Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 52-ՐԴ, 53-ՐԴ ԵՎ 220-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԱՔԴ/2488/02/13
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ  ԵԱՔԴ/2488/02/13 
Նախագահող դատավոր`  Կ. Հակոբյան
                   Դատավորներ`   Տ. Նազարյան 
                                                  Գ. Կարախանյան

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
 Ն. Տավարացյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահե Կարապետյանի և նրա ներկայացուցիչ Արմեն Աբովյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քաթրին Միրզայանսի ընդդեմ Վահե Կարապետյանի և Աննա Նազարյանի` պարտավորությունները կատարած անձ ճանաչելու, գրավի իրավունքը դադարեցնելու և արգելանքը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաթրին Միրզայանսը պահանջել է իրեն ճանաչել 20.10.2011 թվականին կնքված և 10618 ու 10619 համարների տակ գրանցված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագրերով (այսուհետ` Պայմանագրեր) պարտավորությունները կատարած, դադարեցնել Վահե Կարապետյանի գրավի իրավունքը Երևանի Այգեձորի թիվ 59-1 բնակելի տան 10-րդ բնակարանի և նույն հասցեում գտնվող թիվ 2 ավտոտնակի նկատմամբ ու վերացնել այդ գույքի վրա դրված արգելանքները:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ.Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 01.04.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է ճանաչել Քաթրին Միրզայանսի կողմից Պայմանագրերով իր պարտավորությունները մասնակի` 27.500 ԱՄՆ դոլարին համարժեք 12.961.575 ՀՀ դրամի չափով կատարված, դադարեցնել Վահե Կարապետյանի գրավի իրավունքը Երևանի Այգեձորի թիվ 59-1 բնակելի տան թիվ 2 ավտոտնակի նկատմամբ և վերացնել այդ ավտոտնակի նկատմամբ կիրառված արգելանքը. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.09.2015 թվականի որոշմամբ Վահե Կարապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.04.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վահե Կարապետյանը և նրա ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 52-րդ, 53-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, չի անդրադարձել սույն վեճի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, առանց որևէ հիմնավորող ապացույցների հաստատված է ճանաչել մի շարք փաստեր:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի քննությամբ հաստատվել է Վահե Կարապետյանի կողմից փոխառության գումարն ինչպես Քաթրին Միրզայանսից, այնպես էլ Աննա Նազարյանից չստանալու փաստը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Վահե Կարապետյանն Աննա Նազարյանին որևէ ցուցում, թույլտվություն, հանձնարարություն կամ լիազորություն չի տվել ստանալու փոխառության գումարը, ինչպես նաև Քաթրին Միրզայանսին որևէ համաձայնություն չի տվել իր պարտքը փոխանցելու այլ անձի:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել նաև, որ Քաթրին Միրզայանսը Վահե Կարապետյանի հանդեպ փոխառության պայմանագրից բխող պարտավորությունները կատարել է միայն մասնակի` Աննա Նազարյանի միջոցով 810.000 ՀՀ դրամը Վահե Կարապետյանին հանձնելու միջոցով, իսկ 23.03.2012 թվականի ստացականում առկա տարբեր գումարների վերաբերյալ նշումները դեռևս չեն վկայում, որ դրանք հենց Վահե Կարապետյանի գումարներն են, և որ Քաթրին Միրզայանսը որևէ ապացույց չի ներկայացրել այդ գումարները Վահե Կարապետյանին հանձնված լինելու մասին:

Նշված վճռով նաև ապացուցված է համարվել, որ Աննա Նազարյանի կողմից Քաթրին Միրզայանսից վերցված 12.961.575 ՀՀ դրամը չի կարող դիտվել որպես Վահե Կարապետյանի հանդեպ ունեցած պարտավորության մասնակի մարում, մինչդեռ սույն գործով դա ապացուցված է համարվել:

Նման պարագայում պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանն ինչ իրավական հիմքերի առկայության պայմաններում է ենթադրել, որ 23.03.2012 թվականին Քաթրին Միրզայանսի և Աննա Նազարյանի միջև կնքված ստացականի պատճենում շարադրված փաստերն առավել հիմնավոր են և հաստատում են փոխառության գումարի վերադարձման փաստը, քան վերը նշված վճիռը: Վերաքննիչ դատարանի 15.09.2015 թվականի որոշումը չի պարունակում որևէ իրավական հիմնավորում, ինչպես նաև` նշում այն ապացույցների մասին, որոնց վրա հիմնված են հետևությունները:

Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 15.09.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ըստ հայցի Վահե Կարապետյանի ընդդեմ Քաթրին Միրզայանսի, երրորդ անձ Աննա Նազարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկաների վրա տարածելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Քաթրին Միրզայանսի ընդդեմ Վահե Կարապետյանի` 20.10.2011 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) թիվ 10618 և 10619 պայմանագրերը շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճռով Վահե Կարապետյանի հայցը բավարարվել է` վճռվել է. «Քաթրին Միրզայանսից հօգուտ Վահե Կարապետյանի բռնագանձել 21.084.375 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, որից 17.940.000 ՀՀ դրամը` պարտավորության մայր գումար, 3.144.375 ՀՀ դրամը` 21.04.2012 թվականից մինչև 31.10.2013 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսներ, տոկոսների բռնագանձումը շարունակել` սկսած 01.11.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը պարտավորության մայր` 17.940.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, իսկ Քաթրին Միրզայանսից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել այդ հաշվարկից ստացված գումարի 2 տոկոսը, բռնագանձումը տարածել անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) թիվ 10618 և 10619 պայմանագրերով գրավադրված` Քաթրին Միրզայանսին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արաբկիր համայնքի Այգեձոր փողոցի թիվ 59-1 բնակելի տան 10-րդ հասցեում գտնվող բնակելի տան և նույն տան թիվ 2 ավտոտնակի վրա, Քաթրին Միրզայանսի հակընդդեմ հայցը մերժվել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2015 թվականի որոշմամբ Քաթրին Միրզայանսի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2015 թվականի որոշմամբ Քաթրին Միրզայանսի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 17-25, 90-93).

2) վերը նշված քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.08.2014 թվականին կայացված վճռով հաստատված է համարվել, որ «20.10.2011 թվականին Քաթրին Միրզայանսը Վահե Կարապետյանից ստացել է 18.750.000 ՀՀ դրամ պարտքով գումար` 6 ամիս վերադարձման ժամկետով, որի վերաբերյալ տրվել է համապատասխան ստացական: Քաթրին Միրզայանսի կողմից Վահե Կարապետյանի հանդեպ փոխառության պայմանագրից բխող պարտավորությունները կատարվել են միայն մասնակի, այն է` Աննա Նազարյանի միջոցով 810.000 ՀՀ դրամ գումարը Վահե Կարապետյանին հանձնելու միջոցով», «պարտավորության մայր գումարի մնացած մասը` 17.940.000 ՀՀ դրամը, ենթակա է բռնագանձման Քաթրին Միրզայանսից հօգուտ Վահե Կարապետյանի»: Նույն դատարանը, անդրադառնալով Քաթրին Միրզայանսի այն պատճառաբանությանը, որ ինքը Վահե Կարապետյանից ստացված ողջ գումարը հանձնել է Աննա Նազարյանին, ինչն արտացոլված է 23.03.2012 թվականի ստացականում, հետևաբար ինքն այլևս չունի պարտավորություններ Վահե Կարապետյանի հանդեպ, նշել է, որ այդ պատճառաբանությունը «չի կարող սկզբնական հայցի մերժման հիմք հանդիսանալ, քանզի նախ ստացականում առկա տարբեր գումարների վերաբերյալ նշումները դեռևս չեն վկայում այն մասին, որ դրանք հանդիսացել են հենց Վահե Կարապետյանի գումարները, բացի այդ, եթե նույնիսկ դրանք նախատեսված են եղել Վահե Կարապետյանին հանձնելու համար, ապա Քաթրին Միրզայանսը որևէ ապացույց չի ներկայացրել ստացականում նշված գումարները Վահե Կարապետյանին հանձնված լինելու մասին, ինչը պարտավոր էր անել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիմքով, որպիսի պայմաններում դրա բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, այն է` Քաթրին Միրզայանսը».

3) սույն գործով վերաքննիչ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին ներկայացրել է լրացուցիչ ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն, որով միջնորդել է որպես ապացույց ընդունել օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճիռը: Ի հիմնավորումն միջնորդության` նշվել է, որ թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով գործին մասնակցել են միևնույն անձինք, վեճի առարկա հանդիսացել են միևնույն փաստական հանգամանքները, որպիսի պայմաններում նշված գործով կայացված վճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն ունեն սույն գործի համար: Միաժամանակ միջնորդություն ներկայացրած անձը նշել է, որ թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճիռը սույն գործով առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, մասնավորապես` նշված վճիռը բողոքարկվել է և օրինական ուժի մեջ է մտել ավելի ուշ (հատոր 3-րդ, գ.թ. 85):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները կարող են կրկին քննության առնվել նույն անձանց միջև քննվող մեկ այլ քաղաքացիական գործով այն դեպքում, երբ դրանք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ունեն նախադատելի նշանակություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդված):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:

Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարել ընդգծել, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է` միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նախադատելի նշանակություն կարող են ունենալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները, այլ ոչ թե դրանք հաստատող ապացույցները: Միաժամանակ հաշվի առնելով, որ ապացույցների թույլատրելիության ընդհանուր կանոնի համաձայն գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով (տե՛ս «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/05/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտն այն ապացույցն է, որով հիմնավորվում է տվյալ փաստի նախադատելի բնույթը, և փաստը նախադատելի ճանաչելիս դատարանը պետք է մատնանշի այդ դատական ակտը:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ «20.10.2011 թվականին կնքված փոխառության գործարքով փոխառության գումար է սահմանվել 18.750.000 ՀՀ դրամը, որը Քաթրին Միրզայանսի կողմից ստացվել է ամբողջությամբ», «Քաթրին Միրզայանսն ուներ պարտավորություն վերադարձնել 20.10.2011 թվականին ստացված գումարն ամբողջությամբ այն ստանալու պահից վեցամսյա ժամկետում, այն է` մինչև 20.04.2012 թվականը ներառյալ», «Քաթրին Միրզայանսն Աննա Նազարյանին 23.03.2012 թվականին վճարել է ընդհանուր առմամբ 27.500 ԱՄՆ դոլար, իսկ Աննա Նազարյանը Վահե Կարապետյանին 05.11.2013 թվականին հանձնել է 810.000 ՀՀ դրամ` որպես Քաթրին Միրզայանսի 20.10.2011 թվականի փոխառության պայմանագրով ստացած գումարի պարտքի մասնակի մարում», «05.11.2013 թվականի ստացականի պատճենով ապացուցվում է, որ Աննա Նազարյանը Քաթրին Միրզայանսից 20.10.2011 թվականից մինչև 05.11.2013 թվականն ընկած ժամանակահատվածում ստացել է գումար, որը հանձնել է Վահե Կարապետյանին, և վերջինս այն ընդունել է որպես Քաթրին Միրզայանսի պարտքի մարում», գտել է, որ «Վահե Կարապետյանի ներկայացուցչի այն պատճառաբանությունը, որ վերջինս չի տվել համաձայնություն` Աննա Նազարյանի միջոցով գումարն իրեն փոխանցելու համար, անհիմն է»: Դատարանը, նաև նշելով, որ «Վահե Կարապետյանը, ստորագրելով 05.11.2013 թվականի ստացականը և Աննա Նազարյանի կողմից փոխանցված գումարը դիտելով Քաթրին Միրզայանսի պարտքի մարում, կատարել է գործողություններ, որոնք վկայում են Աննա Նազարյանի միջոցով 20.10.2011 թվականի փոխառության գործարքով ստացված գումարի վերադարձման կողմերի պայմանավորվածության և, մասնավորապես Վահե Կարապետյանի համաձայնության մասին», և արձանագրելով, որ «Աննա Նազարյանը 23.03.2012 թվականի ստացականով Քաթրին Միրզայանսից ստացված 27.500 ԱՄՆ դոլարը Վահե Կարապետյանի համաձայնությամբ ստացել և պարտավորություն է ունեցել հանձնելու 20.10.2011 թվականի գործարքով պարտատեր Վահե Կարապետյանին, ընդ որում, որը մասնակի կատարել է 05.11.2013 թվականին` 810.000 ՀՀ դրամը հանձնելով վերջինիս», հաստատված է համարել, որ «Քաթրին Միրզայանսը, 27.500 ԱՄՆ դոլարը Վահե Կարապետյանի համաձայնությամբ հանձնելով Աննա Նազարյանին, այդ մասով կատարել է 20.10.2011 թվականի ստացականով ստանձնած պարտավորությունները»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված այն հիմքին, որ Դատարանն անտեսել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով 22.08.2014 թվականին կայացված վճռով հաստատված փաստական հանգամանքները, նշել է, որ «սույն գործի Դատարանում քննության պահին նշված վճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, որպիսի պայմաններում Դատարանին դատավարական իրավունքի խախտում այս առումով վերագրվել չի կարող», ու արձանագրել է, որ «Դատարանի կողմից կայացվել է իրավաչափ դատական ակտ, իսկ վերաքննիչ բողոքը չի պարունակում այնպիսի հիմքեր և հիմնավորումներ, որոնք կարող են բավարար լինել գործն, ըստ էության, ճիշտ լուծած դատական ակտի բեկանման համար»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վերաքննիչ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին ներկայացրել է լրացուցիչ ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն, որով միջնորդել է որպես ապացույց ընդունել օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճիռը: Ի հիմնավորումն միջնորդության` նշել է, որ թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով գործին մասնակցել են միևնույն անձինք, վեճի առարկա հանդիսացել են միևնույն փաստական հանգամանքները, որպիսի պայմաններում նշված գործով կայացված վճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն ունեն սույն գործի համար: Միաժամանակ միջնորդություն ներկայացրած անձը նշել է, որ թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճիռը սույն գործով առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, մասնավորապես` նշված վճիռը բողոքարկվել է և օրինական ուժի մեջ է մտել ավելի ուշ:

i

Ըստ հայցի Վահե Կարապետյանի ընդդեմ Քաթրին Միրզայանսի, երրորդ անձ Աննա Նազարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկաների վրա տարածելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Քաթրին Միրզայանսի ընդդեմ Վահե Կարապետյանի` 20.10.2011 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) թիվ 10618 և 10619 պայմանագրերը շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.08.2014 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել, որ «20.10.2011 թվականին Քաթրին Միրզայանսը Վահե Կարապետյանից ստացել է 18.750.000 ՀՀ դրամ պարտքով գումար` 6 ամիս վերադարձման ժամկետով, որի վերաբերյալ տրվել է համապատասխան ստացական: Քաթրին Միրզայանսի կողմից Վահե Կարապետյանի հանդեպ փոխառության պայմանագրից բխող պարտավորությունները կատարվել են միայն մասնակի, այն է` Աննա Նազարյանի միջոցով 810.000 ՀՀ դրամը Վահե Կարապետյանին հանձնելու միջոցով», «պարտավորության մայր գումարի մնացած մասը` 17.940.000 ՀՀ դրամը, ենթակա է բռնագանձման Քաթրին Միրզայանսից հօգուտ Վահե Կարապետյանի»: Նույն դատարանը, անդրադառնալով Քաթրին Միրզայանսի այն պատճառաբանությանը, որ ինքը Վահե Կարապետյանից ստացված ողջ գումարը հանձնել է Աննա Նազարյանին, ինչն արտացոլված է 23.03.2012 թվականի ստացականում, հետևաբար ինքն այլևս չունի պարտավորություններ Վահե Կարապետյանի հանդեպ, նշել է, որ այդ պատճառաբանությունը «չի կարող սկզբնական հայցի մերժման հիմք հանդիսանալ, քանզի նախ ստացականում առկա տարբեր գումարների վերաբերյալ նշումները դեռևս չեն վկայում այն մասին, որ դրանք հանդիսացել են հենց Վահե Կարապետյանի գումարները, բացի այդ, եթե նույնիսկ դրանք նախատեսված են եղել Վահե Կարապետյանին հանձնելու համար, ապա Քաթրին Միրզայանսը որևէ ապացույց չի ներկայացրել ստացականում նշված գումարները Վահե Կարապետյանին հանձնված լինելու մասին, ինչը պարտավոր էր անել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիմքով, որպիսի պայմաններում դրա բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, այն է` Քաթրին Միրզայանսը»:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը, ամրագրելով ոչ լրիվ վերաքննության ինստիտուտը, սահմանափակել է վերանայման այս վարույթում ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը, բացառությամբ այն դեպքի, երբ ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով: Այս դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել գործը և այն ուղարկել համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե ներկայացված ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար: Հետևաբար վերաքննության փուլում նոր ապացույց ներկայացված լինելու պայմաններում վերաքննիչ դատարանը պետք է պարզի`

- ապացույցի` առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու հնարավորությունը, և

- դրա` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հանգամանքը:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, նախադատելի նշանակություն կարող են ունենալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները:

Թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կայացվել է 22.08.2014 թվականին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2015 թվականի որոշմամբ նշված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2015 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Հետևաբար Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 20.05.2015 թվականին` սույն գործի քննությունն առաջին ատյանի դատարանում ավարտվելուց հետո, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորվում է տվյալ ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու անհնարինությունը կողմի կամքից անկախ պատճառներով:

Միաժամանակ անդրադառնալով այդ ապացույցի` սույն գործի լուծման համար նշանակություն ունենալու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն կարող են ունենալ, եթե գործին մասնակցող անձանց շրջանակը նույնն է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով և թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով գործին մասնակցող անձանց շրջանակը նույնն է, երկու գործերով էլ որպես դատավարության կողմեր մասնակցում են Քաթրին Միրզայանսը, Վահե Կարապետյանը, Աննա Նազարյանը: Միաժամանակ հաշվի առնելով թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով և սույն գործով ներկայացված հայցապահանջների բովանդակությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որոշակի ընդհանրություն է առկա նաև հայցապահանջների մասով, մասնավորապես` թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով քննության են առնվել գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկաների վրա տարածելու, ինչպես նաև 20.10.2011 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) թիվ 10618 և 10619 պայմանագրերը շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ, իսկ սույն գործով` 20.10.2011 թվականին կնքված և 10618 ու 10619 համարների տակ գրանցված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագրերով պարտավորությունները կատարած ճանաչելու, Երևանի Այգեձորի թիվ 59-1 բնակելի տան 10-րդ բնակարանի և նույն հասցեում գտնվող թիվ 2 ավտոտնակի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու ու այդ գույքի վրա դրված արգելանքները վերացնելու պահանջները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները կարող են նախադատելի նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար, որպիսի փաստը ենթակա էր պարզման նշված դատական ակտը որպես նոր ապացույց ընդունելու և գործը նոր քննության ուղարկելու դեպքում:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճռով հաստատված փաստերի վերաբերյալ` հաշվի չառնելով դրանց էական նշանակությունը սույն գործի համար այնքանով, որքանով անհրաժեշտ է բացառել միևնույն փաստերի` տարբեր դատական ակտերում հակասական գնահատումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից օրինական ուժի մեջ մտած` թիվ ԵԱՔԴ/2669/02/13 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2014 թվականի վճիռը որպես լրացուցիչ ապացույց ներկայացրած լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բեկանել գործը և այն ուղարկել նոր քննության` պարզելու ներկայացված վճռով հաստատված հանգամանքների` սույն գործի համար նախադատելի նշանակություն ունենալու հարցը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԵԱՔԴ/2488/02/13
Որոշում