Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱ ...

 

 

040.1240.061216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1240-Ա

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով, ինչպես նաև ելնելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության (կառավարման հիմնադիր) և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի նոյեմբերի 24-ի

N 1240-Ա որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

Սույն Պայմանագիրը կնքվել է «__» ____________ 20__թ. Երևանում:

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից առ ____ թվականի ________ ___-ի N _____-Ա որոշման հիման վրա հանդես է գալիս

_________________________________________________________________________

________________________ (այսուհետ` Կառավարման հիմնադիր) մի կողմից, և

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի (այսուհետ` Հավատարմագրային կառավարիչ), մյուս կողմից,

այսուհետ` միատեղ անվանվելով Կողմեր և առանձին` Կողմ և

Հաշվի առնելով, որ`

 

* Հայաստանի Հանրապետությունը կարևորում է փոստային կապի և Հայաստանի Հանրապետության փոստային տարածքի առավել զարգացման և առաջընթացի անհրաժեշտությունը, այդ նպատակով անհրաժեշտ է «Հայփոստ» ՓԲԸ-ի, ինչպես փոստային կապի ազգային օպերատորի կառավարման երկարաժամկետ և կենսունակ ձևի ընտրություն, այդ ընթացքում համագործակցելով նաև Հավատարմագրային կառավարչի հետ,

* Հավատարմագրային կառավարիչը նախորդ 10 տարիների ընթացքում իրականացրել է Ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարում, և այդ ընթացքում կողմերի միջև ձևավորվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման շրջանակներում համագործակցության ավանդույթ,

* Հավատարմագրային կառավարիչը պատրաստակամ է մինչև «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման մոդելի ընտրությունը կնքելու «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիր,

* Կողմերը հայտնում են իրենց կամահայտնությունը կնքել «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիր և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից _____ թվականի _________-ին ընդունվել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին N ________ որոշումը,

 

Կնքում են սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ստորև նշված հասկացությունները, որոնք օգտագործվում են սույն պայմանագրում, ձեռք են բերում ներքոհիշյալ նշանակությունը և մեկնաբանվում են հետևյալ կերպ`

 

Սույն պայմանագիր խոսքն այս պայմանագրի մասին է

 

Կառավարման հիմնադիր նշանակում է Հայաստանի Հանրապետություն

 

Կառավարման հիմնադրի լիազորած մարմին նշանակում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Հավատարմագրային կառավարիչ նշանակում է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերություն, գրանցված համաձայն Նիդեռլանդների Թագավորության օրենսդրության, Առևտրի պալատի կողմից գրանցման համարը 34259273, հասցեն Նիդեռլանդներ, Ամստերդամ, Էմմափլեյն 2, 1075 AW

 

Հավատարմագրային կառավարում ինչպես սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով

 

Բաժնետոմսեր նշանակում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 9.542 (ինը հազար հինգ հարյուր քառասուներկու) հասարակ (սովորական) բաժնետոմս` յուրաքանչյուրը 54.600 (հիսունչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով, որոնք կազմում են ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 100 (հարյուր) տոկոսը

 

Գույք նշանակում է Բաժնետոմսերով հավաստված իրավունք

 

Ընկերություն նշանակում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն, գրանցման N 286.140.00393, վկայական N 01 Ա 003268, ՀՎՀՀ` 02507464, որի գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, 0002, ք. Երևան, Սարյան 22

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը,

 

Կանոնադրություն Հայփոստ ՓԲԸ-ի կանոնադրությունն է

 

Օր, ամիս, եռամսյակ, տարի ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ գլխում

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրություն նշանակում է Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտեր

 

Վերնագրեր սույն պայմանագրում օգտագործված բոլոր վերնագրերը շարադրված են ընթերցողի հարմարության համար և չեն կարող ազդել սույն պայմանագրի մեկնաբանության վրա:

(հասկացությունները փոփ. 14.11.2019 թիվ 1583-Ա որոշում)

 

ՀՈԴՎԱԾ 1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն պայմանագրով Կառավարման հիմնադիրը Հավատարմագրային կառավարչին հավատարմագրային կառավարման է հանձնում ընկերության բաժնետոմսերով հավաստվող իրավունքները, իսկ Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է ընդունել հիշյալ իրավունքներն ու դրանց կառավարումն իրականացնել ելնելով իր և Ընկերության շահերից:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն պայմանագրով Կառավարման հիմնադիրը երաշխավորում և Հավատարմագրային կառավարչի հանդեպ ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

2.1. Օրինականացում. Սույն պայմանագիրը կնքվել է պատշաճ կերպով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, և սույն պայմանագրի բոլոր դրույթներն ու պայմանները Կառավարման հիմնադրի համար ձեռք են բերել իրավական ուժ: Սույն պայմանագրի գործողության ընթացքում Հավատարմագրային կառավարչի սույն պայմանագրից բխող իրավունքներն ու լիազորությունները որևէ ձևով չեն սահմանափակվի և դրանց ծավալը չի նվազեցվի:

2.2. Երաշխիքներ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված և բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք իրավասություններ են տալիս Կառավարման հիմնադրին` սույն պայմանագիրն իրականացնելու և կատարելու համար, ինչպես նաև Հավատարմագրային կառավարչին` որպես բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարիչ ճանաչելու համար, կատարվել են մինչև սույն պայմանագրի կնքման օրը:

2.2.1. Կառավարման հիմնադիրը երաշխավորում է, որ բաժնետոմսերը հասարակ անվանական բաժնետոմսեր են, որոնք բաժնետիրոջն իրավունք են տալիս քվեարկելու ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, ստանալու շահաբաժիններ, մասնակցելու ընկերության կառավարմանը և իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերին ամրագրված մյուս բոլոր իրավունքները: Կառավարման հիմնադիրն Ընկերության բաժնետոմսերով հավաստված իր իրավունքները փոխանցում է Հավատարմագրային կառավարչին և սույն պայմանագրի համապատասխան հոդվածներով համաձայնեցնում է այդ իրավունքների` Հավատարմագրային կառավարչի կողմից իրականացման պայմանները:

2.2.2. Կառավարման հիմնադիրը երաշխավորում է, որ բաժնետոմսերն ու դրանցով հավաստված իրավունքները գրավի կամ արգելանքի տակ չեն, որևէ կերպ ծանրաբեռնված չեն երրորդ անձանց իրավունքներով և չեն հանդիսանում երրորդ անձանց հետ վեճի առարկա:

2.2.3 Կառավարման իրավունքը գույքի նկատմամբ. Սույն պայմանագրի ստորագրման պահից Հավատարմագրային կառավարիչն իրավասություն է ձեռք բերում կառավարելու գույքը: Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելիս Հավատարմագրային կառավարչի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կանոնադրությամբ և սույն պայմանագրով:

2.3. Կառավարման հիմնադիրը պարտավորվում է`

2.3.1. գույքի հավատարմագրային կառավարումը հանձնել հավատարմագրային կառավարչին. Հավատարմագրային կառավարչին տրամադրել սույն պայմանագրով նախատեսված լիազորությունները և ապահովել տվյալ լիազորությունների անխոչընդոտ իրականացումը Հավատարմագրային կառավարչի կողմից.

2.3.2. պահպանել Հավատարմագրային կառավարչի առևտրային գաղտնիքը:

2.4. Կառավարման հիմնադիրը (Կառավարման հիմնադրի լիազորած մարմինը) իրավունք ունի`

2.4.1. Հավատարմագրային կառավարչից պահանջելու պարտականությունների կատարման ընթացքում թույլ տրված թերությունների վերացում.

2.4.2. մոնիթորինգի ենթարկելու Հավատարմագրային կառավարչի կողմից սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ընթացքը` առանց միջամտելու նրա գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն պայմանագրով Հավատարմագրային կառավարիչը երաշխավորում և Կառավարման հիմնադրի հանդեպ ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

3.1. Լիազորություններն ու իրավասությունները: Հավատարմագրային կառավարիչն ունի լիարժեք լիազորություններ և իրավասություն` սույն պայմանագիրը և դրա պայմաններն ու դրույթները կատարելու համար:

3.2. Օրինականացում. Սույն պայմանագիրը կնքվել է պատշաճ կերպով, և սույն պայմանագրի բոլոր դրույթներն ու պայմանները Հավատարմագրային կառավարչի համար ձեռք են բերել իրավական ուժ:

3.3. Գույքի հաշվապահական հաշվառումը. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացվում է Հավատարմագրային կառավարչին պատկանող այլ գույքից: Գույքը Հավատարմագրային կառավարչի կողմից ենթարկվում է առանձին հաշվառման և արտացոլվում առանձին հաշվեկշռում:

3.4. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է`

3.4.1. Սույն պայմանագրի շրջանակներում իրականացնել բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը` ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ընկերության կանոնադրությամբ և սույն պայմանագրով,

3.4.2. պահպանել Ընկերության առևտրային գաղտնիքը.

3.4.3. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 20 (քսան) օրվա ընթացքում, ինչպես նաև սույն պայմանագրի ավարտից հետո 20 (քսան) օրվա ընթացքում` Կառավարման հիմնադրի լիազոր մարմին ներկայացնել Ընկերության ծախսերի հաստատված տարեկան նախահաշիվը և կիսամյակային (ինն ամսվա) ֆինանսական հաշվետվությունները:

3.5. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի`

3.5.1. Կառավարման հիմնադրից ընդունելու և սույն պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան իրականացնելու Ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը: Ցանկացած դեպքում սույն պայմանագիրը հավատարմագրային կառավարչին չի տրամադրում բաժնետոմսերի օտարման, գրավադրման, պահման հանձնելու, վարձակալության հանձնելու կամ այլ ձևով երրորդ անձանց փոխանցելու լիազորություն,

3.5.2. Գույքի հավատարմագրային կառավարում իրականացնելիս, սույն պայմանագրին համապատասխան և ի շահ ընկերության, կատարելու ցանկացած իրավաբանական և (կամ) այլ գործողություններ,

3.5.3. Գույքի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության համար` պահանջելու վերացնել հիշյալ իրավունքների ամբողջ ծավալով իրականացմանը խոչընդոտող ամեն տեսակի խախտումները կամ սահմանափակումները,

3.5.4. Հավատարմագրային կառավարման աշխատանքների համար` ստանալու վարձատրություն` ամսական 1,650,000 (մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Վճարումն իրականացվում է ընկերության միջոցների հաշվին` հավատարմագրային կառավարչի բանկային հաշվին համապատասխան գումարի փոխանցմամբ, սույն պայմանագրում նշված վավերապայմաններով:

3.6. Հավատարմագրային կառավարչի լիազորությունների շրջանակը.

3.6.1. Հավատարմագրային կառավարչին է պատկանում Ընկերության բաժնետերերի ժողովի իրավասությանը վերապահված հետևյալ հարցերով միանձնյա որոշում ընդունելու իրավունքը.

ա) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատում, գործառնական շահույթի վերաներդրում (հարկային պարտավորությունների կատարումից հետո).

բ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի վարման կարգի հաստատում,

գ) ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշում` ներառյալ համապատասխան զանգվածային լրատվամիջոցների ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարությամբ,

դ) գործարքների կնքման մասին որոշման ընդունում (եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ չի գերազանցում 10 (տասը) միլիոն ՀՀ դրամը),

ե) ընկերության գործադիր մարմնի ձևավորում, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցում, նախապես խորհրդակցելով Կառավարման հիմնադրի լիազոր մարմնի հետ:

զ) ընկերության կողմից իրականացվող գործունեության զարգացման ուղղությունների որոշում,

է) տարեկան և արտահերթ ժողովների գումարման մասին որոշման ընդունում,

ը) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգի հաստատում,

թ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմում, ամսաթվի և ժամանակացույցի հաստատում, ինչպես նաև այն բոլոր հարցերի լուծում, որոնք կապված են ժողովների նախապատրաստման և գումարման հետ,

ժ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով գույքի շուկայական արժեքի որոշում,

ժա) ընկերության վերստուգողի վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների հաստատում,

ժբ) ընկերության աուդիտն իրականացնող անձի վճարման չափի սահմանում,

ժգ) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատում,

ժդ) ընկերության ղեկավար անձանց աշխատանքի վարձատրության պայմանների որոշում,

3.6.2. Հավատարմագրային կառավարիչը կառավարման հիմնադրի կամ լիազորած մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում տրված նախնական գրավոր համաձայնությամբ` ընդունում է հետևյալ որոշումները.

ա) կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը` նոր խմբագրությամբ,

բ) հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմանումը,

գ) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցումը,

դ) ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի թողարկումը,

ե) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման վերաբերյալ որոշման ընդունումը,

զ) բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիա), բաժանումը,

է) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի չափի ավելացումը,

ը) ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը,

թ) գործարքների կնքման մասին որոշման ընդունումը (եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ 10 (տասը) միլիոն ՀՀ դրամից ավելին է),

ժ) անշարժ գույքի օտարման կամ ձեռքբերման գործարքների կնքման մասին որոշման ընդունումը,

ժա) այնպիսի գործարքների կնքումը, որոնցում առկա է շահերի բախում:

ժբ) պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունում,

ժգ) ընկերության աուդիտն իրականացնող անձի ընտրությունը: Ընդ որում, ընկերության աուդիտը պետք է իրականացվի տարեկան մեկ անգամ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որի հետ ընկերությունը կնքում է առանձին պայմանագիր,

ժդ) ընկերության ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ստեղծում, դրանց կանոնադրությունների հաստատում, դրանց գործունեության նպատակահարմարության վերանայում և լուծարում:

3.6.3. Հավատարմագրային կառավարչի`

սույն պայմանագրի 3.6.2-րդ կետի պահանջների պահպանմամբ ներկայացված առաջարկությունն ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն պայմանագրի 3.6.2-րդ կետի «ժ» ենթակետում սահմանված դեպքի, կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինը պետք է գրավոր ներկայացնի իր համաձայնությունը կամ առարկությունը: Եթե հավատարմագրային կառավարչի հարցումն ստանալուց 30 աշխատանքային օրվա ընթացքում կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինն իր գրավոր համաձայնությունը կամ առարկությունը չի ներկայացնում, ապա հավատարմագրային կառավարչի կողմից հարցման առարկա հանդիսացող որոշման ընդունումը համարվում է համաձայնեցված:

Հավատարմագրային կառավարչի` սույն պայմանագրի 3.6.2-րդ կետի «ժ» ենթակետում նշված հարցերով որոշումների ընդունմանը վերաբերող առաջարկության վերաբերյալ կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինը պետք է իր գրավոր համաձայնությունը կամ մերժումը հավատարմագրային կառավարչին ներկայացնի առաջարկությունն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե կողմերի միջև այդ ժամկետի վերաբերյալ այլ բան գրավոր չի նախատեսվել: Եթե հավատարմագրային կառավարչի հարցումն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինն իր գրավոր համաձայնությունը կամ պատճառաբանված առարկությունը չի ներկայացնում, ապա հավատարմագրային կառավարչի կողմից հարցման առարկա հանդիսացող որոշման ընդունումը համարվում է համաձայնեցված:

3.7. Սույն պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ Հավատարմագրային կառավարիչը ապահովում է Ընկերությունում աուդիտի իրականացումը և մինչև սույն պայմանագրի ավարտը արդյունքները ներկայացնում է Կառավարման հիմնադրին: Ընդ որում, սույն կետում նշված աուդիտ իրականացնող ընկերության ընտրությունը կատարվում է նախապես համաձայնեցնելով Կառավարման հիմնադրի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սույն պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև միմյանց հասցված վնասների համար կողմերը պատասխանատու են իրենց գույքով և միջոցներով:

4.2. Հավատարմագրային կառավարիչն իր պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործի` ելնելով ընկերության շահերից, բարեխիղճ և խելամիտ կերպով:

4.3. Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք թույլ չեն տա գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում երրորդ անձանց հանդեպ առաջացած պարտականությունները կատարել բաժնետոմսերի հաշվին և բաժնետոմսերը զերծ կպահեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 962-րդ հոդվածի 2-րդ մասով և 964-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բացասական հետևանքներից:

4.4. Սույն պայմանագրի 4.1 կետով նախատեսված պատասխանատվության չափը չի կարող գերազանցել ընկերության զուտ ակտիվների արժեքը:

4.5. Հավատարմագրային կառավարիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր գործողության (անգործության) հետևանքով ընկերությանը պատճառած վնասների համար:

4.6. Հավատարմագրային կառավարչի հրաժարականը կամ սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններից ազատումը նրան չի ազատում իր կառավարման ընթացքում ընկերությանը հասցրած վնասների համար պատասխանատվությունից:

4.7. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար, եթե չի ապացուցում, որ այդ վնասներն առաջացել են անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:

4.8. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում իրեն տրամադրված լիազորությունների գերազանցմամբ կամ դրանց համար սահմանված սահմանափակումների խախտմամբ կնքված գործարքի համար:

4.9. Ոչ մի պարագայում կողմերից մեկը չի կարող մյուս կողմին պատասխանատվության ենթարկել` իր կողմից թույլ տրված անփութության կամ սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտման հետևանքով տեղ գտած վնասների ու կորուստների կամ հնարավոր կորուստների (լինի շահույթի, թե այլ կորուստ) համար:

4.10. Սույն պայմանագրի իմաստով` որպես պարտավորության խախտման դեպք սահմանվում է հետևյալը.

4.10.1. կողմը չի կատարում սույն պայմանագրով սահմանված պայմանները, ժամկետները և ընթացակարգերը,

4.10.2. կողմը չի վերացնում նման խախտումը` այդ խախտման մասին գրավոր ծանուցում ստանալու օրվանից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում:

4.11. Կողմերի հարաբերությունները, նրանց որևէ մեկի կողմից սույն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման դեպքում, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.12. Երբ կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները, մյուս կողմը պետք է պարտավորությունների չկատարման վերաբերյալ ծանուցում ներկայացնի խախտող կողմին` կցելով ստեղծված իրավիճակին առնչվող փաստերի համառոտ նկարագիրը և տվյալ կողմի պարտավորությունների չկատարումը հիմնավորող փաստաթղթերը:

4.13. Պարտավորությունների չկատարման մասին սույն պայմանագրի 4.10.2 կետով սահմանված ծանուցումը ստանալուց ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում` խախտող կողմը պետք է ներկայացնի համապատասխան բացատրություններ, որոնց հիման վրա հակառակ կողմը որոշում է իր ձեռնարկելիք քայլերը.

ա) վարել խորհրդակցություններ կամ բանակցություններ` հակասությունները և տարաձայնությունները բանակցելու միջոցով հարթելու նպատակով, կամ

բ) խախտող կողմին ճանաչել պարտավորությունները չկատարող կողմ և ձեռնարկել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողություններ:

4.14. Կողմերից յուրաքանչյուրը` անկախ սույն հոդվածով նախատեսված կարգից, իրավունք ունի ձեռնարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած քայլեր, եթե պարզի, որ սույն պայմանագրով մյուս կողմի գործողությունը իր շահերը վտանգի տակ է առնում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5.1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է որպես փոստային կապի ազգային օպերատոր, որն իրավասու է զբաղվել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1656-Ա որոշմամբ սահմանված գործունեության տեսակներով` ի լրումն փոստային ծառայությունների մատուցման:

5.2. Կառավարման հիմնադիրը երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությանը տրված բոլոր լիցենզիաները վավերական են և ենթակա չեն հետկանչման` բացառությամբ այն դեպքերի, երբ լիցենզիաների հետկանչման հիմք է հանդիսացել Հավատարմագրային կառավարչի գործողության հետևանքով ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՎԱՂԱԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ին և գործում է մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ը:

6.2. Սույն պայմանագրի առևտրային տեղեկատվություն պարունակվող դրույթների գաղտնիությունը պետք է պահպանվի սույն պայմանագրի ամբողջ գործողության ընթացքում և գործողության ավարտից հետո առնվազն 12 ամիս:

6.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել կողմերի համաձայնությամբ:

6.4. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել նաև հետևյալ յուրաքանչյուր հիմքով.

6.4.1. Ընկերության լուծարման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա գործունեության համար հիմք հանդիսացող լիցենզիաների և (կամ) թույլտվությունների գործողությունները դադարելու դեպքում:

6.4.2. Կառավարման հիմնադիրը զգալիորեն խախտել է, հետևողականություն չի պահպանել կամ չի կատարել սույն պայմանագրի որևէ դրույթ կամ պայման, կամ խախտել է սույն պայմանագրով իր կողմից տրված որևէ ներկայացում կամ երաշխիք պարունակող պայման և հիշյալ խախտման մասին Հավատարմագրային կառավարչի ծանուցումը ստանալուց հետո 20 օրացուցային օրվա ընթացքում Կառավարման հիմնադրի կողմից խախտումը չի վերացվել: Նման դեպքում Հավատարմագրային կառավարիչն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել սույն պայմանագիրը` Կառավարման հիմնադրին 40 օրացուցային օր առաջ գրավոր կերպով ծանուցելու միջոցով:

6.4.3. Հավատարմագրային կառավարիչը զգալիորեն խախտել է, հետևողականություն չի պահպանել կամ չի կատարել սույն պայմանագրի որևէ դրույթ կամ պայման, կամ խախտել է սույն պայմանագրով իր կողմից տրված որևէ ներկայացում կամ երաշխիք պարունակող պայման և հիշյալ խախտման մասին Կառավարման հիմնադրի ծանուցումը ստանալուց հետո 20 օրացուցային օրվա ընթացքում Հավատարմագրային կառավարչի կողմից խախտումը չի վերացվել: Նման դեպքում Կառավարման հիմնադիրն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել սույն պայմանագիրը` Հավատարմագրային կառավարչին 40 օրացուցային օր առաջ գրավոր կերպով ծանուցելու միջոցով:

6.4.4. Անհաղթահարելի ուժի ներգործության կամ ՀՀ օրենսդրության կամ ընկերության գործունեության նկատմամբ վերջինիս կիրառումը փոփոխվելու հետևանքով, որի արդյունքում հավատարմագրային կառավարման ընթացքն ընդհատում է կամ Հավատարմագրային կառավարչի կողմից հավատարմագրային կառավարում իրականացնելու կարողությունը զգալիորեն նվազում, և նմանատիպ ցանկացած իրավիճակ տևում է 90 օրացուցային օր կամ ավելի (ֆորսմաժորային իրավիճակի դեպքում) կամ 60 օրացուցային օր (օրենսդրության փոփոխության դեպքում): Նման դեպքում Հավատարմագրային կառավարիչը գրավոր կերպով ծանուցում է Կառավարման հիմնադրին և, եթե ծանուցումը ստանալու պահից 45 օրացուցային օրվա ընթացքում Կառավարման հիմնադիրը իրավիճակի շտկմանն ուղղված որևէ քայլեր չի ձեռնարկում, ապա Հավատարմագրային կառավարիչն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել սույն պայմանագիրը` Կառավարման հիմնադրին 90 օրացուցային օր առաջ գրավոր կերպով ծանուցելու միջոցով:

6.4.5. Հարկերի և հարկադիր այլ վճարումների զգալի ավելացման դեպքում, որոնք անհատապես կամ միատեղ բացասաբար են անդրադառնում փոստային ծառայությունների մատուցման ոլորտի վրա, և նյութապես և էականորեն ազդում ընկերության գործառնական շահույթի վրա:

6.5. Սույն պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում` կողմերը պետք է մանրամասն հրահանգեն միմյանց սույն պայմանագրին առնչվող յուրաքանչյուր և բոլոր փաստաթղթերի և միջոցների վերադարձման, պահպանման կամ տեղաբաշխման վերաբերյալ, որից հետո հիշյալ փաստաթղթերը և միջոցները պետք է անցնեն կողմերից որևէ մեկի տնօրինման կամ հսկողության ներքո:

6.6. Սույն պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում` կողմերի միջև պետք է կազմվի համապատասխան արձանագրություն, որը կամրագրի կողմերի բոլոր այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք շարունակելու են գործել սույն պայմանագրի դադարեցումից հետո կամ կարող են ծագել պայմանագիրը դադարեցվելու հետևանքով:

6.7. Սույնով կողմերը համաձայնվում են, որ չեն կարող փոխանցել որևէ երրորդ անձի սույն պայմանագրից բխող իրենց առանձին իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սույն պայմանագիրն ամբողջ ծավալով, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են իրավահաջորդության կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված պահանջների պահպանմամբ:

6.8. Կողմերից յուրաքանչյուրի իրավահաջորդը պետք է ուղղակիորեն ստանձնի սույն պայմանագրով տվյալ կողմի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում` այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք առնչվում են հնարավոր վեճերի ու տարաձայնությունների կարգավորման հետ:

6.9. Սույն պայմանագրում յուրաքանչյուր փոփոխություն կամ լրացում պետք է կատարվի կողմերի միջև գրավոր կերպով փոխհամաձայնեցվելու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)

 

7.1. Կողմերն ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագրի ստորագրման օրվանից հետո, կողմերի ողջամիտ հսկողությունից դուրս հանգամանքներում: Սրանք այն իրավիճակներն են, որոնք ազդեցություն են գործում սույն պայմանագրով կողմերի ստանձնած պարտականությունների կատարման վրա, ներառյալ երկրաշարժերը, ջրհեղեղներ և այլ բնական աղետները կամ ցանկացած երևույթ, որը տուժող կողմի հիմնավորմամբ առաջացել է իր ողջամիտ հսկողությունից դուրս հանգամանքներում:

7.2. Ֆորսմաժորային իրավիճակ ծագելու դեպքում տուժող կողմը պետք է անհապաղ մյուս կողմին ծանուցի այդ մասին` հանգամանքների մանրամասն նկարագրությամբ և առաջարկելով միջոցառումներ հնարավորին սեղմ ժամկետում իրավիճակը շտկելու ուղղությամբ: Տուժող կողմը մյուս կողմի պահանջով պետք է ներկայացնի հանգամանքները հավաստող տեղեկանք տրված տվյալ երկրի Առևտրի պալատի կամ ցանկացած այլ անկախ գերատեսչության կողմից:

7.3. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը դադարելուց հետո, տուժող կողմը պետք է անհապաղ ձեռնամուխ լինի սույն պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարմանը, որոնք կասեցվել կամ դադարեցվել էին այդպիսի երևույթի հետևանքով:

7.4. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը տևում է ավելի քան 3 (երեք) ամիս, կողմերը պետք է անհապաղ նախաձեռնեն բանակցային գործընթաց` սույն պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

8.1. Սույն պայմանագրի կատարման, դադարեցման կամ լուծման կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները, կամ սույն պայմանագրին առնչվող ցանկացած այլ վիճելի հարցերն ու տարակարծությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

8.2. Միջնորդություն: Հավատարմագրային կառավարչի և Կառավարման հիմնադրի միջև սույն պայմանագրի դրույթներին առնչվող կամ դրանցից բխող որևէ վեճ ծագելու դեպքում, այն ենթակա է լուծման վեճի առարկային ընդհանուր առմամբ իրազեկ և գիտակ Անձի կամ Անձանց (այսուհետ` փորձագետ կամ միջնորդ դատարան) միջնորդությամբ` անպարտադրելի կերպով և առանց նախապաշարմունքի: Կողմերից յուրաքանչյուրը կարող է նախաձեռնել նմանատիպ միջամտություն` այդ մասին ծանուցելով մյուս կողմին: Սույն կետով սահմանված ծանուցումն ուղարկվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հավատարմագրային կառավարիչը և Կառավարման հիմնադիրը պետք է կազմակերպեն հանդիպում` փորձելով նշանակել մեկ Փորձագետի, որը պետք է անպարտադրելի կերպով և առանց նախապաշարմունքի միջնորդի կողմերի միջև ծագած վեճի լուծմանը: Հավատարմագրային կառավարչի և Կառավարման հիմնադրի միջև Փորձագետի ընտրության հարցում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում, կողմերից յուրաքանչյուրը 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցագրի միջոցով անվանում է մեկ Անձի, որից հետո այդ երկու Անձինք անհապաղ իրականացնում են Փորձագետի ընտրությունը: Ընտրված Փորձագետն արագ կերպով միջնորդում է կողմերի միջև ծագած վեճի լուծմանը և իր նշանակումից հետո 20 օրվա ընթացքում ներկայացնում համապատասխան առաջարկություններ (այսուհետ` «միջնորդության ժամկետ»): Կողմերի միջև այլ համաձայնություն չլինելու դեպքում` սույն կետով ամրագրված միջնորդության հետ կապված ծախսերը հավասարապես բաշխվում են կողմերի միջև: Կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է, որ Փորձագետի առաջարկությունները դիտելու է որպես ծանրակշիռ և դրանց նկատմամբ լինելու է հետևողական: Չսահմանափակելով վերոնշյալը` միջնորդության ժամկետի ավարտից հետո, կողմերից յուրաքանչյուրն իրավասու է իրենց միջև ծագած վեճի լուծման նպատակով դիմելու օրենքով սահմանված իրավապաշտպանիչ միջոցներին և ատյաններին:

8.3. Սույն պայմանագրի 8.2 կետով նախատեսված վեճերը և տարաձայնությունները ծագելու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում կողմերի միջև չլուծվելու դեպքում, դրանք ներկայացվում են իրավասու դատարանի վարույթ: Կողմերը սույնով սահմանում են, որ իրենց միջև առկա վեճերն ու տարաձայնությունները լուծելու համար որպես բարձրադիր իրավազոր դատական ատյան է ճանաչվում Բելգիայի, Բրյուսելի միջազգային դատարանը:

8.4. Դատարանի կողմից սույն պայմանագրի դրույթներից մեկն անվավեր կամ չեղյալ ճանաչվելը չի կարող ազդել սույն պայմանագրով ամրագրված մնացյալ դրույթների վավերականության վրա, իսկ անվավեր կամ չեղյալ ճանաչված դրույթը պետք է փոխարինվի նոր դրույթով, որը կբխի գործող օրենքներից և իմաստային առումով հնարավորին չափ մոտ կլինի սկզբնական դրույթին` ծառայելով վերջինիս գործառնական նպատակի ամրագրմանը:

8.5. Վեճերի ու տարակարծությունների դեպքում, գերակայությունը տրվում է պայմանագրի հայերենին բնագրին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9.1. Փոփոխություն և չեղյալացում: Սույն պայմանագրի որևէ հոդվածի կամ կետի անվավեր, չեղյալ, չգործող կամ ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող ճանաչվելը, չի ազդում սույն պայմանագրի մյուս հոդվածների և կետերի ամբողջ ծավալով կիրառելիության վրա: Սույն պայմանագրի որևէ հոդված կամ կետ անվավեր կամ անիրագործելի ճանաչվելու դեպքում, կողմերը պետք է անմիջապես հոժարակամ կերպով նախաձեռնեն բանակցային գործընթաց` փորձելով փոփոխել այդ հոդվածը կամ կետն ու դարձնելով այն կիրարկելի և իմաստային առումով հնարավորին չափ մոտ սկզբնական դրույթին` ծառայելով վերջինիս գործառնական նպատակի ամրագրմանը:

9.2. Լիակատար պայմանագիր: Սույն պայմանագիրը և դրանով ամրագրված դրույթները ներկայացնում են կողմերի միջև ձեռք բերված լիակատար համաձայնությունը և գերակայում են սույն պայմանագրին նախորդող ժամանակահատվածում կողմերի միջև ձեռք բերված բոլոր բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունների ու համաձայնությունների նկատմամբ:

9.3. Ծանուցումներ: Սույն պայմանագրի դրույթներին վերաբերող բոլոր ծանուցումները, պահանջները և համապատասխան այլ թղթաբանությունը պետք է կատարվի գրավոր և ուղարկվի հետևյալ հասցեներով`

ՈՒղղված Կառավարման հիմնադրին`

 

Հասցեն` ______________________

Հեռախոսահամարը` (374 10) ________

Հեռատիպի համարը` (374 10) ________

ՈՒղղված Հավատարմագրային կառավարչին`

 

Հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Սարյան փողոց 22

Հեռախոսահամարը` (374 10) 49-30-00 (7221, 7101)

 

Հասցեների կամ տվյալների փոփոխման դեպքում` կողմերը պարտավոր են կանխավ տեղեկացնել միմյանց այդ մասին:

 

9.4. Լեզուն. Կողմերի միջև հաղորդակցության լեզուներն են հայերենն ու անգլերենը: Պահանջվող փաստաթղթերի անգլերենից կամ անգլերեն թարգմանությունը պետք է ապահովի ընկերությունը:

9.5. Ներկայացումների և երաշխիքների վավերականությունը: Սույն պայմանագրի ներքո կողմերի կատարած ներկայացումները, երաշխիքները և պարտավորությունները ուժի մեջ են մտնում սույն պայմանագրի ստորագրման պահից և գործում են սույն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:

9.6. Գաղտնիությունը: Կողմերից ոչ մեկը չի կարող հայտնել կամ հրապարակել սույն պայմանագրով նախատեսված գործարքի վերաբերյալ որևէ տեղեկություն` առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության:

Ի հավաստումն վերոգրյալի, կողմերը ստորագրեցին սույն պայմանագիրը` 4 (չորս) օրինակից, անգլերեն և հայերեն լեզուներով, որոնցից յուրաքանչյուրը համարվում է բնօրինակ և կողմերի համար ունի հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է երկու օրինակ (անգլերեն և հայերեն):

 

ՀՈԴՎԱԾ 10. ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2016
N 1240-Ա
Որոշում