Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

27 մայիսի 2015 թվականի N 23

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թ. մայիսի 27-ի նիստի

N 23 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Անապատացումը որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր

1) Անապատացումը բնութագրվում է որպես չորային շրջաններում հողի դեգրադացիայի եզրափակիչ փուլ: Այն, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը, որի հետևանքով նվազում կամ վերանում է տվյալ տարածքի կենսաբանական կարողությունը: Այդ է պատճառը, որ անապատացման դեմ պայքարն ընդգրկում է ոչ միայն բնական էկոհամակարգերի, դրանց բաղադրիչների և բնական պաշարների պահպանության ու օգտագործման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, այլև շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանն ուղղված ջանքերը, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական գործոնները: Հետևաբար, անապատացման դեմ պայքարի արդյունավետությունը, նախ և առաջ, պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմանների խորը վերլուծությունից և բնական պաշարների ներուժի բացահայտումից: Անապատացման, հողերի դեգրադացիայի և երաշտի հետևանքները վառ արտահայտվում են աղքատ գյուղական շրջաններում: Այս խնդիրների հետ առնչվում են ավելի քան 110 երկրներ: Աշխարհում մոտ 1.5 միլիարդ մարդ ուղղակի կախվածության մեջ են չորային հողերից:

2) Ռիո+20-ի ավարտական զեկույցում նշված է, որ անապատացումը, հողի դեգրադացիան և երաշտը գլոբալ խնդիրներ են, որոնց լուծումը հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին հասնելն է, ինչը կխթանի ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը: Հողերի չեզոք դեգրադացիան ենթադրում է հողային ռեսուրսների վիճակի բարելավում` նպատակաուղղված տնտեսական, սոցիալական և բնապահպանական օգուտների աճին: Ըստ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 8/COP.11 որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակված սահմանման` «Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ բերրի և առողջ հողային ռեսուրսների քանակը մնում է անփոփոխ կամ ավելանում որոշակի ժամանակահատվածի և տարածական ծավալների սահմաններում, ինչն անհրաժեշտ է կենսական նշանակություն ունեցող էկոհամակարգային ծառայությունների ապահովման համար»: Հողերի չեզոք դեգրադացիան ազգային մակարդակով քաղաքականության մեջ ներառելու ուղիներն են`

ա. ընդգրկել հողերի չեզոք դեգրադացիայի վերաբերյալ դրույթները ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարությանը ներդաշնակեցված Գործողությունների ազգային ծրագրում.

բ. մշակել հողերի չեզոք դեգրադացիայի իրականացման ծրագիր:

 

2. «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի» իրականացման գործընթացը

1) «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը» հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2002 թ. մարտի 28-ի N 13 արձանագրային որոշմամբ: Անցած ժամանակահատվածում միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները:

ա. հայերեն լեզվով թարգմանվել և հրատարակվել է «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի տեքստը և Հայաստանում անապատացման երևույթները լուսաբանող գիտահանրամատչելի ձեռնարկներ.

բ. ՀՀ Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում իրականացվել են տեղեկատվական և ուսումնական սեմինարներ` անապատացման երևույթների կանխարգելման վերաբերյալ.

գ. 2002-2004 թթ. ընթացքում ՀՀ բնակավայրերի տարածքներում իրականացվել է առաջնահերթ հակասողանքային միջոցառումների ծրագիրը, որը ներառել է նաև սողանքների ռեժիմային ուսումնասիրման աշխատանքները.

դ. 2003-2006 թթ. իրականացվել են «ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի անապատացման ենթարկված հողատարածքների վերականգնում» և «ՀՀ Տավուշի մարզի Մակարավանք հուշահամալիրի տեղամասի ինժեներաերկրաբանական հետազոտական աշխատանքներ» ծրագրերը, որոնց արդյունքում ընդլայնվել են Գառնի համայնքի ոռոգվող տարածքները, տրվել են հակասողանքային միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ` Մակարավանքի հուշահամալիրի պահպանության նպատակով.

ե. 2002-2009 թթ. «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացվել են նաև անապատացման երևույթների մեղմացմանն ուղղված միջոցառումներ.

զ. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացվել են ոռոգելի տարածքների ընդլայնման, ինչպես նաև` դրենաժային համակարգերի վերականգնման աշխատանքներ: Ոռոգելի հողատարածքները, 2007 թ. համեմատ, ավելացել են շուրջ 1300 հա-ով: Իրականացվել են բնական կերհանդակների բարելավման և ջրարբիացման աշխատանքներ, որի շրջանակներում վերականգնվել են շուրջ 12 կմ ջրարբիացման համակարգեր, ինչի շնորհիվ օգտագործելի են դարձել ավելի քան 18000 հա հեռագնա բնական արոտներ.

է. «Իրիգացիոն համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է 260 կմ ջրագիծ, վերականգնվել և կառուցվել են 238 խորքային հոր, մաքրվել և անցկացվել է գործող 310 կմ դրենաժային ցանց:

2) «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների և «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրով» նախատեսված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ մշակվել և կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացվել հինգ Ազգային զեկույց: Վերջիններս հավանության են արժանացել կոնվենցիայի քարտուղարության կողմից և տեղադրվել են կոնվենցիայի պաշտոնական կայքում (http://www.unccd.int):

 

3. Անապատացման դեմ պայքարի 10-ամյա ռազմավարությունը

1) 2007 թվականին ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմ երկրների 8-րդ կոնֆերանսը հաստատեց կոնվենցիայի իրականացման 10-ամյա ռազմավարական ծրագիրը 2008-2018 թվականների համար, որի հիմնական նպատակն է մինչև 2018 թվականը ձևավորել գլոբալ համագործակցություն` նպատակաուղղված վնասվող տարածքներում հողերի դեգրադացիայի երևույթների կանխարգելմանը, երաշտի հետևանքների մեղմացմանը, աղքատության նվազեցմանը և շրջակա միջավայրի կայունության ապահովմանը: Արդյունքում որոշվել են հետևյալ չորս ռազմավարական նպատակները.

ա. բարելավել բնակչության կյանքի պայմանները վնասվող տարածքներում.

բ. բարելավել վնասվող էկոհամակարգերի վիճակը.

գ. հասնել գլոբալ օգուտների` կոնվենցիայի արդյունավետ իրականացման հաշվին.

դ. արդյունավետ համագործակցություն հաստատել ազգային և միջազգային սուբյեկտների միջև` մոբիլիզացնելով ռեսուրսները:

2) Ռազմավարությունն ընդգրկում է հինգ օպերատիվ նպատակներ, որոնք կարճաժամկետ կամ միջնաժամկետ (3-5 տարի) ժամանակահատվածում իրականացնելով պետք է նպաստեն ռազմավարական նպատակների կատարմանը: Անապատացման, հողերի դեգրադացիայի դեմ պայքարի և երաշտի հետևանքների մեղմանն ուղղված օպերատիվ նպատակները հետևյալն են.

ա. իրականացնել կրթական, տեղեկատվական և քարոզչական գործունեություն` միջազգային, ազգային և տեղական մակարդակներով.

բ. նպաստել որոշումներ կայացնելու գործընթացների արդյունավետությանը.

գ. օժանդակել գիտատեխնիկական գիտելիքների տարածմանը.

դ. բացահայտել կարիքները` ներուժի հզորացման համար.

ե. նպաստել ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներում ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացմանը:

3) Յուրաքանչյուր օպերատիվ նպատակի իրականացման համար որոշված են ակնկալվող վերջնական արդյունքներ, որոնք արտացոլում են կարճաժամկետ և միջնաժամկետ ազդեցությունները: Ռազմավարությունում բերված են նաև գործունեության իրականացման շրջանակները, որոնք սահմանում են կոնվենցիայի տարբեր հաստատությունների, մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները: Ռազմավարական նպատակների կատարումն ապահովելու համար մշակվել է հաշվետվությունների և մոնիթորինգի համակարգ, որը ստեղծվել է ազդեցության և արդյունավետության ցուցանիշների օգտագործմամբ: Ընդ որում` ազդեցության ցուցանիշների կիրառմամբ հաշվետվությունները կոնվենցիային անդամակցած երկրները պետք է ներկայացնեն 4 տարին մեկ, իսկ արդյունավետության ցուցանիշների կիրառմամբ հաշվետվությունները, որոնք վերաբերում են օպերատիվ նպատակների կատարմանը, ներկայացվում են 2 տարին մեկ:

 

4. ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կապը «Կենսաբանական բազմազանության մասին» և «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիաների հետ

1) Կենսաբազմազանության պահպանությունը, կլիմայի փոփոխությունը և հողերի դեգրադացիան/անապատացումը խիստ փոխկապակցված գործընթացներ են:

2) Երկրի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակի ավելացումն ու մարդու կողմից կանաչ զանգվածների կրճատումը նպաստում են գլոբալ տաքացման ակտիվացմանը, որի արդյունքում մեծանում է կլիմայական բաղադրիչի բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա: Այն արտահայտվում է պոպուլյացիաների և տեսակների թվաքանակի կրճատմամբ, տեսակների տարածման արեալների և կենսացիկլի տարածաժամանակային փոփոխությամբ, տեսակների դեմոգրաֆիկ ցուցանիշների փոփոխությամբ, վնասատուների թվաքանակի և հիվանդությունների զանգվածային բռնկումների ավելացմամբ, մրցակից տեսակների միջև հավասարակշռության խախտմամբ, ինվազիվ տեսակների տարածմամբ և այլն: Այսպիսի բազմաբնույթ փոփոխությունները խոր ազդեցություն են թողնում ինչպես բնական պաշարների վիճակի, այդպես էլ հասարակության առողջ ապրելակերպի վրա:

3) Բուսականությունը և դրա ֆիզիկական կառուցվածքի բազմազանությունը օժանդակում են հողերի պահպանությանը և կազմավորմանը, ինչպես նաև կարգավորում են ջրերի մակերևութային հոսքը, միկրոկլիման, տարբեր հողերում մթնոլորտային տեղումների ներծծումը` ապահովելով չորային և կիսաչորային տարածքներում էկոհամակարգային ծառայությունների պահպանությունը: Ընդ որում` էկոհամակարգային ծառայությունների փոխկապակցվածության խախտումը հանդիսանում է չորային և կիսաչորային տարածքների անապատացման առանցքային գործոններից մեկը, երբ բնական պաշարների էկոլոգիապես անթույլատրելի երկարատև տնտեսավարումը (օգտակար հանածոների արդյունահանում, գերարածեցում, ջրային և անտառային ռեսուրսների գերօգտագործում և այլն) չի համապատասխանում բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի էկոլոգիական բարվոք վիճակն ապահովող պայմաններին: Տնտեսական օգտագործման ենթարկված տարածքներում անապատացման գործընթացների դրսևորման մակարդակը և արագությունը կախված են ոչ միայն հողօգտագործման սխալ եղանակներից և մեթոդներից, այլև հողերի օգտագործման և պահպանության հարաբերության միջև հավասարակշռության բացակայությունից: Յուրաքանչյուր կոնկրետ տարածաշրջանում անապատացման գործընթացների կանխումը/մեղմացումը հնարավոր է միայն տարածքի բնական պաշարների ներուժի «օգտագործում-բարելավում-պահպանում» հարաբերության գնահատման դեպքում, որը կապահովի բնական միջավայրի լանդշաֆտա-էկոլոգիական հավասարակշռության պահպանությունը: Վերջինս հանդիսանում է Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի կարևորագույն դրույթներից մեկը, որի կիրառումը կնպաստի դեգրադացված տարածքների վերականգնման և կառավարման գործընթացին:

 

II. ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

5. Անապատացման չափանիշները. Հայաստանի Հանրապետության տարածքում անապատացման չափանիշներն են`

1) խոնավացման գործակցի նվազեցման միտումը.

2) օդի և հողի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը.

3) բացարձակ ջերմաստիճանների լայնույթը (ամպլիտուդան) և մեծացումը.

4) գոլորշիացման մեծացումը.

5) տեղումների քանակի նվազեցումը.

6) հողագոյացման պրոցեսի բնույթի փոփոխությունը.

7) կենսաբազմազանության նվազումը.

8) գետային հոսքի նվազեցումը.

9) հողերի վատթարացման (բեդլենդացման) պրոցեսի ակտիվացումը.

10) հողերի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի վատթարացումը.

11) սելավաբերության և էրոզիայի աճը.

12) ցանքատարածությունների արդյունավետության իջեցումը և հումուսի նվազեցումը.

13) մարդածին ներգործության ակտիվացումը.

14) հողերի չեզոք դեգրադացիան:

 

6. Անապատացման գործոնները. Հայաստանի Հանրապետության տարածքում անապատացման գործոնները բաժանվում են երկու խմբի` բնական և մարդածին:

1) Բնական գործոններն են`

ա. երաշտները, որոնց հաճախականությամբ աչքի են ընկնում Արարատյան գոգավորության ցածրադիր և նախալեռնային գոտիները, Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի առանձին շրջաններ.

բ. խորշակները, որոնք պայմանավորված են արևադարձային օդային զանգվածների ներխուժմամբ և ինտենսիվ դիտվում են Արարատյան դաշտում, Վայքում, Սյունիքում.

գ. խոնավության պակասորդը, որը պայմանավորված է տեղումների նվազմամբ և ջերմաստիճանի աճով.

դ. գեոմորֆոլոգիական առանձնահատկությունները (ռելիեֆի մասնատման խտությունը, խորությունը, լեռնալանջերի թեքությունը, լանջերի կողմնադրությունը).

ե. սողանքային երևույթները, որոնք ընդգրկում են շուրջ 1216 կմ2 մակերես (հանրապետության տարածքի շուրջ 4.1%).

զ. սելավները, որոնք ինտենսիվ արտահայտված են միջին բարձրության լեռնային գոտում, որը զբաղեցնում է հանրապետության տարածքի կեսից ավելին.

է. ջրածածկումներն ու ողողումները, որոնք լայն տարածում ունեն Արարատյան ու Շիրակի հարթավայրերում, Սևանա լճի շրջակա գոտու որոշ հատվածներում, ինչպես նաև ՀՀ Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի առանձին բնակավայրերում.

ը. բնական աղակալումը, որը տարածված է հարթավայրերի ցածրադիր տարածքներում, ուր ստորգետնյա ջրերի մակարդակը մոտ է երկրի մակերևույթին:

2) Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիս-սեպտեմբեր ամիսներին եղանակի ձևավորման գլխավոր գործոնը Արաբական թերակղզու շրջաններում ձևավորված արևադարձային Ջերմային ցիկլոնն է (Ջերմային դեպրեսիան): ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ էքստրեմալ բարձր ջերմաստիճանները, ուժեղ երաշտները և խորշակները պայմանավորված են այս բարիկական դաշտի հետ: Ջերմային դեպրեսիան Հայաստանի տարածք ներթափանցում է տարեկան միջինը 17 անգամ, առավելագույնը դիտվել է 2006 թ.` 51, նվազագույնը` 1967 թ.` 1 անգամ: Ըստ ամիսների այս պրոցեսի ամենամեծ կրկնելիությունը դիտվում է հուլիս-օգոստոս ամիսներին` միջինը 7-8 օր: 1978-2008 թթ.-ին Ջերմային դեպրեսիայի ազդեցության դեպքերի թիվը, համեմատած 1948-1978 թթ.-ի հետ, աճել է 61%-ով (նկար 1), ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի տարածքում մեծացել է բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով ամառների կրկնելիությունը: Ընդ որում` Հայաստանի տարածքի մոտ 12789.5 քառ.կմ (Սևանա լճի շրջակա տարածքը 860.6 քառ.կմ) կազմում են կիսաչոր և չոր կիսախոնավ շրջանները, կամ տարածքի 43% (նկար 2):

 

Նկար 1. Ջերմային ցիկլոնի ազդեցությամբ օրերի թիվը 1948-2008 թթ.

Նկար 2. Երաշտային տարածքները ՀՀ-ում (մանուշակագույն)

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

3) Մարդածին գործոններն են`

ա. քաղաքաշինական գործունեությունը, երբ շինարարության համար բարենպաստ հողատարածքների խիստ սակավության պատճառով յուրացվել են ինժեներաերկրաբանական բարդ պայմաններով տարածքներ, մասնավորապես` մեծ թեքությամբ լանջեր, կտրտված ռելիեֆով տեղամասեր, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա և այլ տարածքներ, որտեղ զգալիորեն ակտիվացել են արտածին երկրաբանական պրոցեսները, հատկապես` սողանքները.

բ. գյուղատնտեսությունը, երբ խախտվում են վարի կանոնները, բացակայում կամ ճիշտ չի կիրառվում ցանքաշրջանառությունը, ոռոգման ջուրն արդյունավետ չի օգտագործվում, գերծանրաբեռնվում են արոտավայրերը.

գ. ոռոգման և դրենաժային ցանցերի խափանումները (այդ թվում` փոքր ՀԷԿ-երի կողմից ամռան ամիսներին իրականացվող ջրառը) և դրանց չվերականգնելը.

դ. ճանապարհային էրոզիան, երբ թեք լեռնալանջերում ավտոմեքենաների անիվների տեղում ջրաշիթերի միջոցով ձևավորվում են ձորակներ ու հանդակներ, էրոզիոն օջախներ.

ե. ապօրինի անտառահատումները.

զ. ընդերքօգտագործումը, հատկապես, երբ այն իրականացվում է բաց եղանակով.

է. արտեզյան ջրերի պաշարների չարաշահումը.

ը. հողերի աղտոտումը, որի աղբյուրն են` էներգետիկան, արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, կոմունալ տնտեսությունը, աղբյուսները.

թ. կենսաբանական բազմազանության խախտումը:

4) 2009-2013 թթ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման, էներգետիկայի և բնական պաշարների, արտակարգ իրավիճակների նախարարությունների, մարզպետարանների, Գիտությունների ազգային ակադեմիայի և այլնի հաշվետվությունների, ամփոփ զեկույցների վերլուծությունը վկայում է, որ համեմատած նախորդ ժամանակահատվածի հետ, մարդածին ազդեցությամբ պայմանավորված, էկոհամակարգերին սպառնացող վտանգները հիմնականում փոփոխություններ չեն կրել: Հարկ է նշել, որ բնական պաշարների կորուստները և էկոհամակարգային ծառայությունների փոփոխությունները շատ դեպքերում միայն մեկ գործոնի արդյունք չեն, այլ համալիր ներգործությունների հետևանք են: Էկոհամակարգերի դեգրադացման տեմպերի աճը պայմանավորված է տնտեսական և հասարակական գործունեության որոշակի ակտիվացմամբ, որն արտահայտվում է կենսառեսուրսների գերօգտագործմամբ, հանքավայրերի շահագործմամբ, հողերի սեփականաշնորհմամբ, կառուցապատված տարածքների ընդլայնմամբ, գյուղատնտեսության աշխուժացմամբ, զբոսաշրջության զարգացմամբ:

 

7. Լանդշաֆտների անապատացման առանձնահատկությունները

1) Հայաստանի լեռնային ռելիեֆը նպաստել է 10 տարբեր տիպի լանդշաֆտային գոտիների ձևավորմանը (նկար 3): Գոյություն ունեն նաև մի շարք ինտրազոնալ լանդշաֆտներ (ջրաճահճային, ժայռային, փլվածքային, քարակուտակային), որոնք տարածված են գրեթե բոլոր բարձրունքային գոտիներում: Հետազոտությունները հաստատում են, որ երկրաբանական զարգացման ընթացքում ամբողջ Հայկական լեռնաշխարհում լանդշաֆտների էվոլյուցիան ունեցել է մեկ ընդհանուր միտում` թույլ արտահայտված խոնավ մերձարևադարձային տիպի լանդշաֆտների տրանսֆորմացիան փոփոխական խոնավ անտառային և բարեխառն խոնավ մարգագետնատափաստանային, ապա ճմատափաստանային և բուն տափաստանային տիպի լանդշաֆտների: Դա նշանակում է, որ տիրապետել է արիդացման միտումը, որը շարունակվում է նաև ներկայումս:

 

Նկար 3. Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիները

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

2) Հայաստանի Հանրապետության լանդշաֆտների վերընթաց գոտիականության կառուցվածքի ուսումնասիրությունները վկայում են, որ հանրապետության հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան և ներքին շրջանների լանդշաֆտների սպեկտորները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Ջերմության և խոնավության հարաբերակցության տարբերությունների հիման վրա առանձնանում են վերընթաց գոտիականության երկու լանդշաֆտա-էկոլոգիական շարքեր: Հանրապետության հյուսիս-արևելքին և մասամբ հարավ-արևելքին բնորոշ են մեզոֆիտ, իսկ ներքին շրջաններին` քսերոֆիտ լանդշաֆտային էկոլոգիական շարքերը: Բարձրադիր գոտիականության կառուցվածքի նման առանձնահատկությունը հանդիսանում է լանդշաֆտների արիդայնությունը բնութագրող կարևոր լանդշաֆտա-երկրաֆիզիկական երևույթ (նկար 4):

 

Նկար 4. Արիդայնության գործակցի փոփոխությունը ըստ տեղանքի բարձրության (H, մ)

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

3) Հանրապետության հյուսիսում, հյուսիս-արևելքում և, մասամբ, հարավ-արևելքում ձևավորված մեզոֆիտ շարքը ներառում է ցածր լեռնային հետանտառային, չոր տափաստանային, չորային նոսր անտառային և անտառային, միջին լեռնային, անտառային խոնավ տափաստանային և տափաստանացված մարգագետնային, բարձր լեռնային մերձալպյան և ալպյան մարգագետնային լանդշաֆտները: Քսերոֆիտ շարքը բնորոշ է Հայաստանի մնացած ներքին շրջաններին և ներառում է ցածր լեռնային կիսաանապատային և չոր տափաստանային, միջին լեռնային բարեխառն-չորային, բարեխառն-խոնավ և խոնավ տափաստանային, նոսրանտառային, մարգագետնատափաստանային, բարձր լեռնային մերձալպյան և ալպյան մարգագետնային, ինչպես նաև մերձձնային լանդշաֆտները: Վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ ըստ արիդայնության աստիճանի առանձնացվում են լանդշաֆտների հինգ խմբեր` չոր, կիսաչոր, չափավոր չոր, կիսախոնավ և խոնավ: Դրանք տեղաբաշխված են տարբեր հիդրոթերմիկ արեալներում` իրենց բնորոշ չորայնության գործակցի և խոնավության պայմանների տարբեր ցուցանիշներով (նկար 5): Առավել հարմար չափանիշ է համարվում ըստ տեղադիրքի արիդայնության գործակցի բանաձևը`

 

r

K = --------------------

5.12 IVsumX to+306

 

որտեղ K - արիդայնության գործակիցն է, r - միջին տարեկան տեղումներն են (մմ), t - միջին ամսական ջերմաստիճանը վեգետացիայի ընթացքում (ապրիլից մինչև հոկտեմբեր oC): Այս բանաձևի առավելությունը կայանում է նրանում, որ կարող են օգտագործվել բոլոր օդերևութաբանական կայանների տվյալները` առանց հաշվի առնելու տեղումների և ջերմաստիճանների ներտարեկան բաշխվածությունը:

4) Հայաստանի տարածքի բարձրադիր գոտիականության լանդշաֆտա-էկոլոգիական շարքերի կլիմայական արեալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեզոֆիտ շարքը աստիճանաբար վերածվում է քսերոֆիտ շարքի, որը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով.

ա. ցածր լեռնային չոր տափաստանները զգալիորեն տեղաշարժվում են վեր իրենց տակ առնելով միջին լեռնային չոր տափաստանները: Ավելի քիչ միախառնվում են չոր տափաստանային և կիսաանապատային լանդշաֆտների արեալները: Նման պատկերը ըստ երևույթին ձևավորվել է ոչ վաղուց և վկայում է, որ առավել չորային լանդշաֆտներն ընդարձակում են իրենց տարածքները.

բ. բարեխառն չոր և բարեխառն խոնավ տափաստանային լանդշաֆտները տեղաշարժվում են վեր` զբաղեցնելով տափաստանացված մարգագետինների արեալները.

գ. տափաստանացված մարգագետինների և նոսր անտառային լանդշաֆտների արեալները գրեթե ամբողջությամբ ծածկում են իրար, ինչն ակնհայտորեն ապացուցում է արիդացման միտումը` անտառները վերափոխվում են նոսր անտառների և ապա մարգագետնատափաստանների.

դ. մերձձնային լանդշաֆտները փոխարինվում են ալպյան մարգագետնային լանդշաֆտներով (օրինակ` Արագածի մերձգագաթային հատվածում արդեն դիտվում է առաջնային հողառաջացման գործընթաց և սկսել են ձևավորվել մաքուր մարգագետնային բուսական համակեցությունների էլեմենտներ):

 

Նկար 5. ՀՀ լանդշաֆտների գնահատականը ըստ արիդայնության աստիճանի

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

5) Բարձրադիր գոտիականության վերը նշված առանձնահատկությունները հանդիսանում են արիդայնության արտահայտվածություն, որը ոչ միայն տվյալ վայրի համար նոր կլիմայական, այլև լանդշաֆտա-երկրաֆիզիկական դրսևորում է:

6) Համեմատելով լանդշաֆտների արեալները չորրորդական և ավելի ուշ դարաշրջանների հետ (մ.թ.ա. III-I հազ.-ում և ժամանակակից)` պարզվում է, որ մ.թ.ա. III մինչև I հազարամյակը Հայաստանի ներկա տարածքի 37-38%-ը զբաղեցված է եղել անտառներով, իսկ ներկայումս` հանրապետության ընդամենը 11.17%-ը: Դա խոսում է այն մասին, որ կլիմայի արիդացմանը զուգընթաց ակտիվացել է նաև մարդածին գործոնը (հրդեհներ, անտառահատումներ և այլն), որի ազդեցությամբ կտրուկ ընդարձակվել են տափաստանների, չոր տափաստանների և կիսաանապատների տարածքները` համապատասխանաբար 16%-36% և 6%-13%: Ներկայումս Արարատյան դաշտի, Արարատի և Արմավիրի մարզերի որոշ համայնքների աղակալված, ինչպես նաև աղակալման ենթակա հողերում ձևավորվել է նաև անապատային լանդշաֆտ (մոտ 3%): Այս ֆոնի վրա մերձալպյան լանդշաֆտների տարածքը մեծացել է 12%-ից 26%` ի հաշիվ ավելի չոր մարգագետնատափաստանային լանդշաֆտների ընդարձակման և ալպյան լանդշաֆտային գոտու կրճատման (նկար 6):

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

7) Վերլուծելով կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով բուսածածկի, հողածածկի, կլիմայական պայմանների կանխատեսվող փոփոխությունները` պարզվել է, որ Հայաստանի այժմյան լանդշաֆտների զբաղեցրած տարածքներն առաջիկա տասնամյակներում ունեն արիդացման միտում, որի հետևանքով անապատային լանդշաֆտը կզբաղեցնի տարածքի 7%-ը, կիսաանապատայինը 20-21%, տափաստանները և չոր տափաստանները 30-31%, անտառները 7-8%, մերձալպյան գոտին մինչև 17%, իսկ ալպյանը 5%: Այսպիսով` մ.թ.ա. III-I հազարամյակներից սկսված արիդացումը առաջիկա տասնամյակներում շարունակվելու է` նպաստելով անապատացման ընթացքին: Ընդ որում` արիդ լանդշաֆտների ընդարձակումը պայմանավորված է ոչ միայն կլիմայի փոփոխությամբ, այլև բնական միջավայրի վրա մարդածին գործոնի ահագնացող ճնշմամբ:

 

8. Անապատացման և բնօգտագործման փոխկապակցվածությունը

1) Անապատացումը և այն պայմանավորող երևույթները ոչ միայն նպաստում են տնտեսության զարգացման խոչընդոտմանն ու անկմանը, այլև բացասական ազդեցություն ունեն սոցիալական, մշակութային և բնապահպանական ոլորտների վրա` արագացնելով առանձին բացասական գործոնների ազդեցությունը և սրելով առկա սոցիալական, քաղաքական, տնտեսական ու բնապահպանական հիմնախնդիրները:

2) Բնապահպանության տեսանկյունից, տնտեսության ոչ հավասարակշռված զարգացումը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա, վատթարացնում տիրող էկոլոգիական իրավիճակը և վերջնական արդյունքում արագացնում անապատացման ընթացքը: Հետևաբար, անապատացման գործընթացների և տնտեսության վիճակի փոխհարաբերությունները երկկողմանի են, փոխշաղկապված և շատ հաճախ վերջինիս ազդեցությունն է ավելի գերակշռող: Տնտեսության վրա անապատացման ազդեցությունը գնահատելու համար նախ անհրաժեշտ է տարանջատել այն ծախսերը, որոնք պետությունը իրականացնում է`

ա. անապատացման գործոնների ուսումնասիրման վրա.

բ. անապատացման ազդեցությունը կանխարգելելու վրա.

գ. անապատացման ազդեցությունը մեղմացնող միջոցառումների վրա.

դ. անապատացման ազդեցության հետևանքների վերացմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման վրա:

3) Նշված ծախսերի հանրագումարը կարելի է ընդունել որպես տնտեսության վրա անապատացման ազդեցության անմիջական արժեքային գնահատական, որոնք պետությունն իրականացնում է անապատացման ազդեցությունը կանխարգելելու, նվազեցնելու/մեղմելու և դրանց հետևանքները վերացնելու նպատակով: Գործնականում անհնար է ծախսերը կամ միջոցառումները հստակ բաժանել վերը նշված չափանիշներով, քանի որ դրանք շատ հաճախ զուգորդվում են:

4) Հայաստանում անապատացման հետ առավել սերտ առնչվող տնտեսության ճյուղերն են`

ա. Գյուղատնտեսությունը, որի դեպքում շրջակա միջավայրին առնչվող խնդիրներն են` ոռոգման անարդյունավետության հետևանքով առաջացող ջրի կորուստները, հողի աղակալումը, էրոզիան, գյուղատնտեսական թափոններով աղտոտումը: Վերջիններս հանգեցնում են` էկոհամակարգերի դեգրադացիայի, կենսաբազմազանության փոփոխության և կորուստի, ինչն ի վերջո արտահայտվում է էկոհամակարգային ծառայությունների քանակական և որակական խորը փոփոխություններով:

բ. Անտառտնտեսության բնագավառը, որի դեպքում սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները: Դրան նպաստում են փայտանյութի համեմատաբար մատչելիությունը, էներգակիրների գների բարձրացումը, բնակչության սոցիալապես անապահով խավերի ցածր վճարունակությունը: Փայտանյութը շարունակում է մնալ անտառամերձ տարածքների բնակչության վառելիքի հիմնական աղբյուրը:

գ. Ընդերքից օգտակար հանածոների արդյունահանումը, որի դեպքում հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Ըստ Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը 2009 թ. կազմել են 29.36 հազ. հա, 2011 թ.-ին` 33.0 հազ. հա, 2012 թ.-ին` 33.6 հազ. հա, 2013 թ.-ին` 34.9 հազ. հա, 2014 թ.-ին` 36.4 հազ. հա, այսինքն` օգտագործվող հողատարածքների մակերեսն աստիճանաբար մեծանում է, հատկապես` ընդերքօգտագործման հողերի հաշվին: Առավել մտահոգիչ է բաց եղանակով հանքերի շահագործումը, որի արդյունքում շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. հա գյուղատնտեսական նշանակության հողեր:

դ. Հիդրոէներգետիկան, որի դեպքում փոքր հիդրոէլեկտրակայանների (այսուհետ` ՓՀԷԿ) նախագծման և շահագործման ընթացքում հիմնականում հաշվի չեն առնվում ջրային ֆաունայի կարիքները, իսկ լեռնային գետերի ջրային ռեժիմի փոփոխության ազդեցությունը ափամերձ և ջրային էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վրա ոչ միայն չի գնահատվել, այլև չի ուսումնասիրվել: 2014 թ. Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մոնիթորինգը բացահայտել է, որ ձվադրավայր հանդիսացող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը, որոնք հիմնականում չունեն նորմերին համապատասխանող ձկնանցարաններ և ձկնապաշտպան կառույցներ, ուղղակիորեն վտանգում են ձկնատեսակների սեռահասուն առանձնյակների գոյությունը, որոնք ձվադրավայրեր հասնելու համար գետերով բարձրանում են դեպի վեր: Բացի այդ, որոշ ՓՀԷԿ-եր չեն պահպանում ջրի թույլատրելի էկոլոգիական թողքերի սահմանված չափաքանակները, ինչը նույնպես բերում է գետերի Էկոհամակարգերի դեգրադացման:

5) Հայաստանում անապատացման և տնտեսության փոխկապակցվածության խորացող գործընթացները բացասական են ներգործում բնակչության սոցիալական վիճակի վրա, որն արտահայտվում է ուղղակի և անուղղակի ազդեցությամբ:

6) ՈՒղղակի ազդեցության շարքին են դասվում անապատացման գործընթացների հետևանքով բնակչությանը պատճառված նյութական վնասները, որոնք առաջացնում են լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն` ուղղված դրանց հետևանքների վերացմանը: Բնակչության սոցիալական վիճակի վրա անապատացման բացասական ազդեցությունները դրսևորվում են հետևյալ ձևերով.

ա. դրամական եկամուտների նվազմամբ, որը պայմանավորված է` հողի բերրիության նվազմամբ, հողամասերի կտրտվածությամբ, օգտագործվող հողատեսքերի մակերեսների կրճատմամբ, բնակչության կողմից օգտագործվող կենսապաշարների ծավալների նվազմամբ, անապատացման գործընթացների բացասական ազդեցությունը վերացնելու կամ մեղմացնելու համար կատարվող լրացուցիչ ծախսերով.

բ. բնակկենցաղային պայմանների վատթարացմամբ, որի արդյունքում ներկայումս շատ բնակավայրեր լքվում են: Ընդ որում` միգրացիոն գործընթացները կրում են երկու ուղղվածություն` արտագաղթ և ներհանրապետական: Ներհանրապետական միգրացիան բնորոշվում է գյուղական բնակչության տեղաշարժով դեպի քաղաքներ և ցածրադիր վայրեր, հատկապես Արարատյան հարթավայր: Այդ տեսակետից վիճակը տագնապալի է սահմանամերձ և լեռնային բնակավայրերում, որտեղ արձանագրվել է տնտեսական ներուժի զգալի անկում:

7) Անուղղակի ազդեցությունը պայմանավորված է երկրի տնտեսական հենքով, որը կանխորոշում է բնակչության սոցիալական փաստացի վիճակը:

 

9. Անապատացման ռիսկի գնահատման քարտեզը` ըստ կոնվենցիայի առաջարկած անապատացման ռիսկի գործակցի` P/Eo<=0.65

1) Անապատացման ռիսկի հավանականության որոշումը բարդ խնդիր է: Այդ նպատակով մշակվել է անապատացման ռիսկի գործակից` P/Eo<=0.65 (P - տեղումների ամենամյա միջին մակարդակ, Eo-պոտենցիալ գոլորշիացում), որի օգտագործմամբ ստացված տվյալների հիման վրա առանձնացվել ու քարտեզագրվել են Հայաստանի Հանրապետության խոցելի տարածքների սահմանները (նկար 7): Այս բանաձևով մշակված քարտեզի առավելությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է ստեղծվում մեր տարածքի պատկերը համեմատել աշխարհի այլ ռեգիոնների նույն մեթոդով կազմած քարտեզների հետ: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի տարածքի 7233 կմ2 (24.3%) գտնվում է անապատացման ռիսկի գոտում, 14519 կմ2 (48.8%) տարածքի վրա (Լոռու և Տավուշի մարզերում 900-1000-ից մինչև 2000-2200 մ, իսկ ներքին շրջաններում 1500-1600-ից մինչև 2800-3000 մ բարձրությունները) անապատացվում են, որն ավելի արագանալու է կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով: Միայն տարածքի 6742 կմ2 (22.6%)-ի վրա առայժմ անապատացման պրոցեսներն արտահայտված չեն:

 

Նկար 7 Անապատացման ռիսկի գոտին Հայաստանում

 

----------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

10. Բնական պաշարները

1) Հողերը. Հայաստանի Հանրապետությունը սակավահող երկիր է, սակայն աչքի է ընկնում իր խայտաբղետ հողային ծածկույթով, որում ընդգրկված են հետևյալ հողային գոտիները (աղյուսակ 1).

 

Աղյուսակ 1

 

Բնահողային գոտիները և հողատիպերը (*)

 

._____________________________________________________________________.

|Գոտիները      |Մարզերը     |Հողերի տիպերը     |Տարածքը    |Բարձրու-  |

|              |            |                  |___________|թյունը    |

|              |            |                  |Հազ.հա| %  |ծ.մ. (մ)  |

|______________|____________|__________________|______|____|__________|

|Կիսաանապատային|Արագածոտն,  |1. Կիսաանապատային |   152| 5.8|          |

|              |Արարատ,     |գորշ.             |      |    |          |

|              |Արմավիր,    |2. Ոռոգելի        |    53| 2.0|          |

|              |Կոտայք,     |մարգագետնային     |      |    |          |

|              |Երևան       |գորշ.             |      |    |  850-1250|

|              |            |3. Պալեոհիդրոմորֆ,|     2| 0.1|          |

|              |            |կապակցված         |      |    |          |

|              |            |ալկալիացած.       |      |    |          |

|              |            |4. Աղուտ-ալկալի.  |    29| 1.1|          |

|              |            |__________________|______|____|__________|

|              |            |Ընդամենը          |   236| 9.0|          |

|______________|____________|__________________|______|____|__________|

|Չոր           |Արագածոտն,  |Շագանակագույն     |   242| 9.2| 1250-1900|

|տափաստանային  |Արարատ,     |                  |      |    |          |

|              |Կոտայք,     |                  |      |    |          |

|              |Սյունիք,    |                  |      |    |          |

|              |Վայոց Ձոր   |                  |      |    |          |

|______________|____________|__________________|______|____|__________|

|Տափաստանային  |Արագածոտն,  |1. Սևահող.        | 718  |27,4|          |

|              |Արարատ,     |2. Մարգագետնա-    |  13  | 0.5| 1300-2450|

|              |Գեղարքունիք,|սևահողային.       |  48  | 1.8|          |

|              |Լոռի,       |3. Գետահովտա-     |      |    |          |

|              |Կոտայք,     |դարավանդային.     |  18  | 0.7|          |

|              |Սյունիք,    |4. Հողագրունտներ  |      |    |          |

|              |Վայոց Ձոր,  |__________________|______|____|__________|

|              |Շիրակ       |Ընդամենը          | 797  |30.4|          |

|______________|____________|__________________|______|____|__________|

|Անտառային     |Արագածոտն,  |Անտառային գորշ.   | 133  | 5.2|          |

|              |Արարատ,     |                  |      |    |          |

|              |Գեղարքունիք,|Ճմակարբոնատային.  | 15   | 0.6|500-2400  |

|              |Լոռի,       |                  |      |    |          |

|              |Կոտայք,     |                  |      |    |          |

|              |Սյունիք,    |Դարչնագույն.      | 564  |21.6|          |

|              |Վայոց Ձոր,  |__________________|______|____|__________|

|              |Տավուշ      |Ընդամենը          | 712  |27.4|          |

|______________|____________|__________________|______|____|__________|

|Լեռնա-        |Արագածոտն,  |Լեռնամարգագետնային| 346  |13.2|2200-4000 |

|մարգագետնային |Արարատ,     |Մարգագետնա-       | 283  |10.8|          |

|              |Գեղարքունիք,|տափաստանային      |      |    |          |

|              |Լոռի,       |__________________|______|____|__________|

|              |Կոտայք,     |Ընդամենը          | 629  |24.0|          |

|              |Սյունիք,    |                  |      |    |          |

|              |Վայոց Ձոր,  |                  |      |    |          |

|              |Տավուշ      |                  |      |    |          |

|______________________________________________|______|____|__________|

|                            Ընդամենը          |2616  |100 |          |

._____________________________________________________________________.

___________________

*) 358.3 հազար հա` արմատական ապարների ելքեր են, ավազներ, ջրեր,

ճանապարհներ և շինություններ:

 

2) Ջրային պաշարներ. Հայաստանում անապատացման դեմ պայքարի առաջնահերթ խնդիրներից են ջրային ռեսուրսների ճիշտ հաշվառումը, բաշխումը և աղտոտումից պահպանումը: Հանրապետության մակերևութային ջրային պաշարները տարեկան կազմում են 6250 մլն.մ3, իսկ հաստատված շահագործական ստորերկրյա ջրային պաշարները` 1200 մլն.մ3: Հայաստանի Հանրապետության գետային ցանցի խտության գործակիցը 0.8 կմ/կմ2 է, որը պատկանում է Կասպից ծովի ավազանին: Գետերն ունեն խառը սնուցում` հալոցքային, ստորերկրյա, անձրևային, որոնց հոսքը տարվա ընթացքում մեծ փոփոխություններ է կրում: Միջին տարեկան հոսքը կազմում է մոտ 7.187 մլրդ.մ3, սակավաջուր տարիներին այն հասնում է 5.2 մլրդ.մ3-ի: Հանրապետության աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ գրեթե բոլոր գետերը արտահոսում են նրա սահմաններից դուրս: Ամռանը և աշնանը, երբ ջրի պահանջը հասնում է իր առավելագույնին, տարեկան ջրերի հոսքի մասնաբաժինը կազմում է 20-25%, ձմռանը` ընդհանուր հոսքի 10-12%-ը, այն դեպքում, երբ գարնանը` շուրջ 55-70% է: Հայաստանի Հանրապետությունը լճերով հարուստ չէ: Հանրապետության և Կովկասի ամենամեծ լիճը Սևանն է, որի հայելու մակերեսը 2013 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1275.28 կմ2, իսկ մակարդակի նիշը` 1900.16 մ: Հանրապետության մնացած լճերը (Քարի, Ակնա, Սև և այլն) փոքր են և հիմնականում գտնվում են բարձր լեռնային գոտիներում: Միջին բարձրության լեռնային գոտում են գտնվում Արփի և Պարզ լճերը: Ցածրադիր լճերից է Այղր լիճը, որը սնվում է ստորերկրյա ջրերով: Ստորերկրյա ջրերը, որոնց պաշարները գնահատվում են 4.017 մլրդ. մ3, հանրապետությունում բաշխված են շատ անհավասարաչափ: Դրանք հանդես են գալիս աղբյուրների, ճահճուտների, ստորերկրյա հոսքերի ձևով (արտեզյան և գրունտային): Ջրային ռեսուրսների շուրջ 70%-ը հոսում է դեպի Արարատյան դաշտ, որի ջրային պաշարները գտնվում են 40-ից մինչև 300 մ խորություններում: Խորը գտնվող ջրային պաշարները հիմնականում օգտագործվում են խմելու և տնտեսական նպատակներով: Վերին ջրային շերտը (մինչև 40 մ խորությամբ) օգտագործվում է միայն գյուղատնտեսական և արդյունաբերական նպատակներով: Տարվա ընթացքում ստորերկրյա ջրերի մակարդակը տատանվում է շուրջ 1 մետրով: Հայաստանում, ոռոգման ջրի կարիքների բավարարման նպատակով, կառուցվել են 75 ջրամբարներ` 986.0 մլն.մ3 ընդհանուր տարողությամբ: Միայն Մանթաշի ջրամբարն է, որ կառուցվել է համալիր` նաև խմելու և տնտեսական ջրամատակարարման նպատակով: Նախատեսված է կառուցել ևս տաս ջրամբար` 396 մլն.խոր.մ ընդհանուր տարողությամբ:

3) Կենսաբազմազանությունը. Հայաստանի աշխարհագրական դիրքը, միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկում գտնվելը, լանդշաֆտային ու բարձունքային գոտիների բազմազանությունը և տեսակառաջացման ակտիվ գործընթացները ստեղծել են նպաստավոր պայմաններ հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանության ձևավորման համար: Հանրապետության տարածքում գրանցված են ավելի քան 4500 տեսակի սնկեր, մոտ 9000 տեսակի ստորակարգ և բարձրակարգ բույսեր, որոնց խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը` յուրաքանչյուր 1 կմ2-ու վրա հաշվարկվում է մոտ 107 տեսակ: Կենդանական աշխարհն ընդգրկում է շուրջ 17 500 տեսակի անողնաշար և ողնաշարավոր կենդանիներ: Գենոֆոնդում առկա են ոչ միայն բազմաթիվ էնդեմիկ տեսակներ, մշակովի և ընտելացված տեսակների վայրի ցեղակիցներ, այլև արժեքավոր օգտակար տեսակներ: Կենսաբազմազանությունը Հայաստանում ունի բնապահպանական և սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, որի բաղադրիչները դարերով օգտագործվել են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` գյուղատնտեսությունում, սննդարդյունաբերությունում, շինարարությունում, դեղագործությունում և այլն:

4) Օգտակար հանածոներ. Հայաստանի Հանրապետության տարածքը հարուստ է օգտակար հանածոներով: Համաձայն հնագիտական տվյալների` Հայաստանում պղնձի, ոսկու, երկաթի և մի շարք այլ օգտակար հանածոների հանքավայրեր հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներում, իսկ դրանցից մի քանիսը նույնիսկ մասամբ շահագործվել են: Հայաստանում հայտնի օգտակար հանածոները բաժանվում են հետևյալ խմբերի.

ա. մետաղային օգտակար հանածոներ - պղնձամոլիբդենային հանքավայրեր (ՀՀ Սյունիքի և Լոռու մարզեր), հրաքարային (կոլչեդանային) հանքավայրեր (ՀՀ Սյունիքի և Լոռու մարզեր), ոսկու հանքավայրեր (ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր), երկաթի հանքավայրեր (ՀՀ Կոտայքի մարզ).

բ. ոչ մետաղային օգտակար հանածոներ - Արթիկ տուֆի, Անիպեմզայի պեմզայի և տուֆի, Արագածի պեռլիտի, Սարիգյուղի բենտոնիտային կավերի, Թումանյանի հրակայուն կավերի, Ավանի աղի, Ջրվեժի գիպսաբեր կավերի հանքավայրեր.

գ. հանքային ջրեր - Ջերմուկի տաք (Կառլսբադի նմանակ), Հանքավանի և Լիճքի (Եսենտուկի նմանակ), Արզաքանի և Բջնիի գոլ (Վիշիի նմանակներ), Դիլիջանի սառը (Բորժոմի նմանակ), Արարատի և Տաթևի (Նարզանի տիպի) գոլ ջրերի հանքավայրեր, Իջևանի շրջանում հայտնի են սուլֆատային Նարզանի տիպի հանքային ջրեր, մերձերևանյան շրջանում լայն տարածում ունեն տարբեր չափերով հանքայնացված աղաալկալային ջրեր` Արզնի, Գետամեջ, Ավազան:

5) Վառելիքաէներգետիկ հումքի պաշարներից Հայաստանում հայտնի են ածխի, այրվող թերթաքարերի, տորֆի, բիտումի, բիտումածին ավազների հանքավայրեր, ինչպես նաև գազի հետքեր: Ըստ առանձին փորձագետների և հետազոտողների տվյալների` Հայաստանի ընդերքի վառելիքաէներգետիկ հումքի չհաստատված պաշարները հետևյալն են`

ա. քարածխի և այրվող թերթաքարերի հետախուզված պաշարները, որոնք կազմում են շուրջ 400 մլն. տ.

բ. այրվող թերթաքարերի հետախուզված հեռանկարային պաշարները Դիլիջանի հանքավայրում կազմում են շուրջ 30 մլն. Տ.

գ. քարածխի պաշարները Իջևանի հանքավայրում մոտ 100 մլն. տ.

դ. հանրապետության Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքում առկա են նավթագազային շերտերի հեռանկարային պաշարներ:

6) Նոր և վերականգնվող էներգապաշարները. Հայաստանի տարածքը օժտված է արևային էներգիայի զգալի պոտենցիալով: 1 մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2 (միջին եվրոպականը 1000 կՎտժ/մ2): Սևանի ավազանի արևափայլը կարող է համարվել ռեկորդային` 2800 ժամ: Տարեկան կտրվածքով ուղիղ ճառագայթման մասնաբաժինը ամբողջ տարածքում ևս զգալի է` մոտ 65-70%, որը համակենտրոնացնող կոլեկտորների կիրառման տեսանկյունից բավականին հատկանշական է: Հայաստանի օդերևութաբանական տեղեկատվական հենքի մշակումը թույլ է տալիս հողմաէներգիայի պաշարների մասին տալ մոտավոր գնահատական: Տեսական պոտենցիալը գնահատվում է 10.7 ՏՎտժ, տեխնիկապես մատչելին, 15% հզորության օգտագործման գործակցի դեպքում, մոտ 1.6 ՏՎտժ: Ցանցային հողմաէներգետիկ սարքավորումների համար առանձնացվում են Պուշկինի և Սիսիանի լեռնանցքները և Արագած լեռը: Այս շրջաններում քամու հոսքի տևողությունը տարեկան կտրվածքով հասնում է մինչև 5200 ժամ/տարի, երբ քամու նվազագույն արագությունը 5-6 մ/վ է: Ցանցային տեղակայանքների տնտեսապես նպատակահարմար պոտենցիալը բնութագրվում է 15-20 Մվտ և 40-50 ԳՎտժ/տարի: Հայաստանն ունի երկրաջերմային էներգիայի զգալի պաշարներ և հնարավորություններ` էլեկտրաէներգիայի և ջերմության արտադրության համար: Տարբեր մասնագետների կարծիքով լրիվ իրատեսական է համարվում 150-200 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը` 5 ցենտ ԱՄՆ/կՎտժ-ից ցածր ինքնարժեքի պայմաններում (ներկայումս ՀՀ-ում 10.6 ցենտ): Առավել հեռանկարային է համարվում երկրաէներգետիկ պաշարների օգտագործումը ջերմամատակարարման բնագավառում, հատկապես` կենտրոնական հրաբխային գոտում: Երկրաբանական աշխատանքները այդտեղ թույլ տվեցին հայտնաբերել հեռանկարային երկրաջերմային և ապարաջերմային հանքավայրեր (Ջերմաղբյուր, Սիսիան և այլն):

7) Ռեկրեացիոն ռեսուրսներ. Ռեկրեացիոն ռեսուրսների տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը բավականաչափ հարուստ երկիր է, որը պայմանավորված է երկրաաշխարհագրական դիրքով և լանդշաֆտային բազմազանությամբ, կլիմայաբուժական բարենպաստ պայմաններով, հանքային ջրերի առկայությամբ, անտառներով, բնության և պատմամշակութային անկրկնելի հուշարձաններով: Այդ ռեսուրսները կարևոր դեր ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Հայաստանի ռեկրեացիոն ռեսուրսները բնական պաշարների ինքնատիպ, առողջարարական հարուստ բազմազանությունն է, որն աչքի է ընկնում տարածքային բաշխվածության մեծ խտությամբ և պատմամշակութային արժեքների տարածքային ներդաշնակ զուգորդմամբ: Ռեկրեացիայի զարգացման համար իրենց բարենպաստությամբ մեծ դեր են խաղում`

ա. լանդշաֆտների բարձրադիր գոտիական բազմազանությունը.

բ. կլիմայական ռեսուրսները.

գ. ջրային ռեսուրսները, այդ թվում` հարուստ հանքային ռեսուրսները.

դ. ռելիեֆի երկրաբանական ու երկրաձևաչափական բարենպաստ պայմանները.

ե. բուսակենդանական ռեսուրսները.

զ. բնության հազվագյուտ օբյեկտները (բնության հուշարձանները):

 

11. Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները

1) Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են հետևյալ բնության հատուկ պահպանվող տարածքները (այսուհետ` ԲՀՊՏ).

ա. 3 պետական արգելոցներ («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»)` զբաղեցնելով 35 439.6 հա տարածք` Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19%-ը.

բ. 4 ազգային պարկեր («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ»)` զբաղեցնելով 236 802.1 հա տարածք` Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96%-ը.

գ. 232 բնության հուշարձաններ.

դ. 27 պետական արգելավայրեր` զբաղեցնելով 117 565.74 հա տարածք` Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95%-ը:

2) Հայաստանի ԲՀՊՏ-ներում դեռևս անբավարար են ներկայացված կիսաանապատային և տափաստանային լանդշաֆտները: Ինչ վերաբերում է ջրային լանդշաֆտներին, ապա, առանց Սևանա լճի հայելու, դրանց մակերեսը կազմում է 2 495.08 հեկտար կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 0.08%-ը: Հետևաբար` նոր ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ջրային կամ խոնավ տարածքներին, որոնք հարուստ են հազվագյուտ կենսաբազմազանությամբ և ինքնատիպ համակեցություններով:

 

12. Բնօգտագործման տնտեսական մեխանիզմները

1) Բնօգտագործման և բնապահպանության ոլորտի կարգավորման գործում զգալի դեր են խաղում բնօգտագործման տնտեսական մեխանիզմները, որոնք, համակցվելով սահմանափակման և վերահսկողական իրավասությունների հետ, ամբողջացնում են շրջակա միջավայրի կառավարման գործառույթները:

2) Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական և բնօգտագործման տնտեսական մեխանիզմների հիմքը դրվել է դեռևս 1990-ական թվականների սկզբից, սակայն օրենքի ուժ են ստացել 1998 թվականին ընդունված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որով սահմանվել են բնապահպանական և բնօգտագործման վճարների հասկացությունները, վճարողների շրջանակը, վճարների տեսակները, հաշվարկման և վճարման կարգը, խախտման համար պատասխանատվությունը և այլն: 2006 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել են շարժական և անշարժ աղբյուրներից օդի աղտոտման, ջրի աղտոտման, թափոնների տեղադրման և շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և արտադրման համար վճարների դրույքաչափերը: Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանվել են ջրօգտագործման, պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների, կենսապաշարների օգտագործման համար վճարների դրույքաչափերը: Նշված իրավական ակտերի կիրարկման շնորհիվ հավաքագրվող բնապահպանական և բնօգտագործման վճարների, այդ թվում` նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիի հանրագումարը 1999 թվականի տարեկան 600 մլն. դրամից ավելացել է և 2013 թվականին կազմել է մոտ 30 մլրդ. դրամ` ապահովելով ավելի քան 50-անգամյա աճ:

3) Հողային ռեսուրսների օգտագործման տնտեսական մեխանիզմը. Հայաստանի Հանրապետությունում հողային ռեսուրսների օգտագործման մեխանիզմի բնույթը և տեսակները պայմանավորված են հողի սեփականության ձևերով ու կարգավորվում են «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային և Քաղաքացիական օրենսգրքերով: Հողի օգտագործումը վճարովի է: Հողից օգտվելու վճարը սահմանվում է հողային հարկի ձևով, որը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ապահովում է տնտեսական լծակների կիրառումը հողօգտագործման ոլորտում: Հողի հարկը պետական կամ համայնքների բյուջե գանձվող պարտադիր վճար է, որի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքների հետ և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով տարվա համար: Հողի հարկով հարկման օբյեկտ են հանդիսանում` գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, իսկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողի կադաստրային գնահատման արժեքը: Հողի հարկի գծով սահմանված են մի շարք արտոնություններ: Այդ վճարումից ազատված են բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, այդ թվում` պետական արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, դենդրոպարկերի, բուսաբանական այգիների ու պատմամշակութային նշանակության հողերը` բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի: Հողի հարկի, որպես Հայաստանում հողօգտագործման մեխանիզմը կարգավորող տնտեսական լծակի, դերը բացահայտելու համար կարևոր է գնահատել, թե ինչպես են ապահովվում այն հիմնական խնդիրները, որի համար կոչված է ծառայելու քննարկվող հարկատեսակը, մասնավորապես, որպես` հանրապետության պետական և համայնքային բյուջեների համալրման աղբյուր. հողօգտագործման բնագավառում բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցների կուտակման աղբյուր. արդյունավետ հողօգտագործմանը խթանող տնտեսական լծակ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով (2006 թ. հուլիսի 20-ի N 1026-Ն, 2006 թ. մայիսի 26-ի N 750-Ն, 2006 թ. օգոստոսի 24-ի N 1277-Ն և այլն) կանոնակարգվում է հետևյալը.

ա. հողի բերրի շերտի խախտումը, աղտոտումը և աղբոտումը.

բ. հողերի աղտոտումը ռադիոակտիվ ու քիմիական նյութերով, արտադրական թափոններով, կեղտաջրերով, պեստիցիդների և հանքային պարարտանյութերի նորմատիվները գերազանցող քանակություններով.

գ. հողերի ջրային և հողմային հողատարումը, ճահճացումը, ողողումը, աղակալումը, կարծրացումը, անապատացում առաջացնող գործողությունների իրականացումը, հողի բարելավման, հողի հողմային և ջրային հողատարումից պահպանման, հողի վիճակը վատթարացնող այլ գործընթացների կանխմանն ուղղված պարտադիր միջոցառումների չիրականացումը, ինչպես նաև հողի, դրա բերրի շերտի, բնական պաշարների, հնէաբանական և պատմամշակութային ժառանգության օբյեկտների փչացումն ու ոչնչացումը կանխարգելող միջոցառումների չձեռնարկումը.

դ. գյուղատնտեսական աշխատանքների վարման նորմաների խախտման հետևանքով էրոզիայի զարգացումը, հողում օրգանական միացությունների պարունակության նվազեցումը, գյուղատնտեսական հանդակների դեգրադացման, հողի պահպանության և բարելավման պարտադիր միջոցառումները, ինչպես նաև ագրոտեխնիկական միջոցառումներ չկատարելու հետևանքով գյուղատնտեսական հանդակների վնասումը, բերքատվության և կադաստրային արժեքի նվազեցումը, արոտավայրերի գերարածեցումը, հողն այլ բնական պաշարների ոչնչացմանը կամ պարբերաբար վնաս պատճառելուն հանգեցնող եղանակներով օգտագործումը և այլն.

ե. ազդեցության ճշգրիտ գնահատման համար օգտագործվում են տարբեր գործակիցներ, որոնք կիրառվում են ըստ հողային ռեսուրսի բնապահպանական արժեքի, աղտոտման վտանգավորության աստիճանի, աղտոտվածության մակարդակի, խորության և այլ չափորոշիչների:

4) Ջրային ռեսուրսների օգտագործման տնտեսական մեխանիզմը. Հայաստանում ջրօգտագործման տնտեսական մեխանիզմները կարգավորվում են` Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքով և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ջրօգտագործման հարաբերությունները կարգավորվում են թույլտվություններով, որոնցում նշվում են ջրօգտագործման ծավալները, ժամկետները, վարձաչափերը և այլ պայմաններ: Ջրօգտագործողները պարտավոր են վճարել ստացված ջրի համար` Հայաստանի կառավարության կողմից հաստատված կարգով և դրույքաչափերով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշմամբ կանոնակարգված են ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման բնութագիրն ու ընթացակարգը, ինչպես նաև աղտոտող նյութերի քանակությունը, վնասակար նյութերի սահմանային թույլատրելի մակարդակը, ազդեցության ժամանակահատվածը, վնասակար նյութերի ազդեցության և գերնորմատիվային ջրօգտագործման կանխարգելման ծախսերը: Տնտեսական գործունեության հետևանքով աղտոտված ջրերի ազդեցության գնահատումը ներառում է աղտոտված միջավայրում ջրային, անտառային և հողային ռեսուրսների նվազման հետևանքով արտադրանքի քանակական ու որակական կորուստների փոխհատուցման, աղտոտված ջրային ռեսուրսների վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, աղտոտման հետևանքով հիվանդացած բնակչության առողջության վերականգնման և աշխատանքի արտադրողականության նվազեցման հետևանքով (այդ թվում` աշխատանքից բացակայության) զուտ աշխատանքի կորստի փոխհատուցման, ինչպես նաև հիմնական ֆոնդերի վրա աղտոտման ազդեցության հետևանքով արդյունաբերական արտադրանքի կորստի փոխհատուցման ծախսերը:

5) Կենսաբանական պաշարների օգտագործման տնտեսական մեխանիզմը. Հայաստանում կենսաբանական պաշարների օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության անտառային և հողային օրենսգրքերով, «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանում կենսապաշարների օգտագործումը վճարովի է և դրանց օգտագործման համար սահմանված են դրույքաչափեր: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարգավորում է իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`

ա. առանց սահմանված կարգով տրամադրված թույլտվությունների, կնքված պայմանագրերի և դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.

բ. ագրոքիմիկատների և պեստիցիդների չկանոնակարգված օգտագործումը, որը վնաս է հասցնում կենդանական աշխարհին.

գ. հազվագյուտ, անհետացող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնադրավայրերի, ձվադրավայրերի ոչնչացումը և այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը և ապրելավայրերի վատթարացմանը.

դ. օրենսդրությամբ սահմանված որսի և ձկնորսության կատարման կանոնների խախտումները.

ե. կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:

6) Օգտակար հանածոների օգտագործման տնտեսական մեխանիզմը. Հայաստանում օգտակար հանածոների արդյունահանումը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքով: Ընդերքի շահագործումը վճարովի է, բացառությամբ այն դեպքերի, երբ` սեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի (անկախ սեփականության ձևից) սահմաններում կատարում են ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում. իրականացնում են ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություններ (հրաբխային, սեյսմաբանական և արտածին երկրաբանական երևույթների մշտադիտարկում, այդ թվում` ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ և այլն). ստեղծում են միներալոգիական, հնէաբանական և այլ հավաքածուներ. իրականացնում են եզակի երկրաբանական գոյացությունների, բնության հուշարձանների ուսումնասիրություն, նկարագրում և պահպանում: Ընդերքն օգտագործելիս համապատասխան վճարները կատարվում են համաձայն Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների: Օգտակար հանածոյի արդյունահանում իրականացվում է լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա, որին կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը և լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են: Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է հանքավայրի շահագործման ողջ ժամկետով, բայց ոչ ավելի, քան 50 տարի, որը հաշվարկվում է տվյալ հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա:

7) ԲՀՊՏ-ների օգտագործման տնտեսական մեխանիզմը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույթներով, ԲՀՊՏ-ներում բնօգտագործման հետ կապված բոլոր վճարները (արդյունագործական ձկնորսություն, խոտհունձ, փայտանյութի մթերում և այլն), բնապահպանական օրենսդրության խախտումների համար գանձվող տուգանքները, բնությանը պատճառված վնասի վերականգնվող փոխհատուցման գումարները ամբողջությամբ մուտքագրվում են պետական բյուջե: ԲՀՊՏ-ներում տնտեսական մեխանիզմների տարբեր տեսակների կիրառումը կարգավորվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Տնտեսական մեխանիզմների կիրառման շրջանակները և հնարավորությունները, կախված ԲՀՊՏ-ների կատեգորիաներից և պահպանության ռեժիմից, տարբեր են: ԲՀՊՏ-ների տնտեսական նոր մեխանիզմների կիրառումը լրացուցիչ ուսումնասիրությունների և վերլուծությունների կարիք ունի: Դրանց օգտագործումը պետք է համապատասխանի այս բնագավառի համար ընտրված զարգացման ռազմավարությանը, համահունչ լինի իրականացվող կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների հետ:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2015
N 23
Արձանագրային որոշում