Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ...

 

 

020.1376.120917

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ԵՎ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 սեպտեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ Մ. Խաչատուրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արման Սահակյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթն Արման Սահակյանի` 2017 թվականի մայիսի 10-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Դատավարական ժամկետների սահմանումը և հաշվարկը» վերտառությամբ 74-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատավարական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում: Դրանց բացակայության դեպքում դատավարական գործողությունների կատարման ժամկետները սահմանում է դատարանը:

2. Դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:

3. Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը»:

Օրենսգրքի`»»Դատավարական ժամկետների ավարտը»» վերտառությամբ 75-րդ հոդվածը սահմանում է.

«1. Տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

2. Դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը»:

Ընդունումից ի վեր օրենսգրքի վերոհիշյալ հոդվածները փոփոխության չեն ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

19.06.2014 թվականին Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի հայցի հիման վրա հարուցվել է թիվ ԵԿԴ/2146/02/14 քաղաքացիական գործն ընդդեմ ««Իրավունք մեդիա»» ՍՊԸ-ի և Հովհաննես Գալաջյանի:

14.05.2015 թվականին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է հայցը, և դատարանի վճիռը վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկման արդյունքում մնացել է անփոփոխ:

30.03.2016 թվականին Հայկ Բաբուխանյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմնավորմամբ, որ ինքը, որպես գործին մասնակից անձ, չի ծանուցվել 29.04.2015թ. դատական նիստի մասին և այդ մասին տեղեկացել է ««Datalex.am» կայքից: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.05.2016 թվականին բավարարել է վերաքննիչ բողոքը և գործն ուղարկել նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը հայցվորների ներկայացուցչի կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, որն իր` 20.07.2016 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է` սահմանելով եռօրյա ժամկետ վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենն Ա. Սահակյանի, Գ. Գևորգյանի և Հ. Մկրտչյանի ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանն ստացել է 19.09.2016 թվականին և 23.09.2016 թվականին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք` «Դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին» կից միջնորդությամբ:

«Դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին» միջնորդությամբ Մարո Խաչատուրյանը բերել է հիմնավորումներ այն մասին, որ Վճռաբեկ դատարանի 20.07.2016 թվականի որոշման պատճենն ստացել է 19.09.2016 թվականին, և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու ժամկետի բացթողումը պայմանավորված է դատարանի վրիպակով, այն է` դատարանը որոշումն ուղարկել է այլ հասցեով, որը գործով որպես պատասխանող ներգրավված Հայկ Բաբուխանյանի ծանուցման հասցեն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը 12.10.2016 թվականին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` հետևյալ հիմնավորմամբ. «Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության... «:

Դատարանն այս որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դիմողները, վերադարձված վճռաբեկ բողոքն ստանալով 19.09.2016 թվականին, այդուհանդերձ, բողոքը կրկին Վճռաբեկ դատարան են ներկայացրել 23.09.2016 թվականին և չեն ներկայացրել որևէ հիմնավորում սեպտեմբերի 22-23-ն ընկած ժամանակահատվածը բաց թողնելու վերաբերյալ:

3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածներին:

Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերում ամրագրված են դատավարական ժամկետների որոշման չափորոշիչները, համաձայն որոնց` վերջիններս որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով: Ընդ որում, բոլոր ժամկետներին տրված է ընդհանուր մոտեցում` դրանց սկսման և ավարտման մասով: Բացի դրանից, օրենսդիրն առանձնացրել է «աշխատանքային օր» եզրույթը, ինչը բացառում է ոչ աշխատանքային օրերին որևէ դատավարական գործողություն կատարելը:

Ըստ դիմողի` օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում խնդիրներ են առաջանում սուբյեկտների համար, քանի որ դրանց հոսքի մեջ ժամանակագրային առումով կարող են ընդգրկվել ոչ աշխատանքային օրեր, որոնք անհնարին են դարձնում համապատասխան վարքագծի դրսևորումը: Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի ամրագրում «օրացուցային օր» եզրույթը, սակայն, փաստորեն, ժամկետները հաշվարկվում են այդ եզրույթի համատեքստում` իրավունքի հասցեատիրոջ համար առաջացնելով շփոթմունք և վարքագծի դրսևորման ոչ հստակություն:

Դիմողի կարծիքով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածները որոշակի չեն այնքանով, որքանով չեն ամրագրում օրերով հաշվարկվող ժամկետների հաշվարկի ընթացքը, չեն ընդգծում դրա հաշվարկը «օրացուցային օր» եզրույթին համապատասխան կատարելը, կանխատեսելի չեն սուբյեկտի համար և չեն ապահովում իրավունքի սուբյեկտի և իրավակիրառողի միատեսակ ընկալումը:

Դիմողն իր դիրքորոշումները հիմնավորելու համար վկայակոչում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումները, մասնավորապես արտահայտված ՍԴՈ-719, ՍԴՈ-1052 որոշումներում:

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկներին` գտնում է, որ «Վճռաբեկ վարույթի առաջացումը կախված է մի կողմից` անձի մոտ վճռաբեկ բողոքարկման իրավունքի առկայությունից, մյուս կողմից` այդ իրավունքի իրացման դատավարական օրենքով սահմանված կարգից: Բողոքարկման իրավունքի իրացման պայմաններից մեկը հենց բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելն է: Այս պայմանի բացակայությունը խոչընդոտում է վճռաբեկ վարույթի հարուցմանը, սակայն չի բացառում այն, քանի որ այն կարող է շտկվել համապատասխան հիմքերի առկայության դեպքում բողոքարկման համար սահմանված ժամկետի բաց թողնելը հարգելի ճանաչելու վերաբերյալ դատարան միջնորդության ներկայացմամբ, ինչը սույն գործով ոչ աշխատանքային օրը բաց թողնելու հետ կապված չի արվել»:

Պատասխանողի կարծիքով` ակնհայտ է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների իրավակարգավորումների պայմաններում օրերով հաշվարկվող ժամանակահատվածի դեպքում ոչ աշխատանքային օրերը չներառելու վերաբերյալ բացառություն սահմանված չլինելու դեպքում գործում է ընդհանուր կանոնը, այն է` «ոչ աշխատանքային օրերը ներառվում են սահմանված ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքի, երբ այդ ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա»: Այս առումով քննարկվող ձևակերպումներն օրենսգրքի վիճարկվող դրույթներում բավականաչափ հստակ են, և այս մասով խնդրո առարկա դրույթներն ամբողջությամբ համապատասխանում են իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, համապատասխան սուբյեկտների կողմից օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

Դիմողի դիտարկումն առ այն, որ տարով և ամսով որոշվող ժամկետի դեպքում ըստ էության խնդիր չի առաջանում, քանի որ հստակեցված են ժամկետի սկիզբը և ավարտը, որի դեպքում ժամկետի հոսքն անընդմեջ է, իսկ օրերով որոշվող ժամանակահատվածի դեպքում խնդիրներ են առաջանում ոչ աշխատանքային օրերի ներառման հարցում, ըստ պատասխանողի` քննադատության չի դիմանում, քանզի ըստ էության կարևոր չէ, թե որևէ դատավարական գործողության կատարման համար անհրաժեշտ ժամանակահատվածն ի՞նչ չափման միավորով է սահմանվում` ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով, թե՞ տարիներով, եթե հստակ սահմանված են տվյալ ժամանակահատվածի հոսքի սկիզբը և ավարտը, և բոլոր դեպքերում ժամկետի հոսքն անընդմեջ է, եթե օրենքը պատճառաբանված հիմքերի առկայության դեպքում հատուկ բացառություն չի սահմանում: Կոնկրետ դեպքում օրենքով հստակեցված են ինչպես տարով և ամիսներով, այնպես էլ օրերով հաշվարկվող ժամկետի սկիզբը և ավարտը:

Ըստ պատասխանողի` հիմնազուրկ է դիմողի պնդումն առ այն, որ դատավարական գործողությունների համար օրենքով սահմանված ամենակարճ ժամկետն օրենսգրքում եռօրյա ժամկետն է, հետևաբար` ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող սահմանել ավելի կարճ ժամկետ: Օրենքով որոշված կոնկրետ ժամկետների սահմանման համար օրենսդիրը նկատի է ունենում համապատասխան դատավարական գործողության համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածը: Դատարանները նույնպես որոշակի ժամկետ սահմանելու դեպքում պարտավոր են հաշվի առնել տվյալ դատավարական գործողության համար սովորական հանգամանքների պայմաններում բավարար ժամանակահատվածը: Օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանը լիազորված է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ մինչև մեկամսյա ժամկետ սահմանել ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Այս ժամկետը սահմանելիս վճռաբեկ դատարանը կարող է նաև, ի թիվս այլնի, հաշվի առնել սահմանվող ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի առկայությունը և ժամկետը սահմանել այդ հանգամանքի հաշվառմամբ:

Պատասխանողի կարծիքով` ոչ աշխատանքային օրերն օրերով հաշվարկվող ժամանակահատվածում ներառելու դեպքում անձի` դատարան դիմելու, արդարադատության մատչելիության, արդար դատաքննության իրավունքները վնասելու որևէ գործնական ռիսկ առկա չէ, հետևաբար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմողն ըստ էության վիճարկում է նորմի կիրառման իրավաչափությունը, պատասխանողը միջնորդում է կարճել գործի վարույթը:

5. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նախևառաջ արձանագրել, որ դիմողն իր իրավունքների ենթադրյալ խախտումն ըստ էության պայմանավորում է վիճարկվող դրույթներում իրավական անորոշության և օրենսդրական բացի առկայությամբ: Մասնավորապես, դիմողը վկայակոչում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համանման կանոնակարգումները, որտեղ, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, տարանջատված են «օր» և «օրացուցային օր» եզրույթները, և որտեղ նախատեսված է, որ օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը, իսկ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Բացի դրանից, ըստ դիմողի` պարզ չէ, թե քաղաքացիական դատավարության շրջանակներում «օր» եզրույթը ներառու՞մ է, արդյոք, ոչ աշխատանքային օրը, թե` ոչ:

Ելնելով վերոգրյալից, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալին.

- արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված օրերով հաշվարկվող ժամկետի որոշման կարգը համահունչ է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքին, և արդյո՞ք առաջանում է այնպիսի անորոշություն, որը թույլ չի տալիս անձին դրսևորելու համապատասխան վարքագիծ, և ինչի արդյունքում խախտվում են անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակներում դիմողն ըստ էության վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածներով նախատեսված` օրերով հաշվարկվող ժամկետների հաշվարկման կարգի սահմանադրականությունը: ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել վերոհիշյալ հոդվածների համապատասխան դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանն այդ համատեքստում:

6. Սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածն ամրագրում է ժամկետների հաշվարկի կարգը` նախատեսելով երկու իրավիճակ. առաջին` երբ դատավարական ժամկետը հաշվարկվում է ստույգ օրացուցային տարով, ամսով և ամսաթվով, երկրորդ` որոշակի ժամանակահատվածով: Ընդ որում, օրենսդիրը հիշյալ օրենսգրքով չի մանրամասնել «որոշակի ժամանակահատված» եզրույթի բովանդակությունը, սակայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով ամրագրել է, որ իրավական ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

Վերոգրյալ երկու իրավական ակտերի համադրված վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշակի ժամանակահատվածով որոշվող ժամկետը, ի թիվս այլնի, կարող է հաշվարկվել օրերով, որոնցում ներառվում են ոչ աշխատանքային օրերը: Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը, որն ամրագրում է` այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Այսինքն` «օր» եզրույթն ընդգրկում է նաև ոչ աշխատանքային օրը:

Բացի դրանից, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե օրենքով կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական ակտով սահմանված է ժամկետների հաշվարկման այլ կարգ, ապա տվյալ ակտով կարգավորվող իրավահարաբերությունների ժամանակ կիրառվում է այդ օրենքով կամ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական ակտով սահմանված ժամկետների հաշվարկման կարգը: Այսինքն` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածը թույլ է տալիս, պայմանավորված կոնկրետ իրավահարաբերության առանձնահատկություններով, կոնկրետ օրենսդրական ակտով նախատեսել ժամկետների, այդ թվում` դատավարական, հաշվարկման այլ կարգ:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում դատավարական ժամկետների հաշվարկման հատուկ կարգ, ինչպես դա արվել է, օրինակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը, իսկ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի` «Նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով»: Այսինքն, «օրեր» հասկացությունը հաշվարկման տեսանկյունից չի կարող տարբեր բովանդակություն ներառել, եթե կիրառվում է միևնույն իրավական ակտում:

Այդ առումով, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում ««օրեր» եզրույթը հաշվարկման տեսանկյունից կարող է ունենալ տարբեր բովանդակություն:

Վերոգրյալի հաշվառմամբ` Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չեն իրավական անորոշություն և օրենքի բաց, քանի որ, նախ` քաղաքացիական դատավարության շրջանակներում օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է, որ օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են նաև ոչ աշխատանքային օրերը, երկրորդ` քաղաքացիական դատավարության շրջանակներում օրենսդիրն անհրաժեշտ չի համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նմանությամբ նախատեսել որևէ հատուկ կանոնակարգում դատավարական ժամկետներում ոչ աշխատանքային օրերը չընդգրկելու վերաբերյալ: Այսինքն, ըստ օրենսդրի` քաղաքացիական դատավարության շրջանակներում դատավարական ժամկետի ընթացքը հոսում է անընդհատ` ներառելով ցանկացած օր` աշխատանքային, թե ոչ աշխատանքային:

7. Անդրադառնալով քաղաքացիական դատավարության շրջանակներում հաշվարկվող դատավարական ժամկետների մեջ ոչ աշխատանքային օրերը ներառելու և դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների համադրության հարցին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարության շրջանակներում դատավարական ժամկետների մեջ ոչ աշխատանքային օրերը ներառելը չի խոչընդոտում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման հնարավորությանը, քանի որ առկա են օրենսդրական երաշխիքներ: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Այսինքն` օրենսդրորեն անձին տրամադրվում է որոշակի ժամանակահատված թույլ տրված սխալներն ուղղելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Օրենսդրական մյուս երաշխիքի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածը նաև ամրագրում է, որ այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Սա ևս մեկ երաշխիք է դատավարական ժամկետների հաշվարկի արդյունավետ իրացման և անձի կողմից իր պարտականությունների իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 սեպտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1376

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.09.2017
N ՍԴՈ-1376
Որոշում