Սեղմել Esc փակելու համար:
«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ», «ՏԱՐՎԱ ԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ», «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ» ԵՎ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐ ...

14.10.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.02.2014  -ից մինչեւ   14.10.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 07.10.2020 թիվ 37-Ն հրաման)

i

110.1354.040214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11014049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1354-Ն

 

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ», «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ» ԵՎ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 10-րդ կետի «իզ» ենթակետի պահանջը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի կարգը` համաձայն Հավելված 1-ի,

2) «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի կարգը` համաձայն Հավելված 2-ի,

3) «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի կարգը` համաձայն Հավելված 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2013 թ. դեկտեմբերի 5-ի

N 1354-Ն հրամանի

 

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մրցույթի նպատակն է բացահայտել առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող ուսուցիչներին, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:

3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):

4. Մրցույթն անցկացվում է 3 փուլով`

1) 1-ին` ներդպրոցական,

2) 2-րդ` մարզային (Երևանի քաղաքային),

3) 3-րդ` հանրապետական:

5. Մրցույթի 1-ին փուլն անցկացվում է ուսումնական հաստատություններում` սեպտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում:

6. Մրցույթի 1-ին փուլի անցկացման նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում (առնվազն 5 անդամ) ընդգրկվում են տնօրենը, տնօրենի տեղակալը (տեղակալները), մեթոդմիավորման անդամներ, ուսուցիչներ, ծնողներ:

7. Մասնակիցների թեկնածությունները հանձնաժողովին ներկայացնում են ուսումնական հաստատությունների մեթոդական միավորումները:

8. ՈՒսումնական հաստատության լավագույն ուսուցիչն ընտրվում է այդ նպատակով հանձնաժողովի հրավիրած նիստում, հանձնաժողովի անդամների փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ:

9. ՈՒսումնական հաստատությունում լավագույնը ճանաչված ուսուցիչը խրախուսվում է հաստատության տնօրինության կողմից և իրավունք է ստանում մասնակցելու Մրցույթի 2-րդ փուլին:

10. Մրցույթի 2-րդ փուլը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը:

11. Մրցույթի 2-րդ փուլն անցկացնում են ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված գնահատող հանձնաժողովները (առնվազն 5 անդամ):

12. Մրցույթի 2-րդ փուլի գնահատող հանձնաժողովների կազմում ընդգրկվում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ: Մրցույթի 2-րդ փուլի հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև Նախարարության ներկայացուցիչներ:

13. Մրցույթի 2-րդ փուլի գնահատող հանձնաժողովի կազմը հաստատելու համար լիազոր մարմինը դիմում է Նախարարություն` թեկնածու ներկայացնելու համար:

14. ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների, ոչ պետական դպրոցների համար մրցույթի 2-րդ փուլը կազմակերպում և անցկացնում է Նախարարությունը:

15. Մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու համար ուսումնական հաստատության տնօրենները` ըստ ենթակայության, գնահատող հանձնաժողովներին են ներկայացնում ուսումնական հաստատության գնահատող հանձնաժողովի որոշումը և երաշխավորագիր-բնութագիր` որը ներառում է տեղեկատվություն`

1) ուսուցչի որակավորման, մանկավարժական գործունեության (աշխատանքային ստաժ),

2) ուսուցչի կողմից անցկացրած որևէ դասի նկարագրության (դասի տեսագրություն),

3) կոչումների կամ պարգևների (առկայության դեպքում, երբ է ստացել, ո՞ւմ կողմից),

4) տարակարգի (առկայության դեպքում),

5) «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում մասնագիտական թեմայով դաս վարելու (առկայության դեպքում),

6) հանրապետական մրցութային միջոցառումներին մասնակցության և արդյունքների,

7) հրատարակած հոդվածների (առկայության դեպքում) վերաբերյալ:

13. Մրցույթի 2-րդ փուլն ընդգրկում է.

1) ներկայացված ուսուցիչների մասնակցությամբ կլոր սեղան-հանդիպում (դասավանդման հիմնախնդիրների և հանրակրթության հարցերին վերաբերող ազատ քննարկումներ),

2) բաց դասերի կազմակերպում (դասարանն ու ուսումնական ծրագրով նախատեսված թեման ընտրում է մարզային գնահատող հանձնաժողովը),

3) ուսուցչի կողմից ընտրված թեմայով վարպետաց դասերի անցկացում (դպրոցն ընտրում է գնահատող հանձնաժողովը):

14. Մրցույթի 2-րդ փուլի լավագույն ուսուցիչն ընտրվում է այդ նպատակով հանձնաժողովի հրավիրած նիստում, հանձնաժողովի անդամների փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ:

15. Հիմք ընդունելով գնահատող հանձնաժողովի որոշումը` լիազոր մարմինը մրցույթի 2-րդ փուլի հաղթողի տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացնում է Նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար:

16. Մրցույթի 3-րդ փուլի գնահատող հանձնաժողովի կազմը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Գնահատող հանձնաժողովում ընդգրկվում են Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, կարող են ընդգրկվել գիտության և մշակույթի գործիչներ, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախորդ 3 տարիներին «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչվածները, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կրթության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

18. Մրցույթի հանրապետական փուլն անցկացվում է կլոր սեղան-բանավեճի շրջանակներում` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:

19. «Տարվա լավագույն ուսուցիչ» ընտրվում է այդ նպատակով հրավիրած նիստում, փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ:

20. Հանրապետական փուլի մասնակից մյուս ուսուցիչներից ընտրվում են հաղթողներ նաև հետևյալ անվանակարգերում.

1) «Նվիրում երեխաներին»

2) «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»

3) «Ազատությունը և ժողովրդավարական արժեքները կրթության մեջ»:

21. Մրցույթի հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը:

22. «Տարվա լավագույն» ուսուցիչը պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

23. Մրցույթի հանրապետական փուլի մասնակից բոլոր ուսուցիչները պարգևատրվում են Նախարարության կողմից` «ՈՒսուցչի տոնի» նախօրեին:

24. Մրցույթի արդյունքում հաղթող «Տարվա լավագույն ուսուցիչը» ուսումնական տարվա ընթացքում հանրապետության տարբեր դպրոցներում անցկացնում է վարպետաց դասեր, մասնակցում Նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներին, մանկավարժական մամուլում հրապարակում հոդվածներ:

25. «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչված, մրցույթի անվանակարգերում հաղթող մանկավարժները կարող են կրկին մրցույթին մասնակցել 5 տարի անց:

 

Հավելված 2

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2013 թ. դեկտեմբերի 5-ի

N 1354-Ն հրամանի

 

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մրցույթի նպատակն է բացահայտել ստեղծագործական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը:

3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):

4. Մրցույթն անցկացվում է 2 փուլով` մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական:

5. Մրցույթն անցկացնելու համար ստեղծվում են գնահատող հանձնաժողովներ:

6. Մրցույթի 1-ին փուլը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը:

7. Մրցույթի 1-ին փուլի գնահատող հանձնաժողովի կազմը (առնվազն 5 անդամ) հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը: Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) մասնագետներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, նաև` Նախարարության ներկայացուցիչ:

8. Մրցույթի 1-ին փուլի գնահատող հանձնաժողովի կազմը հաստատելու համար լիազոր մարմինը դիմում է Նախարարություն` առաջադրելու թեկնածու:

9. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը գնահատող հանձնաժողովին է ներկայացնում Մրցույթի 1-ին փուլի մասնակիցների երաշխավորագիր-բնութագրերը, որտեղ նշվում են տվյալներ թեկնածու տնօրենի կրթության, մասնագիտական և կազմակերպչական կարողությունների, մանկավարժական աշխատանքի ստաժի, տարբեր կրթական ծրագրերին ուսումնական հաստատության մասնակցության, արտաքին գնահատման արդյունքների, դպրոցի սովորողների` հանրապետական և միջազգային օլիմպիադաներին մասնակցության (առկայության դեպքում) վերաբերյալ, ինչպես նաև դպրոցի կառավարմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող տվյալ թեկնածուի նկատառումները (2 համակարգչային էջի սահմաններում):

10. Մրցույթի 1-ին փուլի արդյունքում հաղթողն ընտրվում է այդ նպատակով հանձնաժողովի հրավիրած նիստում, փակ քվեարկությամբ` գնահատող հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ:

11. Հիմք ընդունելով գնահատող հանձնաժողովի որոշումը` լիազոր մարմինը մրցույթի 1-ին փուլի հաղթողի տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացնում է Նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար:

12. Մրցույթի 2-րդ փուլի գնահատող հանձնաժողովի կազմն առաջադրում է Նախարարության հանրակրթության վարչությունը, հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Գնահատող հանձնաժողովում ընդգրկվում են Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ, կարող են ընդգրկվել մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի անվանի գործիչներ, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախորդ 3 տարիներին «Տարվա լավագույն տնօրեն» ճանաչվածները:

13. Մրցույթի հանրապետական փուլն անցկացվում է կլոր սեղան-բանավեճի շրջանակներում` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:

14. «Տարվա լավագույն տնօրեն» ընտրվում է այդ նպատակով հրավիրված նիստում, փակ քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

15. Հանրապետական փուլի մասնակից մյուս տնօրեններից ընտրվում են հաղթողներ նաև հետևյալ անվանակարգերում.

1) «ՈՒսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»

2) «Ռազմահայրենասիրական և աշխատանքային դաստիարակության լավագույն փորձի համար»

3) «Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»:

16. Մրցույթի հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը:

17. «Տարվա լավագույն» տնօրենը պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից:

18. Մրցույթի հանրապետական փուլի մասնակից բոլոր տնօրենները պարգևատրվում են Նախարարության կողմից` «ՈՒսուցչի տոնի» նախօրեին:

19. «Տարվա լավագույն տնօրեն» ճանաչված, մրցույթի անվանակարգերում հաղթող մանկավարժները կարող են կրկին մրցույթին մասնակցել 5 տարի անց:

 

Հավելված 3

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2013 թ. դեկտեմբերի 5-ի

N 1354-Ն հրամանի

 

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մրցույթի նպատակն է` բացահայտել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող դաստիարակներին, ընդհանրացնել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ դաստիարակ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:

3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):

4. Մրցույթն անցկացվում է 3 փուլով`

1) ներմանկապարտեզային,

2) մարզային (Երևանի քաղաքային),

3) հանրապետական:

5. Մրցույթի յուրաքանչյուր փուլը նախապատրաստելու և անցկացնելու համար ստեղծվում են ներմանկապարտեզային, մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական գնահատող հանձնաժողովներ:

6. Մրցույթի 1-ին փուլն անցկացվում է նախադպրոցական հաստատություններում (այսուհետ` հաստատություն):

7. Մրցույթի 1-ին փուլի հանձնաժողովի կազմը (առնվազն 5 անդամ) հաստատում է հաստատության տնօրենը, որտեղ ընդգրկվում են տնօրենը, մեթոդիստը, դաստիարակներ, ծնողներ:

8. Հաստատության լավագույն դաստիարակն ընտրվում է այդ նպատակով հրավիրված նիստում, հանձնաժողովի անդամների փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ:

9. Հաստատությունում լավագույնը ճանաչված դաստիարակը խրախուսվում է հաստատության տնօրինության կողմից և իրավունք է ստանում մասնակցելու Մրցույթի 2-րդ փուլին:

10. Մրցույթի 2-րդ փուլը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը:

11. Մրցույթի 2-րդ փուլն անցկացնում են մարզային գնահատող հանձնաժողովները:

12. Մրցույթի 2-րդ փուլի գնահատող հանձնաժողովների կազմում (առնվազն 5 անդամ) ընդգրկվում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի), համայնքների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ: Մրցույթի 2-րդ փուլի հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև Նախարարության ներկայացուցիչներ:

13. Մրցույթի 2-րդ փուլի գնահատող հանձնաժողովի կազմը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

14. Մրցույթի 2-րդ փուլի գնահատող հանձնաժողովի կազմը հաստատելու համար լիազոր մարմինը դիմում է Նախարարություն` թեկնածու ներկայացնելու համար:

15. Մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու համար հաստատության տնօրենը մարզային գնահատող հանձնաժողովին է ներկայացնում հաստատության գնահատող հանձնաժողովի որոշումը և երաշխավորագիր-բնութագիր` որը ներառում է տեղեկատվություն`

1) դաստիարակի (երաժշտական դաստիարակի /ղեկավարի/) որակավորման, աշխատանքի ստաժի,

2) կոչումների, այդ թվում` պատվավոր (ե՞րբ է ստացել, ո՞ւմ կողմից),

3) կազմակերպած կրթական միջոցառումների, գիտամեթոդական ամսագրերում հրատարակած հոդվածների պատճենները (առկայության դեպքում), հրատարակված ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի հեղինակ կամ համահեղինակ լինելու հավաստումը (առկայության դեպքում), հանրապետական մրցութային միջոցառումներին մասնակցության,

4) համացանց-ռեսուրսային կայքում կամ հաստատության կայքում մեթոդական կամ այլ հեղինակային մշակումների վերաբերյալ:

16. Մրցույթի մարզային /Երևանի քաղաքային/ փուլն ընդգրկում է բաց պարապմունքի, գործունեության տարբեր ձևերի, զվարճալիքների կազմակերպումը (կրթական համալիր ծրագրով նախատեսված թեման ընտրում է մարզային գնահատող հանձնաժողովը):

17. Հիմք ընդունելով գնահատող հանձնաժողովի որոշումը` լիազոր մարմինը մրցույթի 1-ին փուլի հաղթողի տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացնում է Նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար:

18. Մրցույթի 3-րդ փուլի գնահատող հանձնաժողովի կազմն առաջադրում է Նախարարության հանրակրթության վարչությունը, հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

19. Գնահատող հանձնաժողովում ընդգրկվում են Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ, կարող են ընդգրկվել գիտության և մշակույթի անվանի գործիչներ, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախորդ 3 տարիներին «Տարվա լավագույն դաստիարակ» ճանաչվածները, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և համայնքների կրթության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

20. Մրցույթի հանրապետական փուլն անցկացվում է կլոր սեղան-բանավեճի շրջանակներում` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:

21. «Տարվա լավագույն դաստիարակ» ընտրվում է այդ նպատակով հրավիրված նիստում, փակ քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

22. Հանրապետական փուլի մասնակից մյուս տնօրեններից ընտրվում են հաղթողներ նաև հետևյալ անվանակարգերում.

1) «Նորարարությունը մանկավարժության մեջ»

2) «Սիրտս նվիրում եմ երեխաներին»

3) «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համար»:

23. Մրցույթի հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը:

24. «Տարվա լավագույն» դաստիարակը պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

25. Մրցույթի հանրապետական փուլի մասնակից բոլոր դաստիարակները պարգևատրվում են Նախարարության կողմից` «ՈՒսուցչի տոնի» նախօրեին:

26. Մրցույթի արդյունքում հաղթող «Տարվա լավագույն դաստիարակը» ուսումնական տարվա ընթացքում տվյալ ուսումնական հաստատությունում անցկացնում է բաց պարապմունքներ նախադպրոցական կրթության համակարգի և այլ հաստատությունների մանկավարժական կադրերի համար, մասնակցում է հաստատության ընթացիկ և հեռանկարային զարգացման ծրագրերի, ոլորտի ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկների փորձագիտական քննարկմանը, Նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներին, մանկավարժական մամուլում հրատարակում է հոդվածներ:

27. «Տարվա լավագույն դաստիարակ» ճանաչված, մրցույթի անվանակարգերում հաղթող մանկավարժները կարող են կրկին մրցույթին մասնակցել 5 տարի անց:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
05.12.2013
N 1354-Ն
Հրաման