Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՆՇ ...

 

 

040.0275.270314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2014 թվականի N 275-Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 5-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ մասերը և 26-րդ հոդվածի 3-րդ ու 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.

3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`

ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ.

4) որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը.

5) որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

(1-ին կետը փոփ. 08.12.16 թիվ 1250-Ն որոշում)

2. Հաստատել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.01.16 թիվ 81-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 20.01.16 թիվ 81-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո):

4. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի գործողությունը դադարում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:

(4-րդ կետը լրաց. 20.01.16 թիվ 81-Ն որոշում)

5. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը գործում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

(5-րդ կետը լրաց. 02.03.17 թիվ 242-Ն որոշում)

6. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

(6-րդ կետը լրաց. 06.03.17 թիվ 249-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 6-ի

N 275-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստը (այսուհետ` նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) նոր ծնված երեխա` երեխա, ում ծննդյան կապակցությամբ ծագել է նպաստ ստանալու իրավունքը.

2) դիմող` ծնողի անունից նպաստը նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ.

3) ծնող` նոր ծնված երեխայի հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը հաստատված է (որոշված է) օրենքով սահմանված կարգով և ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացրել է նպաստը նշանակելու դիմում, նոր ծնված երեխայի խնամակալ կամ որդեգրող.

4) տարածքային բաժին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային բաժին.

5) նպաստի` ուղղակի վճարվող գումար` նպաստի չափի դրամական արտահայտությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` նպաստի չափի և պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցների տարբերության դրամական արտահայտությունը.

6) պետական աջակցության հաշիվ` երեխայի անվամբ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ պայմանագիր կնքած բանկում բացված հատուկ հաշիվ, որում առկա միջոցները տնօրինելը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

7) անձը հաստատող փաստաթուղթ`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում` անձնագիրը, ծննդյան վկայականը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

(2-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

3. Նպաստը նշանակելու համար ծնողն անձամբ կամ այլ անձի միջոցով տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,

բ. նոր ծնված երեխայի կարգաթիվը (միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը և ընտանիքում երեխաների թիվը), անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է), հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց),

գ. նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում` նրա լիազորած անձի) բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը (սույն կարգով սահմանված դեպքում` նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ գումարը,

դ. եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` պետական աջակցության (բանկային) հաշվի համարը.

2) դիմողի և ծնողի անձը հաստատող փաստաթղթերը, ծնողի` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ծնողի` նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող այլ փաստաթղթեր` ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր).

3) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը (եթե երեխան մահացել է` մահվան վկայականը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված` ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում (սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրվանից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո, այսուհետ` պերինատալ շրջան) մահացած երեխայի դեպքում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված` մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:

(3-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 26.11.15 թիվ 1423-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 20.01.16 թիվ 81-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն, 08.12.16 թիվ 1250-Ն որոշումներ)

3.1. Նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ`

2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ`

3) նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել:

(3.1-ին կետը լրաց. 18.11.16 թիվ 1178-Ն, 08.12.16 թիվ 1250-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

3.2. Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը նշանակելու (վճարելու) համար դիմողը www.epension.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ` ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է սույն կարգի 3.5-րդ կետում նշված (պարտադիր լրացման ենթակա դաշտերի) տվյալները: Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում`

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)` www.epension.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.epension.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ:

(3.2-րդ կետը լրաց. 10.08.17 թիվ 976-Ն որոշում)

3.3. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն:

(3.3-րդ կետը լրաց. 10.08.17 թիվ 976-Ն որոշում)

3.4. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության հետ, և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով`

1) մերժվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) կամ առկա է սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը.

2) թույլատրվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը մուտքագրվել է ծրագրային միջավայրում և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ), և առկա չէ սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը:

(3.4-րդ կետը լրաց. 10.08.17 թիվ 976-Ն որոշում)

3.5. Նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելու (վճարելու) համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները`

1) ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա` նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները` ըստ ծննդյան վկայականի.

3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի` ուղղակի վճարվող գումարը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա` նաև պետական աջակցության (բանկային) հաշվի համարը և այն բանկը, որտեղ բացվել է պետական աջակցության հաշիվը.

4) ծնողի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը (եթե առկա է).

5) էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով ծնողը ցանկանում է ստանալ հաղորդագրությունները: Ընդ որում, սույն կարգի 3.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում մուտքագրվում է այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացվել է www.epension.am կայքէջում գրանցվելու համար:

(3.5-րդ կետը լրաց. 10.08.17 թիվ 976-Ն որոշում)

3.6. Ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը վճարվում է սույն կարգի 3.4-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում: Եթե տարածքային բաժինը մերժում է սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելը (վճարելը) սույն կարգի 18-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված հիմքով, ապա դրա մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Ծննդի պետական գրանցման դեպքում սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելու (վճարելու) համար տեղեկատվությունը կարող է առցանց ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը:

(3.6-րդ կետը լրաց. 10.08.17 թիվ 976-Ն որոշում)

4. Ըստ անհրաժեշտության (եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար) ներկայացվում են նաև սույն կարգի 8-րդ կետում նշված`

1) երեխաների (զավակների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո մինչև նպաստի համար դիմելը մահացած երեխաների (զավակների) դեպքում` մահվան վկայականը.

2) երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (երեխայի կամ զավակի ծննդյան վկայական կամ երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվություն պարունակող այլ փաստաթուղթ կամ դատարանի վճիռ, որով հաստատվել է երեխայի (զավակի) սերման փաստը):

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.11.16 թիվ 1178-Ն որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.11.16 թիվ 1178-Ն որոշում)

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.11.16 թիվ 1178-Ն որոշում)

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.11.16 թիվ 1178-Ն որոշում)

(4-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1423-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

4.1. Ըստ անհրաժեշտության (եթե դիմումին կից չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթերը), սույն կարգի 3-րդ, 4-րդ և 8.1-ին կետերում նշված դեպքերում, երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվությունն ստանում է տարածքային բաժինը` նպաստ նշանակելու դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին կատարված հարցման միջոցով: Հարցումը կատարվում է, ծննդյան վկայականը տված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` եթե տարածքային բաժին է ներկայացվել ծննդյան վկայական: Սույն կետում նշված դեպքում սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստանալու օրվանից: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը հարցմանը պատասխանում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հարցման պատասխանում արտացոլվում են ծննդյան ակտի գրանցման փաստը հաստատող տեղեկանքում ներառված բոլոր տվյալները:

(4.1-ին կետը լրաց. 08.07.15 թիվ 761-Ն, 26.11.15 թիվ 1423-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն որոշումներ)

4.2. Եթե սույն կարգի 8-րդ կետում նշված` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող` 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է, ապա սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված` անձը հաստատող փաստաթղթի (պատճենի), հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի փոխարեն ներկայացվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը (ռազմաուսումնական հաստատությունում սովորելը) հաստատող` զինվորական կոմիսարիատի (ռազմաուսումնական հաստատության) տված կամ ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը: Այս դեպքում անձը բնակչության պետական ռեգիստրում նույնականացվում է տեղեկանքում ներառված տվյալներով:

(4.2-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

5. Սույն որոշման 4.2-րդ կետում նշված տեղեկանքներում ներառվում են երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (առկայության դեպքում):

(5-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

6. Եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաև, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողին` ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

(6-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

6.1. Եթե ներկայացվում է նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու մասին դիմում, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Արցախի Հանրապետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ Արցախի Հանրապետությունում նպաստ ստացած չլինելու մասին տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` դիմումը ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:

(6.1-ին կետը լրաց. 10.08.17 թիվ 976-Ն որոշում)

7. Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի և սույն կարգի 7.1-ին կետում նշված դեպքի: Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

(7-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 26.11.15 թիվ 1423-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

7.1. Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

(7.1-ին կետը լրաց. 26.11.15 թիվ 1423-Ն որոշում)

8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս` հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները` բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե`

ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ`

գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ`

դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:

(8-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 26.11.15 թիվ 1423-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

8.1. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված` նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնելու համար ներկայացվում է մահացած երեխայի (զավակի)` նոր ծնված երեխայի ծնողներից սերման փաստը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:

(8.1-ին կետը լրաց. 26.11.15 թիվ 1423-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ նոր ծնված երեխան ծնվել է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում ներկայացված դիմումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված)

9. Մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած` սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաները (զավակները) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի են առնվում սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքում: Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած` նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում:

(9-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 26.11.15 թիվ 1423-Ն /գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ նոր ծնված երեխան ծնվել է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում ներկայացված դիմումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված/ որոշումներ)

10. Բացառությամբ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած երեխայի` նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո (մինչև նպաստը նշանակելու համար դիմելը) մահացած երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի է առնվում այն դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բավարարել է սույն կարգով սահմանված պայմանները: Նոր ծնված երեխայի խնամակալ ճանաչված անձի երեխաները (զավակները), այդ թվում` որդեգրած, ծնողի խնամակալության տակ գտնվող նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:

(10-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 29.12.15 թիվ 1564-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի

ժե պարբերության համաձայն 10-րդ կետի 2-րդ նախադասությունում

«Բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի` նոր»

բառերը պետք է փոխարինվեին «Նոր» բառով, սակայն նշված

բառերը չկան 2-րդ նախադասության մեջ, այս իսկ պատճառով

փոփոխությունը հնարավոր չէ կատարել

---------------------------------------------------------------

 

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

13. Սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցած երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների): Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս` այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):

(13-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

(14-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

15. Համաձայն սույն կարգի 8-13-րդ կետերի` սույն կարգի 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 6-րդ կետերում նշված տեղեկատվության հիման վրա նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար սույն կարգի 8-րդ կետում նշված յուրաքանչյուր երեխայի (զավակի) հատկացվում է հերթական կարգաթիվ` սկսած ավագ երեխայից (զավակից): Ավագ երեխայի (զավակի) կարգաթիվը 1-ին է: Սույն կարգի 8-րդ և 8.1-ին կետերում նշված բոլոր երեխաներին (զավակներին) հերթական կարգաթիվ` հատկացվելուց հետո հերթական կարգաթիվ է հատկացվում նաև նոր ծնված երեխային:

(15-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

15.1. Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում` սահմանված չափով):

(15.1-ին կետը լրաց. 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

16. Եթե ընտանիքում միաժամանակ ծնվել է մեկից ավելի երեխա (նոր ծնված երեխաների թիվը մեկից ավելի է), ապա նոր ծնված երեխաներին կարգաթիվ է տրվում պատահական հերթականությամբ` հաշվի առնելով սույն կարգի 15.1-ին կետի դրույթները:

(16-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

17. Ներկայացված փաստաթղթերի (սույն կարգի 3.1-ին կետում նշված դեպքում` առցանց դիմումով տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների) և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել ծնողին (ծնողին տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել նպաստը:

(17-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

18. Տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը (ծնողին տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`

1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

2) դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից 12 ամիս հետո.

3) ծնողը ներկայացված (տարածքային բաժնի կողմից ճշտված) տվյալների և փաստաթղթերի հիման վրա չունի նպաստի իրավունք, կամ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ արդեն նշանակվել է նպաստ.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

6) ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ (ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ).

7) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, և ծնողն ու նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում:

(18-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

19. Տարածքային բաժինը սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված որոշման մասին` որոշումը կայացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է ծնողին, բացառությամբ սույն կարգի 3.6-րդ կետում նշված դեպքի: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է ծնողի` բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

(19-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1423-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

20. Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը:

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

22. Եթե նոր ծնված երեխան (նոր ծնված երեխաներից մեկը) մահացել է ծնվելուց հետո` մինչև նպաստի համար դիմելը, ապա նպաստը նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով: Այս դեպքում, եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, նպաստի` պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցները`

1) վճարվում են ընտանիքի` սույն կարգի 8-րդ կետում նշված` 18 տարին չլրացած կրտսեր երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին` որպես ընտանեկան դրամագլուխ.

2) ընտանիքում սույն կարգի 8-րդ կետում նշված` 18 տարին չլրացած կրտսեր երեխա չլինելու դեպքում` միանվագ վճարվում է ծնողին:

(22-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

23. Նպաստը նշանակելու և վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նպաստի` ուղղակի վճարվող գումարն արտացոլվում է վճարման ցուցակներում:

(23-րդ կետը փոփ. 20.01.16 թիվ 81-Ն որոշում)

24. Նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է անկանխիկ եղանակով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա համապատասխան ծառայություններ մատուցող բանկի միջոցով:

(24-րդ կետը փոփ. 20.01.16 թիվ 81-Ն, 18.11.16 թիվ 1178-Ն որոշումներ)

25. Նպաստի` ուղղակի վճարվող գումարն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ծնողի կամ նրա լիազորած անձի բանկային հաշվին փոխանցելն է: Եթե ծնողը դիմումը ներկայացնում է այլ անձի միջոցով, ապա նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված` նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր: Ծնողի տված` նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է նաև լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:

(25-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն, 20.01.16 թիվ 81-Ն որոշումներ)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 20.01.16 թիվ 81-Ն որոշում)

(26-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

27. Նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրման ենթակա գումարը վճարվում է (փոխանցվում է նպաստ նշանակելու դիմումում նշված բանկի հաշվեհամարին և մուտքագրվում պետական աջակցության հաշվին) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելուց հետո:

(27-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 20.01.16 թիվ 81-Ն որոշում)

29. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարվում է բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված` նոր ծնված երեխայի ծնողին:

(29-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

30. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարելու համար նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է),

գ. ծնողի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

դ. չվճարված նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար դիմումը ներկայացնող ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը.

2) ծնողի մահվան վկայականը.

3) դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության` ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն):

(30-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 20.01.16 թիվ 81-Ն որոշումներ)

31. Սույն կարգի 30-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել չվճարված նպաստը վճարելը և դրա մասին տեղեկացնել դիմումը ներկայացնող ծնողին, որդեգրողին կամ խնամակալին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) վճարել չվճարված նպաստը դիմումը ներկայացնող ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

32. Տարածքային բաժինը մերժում է չվճարված նպաստը վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը (առկա տեղեկատվությունը) բավարար չէ չվճարված նպաստը վճարելու համար:

33. Չվճարված նպաստը վճարվում է ընդհանուր կարգով:

34. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ծնողից բռնագանձման ենթակա չէ, եթե նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան տեղավորվել է հատուկ (մասնագիտացված) հաստատությունում (մանկատանը):

(34-րդ կետը լրաց. 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 6-ի

N 275-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգով սահմանված իմաստները: Սույն կարգում կիրառվող մյուս հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) հաշվետեր` երեխա, ում անվամբ բացվել է պետական աջակցության հաշիվը.

2) ծնող` հաշվետիրոջ հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը որոշված է օրենքով սահմանված կարգով, հաշվետիրոջ խնամակալը կամ որդեգրողը.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ` հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնող, ով սույն կարգի 5-րդ կետի համաձայն ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք.

4) ընտանեկան դրամագլուխ` պետական աջակցության հաշվին առկա դրամական միջոցներ.

5) պայմանագիր` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված` ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր.

6) բանկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր կնքած բանկ:

(2-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 26.11.15 թիվ 1423-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն որոշումներ)

3. Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) ծնողի դիմումի հիման վրա: Պետական աջակցության հաշիվը տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, պայմանագրով, ծնողի և բանկի միջև կնքված` պետական աջակցության հաշվի պայմանագրով: Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը: Եթե հաշվետիրոջ ծնողը, ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը, հաշվետիրոջ հետ չի բնակվում (հաշվառված չէ) Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում, ապա ընտանեկան դրամագլուխը բանկին փոխանցելիս ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները չեն տրամադրվում: Այս դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները բանկին են տրամադրվում հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացվելուց հետո:

(3-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն որոշումներ)

4. Ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 17.03.16 թիվ 254-Ն որոշում)

4) հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ` գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով),

6) (6-րդ ենթակետի գործողությունը դադարել է 31.12.16 թվականից`

7) (7-րդ ենթակետի գործողությունը դադարել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ից` 02.03.17 թիվ 242-Ն որոշում)

8) նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից` ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:

(8-րդ ենթակետը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ` 06.03.17 թիվ 249-Ն որոշում)

(4-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 26.11.15 թիվ 1423-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 20.01.16 թիվ 81-Ն, 17.03.16 թիվ 254-Ն, 02.03.17 թիվ 242-Ն /որոշումն ունի անցումային դրույթներ/,

06.03.17 թիվ 249-Ն /որոշումն ունի անցումային դրույթներ/ որոշումներ)

4.1. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, կարող է դիմել տարածքային բաժին` ընտանեկան դրամագլխի միջոցներն այլ բանկում բացված պետական աջակցության հաշվին փոխանցելու համար` տարածքային բաժին ներկայացնելով`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, որին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը, հաշվետիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը ցանկանում է փոխանցել պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

(4.1-ին կետը լրաց. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն որոշումներ)

4.2. Սույն որոշման 4.1-ին կետում նշված տվյալները ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրում է այն բանկին, որտեղ բացված պետական աջակցության հաշվի համարին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը: Բանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության նոր հաշվին (բանկին) է փոխանցում ընտանեկան դրամագլխի գումարը:

(4.2-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

5. Ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք, եթե բնակվում է (հաշվառված է) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում և ներկայացրել է նպաստը նշանակելու դիմում: Հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք այդ մասին դիմում ներկայացնելու դեպքում, եթե`

1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է (դատական կարգով ճանաչվել է մահացած).

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

5) դադարել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի խնամակալությունը հաշվետիրոջ նկատմամբ.

6) հաշվետիրոջ նկատմամբ սահմանվել է խնամակալություն.

7) հաշվետերը որդեգրվել է.

8) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) այլ ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ.

9) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարեցվել է սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով.

10) նպաստը նշանակվել է հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում չբնակվող (չհաշվառված) ծնողին:

(5-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերում (բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք է ձեռք բերում նպաստը նշանակելու դիմումի հիման վրա) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) նրա այլ ծնողը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

2) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքները հաստատող փաստաթղթերը:

(6-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումի հիման վրա ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով բանկին է տրամադրում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները: Դիմումի բացակայության դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է սույն կարգի 11-րդ և 15-17-րդ կետերի համաձայն:

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ ծնողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:

(8-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն որոշումներ)

9. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է`

1) նոր ծնված երեխայից հրաժարվելու դեպքում.

2) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

3) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներից մեկի` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

4) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում.

5) եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողը և հաշվետերը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի տարբեր հասցեներում.

6) եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

7) եթե ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինվելու վերաբերյալ:

(9-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու օրվան հաջորդող օրվանից: Դրա մասին (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի) ծառայությունից ստացած պահանջագրի հիման վրա բանկը դադարեցնում է պետական աջակցության հաշվով գործառույթների իրականացումը` մինչև ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

(10-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 10.08.17 թիվ 976-Ն որոշումներ)

11. Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո:

12. Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողի դիմումի հիման վրա, փոխանցվում է հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված` հաշվետիրոջից հետո հերթական կրտսեր` դիմելու օրվա դրությամբ 18 տարին չլրացած երեխայի (նույն օրը ծնված երեխաներից մեկի) անվամբ բացված պետական աջակցության հաշվին:

13. Մահացած ճանաչված հաշվետիրոջ մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում, եթե դիմելու օրվա դրությամբ լրացել է նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված` կրտսեր երեխայի (հաշվի առնված բոլոր երեխաների) 18 տարին, ապա ընտանեկան դրամագլուխը միանվագ վճարվում է հաշվետիրոջ մահվան օրվա դրությամբ նրա հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրում համատեղ բնակվող (հաշվառված) ծնողին, եթե դիմումը ներկայացվել է հաշվետիրոջ մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում դիմում չներկայացվելու դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն որոշումներ)

15. Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու դեպքում, եթե հաշվետերը մահվան օրվա դրությամբ գտնվել է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ունեցել է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, ընտանեկան դրամագլուխը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

16. Հաշվետիրոջ` 18 տարին լրանալուց հետո մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(16-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

17. Սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ մահվանից հետո 3 տարվա ընթացքում այլ անձի չվճարելու դեպքում լիազոր մարմինը հայց է ներկայացնում դատարան` ընտանեկան դրամագլխի գումարն անժառանգ ճանաչելու համար: Սույն կետով սահմանված դեպքում դատական կարգով անժառանգ ճանաչված ընտանեկան դրամագլխի գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(17-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

18. Սույն կարգի 4-րդ, 8-րդ կետերում նշված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դիմում է բանկ` ներկայացնելով պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը:

(18-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1423-Ն որոշում)

18.1. Սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում նաև գույքի առուվաճառքի` նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և անշարժ գույքի նկատմամբ հաշվետիրոջ ծնողի կամ հաշվետիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, գույքը վաճառողի բանկային հաշվի համարը: Այս դեպքում պետական աջակցության հաշվին առկա միջոցները գույքը վաճառողին են փոխանցվում ոչ ուշ, քան դիմումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Վաճառողին փոխանցվող գումարը չի կարող գերազանցել առուվաճառքի պայմանագրով սահմանված` գույքի գինը:

(18.1-ին կետը լրաց. 26.11.15 թիվ 1423-Ն որոշում)

18.2. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությունը:

(18.2-րդ կետը լրաց. 26.11.15 թիվ 1423-Ն որոշում)

19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով, 8-րդ կետով սահմանված նպատակով, և դիմումի իրական շահառուն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան (զավակն) է կամ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք չունեցող ծնողը, բանկը պայմանագրով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով հարցում է կատարում ծառայությանը:

(19-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1423-Ն, 29.12.15 թիվ 1564-Ն, 17.03.16 թիվ 254-Ն որոշումներ)

20. Ծառայությունը, բանկի ներկայացրած հարցման հիման վրա նույնականացնում է դիմումի իրական շահառուին և պայմանագրով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով հաղորդագրություն է ներկայացնում բանկին` վճարումը հաստատելու կամ վճարումը մերժելու մասին: Ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով բանկ է ներկայացնում վճարումը հաստատելու մասին հաղորդագրություն, եթե դիմումի հիման վրա ներկայացված` դիմումի իրական շահառուի անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը (տեղեկանքի համարը) համընկնում են նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար ներկայացված համապատասխան տվյալներին, կամ առկա են արձանագրված անհամապատասխանությունները հիմնավորող փաստաթղթեր:

21. Բանկը, ծառայությունից ստացված հաղորդագրության հիման վրա, մերժում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու մասին դիմումը` դրա մասին տեղեկացնելով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձին, կամ դիմումում նշած բանկային հաշվին է փոխանցում համապատասխան գումարը:

(21-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

22. Սույն կարգի 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերում նշված դեպքերում անձը դիմում է տարածքային բաժին` ներկայացնելով`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ մահվան վկայականը (մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը).

4) այն երեխայի (անձի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, ում անվամբ բացված պետական աջակցության հաշվին պետք է փոխանցվի (ում միանվագ պետք է վճարվի) ընտանեկան դրամագլխի գումարը.

5) սույն կարգի 14-րդ կետում նշված` հաշվետիրոջ մահվանից 6 ամիս հետո դիմելու և 16-րդ կետում նշված դեպքերում` ժառանգության վկայականը:

(22-րդ կետը փոփ. 08.07.15 թիվ 761-Ն որոշում)

23. Ծառայությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, բանկին է տրամադրում այն երեխայի տվյալները, ում անվամբ բացված պետական աջակցության հաշվին պետք է փոխանցվի ընտանեկան դրամագլխի գումարը կամ այն անձի տվյալները, ում միանվագ պետք է վճարվի ընտանեկան դրամագլուխը:

24. Պայմանագիրը լուծելու դեպքում ընտանեկան դրամագլխի գումարը տիրապետող բանկի կողմից դրա մասին պատշաճ կարգով ծանուցվելուց հետո ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, ուրիշ բանկում աջակցության հաշիվ բացելու և այդ հաշվին նախորդ բանկում բացված աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի միջոցները փոխանցելու համար տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. մինչև պայմանագիրը լուծելը` բանկում բացված պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը ցանկանում է փոխանցել մինչև պայմանագիրը լուծելը բանկում բացված պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

(24-րդ կետը փոփ. 29.12.15 թիվ 1564-Ն որոշում)

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված դեպքում նոր պետական աջակցության հաշիվը բացվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով:

26. Մինչև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից սույն կարգի 24-րդ կետով սահմանված դիմում ներկայացնելը` պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ բանկում առկա ընտանեկան դրամագլխի միջոցները, ծառայության պահանջագրի հիման վրա, փոխանցվում են գանձապետական միասնական հաշվի` այդ նպատակով բացված ավանդային ենթահաշվին:

27. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված` ընտանեկան դրամագլխի միջոցները գանձապետական միասնական հաշվի ավանդային ենթահաշվին փոխանցելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձին:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2014
N 275-Ն
Որոշում