Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 1993 թ. թիվ 161

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված առեվտրատնտեսական համաձայնագրի համաձայն սահմանամերձ առեվտուր կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Պատգամավորների Մեղրու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին` տոնավաճառի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը սահմանված կարգով կատարել հողահատկացում Ագարակ ավանին հարակից տարածություններից` 2,5 հեկտար տարածքով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և առևտրի պետական ձեռնարկությանը` Մեղրու շրջանի ավտոտեխսպասարկման կայանի չօգտագործվող տարածքը վարձակալական հիմունքներով հանձնել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` սահմանամերձ առևտրի կազմակերպման նպատակով հատկացվող տարածքում նախագծային առաջադրանքները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համապատասխան հրամանատարության հետ:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրանական կողմի հետ նախապես համաձայնեցված սահմանամերձ առեվտրի շրջանակներում մշտապես գործող տոնավաճառի կազմակերպման համաձայնագրի նախագիծը:

5. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության պատվիրած նախագծերին համապատասխան իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բանկի հետ համատեղ հայթայթել միջոցներ տոնավաճառի գոտում շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորումն իրականացնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության բանկին, Հայարդշինբաժնետերբանկին, Հայպետագրոբանկին` տոնավաճառի գոտում կազմակերպել վալյուտայի փոխանակման և այլ գործարքների ձևակերպման բանկային կետ:

7. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ սահմանել տոնավաճառի գոտում միանվագ վճարների չափը և դրանց գանձման կարգը:

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետնախարար Վ. Սարգսյանի վրա:

9. Սույն որոշումը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.1993
N 161
Որոշում