացակարգերը, այդ թվում`

ա. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների տեղադրման և սպասարկման հետ առնչվող ռիսկերի (օրինակ` լիցքավորման ժամկետների խախտում, կապի խափանում, գործարքը հավաստող թղթի վերջանալ, սարքավորման անսարքություն, այդ թվում և` տեսախցիկների, անսարքության հետևանքով հաճախորդների շահերի ոտնահարում և այլն) կառավարման և զսպման մեխանիզմներ,

բ. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների լիցքավորման չափանիշները (հաշվի առնելով նախկինում կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքները, աշխատավարձերի վճարման օրերը, առաջիկա ոչ աշխատանքային և տոնական օրերի համար կանխիկ դրամի պահանջարկը և այլ հանգամանքներ),

գ. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ աշխատանքի ժամանակ տեխնիկական խնդիրների (թղթադրամը «կուլ տալու», վճարային քարտը հետ չվերադարձնելու և այլն) վերացման ընթացակարգերը,

դ. բանկոմատներում մնացած քարտերը քարտապաններին վերադարձնելու (տեղեկացնելը, տրամադրելու առավելագույն ժամկետները և այլն) ընթացակարգերը,

ե. բանկոմատների և այլ ինքնասպասարկման սարքավորումների աշխատանքի դադարեցման դեպքերը և առավելագույն ժամկետները,

զ. ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ աշխատանքային վիճակի մոնիթորինգի իրականացման ընթացակարգերը:

(121-րդ կետը փոփ. 08.12.15 թիվ 256-Ն որոշում)

122. (122-րդ կետն ուժը կորցրել է 08.12.15 թիվ 256-Ն որոշում)

i

123. Բանկի ներքին հսկողության համակարգը բանկային և դեպո հաշիվների սպասարկման վերաբերյալ առնվազն ներառում է հետևյալ պահանջները.

1) բանկում հաշիվների բացման, սպասարկման և դրանցով գործարքների կատարման վերաբերյալ ընթացակարգերի սահմանում,

2) հաճախորդների սպասարկման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց տվյալների նույնականացման ընթացակարգերի սահմանում:

124. Բանկի ներքին հսկողության համակարգը հետհաշվեկշռային գործառնությունների մասով նվազագույնը ներառում է.

1) վարկային գծերի, օվերդրաֆտների, վարկային քարտերի, ակրեդիտիվների և երաշխիքների դիմումների տրամադրման պայմանները, տրամադրման համար պահանջվող նվազագույն փաստաթղթերի ցանկը, դրանց մշակման և ուսումնասիրման գործընթացը,

2) անհատական պահատեղերի վարձակալման պայմանները, ինչպես նաև անհատական պահատեղի համար պայմանագիր կնքելու պահանջը, որն առնվազն կնախատեսի հետևյալ դրույթները.

ա. միևնույն պահատեղից փոխկապակցված անձանց օգտվելու դեպքերն ու կարգը,

բ. այն արժեքների ցանկը (թմրանյութ, զենք և այլն), որոնք արգելված է պահել անհատական պահատեղերում,

գ. յուրաքանչյուր անգամ բանկի աշխատակցի ներկայությամբ անհատական պահատեղը բացելուց հետո հաճախորդին առանձին (անհատական պահատեղերի գտնվելու վայրից տարբեր) սենյակ տրամադրելու պահանջը,

դ. անհատական պահատեղի սենյակ մուտքի ժամը և օրը հավաստող անդորրագիրը հաճախորդի կողմից ստորագրելու պահանջը,

3) հավատարմագրային կառավարման գծով բանկի կողմից տրամադրվող ծառայությունները:

125. Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային գործառնությունները կարգավորող ներքին իրավական ակտերի դրույթները/պահանջները պետք է համահունչ լինեն վարկային գործառնությունները կարգավորող ներքին ակտերի պահանջներին:

126. Բանկի մասնաճյուղերի կառավարմանը վերաբերող ներքին հսկողության համակարգը նվազագույնը ներառում է.

1) մասնաճյուղի աշխատակիցների նվազագույն/առավելագույն քանակը և նրանց ներկայացվող պահանջները,

2) մասնաճյուղի աշխատակիցների մասնագիտական մակարդակի գնահատումը, վերապատրաստումը,

3) բանկի գլխամաս տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունների բաշխումը,

4) բանկի բոլոր մասնաճյուղերում հաշվապահական հաշվառման և ներքին հաշվետվական միասնական համակարգի կիրառման սկզբունքները,

5) մասնաճյուղում առկա կանխիկ միջոցների սահմանաչափը, մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող վարկավորման սահմանաչափերը (ըստ վարկերի տեսակների): Փոխառության գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցների համար առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափերը/սահմանաչափերը,

6) մասնաճյուղի կողմից խոշոր միջոցների շարժի ու խոշոր գործարքների իրականացման դեպքում բանկի կողմից իրականացվող միջոցառումները:

127. Ներքին հսկողության համակարգը նախատեսում է բանկի հետ կապված անձանց մասին տեղեկատվության հավաքագրման, պահպանման (արխիվացման) և մշտապես թարմացման արդյունավետ ընթացակարգերի, ինչպես նաև բանկի հետ կապված անձանց հետ գործարքների կնքման արդյունավետ ընթացակարգերի առկայություն:

128. Բանկի հետ կապված անձանց հետ գործարքների կնքման ընթացակարգերը նվազագույնը բացահայտում և վերահսկում են շահերի բախման հնարավոր դեպքերն ու ոլորտները:

129. Բանկն ապահովում է բանկում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց, բանկի հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև բանկի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ի համաձայն Կենտրոնական բանկ պարբերաբար ներկայացվող հաշվետվությունների (տեղեկությունների) ստացումն ու ուսումնասիրությունը:

130. Բանկի հետ կապված անձանց մասին տեղեկատվությունը նվազագույնը ներառում է.

1) անձի անունը և բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը և գտնվելու վայրը),

2) զբաղմունքը (իրավաբանական անձի դեպքում` գործունեության տեսակը),

3) կապվածության ձևը,

4) բանկից (իսկ հնարավորության դեպքում` նաև այլ բանկերից) ստացված բոլոր տեսակի վարկերը, փոխառությունները, կատարված ներդրումները, գրավը, պայմանական և այլ պարտավորությունները, ավանդները, բանկին տրված փոխառությունները և այլն:

131. Բանկի ներքին հսկողության համակարգը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առումով նվազագույնը ներառում է.

1) այն պարտադիր ընթացակարգերը, որոնք բանկի կողմից պետք է պահպանվեն հաճախորդների, պարտատերերի և այլ անձանց հետ ֆինանսական և (կամ) այլ գործառնություններ կատարելիս,

2) ֆինանսական կամ այլ գործառնությունների կատարման ընթացքում ներկայացման համար անհրաժեշտ տեղեկությունները,

3) բանկի հաճախորդների ռիսկայնության չափանիշները (բարձր ռիսկի հաճախորդների), յուրաքանչյուր ռիսկի խմբում ընդգրկված հաճախորդների նկատմամբ սահմանված պահանջները,

4) իրական շահառուի վերաբերյալ նվազագույն տեղեկությունների հավաքագրումը և հաճախորդների նույնականացման համար անհրաժեշտ նվազագույն ընթացակարգերը,

5) հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գրանցման և պահպանման, ինչպես նաև կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, հաշվառման և պահպանման կարգը:

132. Բանկի ներքին դիտարկումների մարմինը նվազագույնը ուսումնասիրում է բանկի իրականացրած ֆինանսական գործառնությունների, բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների և աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերի և բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին:

133. Բանկի ներքին իրավական ակտերը նվազագույնը ներառում են ներքին իրավական ակտերով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կարգը և պայմանները և դրանց չպահպանման համար բանկի ղեկավարների, աշխատակիցների և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող կառուցվածքային առանձին ստորաբաժանման կամ աշխատակցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության կիրառման կարգն ու պայմանները և պատասխանատվության միջոցները:

 

ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

ԳԼՈՒԽ 12. Տեղեկատվական և հաշվետվողականության համակարգեր

 

134. Ներքին հսկողության համակարգը նախատեսում է հուսալի և արդյունավետ տեղեկատվական և հաշվետվողականության համակարգերի առկայություն:

135. Բանկի հաշվապահական և այլ գրառումները, բանկում օգտագործվող տեղեկատվությունը պետք է լինեն արժանահավատ, ամբողջական, ներկայացվեն ժամանակին և պաշտպանված լինեն չարտոնված առնչություններից:

136. Ներբանկային տեղեկատվական հոսքերը և փաստաթղթաշրջանառության համակարգը օգտագործվում են կառավարման բոլոր մակարդակներում բանկային տարբեր գործառույթների/գործընթացների իրականացման և դրանց նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու համար:

137. Բանկի ներքին իրավական ակտերով սահմանվում են բանկի խորհրդին ու գործադիր մարմնին ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը և պարբերականությունը, հաշվետվությունների ներկայացման համար պատասխանատու ստորաբաժանումը/անձը: Բանկի խորհրդին և գործադիր մարմնին առնվազն ներկայացվում են սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ բաժիններում նշված ոլորտների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք պետք է բավարարեն սույն կանոնակարգով սահմանված նվազագույն պայմաններին և հնարավորություն տան բանկի խորհրդին և գործադիր մարմնին.

1) գնահատել համապատասխան ոլորտի առկա վիճակը, փոփոխման միտումները, դրանց ազդեցությունը բանկի գործունեության, ռիսկայնության մակարդակի վրա,

2) ժամանակին և համարժեքորեն արձագանքել և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել տվյալ ոլորտում բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ,

3) գնահատել տվյալ ոլորտների համար պատասխանատու ստորաբաժանումների/անձանց կողմից կատարված աշխատանքի որակը, նրանց գործունեության արդյունավետությունը,

4) բարձրացնել խորհրդի և գործադիր մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացի արդյունավետությունը` խորհրդին և գործադիր մարմնին որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման միջոցով:

138. Բանկի ներքին ակտերով սահմանվում են որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը (հաշվետվություն, տեղեկանք, այլ), այդ տեղեկատվության տրամադրման կարգը և պարբերականությունը:

139. Բանկն ապահովում է տեղեկատվության պահպանման և մշակման էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը և դրանց աշխատանքի անընդհատությունը:

140. Բանկում հստակ կանոնակարգվում են բանկի համապատասխան ստորաբաժանումներից, բանկի մասնաճյուղերից տեղեկատվության ստացման, հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների կազմման և Կենտրոնական բանկ ներկայացման ընթացակարգերը:

141. Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի վերաբերյալ բանկի խորհրդին և գործադիր մարմնին խորհրդի կողմից սահմանված պարբերականությամբ ներկայացվող տեղեկատվությունը նվազագույնը ներառում է.

1) մասնաճյուղի գործունեության վերլուծությունը, այդ թվում` մասնաճյուղի վարկային պորտֆելի, ավանդային բազայի կառուցվածքը, կենտրոնացումները, փոփոխման միտումները,

2) մասնաճյուղի կողմից սպասարկվող տարածաշրջանի տնտեսական վերլուծությունը,

3) հաճախորդների կողմից ներկայացված դիմում-բողոքները,

4) հաճախորդների թվաքանակի փոփոխությունների դինամիկան:

142. Բանկը նախատեսում է այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան ապահովել Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը: Նման ընթացակարգերը առնվազն ներառում են.

1) նախքան բանկի գործարքների հաշվապահական ձևակերպումների կատարումը առկա տվյալների ստուգումն այն անձի կողմից, ով չի կնքել այդ գործարքները, որոշում չի կայացրել դրանք կնքելու վերաբերյալ և որևէ այլ ձևով չի մասնակցել գործարքների կնքման գործընթացին,

2) մինչև Կենտրոնական բանկ ներկայացնելը հաշվետվությունների ստուգումն այն անձի կողմից, ով չի կազմել այդ հաշվետվությունները, ինչպես նաև չի կնքել այդ գործարքները, որոշում չի կայացրել դրանք կնքելու վերաբերյալ և որևէ այլ ձևով չի մասնակցել գործարքների կնքման գործընթացին,

3) նման ստուգման արդյունքում հայտնաբերված տարբերությունների գրանցումը և դրանց առաջացման պատճառների ուսումնասիրումը և ապագայում նման դեպքերը բացառելուն ուղղված միջոցառումների առաջարկումն ու իրականացումը:

143. Ներքին հաշվետվողական համակարգի մաս կազմող հաշվետվական փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության ճշտությունը հաստատվում, իսկ հնարավորության դեպքում` նաև ստուգվում է հաշվետվություն տրամադրող ստորաբաժանման ղեկավարի կողմից, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում` հաշվետվության ներկայացման համար պատասխանատու աշխատակցի կողմից:

144. Բանկն ապահովում է բանկի առավել կարևոր փաստաթղթերի (այդ թվում` վարկային, ավանդային պայմանագրեր և այլն) պահպանության արդյունավետ համակարգի առկայություն, որը հնարավորություն է տալիս ապահովել այդ փաստաթղթերի պաշտպանությունը կորստից, չթույլատրված դուրսհանումից կամ օգտագործումից: Բանկի ներքին իրավական ակտերով սահմանվում են նաև բանկի առավել կարևոր փաստաթղթերի պահպանման (արխիվացման) ձևը, ժամկետները և ընթացակարգերը:

 

ԲԱԺԻՆ 7. ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 13. Ընդհանուր դրույթներ

 

145. Որպես ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգի տարր` բանկը պետք է ունենա առնվազն հետևյալ հսկողական գործառույթները.

1) ռիսկերի կառավարման գործառույթ,

2) համապատասխանության ապահովման գործառույթ,

3) ներքին աուդիտի գործառույթ:

146. Հսկողական գործառույթների (բացառությամբ` ներքին աուդիտի գործառույթի) իրականացման համար պատասխանատու անձանց նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, վարձատրության պայմանների հաստատումը, գործունեության պարբերական գնահատումը, խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումն իրականացվում է բանկի գործադիր մարմնի կողմից` խորհրդի համաձայնությամբ:

147. Հսկողական գործառույթների առկայությունը չի ազատում բանկի խորհրդին կամ գործադիր մարմնին իրենց պարտականությունների կատարումից:

148. Բանկը հսկողական գործառույթները և դրանց հետ առնչվող հաշվետվողականության համակարգը ներդնում է բանկի կազմակերպական կառուցվածքում այնպես, որ հնարավորություն տրվի նշված գործառույթներն իրականացնել արդյունավետորեն:

149. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի/անձանց լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են խորհրդի կողմից: Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը պարբերաբար ուսումնասիրում է այդ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում գործադիր մարմնին և խորհրդին է ներկայացնում դրանք փոփոխելու հետ կապված իր առաջարկությունները:

150. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի համար պետք է նվազագույնի հասցվեն շահերի բախման հնարավոր դեպքերը: Եթե, այնուամենայնիվ, առկա է շահերի բախման որևէ դեպք, որը չի կարող կարգավորվել բանկի գործադիր մարմնի կողմից, ապա խնդիրը պետք է ներկայացվի բանկի խորհրդի քննարկմանն ու լուծմանը:

151. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի համար բանկն ապահովում է բավարար լիազորություններ, անկախություն և ռեսուրսներ` տվյալ գործառույթի համար սահմանված պարտականություններն արդյունավետորեն կատարելու և նպատակներին հասնելու համար:

152. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ պետք է.

1) հնարավորություն ունենա անկախ և օբյեկտիվ կարծիք հայտնել պատասխանատվության իր ոլորտի խնդիրների, փաստացի ու հնարավոր խախտումների վերաբերյալ,

2) հնարավորություն ունենա անհրաժեշտության դեպքում հսկողություն իրականացնել ձեռնարկված ուղղիչ միջոցառումների և տրված առաջարկությունների իրականացման նկատմամբ,

3) հնարավորություն ունենա իր նախաձեռնությամբ խոսել յուրաքանչյուր աշխատակցի հետ, ստանալ իր պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները,

4) հնարավորություն ունենա անմիջապես խոսել և պարբերաբար հանդիպել (առանց գործադիր տնօրենի ներկայության) խորհրդի նախագահի հետ,

5) հնարավորություն ունենա ներգրավել իր գործառույթը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում և գիտելիքներ ունեցող աշխատակիցներ,

6) հնարավորություն ունենա արդյունավետորեն օգտագործել համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև կառավարչական տեղեկատվական համակարգերը (MIS):

153. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ բանկի գործադիր տնօրենի հետ պարբերաբար քննարկում է տվյալ գործառույթի ռեսուրսների համարժեքությունը և անհրաժեշտության դեպքում պահանջում ճշգրտումներ: Եթե գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ համաձայնության չի գալիս գործադիր տնօրենի հետ, ապա այդ հարցը ներկայացվում է խորհրդի քննարկմանն ու լուծմանը:

154. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ պարբերաբար գնահատում է տվյալ գործառույթի արդյունավետությունը, անհրաժեշտության դեպքում նախաձեռնում անհրաժեշտ բարեփոխումներ և դրանց նկատմամբ մոնիտորինգ իրականացնում: Նշված գնահատման արդյունքները խորհրդի կողմից սահմանված կարգով ներկայացվում են խորհրդին:

155. Յուրաքանչյուր հսկողական գործառույթի իրականացման արդյունավետությունը պարբերաբար գնահատվում է բանկի խորհրդի կողմից` խորհրդի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան: Գնահատման իրականացման նպատակով բանկի խորհուրդը սահմանում է հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց կողմից խորհրդին ներկայացվող հաշվետվությունների բովանդակությունը, ֆորմատը, հաճախականությունը: Հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց կողմից խորհուրդ ներկայացվող հաշվետվությունները առնվազն հնարավորություն են տալիս խորհրդին.

1) գնահատել հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց պատասխանատվության ոլորտների առկա վիճակը, փոփոխման միտումները, դրանց ազդեցությունը բանկի գործունեության, ռիսկայնության մակարդակի վրա,

2) ժամանակին և համարժեքորեն արձագանքել և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց կողմից բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ,

3) գնահատել հսկողական գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց կողմից կատարված աշխատանքի որակը, նրանց գործունեության արդյունավետությունը` հսկողական գործառույթների համար սահմանված նպատակներին հասնելու տեսանկյունից,

4) բարձրացնել խորհրդի կողմից որոշումների կայացման գործընթացի արդյունավետությունը` խորհրդին որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման միջոցով:

 

ԳԼՈՒԽ 14. Ռիսկերի կառավարման գործառույթ

 

156. Բանկը պետք է ունենա ռիսկերի կառավարման արդյունավետ գործառույթ, որը պետք է օժանդակի բանկին իր ռիսկերի ժամանակին բացահայտման, չափման, հսկողության, մոնիթորինգի և հաղորդակցման գործընթացում:

157. Ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը/անձինք

1) մասնագիտական վերլուծությունների, ռիսկերի դիտարկումների իրականացման և այլ միջոցներով օժանդակում են բանկի խորհրդին և գործադիր մարմնին իրենց պարտականությունների կատարման գործընթացում,

2) բացահայտում են բանկի գործունեությանը ներհատուկ ռիսկերը,

3) գնահատում, մոնիտորինգ են իրականացնում, օգնում են արդյունավետորեն կառավարել բացահայտված ռիսկերը: Վերջինս ներառում է ռիսկերը կլանելու բանկի ունակության գնահատումը` հաշվի առնելով ռիսկերի բնույթը, տեղի ունենալու հավանականությունը, կորելյացիան և հնարավոր բացասական ազդեցության աստիճանը,

4) տալիս են բանկի ռիսկի ընդհանուր նկարագիրը ինչպես միայն բանկի, այնպես էլ խմբային մակարդակով, եթե բանկը ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում,

5) պոտենցիալ ռիսկերի վաղ բացահայտման և գնահատման նպատակով պարբերաբար գնահատում են ներքին և արտաքին միջավայրը,

6) դիտարկում են բանկի վարձատրության քաղաքականության արդյունքում առաջացող ռիսկերը, խորհրդին պարբերաբար ազդակներ են փոխանցում բանկի վարձատրության քաղաքականության արդյունքում ստեղծված խթանների, ինչպես նաև ռիսկերի ստանձնման վարքագծի վրա վարձատրության քաղաքականության ազդեցության վերաբերյալ,

7) մշակում են բանկի խորհրդի կողմից հաստատվող ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ախորժակը, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները,

8) խորհրդի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն իրենց գործառույթների մասով մասնակցում են բանկի կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացին, պարբերաբար իրականացնում են սթրես-թեստեր,

9) պարբերաբար խորհրդին, գործադիր մարմնին, անհրաժեշտության դեպքում նաև հսկողական գործառույթներ իրականացնող անձանց հաշվետվություններ են ներկայացնում բանկի ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ,

10) փաստաթղթավորում և խորհրդին են ներկայացնում էական փոփոխությունները, որոնք ազդել են կամ կարող են ազդել բանկի ռիսկերի կառավարման համակարգի վրա` ներկայացնելով ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության պահպանմանն ու բարելավմանն ուղղված առաջարկություններ:

158. Առնվազն եռամսյակային պարբերականությամբ ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը խորհրդին է ներկայացնում հաշվետվություններ նվազագույնը հետևյալի վերաբերյալ.

1) բանկի ռիսկերի գնահատումը և ռիսկերի կառավարման նպատակով ձեռնարկված քայլերը,

2) բանկի ռիսկերի նկարագրի փոփոխությունների գնահատումը,

3) նախապես սահմանված ռիսկի սահմանաչափերի գնահատումը (կիրառելիության դեպքում),

4) ռիսկերի կառավարման հետ կապված խնդիրները` կապված խոշոր ծրագրերի և ներդրումների հետ (կիրառելիության դեպքում),

5) ռիսկային իրադարձությունների գնահատումը և անհրաժեշտ կանխարգելիչ/ուղղիչ միջոցառումների ձեռնարկումը:

159. Ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը ժամանակին պատշաճ կարգով խորհրդին, գործադիր մարմնին տեղեկացնում է այն բոլոր հանգամանքների մասին, որոնք կարող են էական բացասական ազդեցություն ունենալ բանկի ռիսկերի կառավարման համակարգի վրա:

 

ԳԼՈՒԽ 15. Համապատասխանության ապահովման գործառույթ

 

160. Բանկն ապահովում է համապատասխանության ապահովման արդյունավետ գործառույթի առկայություն, որը պետք է օժանդակի բանկին գործել օրենսդրության պահանջներին համապատասխան, ինչպես նաև խրախուսի և պահպանի համապատասխանության ապահովման կորպորատիվ մշակույթը:

161. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը/անձինք առնվազն իրականացնում են.

1) բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի ձևավորման խրախուսումն ու աջակցումը, որն արժեքավորում է պատասխանատու վարվելակերպը և աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների և այլ իրավական ակտերի, ներառյալ բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին: Այն ներառում է բանկի կորպորատիվ արժեքները ներկայացնող վարքագծի կանոնների վերաբերյալ սեմինարների և քննարկումների պարբերաբար կազմակերպումը` նպատակ ունենալով խրախուսել բարձր պրոֆեսիոնալիզմը և սահմանել աշխատակիցներից սպասվող վարքագիծը,

2) հիմնական իրավական և վերահսկողական պահանջների և դրանց` բանկի գործունեության համապատասխանության ապահովման հետ կապված ռիսկերի բացահայտում, գնահատում, կառավարում և համապատասխան շրջանառության ապահովում,

3) բանկի գործունեության վրա իրավական համակարգի հնարավոր փոփոխությունների ազդեցության և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատում,

4) իրավական, վերահսկողական և էթիկական պարտավորությունների հիմնական ոլորտներում պատշաճ քաղաքականության, գործընթացների ու հսկողության մեխանիզմների առկայության ապահովում և պատշաճ մոնիթորինգի իրականացում,

5) մեծ պատասխանատվություն կրող, ինչպես նաև բարձր ռիսկային գործունեությամբ զբաղվող աշխատակիցների համար հիմնական իրավական և վերահսկողական պարտավորությունների վերաբերյալ սեմինարների պարբերաբար կազմակերպում,

6) բանկի գործունեության համապատասխանության առումով թերությունների ու խախտումների բացահայտում, անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումների կիրառում:

162. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձն/անձինք առնվազն եռամսյակային պարբերականությամբ խորհրդին է ներկայացնում հաշվետվություններ, որոնք նվազագույնը ներառում են.

1) բանկի համապատասխանության գործառույթի հետ կապված ռիսկերի գնահատումը և ռիսկերի կառավարման նպատակով ձեռնարկված քայլերը,

2) բանկի տարբեր միավորների (բաժիններ, բիզնես միավորներ և այլն) գործունեության համապատասխանության գնահատումը ներքին ստանդարտներին և նպատակներին հետևելու տեսանկյունից,

3) ղեկավարների և բանկում այլ պատասխանատու աշխատանք իրականացնող անձանց հետ առնչվող համապատասխանության հետ կապված ցանկացած խնդիր, դրա հետ կապված հետազոտությունների արդյունքները և նախաձեռնված քայլերը,

4) բանկի այլ աշխատակիցների կամ կազմակերպական միավորների հետ առնչվող համապատասխանության հետ կապված էական խախտումներն ու խնդիրները, դրանց հետ կապված հետազոտությունների արդյունքները և նախաձեռնված քայլերը,

5) բանկի կամ ցանկացած աշխատակցի նկատմամբ որևէ կարգավորող կամ վերահսկող մարմնի կողմից կիրառված տուգանքները կամ այլ պատասխանատվության միջոցները:

163. Համապատասխանության գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը պետք է ունենա լիազորություն և պարտականություն պատշաճ կարգով անմիջապես խորհրդի նախագահին տեղեկացնել բանկի ղեկավարների կողմից էական անհամապատասխանության դեպքերի, ինչպես նաև բանկի պարտավորությունների մասով բանկի էական անհամապատասխանության դեպքերի վերաբերյալ:

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.04.2013
N 102-Ն
Որոշում