Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/0714/02/15
2017 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0714/02/15  
Նախագահող դատավոր`   Ն. Բարսեղյան
                    Դատավորներ`   Լ. Գրիգորյան

                                           Մ. Հարթենյան

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ֆրունզիկ Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ֆրունզիկ Թովմասյանի ընդդեմ Աննա Թովմասյանի, երրորդ անձ Սաթիկ Թովմասյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Աննա Թովմասյանի ընդդեմ Ֆրունզիկ Թովմասյանի, երրորդ անձ Սաթիկ Թովմասյանի` բնակելի տնից վտարելու, հաշվառումից հանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ֆրունզիկ Թովմասյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ հասցեում գտնվող 10 քմ մակերեսով բնակելի հատվածի (այսուհետ` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարան), թիվ 01-006-0529-0033-001-008 ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ և անվավեր ճանաչել այդ գույքի նկատմամբ Աննա Թովմասյանի սեփականության իրավունքի գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Աննա Թովմասյանը պահանջել է Ֆրունզիկ Թովմասյանին հաշվառումից հանել և վտարել Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ.Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 08.06.2016 թվականի վճռով Ֆրունզիկ Թովմասյանի հայցը բավարարվել է, իսկ Աննա Թովմասյանի հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2016 թվականի որոշմամբ Աննա և Սաթիկ Թովմասյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 08.06.2016 թվականի վճիռը և այն փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Ֆրունզիկ Թովմասյանին վտարել Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանից, իսկ քաղաքացիական գործի վարույթը` Ֆրունզիկ Թովմասյանին Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանի հաշվառումից հանելու պահանջի մասով, կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆրունզիկ Թովմասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Աննա և Սաթիկ Թովմասյանները, Աննա Թովմասյանի ներկայացուցիչ Թամարա Պողոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել ապացույցների պատշաճ գնահատում` անտեսելով, որ գործում առկա ապացույցներով, մասնավորապես` հարևանների հայտարարությամբ, հաստատվում է, որ Ֆրունզիկ Թովմասյանը 1973 թվականից մինչ օրս ընտանիքով բնակվում է Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում և այն անընդմեջ ու բացահայտ տիրապետում է որպես սեփական գույք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սեփականաշնորհման գործընթացը սկսելուց հետո Ֆրունզիկ Թովմասյանը Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանը սեփականաշնորհել է քրոջ` Սաթիկ Թովմասյանի անունով, սակայն վերջինս չի ապրել նշված հասցեում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սաթիկ Թովմասյանը Ֆրունզիկ Թովմասյանի կողմից անշարժ գույքի տիրապետման ժամանակահատվածում որևէ քայլ չի ձեռնարկել գույքը փաստացի տիրապետողից հետ վերադարձնելու ուղղությամբ, այսինքն` հանդիսանալով վիճելի` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ գրանցված սեփականատեր` անտարբեր վերաբերմունք է դրսևորել իր գույքի նկատմամբ: Հետևաբար Սաթիկ Թովմասյանն իր անգործությամբ մեկուսացել է իր գույքի տիրապետումից` առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, ուստի իր վարքագծով հրաժարվել է վիճելի գույքի նկատմամբ իր իրավունքից:

Ինչ վերաբերում է Սաթիկ Թովմասյանի կողմից 2013 թվականին վիճելի գույքը նվիրատվության պայմանագրով Աննա Թովմասյանին օտարելու փաստին, ապա նշված հանգամանքն ինքնըստինքյան չի հաստատում Սաթիկ Թովմասյանի կողմից գույքի տիրապետումից մեկուսացած չլինելու հանգամանքը, քանի որ նշված գործարքի կնքմամբ Ֆրունզիկ Թովմասյանի կողմից գույքի տիրապետումը չի ընդհատվել, նա շարունակում է բնակվել վիճելի հասցեում մինչև օրս:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռք բերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ, այլև բարեխղճությունը կարող է հավաստվել նաև տիրապետողի և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը) հաշվի առնելով:

Նկատի ունենալով, որ սույն գործով առկա ապացույցներով հիմնավորվում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման մյուս պայմանների առկայությունը, Ֆրունզիկ Թովմասյանը բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ վիճելի գույքը տիրապետում է որպես սեփական գույք, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.06.2016 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները

Օրենսդիրը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման հնարավորություն է տալիս այն գույքի նկատմամբ, որը չունի սեփականատեր կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից, իսկ տվյալ դեպքում Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Սաթիկ Թովմասյանին, և վերջինս հետամուտ է եղել այդ գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով իր իրավունքների ձևակերպմանը: Ավելին, Սաթիկ Թովմասյանը, օգտվելով իրեն` որպես գույքի սեփականատիրոջը վերապահված լիազորությունից, այն նվիրել է Աննա Թովմասյանին: Վիճելի գույքը հանդիսացել է Սաթիկ Թովմասյանի, իսկ հետագայում` Աննա Թովմասյանի սեփականությունը, վերջիններս դրա նկատմամբ սեփականության իրավունքից չեն հրաժարվել, ուստի նման պայմաններում Ֆրունզիկ Թովմասյանի փաստարկները` գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իր սեփականության իրավունքը ծագելու վերաբերյալ, անհիմն են: Ինչ վերաբերում է Ֆրունզիկ Թովմասյանի այն փաստարկներին, որ 1974 թվականից սկսած ինքը տիրապետել է վիճելի գույքը, կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև բացառապես իր միջոցներով վերակառուցել և ամբողջությամբ ձևափոխել բնակարանը, ապա բնակարանը բնակելի տեսքի բերելու համար անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ կատարելը դեռևս հիմք չէ վերջինիս սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ ճանաչելու համար` նկատի ունենալով, որ սեփականատերն իր գույքից չի հրաժարվել: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հաստատված համարել, որ գույքի նկատմամբ Սաթիկ և Աննա Թովմասյանների կողմից կատարված ակտիվ գործողությունները դիտվում են որպես սեփականատիրոջ կողմից կատարված ակտիվ գործողություններ, որի հիման վրա հանգել է ճիշտ եզրակացության: Բացի այդ, վիճելի գույքն ունեցել և այժմ էլ ունի սեփականատեր, իսկ Ֆրունզիկ Թովմասյանը մշտապես տեղյակ է եղել, որ օգտագործում է այլ անձի պատկանող գույք: Գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Ֆրունզիկ Թովմասյանը բարեխիղճ, տասը տարի անընդմեջ և բացահայտ տիրապետել է վիճելի գույքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 29.08.1995 թվականին տրված թիվ 15057 սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ հասցեում գտնվող 36,1 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սաթիկ Թովմասյանին (հատոր 1-ին, գ.թ. 127):

2. 28.09.2013 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28092013-01-0129 վկայականի համաձայն` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ հասցեում գտնվող 36,1 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ գրանցվել է Աննա Թովմասյանի սեփականության իրավունքը (ծածկագիր` թիվ 01-006-0529-0033-001-008)` 25.09.2013 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 26-28):

3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման 25.02.2015 թվականի թիվ ԿԽ-2/1258 գրության համաձայն` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ 23.09.2013 թվականին գրանցվել է Սաթիկ Թովմասյանի սեփականության իրավունքը (ծածկագիր` թիվ 01-006-0529-0033-001-008) (հատոր 1-ին, գ.թ. 20):

4. Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 7 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի կողմից 17.02.2015 թվականին տրված տեղեկանքների համաձայն` Ֆրունզիկ Թովմասյանը ծնված օրվանից մշտապես բնակվում է Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում: Այդ տանը բնակվում են նաև նրա կինը` Վարդիթեր Երիջանյանը, որդին` Սերոբ Թովմասյանը, իսկ դուստրը` Երանուհի Թովմասյանը, հաշվառված է, սակայն ամուսնացած է և բնակվում է ամուսնու տանը (հատոր 1-ին, գ.թ. 19, 22):

5. Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 7 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի կողմից 11.02.2015 թվականին տրված տեղեկանքների համաձայն` Ֆրունզիկ Թովմասյանն իր ընտանիքի հետ միասին 1973 թվականից մինչ օրս բնակվում է Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում, սեփական ուժերով վերանորոգել է այն, մինչ օրս վճարում է բոլոր կոմունալ վճարումները` Սաթիկ Թովմասյանի անվամբ, և թեև Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանը սեփականաշնորհվել է Սաթիկ Թովմասյանի անվամբ, սակայն վերջինս որևէ կապ չունի այդ բնակարանի հետ, այնտեղ չի ապրել և չի ապրում (հատոր 1-ին, գ.թ. 17, 18):

6. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կենտրոնական անձնագրային բաժանմունքի 19.11.2015 թվականի գրության համաձայն` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում Ֆրունզիկ Թովմասյանը հաշվառված է 27.06.2002 թվականից: Նշված հասցեում հաշվառված անձանց ցանկում Աննա և Սաթիկ Թովմասյանները նշված չեն (հատոր 1-ին, գ.թ. 114):

7. Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Աննա Թովմասյանը հայտնել է, որ Ֆրունզիկ Թովմասյանը Սաթիկ Թովմասյանի թույլտվությամբ բնակվել է վիճելի` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում: Սաթիկ Թովմասյանը, ինչպես նաև հետագայում Աննա Թովմասյանը` որպես գույքի նոր սեփականատեր, չեն անհանգստացրել Ֆրունզիկ Թովմասյանին` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանն ազատելու կապակցությամբ (հատոր 1-ին, գ.թ. 57-61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածներին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

i

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

i

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Դատարանը, հայցը բավարարելով և հակընդդեմ հայցը մերժելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ֆրունզիկ Թովմասյանը վեճի առարկա անշարժ գույքը 42 տարուց ավելի բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել է: Սաթիկ Թովմասյանի և հետագայում Աննա Թովմասյանի կողմից տիրապետման ընթացքում պահանջ չներկայացնելու հանգամանքը Դատարանը գնահատել է որպես սեփականության իրավունքից հրաժարում, քանի որ նշված գործողություններն ակնհայտ վկայել են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից սեփականատիրոջ մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: Դատարանն անհիմն է համարել Աննա Թովմասյանի փաստարկն այն մասին, որ Սաթիկ Թովմասյանը ժամանակավոր է հայցվորին թույլ տվել բնակվելու վիճելի տանը, քանի որ անգամ 1995 թվականից սկսած, երբ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանը սեփականաշնորհվել է Սաթիկ Թովմասյանի անվամբ, վերջինս երբևէ չի բնակվել վիճելի` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և սկզբնական հայցը մերժելով, գտել է, որ վիճելի գույքը սեփականության իրավունքով պատկանել է Սաթիկ Թովմասյանին, այն տիրազուրկ չի եղել, վերջինիս սեփականատերը հայտնի է եղել: Ընդ որում, Սաթիկ Թովմասյանը հետամուտ է եղել վիճելի գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով իր իրավունքների ձևակերպմանը: Վիճելի գույքը Ֆրունզիկ Թովմասյանի տիրապետմանն անցնելիս և տիրապետության ողջ ընթացքում վերջինս իմացել է, որ այն պատկանում է Սաթիկ Թովմասյանին, հետևաբար Ֆրունզիկ Թովմասյանի կողմից գույքի տիրապետումը հիմնված չի եղել այնպիսի փաստի վրա, որը կարող էր բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետում է որպես սեփականություն: Վիճելի գույքը հանդիսացել է գործով Սաթիկ Թովմասյանի, իսկ հետագայում` Աննա Թովմասյանի սեփականությունը, վերջիններս չեն հրաժարվել այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, ուստի նման պայմաններում Ֆրունզիկ Թովմասյանի փաստարկները գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իր սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ, անհիմն են: Հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն հանգամանքը, որ վիճելի գույքի նկատմամբ սեփականատեր է հանդիսանում Աննա Թովմասյանը, իսկ Ֆրունզիկ Թովմասյանն այդ տարածքը զբաղեցնում է առանց որևէ օրինական հիմքի, այն է` պայմանագրի կամ օրենքի հիման վրա:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոք բերած անձը (հայցվորը) Դատարանին ներկայացրած հայցադիմումում նշել է, որ 1973 թվականից բնակվում է Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում, որը բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետում է` որպես սեփական գույք, իսկ երրորդ անձը 1979 թվականից մինչ օրս ընդհանրապես որևէ առնչություն չի ունեցել տվյալ բնակարանի հետ: Բնակվելու ընթացքում իր զբաղեցրած սենյակին կից նախկին բնակչի կողմից ազատած, ամբողջությամբ ավերակների վերածված 16 քմ մակերեսով սենյակը և կից տարածքը Ֆրունզիկ Թովմասյանը միացրել է իր սենյակին, այն ամբողջությամբ իր ջանքերով և միջոցներով վերակառուցել է, և բնակարանը դարձել է 36,1 քմ ընդհանուր մակերեսով, որը 1995 թվականին սեփականաշնորհվել է երրորդ անձի անվամբ: Այդ ամբողջ ընթացքում երրորդ անձի անունից կատարել է բնակարանի գույքահարկի և այլ վճարումները:

Նշված հանգամանքը հաստատված է նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 7 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի կողմից 11.02.2015 թվականին և 17.02.2015 թվականին տրված տեղեկանքներով, որոնց համաձայն` Ֆրունզիկ Թովմասյանն իր ընտանիքի հետ միասին 1973 թվականից մինչ օրս մշտապես բնակվում է Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում, սեփական ուժերով վերանորոգել է այն, մինչ օրս վճարում է բոլոր կոմունալ վճարումները` Սաթիկ Թովմասյանի անվամբ, և թեև Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանը սեփականաշնորհվել է Սաթիկ Թովմասյանի անվամբ, սակայն վերջինս որևէ կապ չունի այդ բնակարանի հետ, քանի որ այնտեղ չի ապրել և չի ապրում: Ընդ որում, հակընդդեմ հայցով Աննա Թովմասյանը ևս չի ժխտել Ֆրունզիկ Թովմասյանի կողմից նշված հասցեում բնակվելը, ավելին` վճռաբեկ բողոքի պատասխանով էլ ընդունել է վերջինիս կողմից բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարած լինելը:

Ապացույցների նման համակցության պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնավորվել է ոչ միայն վիճելի` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանում (առանձնացված 36,1 քմ տարածքում) միայն Ֆրուզիկ Թովմասյանի և նրա ընտանիքի բնակվելու փաստը, այլ նաև այն, որ Ֆրունզիկ Թովմասյանը նշված գույքը տիրապետել է որպես սեփական գույք:

Բացի այդ, նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստերից հետևում է, որ պատասխանողը և երրորդ անձը հրաժարվել են իրենց պատկանող գույքից, այսինքն` վիճելի իրավահարաբերությունում առկա է պատասխանողի և երրորդ անձի կողմից այնպիսի վարքագծի դրսևորում, որն ակնհայտ վկայում է վերջիններիս` գույքի տիրապետումից, տնօրինումից և օգտագործումից մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, ճիշտ գնահատման չի արժանացրել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում հանգել է սխալ եզրակացության: Վերը նշված հանգամանքները տվյալ պարագայում հիմք են տալիս հաստատված համարելու այն փաստը, որ սույն քաղաքացիական գործով միաժամանակ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված բոլոր վավերապայմանները, ուստի վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ վիճելի իրավահարաբերության նկատմամբ տվյալ պարագայում կիրառելի են հիշատակված իրավական նորմի դրույթները:

Հետևաբար վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ Ֆրունզիկ Թովմասյանը չէր կարող ունենալ համոզմունք, որ գույքը տիրապետում է որպես սեփականություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ, 10 տարուց ավելի և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռք բերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել նաև տիրապետողի և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունների (անգործության) հիման վրա:

Ինչ վերաբերում է Սաթիկ Թովմասյանի կողմից 25.09.2013 թվականին Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանը Աննա Թովմասյանին նվիրելուն և Աննա Թովմասյանի կողմից սույն գործով Ֆրունզիկ Թովմասյանին Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ բնակարանից վտարելու և հաշվառումից հանելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուն, ապա այդ գործողությունները Սաթիկ և Աննա Թովմասյանների կողմից կատարվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության 10-ամյա ժամկետն անցնելուց հետո, այսինքն` այն ժամանակ, երբ հայցվորի մոտ ձեռքբերման վաղեմության հիմքով ծագել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը և վավերապայմանները: Հետևաբար գույքի սեփականատերերի կազմի փոփոխությունը, իրավունքների պետական գրանցմանը հետամուտ լինելը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում դեռևս բավարար չեն հայցվորի մոտ բարեխղճության բացակայությունն արձանագրելու համար:

Անդրադառնալով Աննա Թովմասյանի ներկայացրած` վտարման պահանջի վերաբերյալ հակընդդեմ հայցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով Ֆրունզիկ Թովմասյանի սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ ճանաչելու պայմաններում Աննա Թովմասյանի ներկայացրած հակընդդեմ հայցը ենթակա է մերժման` նկատի ունենալով, որ դադարում է վերջինիս սեփականության իրավունքը և ծագում Ֆրունզիկ Թովմասյանի սեփականության իրավունքը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ֆրունզիկ Թովմասյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը ենթակա է բավարարման, որպիսի հիմքով հակընդդեմ հայցը ենթակա է մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել էր Դատարանը, այնինչ Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցները ճիշտ չգնահատելով, հանգել է սխալ հետևության:

Ինչ վերաբերում է Աննա Թովմասյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին Ֆրունզիկ Թովմասյանի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում նախորդ սեփականատիրոջ իրավունքները դադարում են, այլ ոչ թե անվավեր է ճանաչվում տվյալ իրավունքի պետական գրանցումը: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հենց տվյալ իրավունքի պետական գրանցման առկայությունը հավաստող ապացույցն է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը քննելիս վկայում է այլ անձի` պատասխանողի սեփականության իրավունքի առկայության մասին: Հետևաբար քանի դեռ ապացույց առկա չէ, որ պետական գրանցումն իրականացվել է օրենքի խախտմամբ, միայն ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելը չի ենթադրում պետական գրանցման անվերապահ անվավեր ճանաչում:

Սույն գործում առկա` 28.09.2013 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28092013-01-0129 վկայականի համաձայն` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1 շենքի 27-րդ հասցեում գտնվող 36,1 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ գրանցվել է Աննա Թովմասյանի սեփականության իրավունքը: Հայցադիմումում որևէ փաստարկ, ինչպես նաև գործում որևէ ապացույց առկա չէ այն մասին, որ Աննա Թովմասյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է օրենքի պահանջների խախտմամբ:

Նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աննա Թովմասյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, որպիսի պայմաններում հայցը այդ պահանջի մասով ենթակա է մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել Վերաքննիչ դատարանը: Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ առկա չէ պատճառաբանություն նշված պահանջի մերժման վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է համարում սույն որոշման պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում է միայն Դատարանի 08.06.2016 թվականի վճիռը մասնակիորեն` Ֆրունզիկ Թովմասյանի հայցը` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով բավարարելու և Աննա Թովմասյանի հակընդդեմ հայցը` վտարման պահանջի մասով մերժելու և դրա հետ կապված դատական ծախսերի մասերով բեկանելու և փոփոխելու մասերով, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով վճռաբեկության կարգով չի բողոքարկվել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում նախորդ պարբերությունում նշված պահանջների մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է մասնակիորեն բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Աննա Թովմասյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 22.07.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Աննա Թովմասյանից հօգուտ Ֆրունզիկ Թովմասյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2016 թվականի որոշման` Ֆրունզիկ Թովմասյանի սկզբնական հայցը` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, մերժելու և Աննա Թովմասյանի հակընդդեմ հայցը` վտարման պահանջի մասով, բավարարելու մասերը, և այդ մասերով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2016 թվականի վճռին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2016 թվականի որոշման` Ֆրունզիկ Թովմասյանի սկզբնական հայցը` անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, մերժելու մասը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Աննա Թովմասյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Աննա Թովմասյանից հօգուտ Ֆրունզիկ Թովմասյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԿԴ/0714/02/15
Որոշում