Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 2)

 

 

040.0722.301199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1999 թվականի թիվ 722

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(մաս 2)

 

3.9.3. Քաղաքաշինություն

 

Առաջիկա ժամանակահատվածում քաղաքաշինության բնագավառում կառավարության քաղաքականությունը հիմնականում ուղղված կլինի տարաբնակեցման գլխավոր ուրվագծի սկզբունքների հիման վրա հանրապետության, առանձին մարզերի զարգացման ծրագրերի մշակմանը, հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության կարգավորմանը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից ելնելով, տեսչական - վերահսկողական աշխատանքների ամենուրեք իրականացմանը, ապօրինի և անորակ շինարարության դեմ պայքարին:

Շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ աղետի գոտու վերականգնումը, և այդ նպատակով կառավարությունը հետամուտ կլինի մինչև 2001 թվականը հաստատված ծրագրի լիարժեք իրականացմանը: Աղետի գոտում կշարունակվեն ցուցաբերել առանձնահատուկ մոտեցումներ` համաֆինանսավորման հիմունքներով պետական միջոցների օգտագործում, բաժնետիրական հիմունքներով բնակարանային շինարարության խրախուսմամբ բնակչության միջոցների ներգրավման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև անհատական բնակարանային շինարարությանն աջակցելու համար տրամադրվող վարկային միջոցների ծավալի ապահովում:

Բազմաթիվ են անելիքներն արտածին երևույթների հաշվառման, մոնիտորինգի, կանխարգելման ու հետևանքների վերացման համակարգի մշակման ու ներդրման, շենքերի և կառուցվածքների (հատկապես` կամուրջների) նորմատիվային սեյսմակայունության և ջերմապաշտպանության, անվտանգ շահագործման ապահովման համալիր միջոցառումների ներդրման, քաղաքաշինական կադաստրի ձևավորման, չափագիտական ծառայության ստեղծման, քարտեզագրման բնագավառներում:

Բնակարանային ոլորտում տարվող քաղաքականությունը նպատակաուղղված կլինի գոյություն ունեցող բնակարանային ֆոնդի պահպանման, սպասարկման և շահագործման խնդիրների ապակենտրոնացմանը, պետական անմիջական կառավարման մեխանիզմների` ոչ պետականով փոխարինմանը, պետական պարտավորությունների իրականացման քայլերի հստակեցմանը և բնակարանային շինարարությունից բացի բնակարանային ապահովման այլընտրանքային ձևերի ներդրմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Ոլորտում տնտեսական բարեփոխումների հետագա շարունակման հիմնախնդիրներն են` -  վարձակալական հարաբերությունների կարգավորումը (օրինակելի պայմանագրի

միասնական ձև, վարձավճարների հաշվարկման միասնական մեթոդաբանություն

և այլն). -  համայնքային բնակֆոնդի օտարման ընդհանուր մեխանիզմների (աճուրդների

անցկացման, մեկնարկային գների որոշման մեթոդաբանության) և

նախապայմանների (վարձակալությունից ազատված բնակտարածություն և այլն)

ներդրում -  սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով վնասված

բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավում. -  բազմաբնակարան` քանդման ենթակա և օրենքով մասնավորեցման ոչ ենթակա

բնակելի տների բնակիչների վերաբնակեցում, վթարային բնակարանային ֆոնդի

բնակիչների դրամական փոխհատուցման գործընթացի կարգավորում. -  համատիրությունների, ինչպես նաև բնակֆոնդն սպասարկող ընկերությունների

ստեղծմանն ու կայացմանը պետական օժանդակության ցուցաբերում. -  բնակֆոնդի սպասարկման, շահագործման, պահպանման նկատմամբ պետական

վերահսկողության մեխանիզմների հստակեցում. -  բնակարանային գլխավոր հատակագծերով բնակարանային շինարարության համար

նախատեսված պետական հողերը շինարարական շուկա ներառելու հստակ

ժամկետների սահմանում և միջոցառումների իրականացում (աճուրդներ,

մրցույթներ և այլն). -  բնակարանային կարիքավորության նոր մոտեցումների (սոցիալական

բնակֆոնդում հատկացումների, բնակարանային նպաստների տրամադրում)

ներդրում. -  անավարտ շինարարության բնակելի տների շինարարության հետագա

շարունակմանն աջակցության ծրագրերի կազմում. -  ինժեներական ենթակառուցվածքների արդիականացման, վերանորոգման ու

բարեկարգման աշխատանքների կարգավորում:

Որպես միջնաժամկետ ծրագիր` կմշակվեն և կիրականացվեն ծրագրային միջոցառումներն աղբահանությունը ներկա ոչ շահութաբեր վիճակից եկամտաբեր և և ինքնածախսածածկող համակարգի վերածելու ուղղությամբ:

 

3.9.4. Բնապահպանություն

 

Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության նպատակներին համահունչ կշարունակվեն օրենսդրական դաշտի կատարելագործման, բնական պաշարների համալիր օգտագործման վերականգնելիությանը նպատակաուղղված գործուն բնապահպանական համակարգի ներդրման աշխատանքները (շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագիր, Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիր, ջրային պաշարների կառավարում և այլն):

Չնայած գործադրված ջանքերին, Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը շարունակում է մնալ բնապահպանական հիմնական խնդիրը: Այս ուղղությամբ կշարունակվեն իրականացվել համապատասխան միջոցառումներ, կամրագրվեն խնդրի լուծման օրենսդրական հիմքերը: Մյուս կողմից. Հայաստանի ջրային ռեսուրսները համարելով պետության կարևորագույն հարստություն, կառավարությունը կմշակի և կիրականացնի ջրային ռեսուրսների օգտագործման համալիր հայեցակարգ:

Բնապահպանության բնագավառում վերափոխումների հիմնական ուղղությունները կլինեն բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ամբողջական ու համակարգված պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բնական պաշարների օգտագործման արտոնագրման ու վճարովի տրամադրման, բնությանը պատճառված վնասի փոխհատուցման համակարգերի զարգացումն ու կատարելագործումը, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը:

 

3.10. Արտադրական ենթակառուցվածքներ

 

3.10.1. Սակագնային քաղաքականություն

 

Սակագների ձևավորման բնագավառում կամայականություններից խուսափելու նպատակով կառավարությունը հետևողական կլինի էներգետիկայի բնագավառի օրինակով, բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գների և սակագների հաստատման գործառույթն ապագայում կառավարությունից և Ազգային ժողովից անկախ մարմիններին հանձնելու հարցում: Դա թույլ կտա սակագների ձևավորման գործընթացը դարձնել առավել հրապարակային և թափանցիկ, խուսափել մենաշնորհ հանդիսացող գործունեությամբ զբաղվողների` սակագնային քաղաքականության վրա ներազդելուց: Եթե այդ մարմիններն իրականացնեն նաև տվյալ ոլորտներին վերաբերող գործունեության լիցենզավորումը, ապա լուրջ նախահիմքեր կստեղծվեն հակամենաշնորհային քաղաքականություն իրականացնելու համար:

Զուգահեռաբար, կառավարությունը կշարունակի ջանքեր գործադրել կարգավորվող բնագավառներում ներքին ռեսուրսների հաշվին արդյունավետության առավելագույնս բարձրացման ուղղությամբ:

 

3.10.2. Էներգետիկա

 

Վառելիքաէներգետիկ համակարգի բարեփոխումների շրջանակներում հիմնական շեշտադրում կարվի էներգահամակարգի հուսալի և անվտանգ շահագործման, վերազինման ու բաշխիչ ցանցերի մասնավորեցման ծրագրերի իրականացման միջոցով համակարգի արդյունավետ կենսագործունեության, համակարգում առկա կորուստների կրճատման, իսկ երկարաժամկետ հեռանկարում` նաև էներգակիրների ու դրանց մատակարարման ուղիների դիֆերսիֆիկացման վրա` գերակայությունը տալով հարաբերականորեն անկախ աղբյուրներին: Ընդ որում, կառավարությունը համակարգի ֆինանսական կայունության ապահովման հիմնական աղբյուր տեսնում է արդյունավետության բարձրացումը` համակարգի ձեռնարկությունների վերակազմավորման, կորուստների նվազեցման ու վճարների հավաքագրման աստիճանի բարձրացման, համակարգի պարտքերի վերակառուցման, էներգետիկ համակարգի գործունեության թափանցելիության ապահովման և հաշվետվությունների մեխանիզմների կատարելագործման միջոցով: Կառավարությունը կպաշտպանի սակագների ցանկացած հետագա բարձրացում միայն նշված բոլոր հնարավորությունների առավելագույնս օգտագործման պայմաններում դրա անխուսափելիության դեպքում:

Կառավարությունը նշված խնդիրների լուծման համար կշարունակի աշխատանքների իրականացումը օրենսդրական դաշտի կատարելագործման մրցակցային միջավայրի զարգացման ուղղությամբ: Մեծածախ շուկայի ձևավորմամբ հնարավոր կլինի թեթևացնել կարգավորող հանձնաժողովի աշխատանքները, բարելավել շահագործման գրաֆիկները և դիսպետչերական ծառայության աշխատանքները, խթանել շահագործման ծախսերի նվազեցումը և արտադրող կայանների հզորությունների առավելագույնս օգտագործումը, ինչպես նաև որոշակի դարձնել նոր հզորությունների կառուցման նպատակահարմարության խնդիրը:

Որպես հեռանկարային նպատակ որդեգրելով էներգահամակարգում գործող ձեռնարկությունների մասնավորեցումը կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով օտարերկրյա ներդրողների ներգրավումը` կառավարությունը միաժամանակ, մինչև մասնավորեցումը կամ այն դեպքերում, երբ մասնավորեցումը մոտ ապագայում անհնարին է, հետամուտ կլինի պետական ներդրումային ծրագրերի իրականացմանը: Էներգահամակարգի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից, թերևս, պետք է առանձնացնել` -  Արգել (Գյումուշ) ՀԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների

ավարտը. -  ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի առաջին հերթի անվտանգության աստիճանի

բարձրացման միջոցառումների ծրագրի իրագործումն ըստ նախագծված փուլերի. -  Սյունիք - կենտրոն էլեկտրահաղորդման գծի ուժեղացման նախագծում. -  «Իրան - Հայաստան գազամուղի կառուցում» միջազգային ծրագրի իրականացման

նպատակով կոնսորցիումի ստեղծում և անհրաժեշտ աշխատանքների ապահովում. -  սեփական պաշարների առավել արդյունավետ օգտագործման և երկրի էներգետիկ

համակարգի անկախության աստիճանի բարձրացման տեսանկյունից առավել

կարևորվում է Մեղրու ՀԷԿ-ի նախագծման աշխատանքների ավարտը և

ներդրումների իրականացման համար ռազմավարական ներդրողների ներգրավումը. -  Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարության ավարտի հետ կապված խնդրի

համալիր լուծում` հետագայում մասնավորեցման նկատառումով:

 

3.10.3. Ջրամատակարարում

 

Կառավարությունը ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների բարելավման գերակա ուղղություններ համարում է, մասնավորապես, համակարգի կառավարման մեխանիզմների կատարելագործումը (այդ թվում` ֆինանսավորման տարբեր աղբյուրների օգտագործմամբ այս բնագավառում հարուստ փորձ ունեցող ընկերությունների ներգրավման ճանապարհով), ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը, համակարգերի շահագործման տնտեսական արդյունավետության և հուսալիության բարձրացումը.

Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառներում ընթացիկ և առաջիկա տարիներին քաղաքականությունը կողմնորոշված է լինելու ինչպես պետական, այնպես էլ ֆինանսավորման այլընտրանքային միջոցներով ապահովելու` -  բնակչության և տնտեսավարող սուբյեկտների բնականոն կենսագործունեության

ապահովման համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրի անխափան

մատակարարումը, առաջացող կեղտաջրերի համապատասխան աստիճանի մաքրումը և

հեռացումը. -  սակավաջուր բնակավայրերում ջրամատակարարման նոր համակարգերի կառուցման,

ջրատարների, կառուցվածքների, ներքին ցանցերի վերանորոգման առկա տեմպերի

պահպանումը և խորացումը. -  խմելու ջրի բաշխման և կոյուղաջրերի հավաքման քարտեզագրումը. -  ջրաղբյուրների պահպանման և վերահսկողության ծրագրերի մշակումն ու

իրականացումը. -  սպառողների հետ ֆինանսական փոխհարաբերությունների հստակեցումը,

մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման մակարդակի

բարձրացման և ջրի կորուստների նվազեցման նպատակով հաշվառման համակարգի

կազմակերպման համալիր ծրագրի ներդրումը (մասնավորապես` ջրաչափիչների

տեղակայում). -  հոսակորուստների հայտնաբերումն ու վերացումը. -  պոմպակայաններով աշխատող առանձին համակարգերի, հնարավորության դեպքում,

ինքնահոս ջրատարներով փոխարինումը:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ շահագործման ու արդյունավետ գործունեության ապահովման նպատակով կառավարությունը կնախաձեռնի ծրագրային համալիր միջոցառումների մշակումն ու կենսագործումը, մասնավորապես, ջրի որակի վերահսկման, համակարգի շահագործման անվտանգությանն առնչվող թերությունների վերացման, շահագործման նորմատիվների կազմման, շահագործման և վերանորոգման ձեռնարկների մշակման, ապօրինի միացումների հայտնաբերման և կանխարգելման (օրինականացման) ուղղություններով:

 

3.10.4. Տրանսպորտ

 

Տրանսպորտի բնագավառում 2000 թվականին կավարտվի բոլոր ավտոտրանսպորտային ընկերությունների մասնավորեցման գործընթացը, բացառությամբ զորային տիպի ավտոշարասյուների: Կշարունակվի պետական աջակցությունը մետրոպոլիտենի անխափան և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Ինչպես պետական բյուջեի, այնպես էլ Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին կշարունակվեն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նորոգման և վերականգնման աշխատանքները:

Օդային և երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման նպատակով աշխատանքներ կտարվեն ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներ նոր չվերթների բացման և համակցված բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ:

 

3.10.5. Հեռահաղորդակցություն և փոստ

 

Կառավարությունը հեռախոսակապի համակարգի գործունեության կարգավորման հիմնական խնդիր է համարում սակագնային քաղաքականության կատարելագործումն ու հեռախոսակապի գլխավոր և միակ օպերատորի գործունեության վերահսկման` լիցենզիայով ամրագրված իրավասությունների լիարժեք կիրառումը, ինչը հնարավորություն կնձեռի ապահովելու ցանցի շահագործման որակի բարելավումը, մասնավորապես, զանգերի ավարտելիության տոկոսի բարձրացումը, վթարների կանխարգելումը, միջազգային կապուղիների կայուն և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև ըստ տարիների զարգացման ծրագրերով սահմանված համապատասխան կատարողական ցուցանիշների ապահովումը:

2000 թվականի ընթացքում կվերագնահատվեն կիրառվող պրակտիկան, լուծումներ կստանան սակագների վերահաշվեկշռման հետ կապված այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են միջազգային փոխհաշվարկների և ներքին սակագների համապատասխանությունն ու հիմնավորվածությունը, օպերատոր-բաժանորդ, օպերատոր-այլ օպերատոր հարաբերությունների կանոնակարգումը:

Փոստային ծառայությունների և առաքումների ասպարեզում կառավարությունն առաջնահերթ է համարում օտարերկրյա փորձի ուսումնասիրմամբ ոչ ավանդական փոստային ծառայությունների ընդլայնումը, պայմանագրային ծառայությունների միջոցով փոստի ազգային համակարգի շահութաբեր գործունեության ապահովումը:

 

3.11. Բյուջետային համակարգ

 

Կառավարությունը բյուջետային համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքը ներկայացնելիս, կզարգացնի սահող բյուջեի գաղափարը` միջնաժամկետ ծրագրերի շարունակական ընթացքի ապահովման նպատակով մշակելով դրանց իրականացման փաթեթ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի անցում կատարել միջնաժամկետ պետական ծախսային ծրագրերի իրականացմանը, որը, պետական քաղաքականության նպատակների ու ծախսային հատկացումների միջև առավել սերտ կապերի հաստատմամբ, կբարելավի միջոցների հատկացումներն ըստ ոլորտների` ելնելով դրանց ռազմավարական առաջնահերթությունից:

Կառավարությունը, զուգահեռաբար, բյուջետային համակարգի հիմնական բաղադրիչներից մեկի` համայնքների բյուջեներին վերաբերող օրենսդրության հետագա զարգացման ուղղությամբ նախատեսում է համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման սկզբունքների կատարելագործում և համայնքների ներդաշնակ զարգացման ապահովման բնագավառում պետության կարգավորիչ դերի իրագործման եղանակներում շեշտի փոխադրումն առավելագույնս համայնքների բյուջեներին պետական բյուջեից նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրմանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերջերս կայացած համակողմանի քննարկումները վեր հանեցին օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող համապետական նշանակություն ունեցող ծրագրերի արդյունավետ ու նպատակային իրագործման ապահովման հրամայականը, և նշված առումով կառավարությունն անհրաժեշտ է համարում զարգացնել վարկային և դրամաշնորհային միջոցների օգտագործման վերաբերյալ տվյալների միասնական բազայի ստեղծման, պարբերական մոնիտորինգի ապահովման և կառավարման ու վերահսկողության ուժեղացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Պարտադիր պայման պետք է հանդիսանա արտաքին պետական պարտքի կառավարման ռազմավարության ամենասերտ փոխկապվածությունը պետական ծախսերի ընդհանուր քաղաքականության հետ` վերջինիս գերակայության պայմանով: Արտաքին ֆինանսավորում ներգրավելիս կառավարությունը կհետևի արտաքին պետական պարտքի աճի տեմպերի կրճատման, ստացվող վարկերի պորտֆելի վերակազմավորման (նախապատվությունն արտոնյալ վարկերին տալու առումով) ուղենիշին: Այս առումով նոր վարկերի ներգրավումը կիրականացվի բացառապես սպասարկման առավել մեղմ պայմաններով` հիմնականում միջազգային ֆինանսական այնպիսի կազմակերպություններից, որոնք արտոնյալ վարկեր են տրամադրում վարկառու երկրների տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով` միաժամանակ երկկողմանի ոչ արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը նվազեցնելով նաև վերաձևակերպումների և վարկերի վերաբանակցման միջոցով:

Բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործման համար կարևոր նշանակություն կունենա պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների արդյունավետ օգտագործման միջնաժամկետ ռազմավարական ծրագրի մշակումն արդեն իսկ այս տարվա ընթացքում, որը 2000 թվականին կներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը: Միաժամանակ, որպես ցանկացած նման ծրագրի արդյունավետ կենսագործման նախապայման, կառավարությունը կարևորում է պետական բյուջեի իրատեսականության անվերապահ ապահովումը:

Կառավարությունը կշարունակի պետական ծախսերի կառավարման համակարգի կատարելագործումը պետական ծախսերի կառավարման բնագավառում պետությանն առնչվող բոլոր դրամական հոսքերի ներառման, դրանց արդյունավետ օգտագործման և թափանցելիության պայմաններում` նշված բնագավառում հաստատելով կառավարման ճկուն մեխանիզմներ ապահովող ենթակառուցվածքներ և ներդնելով կառավարման սկզբունքորեն նոր մոտեցումներ` -  նյութական խրախուսման նպատակով պետական կառավարման տարբեր մարմինների

համար ստեղծված արտաբյուջետային ֆոնդերի փոխարինում բյուջետային

ուղղակի հատկացումներով. -  պետական գնումների բնագավառում քաղաքականության հստակեցում, կառավարման

բոլոր մարմինների համար պետական գնումների իրականացման ընդհանուր

կանոնների սահմանում և պետական գնումների իրականացում` բացառապես

պայմանագրային հիմունքներով. -  գանձապետական համակարգի կատարելագործում, վճարման նոր մեխանիզմների`

գանձապետական չեկերի և էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում. -  պետական արժեթղթերի երկրորդային շուկայի հետագա զարգացում` այդ

նպատակով հանրամատչելի տեղեկատվական համակարգի ապահովում և

«գանձապետական պահառու» համակարգի զարգացում. -  պետական ֆինանսական վիճակագրության համակարգի կատարելագործում`

միջազգային չափանիշներին համապատասխան պետության հաշվեկշռի կազմում,

եկամուտների և ծախսերի դասակարգում, բյուջետային հաշվառման և

հաշվետվությունների համակարգերի կատարելագործում:

Կառավարությունը առաջիկայում ևս բոլոր ջանքերը կգործադրի պետական բյուջեում նախատեսված առաջնահերթ ծախսերի գծով որևէ պարագայում պարտքերի կուտակումը բացառելու համար: Պետական կառավարման մարմինների գործողությունների վերահսկման մեխանիզմների ներդրումը, մասնավորապես, պետական բյուջեի, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրի, համայնքների բյուջեների գործառնությունների համախմբումն ու գործող բոլոր ճյուղային արտաբյուջետային ֆոնդերի մոնիտորինգ իրականացումը կապահովեն կառավարության գործունեության թափանցիկությունն ու վերահսկելիությունը որ միայն Ազգային ժողովի, այլ նաև ամբողջ հասարակության համար:

 

3.12. Հարկային համակարգ

 

Կառավարությունը, հարկային վարչարարության կատարելագործմանը զուգընթաց, շարունակելու է հարկային բեռի նվազեցման միտումով դրա հավասարաչափ բաշխման որդեգրած քաղաքականությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միջնաժամկետ հեռանկարում հարկային համակարգի կայունության ապահովմանը: Կառավարությունն առաջնային նշանակություն է տալիս հարկատուների շահերի պաշտպանությանը և այդ նպատակով նախատեսում է` -  հարկային ստուգումների մեխանիզմի պարզեցում և արդյունավետության

բարձրացում` իրականացվող գործունեության վերաբերյալ հարկատուների

կողմից ներկայացվող տեղեկատվական հոսքերի մշակման գործընթացների

ավտոմատացման և դրանով իսկ հեռակա (կանխարգելիչ) ստուգումների

համակարգի զարգացման միջոցով. -  հարկային ստուգումների արդյունքում արձանագրված լրացուցիչ հարկային

պարտավորությունների գանձում` բացառապես դատարանի միջոցով, դրանց

հաստատումից հետո իրականացնելով դրույթի օրենսդրական ամրագրում. -  հարկատուների ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնող

մարմինների ֆունկցիաների հստակ տարանջատում և ստուգումների գործընթացի

կանոնակարգում. -  հարկատուների իրազեկման աշխատանքների ծավալների և որակի բարձրացում:

Միաժամանակ, որպես հարկային դրույքաչափերի հետագա նվազեցման ու հարկման ազատական մոտեցումների զարգացման աղբյուր, կառավարությունը տեսնում է նախ և առաջ հարկման համահավասար մեխանիզմների գործողության ամրապնդումը` հարկատուների հարկային պարտավորությունների անվերապահ կատարման ապահովում և միջնաժամկետ հեռանկարում հարկային արտոնությունների հնարավոր առավելագույն կրճատում: Կառավարությունը ոչ միայն չի հանդուրժելու հարկային ապառքների հետագա որևէ աճ, այլ նաև հարկատուների սահմանադրական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով վճռականորեն ձեռնամուխ է լինելու դրանց ձևավորած` մակարդակի նվազեցմանը ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող հարկատուների մոտ, անկախ որևէ հանգամանքից` անմիջապես ապահովելով օրենքով սահմանված անվճարունակության ընթացակարգերի կիրառումը: Իրական հարկային պարտավորությունների չհամապատասխանող հարկային պարտավորություններ հայտարարագրող հարկատուների նկատմամբ կառավարությունը կապահովի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու պրակտիկայի լայնածավալ կիրառումը` միաժամանակ այդ մեխանիզմների իրական կարգավորումը բարձրացնելով օրենքի աստիճանի:

Հարկային համակարգի միասնականության նպատակով կառավարությունը կարևորում է նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ուժեղացումն ու ֆիզիկական անձանց գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրումը` նպատակ ունենալով ապահովել անձի սպառման իրավունքի ծագման և դրան համապատասխան հարկային պարտավորությունների կատարման մասին հրապարակայնությունը` միաժամանակ աստիճանաբար զարգացնելով եկամտահարկով հարկման նպատակով որոշ ծախսերի նվազեցման հնարավորությունը:

 

3.13. Սոցիալական համակարգ

 

3.13.1. Բնակչության սոցիալական պաշտպանվածություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական ապահովության քաղաքականությունն արտահայտվելու է սոցիալական ապահովության համակարգի կառավարման կատարելագործմամբ, պետական նպաստների համակարգի և սոցիալական ապահովագրության սկզբունքների ներդրմամբ: Այդ նպատակով նախատեսվում է «Պետական նպաստների մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», ինչպես նաև «Ժամանակավոր աշխատունակության պարտադիր ապահովագրության մասին» օրենքների ընդունում:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախատեսվում է աշխատանքի պայմանների և անվտանգության ապահովման հետ կապված գործող օրենսդրության կատարելագործում, աշխատանքի տեսչության գործառույթների, իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հստակեցում, զբաղվածության ոլորտը շուկայական տնտեսության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով գործազրկության դեպքերից պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակում, աշխատանքի և զբաղվածության պետական ծառայության կառավարման օպտիմալացում, զբաղվածության հարցերով գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների գործունեության կանոնակարգում:

Կենսաթոշակային ապահովության ոլորտում կառավարությունը հետևողականորեն կիրականացնի կենսաթոշակային ապահովության ռազմավարության հաստատված հիմնադրույթներով սահմանված համապատասխան միջոցառումները (համակարգի համապատասխանեցում ապահովագրական սկզբունքներին, քաղաքացիների սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի ներդրում և այլն), ապահովելով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման և կենսաթոշակների նշանակման ու վճարման մեխանիզմների կատարելագործման ճանապարհով կենսաթոշակների աստիճանական բարձրացման ու ժամանակին վճարման ապահովումը: Ընդ որում, կենսաթոշակների չափերի բարձրացման անխուսափելիությամբ հանդերձ կառավարությունը գիտակցում է, որ որևէ նման բարձրացման մասին խոսք գնալ չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ պետությունն ի վիճակի չէ ժամանակին վճարել նույնիսկ սահմանված կենսաթոշակները:

Սոցիալական աջակցության ոլորտում նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործում` սոցիալական արդարության և հասցեականության սկզբունքների ամրապնդման ճանապարհով, մասնավորապես, կատարելագործելով կարիքավորության աստիճանը որոշելու մեթոդիկան և դրանում ներառելով նաև ընտանիքի եկամտի մասին հայտարարագրման գաղափարը:

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվելու բժշկասոցիալական փորձաքննության, անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամների տվյալների հանրապետական բանկի ստեղծման, նրանց բժշկասոցիալական վերականգնման անհատական մոտեցման հարցերին: Նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգի աշխատանքների կանոնակարգման խնդիրների հետ կապված միջոցառումների իրականացում և հաշմանդամների մասնագիտական վերականգնման հիմնախնդրի լուծման նպատակով համապատասխան հայեցակարգի մշակում:

Կհստակեցվեն տարեցներին սպասարկելու հարցում պետական, հասարակական և կրոնական կազմակերպությունների համագործակցության սկզբունքները, տուն-ինտերնատ ընդունման, տնային պայմաններում սպասարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը, միայնակ տարեցների սոցիալական սպասարկման նոր ձևերի ու տեսակների ներդրման մեխանիզմները:

Կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտում նախատեսվում է կառավարության որոշմամբ հաստատված` կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրից բխող` հանցագործություններից տուժած, այդ թվում` բռնության ենթարկված կանանց պաշտպանության հայեցակարգի մշակում, ինչպես նաև ծանր իրավիճակներում հայտնված կանանց սոցիալական պաշտպանության օրենսդրական ամրապնդում:

Միջոցառումներ կիրականացվեն երեխաների շրջանում թափառաշրջիկության և մուրացկանության կանխարգելման և վերացման ուղղությամբ:

Կառավարությունը հետևողական աշխատանքներ կտանի զբաղվածության խնդրի աստիճանական լուծման, ժողովրդագրական գործընթացները կարգավորելու, ինչպես նաև միգրացիան մեղմելու ուղղությամբ:

 

3.13.2. Առողջապահություն

 

Առողջապահության զարգացման ասպարեզում կառավարությունը խնդիր է դրել հարթել համակարգի զարգացման վերջին տարիների անբարենպաստ միտումները, եղած միջոցների ու ներուժի սահմաններում առավելագույնս ապահովել քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնել պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրական մատչելիությունն ու ծավալը` սկիզբ դնելով ոլորտում սոցիալական և շուկայական արժեքների նպատակաուղղված համակշռմանն ու հասարակական առողջապահության համակարգի ձևավորմանը: Հասարակական առողջությունը և առողջապահությունը ձևավորվելու են որպես պետության և հասարակության ընդհանուր պատասխանատվություն նախատեսող միջգերատեսչական, բազմասեկտորային ոլորտ:

Բուժօգնության առաջնային օղակը ներկայացնող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի զարգացման հիմնական ուղղություններն են` պետական և Համաշխարհային բանկի վարկային միջոցների օգտագործմամբ ընտանեկան բժշկության համակարգի ձևավորումը, անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության բավարար ծավալի և որակի ապահովումը, համայնքների կողմից համակարգին լրացուցիչ ֆինանսական աջակցության երկարաժամկետ քաղաքականության ձևավորումը:

Պետությունը շրջադարձ է կատարելու դեպի անվճար հիվանդանոցային բուժօգնության աստիճանական վերականգնումը, և այդ նպատակով 2000 թվականին Երևանում, 2001-2002 թվականներին նաև մարզերում նախատեսվում է առանձնացնել պետական հիմնարկի կարգավիճակով մոտ 30 բացառապես անվճար բուժօգնության, պետական բյուջեից տարեկան հաշվարկային ցուցանիշով ֆինանսավորվող հիվանդանոցային բուժհիմնարկներ, որտեղ կկենտրոնացվի անվճար ընդհանուր պրոֆիլի բուժօգնության հիմնական մասը: Հիվանդանոցների մնացած մասը կատարելու է նեղ մասնագիտացված և անհետաձգելի, մարզերում նաև սոցիալապես անապահով խմբերին ցույց տրվող բուժօգնություն` բյուջեից տրվող ընդհանուր միջոցների և պայմանագրի հիման վրա, ինչպես նաև զարգացնելու է վճարովի բուժօգնությունը, այդ թվում` բժշկական ապահովագրության սկզբունքներով: Մի կողմից պետական միջոցների կենտրոնացման, մյուս կողմից, ազատ մրցակցության սկզբունքների այս համադրումը ժամանակի ընթացքում կբերի ոչ միայն իրապես անվճար բուժօգնության ապահովմանը, այլ նաև բուժօգնության արժեքների և գների զսպմանը թե անվճար, թե վճարովի սեկտորներում: Անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն նաև պետական պատվերին զուգահեռ բժշկական ապահովագրության հուսալի և արդյունավետ համակարգի ձևավորման և խորացման համար:

Դեղային և տեխնոլոգիական քաղաքականության հիմնական ուղղվածությունը լինելու է դրանց մատչելիության, անվտանգության և կիրառման արդյունավետության բարձրացումը, որի նպատակով բնակչության անվճար բուժօգնության մասով կներդրվի պետական կենտրոնացված գնումների համակարգը, կշարունակվեն բնակության առանձին խմբերի դեղորայքային ապահովվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները (մարդասիրական դեղտների ցանցի ընդլայնում, մանկական և վետերանների դեղատների կազմակերպում, հատուկ նշանակության, եզակի և հսկվող դեղերի երաշխավորված ապահովում` տարածքային սկզբունքով առանձնացված դեղատներում):

Ծրագրվում է ընդունել բժշկական մասնագիտությունների նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող անվանացանկը և բժշկական կրթության նոր սխեման, ներդնել բժշկական հետդիպլոմային կրթության կատարելագործման մատչելի համակարգ:

 

3.13.3. Կրթություն և գիտություն

 

2000 թվականին կառավարությունը նախատեսում է իրականացնել կրթության համակարգի պահպանմանը և ճգնաժամային գործընթացների խորացման կանխարգելմանն ուղղված անհետաձգելի և համալիր միջոցառումներ` միաժամանակ ապահովելով կրթության համակարգի հետագա զարգացումը:

Երկրի զարգացման համար կարևորելով նախադպրոցահասակ երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը` կառավարությունը ընտանիքներին կաջակցի, կարդիականացնի նախադպրոցական կրթության նորմատիվային դաշտը` ըստ հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերի, տիպերի, աշխատանքային ռեժիմների և տարբերակված կրթական ծրագրերի, կօժանդակի մանկապարտեզներում չընդգրկված երեխաների համար ծնողների ցանկությամբ դպրոցներում նախապատրաստական խմբերի ձևավորմանը:

Հանրակրթական համակարգի բարեփոխումները կշարունակվեն բոլոր հիմնական ուղղություններով` կառուցվածքային, ֆինանսատնտեսական, կազմակերպական, որոնք կներառեն հանրակրթական կառավարման ապակենտրոնացումը, հաստատությունների ինքնավարության աճը և անցումը ֆինանսավորման նոր` ըստ աշակերտների թվի, համակարգի: Ընդհանուր միջնակարգ կրթության համակարգի պահպանմանն ու զարգացմանը զուգահեռ քայլեր կձեռնարկվեն 11-ամյա ուսուցման կազմակերպման նախադրյալների ստեղծման ուղղությամբ:

Միաժամանակ, առկա է նաև հանրակրթության կառավարման և ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, մասնավորապես, մանկավարժական և վարչական հաստիքների օպտիմալ հարաբերակցության սահմանման, ինքնավարության հնարավորության, սահմանամերձ, բարձրլեռնային և մեկուսացված բնակավայրերի թերհամալրված դպրոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը:

Բարձրագույն կրթության ոլորտում կառավարությունը, օրենսդրական նոր դաշտի պահանջներին համապատասխան, իր խնդիրների շարքում կառանձնացնի` -  մասնավոր բուհերի արտոնագրման և հավատարմագրման պետական չափորոշիչների

ամրագրում` հիմնված միասնական մասնագիտական ծրագրերի մշակման և

կիրառման վրա. -  միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանցի

ռացիոնալացման ծրագրի մշակումը. -  պետական պատվերի ձևավորման և տեղաբաշխման կարգի արմատական

վերափոխումը` նպատակ ունենալով հնարավոր կարճ ժամկետում հրաժարվել

«ժառանգաբար» փոխանցվող ընդունելության տեղերի հավասարաչափ բաշխման

եղանակից. -  բուհական ինքնավարության ընդլայնում և բուհական վերջնական արդյունքի

նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը:

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության համակողմանի առաջընթացի համար գիտությունը դիտում է իբրև կարևորագույն գործոն: Կառավարությունը կձեռնարկի ոլորտի զարգացումն ապահովելու, խոչընդոտող հիմնախնդիրները լուծելու քայլեր, մասնավորապես, գիտության կառավարման և ֆինանսավորման վերափոխման և կառուցվածքային օպտիմալացման ուղղությամբ: Գիտության բնագավառի հիմնախնդիրների լուծման հարցում կառավարության քաղաքականությունը նպատակաուղղվելու է նաև գիտական պոտենցիալի զարգացման ռազմավարության շրջանակներում պետական հովանավորության արդյունավետ համակարգի ձևավորմանը զուգահեռ գիտության ֆինանսավորման մասնավոր աղբյուրների խթանմանը:

Ելնելով հարցի բացառիկ կարևորությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգիռ գիտական կոլեկտիվների մասնակցությամբ կմշակի գիտության ոլորտի բարելավման հայեցակարգ:

 

3.13.4. Մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր

 

Կառավարությունը պետության մշակութային քաղաքականության զարգացման հիմնական ուղին ազգային մշակութային արժեքների պահպանման և զարգացման հանրապետական ծրագրերի իրագործումն է: Կառավարությունը մշակութային արժեքները համաշխարհային հանրակրթությանը պատշաճորեն ներկայացնելու համար կշարունակի ռազմավարության մշակումը, որը պետք է հիմնված լինի համամարդկային և ազգային արժեքների ներդաշնակության վրա:

Հաշվի առնելով, որ ոլորտը, թերևս, ամենից քիչ է ենթարկվել կառուցվածքային բարեփոխումների և ծառացել են ոլորտը ազատական տնտեսական համակարգին համապատասխանեցնելու հրամայականներ, կառավարությունը ձեռնամուխ կլինի պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանմանը, ոլորտի կառավարման գործում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների աստիճանական ընդլայնմանը, պրոֆեսիոնալ և ֆիզիկական դաստիարակության զարգացման գործում պետության պատասխանատվության օրենսդրական սահմանմանը, ոլորտի կառավարման կատարելագործման ու գործունեության օպտիմալացման քաղաքականության ապահովման գործում բազիսային ֆինանսավորման, պետպատվերի տեղադրման և ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների զուգակցմանը:

Կառավարությունը ֆիզիկական կուլտուրային և սպորտին պետական աջակցություն ցուցաբերելու հայեցակարգի հիման վրա Ազգային ժողով կնեկայացնի համապատասխան օրենքի նախագիծ, որով կսահմանվեն այս բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները, պետության պարտավորությունները, ֆիզիկական կուլտուրային և սպորտին պետական աջակցության ձևերը, ինչպես նաև կկարգավորվեն ֆիզիկական կուլտուրային և սպորտին, օլիմպիական շարժմանն առնչվող այլ հարաբերություններ:

Պետական երիտասարդական քաղաքականության գլխավոր նպատակն է` երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ ստեղծելը:

Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության հիմնական սկզբունքներից են` -  պետական, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման

գործընթացում պետության, հասարակության և անհատի շահերի, քաղաքացիների

իրավունքների և պարտականությունների համադրումը. -  երիտասարդ քաղաքացիների անմիջապես մասնակցության ապահովումը

երիտասարդությանը և ողջ հասարակությանը վերաբերող քաղաքականության և

առանձին ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին:

 

3.13.5. Տեղեկատվություն

 

Տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը մեծապես կնպաստի միջազգային տեղեկատվական համակարգերում Հայաստանի Հանրապետության մասին արդիական և մշտապես թարմացվող տեղեկությունների ապահովումը, որի նպատակով կառավարությունը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում:

Կառավարությունը բարեփոխումների ծրագրերին հասարակության աջակցության ամրապնդման տեսանկյունից մեծ նշանակություն է տալիս իր գործունեության առավելագույնս հրապարակայնության ապահովմանը, հանրությանն ընդունվող որոշումներն ու իրագործվող քաղաքականությունը ներկայացնելը, կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հրապարակային քննարկումներ կազմակերպելը` օգտագործելով նաև պատգամավորական լսումների հնարավորությունը:

Առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում պետական լրատվամիջոցներին պետպատվերի ձևավորման թափանցիկ և հիմնավորված մեխանիզմների մշակումն ու կիրառումը:

 

3.14. Կոռուպցիայի դեմ պայքար

 

Համաշխարհային հանրությունը վաղուց է ընկալել կոռուպցիայի վտանգավորությունն ամբողջ մարդկության համար: Աշխարհի ոչ մի պետություն չի կարողացել խուսափել դրա այս կամ այն չափով դրսևորումներից: Դրա ակնառու վկայություններն են համաշխարհային հանրության լուրջ մտահոգություններն ու կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպմանն ուղղված միջոցառումները: Այսօր համոզված ու վստահաբար կարելի է ասել, որ տեռորիզմի հետ միասին կոռուպցիան ևս դարձել է համաշխարհային զարգացման գլխավոր խոչընդոտը:

Ընդհանուր մի սահմանմամբ բնորոշել, թե ինչ է կոռուպցիան, բնականաբար հնարավոր չէ:

Այն խիստ ճյուղավորված է` ամենատարբեր և ամենաանսպասելի դրսևորումներով: Սակայն կոռուպցիայի հիմնական տարատեսակները, մեր համոզմամբ, արտահայտվում են կաշառակերության և կաշառատվության ձևով:

Դրա հետ մեկտեղ, այսօր, կոռուպցիայի հիմնական տարատեսակներից է հատկապես հովանավորչությունը` իր վատագույն դրսևորումներով: Վերջինս խիստ բնորոշ է հայկական իրականությանը: Կոռուպցիան թափանցելով պետական կառավարման մեքենա շատ արագ կկազմալուծի այն` վերածվելով ազգային աղետի ու խարխլելով պետականության հիմքերը:

Այս ամենով է պայմանավորված այդ չարիքի դեմ կազմակերպվող պայքարի ընդգրկուն և բազմակողմանի բնույթը, անընդհատության ու հետևողականության անհրաժեշտությունը:

Կառավարությունը հստակ գիտակցում է, որ հատկապես Հայաստանի պայմաններում կոռուպցիան շատ ավելի վտանգավոր և անգամ կործանարար հետևանքներ կարող է ունենալ պետության, մասնավորապես, ժողովրդավարության հետագա զարգացման, տնտեսական առողջացման, քաղաքացիական ու իրավական հասարակարգի ձևավորման համար: Կոռուպցիան չի կարելի դիտարկել որպես միայն քրեաիրավական խնդիր: Այն անշուշտ կախված է նաև հասարակության քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակից:

Սրանով էլ պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի համակողմանի ծրագրի անհրաժեշտությունը: Ծրագիր, որը ենթադրում է համակարգված, բազմակողմանի, երկարաժամկետ և հետևողական գործունեություն հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում և օրենսդրական դաշտի կարգավորում, և պետական մեքենայի պարզեցում ու թեթևացում` ընդհուպ մինչև կրկնվող օղակների լրիվ վերացումը:

Կոռուպցիայի քրեորեն հետապնդելը` դրամաշորթության, փողերի լվացման, բանկային զեղծարարության և շրջանառության մասին օրենսդրության հստակ սահմանմամբ, պետք է լինի առաջին կարևոր քայլը:

Կոռուպցիայի դեմ համապարփակ ծրագիրը ենթադրում է նաև հասարակության բոլոր շերտերի մասնակցությունն այդ չարիքի դեմ պայքարի գործընթացին: Արդյունքում, այդ հիրավի մահացու աղետի նկատմամբ կձևավորվի զանգվածային անհանդուրժողականություն: Միայն այսպես կարելի է արմատախիլ անել չարիքը: Պետք է կարողանանք ամենքի և յուրաքանչյուրի մեջ ամրապնդել այն գիտակցությունը, որ պաշտոնը, պետական ծառայությունը ոչ թե հարստանալու միջոց է, այլ պետության և ժողովրդին ծառայելու բարի կամք, հսկայական պատասխանատվություն:

Կոռուպցիայի դեմ պայքարի երկարաժամկետ ծրագրի մշակմանը զուգընթաց արդեն այժմ կառավարությունը գործողության մեջ կդնի այդ ծրագրի որոշակի տարրեր` իրավական հիմքի վրա վերակառուցելով տնտեսական, կառավարման և այլ հիմնական հարաբերությունների համալիր, իրականացնելով կադրային ու կառուցվածքային նոր քաղաքականություն, կիրառելով պատժիչ միջոցներ` բացառապես սահմանադրության շրջանակներում գործող օրենսդրության հիման վրա:

Բնականաբար, դա մեկ օրվա կամ մեկ ամսվա ընթացքում իրագործելը պարզապես անհնար է: Սակայն այսօր կառավարությունն ունի քաղաքական կամք ու հաստատակամություն արագ և նվազագույն սխալներով լուծելու այս կարևորագույն խնդիրը: Միայն այսպես կարելի է էապես փոխել հասարակության մեջ ձևավորված համակերպվածության, անվստահության մթնոլորտը և վերականգնել մարդկանց հավատը կառավարության, իշխանությունների, պետականության նկատմամբ:

 

3.15. Քաղաքացիական ծառայություն

 

Հանրային ծառայությունների մատուցման գործում կառավարությունը հիմնական շեշտը դնում է քաղաքացիական ծառայության նոր համակարգի ստեղծման վրա: Պետական ծառայության բարեփոխումներն ընդգրկելու են քաղաքացիական ծառայության կառավարման նոր կառույցի ստեղծումը, աշխատողներին ըստ արժանիքների հավաքագրման, քաղաքացիական ծառայությունում աշխատանքը մատուցվող ծառայությունների որակի հետ պայմանավորված առաջխաղացման ապահովումը, քաղաքացիական ծառայության պաշտոնների նկարագրումը, պաշտոնյաների պատասխանատվության սահմանների որոշումը, նրանց վարձատրության և սոցիալական ապահովության, եկամուտների և գույքի հայտարարագրերի համակարգի ներդրումը: Այս սկզբունքների հիման վրա ներկայումս նախապատրաստվում է և 2000 թվականի 1-ին կիսամյակում Ազգային ժողով կներկայացվի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Թափանցիկ և կանխատեսելի պետական ծառայությունը երկիրը ներդրողների համար հրապուրիչ դարձնելու կարևորագույն գրավական է: Այդ նպատակով կնախապատրաստվի գործադիր մարմինների կազմակերպմանը վերաբերող օրենսդրական առաջարկ, որը կսահմանի պետական կառուցվածքների կատեգորիաները, դրանց դերը, պարտականույուններն ու հաշվետվության պայմանները: Համանման գործընթաց կիրականացվի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, որի արդյունքում կհստակեցվի լիազորությունների տարանջատումը: Այս քայլը միաժամանակ հնարավորություն կտա պետությանը վերապահված գործառույթների սահմաններում ճշգրիտ հաշվարկել պետական ծառայության զբաղվածության մակարդակը:

Նշված հիմնախնդիրների լուծումը թույլ կտա օպտիմալացնել պետական կառավարման մարմինների գործունեությունը և բարձրացնել պետական ծախսումների արդյունավետությունը: Բացի դրանից, նախանշված միջոցառումները նախապայման կհանդիսանա կառավարության կողմից մշակվող հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի համար:

 

3.16. Տարածքային քաղաքականություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգի զարգացումը նպատակաուղղվելու է հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացման, պետական կառավարման ապակենտրոնացման, տեղական ինքնակառավարման դերի և արդյունավետության բարձրացման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և ֆինանսական հնարավորությունների համապատասխանության ապահովմանը:

Մարզպետը դիտվելու է իր մարզի պատասխանատուն: Մարզպետների ինստիտուտին է վերապահվելու մարզի տարածքում հանրապետական գործադիր մարմինների վերահսկողական ֆունկցիաների իրականացումը` հանրապետական մակարդակում թողնելով տեսչական ստուգումների միջոցով մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ենթակայության կառույցների աշխատանքները վերահսկելու գործառույթները:

Սահմանվելու է Երևանի կառավարման նոր մոդելը` հիմքում դնելով Երևանում (քաղաքի մակարդակով) տեղական ինքնակառավարում իրականացնելու հնարավորության օրենսդրական ապահովումը, քաղաքի և թաղային համայնքների իրավասությունների հստակեցումը:

Մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային կառույցների կանոնադրական պատասխանատվությունների հստակեցմանը զուգահեռ կառավարությունը մարզպետների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընթացիկ գործունեության արդյունավետ վերահսկման մեխանիզմների զարգացման և տեղական ինքնակառավարման մարմինների ապօրինի գործողությունների կանխարգելման նպատակով հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:

Պետական բյուջեի մարզային կտրվածքով հատվածը կդիտվի որպես մարզպետի գործունեության ծրագիր և այդ գործունեության գնահատման հիմնական չափանիշները բյուջեով նախատեսված միջոցառումների կատարման ցուցանիշներն են:

Կառավարությունը կառավարման համակարգերի և ենթակառուցվածքների հետագա ապակենտրոնացումը դիտում է որպես ազատական տնտեսության և ժողովրդավարական սկզբունքների հետագա ամրապնդմանն ուղղված կարևոր գործընթաց, որը պահանջում է համայնքային ենթակառուցվածքների կառավարման կազմակերպական իրավական ձևերի, կառավարման մոդելների հստակեցում, միջհամայնքային միավորումներին օժանդակության ցուցաբերում:

Ապակենտրոնացմանն ուղղված գործընթացները հորիզոնական և ուղղահայաց կզարգացվեն կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, սոցիալական ծառայությունների բնագավառներում` ապահովելով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված պատասխանատվությունների և դրանց լիարժեք իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական այլ ռեսուրսների համապատասխանությունը:

Ապակենտրոնացման բազայի ամրապնդման նպատակով կընդլայնվեն համայնքների բյուջեների եկամտային մասի համալրման և լրացուցիչ աղբյուրների ձեռքբերման հնարավորությունները: Երևանի կարգավիճակի փոփոխման հետ կապված փոփոխություններ կկատարվեն բյուջետավարման ամբողջ գործընթացում: Համայնքային բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները կհատկացվեն համայնքների կողմից համայնքի բյուջեի հարկային մուտքերի կատարման մակարդակին համամասնորեն:

Կառավարությունը տնտեսական զարգացման իր ծրագրերում, գյուղում ծագած սոցիալական հարցերը լուծելու և հանրապետության ժողովրդագրական իրավիճակը կայունացնելու նպատակով, առանձնահատուկ ուշադրություն կդարձնի հեռավոր, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի առաջանցիկ զարգացումն ապահովելու նպատակով պետական օժանդակությանը` այդ նպատակով հետամուտ լինելով արդեն իսկ հաստատված ծրագրերի լիարժեք կենսագործմանը:

 

3.17. Ազգային բանակ

 

Կառավարության ուշադրության կենտրոնում է մնալու Հայոց բանակի բարոյական և տեխնիկական ներուժի հետագա ամրապնդման խնդիրը, որի արդյունավետ լուծման նպատակով կառավարությունը շարունակելու է ներքին կարգապահությունը բարձրացնելու, ոչ կանոնադրական հարաբերությունները բացառելու, զինվորի կենցաղային պայմանները բարելավելու, բանակում տիրող իրավիճակի նկատմամբ քաղաքացիական և հասարակական հսկողության գործուն մեխանիզմներ կիրառելու աշխատանքները` բանակի կենսական խնդիրների լուծման նպատակով զուգահեռաբար զարգացնելով օրենսդրական դաշտը:

Ռազմական շինարարության բնագավառում կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված կլինի սպայական կազմի պատասխանատվության բարձրացմանը, որակյալ սպայակազմի պատրաստմանը, անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների բարելավմանը:

 

3.18. Միջնաժամկետ տնտեսական քաղաքականության ուղղությունները

 

Տնտեսական քաղաքականության դրած նպատակների հետևողական իրագործման պայմաններում միջնաժամկետ տնտեսական քաղաքականությունը կուղղորդվի տնտեսական աճի 7 տոկոս և ավելի մակարդակի ձեռքբերմանը` մինչև 5 տոկոս տարեկան կուտակային սղաճի ապահովման պայմաններում: Տնտեսական աճի նման մակարդակի ապահովման համար անհրաժեշտ պայման է ներդրումների աճը, որը հնարավորություն կտա ամբողջացնել հանրապետությունում առկա մարդկային և բնական ռեսուրսները: Ընդ որում, ներդրումների անհրաժեշտության աճը կապահովվի հիմնականում մասնավոր հատվածում և ավելի ու ավելի մեծ չափով կֆինանսավորվի ներքին խնայողությունների հաշվին:

Միջին ժամկետում տնտեսական աճի ապահովման հարցում որոշիչ դեր կխաղա արտաքին շուկաներին Հայաստանի առավելագույնս ինտեգրացումը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել արտահանման շուրջ 20 տոկոս աճ: Նշվածին կնպաստեն մասնավորեցված ձեռնարկությունների գործունեության ընդլայնումը, ԱՊՀ անդամ երկրների շուկաների վերականգնումը, Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածի ինքնուրույն ելքը նոր արտահանման շուկաներ, արդյունաբերական վերակառուցումն ու օտարերկրյա ուղղակի ներդրումներով պայմանավորված արդիականացումը: Ներմուծման աճի տեմպերի միաժամանակյա անկումը` պայմանավորված հիմնականում մարդասիրական օգնության ծավալների նվազեցմամբ և ներմուծման փոխարինիչների արտադրության աճով, կապահովի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերական մակարդակի աստիճանական նվազումը` միջնաժամկետ հեռանկարում այն հասցնելով համախառն ներքին արդյունքի ոչ ավելի, քան 13 տոկոս մակարդակի:

Տնտեսական աճի հիմնական տարրի` արտահանման աճի կարևոր գործոն է Հայաստանի արտաքին մրցունակության բարձրացումը, որի հիմնական բնութագրիչի` առևտրի պայմանների բարելավման տեսանկյունից կառավարությունը կպաշտպանի լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացումը` ձգտելով խուսափել ազգային դրամի անտեղի արժեքավորումից:

Պետության ֆինանսական հոսքերի կառավարման տեսանկյունից կառավարությունը կկողմնորոշվի միջնաժամկետ հեռանկարում համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի դեֆիցիտի մինչև 3 տոկոս մակարդակի ապահովմանը: Վերջինիս ձեռքբերումը կապահովվի ինչպես եկամտային միջոցառումների, հիմնականում արտոնությունների կրճատման ու վարչարարության բարելավման շնորհիվ, այնպես էլ 2000 թվականի ընթացքում հաստատվելիք միջնաժամկետ ծախսային ծրագրով պայմանավորված ծախսերի առաջնայնությունների որոշմամբ: Պետական ծախսերի արդյունավետության հետագա բարձրացումը հնարավոր կլինի քաղաքացիական ծառայության բարեփոխումների ներկայումս մշակվող ռազմավարության կենսագործմամբ:

Ներկայումս ձևավորված պարտքի սցենարի պայմաններում միջնաժամկետ հատվածում նախատեսվում է համախառն ներքին արդյունքում պետական պարտքի անվանական մեծության տեսակարար կշռի աճ` 1998 թվականի 46 տոկոսից մինչև 56 տոկոս: Չնայած պարտքի մեծ մասի արտոնությանը (1998 թվականի վերջին պետական պարտքի զուտ ներկա արժեքը կազմում էր համախառն ներքին արդյունքի 29 տոկոս), միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում է նաև պետական պարտքի զուտ ներկա արժեքի զգալի (մինչև համախառն ներքին արդյունքի 43 տոկոս) աճ: Նման հեռանկարն անառարկելի է դարձնում պարտքի հետագա կուտակման փոխարեն ներքին խնայողությունների ավելացման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, ինչպես նաև ոչ արտոնյալ պետական պարտքի մարման նպատակով մասնավորեցումից ստացված միջոցների որոշ մասի օգտագործման անհրաժեշտությունը:

Միջնաժամկետ հեռանկարում կայուն տնտեսական աճի ապահովումը կառավարությունից կպահանջի տնտեսական արդյունավետության բարձրացմանն ու շուկայական մեխանիզմների գործողության հստակ կանոնների հաստատմանը նպատակաուղղված կառուցվածքային, իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում, հատկապես` մասնավորեցման առկա ծրագրի լիարժեք կատարում, օրենսդրական պահանջների խիստ և միարժեք կիրառում, արժեթղթերի շուկայի զարգացում, սնանկացման ընթացակարգերի կիրառման ինստիտուցիոնալ կարողության զարգացում և էներգետիկ համակարգում ու տնտեսական ենթակառուցվածքների մյուս ոլորտներում ֆինանսական խնդիրների հստակ ռազմավարության կենսագործում: Վերջիններս, ի թիվս այլ խնդիրների, կապահովեն նաև տնտեսական միջավայրի նկատմամբ ընդհանրապես և հայկական դրամի նկատմամբ մասնավորապես, վստահության բարձրացում` դրանով իսկ որպես տնտեսական աճի կարևորագույն նախապայման ապահովելով իրական տոկոսադրույքների նվազումը:

Իր առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջիկայում ևս կշարունակի միջազգային կազմակերպությունների հետ կառուցողական հարաբերությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.1999
N 722
Որոշում