Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1254/02/11            2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/1254/02/11
Նախագահող դատավոր`     Տ. Սահակյան
                    Դատավորներ`     Կ. Հակոբյան
                                                      Տ. Նազարյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Արմեն Քամալյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արմեն Քամալյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 3.383.300 ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 28.02.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2012 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.02.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատախազը կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել, եթե քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների շրջանակներում տեղի է ունեցել պետության գույքային շահերի խախտում անկախ այն հանգամանքից, թե դրանք խախտվել են հանցագործության, թե որևէ այլ ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ այդ հոդվածը վերաբերում է անձի անմեղության կանխավարկածին, այսինքն` նշված իրավական նորմը երաշխիքներ է սահմանում` անձին անհիմն չդատապարտելու, պատասխանատվության և պատժի չենթարկելու համար, ինչը վկայում է, որ վերոգրյալ նորմը չի տալիս հանցագործության բնորոշումը, չի պարունակում հանցավոր արարքի առկայության կամ բացակայության վերաբերյալ կարգավորումներ, և դրա վկայակոչումը որպես հանցագործության բացակայության հիմնավորում անհիմն է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ համաներման ակտի կիրառման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը չի բացառում անձի կողմից հանցանք կատարելու հանգամանքը: Համաներումը կարող է կիրառվել կա'մ այնպիսի անձի նկատմամբ, ում գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցակազմի բոլոր հատկանիշները, կա'մ այն անձի նկատմամբ, ում վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ, այսինքն` օրենսդրի կողմից ընդունված համաներման ակտը վկայում է անձի կողմից հանցանք կատարելու մասին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Քամալյանը համաներման ակտի կիրառման հիմքով չի ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի, իսկ նրան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով անօրինական գործողություններով պետությանը պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելը չի կարող բովանդակային և ձևական առումով գնահատվել որպես պատիժ:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վնասը հատուցելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը պարտադիր չէ: Դրա առկայությունը կարող է նշանակություն ունենալ միայն այն դեպքում, երբ դրանով հաստատված են որոշակի հանգամանքներ, որոնք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով կարող են դիտվել որպես նախադատելի, իսկ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայությունը չի կարող բացառել դելիկտային իրավահարաբերության առկայությունը, և դատարանը պարտավոր է յուրաքանչյուր դեպքում քննության առարկա դարձնել վնաս պատճառելուց բխող իրավահարաբերության զանցակազմի բոլոր տարրերի առկայության կամ բացակայության հարցը, և նոր միայն հանգել համապատասխան եզրակացության, ինչը Վերաքննիչ դատարանը չի կատարել` անտեսելով նաև այն հանգամանքը, որ Արմեն Քամալյանն իր մեղքի բացակայությունը հիմնավորելու համար որևէ ապացույց չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 08.06.2012 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 31.07.2009 թվականի թիվ 1006797 հանձնարարագրի հիման վրա «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ում (այսուհետ` Ընկերություն) իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում, որի արդյունքում Կոմիտեի ՕՀՎ 3-րդ բաժնի կողմից 16.09.2009 թվականին կազմվել է թիվ 1006797 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է ընդհանուր 7.245.900 ՀՀ դրամի պարտավորություն(հատոր 1-ին, գ.թ. 18-30):

2) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 12.01.2010 թվականի փորձագետի թիվ 41560909 եզրակացությամբ հետևություն է արվել այն մասին, որ 31.07.2009 թվականի թիվ 1006797 հանձնարարագրով Ընկերությունում իրականացված ստուգումները կատարվել են փաստաթղթային ստուգման մեթոդով: Կոմիտեի ՕՀՎ 3-րդ բաժնի 16.09.2009 թվականի թիվ 1006797 ակտում շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով արձանագրված պարտավորությունները զուտ մեթոդական առումով բխում են նյութերում առկա տվյալներից, և շահութահարկի ու ավելացված արժեքի հարկի գծով Ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը տույժ և տուգանքներով հանդերձ կազմում է 7.245.900 ՀՀ դրամ, այդ թվում` շահութահարկ` 2.233.600 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկ` 1.149.700 ՀՀ դրամ, ընդամենը հարկեր` 3.383.300 ՀՀ դրամ, տուգանքներ` 3.146.800 ՀՀ դրամ, ինչպես նաև տույժ` 715.800 ՀՀ դրամ, ընդամենը տույժեր և տուգանքներ` 3.862.600 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 13-17):

3) Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչի 03.02.2010 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ընկերության տնօրեն Արմեն Քամալյանը 2008-2009 թվականների ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով 3.383.300 ՀՀ դրամ հարկ վճարելուց: Փորձագետի թիվ 41560909 եզրակացությամբ Ընկերության հարկային պարտավորությունները շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով կազմել են 7.245.900 ՀՀ դրամ, որից հարկի գումարը` 3.383.300 ՀՀ դրամ: Այսպիսով, նյութերի նախապատրաստման արդյունքում հիմնավորվել է, որ Ընկերության տնօրեն Արմեն Քամալյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, վերջինս համաձայնվել է իր նկատմամբ համաներում կիրառել, նախկինում դատված չի եղել, և հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովի 19.06.2009 թվականի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետը բացառում է քրեական պատասխանատվության ենթարկել անձին, որը մեղադրվում է մինչև 01.06.2009 թվականը կատարված այնպիսի հանցագործության մեջ, որի համար նախատեսվում է պատիժ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է ազատազրկում` մինչև երկու տարի ժամկետով, նույն որոշմամբ Ընկերության տնօրեն Արմեն Քամալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել համաներման ակտի ուժով (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկային պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին` հաշվի առնելով նման գործերով դատական պրակտիկայի միասնականության ապահովումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

i

Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (ի թիվս այլոց տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես` դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:

Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական և դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

- վնաս պատճառող անձի առկայությունը,

- պատճառված վնասի առկայությունը,

- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև:

 

Պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելը

ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

i

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված պետական շահերի պաշտպանության իրավասությունը կոնկրետացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են դատախազության այն լիազորությունները, որոնցով իրականացվելու է պետական շահերի պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական շահերի պաշտպանության իրականացումը, կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Այսպես` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն օգտվում է դատավարական այն իրավունքներից և կրում է այն պարտականությունները, որոնք ունենալու էր պետական այն մարմինը, ով հայց ներկայացնելու պարտականություն ուներ: Հետևաբար, դատախազությունը զրկված չէ վարչական դատավարության կարգով տնտեսվարող սուբյեկտի դեմ հարկային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու հայց ներկայացնելու հնարավորությունից, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ:

Վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատախազության լիազորությունը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Նշված դրույթի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ դատախազության` հայց հարուցելու դատավարական պարտականության իրացման նախապայման է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորության բացակայությունը: Նշված կանոնակարգումը քննարկելով չվճարված հարկային պարտավորությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը բռնագանձելու հարցի համատեքստում` նախ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք կոնկրետ վիճելի իրավահարաբերության առկայության պարագայում բացակայում է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորությունը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը), որի ծագման պայմանները կարող են համընկնել քրեական պատասխանատվության ծագման պայմանների հետ, շարունակում է գոյություն ունենալ: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է դատախազության լիազորությունը` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու մասին, որպիսի լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ` հանցանքի կատարում, որը պետք է հաստատվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարկերի և (կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար դատախազությունը գործում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունների շրջանակում, ապա հայցապահանջը պետք է վերաբերի կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելուն: Մինչդեռ, չվճարված հարկերը կամ տուրքերը` որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը և համապատասխան լիազոր մարմնի բացակայությունը կամ այդպիսի մարմնի մոտ համապատասխան լիազորության բացակայությունը: Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:

Համադրելով վերոնշյալ հոդվածները չվճարված հարկերը կամ տուրքերը` որպես պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ մեկնաբանության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցներով:

Վերոնշյալ եզրահանգումների համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Մասնավորապես` Եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից` պատասխանողը դատապարտվել է, թե արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչներն էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Դատարանի կարծիքով այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ» (տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38):

Միաժամանակ, հաշվի առնելով նմանատիպ գործերի քննության ընթացքում առկա իրավակարգավորման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանցից գումարների գանձումը համաներում կիրառելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հիմքով ազատելու պարագայում ըստ էության պետք է իրականացվի քրեական դատավարության շրջանակներում, քանի որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-145-Ն և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ ՀՕ-214-Ն օրենքներով կատարված փոփոխություններից հետո նշված գումարների վճարված լինելը պարզելու հարցը քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է:

Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից` օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում ազատվելու պայմանը կոնկրետացված է նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում, որի համաձայն (մինչև 2013 թվականի փետրվարի 5-ի դրությամբ գործող ինկորպորացիայով)` սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Օրենսդրական գործող կարգավորումը հնարավոր է համարում նաև չվճարված կամ պակաս վճարված հարկերն ու տուրքերը գանձելու հարցին անդրադառնալու հնարավորություն մինչև համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը չիրականացնելու կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

i

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում դրանք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու միջոցով կարող են գանձվել մինչև ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում վերը նշված փոփոխությունների կատարումն իրականացված հակաիրավական արարքների արդյունքում պատճառված վնասի համար, քանի որ նշված փոփոխություններից հետո համաներման ակտերի ընդունման և համաներում կիրառելու մասին որոշման առկայության կամ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ որոշման առկայության պարագայում գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կամ վնասի հետ կապված վեճի բացակայության կանխավարկածը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Գարիկ Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը (տե՛ս Գարիկ Ղազարյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0088/01/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2012 թվականի որոշումը):

Սույն հարցի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ իրավակիրառ պրակտիկայում քաղաքացիական գործերով տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանցից չվճարված կամ պակաս վճարված հարկերը և տուրքերը` որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու դատախազության լիազորությանը տրվող ոչ միանշանակ մեկնաբանություններին:

Դատախազության կողմից ներկայացված հայցերում և բողոքներում հիշատակվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնցում ամրագրված են դատախազական մարմինների լիազորությունները պետական շահերի պաշտպանության հարցում: Նշված լիազորություններից յուրաքանչյուրը պայմանավորում է դատախազության` քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով հայց հարուցելու իրավասությունը: Այս առումով լիազորություններն ամրագրող կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք), քանի որ հայցի հիմքը նյութական իրավունքի այն նորմն է, որի վրա հիմնվում է ներկայացված պահանջը:

Հաշվի առնելով նմանատիպ գործերի առանձնահատկությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Հետևաբար, դատարանը կաշկանդված չէ գնահատել դատախազության` հայց ներկայացնելու իրավասության առկայությունն անկախ նրանից` նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը, կամ էլ որևէ մեկը չի նշվել:

Միաժամանակ, վերը նշված պատճառաբանությունները հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ գտնում է, որ հնարավոր են դեպքեր, երբ միևնույն գումարը տույժերի հետ միասին բռնագանձվի նաև տնտեսվարող սուբյեկտից: Այդ նկատառումից ելնելով` Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով կրկնակի բռնագանձումը բացառելու համար հարկ է համարում արձանագրել, որ այդ գործերի քննության ընթացքում անհրաժեշտ է գնահատել այն հանգամանքը, թե արդյոք վեճի առարկա` պետությանը վճարման ենթակա հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժերի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է բռնագանձման վճիռ, որը փաստացի կատարվել է (գումարը բռնագանձվել է տնտեսվարող սուբյեկտից): Նման դատական ակտի առկայությունը և այն կատարված լինելու հանգամանքն արգելք կհանդիսանա քաղաքացիական գործով հայցի բավարարման համար` անկախ կողմերի տարբերությունից, քանի որ սույն գործով վեճի առարկա` պետությանը պատճառված վնասները վարչական դատավարության կարգով քննվող գործի արդյունքում հատուցված լինելու պայմաններում սույն գործը կդիտվի առարկայազուրկ, քանի որ կբացակայի պետությանը որևէ կերպ վնաս պատճառելու փաստը: Այսինքն` երկու տարբեր հայցերի դեպքում էլ նույն հիմքով առաջացած գումարները Հայաստանի Հանրապետության օգտին կրկնակի բռնագանձելն ուղղակիորեն կենթադրի կրկնակի պատասխանատվություն և անհամաչափ միջամտություն կատարված արարքի համար: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված ապացուցման և ապացույցները գնահատելու կանոններին համապատասխան դատարանները պետք է հաշվի առնեն հարուցված քաղաքացիական գործերին զուգահեռ քննվող վարչական գործերի առկայության կամ բացակայության փաստը, օրինական ուժի մեջ մտած գումարի բռնագանձման վերաբերյալ դատական ակտերի առկայությունը, ինչպես նաև այդ ակտերի փաստացի կատարված լինելը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ այն դեպքերին, երբ տնտեսվարող սուբյեկտի կողմից վիճարկվել է հարկային մարմնի կողմից կազմված վարչական ակտի (ստուգման ակտի) իրավաչափությունը: Այս դեպքում ևս վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործով հայցը բավարարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որպես կանոն, արգելք է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից գումարի բռնագանձման վերաբերյալ գործի քննության համար: Ընդ որում, նման դեպքում էլ անհրաժեշտ է գնահատել այն, թե արդյոք հայցի փաստական հիմքում դրվել է միայն ստուգման ակտը:

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում պետական շահերի խախտում է տեղի ունեցել այնպիսի հարցով, որով հայց ներկայացնելու իրավունքն օրենսդրությամբ վերապահված է համապատասխան պետական մարմնին` Կոմիտեին: Ավելին, որևէ ապացույց առ այն, որ Կոմիտեն իրավասու պետական մարմին` դատախազին, հայց հարուցելու միջնորդությամբ դիմել է, գործում առկա չէ: Այսպիսով, դատախազը կարող էր հայց հարուցել միայն այն բանից հետո, երբ իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերեր, որ պետական մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը, այսինքն` Կոմիտեն, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չներկայացներ կամ դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ևս չիրականացներ հայց ներկայացնելու իր պարտականությունը, սակայն սույն գործի փաստերը վկայում են այն մասին, որ Կոմիտեն ոչ միայն իրազեկ է եղել պետական շահերի խախտման փաստի մասին, այլ հենց ինքն է հայտնաբերել այդ փաստը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ տվյալ դեպքում Դատախազությունը, դիմելով դատարան, իր պահանջի հիմքում չի դրել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, իսկ սույն գործի փաստերով էլ հաստատվում է, որ Դատախազության պահանջի հիմքում դրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի դեպքում վերջինիս անունից հենց ՀՀ դատախազությունն է իրավասու պահանջել պատճառված վնասների լրիվ հատուցում, այսինքն` սույն գործում առաջ քաշված հարցով հայց ներկայացնելը վերապահված չէ այլ պետական մարմնի, այդ թվում նաև Կոմիտեի իրավասությանը:

Սույն գործի փաստերի համաձայն` «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 12.01.2010 թվականի փորձագետի թիվ 41560909 եզրակացությամբ հաստատվում է, որ Կոմիտեի ՕՀՎ 3-րդ բաժնի 16.09.2009 թվականի թիվ 1006797 ակտում շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով արձանագրված պարտավորությունները զուտ մեթոդական առումով բխում են նյութերում առկա տվյալներից, և շահութահարկի ու ավելացված արժեքի հարկի գծով Ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը տույժ և տուգանքներով հանդերձ կազմում է 7.245.900 ՀՀ դրամ, այդ թվում` շահութահարկ` 2.233.600 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկ` 1.149.700 ՀՀ դրամ, ընդամենը հարկեր` 3.383.300 ՀՀ դրամ, տուգանքներ` 3.146.800 ՀՀ դրամ, ինչպես նաև տույժ` 715.800 ՀՀ դրամ, ընդամենը տույժեր և տուգանքներ` 3.862.600 ՀՀ դրամ: Միաժամանակ, Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչի 03.02.2010 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ հաստատվում է, որ Ընկերության տնօրեն Արմեն Քամալյանը 2008-2009 թվականների ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով 3.383.300 ՀՀ դրամ հարկ վճարելուց, և փորձագետի թիվ 41560909 եզրակացությամբ ևս Ընկերության հարկային պարտավորությունները շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով կազմել են 7.245.900 ՀՀ դրամ, որից հարկի գումարը` 3.383.300 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա նշված ապացույցներով կարող է հաստատվել Արմեն Քամալյանի կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, որի դեպքում Դատախազությունն օրենքի ուժով պարտավոր էր պետական շահերի պաշտպանության հայց հարուցել, որպիսի ապացույցներն էլ սակայն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության և գործի նոր քննության ընթացքում սույն որոշման պատճառաբանությունների համատեքստում գնահատման ենթարկել այն հանգամանքը, թե արդյոք վարչադատավարական կարգով հայց ներկայացվել է` Ընկերությունից ստուգման ակտով հաշվարկված գումարները բռնագանձելու մասին, եթե այո, ապա հայցի բավարարման դեպքում արդյոք վճիռը փաստացի կատարվել է կամ Ընկերությունը վիճարկել է նշված ակտի իրավաչափությունը, և արդյոք առկա է ակտն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյանի

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵԿԴ/1254/02/11
Որոշում