Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ ...

 

 

010.0194.301215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում`

i

1) «կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Անձին նույնականացման քարտ տրամադրելուց հետո Ոստիկանությունը անձը հաստատող վկայականը վերադարձնում է լիազոր մարմին:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 30. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ

 

1. Փախստականի նույնականացման քարտը փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

2. Ոստիկանությունը փախստականներին, սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրում է փախստականի նույնականացման քարտ: Մինչև 16 տարեկան փախստականին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է երեք տարի, իսկ 16 տարին լրացած փախստականին` 10 տարի վավերականության ժամկետով:

3. Փախստականի նույնականացման քարտը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր և էլեկտրոնային փոստ: Փախստականի նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) անձը հաստատող լուսանկարով որևէ փաստաթուղթ (առկայության դեպքում).

3) լիազոր մարմնի կողմից տրված` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.

4) լիազոր մարմնի որոշումը տվյալ անձին փախստական ճանաչելու մասին.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Փախստականի նույնականացման քարտը փոխանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա փախստականի նույնականացման քարտը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

6. Փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում է Ոստիկանությունում: Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով փախստականի նույնականացման քարտ ստանալիս անձը Ոստիկանությունում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները, իսկ դրանք ստանալու անհնարինության դեպքում կատարվում է համապատասխան նշում Ոստիկանության կողմից վարվող անհատական տվյալների էլեկտրոնային բազայում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` փախստականի նույնակականացման քարտ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

7. Եթե փախստականի նույնականացման քարտի վրա անձի ստորագրության բացակայությունը պայմանավորված է անձի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փախստականի նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում կատարվում է համապատասխան նշում:

8. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Փախստականի նույնականացման քարտի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Գործունակ անձը փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

11. Անգործունակ ճանաչված անձանց փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է նաև խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը: Սահմանափակ գործունակ ճանաչված անձին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված փախստականին սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված` առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Առաջին խմբի հաշմանդամները փախստականի նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու (փոխանակելու) նաև ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է անձի հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը: Սույն կետով նախատեսված դեպքերում, եթե խնամակալը կամ հոգաբարձուն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա դիմումի վրա վերջինիս ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

12. Մինչև 16 տարեկան երեխային փախստականի նույնականացման քարտ տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

13. Փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ` առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

14. Փախստականի նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-30.4-րդ հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 30.1. ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար:

2. Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նույնականացման քարտի հիման վրա: Մինչև 16 տարեկան փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած փախստականներին` 10 տարի վավերականության ժամկետով:

3. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է փաստաթղթում ամրագրված անհատական տվյալները և լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները, սույն օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներն ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Եթե կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում անձի կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

4. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փախստականի նույնականացման քարտ.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

6. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում և մատնադրոշմները հանձնում է Ոստիկանությունում:

7. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը պետք է համապատասխանի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին:

8. Գործունակ անձը կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

9. Անգործունակ, սահմանափակ գործունակ ճանաչված անձինք, ինչպես նաև առաջին խմբի հաշմանդամները կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

10. Մինչև 16 տարեկան երեխային կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:

11. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ դիմում ներկայացնող անձի ցանկությամբ` առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

12. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

13. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 30.2. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են`

1) փաստաթղթում պարունակվող տեղեկությունները փոխվելու դեպքում.

2) օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում.

3) վավերականության ժամկետը լրանալու դեպքում.

4) փաստաթղթում ոչ ճիշտ տվյալների առկայության դեպքում.

5) եթե անձը նման ցանկություն է հայտնել:

2. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում է նաև այն դեպքում, երբ լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված փաստաթղթի էջերը:

3. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ` առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 30.3. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր են ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է փաստաթղթի վավերականության ժամկետը.

2) ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում է կայացվել.

3) անձը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.

4) փաստաթուղթը կորել է.

5) փաստաթուղթը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

6) փաստաթուղթը կեղծվել է.

7) փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

8) անձը փաստաթուղթը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում.

9) անձը մահացել է:

2. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցրած անձն այդ մասին հայտնում է Ոստիկանություն` փախստականի նույնականացման նոր քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Նույնականացման քարտի կորստյան դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած` փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձին, իր ցանկությամբ, մինչև փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական, որի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում են անվավեր, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր են ճանաչվում Ոստիկանության որոշմամբ:

5. Մահացած փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը հանձնվում են մահվան պետական գրանցումն իրականացնող մարմին:

 

ՀՈԴՎԱԾ 30.4. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ԿԱՄ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐՑՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են վերցնել փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, եթե առկա են դրանք անվավեր ճանաչելու` սույն օրենքի 30.3-րդ հոդվածի 1-ին մաuի 1-2-րդ և 6-7-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ անձն օգտագործում է այլ անձի պատկանող փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելուց հետո անմիջապես անձին տրվում է վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Փախստականի վերցված նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանցվում է Ոստիկանություն, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից:

4. Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Կասկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո` անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է պատիժը կատարող մարմնում և անձին վերադարձվում է պատիժը կրելուց հետո` անմիջապես:

5. Արգելվում է փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «կոնվենցիոն» բառից առաջ լրացնել «փախստականի նույնականացման քարտ և» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը «կոնվենցիոն» բառից առաջ լրացնել «փախստականի նույնականացման քարտ և» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում`

 

i

1) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Ոստիկանությունն այս անձանց տրամադրում է «փախստականի նույնականացման քարտ».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի ընտանիքի անդամների դիմումի հիման վրա Ոստիկանությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 58-րդ հոդվածում`

 

i

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանությունը լիազոր մարմնի որոշման հիման վրա 15 աշխատանքային օրվա ընթացքում փախստականին տրամադրում է փախստականի նույնականացման քարտ` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն: Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի դիմումի հիմա վրա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում:».

2) 2-րդ մասի «կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասում «կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ոստիկանության կողմից փախստականին տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում է վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և շարունակում է գործել մինչև դրանում նշված ժամկետի ավարտը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ոստիկանության կողմից փախստականներին տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարող է փոխանակվել փախստականի նույնականացման քարտով «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում: Սույն մասում նշված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի նույնականացման քարտով փոխանակելու համար անձը Ոստիկանություն է ներկայացնում դիմում, փոխանակման ենթակա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և փախստականի նույնականացման քարտի փոխանակման համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիր:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 16 տարեկան փախստականներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1417-Ն որոշմամբ նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը:

4. Սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

30 դեկտեմբերի 2015 թվականի

ՀՕ-194-Ն

 

 

pin
ՀՀ 17.12.2015
N ՀՕ-194-Ն օրենք