Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԱՔԴ/0483/02/15
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0483/02/15  
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
                   Դատավորներ` Ա. Սմբատյան
                                                 Լ. Գրիգորյան  

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մասիս Ղազանչյանի ներկայացուցիչ Մոնիկա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Շենքերի կառավարում» համատիրության (այսուհետ` Համատիրություն) ընդդեմ Մասիս Ղազանչյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համատիրությունը պահանջել է Մասիս Ղազանչյանից բռնագանձել 33.240 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 24.06.2015 թվականի վճռով «հայցը բավարարվել է` վճռվել է Մասիս Ղազանչյանից հօգուտ Համատիրության բռնագանձել 12.600 ՀՀ դրամ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.01.2016 թվականի որոշմամբ Մասիս Ղազանչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մասիս Ղազանչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Համատիրությունը` որպես շենքերի կառավարման մարմին, կարող էր նման պահանջ ներկայացնել այն դեպքում, երբ կատարել է համապատասխան աշխատանքները: Ընդ որում, պարտադիր նորմերի կատարման ժամկետներում դրանք կատարելը պարտադիր է շենքի կառավարման մարմնի համար: Մինչդեռ տվյալ դեպքում այդ աշխատանքներից որևէ մեկը Համատիրության կողմից չի կատարվել: Նման պայմաններում Մասիս Ղազանչյանը պարտավոր չէ կատարել վճարում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Համատիրությունն էր պարտավոր Դատարան ներկայացնել կատարած աշխատանքների վերաբերյալ համապատասխան ապացույցներ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Համատիրության կողմից աշխատանքներ չկատարելու վերաբերյալ ապացույցները պետք է ներկայացներ Մասիս Ղազանչյանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.01.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համատիրությունը, ի թիվս այլ շենքերի, Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 6-րդ շենքի թիվ 21 բնակարանի սեփականատիրոջ անդամության վրա հիմնադրված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է: Համատիրության կանոնադրության փոփոխության 2.3 կետի համաձայն` Համատիրությունը բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից լիազորված է իրականացնել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հետևյալ պարտադիր գործառություները` ապահովել շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարումը, օրենքով նախատեսված կարգով շինության սեփականատերերին ներկայացնել ամսական, տարեկան և այլ հաշվետվություններ ու ծանուցումներ, կազմել և շինության սեփականատերերի քննարկմանը ներկայացնել պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների նախահաշիվ (գ.թ. 10-15).

2) Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 6-րդ շենքի թիվ 21 բնակարանի նկատմամբ գրանցված է Մասիս Ղազանչյանի սեփականության իրավունքը (գ.թ. 34-36).

3) Համատիրության կողմից Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 6-րդ շենքի թիվ 21 բնակարանի սեփականատիրոջ նկատմամբ կոշտ-կենցաղային աղբի տեղափոխման և բազմաբնակարան շենքի սեփականության գույքի պահպանման գծով 01.08.2014 թվականի դրությամբ 2011 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2014 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկվել է 33.240 ՀՀ դրամի պարտավորություն` 2011 թվական` 7.200 ՀՀ դրամ աղբահանության վճար, 6.720 ՀՀ դրամ բնակելի մակերեսի վճար, 2012 թվական` 6.720 ՀՀ դրամ բնակելի մակերեսի վճար, 2013 թվական` 6.720 ՀՀ դրամ բնակելի մակերեսի վճար, 2014 թվական` 5.880 ՀՀ դրամ բնակելի մակերեսի վճար (գ.թ. 5, 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ենթակա՞ է արդյոք բավարարման «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների բռնագանձման վերաբերյալ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի հայցապահանջն այն դեպքում, երբ վերջինիս կողմից չեն ներկայացվել ինչպես այդ վճարների առաջացման հիմքերի, այնպես էլ համապատասխան պարտադիր նորմերի կատարման վերաբերյալ բավարար ապացույցներ:

i

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունները և սահմանում է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը, կառավարման ձևերը, շենքի կառավարման մարմինների իրավասությունները, դրանց կազմավորման, գործունեության, գործունեության դադարման կարգը, ինչպես նաև դրանց փոխհարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ:

i

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի պարտականությունը այդ սեփականությունն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պահպանելն ու շահագործելն է: Ընդհանուր բաժնային սեփականության յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման և շահագործման այլ ծախսերին:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`

1. Շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:

2. Պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:

Պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են, շինության սեփականատերերի ժողովի կողմից նույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները:

4. Նույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման համար վճարի չափը շինության սեփականատիրոջ համար սահմանվում է` ելնելով շենքի բաժնային սեփականության մեջ նրա բաժնի չափից:

Վճարման ենթակա գումարի չափի, ժամկետների և կարգի մասին շենքի կառավարման մարմինը նախօրոք ծանուցում է շինության սեփականատերերին` նույն օրենքով սահմանված կարգով (...):

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` շինությունների սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարի վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք ունի դրա բռնագանձման համար դիմելու դատարան` մինչ այդ գրավոր նախազգուշացնելով պարտատիրոջը, բացի այդ, շենքի կառավարման մարմինն իրավունք ունի պարտադիր նորմերն իրականացնելու այլ միջոցներից` չվճարողներից պահանջելով հատուցել դրա հետևանքով իրեն և շինության այլ սեփականատերերին պատճառված վնասները:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը կարող է իրականացվել շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի համատիրության միջոցով:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային գույքի պարտադիր նորմերի մասով կառավարման նպատակով կարող են ստեղծել իրավաբանական անձ` համատիրություն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` համատիրության ստեղծման մասին որոշման մեջ պետք է արտացոլվեն պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների ցանկը, ինչպես նաև շինության սեփականատերերի կողմից տրված այլ լիազորություններ:

i

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «դ», «ե» և «զ» ենթակետերի համաձայն` շենքի կառավարման մարմինը պահպանում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարումը, նույն օրենքով նախատեսված կարգով շինության սեփականատերերին ներկայացնում է ամսական, տարեկան և այլ հաշվետվություններ ու ծանուցումներ, կազմում և շինության սեփականատերերի քննարկմանն է ներկայացնում պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների նախահաշիվ, իր կամ շինության սեփականատերերի անունից տրված լիազորությունների սահմաններում և շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բյուջեի հոդվածներով նախատեսված պայմաններով և չափով կնքում է պայմանագրեր:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` կառավարչի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը, պատրաստվում է հաշվետվություն` շինությունների սեփականատերերի կողմից անվանական վճարումների, նախատեսված և իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ, և ծանուցվում է բնակիչներին: Շինության սեփականատերի պահանջով նշված հաշվետվությունը տրամադրվում է նրան, որի դիմաց գանձվում են միայն հաշվետվության բազմացման ծախսերը:

i

«Համատիրության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետի համաձայն` համատիրության ընդհանուր ժողովի իրավասությունն է համատիրության տարեկան հաշվեկշռի հաստատումը:

i

«Համատիրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` համատիրության տարեկան հաշվեկշիռը և բազմաբնակարան շենքի տարեկան բյուջեն հաստատվում է ընդհանուր ժողովում մեկ տարվա համար` հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, և կարող է տարվա ընթացքում փոխվել միայն ընդհանուր ժողովի որոշմամբ: Բազմաբնակարան շենքի տարեկան բյուջեն կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում շենքի ընդհանուր սեփականության շահագործման, սպասարկման, պահպանման և նորոգման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատիրության գործունեության ապահովման խնդիրները:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 26.05.2009 թվականի թիվ ՍԴՈ-804 որոշմամբ գնահատելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրականությունը, արձանագրել է, որ «պարտադիր նորմ» հասկացության իրավական բովանդակությունը բացահայտված է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում, ըստ որի` պարտադիր նորմերը սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքներն են, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին: Պարտադիր նորմերի մեջ, ըստ նույն հոդվածի 2-րդ կետի, ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման և այլ միջոցառումներ: Համաձայն նույն կետի` պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, որը սպառիչ կերպով սահմանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի, այն է` բազմաբնակարան շենքի սեփականատերերի ժողովի լիազորությունները, ի թիվս այլնի, ժողովին լիազորում է ընտրել բազմաբնակարան շենքի կառավարման ձևը և կառավարման մարմինը: Այս լիազորությանը համապատասխան` նույն օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ պարտադիր նորմերի պահպանման հարցերում ընդհանուր բաժնային գույքի կառավարման համար բազմաբնակարան շենքի սեփականատերերը կարող են ընտրել շենքի կառավարման մարմին, մասնավորապես` բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը կարող է իրականացվել շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի` համատիրության միջոցով (...), իսկ նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ համատիրության ստեղծման մասին որոշման մեջ պետք է արտացոլվի պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների ցանկը:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված որոշման` շենքի սեփականատերերը, կառավարման մարմին ձևավորելիս դրա ձևավորման համար հիմք հանդիսացող համապատասխան փաստաթղթում պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների ցանկը ներառելով, այդպիսով ըստ էության հաստատում են տվյալ բազմաբնակարան շենքի համար անհրաժեշտ պարտադիր նորմերի կատարմանն ուղղված աշխատանքների ցանկը:

Ելնելով «պարտադիր նորմ» հասկացության բովանդակությունից և պարտադիր վճարների գանձման նպատակաուղղվածությունից` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ վճարը բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներին և աշխատանքներին սեփականատերերի համաչափ մասնակցության ձև է: Ընդ որում, սեփականատերն ազատ է մասնակցության ձևերի միջև ընտրություն կատարելու հարցում: Վճարն այն այլընտրանքային ձևն է, որը փոխարինում է անհրաժեշտ աշխատանքները սեփական ծախսերով և միջոցներով կատարելուն: ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը ձևավորվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի, «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետի, նույն օրենքի 27-րդ հոդվածի իրավանորմերի գործողության արդյունքում: Ըստ այդմ` ՀՀ սահմանադրական դատարանը նշված նորմերի գործողության արդյունքում արձանագրել է հետևյալ իրավակիրառական պրակտիկան. մինչ պարտադիր նորմերի կատարմանն ուղղված աշխատանքներ կատարելը բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը կազմում է ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ ակտ, այնուհետև` նախահաշիվ, և նախահաշվային գումարն ընդգրկվում է շենքի տարեկան բյուջեի մեջ: Այն քննարկվում և հաստատվում է ընդհանուր ժողովում: Բյուջեի հաստատումից հետո դրա ծախսային մասը բաժանվում է սեփականատերերի վրա` ըստ ընդհանուր բաժնային սեփականության մեջ նրանց բաժնեմասի չափի: Այս փաստն արձանագրվում է համատիրության ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշմամբ, որում սահմանվում է պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը:

Ամփոփելով` ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների բնույթով պայմանավորված` այդ վճարների չափը չի կարող սահմանվել վերացականորեն: Այդ չափը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշվի կոնկրետ բազմաբնակարան շենքի համար կոնկրետ աշխատանքների նախահաշվից ելնելով: Այս տրամաբանությունից շեղումը կհակասի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված` սեփականատերերի կողմից վճարվող վճարների` որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների տարրի բնույթին և բովանդակությանը: Սեփականատերերի կամքը և համաձայնությունը դրսևորվում է պարտադիր նորմերի կատարման ապահովման ողջ գործընթացում: Սեփականատերերն են ընտրում շենքի կառավարման մարմնին, նրանք են որոշում այն միջոցառումների և աշխատանքների շրջանակը, որոնք ենթակա են պարտադիր կատարման, սեփականատերերն են որոշում վճարների վճարման կարգն ու ժամկետները, և վերջապես, սեփականատերերն ազատ են որոշելու պարտադիր նորմերի պահպանմանն իրենց մասնակցության ձևը` կա'մ վճարելով համապատասխան վճարը, կա'մ համապատասխան աշխատանքներն անձամբ կատարելով:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման լույսի ներքո վերլուծելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի ու «Համատիրության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բազմաբնակարան շենքի շինության սեփականատերն օրենքի ուժով պարտավոր է իր սեփականության բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին: Սեփականատիրոջ համար, սակայն, վերոգրյալ պարտականությունը կարող է առաջանալ միայն օրենսդրությամբ ամրագրված որոշակի պարտադիր պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում: Մասնավորապես դրանք են` վճարային պարտավորության առաջացման որոշակի օբյեկտիվ հիմքը և օրենսդրության կողմից սահմանված հատուկ ընթացակարգի պահպանումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վճարային պարտավորության առաջացման օբյեկտիվ հիմքը հանգում է հետևյալին. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված վճարը բազմաբնակարան շենքի սեփականատերերից գանձման ենթակա այն գումարն է, որն անհրաժեշտ է ՀՀ կառավարության կողմից սահմանված բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի շրջանակներում բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջները բավարարելու նպատակով շենքի սեփականատերերի կողմից որոշված կոնկրետ աշխատանքների իրականացման համար: Այլ կերպ ասած` պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափն առաջանում է ոչ թե վերացականորեն, այլ որոշակի օբյեկտիվ նախադրյալներից, մասնավորապես` արդեն իսկ սեփականատերերի քննարկմանը և հաստատմանը ներկայացված ու կանխորոշված աշխատանքների նախահաշվից ելնելով, որից հետո միայն այդ աշխատանքների արժեքը բաշխվում է սեփականատերերի միջև:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերի մոտ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված վճարային պարտականությունը կարող է առաջանալ միայն պարտադիր նորմերի կատարմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները փաստացի կատարված լինելու դեպքում, որպիսի եզրահանգումը բխեցրել է նույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից, համաձայն որի` կառավարչի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը պատրաստվում է հաշվետվություն` շինությունների սեփականատերերի կողմից անվանական վճարումների, նախատեսված և իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ, և ծանուցվում է բնակիչներին:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջները բավարարելու համար անհրաժեշտ գումարի վճարման պարտականությունն այդ շենքի շինությունների սեփականատերերի մոտ կարող է առաջանալ միայն հետևյալ իրավական ընթացակարգի սահմաններում և դրա պահպանման արդյունքում.

1. բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից կազմվում է ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ ակտ,

2. այդ ակտի հիման վրա բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից կազմվում է ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ նախահաշիվ,

3. ընթացիկ տարում շենքում կատարվող աշխատանքների վերաբերյալ նախահաշվային գումարն ընդգրկվում է տարեկան բյուջեի մեջ,

4. շենքի տարեկան բյուջեն քննարկվում և հաստատվում է ընդհանուր ժողովում,

5. բյուջեի հաստատումից հետո, դրա ծախսային մասը բաժանվում է սեփականատերերի միջև` ըստ ընդհանուր բաժնային սեփականության մեջ նրանց բաժնեմասի չափի: Նշված փաստն արձանագրվում է համատիրության ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշմամբ, որում սահմանվում է պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը,

6. փաստացի կատարվում են նախատեսված աշխատանքները, ինչն արձանագրվում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից կազմված հաշվետվություններում,

7. յուրաքանչյուր ամսվա համար ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը, պատրաստվում է շինությունների սեփականատերերի կողմից անվանական վճարումների, նախատեսված և իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաշվետվություն, որի մասին ծանուցվում է բնակիչներին,

i

8. շինությունների սեփականատերերը նախօրոք ծանուցվում են իրենց կողմից պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարային պարտավորության չափի, ժամկետների և կարգի մասին, ընդ որում, այդ գումարի վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք է ձեռք բերում դրա բռնագանձման համար դիմելու դատարան` մինչ այդ գրավոր նախազգուշացնելով պարտատիրոջը (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Նորիկ Չթչյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/0936/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա:

Սույն գործի փաստերի համաձայն` Համատիրությունը Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 6-րդ շենքի կառավարման մարմինն է: Համատիրության կանոնադրության փոփոխության 2.3 կետի համաձայն` Համատիրությունը բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից լիազորված է իրականացնել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հետևյալ պարտադիր գործառություները` ապահովել շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարումը, օրենքով նախատեսված կարգով շինության սեփականատերերին ներկայացնել ամսական, տարեկան և այլ հաշվետվություններ ու ծանուցումներ, կազմել և շինության սեփականատերերի քննարկմանը ներկայացնել պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների նախահաշիվ: Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 6-րդ շենքի թիվ 21 բնակարանի նկատմամբ գրանցված է Մասիս Ղազանչյանի սեփականության իրավունքը: Համատիրության կողմից Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 6-րդ շենքի թիվ 21 բնակարանի սեփականատիրոջ նկատմամբ կոշտ-կենցաղային աղբի տեղափոխման և բազմաբնակարան շենքի սեփականության գույքի պահպանման գծով 01.08.2014 թվականի դրությամբ 2011 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2014 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկվել է 33.240 ՀՀ դրամի պարտավորություն` 2011 թվական` 7.200 ՀՀ դրամ աղբահանության վճար, 6.720 ՀՀ դրամ բնակելի մակերեսի վճար, 2012 թվական` 6.720 ՀՀ դրամ բնակելի մակերեսի վճար, 2013 թվական` 6.720 ՀՀ դրամ բնակելի մակերեսի վճար, 2014 թվական` 5.880 ՀՀ դրամ բնակելի մակերեսի վճար:

Դատարանը, հաստատված համարելով, որ Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 6-րդ շենքի թիվ 21 բնակարանը սեփականության իրավունքով գրանցված է Մասիս Ղազանչյանի անվամբ, նշված հասցեն գտնվում է Համատիրության կազմում և Մասիս Ղազանչյանի պարտքը 01.08.2014 թվականի դրությամբ կազմում է 33.240 ՀՀ դրամ, միաժամանակ արձանագրելով, որ Համատիրությունը պահանջում է 2011 թվականից հաշվարկված պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումները, սակայն դատարան է դիմել 12.02.2015 թվականին` մինչև 12.02.2012 թվականը պահանջի մասով բաց թողնելով դատարան դիմելու համար օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը, հայցը բավարարել է 12.600 ՀՀ դրամի մասով` որպես 2013 թվականից հաշվարկված պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գումար:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի հետևությունները և պատճառաբանելով, որ «Մասիս Ղազանչյանը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհաստատեր Համատիրության կողմից պարտադիր իրականացման ենթակա միջոցառումներն իրականացված չլինելու կամ իր կամ շենքի այլ սեփականատերերի կողմից այդ միջոցառումներն իրականացված լինելու փաստը», վերաքննիչ բողոքը մերժել է:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

i

«Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 04.10.2007 թվականի թիվ 1161-Ն որոշմամբ հաստատված «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմեր» վերտառությամբ թիվ 1 հավելվածի 2-րդ կետի համաձայն` պարտադիր իրականացման են ենթակա հետևյալ միջոցառումները և աշխատանքները`

1) սպառման թափոնների հեռացում` առնվազն երեք օրը մեկ անգամ, իսկ +50C և ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում` ամեն օր.

2) ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում` առնվազն երեք ամիսը մեկ անգամ.

3) ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում` առնվազն երկու օրը մեկ անգամ.

4) ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում` առնվազն տարեկան մեկ անգամ.

4.1) նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի փոստային բաժանորդային պահարանների սպասարկում.

5) վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 04-ի N 1161-Ն որոշման N 2 հավելվածում նշված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ապահովմանը.

6) (...):

Վկայակոչված իրավակարգավորումից հետևում է, որ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանման վճարը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտադիր նորմերի կատարմանն ուղղված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ վճար է, որպիսի պարագայում դրա վճարման պարտականությունը բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ վրա կարող է դրվել սույն որոշմամբ մատնանշված ընթացակարգի պահպանված լինելու պայմաններում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերոնշյալ ընթացակարգի պահպանման և դրա արդյունքում առաջացած վճարային պարտավորության ապացուցման արդյունքում միայն Համատիրությունը կարող է Մասիս Ղազանչյանից պահանջել պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարները, քանի որ, ինչպես արդեն նշվել է, այդ վճարի չափն առաջանում է ոչ թե վերացականորեն, այլ որոշակի օբյեկտիվ նախադրյալներից, մասնավորապես` արդեն իսկ սեփականատերերի քննարկմանը և հաստատմանը ներկայացված ու կանխորոշված աշխատանքների նախահաշվից ելնելով, որից հետո միայն այդ կատարվելիք աշխատանքների արժեքը բաշխվում է սեփականատերերի միջև:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համատիրության կողմից որպես ապացույց ներկայացված տեղեկանքը բավարար չէ Մասիս Ղազանչյանի վճարային պարտականությունը հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում այն չի կարող համարվել սույն գործի լուծման համար բավարար ապացույց: Հետևաբար բավարարելով հայցը` Դատարանը չի պահպանել ապացույցները գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու օրենսդրական պահանջը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գործը նոր քննության է ուղարկում միայն 12.600 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, քանի որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն այդ մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2016 թվականի որոշումը և գործը` 12.600 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԵԱՔԴ/0483/02/15
Որոշում