Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿ ...

 

 

020.1120.111013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 հոկտեմբերի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

գրավոր ընթացակարգով գործի դատաքննության շրջանակներում` դիմող Թ. Սարգսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության պետ Ս. Յուզբաշյանի, իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի փորձագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Թամարա Սարգսյանի դիմումի հիման վրա` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Թ. Սարգսյանի` 13.05.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1999 թվականի ապրիլի 14-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1999 թվականի ապրիլի 30-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 6-ից:

Դիմողի կողմից վիճարկվող դրույթը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում որպես լրացում ներմուծվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-247-Ն օրենքով: Նշված օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2011 թվականի հունիսի 23-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2011 թվականի հուլիսի 19-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի օգոստոսի 6-ից:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ»:

Մինչև օրենքի վիճարկվող դրույթն օրենքում ներմուծվելը նմանատիպ իրավական կարգավորումներ նախատեսող նորմ ամրագրված է եղել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նախորդ խմբագրությամբ տեքստի 14-րդ հոդվածում` հետևյալ շարադրանքով. «Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք գույքի գրանցման իրավունքների վերաբերյալ համարվում են տեղեկացված` անկախ նրանից` իրականում տեղյակ էին նրանք այդ իրավունքների մասին, թե ոչ:

Գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված և գրանցված»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործկոմի 02.11.1984 թվականի թիվ 26/13 որոշմամբ Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցվել է Ալեքսան Սարգսյանի անունով, ով մահացել է 09.08.1998 թվականին, իսկ նրա կինը` Հայկուշ Սարգսյանը` 13.07.2010 թվականին:

Ծնողների մահից հետո սույն գործով դիմողը փաստացի տիրապետման փաստի ուժով ընդունել է ժառանգությունը` Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող անշարժ գույքը, սակայն այն չի ձևակերպել: Նրա կողմից են կատարվել ծնողների հուղարկավորության հետ կապված ծախսերը, ինչպես նաև վերոնշյալ անշարժ գույքի առնչությամբ հարկային և կոմունալ վճարումները:

1999 թվականին դիմելով դատարան` քաղաքացիներ Գարեգին Մելիքսեթյանը և Վահագն Մինասյանը, հայտնելով, որ իրենց պապը` Ալեքսան Սարգսյանը, հանդիսանալով Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը, 25.11.1986 թվականի կտակով նշված գույքը հավասար բաժիններով կտակել է իրենց, դատարանից խնդրել են հարգելի ճանաչել ժառանգության ընդունման ժամկետի բաց թողնելը:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը թիվ 2-290 քաղաքացիական գործով 10.05.1999 թվականին կայացրած վճռով վճռել է «Հարգելի համարել ըստ կտակի ժառանգության ընդունման ժամկետի բաց թողնելը և Գարեգին Մելիքսեթյանին և Վահագն Մինասյանին ճանաչել ժառանգությունը ընդունած Երևանի Նոր Արեշի 34 փող. 41 տան նկատմամբ»:

Սույն գործով դիմողը մասնակից չի դարձվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում քննված թիվ 2-290 քաղաքացիական գործին, և նրան տվյալ գործով դատարանի 10.05.1999 թվականին կայացված վճռի և Ալեքսան Սարգսյանի կողմից 26.11.1986 թվականին կազմված կտակի մասին հայտնի է դարձել միայն Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող` ըստ հայցի Թամարա Սարգսյանի ընդդեմ Վահագն Մինասյանի, Հարություն Առաքելյանի և Պայծառ Կնյազյանի` գործարքն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքը դադարեցնելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԷԴ/0453/02/12 քաղաքացիական գործի նյութերից, երբ այդ գործով նախնական դատական նիստի ժամանակ Թամարա Սարգսյանին տրամադրվել է Վահագն Մինասյանի ներկայացրած հայցադիմումի պատասխանը, որին կից ներկայացված են եղել վերոնշյալ վճիռը և կտակը:

Թամարա Սարգսյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.05.1999 թվականի թիվ 2-290 վճռի դեմ 18.09.2012 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք այն հիմքով, որ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական և հիմնավորված չէ, այն կայացվել է իր` գործի քննությանը մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, իսկ բողոքարկվող վճռի մասին իրեն հայտնի է դարձել թիվ ԵԷԴ/0453/02/12 քաղաքացիական գործով 03.08.2012 թվականին տեղի ունեցած նախնական դատական նիստի ավարտից հետո, երբ իրեն տրամադրվել է Վահագն Մինասյանի հայցադիմումի պատասխանը և դրան կից` վերը նշված վճիռը:

Վերաքննիչ դատարանն իր` 04.10.2012 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ «... վերաքննիչ բողոքին կից ներկայացված թիվ ԵԷԴ/0453/02/12 քաղաքացիական գործով Բողոքաբերի ներկայացրած հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ վիճելի տան նկատմամբ կատարված է նաև սեփականության իրավունքի պետական գրանցում: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ: Ավելին` վերաքննիչ բողոքում և դրան կից ներկայացված վերը վկայակոչված հայցադիմումում նշված փաստարկների համաձայն` Բողոքաբերը ծնողների մահից հետո մշտապես բնակվել է վիճելի տանը, հետևաբար նա կարող էր իմանալ իր ենթադրյալ իրավունքների խախտման` մասնավորապես բողոքարկվող դատական ակտի գոյության մասին:

Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված եռամսյա ժամկետը լրանալուց հետո, չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն»:

Վճռաբեկ դատարանն իր` 28.11.2012 թվականի որոշմամբ վերադարձրել է դիմողի վճռաբեկ բողոքը` վերահաստատելով վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Դիմողը գտնում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 8, 18 և 31-րդ հոդվածներին:

i

Դիմողի կարծիքով` վիճարկվող օրենքը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Իր այդ դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է իրավական օրենքի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշման մեջ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի, «Սանդի Թայմսն» ընդդեմ Միացյալ Թագավորության գործերով վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիշատակում է նաև Վենետիկի հանձնաժողովի 86-րդ լիագումար նստաշրջանում հաստատված «Իրավունքի գերակայության մասին զեկույցը»:

i

Իր սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից դիմողը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթը հակասում է օրենքի ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի սկզբունքին:

Դիմողը գտնում է նաև, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին իրականում տեղեկացված չլինելու պարագայում տեղեկացված համարվելու դեպքում ինքը զրկվել է իր իրավունքները և պարտականությունները շոշափող դատական ակտի բողոքարկման վարույթին մասնակից դառնալու հնարավորությունից, իրավահավասարության և կողմերի մրցակցության պայմաններում իր սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և խախտված իրավունքը վերականգնելու, ինչպես նաև արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ` իր իրավունքների արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություններից:

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկները, գտնում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 8, 18 և 31-րդ հոդվածներին:

Իր դիրքորոշումը պատասխանողը հիմնավորում է նրանով, որ պետական գրանցման իմացության և գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածներն ուղղված են քաղաքացիական շրջանառության կայունության ապահովմանը, քաղաքացիական շրջանառության մասնակիցների սեփականության և այլ գույքային իրավունքների պաշտպանությանը:

Անդրադառնալով օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդրին` դատական ակտերի բողոքարկման ժամկետների տեսանկյունից, պատասխանողը գտնում է, որ թեև անձը դատական ակտի մասին կարող է իմանալ նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միջոցով, սակայն դատարանը այդ փաստը գնահատելիս պետք է հիմք ընդունի դատական ակտի չիմացության կամ այդ մասին տեղեկանալու իրական հնարավորության բացակայության վերաբերյալ ներկայացված փաստարկները: Միաժամանակ, պատասխանողը շեշտում է դատական քննությանը մասնակից չդարձված անձի կողմից իր իրավունքների պաշտպանության նկատառումներով ընդհանուր հիմունքներով առաջին ատյանի դատարան հայց հարուցելու հնարավորությունը` հաշվի առնելով նաև հայցային վաղեմության ժամկետները:

Անդրադառնալով օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդրին` հայցային վաղեմության ինստիտուտի համատեքստում, պատասխանողը գտնում է, որ հայցային վաղեմությունը կարող է հաշվարկվել պետական գրանցման պահից, եթե անձը գիտեր կամ պարզապես պարտավոր էր իմանալ համապատասխան պետական գրանցման մասին: Միաժամանակ, այս կապակցությամբ պատասխանողը վկայակոչում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը, որը սահմանում է այն պահանջները, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում, և շեշտադրում է այդ պահանջներից մեկը` սեփականատիրոջ կողմից իր գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները խախտող` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտն անվավեր ճանաչելու մասին պահանջը:

5. Անդրադառնալով օրենքի վիճարկվող դրույթների` իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանելու և սեփականության իրավունքը խախտելու հիմքերով ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկներին` ՀՀ սահմանադրական դատարանը դրանք հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ. իրավական անորոշության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ սահմանադրական դատարանն արտահայտել է իր` 18.04.2006 թվականի ՍԴՈ-630 որոշման մեջ, որում ամրագրել է, որ «որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»:

Իր մեկ այլ` 13.05.2008 թվականի ՍԴՈ-753 որոշմամբ սահմանադրական դատարանը սահմանել է նաև, որ` «Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը»:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների` սահմանադրական դատարանի վերը հիշատակված որոշումների համատեքստում, ուսումնասիրությունից բխում է, որ օրենքի վիճարկվող դրույթը ձևակերպված է բավարար հստակությամբ. օրենսդրի կամքը հստակորեն է արտահայտված և չի զրկում քաղաքացուն իր վարքագիծը վիճարկվող նորմի հետ համատեղելու հնարավորությունից, չի խոչընդոտում նաև տվյալ նորմով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում գործողության հետևանքները կանխատեսելը, իսկ օրենքի վիճարկվող դրույթների և վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ դիտարկվող հարցի առնչությամբ առկա չեն հակասություններ:

Ինչ վերաբերում է օրենքի վիճարկվող դրույթների` սեփականության իրավունքը խախտելու հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկներին, ապա սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի վերաբերյալ դիմողի հիշատակած ՍԴՈ-741 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենքի վիճարկվող դրույթի սահմանադրականության հետ առնչություն չունեն, քանի որ գործող օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ բոլոր այն անձինք, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդունվել է դատական ակտ նրանց բացակայության պայմաններում, իրավունք ունեն դիմելու դատարան, իսկ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները բաց թողնելու պարագայում նրանք կարող են ներկայացնել համապատասխան միջնորդություն` խնդրելով հարգելի ճանաչել բաց թողնված ժամկետը:

6. Սույն գործով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին տրված մեկնաբանությամբ: Մասնավորապես, դիմողը, որպես գործին մասնակից չդարձված անձ, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, փորձել է օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը վերադարձրել է բողոքն այն պատճառաբանությամբ, որ դիմողը բաց է թողել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասով բողոք բերելու համար նախատեսված եռամսյա ժամկետը և չի ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված միջնորդությունը: Դատարանը դիմողի կողմից բողոքը ներկայացնելու ժամկետի բացթողումը հիմնավորել է երկու հանգամանքով`

նախ նրանով, որ դիմողը ծնողների մահից հետո մշտապես բնակվել է վիճելի տանը, հետևաբար` կարող էր իմանալ իր ենթադրյալ իրավունքների խախտման, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի գոյության մասին: Նշվածի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ իրավական դիրքորոշմամբ վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները և, մասնավորապես, նշված դրույթներում ամրագրված` «կարող էր իմանալ» արտահայտությունը, ինչպես նաև օգտվելով իր հայեցողական ազատությունից, գնահատել է գործի փաստական հանգամանքները և գտել, որ ծնողների մահից հետո վիճելի տանը մշտապես բնակվելու հետևանքով դիմողը կարող էր իմանալ իր ենթադրյալ իրավունքների խախտման, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի գոյության մասին,

երկրորդ, հիմնավորումը պայմանավորվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով: Վերաքննիչ դատարանը, չհերքելով դիմողի ներկայացրած այն փաստը, որ իրականում դիմողը բողոքարկվող դատական ակտի մասին տեղեկացվել է 03.08.2012 թվականին, այդուհանդերձ, ամրագրելով «Մինչդեռ վերաքննիչ բողոքին կից ներկայացված ... հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ» բառակապակցությունը, արձանագրել է այն փաստը, որ վիճելի տան նկատմամբ կատարված է նաև սեփականության իրավունքի պետական գրանցում` կիրառելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Վերաքննիչ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը, փաստորեն, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին տվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի` գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածը ներառում է նաև գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտերի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածը, և որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները կարող են դրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` դիմում ներկայացնելու համար սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկման հիմքում:

Մինչդեռ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ դրանք վերաբերում են գույքի նկատմամբ «գրանցված իրավունքների և սահմանափակումների» մասին իրավունքի սուբյեկտների` տեղեկացված լինելու կանխավարկածին, այլ ոչ թե գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտերի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածին: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կամ ընդհանրապես ՀՀ օրենսդրության մեջ առկա չէ որևէ դրույթ, որ թույլ կտար պնդելու հակառակը կամ այն, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները կարող են դրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` դիմում ներկայացնելու համար սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկման հիմքում: Ավելին, օրենքի վիճարկվող դրույթների առնչությամբ ՀՀ կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իր հիմնավորումներում նշել է, որ «սահմանվել է նաև նոր` գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածը, որը ևս բավականին կարևոր նշանակություն ունի գրանցված իրավունքների ճանաչման և պաշտպանության սկզբունքի ապահովման առումով»:

i

ՀՀ օրենսդրության և, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուսումնասիրությունից բխում է, որ օրենսդիրը դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացումն ապահովելու նպատակով սահմանել է դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկման կարգ. դատական ակտերը բողոքարկվում են կա՛մ դրանց կայացման պահից, կա՛մ դրանք ստանալու պահից: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1052 և ՍԴՈ-1062 որոշումներում, անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման ժամկետներին, ամրագրել է իրավական դիրքորոշումներ, որոնցից բխում է, որ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով նախատեսված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ, այն է` երբ բողոքարկվող դատական ակտը տրամադրվի (հասանելի դարձվի) անձին:

7. Ամփոփելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով սահմանված իրավակարգավորումն ինքնին չի առաջացնում հակասահմանադրական իրավիճակներ. այն կոչված է իր ամբողջության մեջ պաշտպանելու սեփականատիրոջ իրավունքները` առանց շոշափելու երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այլ խնդիր է իրավակիրառական պրակտիկայում օրենքի վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը: Այս կապակցությամբ դիմողի գործով դատական ակտերի ուսումնասիրության հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից օրենքի վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը, այն է` գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ իրազեկվածության կանխավարկածից դրա հիմքում ընկած դատական ակտի գոյության մասին իրազեկվածության կանխավարկած բխեցնելը ոչ միայն չի արտացոլում օրենսդրի կամքը, այլև չի բխում դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների սահմանադրաիրավական տրամաբանությունից` խաթարելով անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները: Իր հերթին, ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձնելով դիմողի վճռաբեկ բողոքը և վերահաստատելով տվյալ գործով ՀՀ վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումները` անուղղակիորեն արտահայտվել է նման իրավական մեկնաբանության իրավաչափության օգտին` կանխորոշելով վիճարկվող նորմի նման մեկնաբանությամբ կիրառման հնարավոր իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածը չի ներառում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած և երրորդ անձի իրավունքներին անմիջականորեն առնչվող դատական ակտերի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածը և չի հանդիսանում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտի բողոքարկման համար դատավարական օրենսգրքերով սահմանված ժամկետների հաշվարկման հիմք:

2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները սույն գործով դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված, մասնավորապես` որոշման եզրափակիչ մասի առաջին կետում բերված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 հոկտեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1120

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.10.2013
N ՍԴՈ-1120
Որոշում