Սեղմել Esc փակելու համար:
ՕՎՍԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՕՎՍԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 71- ...

 

 

020.1227.290915

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՕՎՍԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 սեպտեմբերի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչներ Ա.Ղազարյանի, Ե. Վարոսյանի, Ա. Զեյնալյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Օվսանա Գալստյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Օվսանա Գալստյանի` 17.04.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 01.06.2006 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 14.06.2006 թվականին և ուժի մեջ է մտել 01.07.2006 թվականից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարան դիմում են դատարանները, ինչպես նաև գլխավոր դատախազը, եթե գտնում են, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված որևէ իրավական ակտի, որն ունի նորմատիվ բնույթ, դրույթը կամ դրույթները, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են Սահմանադրությանը»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Օվսանա Գալստյանը 09.07.2014թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ առողջապահության նախարարության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի 19.12.2013թ. թիվ 15/2-134 և 13.01.2014թ. թիվ 15/2-02 որոշումներն անվավեր ճանաչելու և ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին դիմումներով հայցվող տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

ՀՀ վարչական դատարանն իր` 17.07.2014թ. որոշմամբ մերժել է հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ. ա/ առկա չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից դրսևորված անգործության փաստ, քանի որ վերջինս արձագանքել է դիմումին և տվել պատասխան, բ/ ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի 19.12.2013թ. թիվ 15/2-134 և 13.01.2014թ. թիվ 15/2-02 որոշումներն իրենցից ներկայացնում են գրություններ և չեն հանդիսանում այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտեր, գ/ ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին դիմումներով հայցվող տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը հանդիսանում է հետևանքների վերացման ածանցյալ պահանջ և, քանի որ վերը նշված երկու հիմնական պահանջների մասով նշված հարցի լուծումը կանխորոշում է նաև հետևանք հանդիսացող ածանցյալ պահանջի լուծումը, ուստի այդ պահանջի մասով ևս հայցադիմումի ընդունումը, որպես ածանցյալ պահանջ, ենթակա է մերժման:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 12.09.2014թ. որոշմամբ մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը` վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի 17.07.2014թ. որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 22.10.2014թ. որոշմամբ մերժել է դիմողի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Գործի վերաքննության փուլում դիմողը միջնորդել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանին կասեցնել գործի վարույթը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված լիազորության իրացմամբ դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության հարցով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 12.09.2014 թվականի որոշմամբ անդրադարձել է միջնորդությանը և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը, 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը` նշել հետևյալը. «... Վերոհիշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական պաշտպանության դիմելու իրավունքը, որպես ընդհանուր կանոն, վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ, իսկ որպես բացառիկ կանոն գործում է ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքը: Նմանատիպ մոտեցում է ցուցաբերված նաև սահմանադրական արդարադատության բնագավառում, որտեղ նախատեսված է նաև իրավական նորմերի կոնկրետ վերահսկողության ինստիտուտը, որի շրջանակներում օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել դիմելու ՀՀ սահմանադրական դատարան, այն դեպքերում, երբ դատարանի կարծիքով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Ընդ որում նշված իրավանորմի կիրառումը դատարանի իրավունքն է և այդ իրավունքն իրականացնելը պետք է բխի արդարության պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից:

Վերաքննիչ դատարանի կարծիքով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ դատական պաշտպանության իրավունքը համարվում է սահմանափակվող իրավունք և օրենսդիրը` վարչական դատարան դիմելու իրավունքի իրականացումը, յուրաքանչյուր դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների առկայությամբ, իսկ հայց հարուցելու իրավունքի նախադրյալների բացակայությունն ինքնին բացառում է տվյալ հայցադիմումի քննության ընդունումը:

Տվյալ դեպքում, երբ բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի առարկան` բացակայում է նաև նշված հայցատեսակով հայց հարուցելու իրավունքի նախադրյալը, ինչն էլ հանգեցնում է Դատարանի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ղեկավարվելու պարտականությանը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի կարծիքով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և, ըստ այդմ բացակայում է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարչական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման...»:

3. Դիմողի փաստարկները հանգում են հետևյալին. դիմողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներում ամրագրված դատական պաշտպանության իրավունքից բխում է ինչպես Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով երաշխավորված` Սահմանադրական դատարան դիմելու` անձի սուբյեկտիվ իրավունքը, այնպես էլ դատարանների` Սահմանադրական դատարան դիմելու պարտականությունը` կիրառման ենթակա իրավական ակտի` ընդհանրապես, և օրենքի դրույթի` մասնավորապես, վերաբերյալ դատավարության կողմի արտահայտած` ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ կասկածի դեպքում:

Ըստ դիմողի` իրավակիրառական պրակտիկայում դատարանները «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասին հաղորդել են այնպիսի իմաստ, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը դատարաններին իրավունք է վերապահում գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին հարուցված միջնորդությունը քննարկելիս դրսևորել լայն հայեցողություն կամ լռելյայն մերժել միջնորդությունը, չպատճառաբանել միջնորդության մերժումը, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը ոչ թե պարտականություն է, այլ բացարձակ հայեցողություն, որ միջնորդության մեջ նշված հիմքերի և դրանց առնչությամբ շարադրված փաստարկներին համաձայն չլինելու պարագայում միջնորդությունը կարելի է մերժել` արտահայտելով առաջադրված դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ դիրքորոշում:

Դիմողը նաև նշում է, որ անձի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարանը պետք է քննության առնի միջնորդությունը` դրա ակնհայտ անհիմն լինել-չլինելու տեսակետից, և ընդունի պատճառաբանված որոշում. ընդհանուր իրավասության դատարաններն իրավունք չունեն իրականացնել սահմանադրական արդարադատություն` որոշել, որ դատավարության կողմի մոտ հակասահմանադրականության մասին կասկած հարուցած դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:

4. Պատասխանողը գտնում է, որ, ըստ էության, վիճարկվող նորմից հետևում է, որ այստեղ գործ ունենք դատարանի հայեցողական լիազորության հետ, որը, սակայն, չի կարող կամայականորեն իրականացվել: Այն պետք է իրականացվի օրենքի շրջանակներում` հաշվի առնելով նման իրավակարգավորման նպատակները: Սահմանադրական դատարան դիմելու` դատարանի լիազորությունն ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է անձանց իրավունքները հնարավոր հակասահմանադրական օրենքի հետևանքներից պաշտպանելու անհրաժեշտությամբ: ՈՒստի կիրառման ենթակա դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածները, որոնք կարող են վտանգել անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացումը, դատարանների համար պետք է հիմք հանդիսանան սահմանադրական դատարանում նշված դրույթի սահմանադրականության հարցը բարձրացնելու համար: Պատասխանողը նաև նշում է, որ «Սահմանադրական դատարան դիմելու յուրաքանչյուր միջնորդության չհիմնավորված բավարարումը կարող է հանգեցնել նաև դատական քննության ողջամիտ ժամկետի խախտման», ինչպես նաև` «... դատարանների կողմից միջնորդությունների մերժման հնարավորությունը, որը դատավարական օրենսգրքերի կարգավորման առարկա է, ըստ էության, արդյունավետ մեխանիզմ է սահմանադրական դատարան դիմելու իրավունքի հնարավոր չարաշահումները կանխելու համար»: Ըստ պատասխանողի` համապատասխան հիմքերի առկայության դեպքում սահմանադրական դատարան դիմելը դատարանների համար սահմանադրական պարտականություն է, որը պետք է իրականացվի ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում` հաշվի առնելով անձանց հիմնական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, իսկ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության կողմերի միջնորդությունների մերժումը պետք է լինի հիմնավորված:

5. ՈՒսումնասիրելով գործի նյութերը` սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից վկայակոչված`իր դատական պաշտպանության իրավունքի ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ վիճարկվող նորմի սահմանադրականությամբ և նույնիսկ այդ նորմի կիրառմամբ կամ չկիրառմամբ, առկա չէ որևէ պատճառահետևանքային կապ վիճարկվող նորմի և դիմողի դատական պաշտպանության իրավունքի ենթադրյալ խախտման միջև: Դիմողի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի` որպես իր իրավունքների ենթադրյալ խախտման հանգեցրած նորմի վիճարկումը հիմնավորված չէ: Դիմողն ընդհանուր իրավասության դատարանից պահանջում էր դիմել սահմանադրական դատարան հայցադիմումի մերժման հիմքերի սահմանադրականության հարցով: Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ այդ իրավիճակում դատարանը կարող էր կասեցնել հայցադիմումը վարույթ ընդունելու գործընթացն ու դիմել սահմանադրական դատարան այն դեպքում, երբ գտներ, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված որևէ իրավական ակտի, որն ունի նորմատիվ բնույթ, դրույթը կամ դրույթները, որոնք ենթակա են կիրառման իր վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են Սահմանադրությանը: Թեև դատարանի պարտականությունն է դիմել սահմանադրական դատարան, այնուհանդերձ, նման պարտականությունը ծագում է այն պահից, երբ դատարանը հիմնավոր կասկածներ ունի, որ կիրառման ենթակա նորմը հակասում է Սահմանադրությանը: Բոլոր այն դեպքերում, երբ առկա չեն այդ հիմնավոր կասկածները, ըստ օրենքի` դատարանը պարտավոր չէ դիմել սահմանադրական դատարան: Հետևաբար, դիմողի այն պնդումը, ըստ որի` իր միջնորդության առկայության պարագայում դատարանը պարտավոր է անվերապահորեն դիմել սահմանադրական դատարան, համահունչ չէ արդարադատության էությանը, քանի որ հայտնի է, որ դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների միջնորդություններով, և դատավորն էլ գործում է, ի թիվս այլնի, իր ներքին համոզմունքի հիման վրա: Այս հանրահայտ սկզբունքները կոչված են երաշխավորելու դատավորի անկախությունն ու ինքնուրույնությունը: Հետևաբար, միայն այն փաստը, որ դատարանը հիմնվելով օրենքի վրա` չի դիմել սահմանադրական դատարան` չտեսնելով տվյալ գործով կիրառման ենթակա իրավանորմի և Սահմանադրության միջև հակասություն, դեռևս բավարար հիմք չէ, որ դիմողը պնդի իր սահմանադրական իրավունքների խախտման մասին:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողն անուղղակիորեն առաջ է քաշում դատական ակտի իրավաչափության գնահատման խնդիր, ինչը դուրս է սահմանադրական դատարանի իրավասությունից, և դիմողն այդ հարցով իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան:

ՈՒստիև, հիմնվելով վերոշարադրյալի վրա` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքերով:

6. Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև դիմողի այն փաստարկներին, որ ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներում ամրագրված դատական պաշտպանության իրավունքից բխում է դատարանների` սահմանադրական դատարան դիմելու պարտականությունը, որ իրավակիրառական պրակտիկայում դատարանները «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասին հաղորդել են այնպիսի իմաստ, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը դատարաններին վերապահում է սահմանադրական դատարան դիմելու իրավունք, այլ ոչ թե սահմանում է պարտականություն, որ դիտարկվող նորմը դատարաններին վերապահում է սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությունն առանց պատճառաբանման մերժելու իրավունք:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթում «եթե գտնում են» բառակապակցությունից բխում է, որ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները միջնորդության վերաբերյալ պատճառաբանված որոշում կայացնելու պարտականության նկատառումներով բոլոր դեպքերում պարտավոր են դիրքորոշում /կարծիք/ արտահայտել միջնորդության մեջ նշված իրավանորմի սահմանադրականության առնչությամբ իրենց հիմնավոր կասկածի կամ դրա բացակայության վերաբերյալ, ինչը չի նշանակում այդ նորմերի սահմանադրականությունը որոշելու իրավասություն: Վերջինս վերապահված է բացառապես սահմանադրական դատարանին: Դատարանի` գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ ներկայացված միջնորդության առնչությամբ արտահայտած կարծիքը չի նույնանում սահմանադրական արդարադատության իրականացման հետ և չի դառնում վերջինիս այլընտրանք, քանզի նման կարծիքն ուղղված է բացառապես միջնորդության մերժմանը կամ բավարարմանը: Հետևանքների տեսանկյունից այն երբեք չի նույնանում սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշման հետ և չի հանգեցնում վերաբերելի իրավական նորմի իրավաբանական ուժի փոփոխության:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթով դատարաններին վերապահված` սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը, անշուշտ, ենթադրում է դատարանի պարտականության առկայություն: Դեռևս 18.09.2013 թվականին ընդունված ՍԴՈ-1114 որոշման մեջ անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 7-րդ կետով ՀՀ դատարաններին վերապահված հնարավորության խելամիտ իրացման խնդրին` սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «դա կարող է երաշխավորվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության ճիշտ մեկնաբանման ու կիրառման պարագայում: Վերջինում «գտնում են» արտահայտությունը պետք է ընկալել որպես հայեցողական դիրքորոշում, հիմնավոր կասկածով պայմանավորված` դատավորի իրավական վերլուծության արդյունք»:

Սահմանադրական դատարանը նաև հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել, որ «իրավունքի գերակայության սկզբունքով առաջնորդվելիս սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը դատարանների համար պետք է ընկալել ոչ միայն իրավունք, այլև պարտականություն»: Օրենսդրական հետագա զարգացումները պետք է ընթանան այս ուղղությամբ:

Նման պարտականությունը, սակայն, դատարանների համար ծագում է այն պահից, երբ դատարանները հիմնավոր /ողջամիտ/ կասկած կունենան, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված որևէ իրավական ակտի, որն ունի նորմատիվ բնույթ, դրույթը կամ դրույթները, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Օվսանա Գալստյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 սեպտեմբերի 2015 թվականի

ՍԴՈ-1227

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.09.2015
N ՍԴՈ-1227
Որոշում