Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ
ՎԴ/1770/05/15   2017թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/1770/05/15

Նախագահող դատավոր`  Ա. Առաքելյան
                   Դատավորներ`   Հ. Բեդևյան
                                                  Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Միքայելյանի ներկայացուցիչ Հայկ Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.03.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Միքայելյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն)` Ոստիկանության 02.02.2015 թվականի թիվ 1502616890 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արթուր Միքայելյանը պահանջել է վերացնել Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ.Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 20.08.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2016 թվականի որոշմամբ Արթուր Միքայելյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.08.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Միքայելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124-րդ հոդվածի 21-րդ մասը, նույն օրենսգրքի 281-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը չի պարունակում գործի քննության ընթացքում հաստատված բոլոր հանգամանքների շարադրանքը: Այսպես, Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը որևէ ձևով չի բովանդակում կանգառի և կայանման այն կոնկրետ կանոնը, որի խախտման համար Արթուր Միքայելյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության, հետևաբար վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.03.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշման համաձայն` Արթուր Միքայելյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124-րդ հոդվածի 21-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս 29.12.2014 թվականին Երևան քաղաքի Ազատության և Բաբայան փողոցների խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները (գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական ակտը պետք է նշում պարունակի ճանապարհային երթևեկության այն կոնկրետ կանոնի մասին, որի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, (...) ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում: (...) Որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն` քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` (1) վարչական տույժ նշանակելու մասին, (2) գործի վարույթը կարճելու մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցին անդրադարձել է թիվ ՎԴ/1769/05/15 վարչական գործով 26.12.2016 թվականի որոշման շրջանակներում: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանելով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի կարգը, նշված օրենսգրքի 282-րդ հոդվածում նախատեսել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ համապատասխան վարչական մարմնի կողմից ընդունվող վերջնական որոշումների տեսակները` (ա) վարչական տույժ նշանակելու մասին, (բ) գործի վարույթը կարճելու մասին: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով օրենսդիրն ամրագրել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ ընդունվող վերը նշված որոշումների բովանդակությանը ներկայացվող պահանջները, որոնցից մեկն այն է, որ այդ որոշումները պետք է պարունակեն, inter alia, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ ընդունված որոշումներին ներկայացվող` գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը պարունակելու մասին պահանջը նախ և առաջ պետք է դիտարկվի նույն օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից պարտադիր պարզման ենթակա վերոգրյալ հանգամանքների համատեքստում: Այլ կերպ ասած` վարչական իրավախախտման գործի վերաբերյալ ընդունված որոշման մեջ պետք է շարադրված լինեն այն հանգամանքները, որոնք ենթակա են պարտադիր պարզման վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի ընթացքում. դրանք են, inter alia, (ա) վարչական իրավախախտում կատարված լինելու փաստը, (բ) անձի մեղավորությունը վարչական իրավախախտման կատարման մեջ, (գ) անձի` վարչական պատասխանատվության ենթակա լինելը, (դ) պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունը, (ե) վարչական իրավախախտման հետևանքով գույքային վնաս պատճառված լինելը, (զ) գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտման գործի վերաբերյալ ընդունվող վերջնական որոշումները պետք է համապատասխանեն նշված օրենսգրքով դրանց ներկայացվող հիմնավորվածության վերոգրյալ չափանիշներին:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության առաջացման համար հիմք հանդիսացող զանցակազմերի նկարագրությունը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, մասնավորապես` նույն օրենսգրքի 124-րդ, 124.1-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ և մի շարք այլ հոդվածներով: Օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսել ճանապարհային երթևեկության առանձին կանոնների խախտման համար. այդպիսի զանցանք է նաև նույն հոդվածի 21-րդ մասում նախատեսված կանգառի կամ կայանման կանոնների խախտումը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Նշված իրավանորմից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածով հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները: Ընդ որում, կանգառի և կայանման կանոնները նախատեսված են նշված որոշման թիվ 1 հավելվածի «Կանգառը և կայանումը» վերտառությամբ IX բաժնի 78-86-րդ կետերով:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության առաջացման հիմք հանդիսացող և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նկարագրված զանցակազմերի ուսումնասիրությունը վկայում է, որ որոշ դեպքերում այդ զանցակազմերը հղում են կատարում ճանապարհային երթևեկության կանոններին` առանց դրանք նկարագրելու կամ մանրամասնելու: Օրինակ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ամրագրված զանցակազմի դիսպոզիցիան ունի հետևյալ տեսքը. «տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը»: Նշված օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ քննարկվող զանցակազմը չի կոնկրետացնում, թե որոնք են կանգառի կամ կայանման այն կանոնները, որոնց խախտման համար առաջանում է վարչական պատասխանատվություն: Սակայն ակնհայտ է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի քննարկվող իրավադրույթի հիման վրա վարչական պատասխանատվությունը ծագում է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի «Կանգառը և կայանումը» վերտառությամբ IX բաժնի 78-86-րդ կետերով նախատեսված կանոնների խախտման համար: Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է պարզել այն հարցը, թե տրանսպորտային միջոցի վարորդի կողմից խախտվել է արդյոք կանգառի կամ կայանման վերոգրյալ կանոններից որևէ մեկը, թե` ոչ:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական ակտերի բովանդակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան զանցակազմը հղում է կատարում ճանապարհային երթևեկության այս կամ այն կանոնին` առանց մանրամասնելու այդ կանոնի բովանդակությունը, ապա տվյալ զանցակազմի հիման վրա անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական ակտը պետք է նշում պարունակի ճանապարհային երթևեկության այն կոնկրետ կանոնի մասին, որի խախտման համար անձը ենթակա է վարչական պատասխանատվության: Նման դատողության համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով սահմանված այն իրավական կարգավորումը, որի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը: Այլ կերպ ասած` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական գործի շրջանակներում հաստատման ենթակա հանգամանքներից մեկը վարչական պատասխանատվության ենթակա անձի կողմից խախտված ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնն է, որը պետք է անպայմանորեն ներառվի վարչական տույժ նշանակելու մասին որոշման բովանդակության մեջ, եթե վարչական պատասխանատվության հիմք հանդիսացող համապատասխան զանցակազմը չի պարունակում ճանապարհային երթևեկության տվյալ կանոնի նկարագրությունը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ ընդունված որոշումներին ներկայացվող` գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը պարունակելու մասին պահանջը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումների առումով պետք է մեկնաբանվի հետևյալ կերպ.

ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության այն կանոնի նորմատիվ ձևակերպումը կամ այդ կանոնը սահմանող իրավանորմին ուղղված հղումը, որը խախտվել է տվյալ անձի կողմից,

եթե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված համապատասխան զանցակազմը չի պարունակում ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնի նկարագրությունը, ապա այդ զանցակազմի հիմքով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, ճանապարհային երթևեկության այն կանոնի իրավական նկարագրությունը, որի խախտման համար անձը ենթակա է վարչական պատասխանատվության,

3) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի, inter alia, տվյալ անձի կողմից կատարված այն արարքի նկարագրությունը, որն առաջացրել է ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնի խախտում (տե՛ս, Արթուր Միքայելյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1769/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Արթուր Միքայելյանը Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124-րդ հոդվածի 21-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս 29.12.2014 թվականին Երևան քաղաքի Ազատության և Բաբայան փողոցների խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները: Ընդ որում, Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշման բովանդակության մեջ առկա չէ որևէ նշում այն մասին, թե Արթուր Միքայելյանը կանգառ կատարելու կոնկրետ որ կանոնի խախտման համար է ենթարկվել վարչական պատասխանատվության:

Դատարանը մերժել է Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը վերացնելու մասին Արթուր Միքայելյանի հայցապահանջը` պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են: Դատարանը, մասնավորապես, գտել է, որ Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը «(...) համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ դրան առաջադրված պահանջներին (...)», քանի որ այն բավարարում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ ընդունված որոշումներին ներկայացվող բոլոր չափանիշներին:

Վերաքննիչ դատարանը մերժել է Արթուր Միքայելյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության համաձայնելով Դատարանի կողմից արտահայտված դիրքորոշմանը: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, նշել է, որ Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը լիովին համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջներին, քանի որ «(...) վիճարկվող ակտում հստակորեն վկայակոչված է և՛ այն իրավական նորմը, որի հիմքով հայցվորը ենթարկվել է պատասխանատվության, և՛ այն արարքը, որը նախատեսված է տվյալ իրավական նորմով որպես պատասխանատվության ենթարկելու հանգամանք (...)»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ Ոստիկանությունը, Արթուր Միքայելյանին ենթարկելով վարչական պատասխանատվության կանգառի կանոնների խախտման համար, այդ ակտում չի նշել, թե Արթուր Միքայելյանը ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի IX բաժնով սահմանված կանգառի կոնկրետ որ կանոնն է խախտել: Վարչական մարմինը բավարարվել է` միայն վիճարկվող որոշման մեջ արձանագրելով, որ Արթուր Միքայելյանը 29.12.2014 թվականին Երևան քաղաքի Ազատության և Բաբայան փողոցների խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները` առանց մանրամասն շարադրելու վերջինիս կողմից կատարված արարքի փաստական և իրավական նկարագրությունը: Այլ կերպ ասած` տվյալ դեպքում Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը չի պարունակում Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության այն կանոնի նորմատիվ ձևակերպումը կամ այդ կանոնը սահմանող իրավանորմին ուղղված հղումը, որը խախտվել է Արթուր Միքայելյանի կողմից, ինչպես նաև վերջինիս կողմից կատարված այն արարքի նկարագրությունը, որը հակասում է (չի համապատասխանում) ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնով սահմանված իրավակարգավորման բովանդակությանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը` որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշում, պետք է պարունակեր ճանապարհային երթևեկության այն կանոնի հստակ շարադրանքը, որը խախտվել է Արթուր Միքայելյանի կողմից` հղում կատարելով ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի IX բաժնով սահմանված կանգառի կոնկրետ կանոնը սահմանող իրավական նորմին (նորմերին), ինչպես նաև Արթուր Միքայելյանի կողմից կատարված այն արարքի մանրամասն նկարագրությունը, որի կատարումը դիտվում է որպես ճանապարհային երթևեկության համապատասխան կանոնի խախտում: Նշված պայմաններին բավարարելու դեպքում միայն Ոստիկանության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը կհամապատասխաներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը ենթակա էր անվավեր ճանաչման` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի խախտմամբ ընդունված լինելու հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` (...) վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով (...):

Հաշվի առնելով, որ հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման Ոստիկանության կողմից, հետևաբար Ոստիկանությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.03.2016 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 02.02.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1502616890 որոշումը ճանաչել անվավեր:

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ՎԴ/1770/05/15
Որոշում