Սեղմել Esc փակելու համար:
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ ...

 

 

020.1264.120416

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 ապրիլի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի`»ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ Հ. Հովհաննիսյանի, Գ. Գրիգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` 26.11.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (ՀՕ-247, այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Հայցի ապահովման հետ կապված վնասների հատուցումը» վերտառությամբ 102-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Պատասխանողն իրավունք ունի հայց հարուցել նույն դատարան ընդդեմ հայցվորի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով»:

Օրենսգրքում հիշյալ հոդվածը լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-101 ՀՀ օրենքով, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2000 թվականի հոկտեմբերի 24-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2000 թվականի նոյեմբերի 15-ին և ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 10-ից:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում 10.04.2013թ. ներկայացված հայցադիմումի և 18.04.2013թ. ներկայացված հակընդդեմ հայցի հիման վրա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /այսուհետ` դատարան/ քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի` «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերության տնօրեն Մ. Բաղիրյանի ընդդեմ Վ. Համբարձումյանի, դատարանի 22.04.2013թ. որոշմամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի միջնորդության բավարարման արդյունքում որպես երրորդ անձ ներգրավված` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության` թիվ ԵՄԴ/0761/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռի հիմքով պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Վ. Համբարձումյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի, «Դանհիս» ՍՊԸ-ի և ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանը թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով վճիռ է կայացրել 05.02.2014թ., որով հայցը և հակընդդեմ հայցը մերժել է, վճռել է դատարանի 09.10.2013թ. որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցները պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 22.05.2014թ. որոշմամբ մերժել է Վ. Համբարձումյանի վերաքննիչ բողոքը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 16.07.2014թ. որոշմամբ վերադարձրել է վերջինիս վճռաբեկ բողոքը:

Մինչև վճռի կայացումը դատարանն իր` 12.04.2013թ. որոշմամբ Վ. Համբարձումյանի միջնորդությունը բավարարել է` ի թիվս այլնի, հայցագնի` 350.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Երևան քաղաքի Իսակովի պողոտա, թիվ 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Հետագայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի միջնորդության բավարարման արդյունքում 10.01.2014թ. կայացված որոշմամբ փոփոխվել է դատարանի` վերը նշված որոշումը` ի թիվս այլնի, 350.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դրամական միջոցների վրա:

Դատարանի 09.10.2013թ. որոշմամբ սկզբնական հայցով հայցվոր «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի միջնորդության բավարարման արդյունքում արգելվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությանը կատարել որևէ գործողություն Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, արգելվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությանը և նրա կողմից լիազորված անձանց խոչընդոտելու «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերության և նրա աշխատակիցների մուտքը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցե, արգելվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությանը և ընկերության համար ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին խոչընդոտել «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերության աշխատանքներին:

Հետագայում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի միջնորդության բավարարման արդյունքում 10.01.2014թ. կայացված որոշմամբ վերացվել է վերը նշված հայցի ապահովման միջոցը:

Սակայն մինչև վերը նշված հայցի ապահովման միջոցը վերացնելը, 27.11.2013թ. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան` պահանջելով «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ից բռնագանձել 12.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 690.783,94 ՀՀ դրամ և 1.048.320 ՀՀ դրամ, ընդամենը 13.739.103,94 ՀՀ դրամ` որպես պատճառված իրական վնասի հատուցում այն բանի համար, որ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել, և այդ միջնորդությունը բավարարվել է:

Դատարանի 31.07.2014 թվականի թիվ ԵՄԴ/1613/02/13 վճռով հայցը բավարարվել է, ի թիվս այլնի, հետևյալ պատճառաբանությամբ` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները...:

Սույն գործով հայցվոր «ՎՏԲ-Հայաստան» բանկ ՓԲ ընկերությունն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հայց հարուցել նույն դատարան ընդդեմ թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործով հայցվոր «Արտադրա-տպագրական» ՓԲ ընկերության` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով»:

Հիշյալ վճռի դեմ «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի թիվ ԵՄԴ/1613/02/13 որոշմամբ բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2014 թվականի վճիռը և այն փոփոխվել` հայցը մերժվել է, ի թիվս այլնի, հետևյալ պատճառաբանությամբ. «Ինքնին միջնորդություն /հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ/ ներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ 102-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով վնասներ բռնագանձելու համար և այդ առումով հայցի ապահովման միջնորդությունը պետք է կապված լինի հայցի հիմնավորվածության և օրինականության հետ: Բացի այդ, հայցի ապահովման էությունից բխում է, որ այն կիրառվում է պատասխանողի նկատմամբ, մինչդեռ վիճարկվող պարագայում հայցի ապահովման միջոցը կիրառվել է երրորդ անձի նկատմամբ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածը պատասխանողին է իրավունք վերապահում հայց հարուցել նույն Դատարան, ընդդեմ հայցվորի` հայցի ապահովմամբ պատճառված վնասների հատուցման պահանջով...»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիշյալ որոշման դեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2015 թվականի թիվ ԵՄԴ/1613/02/13 որոշմամբ մերժվել է:

3. Դիմողը գտնում է, որ.

- վիճարկվող դրույթի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԵՄԴ/1613/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ տրված մեկնաբանությամբ կիրառումը /դատական պրակտիկան/ հակասում է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին,

- կամ վիճարկվող դրույթում առկա օրենքի բացը հակասում է ՀՀ Սահմանադրության հիշյալ դրույթներին այնքանով, որքանով այդ բացը իրավակիրառ պրակտիկայում հստակ հնարավորություն չի տալիս երրորդ անձին դատական կարգով պահանջել հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասի հատուցում:

Իր` վերը նշված դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողն օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 27-րդ հոդվածի 1-ին կետի նորմերի համակարգային վերլուծության արդյունքում գտնում է, որ վիճարկվող նորմը տվյալ դեպքում պետք է մեկնաբանել ընդարձակ մեկնաբանման կանոններով և եզրակացնում է, որ ընդարձակ մեկնաբանման դեպքում վիճարկվող դրույթի բովանդակությունը ներառում է նաև տվյալ դրույթով նախատեսված իրավունքն ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին վերապահելը:

Որպես փաստարկ` դիմողը վկայակոչում է օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը դատարանին իրավունք է վերապահում կիրառել նաև հայցի ապահովման այնպիսի միջոց, որն արգելում է կողմերից տարբերվող այլ անձանց ևս իրականացնելու որոշակի գործողություններ վեճի առարկայի նկատմամբ: Ըստ դիմողի` տվյալ դեպքում այդ անձը կարող է կրել գույքային վնաս, իսկ հայցի ապահովմամբ պատասխանողին և երրորդ անձին պատճառված վնասի հատուցման դեպքը դասվում է օրինաչափ վարքագծի և մեղքի բացակայության պայմաններում պատճառված վնասի հատուցման` օրենքով սահմանված դեպքերի շարքին:

Դիմողը վկայակոչում է նաև սեփականատիրոջ կողմից իր գույքն օգտագործելու և տիրապետելու իրավազորությունների սահմանափակման հետևանքով գույքային վնասի առաջացման հնարավորության և անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի վերաբերյալ համապատասխանաբար` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներ, ինչպես նաև օրենքի բացի քննության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներ:

4. Պատասխանողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին, սակայն տվյալ դրույթի մեկնաբանությունն իրավակիրառ պրակտիկայում /Վերաքննիչ դատարանի թիվ ԵՄԴ/1613/02/13 որոշում/ այնքանով, որքանով ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց համար չի երաշխավորում հայցի ապահովմամբ իրենց պատճառված վնասների հատուցում ստանալու պահանջով դատարան դիմելու իրավունքը, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Իր` վերը նշված դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողն օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի և 45-րդ հոդվածի 2-րդ մասի համակարգային վերլուծության արդյունքում գտնում է, որ վիճարկվող դրույթով նախատեսված իրավունքը վերապահված է նաև ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց, իսկ օրենսդիրն ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց` պատասխանողի իրավունքների հետ նույնական բոլոր իրավունքներն ամեն անգամ թվարկելու փոխարեն սահմանել է պատասխանողի բոլոր իրավունքներն ունենալու վերաբերյալ ընդհանուր կանոն` այդ կանոնից հստակ թվարկված բացառություններով:

Անդրադառնալով օրենքի բացի վերաբերյալ դիմողի փաստարկներին` պատասխանողը գտնում է, որ օրենսգրքում գործող իրավական դրույթները ներկա խմբագրությամբ ամբողջովին հնարավորություն են տալիս ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց արդյունավետորեն իրականացնել իրենց օրինական շահերի պաշտպանությունը, այդ թվում` հայցի ապահովմամբ իրենց պատճառված վնասների հատուցման պահանջով հայց հարուցելը և հատուցում ստանալը:

5. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասում «Պատասխանողն» բառի օգտագործմամբ օրենսդիրն ըստ էության նկատի է ունեցել պատասխանողին: Մյուս կողմից, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է դատավարական պաշտպանության համապատասխան միջոցներ և եղանակներ, որոնց օգտագործմամբ հայցի ապահովմամբ վնաս կրած անձը հնարավորություն է ստանում ձեռք բերելու պատճառված վնասի հատուցման իրավունք: Ընդ որում, դատավարական պաշտպանության համապատասխան միջոցները և եղանակները, ի թիվս այլնի, ներառում են դատավարական կարգավիճակը փոխելու կամ համապատասխան դատավարական կարգավիճակ ձեռք բերելու իրավական հնարավորությունները: Պատասխանողը ևս իր գրավոր բացատրությունում արձանագրել է վերը նշված փաստը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ սույն գործով դիմողը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը, թիվ ԵՄԴ/0425/02/13 քաղաքացիական գործում որպես երրորդ անձ է ներգրավվել իր իսկ միջնորդությամբ, որը բավարարվել է դատարանի կողմից: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական պաշտպանության միջոցների և եղանակների շրջանակներից սույն գործով դիմողն ինքն է ընտրել համապատասխան դատավարական պաշտպանության միջոցը և եղանակը:

Նման պայմաններում օրենսգրքի վիճարկվող դրույթով նախատեսված իրավունքը վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց չտրամադրելը վկայում է ոչ թե դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի սահմանափակման, այլ դիմողի կողմից դատական պաշտպանության համապատասխան միջոցը և եղանակը չընտրելու մասին:

Միաժամանակ, հաշվի առնելով դիմողի փաստարկները, հատկապես այն, որ, ըստ դիմողի, Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 27-րդ հոդվածի 1-ին կետի նորմերը և դրանց համադրված վերլուծության արդյունքում վիճարկվող նորմին տար ընդարձակ մեկնաբանություն, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով սահմանադրականության խնդիր, իրականում դիմողը բարձրացնում է օրենքի նորմի կիրառման և դատական ակտի իրավաչափության խնդիրներ: Նկատի ունենալով նաև, որ ՀՀ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից վեճի առարկա նորմը միևնույն փաստական հանգամանքների պարագայում տարակերպ է ընկալվել և կիրառվել, վճռաբեկ բողոքի շրջանակներում քաղաքացիաիրավական վեճի քննությունը և օրենքի միատեսակ կիրառության ապահովման արդյունքում տվյալ հարցում համարժեք նախադեպի ստեղծումը ՀՀ վճռաբեկ դատարանի իրավասությանն են վերաբերում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 ապրիլի 2016 թվականի

ՍԴՈ-1264

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.04.2016
N ՍԴՈ-1264
Որոշում