Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱ ...

 

(ուժը կորցնելու է 01.02.2021 թվականից` 25.12.2019 թիվ 522-Ն որոշում)

600.0161.230517

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        05            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2017 թվականի N 161-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 9
ԱՐՏԱԴՐՈՂ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ

 

69. Համակարգի օպերատորը իրականացնում է հաճախականության և փոխհոսքերի կարգավորման, ինչպես նաև Հաշվեկշռման համակարգային ծառայություններ մատուցելու համար սույն Կանոնների 58-րդ կետով նախատեսված արտադրող տեղակայանքների պատրաստականության ստուգումներ: Պատրաստականության ստուգումներն իրականացվում են արտադրող տեղակայանքների նորոգումից հետո` պարտադիր, ինչպես նաև դրանց աշխատանքի ընթացքում` ըստ անհրաժեշտության: Պատրաստականության ստուգման արդյունքները Համակարգի օպերատորի կողմից ամրագրվում են պատրաստականության ստուգման ակտում:

70. Արտադրող տեղակայանքների պատրաստականության ստուգման ընթացքում Համակարգի օպերատորը և Որակավորված արտադրողը ղեկավարվում են սարքավորումների գործարանային հրահանգներում ամրագրված մեծություններով (նվազագույն և առավելագույն թույլատրելի հզորություն, բեռի փոփոխության արագություն և այլն)` հաշվի առնելով կարգաբերման արդյունքներով կատարված փոփոխությունները:

71. Եթե սահմանված Հաշվարկային ժամանակահատվածում պատրաստականության պլանավորված ստուգում չի անցկացվել, ապա որպես Որակավորված արտադրողի պատրաստ էլեկտրական հզորություն ընդունվում է Պայմանագրում այդ ժամանակահատվածի համար նշված Պայմանագրային հզորությունը:

72. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում էներգահամակարգում առաջանում է վթար և գեներատորը անջատվում է Էլեկտրաէներգետիկական համակարգից կամ ստուգումը հնարավոր չէ շարունակել, քանի որ այն, Համակարգի օպերատորի գնահատմամբ, կարող է խոչընդոտել վթարի վերացմանը, ապա պատրաստականության ստուգումը Համակարգի օպերատորի հրահանգով դադարեցվում է և համարվում է չկայացած:

73. Սառը պահուստի պատրաստականության ստուգումը իրականացվում է տեսազննումների կամ թողարկումների միջոցով: Սառը պահուստի տեսազննման միջոցով պատրաստականության ստուգում անցկացնելու որոշում ընդունելու դեպքում, Համակարգի օպերատորի լիազոր ներկայացուցիչները ժամանում են էլեկտրակայան և Որակավորված արտադրողի լիազոր ներկայացուցիչների հետ, նախօրոք համատեղ հաստատված ծրագրի համաձայն, իրականացնում են չմիացված ագրեգատի պատրաստականության ստուգումը:

74. Տաք պահուստի պատրաստականության ստուգում անցկացնելու որոշում ընդունելու դեպքում, Համակարգի օպերատորը հեռախոսագրով հայտնում է այդ մասին Որակավորված արտադրողին, նշելով ստուգվող ագրեգատի կայանային համարը: Հեռախոսագրի հաղորդման պահից պատրաստականության ստուգումը համարվում է սկսված:

75. Տաք պահուստի պատրաստականության ստուգումը իրականացնելու համար Որակավորված արտադրողը, Համակարգի օպերատորի հրահանգով, բարձրացնում է ագրեգատի հզորությունը մինչև տնօրինելի մեծությունը: Այդ ռեժիմով հիդրոագրեգատը պետք է աշխատի առնվազն 1 ժամ, տուրբոագրեգատը` առնվազն 3 ժամ:

76. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում ագրեգատի զարգացրած միջին հզորությունը կազմում է տնօրինելի մեծության 95 տոկոսը, ապա պատրաստականության ստուգման ակտով, որպես պատրաստ հզորություն, հաստատվում է պայմանագրային մեծությունը:

77. Եթե պատրաստականության ստուգման ընթացքում.

1) գեներատորի հզորությունը չի հաջողվում զարգացնել մինչև Տնօրինելի հզորությունը կամ զարգացնելու դեպքում պահպանել այդ մակարդակին սույն կանոնների 75-րդ կետով սահմանված տևողությամբ, ապա պատրաստականության ստուգման ակտով, որպես պատրաստ հզորություն, հաստատվում է պատրաստականության ստուգման ընթացքում հիդրոագրեգատների համար վերջին 1 ժամում, իսկ տուրբոագրեգատի համար վերջին 3 ժամում զարգացրած փաստացի միջին հզորությունը,

2) տեղի է ունենում Էլեկտրաէներգետիկական համակարգից գեներատորի վթարային անջատում, ապա պատրաստականության ստուգման ակտով մինչև հաջորդ պատրաստականության ստուգումը հաստատվում է 0 ՄՎտ պատրաստ հզորություն:

78. Եթե պատրաստականության ստուգման ակտով հաստատվում է ավելի ցածր հզորություն քան Տնօրինելին է, ապա Որակավորված արտադրողը իրավունք ունի Համակարգի օպերատորին առաջարկել անցկացնել լրացուցիչ ստուգում: Համակարգի օպերատորը անցկացնում է պատրաստականության լրացուցիչ ստուգում, այդ ստուգման վերաբերյալ հայտը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում: Պատրաստականության լրացուցիչ ստուգում կարող է անցկացվել ոչ հաճախ, քան յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ընթացքում մեկ անգամ:

79. Պատրաստականության ստուգման ակտերը Համակարգի օպերատորի կողմից ներկայացվում են Շուկայի օպերատորին և Բաշխողին` մինչև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 3-ը:

 

ԳԼՈՒԽ 10
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

80. Համակարգի օպերատորը իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների Կարգավարումը` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովմամբ:

81. Համակարգի օպերատորը Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի աշխատանքի ապահովման համար սույն կանոններով և օրենսդրությամբ սահմանված կարգով.

1) իրականացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների Կարգավարումը` հիմք ընդունելով դրանց համար սահմանված տեխնիկական հարաչափերը,

2) ապահովում է տարածաշրջանային Էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի Կարգավարումը` ըստ կնքված պայմանագրերի,

3) համաձայնեցնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների նորոգման նպատակներով աշխատանքից դուրս բերման տարեկան պլանները,

4) իրականացնում է Որակավորված արտադրողների, բացառությամբ Երաշխավորված արտադրողների, Տնօրինելի հզորությունների պատրաստականության ստուգումներ` սույն կանոնների 9-րդ գլխին համապատասխան,

5) առնվազն երեք տարի պահպանում է օպերատիվ գրանցամատյանները և օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները,

6) Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողին ապահովում է անարգել մուտք` իր սերվերներում առկա էներգահամակարգի ռեժիմների տվյալների և օպերատիվ սխեմայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար և նրանց պահանջով ներկայացնում է լրացուցիչ պարզաբանումներ այդ տեղեկությունների վերաբերյալ,

7) ապահովում է Որակավորված արտադրողի և Բաշխողի, Հաղորդողի և Բաշխողի, Հաղորդողի և Որակավորված սպառողի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման, ինչպես նաև արտահանման և ներկրման կետերում էլեկտրական էներգիայի որակի պայմանագրային մեծությունները,

8) իր պարտականությունների կատարման նպատակով Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների տնօրինության տակ գտնվող տարածքներ մուտք գործելիս պահպանում է վերջիններիս կողմից սահմանված կանոնակարգերը,

9) կատարում է սույն կանոնների 87-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ներկայացված հաշվետվությունների վերլուծություն և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսի 30-ը արդյունքները ներկայացնում Հանձնաժողով,

10) Հաղորդողին տեղեկացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող` Հաղորդողի սարքավորումների և սարքվածքների վթարային անջատումների մասին,

11) հաշվարկում և Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին է առաջադրում իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքները և վերահսկում դրանց կատարումը:

82. Համակարգի օպերատորը հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնում է Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմի առաջացման, ինչպես նաև դրա ավարտի մասին:

83. Հաջորդ օրացուցային տարվա համար Համակարգի օպերատորը իր պաշտոնական կայքում հրապարակում է սույն կանոնների 54-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների հուսալիությանը ներկայացվող պահանջները և այդ մասին Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին իրազեկում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը: Այդ պահանջները հիմք են Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության սահմանված ցուցանիշների ապահովմանը ուղղված միջոցառումները իրականացնելու համար:

84. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները մինչև օրացուցային տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը Համակարգի օպերատորին են ներկայացնում սույն կանոնների 54-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը:

85. Համակարգի օպերատորը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում և Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին իրազեկում է սույն կանոնների 54-րդ կետում նշված սարքավորումների և սարքվածքների նախորդ օրացուցային տարվա Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի ամփոփ ցուցանիշները` հաշվարկված Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներում բերված մեթոդիկայի համաձայն:

86. Էլեկտրաէներգետիկական համակարգին յուրաքանչյուր Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը սահմանվում է Պայմանագրում` որպես տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիա առանց սահմանափակումների` անկախ դրանց առաջացման պատճառներից, ստանալու կամ այն առաքելու տարեկան գումարային ժամերի և տարվա ընդհանուր ժամերի հարաբերություն, և չպետք է պակաս լինի 0,99-ից: Տվյալ Միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության պայմանագրային ցուցանիշը խախտվելու դեպքում միացած անձի առջև պատասխանատվությունը (ներառյալ խախտմամբ պատճառված վնասները հատուցելու պարտականությունը) կրում է Հաղորդողը կամ Բաշխողը` կախված Միացման կետից: Եթե խախտման անմիջական պատճառները երրորդ անձանց ոչ իրավաչափ գործողություններն են (անգործությունը), ապա նրանք համամասնորեն պատասխանատու են Հաղորդողի կամ Բաշխողի, կախված Միացման կետից, առջև և վերջինը միացած անձի առջև իր կրած պատասխանատվության չափով հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում նշված երրորդ անձանց նկատմամբ:

87. Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը, Որակավորված սպառողը`

1) իրականացնում են իրենց տեղակայանքների շահագործումը, սպասարկումն ու պահպանումը` սույն կանոնների, Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պահանջների և շահագործման վերաբերյալ` կազմակերպության ստանդարտների համաձայն,

2) Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո են հանձնում սույն կանոնների 54-րդ կետում նշված իրենց տնօրինման տակ գտնվող սարքավորումները և սարքվածքները,

3) կատարում են Համակարգի օպերատորի կողմից տրված օպերատիվ կարգադրությունները` սույն կանոնների 178-րդ կետին համապատասխան,

4) ապահովում են Համակարգի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարման նպատակով վերջինիս լիազոր ներկայացուցչի անարգել մուտքը իրենց տնօրինության տակ գտնվող տարածքները,

5) ապահովում են իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված` Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող սարքավորումների և սարքվածքների պահպանումը,

6) անհապաղ հայտնում են Համակարգի օպերատորին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին,

7) ներկայացնում են հաշվետվություն Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության փաստացի մակարդակի վերաբերյալ` Համակարգի օպերատորի կողմից սահմանված ձևերով և ժամկետներում,

8) Համակարգի օպերատորի վթարների վերացման հրահանգի հիման վրա մշակում են իրենց վթարների վերացման տեղական հրահանգները:

 

ԳԼՈՒԽ 11
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

88. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի անվտանգության ապահովման նպատակով Համակարգի օպերատորը.

1) իրական ժամանակում վերահսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը,

2) հրապարակում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ցուցանիշները,

3) սահմանում է Հաղորդման ցանցի տեխնիկապես հասանելի` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովմամբ թողունակությունը և իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հոսքաբաշխման օպերատիվ կարգավորումը,

4) իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի տեղակայանքների աշխատանքի Կարգավարումը` ուղղված Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն ռեժիմի պահպանմանը և անվտանգության սահմանված ցուցանիշների ապահովմանը,

5) համագործակցելով Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների հետ` վերլուծում է Էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած համակարգային վթարները և մշակում ծրագրեր` ուղղված դրանց կանխարգելմանը:

89. Համակարգի օպերատորը հաշվարկում և իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության փաստացի ցուցանիշները, ինչպես նաև Հաղորդման ցանցի հնարավոր թողունակությունը: Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները անընդհատ վերահսկվում են Համակարգի օպերատորի կողմից:

90. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը, սույն կանոնների 52-րդ կետին համապատասխան, Համակարգի օպերատորին են ներկայացնում իրենց սարքավորումների ու սարքվածքների տեխնիկական բնութագրերը` հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ ծավալով և տեսքով:

91. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը ապահովում են իրենց սարքավորումների բնութագրերի համապատասխանությունը սույն կանոնների 90-րդ կետում նշված մեծություններին:

92. Էլեկտրաէներգետիկական համակարգի Վթարային ռեժիմներում Համակարգի օպերատորը`

1) պահանջում է Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողներից դադարեցնել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր սկսված կամ պլանավորված աշխատանքները,

2) պահանջում է Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողներից աշխատանքի մեջ դնել աշխատանքից դուրս բերված` Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքները,

3) հետաձգում է սարքավորումների և սարքվածքների պլանավորված նորոգումների նպատակով դրանց աշխատանքից դուրս բերումը, ինչպես նաև մերժում է աշխատանքից պլանային դուրս բերման հայտերը:

93. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում, էլեկտրաէներգիայի ներկրումը կամ արտահանումը Համակարգի օպերատորը իրականացնում է համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:

 

ԳԼՈՒԽ 12
ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՎԹԱՐԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

94. Ռելեական պաշտպանության կիրառումը Էլեկտրաէներգետիկական համակարգում ծառայում է հետևյալ նպատակներին.

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր տարրերի ռեժիմների անընդհատ հսկում,

2) արձագանքում վնասվածքների և Բնականոն ռեժիմներից շեղումների առաջացմանը,

3) Էլեկտրաէներգետիկական համակարգից անջատելու համար վնասված տարրի բացահայտում և անջատիչին ազդակի ուղարկում,

4) շահագործող անձնակազմին վնասվածքների և Բնականոն ռեժիմներից շեղումների առաջացման մասին ազդանշանային իրազեկում:

95. Հակավթարային ավտոմատիկայի կիրառումը Էլեկտրաէներգետիկական համակարգում ծառայում է հետևյալ հիմնական նպատակներին.

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի ամբողջական կամ մասամբ մարման կանխարգելում,

2) Էլեկտրաէներգետիկական համակարգի կայունության խախտման կանխարգելում,

3) ասինխրոն ռեժիմի վերացում,

4) հաճախականության բարձրացման կամ իջեցման սահմանափակում,

5) լարման բարձրացման կամ իջեցման սահմանափակում:

96. Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1) զգայունություն` սարքվածքի գործողության գոտու ներքո Էլեկտրաէներգետիկական համակարգի Բնականոն ռեժիմի այնպիսի խախտման բացահայտման հատկություն, որի համար նախատեսված է այդ սարքվածքը,

2) արագագործություն` ռեժիմի խախտման բացահայտման և սարքվածքի համար նախատեսված գործընթացների իրականացման արագությունը բնութագրող հատկություն,

3) ընտրողականություն (սելեկտիվություն)` հատկություն բացահայտել բացառապես այն խախտումները, որոնց համար նախատեսված է տվյալ սարքվածքի աշխատանքը,

4) հուսալիություն` հատկություն համարժեքորեն և առանց հրաժարումների գործելու միայն այն խախտումների առաջացման դեպքում, որոնց համար նախատեսված է սարքվածքի աշխատանքը:

97. Հակավթարային ավտոմատիկայի համակարգերը ներառում են.

1) կայունության խախտման ավտոմատ կանխարգելում (ԿԽԱԿ),

2) ասինխրոն ռեժիմի ավտոմատ վերացում (ԱՌԱՎ),

3) հաճախականության բարձրացման կամ իջեցման սահմանափակում (ՀԲՍ/ՀԻՍ),

4) լարման բարձրացման կամ իջեցման սահմանափակում (ԼԲՍ/ԼԻՍ),

5) հաճախականային ավտոմատ բեռնաթափում (ՀԱԲ),

6) հաճախականային ավտոմատ թողարկում և բեռնավորում (ՀԱԹԲ),

7) պահուստի ավտոմատ միացում (ՊԱՄ),

8) հաճախականային բաժանարար ավտոմատիկա (ՀԲԱ),

9) հաճախականային ավտոմատ կրկնակի միացում (ՀԱԿՄ),

10) բեռի անջատման հատուկ ավտոմատիկա (ԲԱՀԱ),

11) ավտոմատ կրկնակի միացում (ԱԿՄ):

98. Համակարգի օպերատորը Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին ներկայացնում է`

1) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքների փոփոխությունների վերաբերյալ առաջադրանքները,

2) Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների պլանային ստուգումների համաձայնեցված գրաֆիկները,

3) տրանսֆորմատորների փաթույթների չեզոքների հողանցման առաջադրանքները:

99. Համակարգի օպերատորը Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողների պահանջով ներկայացնում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող հաղորդաձողերի վրա կարճ միացման հոսանքների մեծությունները:

100. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները`

1) ապահովում են Ռելեական պաշտպանության և համակարգային նշանակության Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների աշխատունակությունը` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան,

2) ապահովում են իրենց տարածքում տեղադրված Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի համակարգերի պահպանումը,

3) յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Համակարգի օպերատորին ներկայացնում են վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի Սարքվածքների հաջորդ օրացուցային տարվա պլանային ստուգումների ժամանակացույցերը,

4) Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնում են իրենց օբյեկտներում տեղակայված Համակարգի օպերատորի ենթակայության ներքո գտնվող Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների խափանումների դեպքերի մասին,

5) հնարավորինս սեղմ ժամկետում վերացնում են Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնում Համակարգի օպերատորին,

6) Համակարգի օպերատորի ենթակայության ներքո գտնվող իրենց տեղակայանքների վթարային անջատումների դեպքում, Համակարգի օպերատորի պահանջով, 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են տեղեկատվություն տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը,

7) Համակարգի օպերատորից Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների նախադրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում կատարում են այդ փոփոխությունները Համակարգի օպերատորի կողմից նշված ժամկետում և անմիջապես գրավոր հայտնում են նրան կատարման մասին,

8) պլանային ստուգումներից հետո` մինչև հաջորդ ամսվա 5-ը, իսկ արտապլանային ստուգումներից անմիջապես հետո արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն են հայտնում Համակարգի օպերատորին,

9) Համակարգի օպերատորի պահանջով կատարում են Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների արտահերթ ստուգում,

10) Համակարգի օպերատորին ներկայացնում են գրավոր հայտ` նոր Ռելեական պաշտպանության և Հակավթարային ավտոմատիկայի համակարգեր տեղակայելու կամ գոյություն ունեցողը ձևափոխելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 13
ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

101. Ակտիվ հզորության հաշվեկշռի խախտման արդյունքում Էլեկտրաէներգետիկական համակարգի հաճախականության անկման կանխարգելման և հաճախականության վերականգնման նպատակով իրականացվում են սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ` հաճախականային Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում ներառված սարքվածքների կիրառմամբ:

102. Սպառողների էլեկտրամատակարարման վերականգնման համար Էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվում են միջոցառումներ` ներառյալ էլեկտրակայանների պահուստային հզորության զարգացումը և հաճախականային ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների տեղադրումը:

103. Հաճախականային բեռնաթափման և հաճախականային ավտոմատ կրկնակի միացման սարքվածքների գործողության սկզբունքները և նախադրվածքները որոշվում են Համակարգի օպերատորի կողմից Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների հիման վրա:

104. Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումները իրականացվում են Ավտոմատ բեռնաթափման և (կամ) Կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են Համակարգի օպերատորը և Բաշխողը, Համակարգի օպերատորը և Որակավորված սպառողը` ելնելով Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներից: Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում չեն ընդգրկվում Որակավորված արտադրողների էլեկտրական կայանների սեփական կարիքների պահուստային էլեկտրասնումն ապահովող էլեկտրահաղորդման գծերը:

105. Ավտոմատ և Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր պահպանմամբ.

1) Էլեկտրամատակարարման սահմանափակման իրականացում` մինչև Ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն, այն Որակավորված սպառողների համար, որոնց Էլեկտրամատակարարման ամբողջական սահմանափակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխուսափելի վտանգի, որոնց համար չի նախատեսվում սպառողին պատկանող էլեկտրասնման անկախ աղբյուր: Այդ Որակավորված սպառողների Ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների գումարային արժեքների մեծությունը չպետք է գերազանցի Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշների հիման վրա Համակարգի օպերատորի կողմից հաշվարկված մեծությունը.

2) էներգամատակարարման սահմանափակումների իրականացում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված առաջնահերթության պայմանների կատարմամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սպառողների ցանկի.

3) Էլեկտրամատակարարման սահմանափակման կիրառում մնացած բոլոր Որակավորված սպառողների նկատմամբ:

106. Եթե Հաղորդման ցանցին միացված Որակավորված սպառողը ներառված է Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում, ապա այդ սպառողների համար կիրառվող հերթերի վերաբերյալ գրառումները կատարվում են Համակարգի օպերատորի ծառայություններ մատուցելու պայմանագրերում:

107. Կրիտիկական (վթարային) իրավիճակների վերացման ընթացքում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է հետևյալ հերթականությամբ.

1) սույն կանոնների 105-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված Որակավորված սպառողների խմբերը.

2) մնացած բոլոր Որակավորված սպառողները:

108. Սույն կանոններով նախատեսված Էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:

109. Էլեկտրաէներգետիկական համակարգում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է Համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ` առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով Բաշխողի օպերատորին կամ Որակավորված սպառողին:

110. Էլեկտրաէներգետիկական համակարգում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Բաշխողի օպերատորը պարտավոր է Համակարգի օպերատորի հրահանգով բաշխման ցանցում կատարել Էլեկտրամատակարարման սահմանափակումներ:

111. Բաշխման ցանցում Կրիտիկական (վթարային) իրավիճակներում սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է Բաշխողի օպերատորը` սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով Համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարումը վերականգնվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:

112. Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի իրագործման ընթացքում Համակարգի օպերատորի և Բաշխողի օպերատորի փոխհարաբերությունները կարգավորվում են սույն կանոններով:

113. Եթե սպառողը հանդիսանում է Որակավորված սպառող, ապա տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունները ամրագրվում են այդպիսի սպառողի և Համակարգի օպերատորի համատեղ կազմած ակտում, որը հանդիսանում է Համակարգի օպերատորի ծառայություն մատուցելու պայմանագրի անբաժանելի մասը:

114. Հիմք ընդունելով գործող պայմանագրերը, Համակարգի օպերատորը և Բաշխողը, Համակարգի օպերատորը և Որակավորված սպառողները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում են Կրիտիկական (վթարային) իրավիճակներում Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերը:

 

ԳԼՈՒԽ 14
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

 

115. Համակարգի օպերատորը մշակում է Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը, որը սահմանում է վթարների առաջացման դեպքում Համակարգի օպերատորի, Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների պարտականությունները և համատեղ գործողությունների համակարգման կարգը: Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգը համաձայնեցվում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների հետ և հաստատվում Համակարգի օպերատորի կողմից:

116. Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգի հիման վրա և սույն կանոններին համապատասխան Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը մեկ ամսյա ժամկետում մշակում են վթարների վերացման իրենց ներքին հրահանգները:

117. Համակարգի օպերատորը համակարգում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների գործողությունները` ուղղված Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացմանը: Վթարի վերացման գործընթացում ներառված Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը մասնակցում են Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացմանը` համաձայն վթարի վերացման իրենց ներքին հրահանգի և Համակարգի օպերատորի կողմից տրվող կարգադրությունների:

 

ԳԼՈՒԽ 15
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

118. Համակարգի օպերատորի և Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների միջև հաղորդակցությունն ապահովվում է իրական ժամանակում հաղորդակցության համակարգով, որը օգտագործվում է միայն օպերատիվ հաղորդակցության համար նախատեսված անկախ, առանձնացված կապուղիներով:

119. Համակարգի օպերատորը ապահովում է օպերատիվ տեխնոլոգիական հեռախոսային կապի կայուն և որակյալ աշխատանքը, հնարավոր կարճ ժամանակահատվածում վերացնում է հայտնաբերված խափանումներն ու թերությունները:

120. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1605-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» պահանջների` Որակավորված արտադրողները, Հաղորդողը և Բաշխողը տեղադրում են ՏԳԱԿՀ: Համակարգի օպերատորի պահանջով ՏԳԱԿՀ տեղադրվում է նաև Որակավորված սպառողի մոտ:

121. ՏԳԱԿՀ-երից Համակարգի օպերատորին տրամադրման ենթակա տվյալների նկատմամբ նվազագույն պահանջները սահմանում է Համակարգի օպերատորը:

122. Համաձայն սույն կանոնների 120-րդ կետում նշված կանոնակարգի պահանջների Համակարգի օպերատորը տեղադրում է ԿԿԱՀ:

123. Համակարգի օպերատորը, Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները ապահովում են ԿԿԱՀ-ի հեռահար հաղորդակցությունը իրենց ՏԳԱԿՀ-երի հետ:

124. ԿԿԱՀ-ին ներկայացվող նվազագույն պահանջներն են.

1) երաշխավորել Համակարգի օպերատորի տեղեկատվության և տվյալների հավաքագրումը ԿԿԱՀ-ի տեղադրման կետերից և Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների ՏԳԱԿՀ-ներից,

2) համատեղելի լինել Համակարգի օպերատորի կարգավարական կառավարման այլ սարքերի հետ,

3) ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգում իրավիճակի վերաբերյալ Համակարգի օպերատորին տեղեկատվության հասանելիությունը,

4) ապահովել իրական ժամանակում Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների կարգավիճակի վերահսկումը և կառավարումը,

5) պաշտպանված լինել չարտոնված մուտքից:

125. ՏԳԱԿՀ-ի և տվյալների հաղորդման սարքավորումները տեղակայվում են հետևյալ պայմանների համաձայն.

1) Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը իր մոտ կիրառվող ՏԳԱԿՀ-ից տրամադրվող տվյալների հաղորդման սարքավորումների տեսակը համաձայնեցնում է Համակարգի օպերատորի հետ,

2) Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը ապահովում է ՏԳԱԿՀ-ից տվյալների հաղորդման սարքավորումների համատեղելիությունը Համակարգի օպերատորի ԿԿԱՀ-ի հետ:

126. Անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորի և Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողների միջև հաղորդակցությունը կարող է իրականացվել ֆաքսի, ինտերնետի և կապի այլ միջոցներով:

127. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովումը պահանջում է Համակարգի օպերատորի և Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի ու Որակավորված սպառողի միջև տեղեկատվության արագ և շարունակական փոխանակում:

128. Համակարգի օպերատորը սահմանում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից գրավոր տեսքով տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները: Առանձին դեպքերում տեղեկատվությունը կարող է ներկայացվել օպերատիվ կարգով` Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների Օպերատիվ անձնակազմի միջոցով օպերատիվ մատյաններում համապատասխան գրանցումներ կատարելու պայմանով:

129. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողը Համակարգի օպերատորի կողմից սահմանված եղանակով և ժամանակահատվածում ներկայացնում է Համակարգի օպերատորի ցանկում բերված տեղեկատվությունը:

 

ԲԱԺԻՆ 4
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 16
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՒ ՏՆՕՐԻՆԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

130. Բաշխողը և Որակավորված սպառողները յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում էլեկտրաէներգիայի պահանջարկի հաջորդ օրացուցային տարվա համար կանխատեսվող մեծությունների վերաբերյալ տեղեկատվություն` հետևյալ ծավալով.

1) ակտիվ էլեկտրաէներգիայի սպառման մեծություններն ըստ ամիսների,

2) յուրաքանչյուր ամսվա համար երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա ակտիվ և ռեակտիվ բեռների գրաֆիկները:

131. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների պլանավորված նորոգումների նպատակով աշխատանքից դուրս բերման հաջորդ օրացուցային տարվա համար ժամանակացույցերը: Բաշխման ցանցին միացած Որակավորված արտադրողները և Որակավորված սպառողները իրենց սարքավորումների և սարքվածքների պլանավորված նորոգումների նպատակով աշխատանքից դուրս բերման հաջորդ օրացուցային տարվա համար ժամանակացույցերը համաձայնեցնում են Բաշխողի հետ:

132. Որակավորված արտադրողները, որոնց համար Հանձնաժողովը սահմանում է Պայմանագրային հզորություն, յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորին ներկայացնում են նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) Հանձնաժողովի կողմից հաջորդ տարվա համար հաստատվող էլեկտրական հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը` Տնօրինելի հզորություն, նվազագույն հզորություն, ինչպես նաև հզորության զարգացման և նվազեցման արագությունները բնականոն և վթարային իրավիճակներում,

2) հիդրոէլեկտրակայանների համալիրների կամ հիդրոէլեկտրակայանների դեպքում` նաև գետերի բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները և ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:

133. Սույն կանոնների 132-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացվող Տնօրինելի հզորության և նվազագույն հզորության մակարդակների փոփոխության անհրաժեշտությունը հավաստում է անկախ փորձագիտական կազմակերպությունը:

134. Եթե Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողների կողմից ներկայացված նորոգումների նպատակով աշխատանքից դուրս բերման ժամանակացույցերը հակասում են միմյանց` Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման տեսակետից, ապա Համակարգի օպերատորը քննարկում է Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հետ այդ ժամանակացույցերի վերանայման հնարավորությունները:

135. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 20-ը, Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողին է ներկայացնում հաջորդ օրացուցային տարվա համար սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերման համաձայնեցված ժամանակացույցերը:

136. Համակարգի օպերատորը վարում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերման ժամանակացույցերի տվյալների բազան:

137. Համակարգի օպերատորը հաշվարկում է էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և անհրաժեշտ պահուստային հզորությունները` ելնելով նվազագույն ծախսումներով ներքին պահանջարկը բավարարելու, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներն ապահովելու պայմաններից:

138. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 20-ը, Պայմանագրային հզորություն ունեցող Որակավորված արտադրողներին է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համաձայնեցված, հաջորդ օրացուցային տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների փոխհամաձայնեցված տարբերակը:

139. Պայմանագրային հզորություն ունեցող Որակավորված արտադրողը յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Համակարգի օպերատորի հետ սույն կանոնների 138-րդ կետով նախատեսված ժամկետում համաձայնեցված` հաջորդ օրացուցային տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն սույն կանոնների N 1 Հավելվածի:

140. Համակարգի օպերատորի և Որակավորված արտադրողի միջև Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների, սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերման ժամկետների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում`

1) Համակարգի օպերատորը սույն կանոնների 138-րդ կետով նախատեսված ժամկետում Որակավորված արտադրողին և Հանձնաժողովին ներկայացնում է Պայմանագրային հզորություն ապահովող սարքավորումների կազմում ընդգրկված` աշխատանքից պլանավորված դուրս բերման ժամկետների վերաբերյալ իր առաջարկությունները.

2) Որակավորված արտադրողը սույն կանոնների 139-րդ կետով նախատեսված ժամկետում Հանձնաժողով է ներկայացնում իր և Համակարգի օպերատորի կողմից առաջարկվող Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

141. Հանձնաժողովը սույն կանոնների 139-րդ և 140-րդ կետերով նախատեսված տեղեկատվության հիման վրա հաստատում է Որակավորված արտադրողների հաջորդ տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները, որոնք ամրագրվում են Պայմանագրում:

142. Հանձնաժողովի կողմից հաստատված Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները` սարքավորումների և սարքվածքների պլանավորվող նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերման ժամկետների փոփոխությամբ պայմանավորված, ընթացիկ տարում կարող են վերանայվել Որակավորված արտադրողի և Համակարգի օպերատորի փոխադարձ համաձայնությամբ` պայմանով, որ չփոխվի օրացուցային տարվա գումարային Պայմանագրային հզորությունը:

143. Պայմանագրային հզորություն ունեցող Որակավորված արտադրողի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) պայմանագրային պարտավորությունները համարվում են կատարված, եթե տվյալ ամսվա Պայմանագրային հզորությունների կազմում ընդգրկված սարքավորումները և սարքվածքները տեխնիկապես սարքին վիճակում գտնվում են Համակարգի օպերատորի տրամադրության տակ և պատրաստ են զարգացնել կամ զարգացրել են նրա կողմից պահանջվող հզորությունը:

 

ԳԼՈՒԽ 17
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

144. Համակարգի օպերատորը կազմում է Էլեկտրաէներգետիկական համակարգի հետևյալ պլանավորված հաշվեկշիռները`

1) յուրաքանչյուր օրացուցային տարվա համար` ըստ ամիսների,

2) յուրաքանչյուր ամսվա համար` ըստ օրերի,

3) հաջորդ օրվա համար` ըստ ժամերի:

145. Համակարգի օպերատորը սույն կանոնների 16-րդ գլխում նշված տեղեկատվության հիման վրա իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի օրացուցային տարվա համար հաշվեկշռի պլանավորում և յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 20-ը, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է էլեկտրաէներգետիկական համակարգի հաջորդ օրացուցային տարվա հաշվեկշիռը` ըստ ամիսների:

146. Էլեկտրաէներգետիկական համակարգի ամսական հաշվեկշիռների պլանավորումը իրականացվում է հետևյալ կարգով.

1) Բաշխողը և Որակավորված սպառողները` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում հաջորդ ամսվա համար կանխատեսվող.

ա. ակտիվ էլեկտրաէներգիայի սպառման մեծություններն ըստ օրերի,

բ. երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա ակտիվ և ռեակտիվ բեռների գրաֆիկները.

2) Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հաջորդ ամսվա աշխատանքից պլանավորված դուրս բերման նախնական ժամանակացույցերը` ըստ օրերի.

3) Հիդրոէլեկտրակայանների համալիրները կամ հիդրոէլեկտրակայանները տնօրինող Որակավորված արտադրողները Համակարգի օպերատորին են ներկայացնում նաև`

ա. ոռոգման ջրի տասնօրյակային պահանջարկի քանակությունների վերաբերյալ տեղեկատվությունը` տասնօրյակից երկու օր առաջ,

բ. ոռոգման ջրի օրական պահանջարկի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` փոփոխությունից երկու օր առաջ.

4) Համակարգի օպերատորը` մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հաջորդ ամսվա համար առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա. էլեկտրաէներգիայի հաջորդ ամսվա ընդհանուր հաշվեկշիռը` ըստ օրերի,

բ. հաշվարկային ամսում աշխատանքից պլանավորված դուրս բերման ժամանակացույցում փոփոխությունները:

147. Համակարգի օպերատորը իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի օրական հաշվեկշիռների պլանավորում և յուրաքանչյուր օր` մինչև ժամը 14:00-ն, իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հաջորդ օրվա համար առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) ակտիվ հզորության օրական հաշվեկշիռը` ըստ ժամերի,

2) ռեակտիվ հզորության օրական պահանջարկը` ըստ ժամերի:

 

ԳԼՈՒԽ 18
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ

 

148. Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների` աշխատանքից պլանավորված դուրս բերումը կատարվում է հայտի հիման վրա:

149. Անհրաժեշտության դեպքում (փորձարկումներ տարբեր սարքավորումների վրա, մի քանի փուլից բաղկացած փոխանջատումներ և այլն) հայտից բացի տրվում է նաև Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված և Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագիրը:

150. Հայտում նշվում են սարքավորման կամ սարքվածքի կարգավարական անվանումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, վթարային պատրաստականության ժամկետը, մնացորդային հզորությունը: Սույն կետի պահանջներին չբավարարող հայտը չի ընդունվում:

151. Պլանային նորոգումների նպատակով սարքավորման կամ սարքվածքի աշխատանքից դուրս բերման համար հայտերը հաղորդվում են Համակարգի օպերատորի կարգավարին` ժամը 12:00-15:00-ն, հետևյալ օրերին.

1) երկուշաբթի` չորեքշաբթի օրվա համար,

2) երեքշաբթի` հինգշաբթի օրվա համար,

3) չորեքշաբթի` ուրբաթ օրվա համար,

4) հինգշաբթի` շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերի համար,

5) ուրբաթ` երեքշաբթի օրվա համար,

6) շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին հայտեր չեն ընդունվում:

152. Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:

153. Սարքավորման կամ սարքվածքի նորոգման ժամկետը երկարաձգելու համար հայտերը հաղորդվում են թույլատրված ժամկետից մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարաձգման ժամկետը, ժամը և պատճառը:

154. Հայտի պատասխանը Համակարգի օպերատորի կարգավարը Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմին հայտնում է նորոգումն սկսելու կամ շարունակելու նախօրյակին` մինչև ժամը 13:00-ն:

155. Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է Համակարգի օպերատորի կարգավարից թույլտվություն ստանալ` սարքավորումը կամ սարքվածքը նորոգման դուրս բերելու գործողությունները սկսելու համար: Համակարգի օպերատորի կարգավարը կարող է համապատասխան հիմնավորումներով արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը` ելնելով Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմից և իրավիճակից:

156. Նորոգման աշխատանքների սկիզբը համարվում է սարքավորման և սարքվածքի անջատման պահը: Նորոգումը համարվում է ավարտված` սարքավորումը կամ սարքվածքը պահուստ դուրս բերման կամ աշխատանքի մեջ դնելու պահից: Սարքավորումները և սարքվածքները նորոգման հանելու ու նորոգումից հետո աշխատանքի մեջ դնելու համար կատարվող գործողությունների, ինչպես նաև դրանց գործարկելու վրա ծախսված ժամանակը ներառվում է նորոգման թույլատրված ժամկետի մեջ:

157. Եթե Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա Համակարգի օպերատորի կարգավարին հայտնում է աշխատանքը չկատարելու պատճառը:

158. Համակարգի օպերատորը կարող է հետաձգել պլանավորված նորոգման նպատակով սարքավորումների և սարքվածքների աշխատանքից դուրս բերումը, եթե որոշի, որ այդ դուրս բերումը բացասական կազդի էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի վրա: Այս դեպքում Համակարգի օպերատորը վերանայում է սարքավորումները և սարքվածքները աշխատանքից դուրս բերման ժամանակացույցը` հաշվի առնելով Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի համար նախընտրելի օրը և ժամը:

159. Սարքավորման և սարքվածքի աշխատանքից պլանավորված դուրս բերում չի իրականացվում, եթե.

1) Համակարգի օպերատորին սույն կանոնների 148-150-րդ կետերի համաձայն հայտ չի ներկայացվել,

2) ներկայացված հայտը չի թույլատրվել կամ հետաձգվել է Համակարգի օպերատորի կողմից:

160. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովման նպատակով Համակարգի օպերատորը կարող է կասեցնել արդեն սկսված պլանավորված նորոգման աշխատանքները` տեղեկացնելով դրա մասին համապատասխան Որակավորված արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին կամ Որակավորված սպառողին և հաշվի առնելով սույն կանոնների 150-րդ կետում նշված վթարային պատրաստականության ժամկետը: Որակավորված արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը կամ Որակավորված սպառողը ապահովում են սարքավորումների և սարքվածքների շահագործման վերսկսումը` իր կողմից նշված վթարային պատրաստականության ժամկետում:

161. Համակարգի օպերատորի կարգավարը կարող է իր հերթափոխի ընթացքում օպերատիվ կարգով թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման կամ սարքվածքի վրա աշխատանքների կատարումը, եթե դա թույլատրելի է Էլեկտրաէներգետիկական համակարգի և սարքավորման կամ սարքվածքի աշխատանքի ռեժիմով: Այդ մասին համապատասխան գրանցում է կատարվում օպերատիվ մատյանում:

162. Աշխատանքից դուրս բերված սարքավորման կամ սարքվածքի փորձարկման տևողությունը որոշվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված փորձարկման ծրագրով: Թերությունների բացակայության դեպքում սարքավորման նորոգումը համարվում է ավարտված և հայտը փակվում է: Սարքավորման հայտը փակվում է նաև այն դեպքում, երբ Համակարգի օպերատորը նորոգումից հետո չի թույլատրում սարքավորման փորձարկումը:

163. Սարքավորումը կամ սարքվածքը վթարային կամ անհապաղ ձեռքով անջատելուց հետո Համակարգի օպերատորին տրվում է շտապ հայտ` նորոգման աշխատանքներ կատարելու, աշխատանքների ծավալն ու կատարման ժամկետը որոշելու նպատակով: Շտապ հայտերը տրվում են շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:

 

ԳԼՈՒԽ 19
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ

 

164. Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների Կարգավարման հիմնական նպատակն է հուսալի, անվտանգ և որակյալ էլեկտրամատակարարման ապահովումը:

165. Էլեկտրաէներգետիկական համակարգում ռեժիմների Կարգավարման գործընթացը իրականացվում է բացառապես Համակարգի օպերատորի կողմից:

166. Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների Կարգավարման նպատակով Համակարգի օպերատորը իրական ժամանակում`

1) վերահսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգում հոսքաբաշխումը,

2) վերահսկում է իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների ընթացիկ օպերատիվ վիճակը,

3) կարգավորում է ակտիվ հզորության միջհամակարգային փոխհոսքերը` էլեկտրական կայաններում ակտիվ հզորության գոյություն ունեցող պահուստների օգտագործմամբ,

4) կարգավորում է ստուգիչ կետերում լարման մակարդակը` ռեակտիվ հզորության գոյություն ունեցող աղբյուրների օգտագործմամբ,

5) վերահսկում է Էլեկտրաէներգետիկական համակարգի տարրերի բեռնավորման մակարդակը` բացառելով դրանց գերբեռնումները,

6) տալիս է կարգադրություններ` Որակավորված արտադրողներից, Հաղորդողից, Բաշխողից կամ Որակավորված սպառողից համակարգային ծառայություններ ստանալու համար,

7) տալիս է կարգադրություններ Բաշխողին կամ Որակավորված սպառողին` Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ կատարելու համար,

8) վերահսկում է էլեկտրակայաններում համապատասխան պահուստների պահպանումը և, անհրաժեշտության դեպքում, կատարում է պահուստների վերաբաշխումը:

167. Տեխնոլոգիական խախտումների և վթարների վերացման, ինչպես նաև միջհամակարգային փոխհոսքերի օպերատիվ կարգավորման նպատակով Համակարգի օպերատորը կարող է փոփոխել արտադրության և սպառման օրական գրաֆիկը` չխախտելով Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության սահմանված ցուցանիշները:

168. Վթարային իրավիճակում Համակարգի օպերատորը կարող է փոփոխել հիդրոէլեկտրակայանով անցնող ջրի պլանավորված քանակը:

169. Տեխնոլոգիական խախտումների և վթարների վերացումը Համակարգի օպերատորը իրականացնում է Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարների վերացման հրահանգին համապատասխան:

170. Միջհամակարգային փոխհոսքերի օրական գրաֆիկներում փոփոխությունները համաձայնեցվում են համապատասխան Էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատորների հետ:

 

ԳԼՈՒԽ 20
ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՍ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

171. Որակավորված արտադրողները, Հաղորդողը, Բաշխողը և Որակավորված սպառողները յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 20-ը, Համակարգի օպերատորին են ներկայացնում, իսկ Համակարգի օպերատորն իր հերթին վերջիններիս է ներկայացնում`

1) իրենց ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,

2) իրենց տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Օպերատիվ անձնակազմի ցուցակը:

172. Համակարգի օպերատորի կարգավարները իրենց իրավասության սահմաններում հերթապահության ընթացքում հանդիսանում են Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի օպերատիվ ղեկավարները (վերադասները):

173. Որակավորված արտադրողների, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի` աշխատատեղից բացակայելու դեպքում նրան կարող է փոխարինել սույն կանոնների 171-րդ կետի համաձայն ներկայացված ցուցակում նշված անձը: Այդ փոխարինման մասին տեղյակ է պահվում Համակարգի օպերատորի կարգավարին:

174. Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը` Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:

175. Համակարգի օպերատորի կարգավարի Օպերատիվ վարույթի և միաժամանակ Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի կառավարման ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները կատարում է Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը` Համակարգի օպերատորի կարգավարի թույլտվությամբ: Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը գործողությունները կատարում է ներքին հրահանգների համաձայն:

176. Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Համակարգի օպերատորի կարգավարին վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների բոլոր խափանումների և ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:

177. Համակարգի օպերատորի կարգավարին ենթակա Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է հերթափոխն ընդունելուց հետո զեկուցել Համակարգի օպերատորի կարգավարին, ինչպես նաև վերջինիս պահանջով` ցանկացած պահի զեկույցի մեջ նշելով էներգաօբյեկտի սխեման տվյալ պահի դրությամբ, ինչպես նաև Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների և սարքվածքների վիճակի, ռեժիմային հարաչափերի, առկա թերությունների, նախատեսվող նորոգումների ու փոխանջատումների մասին: Զեկույցից հետո էներգաօբյեկտի ժամացույցը ճշտվում է Համակարգի օպերատորի կարգավարական կետի ժամացույցի հետ:

178. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների կամ սարքվածքների վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.

1) գործարկման կամ աշխատանքի դադարեցման,

2) նորոգման նպատակով աշխատանքից դուրս բերելու կամ վերադարձնելու,

3) լարման տակ դնելու,

4) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,

5) միացման կամ անջատման,

6) օդային գծերի արտահերթ շրջայցեր կազմակերպելու,

7) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու:

179. Համակարգի օպերատորի կարգավարների կարգադրությունները Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը կատարում է անհապաղ և անվերապահորեն, բացառությամբ մարդկանց անվտանգությանը և սարքավորումների ու շրջակա միջավայրի պահպանմանը սպառնացող դեպքերի: Եթե կարգադրություն ընդունողն այն համարում է սխալ, ապա ներկայացնում է հիմնավորված առարկություն: Համակարգի օպերատորի կարգավարի կողմից կարգադրությունը հաստատվելու դեպքում ենթակա Օպերատիվ անձնակազմը այն կատարում է: Իր անհամաձայնության և կարգադրությունը չկատարելու մասին հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին և իր տեխնիկական ղեկավարին` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

180. Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի կամ Որակավորված սպառողի տեխնիկական ղեկավարից պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին` վերջինիս կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

181. Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը կամ տեխնիկական ղեկավարը ընդունում է հերթափոխը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրանցում:

182. Էլեկտրակայանների հերթափոխի պետերը պարտավոր են ճշտորեն կատարել Համակարգի օպերատորի կողմից առաջադրված ակտիվ և ռեակտիվ հզորությունների բեռի գրաֆիկները:

183. Էլեկտրակայանների հերթափոխի պետերը բեռի գրաֆիկներից հարկադրված շեղումների և դրանց պատճառների մասին անմիջապես տեղեկացնում են Համակարգի օպերատորի կարգավարին:

184. Համակարգի օպերատորի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի հաղորդագրությունը գրանցվում են Համակարգի օպերատորի կարգավարի և Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմի օպերատիվ մատյաններում:

185. Ստանալով Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությունը` Որակավորված արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Որակավորված սպառողի հերթապահ անձնակազմը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրառել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո այդ մասին գրառել օպերատիվ մատյանում և հայտնել Համակարգի օպերատորի կարգավարին:

186. Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով` համաձայն Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի: Համակարգի օպերատորը պարտավոր է այդ ցուցակը ներկայացնել Որակավորված արտադրողներին, Հաղորդողին, Բաշխողին և Որակավորված սպառողներին:

187. Օպերատիվ խոսակցությունների ժամանակ ենթակա և վերադաս Օպերատիվ անձնակազմերը պարտավոր են միմյանց դիմել միայն ազգանունով:

188. Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը` հաստատել:

189. Օպերատիվ փոխանջատումների ժամանակ չի թույլատրվում վարել փոխանջատումներին չվերաբերող խոսակցություն:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
17.05.2017
N 161-Ն
Որոշում