041.0508.230899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 1999 թվականի թիվ 508
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված և Ռուսաստանի Դաշնության կողմից մարդասիրական օգնության կարգով տրամադրված միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրով նախատեսված հանրապետության հանրակրթական դպրոցների նորոգման ու հիմնանորոգման աշխատանքները մինչև 1999/2000 թվականի ուսումնական տարվա սկիզբն ավարտելու անհրաժեշտությունից`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1999 թվականի օգոստոսի 23-ը պատվիրատուների ներկայացրած պայմանագրերի և նախահաշիվների հիման վրա հատկացնել կանխավճար` հանրակրթական դպրոցների նորոգման ու հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված ամբողջ գումարի չափով:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին`
ա) հիմնական դասապրոցեսին խանգարող նորոգման աշխատանքներն ավարտել մինչև 1999 թվականի օգոստոսի 30-ը.
բ) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 25-ը ամփոփել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել աշխատանքների կատարման մասին հաշվետվությունները:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա: