Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 
վճռաբեկ դատարանի քաղաքացիական և  վարչական պալատի որոշում
ԵԱԴԴ/0529/02/13
2017թ
Քաղաքացիական գործ թիվ   ԵԱԴԴ/0529/02/13

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
 Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
 Ն. Տավարացյանի

           

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարետա Առաքելյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Գեղամ և Մարետա Առաքելյանների ընդդեմ «Յունիբանկ» ՓԲԸ-ի (ներկայումս` «Յունիբանկ» ԲԲԸ) (այսուհետ` Բանկ), Օվսաննա Առաքելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` սեփականության իրավունքը վերականգնելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2015 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գեղամ և Մարետա Առաքելյանները պահանջել են վերականգնել իրենց սեփականության իրավունքը Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ, անվավեր ճանաչել նշված հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Մխիթարյան) (այսուհետ` Դատարան) 21.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Հ.Ենոքյան, Ս.Միքայելյան, Ն.Բարսեղյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2015 թվականի որոշմամբ Գեղամ և Մարետա Առաքելյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 21.10.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2015 թվականի որոշմամբ Բանկի և Օվսաննա Առաքելյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 29.01.2015 թվականի որոշումը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել Դատարանի 21.10.2014 թվականի վճռին:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարետա Առաքելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Բանկը և Օվսաննա Առաքելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վճռաբեկ դատարանը, ինչպես նաև Դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ Գեղամ և Մարետա Առաքելյաններին հայտնի չի եղել Բանկի աշխատակից Օվսաննա Առաքելյանի կողմից իրենց բնակարանի սեփականատեր դառնալու փաստը, այլապես նրանք, համաձայն չլինելով Բանկի կողմից արտադատական կարգով բնակարանի իրացման շուկայականից անհամեմատ էժան գնին, կվիճարկեին այդ փաստը: Այդ փաստը հաստատվում է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերով, որտեղ բացակայում են Մարետա Առաքելյանի` որպես համասեփականատեր, կողմ հանդիսանալու հանգամանքը և նրա ստորագրությունը:

i

Մարետա Առաքելյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետը, 2-րդ կետի առաջին, երկրորդ և երրորդ պարբերությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, սակայն կիրառվել են այլ մեկնաբանությամբ, որի արդյունքում երրորդ անձ հանդիսացող գրավատուն զրկվել է գրավադրված գույքի բռնագանձումը և իրացումը դադարեցնելու և բռնագանձման օրինականությունը վիճարկելու իր իրավունքներից:

ՀՀ սահմանադրական դատարանի 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշումը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն, այն նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Վերաքննիչ դատարանի 29.01.2015 թվականի որոշմանը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և վերանայման ենթակա դատական ակտի եզրափակիչ մասը ենթակա չէ փոփոխության:

ՀՀ վճռաբեկ դատարանը սույն գործով կայացված որոշման պատճառաբանական մասում, հաշվի առնելով 05.09.2012 թվականին Գեղամ և Մարետա Առաքելյանների դիմումը` Բանկի կողմից գրավի առարկաների արտադատական իրացման վերաբերյալ, եզրակացրել է, որ նման պայմաններում, երբ որպես ընդհանուր համատեղ սեփականության մասնակից` Մարետա Առաքելյանը գրավի պայմանագրով նախատեսված արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման առնչությամբ Գեղամ Առաքելյանի կողմից Բանկին ուղղված դիմումն ստորագրել է և գրավով ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքներից հրաժարվել է, գրավատուի իրավունքների խախտման մասին վերջինիս պնդումները չեն կարող հիմնավոր դիտվել և հիմք հանդիսանալ գրավի առարկայի համասեփականատիրոջ` որպես գրավատուի իրավունքի խախտման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դիմելով դատարան` Գեղամ և Մարետա Առաքելյանները պահանջել են 17.10.2012 թվականին Բանկի և Օվսաննա Առաքելյանի միջև կնքված Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի նկատմամբ կնքված առուվաճառքի և հաջորդող հիփոթեքի թիվ 858 ԱՀ պայմանագիրը ճանաչել անվավեր, առոչինչ գործարք, կիրառել անվավերության հետևանքներ, այն է` անվավեր ճանաչել Կադաստրի կողմից Օվսաննա Առաքելյանի անվամբ վերոնշյալ հասցեի տան նկատմամբ 23.10.2012 թվականին կատարված գրանցումը, ինչպես նաև վերականգնել հայցվորների սեփականության իրավունքը Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ (հատոր 1-ին գ.թ. 4-8):

2) Դատարանը 21.10.2014 թվականի վճռով հայցը մերժել է (հատոր 2-րդ, գ.թ. 70-78):

3) Վերաքննիչ դատարանը 29.01.2015 թվականի որոշմամբ Գեղամ և Մարետա Առաքելյանների վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 21.10.2014 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության (հատոր 3-րդ, գ.թ. 76-83):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 27.11.2015 թվականի որոշմամբ Բանկի և Օվսաննա Առաքելյանի վճռաբեկ բողոքը բավարարել է` Վերաքննիչ դատարանի 29.01.2015 թվականի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել Դատարանի 21.10.2014 թվականի վճռին (հատոր 4-րդ, գ.թ. 77-86):

i

5) Մարետա Առաքելյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ որոշել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` տվյալ պարբերությունում «գրավատու» եզրույթի այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` «գրավատու» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` տվյալ պարբերություններում «պարտապան» եզրույթի այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` «պարտապան» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում» բառակապակցությունը` այն մասով, որով գրավատուին կարող է պարտադրվել գրավառուի հնարավոր վնասների չափից ավելի ապահովման տրամադրում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր» (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

i

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե` դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ` առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու նույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում` պետական գրանցման), գրավառուն մինչև գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նաև գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:

Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:

Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն նույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է, որ «գործում առկա է Բանկի կողմից Գեղամ Առաքելյանին 15.03.2011 թվականին ուղղված թիվ 269 բռնագանձման ծանուցումը: Նշված ծանուցման վրա առկա է այն ստանալու մասին Գեղամ Առաքելյանի կողմից կատարված գրառում: Բանկի կողմից Գեղամ Առաքելյանին 15.03.2011 թվականին ուղղվել է նաև թիվ 270 բռնագանձման ծանուցումը: Նշված ծանուցման վրա առկա է այն ստանալու մասին Գեղամ Առաքելյանի կողմից կատարված գրառում»: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ «Գեղամ Առաքելյանի կողմից 05.09.2012 թվականին դիմում է ներկայացվել Բանկի վարչության նախագահ Վ. Աթայանին, որով, ի թիվս այլ հանգամանքների, Գեղամ Առաքելյանը նշել է, որ տալիս է նաև իր համաձայնությունը Բանկին` իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու Երևանի Դավթաշեն համայնքի Դավթաշեն 3-րդ թաղամաս, թիվ 59/1 հասցեում գտնվող անշարժ գույքի, Մերսեդես-Բենց և Կամազ մակնիշների ավտոմեքենաների վրա: Ինչպես նաև հայտնել է, որ վերոնշյալ գույքերի արտադատական բռնագանձման և իրացման հետ կապված որևէ գույքային կամ դրամական պահանջներ Բանկի նկատմամբ չունի: Նշված դիմումի բոլոր էջերն ստորագրված են նաև Մարետա Առաքելյանի կողմից: Այսինքն` հայցվոր Մարետա Առաքելյանը ևս տվել է իր գրավոր համաձայնությունը` Բանկի պահանջի բավարարման նպատակով գրավադրված գույքերի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու համար»:

Վերոգրյալ գրավոր ապացույցների հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ Բանկի կողմից պատշաճ պահպանվել են իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսված պահանջները, և առկա է եղել հայցվորների համաձայնությունը` գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու վերաբերյալ, և հայցվորները որևէ ապացույցով չեն հիմնավորել, որ իրենք չեն տվել իրենց համաձայնությունները` գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու մասին:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ «բացառապես բռնագանձման ծանուցումը պատշաճ կարգով գրավատուին (իսկ եթե գրավատու մի քանիսն են, ապա նրանցից յուրաքանչյուրին) հանձնելու հաստատված հանգամանքը կարող է համարվել թույլատրելի ապացույց բռնագանձման գործընթացն սկսելու համար: Մինչդեռ սույն դեպքում գրավառուն Մարետա Առաքելյանին չի հասցեագրել բռնագանձման ծանուցում` քաջատեղյակ լինելով, որ վերջինս օրենքի ուժով հանդիսանում է գրավի առարկա հանդիսացող գույքի համասեփականատեր: Մասնավորապես, ք. Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, հ. 59/1 բնակելի տունը ձեռք է բերվել Գեղամ Առաքելյանի և Մարետա Մարգարյանի (ամուսնությունից հետո` Առաքելյան) համատեղ ամուսնության ընթացքում: Այսինքն` անկախ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում սեփականատեր գրանցված լինելու հանգամանքից վերոնշյալ գույքի սեփականատեր, հետևաբար նաև գրավատու է հանդիսացել Մարետա Առաքելյանը, ինչի մասին ակնհայտորեն տեղեկացված է եղել նաև Բանկը, քանի որ պահանջել է, որ վերջինս ստորագրի նոտարական կարգով համաձայնություն: (....) սույն գործի նյութերում չկա վերաբերելի և թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեր, որ Բանկը վերոնշյալ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին ծանուցել է Մարետա Առաքելյանին»:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 27.11.2015 թվականի որոշմամբ Բանկի և Օվսաննա Առաքելյանի բողոքը բավարարելով և Դատարանի 21.10.2014 թվականի վճռին օրինական ուժ տալով, արձանագրել է, որ «Գեղամ Առաքելյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, ունենալով վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորություններ, տնօրինել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը, հետևաբար Բանկը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 249-րդ հոդվածի իրավակարգավորումները (իրավահարաբերության ծագման պահին գործող) հաշվի առնելով, ինչպես նաև առաջնորդվելով Մարետա Առաքելյանի կողմից 20.07.2007 և 12.10.2009 թվականներին նոտարական վավերացմամբ տրված համաձայնություններով, 15.03.2011 թվականին Գեղամ Առաքելյանին ուղարկել է թիվ 269 բռնագանձման ծանուցումը` պատշաճ կատարելով իր` որպես գրավառուի պարտականությունը, այն է` գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը: Ավելին` Գեղամ Առաքելյանը 05.09.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումով հայտնել է իր համաձայնությունը` Բանկում գրավադրված` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տան նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձումը տարածելու կապակցությամբ, միաժամանակ նշելով, որ Բանկի նկատմամբ առկա չէ որևէ գույքային կամ դրամական պահանջ` արտադատական բռնագանձման և իրացման հետ կապված, որպիսի դիմումի բոլոր էջերն ստորագրվել են նաև Մարետա Առաքելյանի կողմից: Այսինքն` նման պայմաններում, երբ որպես ընդհանուր համատեղ սեփականության մասնակից` Մարետա Առաքելյանը գրավի պայմանագրով նախատեսված արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման առնչությամբ Գեղամ Առաքելյանի կողմից Բանկին ուղղված դիմումը ստորագրել է և գրավով ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքներից հրաժարվել է, գրավատուի իրավունքների խախտման մասին պնդումները չեն կարող հիմնավոր դիտվել և հիմք հանդիսանալ գրավի առարկայի համասեփականատիրոջ` որպես գրավատուի իրավունքի խախտման»:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Մարետա Առաքելյանի դիմումը, 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «գրավատու» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ տվյալ իրավահարաբերություններում «գրավատու» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև այդ հարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում «պարտապան» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ «պարտապան» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին:

Խնդիրն այն է, որ «Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո» ձևակերպման բովանդակային ծավալում այլ գրավատուներին չներառելով` օրենսդիրը երրորդ անձ հանդիսացող գրավատուի համար հստակ ու միանշանակ չի երաշխավորում այդ երկամսյա ժամկետը, ինչը խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Այս ամենի արդյունքում երրորդ անձ հանդիսացող գրավատուն կարող է զրկվել ոչ միայն գրավադրված գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու իր իրավունքից` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է, այլ` նաև բռնագանձման օրինականությունը վիճարկելու իրավունքից»:

ՀՀ սահմանադրական դատարանը 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ որոշել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` տվյալ պարբերությունում «գրավատու» եզրույթի այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` «գրավատու» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` տվյալ պարբերություններում «պարտապան» եզրույթի այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` «պարտապան» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում» բառակապակցությունը` այն մասով, որով գրավատուին կարող է պարտադրվել գրավառուի հնարավոր վնասների չափից ավելի ապահովման տրամադրում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2015 թվականի որոշման վերանայման հիմք:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի և 204.33-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2015 թվականի որոշումը վերանայելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2015 թվականի որոշումը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2015 թվականի որոշումը` գործը նոր քննության ուղարկելու մասին, թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ`  Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԱԴԴ/0529/02/13
Որոշում