Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱ ...

 

 

020.0194.141299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,

համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագիրը կնքվել է 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում` Եվրոպայի, Սև ծովի, Կովկասի, Կասպից ծովի և Ասիայի տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների և առևտրի զարգացման նպատակով:

Կողմերի հիմնական նպատակներն են տնտեսական հարաբերությունների, առևտրի և տրանսպորտային հաղորդակցության զարգացումը և այս ոլորտներում փոխադարձ օգնությունն ու աջակցությունը:

Համաձայնագրով կարգավորվում են բեռների, ուղևորների միջազգային և տարանցիկ փոխադրումներին, ինչպես նաև այս ոլորտում Կողմերի համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Միջազգային համաձայնագրով կարգավորվում են նաև հարկերի, տուրքերի և այլ մուծումների գանձման պայմանները:

Կողմերը պարտավորվել են համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի կարգավորման, այդ թվում երթևեկության անվտանգության, բեռների անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծման նպատակով ստեղծել Միջկառավարական հանձնաժողով և Մշտական քարտուղարություն: Վերջինս պետք է հսկողություն իրականացնի համաձայնագրի դրույթների կատարման նկատմամբ և կատարի Միջկառավարական հանձնաժողովի որոշումները: Միջկառավարական հանձնաժողովը որոշումներն ընդունելու է կոնսենսուսի հիման վրա:

Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին, Միջազգային երկաթուղային տրանսպորտի մասին, Միջազգային առևտրային նավագնացության մասին, ինչպես նաև Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման վերաբերյալ հիմնական համաձայնագրի տեխնիկական հավելվածները:

Համաձայնագիրն ստորագրել է 12 պետություն` Ադրբեջանը, Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը և Ուկրաինան: Ադրբեջանը, Ղազախստանը և Ռումինիան համաձայնագիրն ստորագրել են վերապահումով:

Համաձայնագիրը կնքված է 10 տարի ժամկետով` ինքնաբերաբար հաջորդ հնգամյա ժամանակաշրջանում երկարաձգելու պայմանով: Կողմի տարածքում համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել, եթե այդ Կողմն առնվազն վեց ամիս առաջ գրավոր ձևով ավանդապահին հայտնի իր տարածքում դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին:

Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով` ռուսերեն և անգլերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 դեկտեմբերի 1999 թ.

ՍԴՈ-194

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.12.1999
N ՍԴՈ-194
Որոշում