Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 47-ՐԴ, 51-ՐԴ ԵՎ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԱՔԴ/1654/02/15
Քաղաքացիական գործ թիվ   ԵԱՔԴ/1654/02/15

Նախագահող դատավոր`   Հ. Ենոքյան
                    Դատավորներ`  Ս. Միքայելյան
                                                   Գ. Խանդանյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Սարգիս Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ Արտակ Գրիգորյանի հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտակ Գրիգորյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև կետանցի օրվանից` 28.12.2015 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.04.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.11.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, նշել է, որ «բողոքաբերը ոչ միայն չի նշել, այլև չի հիմնավորել, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերը հիմնավորելու համար են տվյալ ստացականներն անհրաժեշտ և ինչով են հիմնավորում կողմերի միջև փոխառության հարաբերություններ չառաջանալու և բողոքաբերի կողմից գումար չստանալու հանգամանքները, հետևաբար դրանք չեն կարող համարվել վերաբերելի ապացույցներ»: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինչպես հայցադիմումի պատասխանում, այնպես էլ դատական նիստերի ընթացքում Ընկերությունը բազմիցս նշել է, թե ինչու են ներկայացվում նշված ապացույցները, այն է` ապացուցելու համար, որ կողմերն իրականում ունեցել են լիովին այլ պայմանավորվածություն, քան արտաքուստ կնքված փոխառության պայմանագիրն է, և որ դրսևորված կամահայտնությունը չի համապատասխանել գործարքը կնքած կողմերի կամքին, փոխառության պայմանագիրը կնքվել է զուտ ձևական նկատառումներով, և իրականում Ընկերությունը վիճելի գումարը չի ստացել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել պատասխանող կողմի ներկայացրած մյուս ապացույցներին, մասնավորապես` գործում առկա էլեկտրոնային նամակագրությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արտակ Գրիգորյանի և Ընկերության միջև 22.01.2015 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Արտակ Գրիգորյանն Ընկերությանն անտոկոս եղանակով հանձնել է 30.000 ԱՄՆ դոլար` մինչև 28.02.2015 թվականը վերադարձնելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 74-76).

2) Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կողմից 22.01.2015 թվականին տրված ստացականի համաձայն` վերջինս Ընկերության և Արտակ Գրիգորյանի միջև 22.01.2015 թվականին կնքված պայմանագրով ստացել է 30.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 71).

3) Արտակ Գրիգորյանի կողմից 22.01.2015 թվականին տրված ստացականի համաձայն` Արտակ Գրիգորյանն Աշոտ Հովհաննիսյանից 22.01.2015 թվականին ստացել է 50.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 72).

4) Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խորհրդական Գագիկ Գևորգյանի կողմից տրված ստացականի համաձայն` Գագիկ Գևորգյանն Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանից 23.01.2015 թվականին ստացել է 27.000 ԱՄՆ դոլար` ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի պաշարներում ծարիրի պարունակությունների վերամշակման աշխատանքներ կազմակերպելու համար (հատոր 1-ին, գ.թ. 73).

5) Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և Ընկերության համասեփականատեր Ջորջ Ռիչմոնդի միջև էլեկտրոնային նամակագրությունը պարունակում է տեղեկություններ Ընկերության և Արտակ Գրիգորյանի միջև ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի հետ կապված գործարքի վերաբերյալ (հատոր 1-ին, 77-84):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության ինստիտուտի իրավական կարգավորման առանձնահատկություններին` վերհաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով դատարանների կողմից ապացույցների վերաբերելիության կանոնների կիրառմանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանն ապացույցների վերաբերելիության կանոնները կիրառելիս պետք է հաշվի առնի, որ վերաբերելի են այն ապացույցները, որոնք անհրաժեշտ են քննվող գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար: Այդ մասին է վկայում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը, որի համաձայն` նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ: Հետևաբար դատարանն ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը լուծելիս պետք է պահպանի վերոնշյալ կանոնները, որից հետո որոշի փաստի հաստատված լինելու կամ չլինելու հարցը (տե՛ս, Ռուզաննա Գևորգյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0703/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և Ընկերության համասեփականատեր Ջորջ Ռիչմոնդի միջև էլեկտրոնային նամակագրությունը պարունակում է տեղեկություններ Ընկերության և Արտակ Գրիգորյանի միջև ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի հետ կապված գործարքի վերաբերյալ: Արտակ Գրիգորյանի և Ընկերության միջև 22.01.2015 թվականին կնքված փոխառության պայմանագրով Արտակ Գրիգորյանն Ընկերությանն անտոկոս եղանակով հանձնել է 30.000 ԱՄՆ դոլար` մինչև 28.02.2015 թվականը վերադարձնելու պայմանով, որի կապակցությամբ Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կողմից 22.01.2015 թվականին տրվել է ստացական Արտակ Գրիգորյանից 22.01.2015 թվականին կնքված պայմանագրով 30.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ: Նույն օրը Արտակ Գրիգորյանի կողմից տրվել է ստացական, ըստ որի` վերջինս Աշոտ Հովհաննիսյանից ստացել է 50.000 ԱՄՆ դոլար: 23.01.2015 թվականին Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խորհրդական Գագիկ Գևորգյանի կողմից տրվել է ստացական, որի համաձայն` վերջինս Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար` ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրում աշխատանքներ կազմակերպելու համար:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս հաստատված է համարել, որ պատասխանողը պատշաճ չի կատարել իր պարտավորությունը, այն է` սահմանված ժամկետում չի վերադարձրել փոխառությամբ տրված 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը: Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով պատասխանողի այն փաստարկին, որ իրականում Ընկերությունը հայցվորից 30.000 ԱՄՆ դոլար չի ստացել, հանգել է այն հետևության, որ նշվածը հայցը մերժելու հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ պատասխանողը համապատասխան ստացականով հաստատել է փոխառության գումարի ստացումը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «բողոքաբերը ոչ միայն չի նշել, այլև չի հիմնավորել, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերը հիմնավորելու համար են տվյալ ստացականներն անհրաժեշտ և ինչով են հիմնավորում կողմերի միջև փոխառության հարաբերություններ չառաջանալու և բողոքաբերի կողմից գումար չստանալու հանգամանքները», և գտել է, որ Արտակ Գրիգորյանի կողմից Աշոտ Հովհաննիսյանից 50.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ 22.01.2015 թվականին տրված ստացականը և Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խորհրդական Գագիկ Գևորգյանի կողմից Աշոտ Հովհաննիսյանից 27.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ 23.01.2015 թվականին տրված ստացականը չեն կարող համարվել վերաբերելի ապացույցներ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ վերոնշյալ ստացականներից «առաջինը վերաբերում է Աշոտ Հովհաննիսյանի կողմից ոչ թե որպես Ընկերության տնօրեն, այլ որպես ինքնուրույն անձ` Արտակ Գրիգորյանից գումար ստանալուն, սակայն թե ինչի համար է տրվել այդ գումարը, ապա այդ մասին որևէ նշում չկա»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, ի թիվս այլնի, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա` Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և Ընկերության համասեփականատեր Ջորջ Ռիչմոնդի միջև էլեկտրոնային նամակագրության բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ այն ևս պարունակում է տեղեկություններ սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այդ ապացույցին և չի նշել` թե ինչու է այդ ապացույցը մերժում:

Ավելին` գործում առկա` ինչպես Արտակ Գրիգորյանի և Ընկերության միջև կնքված փոխառության պայմանագիրը, դրա վերաբերյալ Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կողմից տրված ստացականը, այնպես էլ Արտակ Գրիգորյանի կողմից տրված ստացականը թվագրված են նույն օրը` 22.01.2015 թվականին, որոնք վերը նշված էլեկտրոնային նամակագրության հետ համակցության մեջ գնահատվելու պայմաններում, պարզ կդառնար, որ վերոնշյալ գործարքներն առերևույթ առնչվել են միմյանց, այսինքն` առկա է փոխադարձ կապ նշված ապացույցների և սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի միջև: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ դրանք ոչ վերաբերելի ապացույցներ են, որևէ կերպ չի պատճառաբանել այդ եզրահանգումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Գրիգորյանի կողմից Աշոտ Հովհաննիսյանից 50.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ 22.01.2015 թվականին տրված ստացականը և Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խորհրդական Գագիկ Գևորգյանի կողմից Աշոտ Հովհաննիսյանից 27.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ 23.01.2015 թվականին տրված ստացականը, Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և Ընկերության համասեփականատեր Ջորջ Ռիչմոնդի միջև էլեկտրոնային նամակագրությունը վերաբերելի ապացույցներ են, քանի որ պարունակում են տեղեկություններ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար: Հետևաբար սույն գործով ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտում, ուստի առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԱՔԴ/1654/02/15
Որոշում