Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1114.180913

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 սեպտեմբերի 2013 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչներ Լ. Դրմեյանի և Ռ. Մախմուդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության` 01.03.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում դիմողի ներկայացուցիչները նպատակահարմար էին համարել սույն գործի միավորումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի հետ` նկատի ունենալով քննության առարկայի նույնաբնույթ լինելը: ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը քննեց առանձին` հաշվի առնելով, որ տվյալ իրավահարաբերությունների նույնաբովանդակ լինելով հանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանի երկու պալատներում այս հարցում ձևավորվել է տարաբնույթ իրավակիրառական պրակտիկա, ինչպես նաև անհրաժեշտություն առաջացավ առավել համակողմանի ուսումնասիրել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի կողմից սույն հարցի առնչությամբ ձևավորած իրավական նախադեպերը: Այդ նկատառումներից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանը 2013թ. հուլիսի 4-ին հետաձգեց սույն գործի քննությունը, որոշելով, մասնավորապես, գործի դատաքննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով, ինչպես նաև` «Նկատի ունենալով, որ քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ դատական պրակտիկայում տեղ են գտել տարակերպ մեկնաբանություններ և հաշվի առնելով, որ տվյալ հարցի քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում լսել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցչի պարզաբանումները, ուստի գործի բանավոր դատաքննությանը հրավիրել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան իրավասությամբ օժտված ներկայացուցչին և առաջարկել ՀՀ վճռաբեկ դատարանին ապահովել վերջինիս մասնակցությունը դատաքննությանը»: Նույն որոշմամբ սահմանադրական դատարանը ՀՀ դատական դեպարտամենտից պահանջեց նաև` «...մեկամսյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի` 2006 թվականից հետո քննության առած, առանց բացառության, բոլոր գործերով ընդունած որոշումների պատճենները»:

ՀՀ դատական դեպարտամենտի կողմից, սահմանված ժամկետում, սահմանադրական դատարան է ներկայացվել նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի կողմից ընդունված թվով 150 որոշում:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչների պարզաբանումները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, այդ թվում` նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի կողմից ընդունված որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները» վերտառությամբ 204.38-րդ հոդվածը սահմանում է.

«1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան»:

Օրենսգրքի 204.38-րդ հոդվածը 26.10.11թ. ՀՕ-269-Ն ՀՀ օրենքի ուժով շարադրվել է նոր խմբագրությամբ:

 

i

2. Դիմողը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 25.02.2011թ. ՍԴՈ-943 և 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, կարծում է, որ եթե չապահովվի հիշյալ որոշումներով սահմանված կարգը, այն է` սահմանադրական դատարանի որոշումը, որով օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող կամ` Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտվել է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, և սահմանադրական դատարանը գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ, ընդհանուր իրավասության դատարաններում գործի վարույթը նորոգելու համար արդյունավետ ազդակ և հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանման հիմք չհանդիսանա, ապա ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով երաշխավորված անձի` «Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը» կլինի ոչ իրական, իսկ սահմանադրական դատարանում սահմանադրաիրավական վեճ նախաձեռնելը կիմաստազրկվի:

Վերլուծելով սահմանադրական դատարանի ՍԴՈ-984 որոշման հիման վրա օրենսգրքի 204.38-րդ հոդվածում կատարված օրենսդրական փոփոխությունները` դիմողը եզրահանգում է, որ դրանք հակասում են սահմանադրական դատարանի` վերը նշված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմանն առ այն, որ հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի վերանայումը պետք է տեղի ունենա ipso facto (փաստի ուժով), որը ենթադրում է, որ վերանայման համար միակ պայման պետք է հանդիսանա դատական ակտում հակասահմանադրական նորմի կիրառման փաստը, և որևէ այլ հանգամանք, պայման, փաստ կամ փաստարկ որպես այլընտրանք չի կարող առաջ քաշվել կամ սահմանվել ի հավելումն նշված փաստի:

 

3. Պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող իրավական նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ չբացառելով այն հնարավորությունը, երբ գործով նոր կամ նոր երևան եկած հանգամանքը կարող է ազդած չլինել գործի ելքի վրա, օրենսդիրը, որպես բացառիկ դեպք և միաժամանակ որպես նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիք, նախատեսել է, որ դատարանը ծանրակշիռ փաստարկների հիման վրա կարող է չփոփոխել դատական ակտի եզրափակիչ մասը: Սակայն, վերջինիս գնահատմամբ, վիճարկվող դրույթով նախատեսված` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթով` օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով դատական ակտ կայացնելու և վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու հնարավորությունը, ըստ էության, վերաբերում է միայն դատական ակտը բեկանելուց հետո գործի նոր քննության արդյունքում կայացվող նոր դատական ակտին: Այսինքն` երբ վերանայման վարույթի շրջանակներում հաստատվում է նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայության փաստը, ապա վերանայման վարույթի արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն վերանայվող դատական ակտերը: Վերանայման վարույթի արդյունքում տվյալ գործը կամ կարող է ուղարկվել նոր քննության` գործը քննած դատարան, կամ դատական ակտը բեկանած դատարանը կարող է փոփոխել բեկանած ակտը, եթե հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս առանց նոր քննության կայացնելու նոր դատական ակտ` հաշվի առնելով արձանագրված խախտման բնույթը և դրա ազդեցությունը գործի ելքի վրա: Այսպիսով, ըստ պատասխանողի, նոր երևան եկած հանգամանքների, ՀՀ սահմանադրական դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան ակտերի առկայությունն ինքնին չի կարող կանխորոշել գործի ելքը, չի կարող հանգեցնել անձի արդարացման կամ մեղավորության: Այս հարցում պետք է հաշվի առնել արձանագրված խախտման բնույթը և համարժեք իրավական միջոցներով ուղղել այն` «մինչև խախտումը եղած վիճակի վերականգնման» սկզբունքով:

Վերոգրյալի հիման վրա պատասխանող կողմը գտնում է, որ վերանայման վարույթի արդյունքում գնահատելով խախտման բնույթը և դրա ազդեցությունը գործի ելքի վրա` պետք է կայացվի նոր դատական ակտ` օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով: ՈՒստի, ըստ պատասխանող կողմի, օրենսգրքի վիճարկվող դրույթն այնքանով, որքանով բացառում է անձի սահմանադրական կամ կոնվենցիոն իրավունքները խախտող դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը, համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ, 93-րդ հոդվածների և 101-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին:

 

4. Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ճանաչել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, վերացնել ՀՀ պաշտպանության նախարարի` գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը և պարտավորեցնել տրամադրելու 10.02.2010թ. թիվ Ե/2010-051 հարցումով տեղեկատվությունը: ՀՀ վարչական դատարանի` 23.11.2010թ. վճռով հայցը մերժվել է: Հիշյալ դատական ակտի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 16.03.2011թ. որոշմամբ կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ 23.11.2010թ. վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2011թ. որոշմամբ դիմողի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

i

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա գործով սահմանադրական դատարանը 06.03.2012թ. կայացրել է ՍԴՈ-1010 որոշումը:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1010 որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի` 18.05.2011թ.` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ դիմողի բողոքի հիման վրա գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 27.06.2012թ. որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ, որի արդյունքում իր` 25.12.2012թ. որոշմամբ մերժել է դիմողի` վերը նշված վճռաբեկ բողոքը:

 

5. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողն առաջադրում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում հակասահմանադրական ճանաչված իրավական նորմի կիրառմամբ ընդունված դատական ակտի օրինական ուժի մեջ մնալու իրավական հնարավորության խնդիրը: Այսինքն` դիմողը վիճարկում է օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասը միայն նոր հանգամանքների, այլ ոչ թե նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի տեսանկյունից, ուստի սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը քննության առարկա է դարձնում միայն նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի տեսանկյունից:

 

i

6. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 31 մայիսի 2013թ. ՍԴՈ-1099 որոշման մեջ կրկին անդրադառնալով նոր հանգամանքների ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը` արձանագրել է, որ. «ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում /մասնավորապես` ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-866, ՍԴՈ-871, ՍԴՈ-935, ՍԴՈ-943, ՍԴՈ-984/, ինչպես նաև սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը»:

Սահմանադրական դատարանն իր` 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշման 7-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «... սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի վերանայումը պետք է փաստի ուժով (ipso facto) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանմանը: Ինչ վերաբերում է բեկանման արդյունքում իրավասու մարմնի լիազորություններին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ պայմանավորված յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկություններով` տվյալ գործը կամ կարող է ուղարկվել նոր քննության` գործը քննած դատարան, կամ դատական ակտը բեկանած դատարանը կարող է փոփոխել բեկանված ակտը, եթե հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս առանց նոր քննության կայացնելու նոր դատական ակտ` հաշվի առնելով կիրառված իրավանորմի` ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված լինելու փաստը»:

ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ վճռաբեկ դատարանի ուշադրությունը հրավիրելով սահմանադրական դատարանի` 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների և միջազգային իրավական մոտեցումների վրա, ՍԴՈ-1099 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը կրկին արձանագրել է, որ «...նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum)»:

Սահմանադրական դատարանը նույն որոշման մեջ հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «...սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքի հիմքով «դատական ակտի վերանայում» եզրույթն իր բովանդակությամբ համարժեք է «գործի նորոգում», «գործի վարույթի վերաբացում» եզրույթների բովանդակությանը, և դատական ակտի վերանայման հասկացության նշված ընկալումն էլ պետք է կանխորոշի վերանայման վարույթի բովանդակությունը, դրա խնդիրները և դրա շրջանակներում լուծման ենթակա հարցերը: Ըստ այդմ, դատական ակտի վերանայման վարույթի, նույնն է, թե գործի նորոգման վարույթի շրջանակներում պետք է ձեռնարկվեն արդարադատական այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն գործի վերաքննություն, նոր քննություն, ինչը հնարավոր է միայն հակասահմանադրական նորմ կիրառած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանման պայմաններում: Վերանայման ինստիտուտը կարող է ծառայել իր նպատակին միայն այն դեպքում, երբ ապահովվի տվյալ գործի նոր քննություն` կիրառված նորմի հակասահմանադրականության և կոնվենցիոն իրավունքի խախտման փաստի առկայության պայմաններում` հաշվի առնելով նաև սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր հանգամանք հանդիսացող դատական ակտում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը»:

Ի թիվս տվյալ որոշման մեջ արտահայտած ու սույն գործի համար կարևոր նշանակություն ունեցող` նշված և մի շարք այլ իրավական դիրքորոշումների, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ. «Այն դեպքում, երբ դատարանները կխուսափեն օրենքի նորմերի պարզապես ձևական թվարկումից և օրենքի նորմի կիրառումն իրական բովանդակություն կունենա, անխուսափելի կլինի գործն ամբողջությամբ վերանայելու արդյունքում նաև եզրափակիչ մասի բովանդակային վերանայումը»: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ. «... իրավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: Նկատի ունենալով, որ այս եզրույթն ամրագրված է նաև այլ հոդվածներում /մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մաս/, ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ վճռաբեկ դատարանն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են իրավական որոշակիության սկզբունքի պահանջներից ելնելով ապահովել տվյալ դրույթի միատեսակ ընկալումն ու կիրառումը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»: Սահմանադրական դատարանը նկատի է առնում այն կարևոր հանգամանքը, որ փաստարկը «ծանրակշիռ» կարող է լինել, եթե այն ելակետային ու վճռորոշ նշանակություն ունի համարժեք եզրահանգման համար:

 

7. Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանը, ինչպես նշվեց, բազմիցս անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով գործի քննության ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը, կարևոր է համարում նաև 2005թ. սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում անհատական դիմումների ներդրման իրավական պրակտիկային անդրադարձը` սույն գործով առաջ քաշված խնդիրներին ամբողջական ու հստակ պատասխան տալու համար: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի ընդունած վերջին տարիների թվով շուրջ 150 որոշումների համակողմանի ուսումնասիրությունից հետևում է, որ քննած գործերի 92.3 տոկոսի դեպքում պարզապես մերժվել է նոր հանգամանքների հիմքով գործի քննությունը և բողոքները վերադարձվել են: Միայն 7.7 տոկոսի դեպքում է նոր հանգամանքների հիմքով բողոքները բավարարվել` դրանց քննության ընդունումը մերժելու վերաբերյալ նախկինում կայացված դատական ակտերը վերանայելու գործընթաց սկսելու առումով: Սակայն բոլոր դեպքերում որևէ գործով վերջնական դատական ակտը չի վերանայվել: Դա այն դեպքում, երբ սույն գործով վեճի առարկա հոդվածով /2-րդ մաս/ հստակ սահմանված է, որ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում միայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ դատարանը կարող է վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխել: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ համատեքստում խոսքը վերաբերում է միայն վերանայված դատական ակտին, ինչին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում դատական պրակտիկայում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ուսումնասիրված որոշումների կեսից ավելին Սահմանադրության գերակայության երաշխավորման առումով խնդրահարույց է և ձևավորել է իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքին ոչ համարժեք իրավակիրառական պրակտիկա, ուստի դրանց` իրավակիրառական պրակտիկայի գնահատման տեսանկյունից, առանձին անդրադարձ է անհրաժեշտ: Բանն այն է, որ կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտը համակարգային առումով փոխկապակցված է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտի հետ, որոնց էությունը կայանում է նրանում, որ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա կոնկրետ դատական ակտի վերանայման արդյունքում համապատասխան հիմքերի առկայության պարագայում տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործով կայացվում է նոր դատական ակտ, որը տարբերվում է տվյալ գործով նախկինում` մինչև սահմանադրական դատարանի որոշումը կայացված դատական ակտից: Այս համատեքստում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հարկ է տարբերակել «նոր հանգամանքների հիմքով վերանայման վարույթի հարուցում» և «նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայում» եզրույթները: Այսպես. նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը տեղի է ունենում նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման բողոքի ընդունելիության հարցը լուծելիս, որի ընթացքում, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33, 204.36 և 204.37-րդ հոդվածները, չի կարող գնահատվել դիմողին առնչվող գործով կիրառված հակասահմանադրական նորմի ազդեցությունը դատարանի եզրահանգման վրա: Տվյալ դեպքում սահմանադրական դատարանի` ՍԴՈ-984 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների ուժով, եթե առկա չեն բողոքը վերադարձնելու հիմքեր, ապա դատական ակտը վերանայող դատարանը պարտավոր է ոչ միայն հարուցել վերանայման վարույթ, այլև դրա արդյունքում բեկանել վերանայվող դատական ակտը, այլապես դատական ակտի հիմքում կշարունակվի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը: Ինչ վերաբերում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում կխաթարվի կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտների էությունը: Ընդ որում, ինչպես արձանագրված է ՍԴՈ-984 որոշման մեջ, դատական ակտը վերանայող` վերաքննիչ և վճռաբեկ դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրավասու են կա՛մ վերանայվող դատական ակտը բեկանել և գործն ուղարկել նոր քննության, կա՛մ վերանայվող դատական ակտը բեկանել և փոփոխել:

 

i

8. ՀՀ սահմանադրական դատարանի վերոթվարկյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով քաղաքացիական և վարչական գործերով նոր հանգամանքների իրավական ինստիտուտի առնչությամբ ՀՀ դատական պրակտիկայում ստեղծված վիճակին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա է ոչ միայն հակասական իրավակիրառական պրակտիկա, այլև ակնհայտ է, որ շատ դեպքերում նոր հանգամանքների հիմքով գործի նորոգումը մերժվում է այդ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը ոչ համարժեք փաստարկներով: Տիպական օրինակ կարող են լինել 2007թ. քննված գործերը` սահմանադրական դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշման հիման վրա նոր հանգամանքների ծագման հիմքով: Այդ որոշման 3-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետը (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ).

ա) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու ժամկետ սահմանելու առումով, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը,

բ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:

Նման պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանը նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժել է` գտնելով, որ սահմանադրական դատարանն իր որոշումը չի տարածել «...այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա»: Ակնհայտ է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի` մասնավորապես 10, 12 և 13-րդ մասերի պահանջների մեկնաբանության շրջանակներում չեն կարող անտեսվել նույն օրենքի 69-րդ հոդվածի 12 և 13-րդ մասերի պահանջները: Սահմանադրական դատարանի որոշման հետադարձության ինստիտուտն առաջին հերթին վերաբերում է վերացական սահմանադրական վերահսկողությանը, իսկ անհատական դիմումների հիման վրա կոնկրետ սահմանադրական վերահսկողության դատավարական ընթացակարգերն ու առանձնահատկությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածով: Վերջինիս 11-րդ մասը հղում է կատարում նաև օրենքի 68-րդ հոդվածի 6-17-րդ մասերին` շեշտելով, որ տվյալ հոդվածով նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառելի են օրենքի 68-րդ հոդվածի նշված մասերի կանոնները: Սակայն, դրանով հանդերձ, անհատական դիմումներով սահմանադրական դատարանի որոշման վերաբերելիության առումով կանոնները հստակ ու իրավական որոշակիության սկզբունքին համահունչ սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12 և 13-րդ մասերով: Իրավական երկու ինստիտուտների /սահմանադրական դատարանի որոշման հետադարձության և անհատական գանգատի միջոցով սահմանադրական իրավունքների պաշտպանության/ իրավական էության ոչ ճիշտ մեկնաբանման արդյունքում սահմանափակվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12 և 13-րդ մասերով նախատեսված իրավասուբյեկտների իրավունքները դատական կարգով պաշտպանելու հնարավորությունը:

Մտահոգիչն այն է, որ հետագայում նույնպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը տարբեր փաստարկներով դարձյալ մերժել է նոր հանգամանքների հիմքով գործի նորոգումը: Դա վերաբերում է ոչ միայն սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանելու միջոցով որոշման տարաժամկետման դեպքերին, այլև որոշման հրապարակման պահից հակասահմանադրական նորմն անվավեր ճանաչելու ուժով նոր հանգամանքի ի հայտ գալուն:

Ընդհուպ հանդիպում են որոշումներ, որոնք պարզապես դատական հայեցողության սահմանների ակնհայտ ոտնահարում են: Օրինակ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով»: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածով սահմանված է, որ «Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:

Այս դրույթի առաջին պարբերությունը բովանդակային փոփոխության չի ենթարկվել նաև 26.10.2011թ. օրենսդրական փոփոխությունների արդյունքում: Ակնհայտ է, որ ՀՀ օրենսդրությունը տվյալ դեպքում իրավունքի իրացման այլ նախապայման չի պահանջում: Ավելին, մի շարք երկրներում պետության պարտավորությունն է անձի նկատմամբ հակասահմանադրական նորմ կիրառելու դեպքում նախաձեռնել նրա իրավունքի վերականգնումն ու հետևանքների հաղթահարումը: ՀՀ դատական պրակտիկայում վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը հաճախ վերադարձնում է բողոքը` պարզապես արձանագրելով, որ «... վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել նոր հանգամանքների առկայությունը»: Այնինչ նոր հանգամանքի առկայությունը տվյալ անձի դիմումի հիման վրա կամ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված սուբյեկտների առնչությամբ, սահմանադրական դատարանի որոշման փաստն է, որով նրանց նկատմամբ կիրառված նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող կամ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, ինչը, սահմանադրական դատարանի կարծիքով, չի համապատասխանում տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը: Եթե սահմանադրական դատարանը գործն արդեն իսկ ընդունել է քննության և համանման որոշում է կայացրել, ապա այդ որոշումը վճռաբեկ դատարանի պալատն իրավասու չէ կասկածի տակ դնել և տարաբնույթ մոտեցումներով խուսափել դրա կատարումից:

i

Առանձին դեպքերում ձևական մոտեցումը հանգեցնում է նրան, որ դատական ակտում մեխանիկորեն վերարտադրվում է դիմողի կողմից թույլ տրված սխալը կամ վրիպակը: Օրինակ, 2012թ. հունվարի 11-ի ԵՄԴ/0644/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում է ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011թ. ՍԴՈ-897 որոշման հիման վրա նոր հանգամանքների հիմքով նախկին որոշումը վերանայելու հիմքերի բացակայության մասին և բողոքի քննության ընդունումը մերժվում է այն պատճառաբանությամբ, որ «... բողոք բերած անձինք վճռաբեկ բողոքում չեն հիմնավորել նոր հանգամանքի առկայությունը»: Այնինչ սահմանադրական դատարանի հիշյալ համարով որոշումն ընդունվել է 2010թ. հունիսի 22-ին և վերաբերում է միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությանը:

 

9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական պրակտիկայում անհրաժեշտ տարբերակում պետք է դրվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32 և 204.33-րդ հոդվածներով նախատեսված իրավապայմանների միջև: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածը նոր երևան եկած հանգամանքների դեպքում դատական ակտի վերանայման հիմքերի մեջ պարտադիր իրավապայման է դիտարկում նաև այն, որ բողոք ներկայացրած անձը պարտավոր է ապացուցել, որ «...այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն»: 204.33-րդ հոդվածը, սակայն, նոր հանգամանքի առկայության հիմնավորման որևէ իրավապայման չի առաջադրում, բացի ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան ակտերի առկայությունից: Դա անհրաժեշտ ու բավարար պայման է գործի նորոգման համար: Այլ հարց է, որ նորոգումից հետո ըստ էության նորոգված գործի քննության շրջանակներում իրավասու դատարանը պետք է որոշի, թե որքանով է Սահմանադրությանը հակասող նորմի կիրառումն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները: Դրա փոխարեն պարզապես արգելափակվում է անձանց` դատարանի մատչելիության իրավունքը:

i

Անընդունելի է նաև այն, որ օրենքի պահանջը կատարելու փոխարեն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատն առանձին դեպքերում փորձում է «մեկնաբանել» սահմանադրական դատարանի որոշումները և այդ ճանապարհով շրջանցել դրանց պահանջների կատարումը, որպիսի պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 93-րդ հոդվածի պահանջներից: Նման պրակտիկայի համար, մասնավորապես, հիմք է ծառայել նաև ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի դրույթների յուրովի մեկնաբանությունը: Ընդհուպ շրջանցելով սահմանադրական դատարանի դոկտրինալ մոտեցումները, արտահայտված նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1010 որոշման մեջ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը թիվ ՎԴ/1314/05/10 վարչական գործով 25.12.2012թ. որոշման մեջ գտել է, որ «... վեճը լուծող դատարանները (ընդհանուր իրավասության և/կամ մասնագիտացված) որոշակի հանգամանքների ի հայտ գալու ուժով լիազորված են կասեցնելու գործի վարույթը: Նման հանգամանքներից է կիրառման ենթակա օրենքի կամ այլ իրավական ակտի` դատարանի կարծիքով ՀՀ Սահմանադրությանը հակասելը»: Այս իրավաչափ դատողությանը հաջորդում է այն հետևությունը, համաձայն որի` «Կոնկրետ դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը ենթակա է գնահատման դատարանի (գործը քննող դատավոր կամ դատավորների կազմ) կողմից»:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը /մասնավորապես` 5-րդ մաս/ նախատեսում է, որ դատարանը սահմանադրական դատարան դիմելու համար երկու հիմնավորում պետք է ներկայացնի: Նախ` պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ: Երկրորդ` հիմնավորի այն հանգամանքը, որ տվյալ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ: Առաջին դեպքում դիրքորոշումը կարող է ձևավորվել նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի ինքնուրույն ու համարժեք իրավական վերլուծության արդյունքում: Սակայն դա չի կարող դառնալ դատաքննության առարկա ու դրա ընթացքում` «գնահատման» արդյունք և Հայաստանի Հանրապետության անունից ընդունվող դատական ակտում ամրագրվի, որ տվյալ նորմը համապատասխանում է կամ չի հակասում Սահմանադրությանը: Դա պարզապես կհակասի ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի պահանջներին և դատական սահմանադրական վերահսկողության նյութական ու դատավարական նորմերի բովանդակությանը: Կիրառվելիք նորմի սահմանադրականության վերաբերյալ հնարավոր մտահոգության առկայության ու սահմանադրական դատարանի միջոցով դրա փարատման հնարավորության հանգամանքը մեկնաբանելով որպես այդ նորմի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի գնահատման իրավասություն, տեղիք կտրվի ինքնիրավչության` անուղղակի ձևով ստանձնելով սահմանադրական արդարադատության գործառույթ ու ստեղծելով նաև հետագա իրավական շփոթ: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության անունից ընդունված որոշման մեջ վճռաբեկ դատարանը կարող է «գնահատման արդյունքում» իրավական դիրքորոշում արտահայտել, որ տվյալ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը, երբ սահմանադրական դատարանը` դարձյալ Հայաստանի Հանրապետության անունից ու իր սահմանադրական լիազորությունների ու համարժեք դատավարական ընթացակարգերի շրջանակներում, իրավաչափ ձևով նույն դրույթը ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Բնականաբար, նման դատական պրակտիկա չի կարող ձևավորվել: Սակայն փաստն այն է, որ վերջին տարիներին շուրջ 60 գործերով քաղաքացիների դիմումների հիման վրա ՀՀ դատարանների կողմից փաստացի կիրառված օրենքների դրույթներ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Դրանցից ոչ մեկի սահմանադրականության վերաբերյալ նորմը կիրառելիս դատարանների մոտ որևէ մտահոգություն չի առաջացել` անգամ երբ առկա են եղել նաև սահմանադրական դատարան դիմելու միջնորդություններ: Սա ինքնին մտահոգիչ հանգամանք է:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքի գերակայության սկզբունքով առաջնորդվելիս սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը դատարանների համար պետք է ընկալել ոչ միայն իրավունք, այլև պարտականություն: Առանց դրա, մի կողմից` նորմի սահմանադրականության վերաբերյալ մտահոգությունը չի կարող փարատվել հայեցողական մոտեցմամբ, որովհետև այն պահանջում է «գնահատման» դատավարական համապատասխան ընթացակարգ և դրա իրականացման սահմանադրական լիազորություն, մյուս կողմից` մարդկանց իրավունքները պաշտպանելու փոխարեն հնարավոր հակասահմանադրական նորմի կիրառմամբ կխախտվեն այդ իրավունքները: Դատական պրակտիկան նաև ցույց է տալիս, որ դրանց հետագա վերականգնումը դառնում է ավելի դժվար ու հաճախ անհնարին` հանգեցնելով արդարադատության նկատմամբ վստահության կորստի: ՈՒստի խնդիրը ոչ միայն նոր հանգամանքների ինստիտուտի գործունակության ու արդյունավետության հետագա բարձրացումն է, այլև, առաջնորդվելով իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքի անշեղ իրացման պահանջով, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 7-րդ կետով ՀՀ դատարաններին վերապահված հնարավորության խելամիտ իրացումը: Իսկ դա կարող է երաշխավորվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության ճիշտ մեկնաբանման ու կիրառման պարագայում: Վերջինում «գտնում են» արտահայտությունը պետք է ընկալել որպես հայեցողական դիրքորոշում, հիմնավոր կասկածով պայմանավորված` դատավորի իրավական վերլուծության արդյունք: Այնինչ «գնահատումը» ենթադրում է համապատասխան դատավարական ընթացակարգ ու դրա իրականացման համարժեք լիազորություն:

 

10. Սահմանադրական դատարանն էական է համարում նաև այն հանգամանքը, որ գործի քննության ընդունման փուլում վճռաբեկ դատարանը հաճախ իրականացնում է գործն ըստ էության լուծելու գործառույթ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրությամբ առավել հստակ պետք է սահմանազատվեն վճռաբեկ դատարանի կողմից գործը քննության ընդունելու և գործով ըստ էության որոշում կայացնելու դատավարական ընթացակարգերն ու ընդունվող որոշումներին ներկայացվող պահանջները: Անհրաժեշտ հստակեցման կարիք ունի նաև «վերջնական դատական ակտ» հասկացությունը: Այն հաճախ շփոթում են վերադաս դատարանի կողմից կայացված ակտի հետ: Եթե քաղաքացին դիմել է վճռաբեկ դատարան և վերջինս մերժել է նրա դիմումը քննության ընդունել, դա չի նշանակում, որ այդ որոշումն է վերջնական դատական ակտ, ինչպիսի մեկնաբանության հանդիպում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի առանձին որոշումներում, ինչը փաստվեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցչի պարզաբանումներում:

Բողոքարկման ինստիտուտի ամբողջական իրացումն անհրաժեշտ է դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու համար: Եթե այդ միջոցներն սպառվում են, ապա ի հայտ է գալիս սահմանադրական դատարան կամ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը նախատեսում է յուրաքանչյուր անձի համար սահմանադրական դատարան դիմելու երեք իրավապայման.

- երբ առկա է դատարանի վերջնական ակտը,

- սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները,

- վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը:

Սահմանադրական նորմը վերաբերում է վերջնական դատական ակտին, այլ ոչ թե բողոքարկման ընթացքում վերջին ատյանի դատարանի կողմից ընդունված ցանկացած ակտի: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածը սահմանում է, որ «Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից»: Սահմանադրաիրավական բովանդակությամբ դատարանի վերջնական ակտն այն ակտն է, որը գործն ըստ էության լուծել է, օրինական ձևով ուժի մեջ է մտել և անձի համար առաջացրել է համարժեք իրավական հետևանք: Նման մոտեցումից է բխում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.11-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունը, համաձայն որի. «Սույն օրենսգրքի իմաստով` վերջնական դատական ակտ է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, բողոքարկման ոչ ենթակա, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, գործի քննությունը սկսելը և շարունակելը բացառող, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտը»:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ դատական պրակտիկայում առկա շփոթը հաղթահարելու համար համանման ակտերին ներկայացվող պահանջներն առավել հստակ պետք է շարադրվեն օրենսդրության մեջ` լիովին համապատասխանեցնելով իրավական որոշակիության սկզբունքին:

 

11. Քննության առարկա հոդվածի իրավակարգավորման առարկայի վերաբերյալ, ինչպես նշվեց, ՀՀ սահմանադրական դատարանն իր ամբողջական դիրքորոշումն արտահայտել է 2013թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման շրջանակներում: Ելնելով իրավակիրառական պրակտիկայի առկա վիճակից, սահմանադրական դատարանը չի գտնում, որ սույն գործով դիմողի հարցադրումները պայմանավորված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությամբ: Հակառակն, այդ հոդվածն իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք է նախատեսում` վերանայված դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնել միայն այն պարագայում, եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորվում է դա: Սա ինքնին ենթադրում է, որ դա պետք է բացառություն լինի` պայմանավորված անհերքելի և ծանրակշիռ փաստարկներով: Այս հանգամանքն ընդունվեց նաև պատասխանողի կողմից: Այսուհանդերձ, թերևս դատական պրակտիկայի համար նորմատիվ պարզաբանման կարիք ունի «ծանրակշիռ փաստարկ» հասկացությունը: Վերջինս ամրագրված է նաև այլ իրավական ակտերում /օրինակ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8 և 426.9-րդ հոդվածներում, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածում և այլն/: Եթե դատական պրակտիկան համարժեք մոտեցում չի ցուցաբերել այս եզրույթի իրավական բովանդակության առնչությամբ, ապա օրենսդիր մարմինը նույնպես պետք է համապատասխան հետևություն անի և օրենսդրորեն առավել հստակեցնի «ծանրակշիռ փաստարկ» հասկացության իրավական բովանդակությունը, քանի որ վերջինս տվյալ իրավահարաբերություններում վճռորոշ նշանակություն է ձեռք բերում անձանց իրավունքների պաշտպանության և դրանց անմիջական գործողության սահմանադրական պահանջի իրականացման հարցում: Այստեղ, ինչպես նշվեց, էականն այն է, որ տվյալ փաստարկն օբյեկտիվորեն պետք է կանխորոշիչ նշանակություն ունենա համարժեք եզրահանգման համար:

Փաստ է նաև, որ ձևավորված իրավակիրառական պրակտիկան հիմնականում շրջանցում է վեճի առարկա հոդվածի պահանջը: Արդյունքում` նոր հանգամանքների իրավական ինստիտուտի կիրառման դատական պրակտիկան մեծ թվով գործերի առնչությամբ ներդաշնակ չէ մարդկանց իրավունքների ապահովման ու պաշտպանության սահմանադրական պահանջներին: Նման իրավիճակում ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքի գերակայության երաշխավորման, իրավական պետության սահմանադրական սկզբունքին հավատարիմ լինելու և ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներն անշեղ կատարելու համար առանցքային նշանակություն ունի ՀՀ դատական պրակտիկայում իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացմամբ թելադրված` իրավամտածողության լուրջ բարեփոխումը և ՀՀ սահմանադրական դատարանի արձանագրած վերոնշյալ իրավիճակի հաղթահարումը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր նաև երաշխավորել ՀՀ Սահմանադրության գերակայությունն ու անմիջական գործողությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասը` նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի մասով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի.

ա/ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto (փաստի ուժով) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և/կամ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը` բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը,

բ/ վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու հնարավորությունը վերաբերում է միայն դատական ակտը բեկանելուց հետո գործի նոր քննության արդյունքում կայացվող նոր դատական ակտին: Իսկ վերջինիս եզրափակիչ մասի չփոփոխվելու հանգամանքը ծանրակշիռ փաստարկներով հիմնավորելու պարտադիր նորմատիվ պահանջը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 սեպտեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1114

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.09.2013
N ՍԴՈ-1114
Որոշում