Սեղմել Esc փակելու համար:
«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ...

 

 

100.0004.150316

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        03            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11016086

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 փետրվարի 2016 թվականի N 04-Ն

 

«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1-032-2016 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 108-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-032-2016 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2016 թվականի փետրվարի 19-ի

N 04-Ն հրամանի

 

«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1-032-2016 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական նորմերը սահմանում են քիմիական, կենսաբանական (մանրէաբանական, վիրուսաբանական և մակաբուծաբանական) և ճառագայթային լաբորատորիաների հողատարածքի ընտրության, շինության նախագծման, կառուցման, վերակառուցման, հիմնական վերանորոգման, շահագործման հանձնման, շահագործման սանիտարական պահանջների պահպանման և ապահովման հիմնական դրույթներն ու մոտեցումները:

2. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ` սանիտարական նորմեր) նախատեսված են զգայաբանական/օրգանոլեպտիկ, սանիտարաքիմիական, մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, ճառագայթային հետազոտություններ, ներառյալ` ճառագայթաչափում և ճառագայթահարման դոզայի որոշում իրականացնող լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) համար (անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, ինչպես նաև գերատեսչական պատկանելությունից):

 

II. ԿԻՐԱՌՎՈՂ ԵԶՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

3. Սույն սանիտարական նորմերում կիրառվում են հետևյալ եզրույթներն ու սահմանումները`

1) հսկիչ-անցագրային կետ (պահակակետ)` հատուկ սենք, որը նախատեսված է մարդկանց և համապատասխան փոխադրամիջոցների թույլտվությունն ու մուտքն ապահովելու համար,

2) կենսաբանական թույներ (տոքսիններ)` կենսաբանական, բուսական և կենդանական ծագման սպիտակուցային բնույթի միացություններ, որոնք, փոքր կամ միջին չափաբաժիններով մարդու կամ կենդանիների օրգանիզմ ներթափանցելու կամ վերջիներիս հետ շփման, ինչպես նաև բույսերի հետ շփման արդյունքում առաջացնում եմ հիվանդություն կամ մահ, ներառյալ այն նյութերը, առարկաները, որոնք կարող են բաղարկված/աղտոտված լինել թույներով,

3) վտանգավոր և ուժեղ ազդող քիմիական նյութեր` քիմիական միացություններ, որոնք առաջացնում են ախտաբանական փոփոխություններ` փոքր չափաբաժնով և խտաստիճաններով օրգանիզմ ներթափանցելու արդյունքում,

4) մեկուսացված սենյակ (բոքս)` մեկուսացված տարածք նախաբոքսով,

5) վիվարիում` կազմակերպության ենթաբաժին, որտեղ պահվում են փորձերի համար նախատեսված տարբեր լաբորատոր կենդանիներ,

6) լաբորատորիա` կազմակերպություն կամ վերջինիս կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է փորձարարական, ախտորոշիչ կամ արտադրական աշխատանքներ ախտածին կենսաբանական ազդակների կամ տոքսինների հայտնաբերման, քիմիական և ճառագայթային գործոնների մակարդակի որոշման ուղղությամբ,

7) ապաակտիվացում` ռադիոակտիվ ախտահարման վերացում և նվազեցում որևէ մակերեսից կամ միջավայրից,

8) ուլտրամանուշակագույն ճառագայթիչ (այսուհետ` ՈՒՄ)` սարքեր, որոնք կիրառվում են սենքերի օդի վարակազերծման համար,

9) դեմերկուրիզացում` սնդիկի թափվելու դեպքում վերջինիս հավաքման գործողությունների համալիր,

10) ախտորոշիչ հետազոտություններ` բիոտիկ և աբիոտիկ ծագման օբյեկտների հետազոտություն, որն իրականացվում է հարուցչի, վերջինիս հակածնի կամ դրա նկատմամբ հակամարմինների հայտնաբերման նպատակով,

11) վարակիչ գոտի` լաբորատոր սենք կամ սենքերի խումբ, որտեղ իրականացվում են աշխատանքներ ախտածին կենսաբանական ազդակների կամ հավանական վարակված նմուշների հետ, կամ որոնք կիրառվում են նշված նյութերի պահպանման համար,

12) մաքուր գոտի` լաբորատոր սենք կամ սենքերի խումբ, որտեղ չեն իրականացվում աշխատանքներ ախտածին կենսաբանական ազդակների հետ,

13) իմունաֆերմենտային հետազոտություն (այսուհետ` ԻՖԱ)` տարբեր տեսակի կենսաբանական մոլեկուլների հայտնաբերման մեթոդ` հիմնված հակածնի և համապատասխան հակամարմնի փոխազդեցության վրա, արդյունքում ձևավորվում է հակածին-հակամարմին համալիր, որը հայտնաբերվում է հատուկ նշված ֆերմենտի օգնությամբ,

14) կենսաբանական հետազոտություններ` հետազոտություններ, որոնք ներառում են մանրէաբանական, վիրուսաբանական և մակաբուծաբանական հետազոտությունները,

15) սենքի տեխնիկական ամրություն` շինությունների, սենյակների կառուցվածքային տարրերի, վերջիններիս պարագծերի, պաշտպանության հատուկ տեխնիկական միջոցների (պաշտպանական, տագնապային ազդանշանային համակարգեր, մուտքի թույլտվության համակարգեր, տեսակառավարման և տեսահսկողության համակարգեր, ռադիոակտիվ, քիմիական և այլ թունավոր նյութերի հայտնաբերման տվիչներ, զենքերի, պայթուցիկ նյութերի և սարքերի հայտնաբերման տվիչներ) և հրդեհային ազդանշանային համակարգի, այդ թվում` հրդեհների ավտոմատ հայտնաբերման և մարման համակարգերի ճարտարագիտական պաշտպանության ամբողջություն,

16) հրավտանգ նյութեր` դյուրավառ հեղուկներ, բոցավառվող և պայթյունավտանգ նյութեր,

17) ախտածին կենսաբանական ազդակներ (այսուհետ` ԱԿԱ)` մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներ (մանրէներ, վիրուսներ, ռիկեցիաներ, քլամիդիաներ, նախակենդանիներ, սնկեր, միկոպլազմաներ, էնդո- և էկտոմակաբույծներ), գենային ինժեներիայի ճանապարհով ձևափոխված միկրոօրգանիզմներ, կենսաբանական և բուսական ծագման թույներ (տոքսիններ), հելմինթներ, ինչպես նաև նշված միկրոօրգանիզմներ պարունակող կամ դրանցով հավանական վարակված կենսաբանական նյութեր,

18) պարագիծ` հսկվող տարածքի (գոտու) սահմանը` հագեցված, սահմանազատող պատնեշներով և հսկիչ-անցագրային կետերով,

19) պոլիմերազային շղթայական ռեակցիա (այսուհետ` ՊՇՌ)` ռեակցիա, որը հիմնված է դեզօքսիռիբոնուկլեինաթթվի/ռիբոնուկլեինաթթվի (այսուհետ` ԴՆԹ/ՌՆԹ) հատվածների պատճենների թվի բազմակի ավելացման (ամպլիֆիկացման) և վերջինիս արդյունքում հետազոտվող միկրոօրգանիզմի գենոմի մասնահատուկ հատվածների հայտնաբերման վրա,

20) փորձարարական հետազոտություններ` միկրոօրգանիզմների, հելմինթների, տոքսինների և կենսաբանական ծագման թույների կիրառմամբ ցանկացած աշխատանքների իրականացում,

21) սեզոնային լաբորատորիաներ` գործում են հիվանդությունների բնական օջախներում` հակահամաճարակային ջոկատների կազմում` պարբերաբար կամ կազմակերպվում են բնական օջախային հիվանդությունների բռնկումների և էպիզոոտիաների դեպքում,

22) Լաբորատոր կենսաանվտանգության ապահովման մակարդակներ` լաբորատոր պրակտիկայի, կիրառվող մեթոդաբանությունների, անվտանգ աշխատանքի համար կիրառվող սարքավորումների առկայության և դրանց կիրառման դյուրինության վրա հիմնված միջազգային դասակարգում, որը բաժանվում է 1-4 մակարդակների: Այս մակարդակները համապատասխանում են կենսաբանական այն գործոնների վտանգավորությանը, որոնց հետ իրականացվում է աշխատանք կոնկրետ լաբորատորիայում,

23) կենսաբանական անվտանգության պահարան (այսուհետ` ԿԱՊ)` օդափոխվող խցիկ, որը նախատեսված է օգտագործողին և շրջակա միջավայրը վտանգի ներուժով և վտանգավոր հարուցիչներից և այդ հարուցիչների հետ աշխատանքի արդյունքում առաջացող աերոզոլներից պաշտպանելու նպատակով. այն հանդիսանում է առաջնային արգելապատնեշ և՛ կենսաբանական վտանգավոր նյութերի հետ աշխատող անձանց, և՛ շրջակա միջավայրի պաշտպանության հիմնական միջոցներից մեկը: ԿԱՊ-ը լինում են 1-3-րդ դասերի,

24) II դասի ԿԱՊ` Աշխատակիցների, նյութերի և շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսված օդափոխվող պահարան, որն ունի բաց ճակատային մաս: Աշխատակցի պաշտպանությունն իրականացվում է օդի ներհոսքի միջոցով, նյութի պաշտպանությունը` համապատասխան ֆիլտրով ֆիլտրվող վարընթաց լամինար հոսքի միջոցով, իսկ շրջակա միջավայրի պաշտպանությունը` մթնոլորտ արտանետվող օդի համապատասխան ֆիլտրով ֆիլտրման միջոցով: Երկրորդ դասի ԿԱՊ-ը` Ա1, Ա2, Բ1 և Բ2 մոդելների ապահովում են անձնակազմի, շրջակա միջավայրի և նյութի պաշտպանությունը: Ներհոսք օդի լամինար հոսքը, որն անցնում է բարձր անվտանգության զտիչի միջով ապահովում է նյութի պաշտպանություն` նվազեցնելով կամերայի աշխատանքային մակերեսի խաչաձև աղտոտումը:

 

III. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ, ՆԱԽԱԳԾՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՄԱՆԸ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4. Շինության կառուցման համար հողատարածքի ընտրությունը, լաբորատորիաների նախագծումը, կառուցումը, վերակառուցումն ու շահագործման հանձնումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Չի թույլատրվում հողատարածքներում նախագծել և իրականացնել շինարարություն հետևյալ պայմանների առկայության դեպքում`

1) եթե վերջինս նախկինում կիրառվել է որպես անասնագերեզմանոց և թունավոր թափոնների թաղման տարածք,

2) եթե գամմա-ճառագայթման հզորության մակարդակը գերազանցում է բնական մակարդակը (ֆոնը) 0.2 միկրոզիվերտ/ժամ ցուցանիշով,

3) եթե հողատարածքը գտնվում է սիբիրյան խոցի տեսանկյունից անբարենպաստ բնակավայրում:

6. Լաբորատորիաները/լաբորատոր կառուցահատվածը պետք է տեղակայվի առանձին շենքում կամ շենքի մեկուսացված հատվածում:

7. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) դասակարգման համաձայն մարդու համար ախտածնության 3-4-րդ (Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) երկրների դասակարգման` 1-2-րդ) խմբերի ԱԿԱ-երի (կամ դրանցով կասկածելի վարակված նմուշների) հետ աշխատող լաբորատորիաները ունենում է ցանկապատ: Շինության տեղակայման տարածքի ցանկապատում ներառված դռները և դարպասները պետք է լինեն կողպված, ինչպես նաև ցանկապատը պետք է լինի ամբողջական:

Ցանկապատման նպատակով թույլատրվում է կիրառել մետաղական, ճաղավանդակներով կամ ցանցավոր, քարե պատնեշով ցանկապատ:

Տարածքի ցանկապատման ողջ պարագծով ապահովում են արհեստական լուսավորություն:

8. Լաբորատորիայի առաջին հարկում տեղակայման դեպքում բոլոր սենյակների պատուհաններն ապահովում են մետաղական ճաղավանդակներով:

9. Լաբորատորիաները ժամանակավոր կարող են տեղակայվել հատուկ հարմարեցված շինություններում, սենյակներում` անվտանգության պահանջների պահպանման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, կոյուղու ապահովման դեպքում:

10. ԱՀԿ դասակարգման համաձայն մարդու համար ախտածնության 3-4-րդ (ԱՊՀ դասակարգման` 1-2-րդ) խմբերի ԱԿԱ-երի կամ դրանցով հավանական վարակված կենսաբանական նյութերի հետ փորձարարական, ախտորոշիչ և արտադրական աշխատանքներ իրականացնող և նշված ԱԿԱ-ներ պահպանող լաբորատորիաների համար սահմանվում է անցագրային ռեժիմ` հսկիչ-անցագրային կետերի միջոցով: Վերջինիս համար լաբորատորիայի սենքերն ապահովում են անվտանգության համակարգերով: Կոնկրետ լաբորատորիայի անցագրային ռեժիմը և կիրառվող անվտանգության համակարգը փաստաթղթավորվում է և ներառվում տվյալ լաբորատորիայի կենսաանվտանգության ձեռնարկում:

 

IV. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

11. Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների նախագծման և կառուցման փուլերում գնահատվում են բոլոր վտանգները և սպառնալիքները:

12. Բոլոր լաբորատորիաների մուտքի դռներն ապահովվում են կողպեքներով կամ կողպման այլ հարմարանքներով, լաբորատորիաների մուտքի դռների վրա նշվում են վերջիններիս անվանումները և համապատասխանաբար կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգի պայմանանշանները` համաձայն աղյուսակ 1-ի: Յուրաքանչյուր լաբորատորիա մուտքի դռների վրա նշվող այլ տեղեկատվությունը սահմանում է կենսաանվտանգության ձեռնարկում:

13. Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաները չեն տեղակայվում նկուղային հարկերում:

14. Կենսաբանական լաբորատորիաների կառուցվածքին և մուտքի թույլտվությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջներն են.

1) Կենսաբանական լաբորատորիաներն ունենում են առնվազն երկու մուտք` աշխատակիցների համար նախատեսված սանթողարանով և հետազոտման նպատակով նմուշների ընդունման համար: Թույլատրվում է նմուշների ընդունումն իրականացնել փոխանցման պատուհանի միջոցով:

2) Լաբորատորիայի տարածքը բաժանվում է պայմանական երկու գոտու` «վարակիչ» կամ «կեղտոտ» գոտու, որտեղ իրականացվում են ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքները և վերջիններիս պահպանումը և «մաքուր» գոտու, որտեղ ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքներ չեն իրականացվում և չեն պահպանվում: Գոտիների միջև տեղակայվում է սանթողարան.

ա. «Մաքուր» գոտում տեղակայվում են հետևյալ սենքերը` լաբորատորիայի անձնակազմի սենյակ/ները (լաբորատորիայի ղեկավարի և այլ աշխատակիցների), հանդերձարանը, հանգստի սենյակը (տարածքային հնարավորության դեպքում), սնուցող միջավայրերի բաժինը/սենյակը (պատրաստում, տարալցում, պահպանում), շոգեգոլորշային մանրէազերծման սենյակը (ավտոկլավարանը), օժանդակ սենյակները (պահեստ և այլն), սանհանգույցը (աշխատակիցների համար),

բ. «Վարակիչ» գոտում տեղակայվում են` մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական հետազոտությունների սենյակ/ները (բոքսերը), շճաբանական հետազոտությունների սենյակը, ՊՇՌ-ախտորոշման կառուցահատվածը կամ լաբորատորիան, շոգեգոլորշային վարակազերծման սենյակը (ավտոկլավարանը), լվացման սենյակը, նմուշների ընդունման սենյակը/կառուցահատվածը (մարդկային նմուշների), կենդանամակաբուծաբանական (դաշտային նյութի հետ) աշխատանքների կառուցահատվածը: Կենդանամակաբուծաբանական (դաշտային նյութի հետ) աշխատանքների կառուցահատվածը իր հերթին ընդգրկում է նմուշների ընդունման, տեսակավորման և առաջնային մշակման սենյակ, կենդանիների/դաշտային նյութի վարակման, հերձման և ցանքի սենյակ, վարակված կենդանիների պահելու սենյակ, կենդանամակաբուծաբանական կառուցահատվածի ախտաբանական նյութի վարակազերծման սենյակ, պաշտպանական հագուստ հագնելու/հանելու սենյակ/նախասենյակ:

3) Լաբորատորիայի միջանցքները և անցումները լինում են առանց խոչընդոտների, անցումների լայնությունը պետք է հնարավորություն ընձեռի սարքավորումների ազատ տեղաշարժի համար:

4) Կենդանամակաբուծաբանական կառուցահատվածն առանձնացված է լինում «վարակիչ» գոտու մնացած տարածքից:

5) Նմուշների ընդունման սենյակը/կառուցահատվածը (մարդկային նմուշների) տեղակայվում է լաբորատորիայի երկրորդ մուտքին մոտ: Նմուշառման սենյակի առկայության դեպքում հարկ է նախատեսել առանձին սանհանգույց` հետազոտվող անձանց համար: Նմուշառման կառուցահատվածը կարող է տեղակայվել նաև լաբորատորիայից դուրս` որպես ընդհանուր նմուշառման բաժին` ապահովելով նմուշների տեղափոխման ժամանակ կենսաանվտանգության պահանջները:

6) Լաբորատորիայում առանձին սենքերում հստակ մեկուսացվում են ախտահանման և մանրէազերծման աշխատանքները` ապահովելով ախտաբանական և մանրէազերծ նյութերի տարանջատված շարժը:

7) Սնուցող միջավայրերի պատրաստման բաժինը (կամ սենյակը) և շոգեգոլորշային մանրէազերծման սենյակը (ավտոկլավարանը) տեղակայվում են հարևանությամբ. միջավայրերի փոխանցումը ավտոկլավարան կարելի է իրականացնել ներկառուցված փոխանցման պատուհանի միջոցով: Միջավայրերի պատրաստման բաժնում, ԿԱՊ-երի բացակայության դեպքում, պահանջվում է մանրէասպան ճառագայթիչով ապահովված նախաբոքսի առկայություն` մանրէազերծ միջավայրերի տարալցման համար:

8) Շոգեգոլորշային վարակազերծման (ավտոկլավարան) և լվացման սենյակները տեղակայվում են կողք-կողքի` ախտաբանական նյութի հոսքի ճիշտ կազմակերպման համար. նյութի փոխանցումը սենյակների միջև կարելի է իրականացնել նաև փոխանցման պատուհանի միջոցով:

9) Լաբորատորիան ունենում է լաբորատոր սպասքի կամ ամանեղենի և պարագաների լվացման սենյակ` ապահովված սառը և տաք հոսող ջրերով, երկու և ավելի լվացարաններով, պիտակավորված լվացման տարաներով, դարակաշարերով: Տարածքային սահմանափակման դեպքում շոգեգոլորշային վարակազերծման (ավտոկլավարան) և լվացման սենյակները համատեղվում են` անվտանգության նպատակով աշխատանքների առանձնացումն ապահովելով միջնապատով (մինչև առաստաղ)` ապահովելով յուրաքանչյուր աշխատատեղի/աշխատանքի համար համապատասխան տարածք:

10) Ավտոկլավարանների դռները լինում են հակահարվածային և բացվում են դեպի դուրս` անվտանգության պահանջներից ելնելով:

11) Լաբորատորիայի հետազոտությունների համար նախատեսված (կամ հետազոտական) սենյակները, որտեղ իրականացվում են աշխատանքներ ԱԿԱ-ների հետ, ապահովվում են համապատասխան ԿԱՊ-երով, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` տարանջատվում են լաբորատորիայի ընդհանուր տարածքից` նախաբոքսերով: Լաբորատորիայում հստակ, առանձին սենյակներում տարանջատվում են սանիտարամանրէաբանական և ախտաբանական նյութի հետազոտությունների սենյակները: Հետազոտության սենյակները տեղակայվում են այնպես, որպեսզի դրանցից ախտաբանական նյութի հոսքը, չխաչվելով այլ հոսքերի հետ, անմիջապես փոխադրվի շոգեգոլորշային վարակազերծման սենյակ: Նախաբոքսերում (անցախցերում), ինչպես նաև պաշտպանական հագուստները հանելու սենյակում/ներում, տեղադրվում են լվացարաններ` անմիջապես դռներին կից:

12) Արտահագուստի և անձնական իրերի պահպանման, սննդի ընդունման և հանգստի համար նախատեսված սենքերը տեղակայվում են լաբորատորիայի ոչ աշխատանքային գոտում:

13) Լաբորատորիայում, աշխատանքային գոտուն կից, նախատեսում են առանձին սենք կամ պահեստային սենյակ` ռեակտիվների, սնուցող միջավայրերի, սպասքի և լաբորատոր գործընթացի ապահովման համար անհրաժեշտ այլ նյութերի ու պարագաների անվտանգ և հուսալի պահպանման համար:

14) «Վարակիչ» գոտու սենյակներում ջեռուցման մարտկոցներն ու խողովակաշարերը տեղադրում են պատերից որոշակի հեռավորության վրա` դրանց խոնավ մաքրումն ու վարակազերծումն անարգելք իրականացնելու համար: Ջեռուցման մարտկոցները լինում են առանց անցքերի, բաց հատվածների, ունենում են հարթ, լվացվող մակերես:

15) «Վարակիչ» գոտու սենյակներում, որտեղ աշխատում են ախտածին կենսաբանական ազդակների հետ, չի թույլատրվում ջրամատակարարման այնպիսի համակարգի տեղադրում, որը տեխնիկական միջոցներով պաշտպանված չէ հետադարձ հոսքից:

16) Լաբորատորիայի բոլոր սենքերի պատուհաններն ու դռները հերմետիկ փակվող են: Ցոկոլային և առաջին հարկերի պատուհաններին տեղադրվում են մետաղական ճաղավանդակներ, որոնք չեն խախտում հակահրդեհային անվտանգության կանոնները: Միջատներից պաշտպանության համար բոլոր պատուհանները ապահովվում են մանրավանդակ ցանցով: Լաբորատորիաների դռները ապահովվում են կողպվելու հարմարանքներով:

17) Լաբորատոր յուրաքանչյուր սենք օգտագործվում է ըստ իր նշանակության. չի թույլատրվում կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք նախատեսված չեն տվյալ սենքում իրականացնելու համար:

15. ՊՇՌ և ԻՖԱ մեթոդներով աշխատող լաբորատորիաների շինությանը ներկայացվող պահանջները ներկայացված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 17-ի N 1403-Ա հրամանում:

16. Քիմիական լաբորատորիաների կառուցվածքին ներկայացվող սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջներն են.

1) Քիմիական լաբորատոր սենյակի մակերեսը նախագծվում է լաբորատոր յուրաքանչյուր աշխատակցին ոչ պակաս, քան 4.5 մ2 հաշվարկով:

2) Քիմիական լաբորատորիան ունենում է երկու առանձին ելքի հնարավորություն:

3) Քիմիական լաբորատորիայում հետազոտական և ոչ հետազոտական (գրասենյակային, հանգստի) տարածքները տարանջատվում են:

4) Քիմիական լաբորատորիաները ունենում են սեյսմակայունություն:

5) Քիմիական լաբորատորիաներում կիրառվող բարձր ջերմաստիճանային և/կամ ճնշումային սարքավորումների համար (մուֆելային վառարաններ, միկրոալիքային վառարաններ) առանձնացնում են հատուկ լաբորատոր աշխատանքային սենյակներ:

6) Քիմիական լաբորատոր հետազոտական գործընթացներում հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող նյութերի և նմուշների պահպանման համար, առանձնացնում են համապատասխան ջերմաստիճանային ռեժիմով սենյակներ:

7) Քիմիական լաբորատոր սենյակները, որտեղ աշխատում են վտանգավոր և ուժեղ ազդող քիմիական նյութերով, լինում են առանձնացված և ունենում են երկրորդ/առանձին ելք:

8) Քիմիական լաբորատորիաներն ապահովվում են մեխանիկական դրդմամբ կառավարվող ընդհանուր օդափոխության համակարգով և քարշիչ պահարաններով:

9) Քարշիչ պահարաններն ապահովվում են վերին և ստորին օդի քարշման համակարգերով:

10) Քիմիական լաբորատորիաների ընդհանուր ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգի կառուցվածքը ապահովվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի պահանջներով:

11) Քիմիական լաբորատորիայի ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգը և քարշիչ պահարանը պատրաստվում է քիմիապես կայուն և հրդեհակայուն նյութից:

12) Քիմիական լաբորատորիայի և հարակից տարածքների ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգը նախագծվում և կառուցվում է այնպես, որպեսզի բացառվի քիմիական ցնդող նյութերի, ծխի և կրակի տարածումը:

13) Աշխատանքային գոտու արտանետումները հեռացվում են արտաձիգ օդափոխիչ համակարգով, որի խողովակի բացվածքը շենքի տանիքից առնվազն 1 մ բարձրության վրա է:

14) Քիմիական լաբորատորիան ապահովվում է վթարային ցնցուղի հնարավորությամբ:

15) Քիմիական լաբորատոր սենյակների հեռավորությունը վթարային ցնցուղի տեղակայման կետից չի գերազանցում 30մ:

16) Քիմիական լաբորատորիայի նախագծման ժամանակ անհրաժեշտ է առանձին սենյակ նախատեսել նաև դյուրավառ, պայթյունավտանգ և հեշտությամբ բոցավառվող նյութերի համար:

17) Քիմիական լաբորատոր սենյակներում, որտեղ աշխատում են ցանկացած կարգի վտանգավոր նյութի հետ, կամ որտեղ հնարավոր է վտանգավոր գազերի /գոլորշիների անջատում, չի թույլատրվում օդի վերաշրջանառությունը (ռեցիրկուլյացիա):

18) Քիմիական լաբորատորիաներում ապահովվում է 20-25oC օդի ջերմաստիճան:

19) Լաբորատոր աշխատասենյակներում, միջանցքներում և, անհրաժեշտության դեպքում նաև վտանգավոր, պայթյունավտանգ և հրդեհավտանգ տարածքներից դուրս տեղակայվում են ավտոմատ անջատիչներով էլեկտրամատակարարման վահանակներ:

20) Քիմիական լաբորատոր աշխատասենյակները և պահեստային սենյակները ապահովվում են էլեկտրամատակարարման այնպիսի համակարգով, որը հնարավորություն է տալիս ընդհանուր ցանցից անջատել առանձին սարքավորումներ և սարքավորումների խմբեր:

21) Քիմիական լաբորատորիան ունենում է էլեկտրական հոսանքի եռաֆազ գծի հնարավորություն:

22) Քիմիական լաբորատորիաներում ապահովվում է 380/220Վ լարումով էլեկտրամատակարարում` ներկառուցված կամ անկախ տրանֆորմատորային ենթակայաններից:

23) Տեղային օդափոխության համակարգի էլեկտրական հոսանքի մատակարարումն ապահովվում է դրանից դուրս տեղադրված ավտոմատ անջատիչների միջոցով:

24) Քիմիական լաբորատորիայում տեղադրված էլեկտրամատակարարման բոլոր վահանակները և վարդակները հողանցվում են:

25) Քիմիական լաբորատորիաների էլեկտրական համակարգերը համապատասխանեցվում են կիրառվող սարքավորումների արտադրողների պահանջներին:

26) Քիմիական լաբորատորայում առանձնացված են հետևյալ հետազոտական սենյակները.

ա. քրոմատագրաֆիկ մեթոդներով հետազոտությունների սենյակ,

բ. ճշգրիտ կշեռքների սենյակ,

գ. հանքայնացման և լուծամզման (էքստրակցիայի) սենյակ,

դ. լվացարանային սենյակ,

ե. գրասենյակներ,

զ. արխիվային սենյակ,

է. տարբեր վտանգավորության քիմիական նյութերի պահպանման սենյակներ` համապատասխան ջերմաստիճանային ռեժիմներով և չհրկիզվող պահարաններով:

17. Ճառագայթային լաբորատորիաների կառուցվածքին ներկայացվող սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջներն են.

1) Ճառագայթային լաբորատորիաները տեղակայվում են շենքի առանձին հատվածում կամ առանձին հարկում` մեկուսացված այլ տարածքներից:

2) Լաբորատորիաների տարածքները բաժանվում են «կեղտոտ» և «մաքուր» գոտիների:

3) Առանձնացված է ընդհանուր տարածք նմուշների ընդունման, դոզիմետրիկ ստուգման և բաժանման համար:

4) «Կեղտոտ» գոտում տեղակայվում են.

ա. տարածք` նմուշների նախապատրաստման, պահպանման և մոխրացման համար,

բ. տարածք` ռադիոքիմիական հետազոտությունների համար,

գ. տարածք` սպասքի, տուփերի, սարքավորումների, սպիտակեղենի և հատուկ հագուստի ապաակտիվացման համար: Կեղտոտ և մաքուր գոտիների միջև նախատեսվում է սանթողարան:

5) «Մաքուր» գոտում տեղակայվում են`

ա. տարածք` նմուշների նախապատրաստման, պահպանման և մոխրացման համար,

բ. տարածք` ռադիոքիմիական հետազոտությունների համար:

 

V. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

18. Շինությունների ներքին հարդարումը կատարվում է դրանց գործառնական (ֆունկցիոնալ) նշանակությանը համապատասխան:

19. Լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 108-Ն որոշման պահանջներին համապատասխան:

20. Լաբորատոր կենսաանվտանգության ապահովման մակարդակների հիմնական առանձնահատկությունները ներկայացված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի «25 դեկտեմբերի» 3786-Ա հրամանով:

21. Կենսաբանական լաբորատորիաների ներքին հարդարմանը և կահավորմանը ներկայացվող պահանջներն են.

1) Լաբորատորիաների սենքերի հատակի, պատերի, առաստաղի մակերեսները լինում են հարթ, ամբողջական` ճեղքերից զերծ, հեշտ մշակվող, կայուն` լվացող և ախտահանիչ միջոցների նկատմամբ: ԱՀԿ դասակարգման համաձայն մարդու համար ախտածնության 3-4-րդ (ԱՊՀ երկրների դասակարգման` 1-2-րդ) խմբերի ԱԿԱ-երի (կամ հավանական վարակված) հետ աշխատող լաբորատորիաներում մակերեսները հարվածակայուն են և կայուն են օրգանական նյութերի նկատմամբ:

2) Հատակները լինում են չսայթաքող, հատակի ծածկույթի եզրերը բարձրանում են ներկառուցված շրիշակների վրա: Ավտոկլավարանում, լվացման սենյակներում, ցնցուղարաններում հատականցքերի առկայության դեպքում, հատակին տրվում է թեքություն:

3) Լաբորատոր սարքավորումները և կահույքը (սեղաններ, կենդանիների պահպանման համար նախատեսված դարակաշարեր, աթոռներ և այլն) լինում են ամուր, հարթ, առանց սուր ծայրերի, լվացող ու ախտահանիչ միջոցների, տաքացման և խոնավության նկատմամբ կայուն մակերեսներ: Սեղանների մակերեսը լինում են առանց կարերի և ճեղքերի: Դարակաշարերի, պահարանների, աշխատատեղերի կամ աթոռների և սարքավորումների միջև բաց տարածքները լինում են հասանելի խոնավ մաքրման համար:

4) Սենյակներում տեղադրված լվացարանների շուրջը սալիկապատվում է:

5) Այն սենքերում, որտեղ աշխատանքներ են կատարվում ախտածին կենսաբանական ազդակների հետ, օդի և մակերեսների վարակազերծման համար տեղադրում են ուլտրամանուշակագույն ճառագայթիչներ:

6) Աշխատանքային սեղաններն անցանկալի փայլատակումից և լուսարձակումից պաշտպանելու համար օգտագործում են արևապաշտպան թաղանթեր կամ ախտահանիչ միջոցների ազդեցության նկատմամբ կայուն նյութից պատրաստված շերտավարագույրներ:

7) Լաբորատորիայում պարտադիր տեղակայվում է հակահրդեհային ազդանշանային և հրդեհը հանգցնելու միջոցներ:

22. Քիմիական լաբորատորիաները կահավորվում և կազմակերպվում են այնպես, որպեսզի դարակաշարերի, պահարանների, աշխատատեղերի կամ աթոռների և սարքավորումների միջև բաց տարածքները հասանելի լինեն խոնավ մաքրման համար:

23. Ճառագայթակտիվ ինդիկատորների կիրառմամբ քիմիական հետազոտությունների դեպքում ապահովում են աշխատատեղերի ապակենտրոնացում:

24. Լաբորատորիայի պատերը ծածկվում են հեշտությամբ լվացվող լատեքսային, քիմիապես և ջրակայուն ներկերով, առաստաղը լինում է հարթ և ծածկված լվացվող և ջրակայուն ներկով:

25. Հատակը լինում է քիմիապես կայուն, ջրակայուն, հարվածակայուն, ջերմակայուն, չսայթաքուն և ցածր էլեկտրահաղորդականությամբ:

26. Քիմիական լաբորատորիաներում ընդունելի են հետևյալ տարբերակի հատակների առկայությունը.

1) էպոքսիդային կամ պոլիուրետանային լիցքավորումով,

2) կերամիկական սալիկներով պատված,

3) հատուկ քիմիապես կայուն լինոլեումով ծածկված:

27. Լաբորատոր սենյակների դռները բացվում են դեպի դուրս, հեշտությամբ բացվող են, իսկ դռների բացվածքների լայնությունները պետք է լինեն ոչ պակաս, քան 1 մետր` սարքավորումների փոխադրումն ապահովելու համար:

28. Քիմիական լաբորատորիայի ընդհանուր օդափոխանակության պատիկությունը լինում է 4-8 լ/ժամ միջակայքում:

29. Քիմիական լաբորատորիայի քարշիչ պահարանների օդափոխանակության պատիկությունը լինում է ոչ պակաս, քան 300 լ/ժամ:

30. Այն լաբորատոր սենյակներում, որտեղ աշխատում են բարձր հրդեհավտանգ նյութերի հետ, օդափոխիչ-քարշիչ համակարգի համար, բացի հիմնական շարժիչից, անհրաժեշտ է տեղադրել նաև պահեստային շարժիչ:

31. Լաբորատոր աշխատանքային սենյակներն ապահովվում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով, քիմիապես կայուն (կերամիկական կամ էմալապատ) լվացարաններով: Քարշիչ պահարանները ապահովվում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով:

32. Ճառագայթային լաբորատորիաներում աշխատանքային տարածքները հագեցվում են ճառագայթային ազդակների հետ աշխատող համապատասխան սարքավորումներով:

33. Աշխատանքները, որոնք կապված են օդի հնարավոր ռադիոակտիվ աղտոտման հետ (գործողություններ փոշիներով, լուծույթների գոլորշիացում, աշխատանքներ ցնդող նյութերի հետ) կատարվում են քարշիչ պահարաններում կամ հատուկ աշխատանքային սեղանների վրա:

 

VI. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՐՔ/ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

34. Լաբորատորիան ապահովվում է ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սարքավորումներով և գույքով, որոնք աշխատում են սարքերի արտադրողների հրահանգին համապատասխան:

35. Լաբորատորիայում անվտանգ աշխատանքային գործընթաց ապահովելու համար, հատկապես մեծ սարքավորումների շուրջը, հատկացվում է բավարար տարածք (ոչ պակաս 0.5 մ):

36. Սարքավորումները տեղադրվում են անվտանգ աշխատանք ապահովող պայմաններում, որը վերաբերում է էլեկտրական անվտանգությանը, շահագործման շտապ դադարեցման համասարքերին և այլն:

37. Լաբորատորիայում կիրառվող սարք/սարքավորումների և չափման միջոցների կատարված և կատարվելիք տեխնիկական սպասարկումների, ստուգաչափման և տրամաչափման աշխատանքները փաստագրվում են: Լաբորատորիայի սարքավորումները լինում են տեխնիկապես սարքին վիճակում, ունենում են տեխնիկական անձնագրեր և շահագործման հրահանգներ` անվտանգության պահանջներին համապատասխան: Լաբորատորիաներում շահագործվող սարքավորումների օգտագործման առավելագույն ժամկետները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի մարտի 28-ի «Բժշկական հիմնական սարքավորումների առավելագույն ժամկետները սահմանելու մասին» N 06-Ն հրամանով սահմանված ժամկետները:

38. Լաբորատորիայում առկա ռեժիմային (պայմանակարգային) բոլոր սարքավորումները (սառնարաններ, շոգեգոլորշային, չորաօդային մանրէազերծիչներ, թերմոստատներ) ունենում են աշխատանքային պայմանակարգերի գրանցման գրքեր կամ մատյաններ, սառնարանները պիտակավորվում կամ մակնշվում են ըստ նշանակության:

39. Սարքավորումներին ներկայացվող շահագործման, ստուգաճշտման, մաքրման և ախտահանման գործընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

40. Լաբորատոր սարքավորումների անվտանգությունն ապահովող ճարտարագիտական համակարգերի տեխնիկական սպասարկումն ու զննումներն իրականացվում են ճարտարագիտական-տեխնիկական ծառայությունների և մասնագետների կողմից` տարեկան ժամանակացույցի համաձայն, ինչպես նաև ըստ անհրաժեշտության:

41. ԱՀԿ դասակարգման մարդու համար ախտածնության 1-2-րդ (ԱՊՀ դասակարգման` 3-4-րդ) խմբերի ԱԿԱ-երի հետ աշխատող կենսաբանական լաբորատորիաներում օգտագործում են II (Ա տիպի) դասի ԿԱՊ-եր, կամ վերջիններիս բացակայության դեպքում ապահովում են գազային այրիչներ, սպիրտայրոցներ կամ ասբեստային շիկացնող սարքեր` պահպանելով վերջիններիս հետ աշխատանքի անվտանգության կանոնները:

42. ԱՀԿ դասակարգման մարդու համար ախտածնության 3-4-րդ (ԱՊՀ դասակարգման` 1-2-րդ) խմբերի ԱԿԱ-երի հետ աշխատող կենսաբանական լաբորատորիաներում շինությունում ներհոս-արտաձիգ օդափոխության կամ արտահոս օդափոխության ելքում նուրբ մաքրման ֆիլտրերի բացակայության դեպքում, վարակված կենդանիների հետ աշխատանքի կառուցահատվածում օգտագործում են II (Ա կամ Բ տիպի) դասի ԿԱՊ-եր:

43. ԱՀԿ դասակարգման մարդու համար ախտածնության 3-րդ (ԱՊՀ դասակարգման` 2-րդ) խմբի վիրուսների և ռիկեցիաների հետազոտական աշխատանքները կատարում են բոքս-սենյակներում կամ II դասի ԿԱՊ-ում:

44. Տաք կլիմայի պայմաններում թույլատրվում է աշխատանքային սենյակներում և բոքսերում օդորակիչների տեղադրում` ԱԿԱ-երի հետ աշխատանքի ընթացքում դրանք անջատելու պայմանով: Վարակած կենդանիների պահման սենյակներում օդորակիչների տեղադրում չի թույլատրվում:

45. Քիմիական լաբորատորիաներում սարքավորումների հետ աշխատելիս պահպանվում են հետևյալ պահանջները.

1) սարքը տեղադրվում և գործարկվում է արտադրողի բոլոր տեխնիկական պահանջները կատարելուց հետո,

2) սարքը չի թույլատրվում շահագործել առանց դրա ճիշտ աշխատելու նախնական ստուգման, անձնակազմի ուսուցման և տվյալ սարքի վրա աշխատանքի թույլտվության,

3) չի թույլատրվում առանց հսկողության թողնել աշխատող սարքը,

4) ջրային սառեցմամբ սառնարանների աշխատանքի ժամանակ հսկվում է ջրի հոսքի անընդհատությունը:

46. Ճառագայթային լաբորատորիաներում սարքավորումների հետ աշխատելիս պահպանվում են հետևյալ պահանջները.

1) Ճառագայթային լաբորատորիաների սարքավորումները, գործիքներն ու կահույքը ամրագրվում են ըստ գոտիների և մակնշվում են: Դրանց փոխադրումը մեկ գոտուց այլ գոտի թույլատրվում է միայն ճառագայթային հսկողությունից և մակնշման փոփոխումից հետո:

2) Կողմնակի անձանց չի թույլատրվում մոտենալ այն սարքավորումներին, որոնց կազմի մեջ մտնում են ճառագայթման չափիչ փակ աղբյուրներ և այն սարքավորումներին, որոնք գեներացնում են իոնիզացնող ճառագայթները: Լաբորատորիան ապահովվում է իոնիզացնող ճառագայթման աղբյուրի ամբողջականության պահպանվածությամբ:

 

VII. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՋԵՌՈՒՑՄԱՆԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

47. Լաբորատորիան ապահովված է կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման, լուսավորության, ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերով: Օդորակումը կարող է լինել նաև տեղային սարքերի կիրառմամբ:

48. Շինությանը և սենքերին ներկայացվող ջեռուցման, օդափոխության և օդորակման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի պահանջներով:

49. Շենքերի ներքին ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» ՀՀ ՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերով:

50. Լաբորատորիայի բոլոր աշխատանքային սենյակները ապահովվում են անձնակազմի ձեռքերի լվացման համար նախատեսված ոտնակային, զգայուն կամ արմնկային կառավարման ծորակներով լվացարաններով, իսկ լաբորատոր ամանեղենի լվացման սենյակը` 2 և ավելի լվացարանակոնքերով և հոսող տաք ջրով:

51. Լաբորատորիաները սարքավորվում են էլեկտրամատակարարման կրկնակի համակարգով, սնուցման ինքնավար (պահեստային, վթարային) աղբյուրով (դիզել-գեներատոր):

52. Վարակված կենդանիների հետ աշխատանքների սենյակը, բոքս-սենյակները, մանրէաբանական սենյակները ունենում են ներհոս-արտահոս օդափոխության ինքնավար համակարգ, որը պետք է մեկուսացված լինի շենքի օդափոխության այլ համակարգերից և ելքի մասում սարքավորված լինի պաշտպանական արդյունավետության նկատմամբ ստուգված նուրբ մաքրման ֆիլտրերով (այսուհետ` ՆՄՖ):

53. Օդափոխության ներհոս-արտաձիգ համակարգը, պնևմակոստյումների օդամատակարարման համակարգը, առհոս ջրերի հավաքման և մշակման և այլ համակարգերը, բացի աշխատանքային ագրեգատներից, պետք է համալրված լինեն լրացուցիչ, պահեստային ագրեգատներով:

54. Լաբորատորիաները կահավորվում են մեխանիկական մղմամբ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգերով, ԿԱՊ-երով և քարշիչ պահարաններից օդը քաշելու համար օդափոխության տեղային սարքավորումներով (ավտոնոմ):

55. Քիմիական տարրերի և նյութերի պարունակությունն աշխատանքային գոտու օդում չպետք է գերազանցի առավելագույն սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները (խտություն)` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնների և նորմերի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումն ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի:

56. Օդափոխության համակարգի անջատիչները տեղակայվում են վերջիններիս մոտ, պահարանի ներսում: Արտաքին պատի վրա տեղակայված սարքերի միացման վարդակները, կողային հատվածների գազի ծորակները, հոսանքին միացվող վարդակները տեղակայվում են աշխատանքային սեղանի հատվածում, աշխատանքային սեղանի ճակատային հատվածում` քարշիչ պահարանից դուրս կամ դրա ներսում: Փականները և վարդակները հեշտությամբ հասանելի են: Ազդեցության ենթարկվող ներքին մակերեսներին գտնվող էլեկտրականության վարդակները ունենում են ցայտերից պաշտպանող կափարիչներ կամ եզրերը միջադիրների օգնությամբ հերմետիկ փակվող ներդիրներ:

57. ԿԱՊ-երի անջատիչները տեղակայվում են վերջիններիս մոտ, համակարգի միացման վարդակները, որոնք տեղակայված են պահարանի և ԿԱՊ-ի ներսում` գտնվում են արտաքին պատի վրա, գազի ծորակները` արտաքին պատի վրա, հոսանքին միացվող վարդակները աշխատանքային սեղանի հատվածում, աշխատանքային սեղանի ճակատային հատվածում` քարշիչ պահարանից դուրս կամ դրա ներսում:

58. Լաբորատոր սենքերում օդի ջերմաստիճանը պահպանվում է 18-21oC-ի սահմաններում, հարաբերական խոնավությունը` 40%-ից մինչև 70%, եթե հետազոտության մեթոդաբանությամբ, սարքի շահագործման հրահանգով այլ պայմաններ չեն նախատեսվում:

59. Լաբորատորիաներն ունեն բնական և արհեստական լուսավորություն, գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումն ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոններով և նորմերով: Աշխատանքային սենյակների պատուհանների դեպի հարավ կողմնորոշման դեպքում ապահովվում է աշխատանքային սեղանների և օպտիկական սարքերի պաշտպանություն արևի լույսի ուղիղ ճառագայթներից:

60. Լոգարանում, սանհանգույցներում, պահեստային սենքերում և այն տարածքներում, որտեղ իրականացվում են աշխատանքներ լյումինեսցենտային մանրադիտակով, բնական լուսավորություն չի պարտադրվում:

 

VIII. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԱԿԱ-ՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

61. «Վարակիչ» և «մաքուր» գոտիների սահմանում սարքավորվում են սանթողարաններ, որոնք բաղկացած են հերմետիկ դռներից (առանձին մուտքի և ելքի համար) օդային նախամուտք (տամբուր)-անցախցերից և սանիտարակենցաղային սենյակներից (որտեղ կատարվում է անձնակազմի լրիվ վերազգեստավորում, աշխատանքային և հատուկ հագուստների, անհատական պաշտպանության միջոցների փոխում, դրանց վարակազերծում, սկզբնական վիճակի բերում և պահպանում), ջրցողարան և մազերի չորացման սենյակ:

62. «Վարակիչ» գոտու սենյակները ունենում են նուրբ մաքրման ֆիլտրերով (բարձր արդյունավետության զտիչ` ՀԵՊԱ (HEPA)) (որոնք պարբերաբար փոխվում են` ըստ հրահանգում նշված հաճախականության) մեխանիկական օդափոխության ներհոս-արտաձիգ համակարգ, որն ապահովում է.

1) սենյակներում օդի նոսրացումը` ցուցանիշների մշտական ավտոմատ կարգավորմամբ և գրանցմամբ,

2) օդի ուղղորդված հոսքերի ստեղծումը, որը կարգավորվում է անձնակազմի կողմից,

3) ներհոսող և արտահոս օդի մաքրումը` նուրբ մաքրման ֆիլտրերով,

4) սենյակներում սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը:

63. Աշխատանքի ընթացքում առաջացած բոլոր հեղուկ մնացորդները ենթակա են պարտադիր քիմիական և ջերմային վարակազերծման:

64. «Վարակիչ» գոտի յուրաքանչյուր այցից հետո լաբորատոր արտահագուստը ենթարկվում է ախտահանման:

65. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքը թույլատրվում է միայն ինժեներատեխնիկական բոլոր համակարգերի կենսաբանական անվտանգության ապահովման համալիր փորձարկման (շահագործման ընդունելիս և հաջորդիվ` առնվազն տարին մեկ անգամ) դրական արդյունքներից հետո:

66. Լաբորատորիան տնօրինող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության, լաբորատոր կենտրոնի կողմից մշակվում են ախտածնության I-IV խմբի միկրոօրգանիզմների հետ աշխատանքների կազմակերպման և իրականացման, կենսաբանական անվտանգության համակարգերի շահագործման և դրանց գործունեության արդյունավետության հսկողության աշխատանքային մանրամասն հրահանգներ: Աշխատանքային հրահանգների հիման վրա կազմակերպվում և իրականացվում են սեմինար պարապմունքներ «վարակիչ» գոտում մշտական աշխատող և տեխնիկայի անվտանգության հարցերին առնչվող անձնակազմի համար, որից հետո ստուգվում են գիտելիքները և տրվում է աշխատանքի թույլտվություն:

67. Մշակվում են արտակարգ իրավիճակներում գործողությունների հրահանգներ և միջոցառումների ծրագրեր: Լաբորատորիաների և ինժեներատեխնիկական անձնակազմերը տեսական և գործնական ուսուցում են անցնում վթարների և վթարային իրավիճակների վերացման ժամանակ իրականացվող գործողությունների վերաբերյալ:

68. ԿԱՊ-երի տեղադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի N 3786-Ա հրամանի համաձայն: Չի թույլատրվում օդ մատակարարող կամ արտանետող համակարգերը տեղակայել անմիջապես ԿԱՊ-ի դիմաց, որտեղ օդի հոսքը կարող է խախտել ԿԱՊ-երի ներսում օդի շրջանառությունը: Օդի հոսքերի խախտումների հայտնաբերման նպատակով համապատասխան սարքավորումների միջոցով իրականացնում են ստուգաճշտումներ: Լաբորատորիայում կիրառվող աշխատանքային գործընթացները, այդ թվում` ԿԱՊ-ում, կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի N 3786-Ա հրամանով:

69. Լաբորատոր կենտրոնի/լաբորատորիայի ներսում վարակիչ նմուշների ստացման, ներբեռնման և տեղափոխման աշխատանքների համակարգումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի N 38-Ն հրամանով հաստատված վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան:

70. Մշակված նյութերը (աշխատանքային ցանքեր, կենսաբանական նյութի նմուշներ, կրծողների, լաբորատոր կենդանիների դիակներ և վերջիններիս բներից նմուշառված նյութեր) վարակազերծվում են` ապահովելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 03-Ն հրամանի պահանջները: Յուրաքանչյուր լաբորատորիա մշակում է իր լաբորատորիային առնչվող կենսաբանական նյութի վարակազերծման գործողությունների ստանդարտ ընթացակարգեր (այսուհետ` ԳՍԸ), որոնցով իրականացնում է գործընթացը:

71. Անհատական պաշտպանության միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները սահմանվում են` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 1-ի N 39-Ն հրամանով հաստատված «Անհատական պաշտպանական միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները» N 2.1.7.013-14 սանիտարական կանոններով և նորմերով:

72. Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբի ախտածին կենսաբանական ազդակների հետ լաբորատոր աշխատանքներն իրականացվում են` օգտագործելով անհատական պաշտպանության միջոցներ: Հագուստի և անհատական պաշտպանության միջոցների ընտրությունը կախված է աշխատանքի բնույթից: Վերջինիս ընտրության պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի N 2647-Ա, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հոկտեմբերի 2-ի N 204-Ա, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1064-Ա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի N 13-Ա, և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015 թվականի հոկտեմբերի 2-ի N 1006-Ա «Քիմիական և կենսաբանական լաբորատորիաներում օգտագործվող անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների պիտանիությանը ներկայացվող պահանջներ մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» համատեղ հրամանով: Անհատական պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ յուրաքանչյուր լաբորատորիայի կողմից մշակվում է ԳՍԸ:

73. Մարդկանց, կրծողների, էկտոմակաբույծների, շրջակա միջավայրի նմուշների, վարակված կենդանիների կենսաբանական նյութի ընդունման և առաջնային մշակման հետ կապված բոլոր աշխատանքները և ԱՀԿ դասակարգման մարդու համար ախտածնության 3-4-րդ (ԱՊՀ դասակարգման` 1-2-րդ) խմբի հարուցիչների նկատմամբ հետազոտությունները կատարվում են առավել մեկուսացված լաբորատորիայում:

74. ԱՀԿ դասակարգման մարդու համար ախտածնության 3-4-րդ (ԱՊՀ դասակարգման` 1-2-րդ) խմբերի միկրոօրգանիզմներով հավանական վարակված կենդանիները պահվում են այլ կենդանիներից առանձին:

75. Միջատները և տզերը պահվում են հատուկ սենյակում (ինսեկտարիում), վանդակներում կամ անոթներում` բացառելով նրանց տարածվելը:

76. ԱՀԿ դասակարգման մարդու համար ախտածնության 3-4-րդ (ԱՊՀ դասակարգման` 1-2-րդ) խմբերի միկրոօրգանիզմների հետազոտություններ իրականացնող լաբորատորիայում հիվանդության ախտանիշներով կամ վթարի մասնակից աշխատակիցների համար նախատեսվում է մեկուսարան: Մեկուսարանն ապահովվում է առաջնային բժշկական օգնության դեղարկղիկով:

77. Վիրուսների հայտնաբերմանն ուղղված աշխատանքները` լաբորատոր կենդանիների վարակումը և հերձումը, կենտրոնախուսումը, չորացումը և այլ գործողություններ, որոնք կարող են առաջացնել աերոզոլ, բջջային կուլտուրաների և հավի սաղմի վարակումը, կախուկների (սուսպենզիաների) պատրաստումը, կենդանի վիրուսների շճաբանական հետազոտությունները, տարբեր առաջնային և անընդհատ աճող հյուսվածքային կուլտուրաների պատրաստումը, շտամների հավաքածուների հետ աշխատանքը, կլինիկական նյութի առաջնային մշակումը կատարվում են լաբորատորիայի բոքսային տարածքներում կամ ԿԱՊ-ում:

78. Ժամկետանց ռեակտիվները, քիմիական նյութերը պահպանվում և հեռացվում են որպես բժշկական թափոններ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 03-Ն հրամանի պահանջների:

79. Լաբորատորիաներում բուժաշխատողների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննությունների գործընթացի ապահովումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշումների պահանջների:

80. Ախտահանիչ, միջատասպան և կրծողասպան միջոցներին ներկայացվող պահանջները սահմանվում են` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 7-ի N 17-Ն հրամանով հաստատված «Ախտահանիչ, միջատասպան և կրծողասպան միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.006-14 սանիտարական կանոններով և նորմերով:

81. Լաբորատոր սենյակում չի թույլատրվում`

1) առանց հսկողության թողնել միացված այրիչները և այլ տաքացուցիչ սարքերը, աշխատել անսարք փականներով այրիչների հետ, նրանց մոտ տարածության վրա պահել դյուրավառ նյութեր,

2) պատահաբար թափված դյուրավառ հեղուկների հեռացում կատարել վառվող այրիչների և միացված էլեկտրական տաքացնող սարքերի ներկայությամբ,

3) աշխատանքներ իրականացնել օդափոխման համակարգի անսարքության պայմաններում,

4) բացել բոքսի դուռն աշխատանքի ժամանակ կամ աշխատել բաց դռան ետևում,

5) պահել և/կամ օգագործել չպիտակավորված ռեագենտներ,

6) աշխատատեղերում և դարակաշարերում պահել վտանգավոր և ուժեղ ազդող քիմիական նյութերի պաշարներ,

7) ծխել, պահել և ընդունել սնունդ աշխատանքային սենքերում,

8) աշխատել առանց արտահագուստի,

9) ջեռուցման սարքերը կամ մարտկոցներն օգտագործել չորացման նպատակներով:

82. Գլանանոթներում ճնշման տակ գտնվող գազերի հետ աշխատելիս արգելվում է`

1) դրանք պահել աշխատանքային սենքերում,

2) բաց թողնել գազն առանց պահանջվող կարգաբերման և գլանանոթների տեղադրման հետ կապված ստուգումների,

3) արագ բացել գլանանոթի փականը,

4) փականի բացման ընթացքում գտնվել պտույտափոխանցիչի (ռեդուկտորի) դիմաց` կափույրի խողովակաոստի (շտուցերի) առանցքի ուղղությամբ,

5) ընդունել և/կամ օգտագործել չմակնշված գլանանոթներ:

83. Դյուրավառ հեղուկների տաքացումը մինչև 100oC, անհրաժեշտ է իրականացնել ջրային բաղնիքում, իսկ 100oC-ից ավելի դեպքում` յուղային բաղնիքում: Չի թույլատրվում իջեցնել դյուրավառ հեղուկով լցված փորձանոթը տաք ջրի մեջ` առանց նախնական աստիճանաբար տաքացման:

84. Սպիրտայրոցի կամ դյուրավառ հեղուկների հետ աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է աշխատավայրում ունենալ հաստ կտոր` վթարների ժամանակ կրակի մարման համար:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
19.02.2016
N 04-Ն
Հրաման