Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ, 304...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ, 304-ՐԴ, 306-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0325/02/11             2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ՇԴ3/0325/02/11

     Նախագահող դատավոր`   Ի. Վարդանյան
                        Դատավորներ`   Ա. Մկրտչյան
                                                        Ն. Բարսեղյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հենրիկ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հենրիկ Երիցյանի ընդդեմ Մերուժան Ղզրոյանի, Նուշիկ Մնացյանի, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ Գյումրու նոտարական տարածքի նոտար Ռոբերտ Մուկուչյանի (այսուհետ` Նոտար)` որպես շինծու գործարք անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագիրն առոչինչ ճանաչելու և իրավական հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հենրիկ Երիցյանը պահանջել է առոչինչ ճանաչել 28.08.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի և գրավի թիվ N1C 133102 պայմանագիրը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մնացյան) (այսուհետ` Դատարան) 28.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.04.2013 թվականի որոշմամբ Հենրիկ Երիցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Երիցյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 306-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 47-րդ, 49-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հենրիկ Երիցյանը դատաքննության ընթացքում ներկայացրել է Մերուժան Ղզրոյանի անվամբ ստացված վարկի մայր գումարը և տոկոսները վճարելու վերաբերյալ բանկային անդորրագրերը: Վարկի գումարը Հենրիկ Երիցյանի և նրա ազգականների կողմից վճարված լինելու փաստը հիմնավորելու համար Հենրիկ Երիցյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետով միջնորդել է Ընկերությունից պահանջել անդորրագրերի այն օրինակները, որոնց վրա առկա են վճարումները կատարած անձանց ստորագրությունները, քանի որ միայն այդ կերպ կարող էր հաստատվել, որ վարկը և դրա տոկոսները Մերուժան Ղզրոյանի կողմից չի վճարվել: Սակայն Դատարանն անհիմն կերպով մերժել է միջնորդությունը` սահմանափակելով օրենքով սահմանված կարգով ապացույցներ ձեռք բերելու իրավունքը: Ավելին, թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը չեն պարզել, թե վարկի գումարն ու տոկոսները վճարելու վերաբերյալ անդորրագրերն ինչպես են հայտնվել Հենրիկ Երիցյանի մոտ: Բացի այդ չի պարզվել կարևոր մի հանգամանք ևս, թե վճարման անդորրագրերն ինչու են բացակայել վարկային գործից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը մերժել է նաև Հենրիկ Երիցյանի կնոջ` Անահիտ Երիցյանի բջջային հեռախոսահամարին Ընկերության աշխատակիցների կատարած հեռախոսազանգերի վերծանումները պահանջելու վերաբերյալ միջնորդությունը, որոնցով կհաստատվեր, որ Ընկերության աշխատակիցները կատարած հեռախոսազանգերով Անահիտ Երիցյանին անհանգստացրել են վարկի մարման համար: Նշված միջնորդությունները բավարարելու և համապատասխան ապացույցները պահանջելու դեպքում հնարավորություն կստեղծվեր ապացուցելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Հենրիկ Երիցյանը և Էմմա Պապոյանն իրականում ցանկություն չեն ունեցել վաճառելու բնակարանը: Հակառակ պարագայում Հենրիկ Երիցյանը չէր վճարի վարկի գումարները:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, անտեսել է, որ Դատարանը որպես վկա չի հրավիրել և չի հարցաքննել Ահարոն Իսկանդարյանին, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման: Այսինքն` հայցվորի միջնորդություններն անհիմն մերժելու, Ահարոն Իսկանդարյանին որպես վկա չհարցաքննելու արդյունքում չի պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ վիճարկվող գործարքը կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.04.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հենրիկ Երիցյանի, Էմմա Պապոյանի` որպես վաճառողներ, Մերուժան Ղզրոյանի` որպես գնորդ-գրավատու-վարկառու, Նուշիկ Մնացյանի` որպես գնորդ-գրավատու և Ընկերության միջև 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և գրավի թիվ N1C 133102 պայմանագրի համաձայն` Հենրիկ Երիցյանը և Էմմա Պապոյանը վաճառել, իսկ Մերուժան Ղզրոյանը և Նուշիկ Մնացյանը գնել են Արթիկի Տերյան փողոցի թիվ 11 հասցեի բնակելի տունը: Անշարժ գույքի ձեռքբերման նպատակով Ընկերության և գնորդի միջև և 28.08.2009 թվականին Գյումրի քաղաքում կնքված թիվ 215083 վարկային պայմանագրով Ընկերության հանդեպ գնորդի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման նպատակով նույն բնակելի տունը գրավադրել է հօգուտ Ընկերության (հատոր 3-րդ, գ.թ. 123-126):

2) 31.08.2009 թվականին Ընկերության և Մերուժան Ղզրոյանի միջև կնքված անշարժ գույքի գրավադրմամբ վարկավորման թիվ Վ-215083 պայմանագրով Ընկերությունը Մերուժան Ղզրոյանին տրամադրել է 17.500 ԱՄՆ դոլար վարկ (հատոր 3-րդ, գ.թ. 118-120):

3) 02.09.2009 թվականի հանձնարարականով Մերուժան Ղզրոյանն Ընկերությանը հանձնարարել է իր հաշվից Հենրիկ Երիցյանին վճարել անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը` 17.500 ԱՄՆ դոլար: Նշված գումարի ստացման փաստը Հենրիկ Երիցյանը հաստատել է 02.09.2009 թվականին տրված ստացականով (հատոր 3-րդ, գ.թ. 127):

4) Հենրիկ Երիցյանը հայցադիմումին կից ներկայացրել է վարկի մարման թվով 15 անդորրագրեր, որոնց վրա բացակայում են վճարումները կատարած անձի ստորագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 7-22):

5) Հենրիկ Երիցյանի ներկայացուցչին հասցեագրված Ընկերության 17.08.2012 թվականի թիվ 1931 գրության համաձայն` ... Ձեր կողմից պահանջվող տեղեկությունները հանդիսանում են բանկային գաղտնիք և կարող են տրամադրվել միայն «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով(հատոր 3-րդ, գ.թ. 101):

6) Դատարանի 22.10.2012 թվականի որոշմամբ բավարարվել է Հենրիկ Երիցյանի ներկայացուցչի միջնորդությունը, և որոշվել է Ընկերությունից պահանջել 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրի շրջանակներում կազմված ամբողջ բանկային գործը` դրանց ծանոթանալու և անհրաժեշտ փաստաթղթերի օրինակներ ստանալու համար (հատոր 3-րդ, գ.թ. 113-114):

7) Ընկերության կողմից ներկայացված բանկային գործում բացակայել են վարկի գումարը և տոկոսները վճարելու վերաբերյալ անդորրագրերը (հատոր 3-րդ, գ.թ. 117):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ`

- ապացույց պահանջելու ընթացակարգի իրավակարգավորման առանձնահատկություններին,

- վկա կանչելու միջնորդությունը մերժելու որոշման իրավաչափությանը:

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում ... կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

Նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ ապացույցներ հավաքելու և դատարան ներկայացնելու պարտականությունը կրում են կողմերը` ապացուցման բեռի բաշխմանը համամասնորեն: Դատավարական օրենքը դատարանին պարտավորեցնում է միայն կողմերի միջնորդությամբ օժանդակել ապացույցների ձեռքբերման հարցում: Նման միջնորդության ներկայացման համար նախապայման է հանդիսանում այն, որ միջնորդող կողմը պետք է հիմնավորի (ապացուցի), որ չունի հնարավորություն ինքնուրույն ձեռք բերելու ապացույցները: Միջնորդությունը պետք է պարունակի կոնկրետ տեղեկություն հայցվող ապացույցի, ապացուցման ենթակա փաստի, իսկ հայտնի լինելու դեպքում` նաև ապացույցի գտնվելու վայրի վերաբերյալ: Միջնորդությունը ոչ հստակ լինելու դեպքում դատարանը, ելնելով գործի քննության արդյունավետությունից, կարող է պահանջել միջնորդություն ներկայացրած կողմին հստակեցնել այն:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «բանկային անդորրագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վարկի և տոկոսի մարումները կատարվել են Մերուժան Ղզրոյանի անվամբ, նշում չկա Հենրիկ Երիցյանի կողմից վճարումներ կատարելու մասին, ուստի բանկային անդորրագրերը բողոքաբերի մոտ գտնվելը չի կարող մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքի մասին վկայել: Ավելին, Դատարանը 22.10.2012 թվականի որոշմամբ բավարարել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, Ընկերությունից պահանջել է դատարան ներկայացնել 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և գրավի թիվ N 1C 133102 պայմանագրի շրջանակներում կազմված ամբողջ բանկային գործը` դրանց ծանոթանալու և անհրաժեշտ փաստաթղթերի օրինակները ստանալու համար: Ընդ որում, ներկայացված բանկային գործում բացակայում է բողոքաբերի վկայակոչած փաստերը հիմնավորող որևէ ապացույց: Հետևում է, որ բողոքաբերի կողմից ներկայացված Մերուժան Ղզրոյանի անվամբ կատարված վարկի և տոկոսի մարումների բանկային անդորրագրերը դեռևս չեն վկայում այն մասին, որ վերջինս խնդրո առարկա բնակարանի նկատմամբ ունեցել է որևէ իրավունք, կամ որ կողմերի կամքն իրականում ուղղված չի եղել առուվաճառքի և գրավի թիվ N 1C 133102 պայմանագրի կնքմանը»:

Սույն գործի փաստերի համաձայն` Հենրիկ Երիցյանը հայցադիմումին կից ներկայացրել է վարկի մարման թվով 15 անդորրագրեր, որոնց վրա բացակայում են վճարումները կատարած անձի ստորագրությունը: Ընկերությունն իր 17.08.2012 թվականի թիվ 1931 գրությամբ, ի պատասխան Հենրիկ Երիցյանի` վճարումների անդորրագրերը տրամադրելու դիմումի, հայտնել է, որ պահանջվող տեղեկությունները հանդիսանում են բանկային գաղտնիք և կարող են տրամադրվել միայն «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Դատարանի 22.10.2012 թվականի որոշմամբ բավարարվել է Հենրիկ Երիցյանի ներկայացուցչի միջնորդությունը և որոշվել է Ընկերությունից պահանջել 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրի շրջանակներում կազմված ամբողջ բանկային գործը` դրանց ծանոթանալու և անհրաժեշտ փաստաթղթերի օրինակներ ստանալու համար, սակայն Ընկերության կողմից ներկայացված բանկային գործում բացակայել են վարկի գումարը և տոկոսները վճարելու վերաբերյալ անդորրագրերը, որոնք պետք է ստորագրված լինեն վճարումները կատարած անձի կամ անձանց կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի 22.10.2012 թվականի «Միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի ուժով պարտադիր է իրավունքի բոլոր սուբյեկտների համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Միջնորդությունը ներկայացնելիս Հենրիկ Երիցյանը հիմնավորել է, որ անհրաժեշտ անդորրագրերը հնարավորություն չունի ներկայացնելու, քանի որ Ընկերությունը, հիմք ընդունելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, մերժել է դրանց տրամադրումը: Այդ ապացույցները բողոքաբերը պետք է ներկայացներ ի հիմնավորումն փաստի, որ վճարումները կատարել է ինքը: Վերաքննիչ դատարանը, նշելով, որ բանկային գործում բացակայում է բողոքաբերի վկայակոչած փաստերը հիմնավորող որևէ ապացույց, անտեսել է, որ Դատարանը չի ձեռնարկել որևէ քայլ, որն ուղղված կլիներ պարզելու, թե վճարման անդորրագրերն ինչու են բացակայել վարկային գործից: Իսկ առանց վարկի գումարը և տոկոսները վճարելու վերաբերյալ անդորրագրերի առկայության հարցը լուծելու, գործում առկա բոլոր ապացույցների հետ հետազոտելու և համադրելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված պարտականությունը կատարելու պայմաններում, հնարավոր չէր պարզել վճարումները կատարած անձանց, ինչպես նաև անդորրագրերը Հենրիկ Երիցյանի տիրապետության տակ հայտնվելու հանգամանքները, առավել ևս, որ Հենրիկ Երիցյանի կողմից վիճարկվում է վարկի գումարը և տոկոսները Մերուժան Ղզրոյանի կողմից վճարված լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն գործի փաստերից, հարկ է համարում նշել, որ ապացույց պահանջելու միջնորդության հիմնավորումներում բողոքաբերը նշել է ինչպես պահանջվող ապացույցը, այն ներկայացնելու անհնարինությունը, այնպես էլ այն փաստը, որի հաստատման համար անհրաժեշտ է պահանջվող ապացույցը: Մասնավորապես` Հենրիկ Երիցյանի ներկայացրած միջնորդությունն ուղղված է եղել վճարման անդորրագրերի ներկայացմանը:

Այս առումով Վճռաբեկ դատարանի եզրահանգումն այն է, որ անդորրագրերի բացակայության փաստի բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 7-րդ կետի ուժով կրում է այն կողմը, ով պարտավոր էր ներկայացնել դրանք:

 

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև վկայի անունը, հասցեն, որով նա պետք է կանչվի դատարան: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է վկա կանչել իր նախաձեռնությամբ:

i

Նշված դրույթից հետևում է, որ վկայի ցուցմունքի` որպես ապացույցի հետազոտումն իրենից ներկայացնում է միջնորդավորված դատավարական ընթացակարգ, երբ կողմի` իր դատավարական իրավունքի իրացումը` ապացույց ներկայացնելը, ուղղակիորեն պայմանավորված է դատարանի լիազորությամբ` բավարարել կամ մերժել վկա հրավիրելու միջնորդությունը: Բացառություն է կազմում առանձին դեպքերում դատարանի նախաձեռնությամբ վկա կանչելը: Որպես կանոն, նախ և առաջ անհրաժեշտ է հայցվորի կամ պատասխանողի միջնորդությունը, որում պետք է նշվի այն փաստը, որը, ըստ կողմի, կարող է հաստատվել վկայի հարցաքննությամբ: Որպեսզի վկան հարցաքննվի, նման միջնորդությունը դատարանը պետք է բավարարի: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ միջնորդությունը մերժելիս դատարանի պատճառաբանությունը կարող է պայմանավորված լինել միջնորդության մեջ կոնկրետ փաստի բացակայությամբ, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվեր կամ եթե նշված չեն վկայի տվյալները (անունը, ազգանունը, հասցեն): Միջնորդության մերժումը կարող է հիմնավորված համարվել նաև այն դեպքում, երբ միջնորդությունում վկայակոչված փաստը վերաբերելի չէ գործին, ինչպես նաև, երբ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով, արձանագրում է, որ վկայակոչված փաստն օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվի որոշակի ապացույցներով` նշելով, թե որոնք են այդ ապացույցները: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև իր որոշումներում ձևավորած դիրքորոշումը (ի թիվս այլոց տես` Վարդիթեր Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, թիվ ԱՎԴ/0235/02/10 քաղաքացիական գործով, Վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Բոլոր դեպքերում չհիմնավորված պետք է համարել այնպիսի մերժումը, որը պատճառաբանված չէ` նշված չեն մերժման հիմքերը:

Դատարանում գործի քննության ընթացքում բողոքաբերը միջնորդել է որպես վկա հարցաքննել Ահարոն Իսկանդարյանին` վճարումներն իր կողմից կատարված լինելու փաստը հաստատելու համար: Դատարանը մերժել է միջնորդությունը` պատճառաբանելով, որ անհրաժեշտության դեպքում այդ անձը կհրավիրվի որպես վկա: Մերժման հետ կապված վերաքննիչ բողոքում ներկայացվել է փաստարկ, սակայն Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել դրան:

Նշված դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը որպես վկա չի հրավիրել և չի հարցաքննել Ահարոն Իսկանդարյանին` զրկելով բողոքաբերին իր վկայակոչած փաստն ապացուցելու հնարավորությունից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված վերոնշյալ հիմքին:

Վերոգրյալներից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք առնվազն կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման, և որոնք կարող են վերացվել միայն գործի նոր քննության շրջանակներում:

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին, ապա սույն որոշմամբ նշված դատավարական իրավունքի նորմերի խախտված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանց հնարավոր չէ անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
  Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
04.10.2013
N ՇԴ3/0325/02/11
Որոշում