Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 41

 

55. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հավանություն տալ Երեխայի իրավունքների պաշտպանության 2018 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թ. սեպտեմբերի 28-ի նիստի

N 41 արձանագրային որոշման

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. «Երեխայի իրավունքների պաշտպանության 2018 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1256-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 44-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը և ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 30 արձանագրային որոշմամբ ամրագրված քաղաքականության հիմնական ուղղություններն ու նպատակները:

Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է երեխաների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացված քաղաքականությունն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովմանը, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (այսուհետ` հաստատություններ) խնամվող երեխաների կյանքի որակի բարելավմանը, ինչպես նաև հաստատություններում երեխաների թվի նվազեցմանը:

3. Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում ծրագրի նպատակն է`

1) երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը, երեխայի և նրա ընտանիքի գնահատված կարիքների բավարարումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից.

2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, երեխայի խնամքը ընտանեկանին առավել մոտ պայմաններում ապահովելը.

3) բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիք վերադարձի ապահովումը.

4) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպման և հասարակությանը ինտեգրման գործընթացի համակարգումը.

5) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, գնահատված կարիքների հիման վրա սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական գործնական աջակցության ցուցաբերումը.

6) հաստատություն երեխայի մուտքի կանխարգելումը այլընտրանքային ծառայությունների ցանցի, այդ թվում խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման միջոցով.

7) Հայաստանի Հանրապետությունում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի և բռնության երևույթի կանխարգելումը:

4. Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում ծրագրի խնդիրն է`

1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքների բավարարման, հաստատություններում շուրջօրյա խնամք ստացող երեխաների թվի նվազեցման և հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման սահմանափակ հնարավորությունները.

2) Խարբերդի մասնագիտացված մանկատան չափահաս սաների հաստատությունից դուրսբերման հնարավորությունների պակասը.

3) վերականգնողական ծառայությունների պակասը.

4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը.

5) բռնության ենթարկված երեխաների սոցիալական աջակցության ոչ բավարար հնարավորություններն ու մեխանիզմները:

5. Սոցիալական պաշտպանության ոլորտում «Երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրի» շրջանակում իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ»` նախարարության համակարգում գործում է երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) 6 հաստատություն (մանկատուն), որտեղ իրականացվում է 649 երեխայի շուրջօրյա լրիվ խնամքը: Մասնագիտացված մանկատներում խնամվում է ծանր սահմանափակ կարողություններ ունեցող` կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներով շուրջ 450 երեխա:

2) «ՀՀ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառումն իրականացվում է նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն` 2006 թվականից ՀՀ Լոռու մարզում, 2014 թվականից` նաև Շիրակի մարզում: Միջոցառումը նախատեսում է երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ հաստատություններից երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև կանխարգելել նրանց մուտքը հաստատություններ: 2014 թվականից նշված երկու մարզում (յուրաքանչյուրում` 50 երեխա) իրականացվող միջոցառման շրջանակում հաստատություններից յուրաքանչյուր տարի կենսաբանական ընտանիք է վերադառնում և կանխարգելվում է 100 երեխայի մուտքը հաստատություններ.

3) «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառումը սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառման բաղկացուցիչ մասն է կազմում:

ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերում իրականացվող սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր տարի 100 երեխայի ընտանիքների տրամադրվում է աջակցություն` սննդի զամբյուղ, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ և դասագրքեր, էներգետիկ ծառայությունների փոխհատուցում.

4) «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (մանկատների) շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն» միջոցառման շրջանակում իրականացվում է շրջանավարտների ուսումնասիրություն, նրանց կարիքների գնահատում, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, բժշկական օգնության տրամադրման աջակցություն, իրավական խորհրդատվություն և սոցիալ-հոգեբանական օգնություն:

2014 թվականից սույն միջոցառումն իրականացվում է Վանաձոր և Գավառ քաղաքներում` «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի 18-23 տարեկան շրջանավարտների համար: Միջոցառման նպատակն է ապահովել մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, ստեղծել բավարար պայմաններ հետագա կյանքի ինքնուրույն կազմակերպման և նրանց հասարակությանը ինտեգրելու համար:

5) «Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում» միջոցառման շրջանակում ներկայում նախարարության ենթակայությամբ գործող երեխաների սոցիալական հոգածության ցերեկային 3 կենտրոնի կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 6-18 տարեկան 300 երեխայի և նրանց ընտանիքներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ, հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային վերականգնման անհատական ծրագրի կազմման, դրանով նախատեսված միջոցառումների իրականացման, մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, արվեստի միջոցով թերապիա, օկուպացիոն թերապիա:

6) «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 6-18 տարեկան շուրջ 500 երեխա խնամվում է երեխաների խնամքի գիշերօթիկ 6 հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը տարանջատվում է կրթությունից և կազմակերպվում է հանրակրթական դպրոցներում` երեխային հասարակությանն ինտեգրելու նպատակով:

7) «Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ» միջոցառման շրջանակում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքների 4 կենտրոնում ծառայություններ են տրամադրվում նշված համայնքների հատուկ կարիքներով, հաշմանդամ, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրներ ունեցող երեխաների: Կենտրոնների ծառայություններից օգտվում է շուրջ 250 երեխա:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է նախարարության համաֆինանսավորմամբ: Նշված կենտրոնների 84 աշխատակցի աշխատավարձ է տրամադրվում ՀՀ պետական բյուջեից:

8) «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» միջոցառումն ուղղված է Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի կանխարգելմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովմանը, որի շրջանակում նախարարության և «ԱՄՔՈՐ» Հայաստան միջազգային բարեգործական հիմնադրամ կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր տարի թրաֆիքինգի զոհերին, այդ թվում` երեխաներին (8 անձի) տրամադրվում են սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ:

9) «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ» միջոցառման շրջանակում «Երևանի երեխաների «Զատիկ» սոցիալական աջակցության կենտրոնի» կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 17 երեխայի տրամադրվում է մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք` մինչև նրան կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ խնամքը այլընտրանքային որևէ տեսակով ապահովումը:

10) «Հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N 92 և Ստեփանավան քաղաքի N 5 ներառական մանկապարտեզներում» միջոցառումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման: Սահմանված կարգով և նախատեսված միջոցների շրջանակներում «Արաբկիր» Միացյալ Մանկական Բարեգործական Հիմնադրամ բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N 92 ներառական մանկապարտեզի 18 աշխատակցի միջոցով իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, այդ թվում` մտավոր և ֆիզիկական զարգացման ծանր խանգարումներ ունեցող մինչև 6 տարեկան երեխաների վաղ միջամտությունը, մասնավորապես, ինքնասպասարկման և հաղորդակցման հմտությունների զարգացումը, ինտեգրումն ու կյանքի որակի բարելավումը, մտավոր և ֆիզիկական զարգացման ծանր խանգարումներով երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական և հոգեբանական խնդիրների թեթևացումը: Կազմակերպության կողմից հիմնված ցերեկային խնամքի կենտրոնի շահառու է 24 երեխա: Միջոցառումն իրականացվում է նախարարության համաֆինանսավորմամբ, որի միջոցով 18 աշխատակցի տրամադրվում է աշխատավարձ: 2017 թվականից միջոցառումը նախատեսվում էր իրականացնել նաև Ստեփանավան քաղաքի N 5 ներառական մանկապարտեզում, սակայն շինարարական աշխատանքներն ավարտված չլինելու պատճառով դեռևս պայմանագիր չի կնքվել.

11) «Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ» միջոցառումը հատկապես կարևոր է շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաների թվի և նշյալ հաստատություններ նրանց մուտքի կանխարգելման, սոցիալական պաշտպանության և աջակցության միջոցով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման տեսանկյունից: 2016 թվականին Երևանի թիվ 2 խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը վերակազմավորվեց երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի, որը խնամք և սոցիալական այլ ծառայություններ է տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 150 երեխայի և նրանց ընտանիքներին: Կենտրոնի ծառայություններից հատկապես կարևոր նշանակություն ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայությունները, որոնք տրամադրվում են յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների հիման վրա կազմված զարգացման ծրագրերին համապատասխան: Ներկայում շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումների շրջանակներում նախատեսվում է հիմնադրամների տեսքով նման կենտրոններ ստեղծել նաև այլ մարզերում:

12) «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում մանկատներում խնամվող 7-18 տարեկան դպրոցահասակ երեխաներին տրամադրվում է մանր ծախսերի համար նախատեսված գումար (գրպանի գումար):

13) «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում» միջոցառման շրջանակում մանկատների շրջանավարտներին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն:

14) «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում երեխայի կենսաբանական ընտանիքում ապրելու անհնարինության դեպքում, որպես այլընտրանքային ծառայություն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվում է խնամատար ընտանիքում: Ներկայումս 21 խնամատար ընտանիքում խնամվում է 25 երեխա:

2008 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում է «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման» ծրագիրը, որի շրջանակներում մինչ այժմ յուրաքանչյուր տարի նախատեսվում էր խնամատար ընտանիքներում կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած 25 երեխայի խնամքը: Երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է 2018 թվականին զգալիորեն ավելացնել խնամատար ընտանիքների թիվը:

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը, որով սահմանվել են խնամատար ընտանիքների տեսակներն ու ձևերը: Այն նպատակ ունի բարձրացնել խնամատար ընտանիքների ներդրման գործընթացի արդյունավետությունը և խնամատար ընտանիքներում ապահովել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպումը:

15) «Մարդկանց թրաֆիքինգի և/կամ շահագործման զոհերին միանվագ դրամական փոխհատուցման տրամադրում» պետական ծրագրի նպատակն է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու ընթացքում անձի կրած վնասների մասնակի փոխհատուցումը:

Դրամական փոխհատուցման իրավունքը տարածվում է այն անձանց վրա, ովքեր զոհ են ճանաչվել ՀՀ վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի N 835-Ա որոշմամբ ստեղծված Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը գործում է 2015 թվականի նոյեմբերի 25-ից:

2017 թվականին ծրագրի շահառու է հանդիսանում յոթ զոհ: Քանի որ անհնար է կանխատեսել միտումները, միանվագ դրամական փոխհատուցման միջոցները հաշվարկվում են` հիմք ընդունելով նախորդ տարվա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց փաստացի քանակական տվյալները:

6. Ներկայում իրականացվող ոլորտային բարեփոխումների շրջանակներում երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման, մանկատների բեռնաթափման և այդ հաստատություններ մուտքի կանխարգելման գործընթացին նպաստելու նպատակով հատկապես կարևոր է նոր այլընտրանքային ծառայությունների համակարգի հզորացումը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել երեխաների հետագա խնամքը կենսաբանական և փոխարինող ընտանիքներում (խնամակալի, հոգաբարձուի, խնամատար ծնողի), իսկ դրա անհնարինության դեպքում` ընտանեկան տիպի փոքր տներում:

Վերոնշյալ գործընթացներով պայմանավորված` ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 112-րդ և 119-րդ կետերի համաձայն` նախարարության համակարգի երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունները վերակազմավորման ձևով կվերակազմակերպվեն երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների: Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերն արդեն իսկ մշակվել և ներկայացվել են ՀՀ կառավարություն:

Վերակազմավորված հաստատությունների հիմնական նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքների` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին` ըստ գնահատված կարիքների, կտրամադրվեն մասնագիտական ծառայություններ, այդ թվում` աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին:

Հաստատությունների վերակազմավորման գործընթացի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները կուղղվեն նաև խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ընտանեկան տիպի փոքր տների ստեղծմանը, ինչպես նաև հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման վերաբերյալ համապատասխան ծրագրերի իրականացմանը:

7. Ընտանեկան տիպի փոքր տունը կտրամադրի մանկատան նույն ծառայությունները, սակայն այլ մեթոդաբանությամբ: Ծառայություններ կմատուցվեն բազմասենյակ բնակարանում կամ առանձնատանը` ընտանեկանին մոտ միջավայրում` տասից ոչ ավելի երեխաների, որոնք կմասնակցեն կենցաղավարմանը, իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը: Ավելին, ծառայության այս տեսակը թույլ կտա մասնագիտական և անհատական մոտեցում ցուցաբերել երեխաների կարիքներին, ինչպես նաև հնարավորինս կապահովի երեխայի կապը իր հարազատ համայնքի հետ: Նրանց համար փոքր տունը կդառնա ընտանիքի մոդել, որտեղ ի թիվս խնամքի, երեխաները կսովորեն կենցաղավարություն, ինքնուրույնություն և պատրաստ կլինեն ինքնուրույն կյանքի: Ըստ երեխայի գնահատված կարիքի, հնարավոր կլինի տրամադրել նաև մասնագիտացված խնամքի ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

8. Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման միասնական համակարգի ներդրման գործընթացի շրջանակում ընդունվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի N 121-Ա/1 հրամանը, համաձայն այդ հրամանով հաստատված ծրագրերի ցանկի և ժամանակացույցի` մշակվել են երեխաների հիմնահարցերի ոլորտի` 11 ծրագրի տեղեկանքները, մոնիթորինգային անձնագրերը և ցուցանիշները, հստակեցվել են տվյալների ստացման աղբյուրները: Ընթացքի մեջ են տեղեկատվության հավաքագրման աշխատանքները:

9. Նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2017 թվականին իրականացվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների 181 մասնագետի վերապատրաստում: Այդ թվում վերապատրաստվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներ: Դասընթացներն իրականացվել են «Անչափահասների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության հիմնախնդիրները», Հաշմանդամ երեխաների սոցիալական ներառումը» թեմաներով: Դասընթացներին ներգրավվել են «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Գյումրու «Երեխաների տուն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» և «Ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև ՍՕՍ մանկական գյուղերի «Կոտայքի» մասնաճյուղի մանկական նյարդաբաններ, հոգեբանների մասնագիտական խումբ, արտ.թերապևտներ, մարզիչ մանկավարժներ, բժիշկ-վերականգնողաբաններ, պարաթերապիստ, ինչպես նաև տնօրեններ, փոխտնօրեններ, ազգագրագետներ, դաստիարակներ, ծրագրերի ղեկավարներ: Դասընթացի ավարտից հետո մասնագետները ստացել են պետական հավաստագրեր:

10. Առողջապահության ոլորտում` մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները կարևորված են ազգային մակարդակում և որպես գերակայություն արտացոլված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում:

11. Առողջապահության ոլորտում Տարեկան ծրագրի նպատակը և խնդիրները

Ծրագրի նպատակն է` երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում, առողջ աճի և զարգացման ապահովում, պատվաստումներով ընդգրկվածության բարձր մակարդակի պահպանում և հիվանդությունների կանխարգելում, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում, հաշմանդամության կանխարգելում:

Ծրագրի խնդիրն է`

ա. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով` Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով, որն իր մեջ ներառում է տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը.

բ. հիվանդանոցային բուժօգնության գծով` Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական իրականացումը, ներառյալ մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը.

գ. վերականգնողական-առողջարանային բուժման գծով` սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան քրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:

12. 2011 թվականին հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց և շարունակվում է իրականացվել երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը, որի ներդրման արդյունքում արձանագրվեցին երեխաների առողջության և մահացության մի շարք առանցքային ցուցանիշների բարելավում:

Երեխաների բուժօգնության ոլորտում արձանագրված առաջընթացի շնորհիվ վերջին տարիների ընթացքում գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների մահացության կայուն կրճատում: Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների` մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 2015թ. կազմել է 10,4%` կրճատվելով շուրջ 56%, նպատակային` 66%-ի փոխարեն, ինչը վկայում է, որ բավականին մոտ լինելով Հազարամյակի թիրախային ցուցանիշին, այնուամենայնիվ այն հաղթահարված չէ: Սակայն ըստ ԱՀԿ-ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գնահատականի` մինչև 5 տարեկան երեխաների մահացության հաշվարկային ցուցանիշը այլ է (2015 թվականին` 14,2%) և կրճատվել է 71%-ով, նպատակային` 66%-ի փոխարեն, ինչը փաստում է, որ Հայաստանը հաղթահարել է Հազարամյակի զարգացման 4-րդ նպատակը:

13. Հանրապետության մարզերում ընդլայնվել են երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական ծառայությունները: Այս ոլորտում ունեցած վերջին ձեռքբերումներից են` զարգացման խանգարումներով և հաշմանդամ երեխաներին սպասարկող ծառայությունների ցանցի ընդլայնումը, համայնքային ինտեգրված ծառայությունների մոդելի ներդրումը, նորածնային սկրինինգ ծրագրերի ընդլայնումը թե՛ աշխարհագրական ընդգրկվածության, թե՛ ֆինանսական ծավալների մեծացման առումով:

Շարունակում են իրականացվել և ընդլայնվել երեխաների մահացության, հիվանդացության և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում ֆենիլկետոնուրիայի, հիպոթիրեոզի, անհասության ռետինոպաթիայի և լսողության նորածնային սկրինինգի իրականացման ծրագրերը, որոնք թույլ են տալիս դեռ վաղ հասակից ձեռնարկել միջոցառումներ այս երեխաների բուժման ուղղությամբ և կանխարգելել դրանցով պայմանավորված հաշմանդամությունը: Շարունակաբար իրականացվում են ծրագրեր` աղջիկների վերարտադրողական առողջության գնահատման ու բուժման ուղղությամբ: Խրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման շրջանակներում հաշմանդամ երեխաները ստացել և շարունակում են ստանալ վերականգնողական բուժում ինչպես ամբուլատոր և հիվանդանոցային, այնպես էլ առողջարանային պայմաններում: Կարևորվում է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության, սնուցման, ռիսկային վարքագծի, սեռական և վերարտադրողական առողջության, ֆիզիկական և հոգեկան առողջությանը վերաբերվող վարքագծի ուսումնասիրման և բարելավման անհրաժեշտությունը:

14. Իրականացվել է երեխաների սնուցման բարելավմանն ուղղված մեծածավալ քարոզչական նախաձեռնություն, որի շրջանակներում նշանակվել են իրազեկման նյութեր, նկարահանվել տեսաֆիլմեր, բոլոր մարզերում ստեղծվել ռեսուրսային կենտրոններ և վերապատրաաստվել բուժաշխատողներ:

15. Աշխատանքներ են կատարվել խրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների բուժսպասարկման բարելավման ուղղությամբ, մասնավորապես Դիաբետով հիվանդ խրոնիկ հիվանդ երեխաների բուժօգնության և կյանքի որակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների 2015-2019 թթ ծրագիրը` դրանից բխող միջոցառումներով:

Չնայած այդ ձեռքբերումներին, եվրոպական երկրների համեմատ, ոլորտում դեռևս մտահոգիչ են մանկական և 0-5 տարեկան երեխաների մահացության հարաբերականորեն բարձր մակարդակը և դրանց իջեցման տեմպերի նվազումը, ըստ աղքատության մակարդակի և մայրերի կրթական ցենզի ՄՄ ցուցանիշների զգալի անհավասարությունների պահպանումը, մանկական մահացության կառուցվածքում նորածնային մահացության և պերինատալ պատճառներից երեխաների մահացության բարձր տեսակարար կշիռը, հետնորածնային մահացության աճի միտումը:

16. Մանկական բնակչության շրջանում մի շարք հիվանդություններով տառապող երեխաներ, ներառյալ ուռուցքային հիվանդությունները, նյարդամկանային ախտահարումները, մանկական ուղեղային կաթվածի ծանր ձևերը, ծանր գանգուղեղային և ողնուղեղային տրավմաների հետևանքները, զարգացման ծանր` անդառնալի բնույթ ունեցող խանգարումները, բնածին և ժառանգական հիվանդությունները (զարգացման բազմակի անոմալիաներ) և այլն, պալիատիվ խնամքի և բուժօգնության կարիք ունեն, մինչդեռ բացակայում է երեխաների պալիատիվ օգնության խնդրի շուրջ որևէ ծրագիր, թերի են տրամադրվող օգնության մեխանիզմները:

17. Վերոհիշյալ և բազմաթիվ այլ հարցերի լուծումները քայլ առ քայլ կտրվեն 2018 թվականի ընթացքում և շարունակական:

18. Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակը յուրաքանչյուր քաղաքացու իր հակումներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն ստանալու ապահովումն է: Երեխայի հիմնական իրավունքներից է կրթության իրավունքը: Միջնակարգ կրթությունը Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում անվճար է: 1999 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» (ՀՕ-297) Հայաստանի Հանրապետության օրենքը, որը հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Համաձայն այս օրենքի` Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները սահմանվում են օրենքով:

19. Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում կրթության ոլորտում սահմանվել են հետևյալ խնդիրները`

1) նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածության ոչ բավարար մակարդակը, շատ համայնքներում նախադպրոցական կրթական ծառայությունների բացակայությունը.

2) հանրակրթական դպրոցների սահմանափակ կարողությունները` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման գործում.

3) դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգի թերի լինելը.

4) կրթության մեջ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը մեծացնելը, ինչպես նաև նրանց` իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունները ընդլայնելը.

5) սովորողների շրջանում քաղաքացիական գիտակցության բարձրացումը, որոշումների կայացմանը երեխաների մասնակցության ընդլայնումը, ինչպես նաև սեռով պայմանավորված կարծրատիպերի հաղթահարումը.

6) երեխաների ազատ ժամանցի ու հանգստի կազմակերպման համար տրամադրվող սահմանափակ պետական հատկացումները, ինչի արդյունքում այդ ծառայությունները շատերի համար դառնում են անհասանելի:

20. Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում նկատվում է առաջընթաց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր հանրակրթական դպրոցներում ներգրավելու գործում:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ողջ հանրապետության տարածքում` հանրակրթության համակարգում, անցում կատարել համընդհանուր ներառական կրթության` կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում` հանրակրթական դպրոցում, ինչպես նաև տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել երեխային առանց ընտանիքից անջատելու` ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում:

21. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, 2016 թվականի փետրվարին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Համաձայն նշված ժամանակացույցի, հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը սկսվել է 2016 թվականին` ՀՀ Սյունիքի մարզից: Ընդ որում, յուրաքանչյուր մարզում, հատուկ դպրոցների վերակազմակերպմանը զուգահեռ, կիրականացվեն.

1) նոր ձևավորված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հանրակրթական դպրոցների ղեկավար ու մանկավարժական աշխատողների վերապատրաստում,

2) սովորողների տեղափոխում հանրակրթական դպրոց.

3) հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի կիրառում` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների և ուսուցչի օգնականի հաստիքի ներդրում:

22. Վերակազմակերպման արդյունքում արդեն իսկ ձևավորվել են չորս տարածքային և մեկ հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ: 2017 թվականին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ կձևավորվեն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում, իսկ 2018 թվականին գործընթացը կշարունակվի ՀՀ Արմավիրի մարզում:

23. Նախադպրոցական կրթության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը: Ոլորտին աջակցելու և ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով հատկացվել են միջոցներ` ծախսարդյունավետ մոդելների կիրառմամբ փորձնական ծրագիր իրականացնելու համար: ՀԲ ֆինանսավորմամբ իրականացվում է նոր` «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակում 2017 թվականին կշարունակվեն ծախսարդյունավետ նախադպրոցական ծառայությունների ներդրման միկրոծրագրերը` դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Այս ծրագրի շրջանակում 2017 թվականին դրամաշնորհներ կհատկացվեն հանրապետության չորս մարզի նախադպրոցական ծրագիր իրականացնող 23 հաստատության, ինչի արդյունքում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ կընդգրկվի շուրջ 550 երեխա:

Նախադպրոցական ծրագրերի (բացառությամբ Երևանում իրականացվելիք ծրագրերի) շարունակականության ապահովման համար հետագա տարիներին ևս ընթացիկ ծախսերը կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նշված նպատակով նախատեսվել է 746.8 մլն դրամ` 6.3 հազար երեխայի կրթության գծով): Նախադպրոցական կրթության գծով ծախսերում ներառված են նաև դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաներին սննդով ապահովման գծով գումարները` համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 749-Ն որոշման:

24. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրերում ներառված են հանդուրժողականության, մարդու իրավունքների, ռասսայական խտրականության, ազգային փոքրամասնությունների պատմության և մշակույթի մասին թեմաներ: Հանրակրթական դպրոցի 2-4-րդ դասարաններում ներդրված է «Ես և շրջակա աշխարհը» առարկան, որի նպատակն է ընդլայնել երեխաների պատկերացումները և գիտելիքները շրջակա աշխարհի վերաբերյալ, զարգացնել նրանց մոտ կյանքի հմտություններ և կարողություններ: Հանրակրթական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչում և ծրագրում ընդգրկված են մարդու հիմնարար իրավունքներին, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, բռնության վերացմանը, հանդուրժողականությանը և քաղաքացիական հասարակությանը վերաբերող թեմատիկ միավորներ:

25. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ մշակվել և ներդրվել է ուսուցչի (դասղեկի) ձեռնարկը տարրական դպրոցում` «Հանդուրժողականության ուսուցում», հիմնական դպրոցում` «Բազմազանություն և հանդուրժողականություն», ավագ դպրոցում «Արժանապատվություն և հանդուրժողականություն» անվանումներով: Ծրագիրն աշակերտներին ուսուցանում է հանդուրժողականություն, ժողովրդավարություն, համագործակցություն, նպաստում է կոնֆլիկտների լուծմանը և այլն:

26. Ամառային ճամբարներում ու հանգստյան տներում կկազմակերպվի սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 4800 երեխայի ամառային հանգիստը:

27. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ կրթություն ապահովելու նպատակով 2017 թվականին վերահրատարակվել է «Եզդիերեն լեզվի այբբենարան» դասագիրքը, ինչպես նաև հրատարակվել են «Եզդիերեն» (6-8-րդ դասարաններ) և «Եզդի գրականություն» (8-10-րդ դասարաններ) դասագրքերը: Միաժամանակ հաստատվել է նախորդ տարիներին հրատարակված և 2017-2018 ուստարվա համար գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը, որում ներառված են նաև ասորերենի և քրդերենի ուսուցման դասագրքերը` տարբեր դասարանների համար:

Նշված բոլոր ուղղություններով աշխատանքները կշարունակվեն նաև 2018 թվականին:

28. Մշակույթի ոլորտում ՀՀ մշակույթի նախարարությունը երեխաների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով ղեկավարվել է 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.5» բաժնի ուղղություններով, 2014 թվականի մարտի 27-ի 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թթ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի դրույթներով:

Մշակութային քաղաքականությունն արտացոլում է մշակույթի և արվեստի բնագավառում քաղաքացու և մարդու` մշակութային կյանքին մասնակցության, մշակութային և ստեղծագործական գործունեության իրականացման, մշակութային արժեքներին հաղորդակցման, գեղարվեստական կրթություն ստանալու և այդ կրթության ձևերն ու միջոցները ընտրելու հնարավորության իրավունքներն ու ազատությունները:

29. Անհատի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում` մշակութային կրթության մատչելիության և որակի ապահովում

1) Գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշմամբ հաստատվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային նվագարանների գծով ուսուցում ծրագիրը», որի իրականացման ընթացքում բազմաթիվ դպրոցներում վերաբացվեցին ազգային նվագարանների բաժիններ: Ազգային նվագարանների ուսման վարձավճարների փոխհատուցումը հնարավորություն տվեց ապահովել ուսուցման մատչելիությունն ու վտանգված շատ մասնագիտությունների դասավանդումը: ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 16-ի N 529-Ն որոշմամբ ծրագրի շրջանակները ընդլայնվեցին` ներառելով նաև լարային և փողային նվագարանները:

2) 2013 թ. գործընթացը համալրվեց «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» (2013-2016 թվականներին համապատասխանաբար ձեռք է բերվել և շնորհալի երեխաներին տրամադրվել 312 երաժշտական գործիք) և «Շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագրերով»: Ծրագրերը նպատակաուղղված են երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող երեխաների մասնագիտական ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը և ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

3) ՀՀ մարզերում ուսումնամեթոդական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման, ուսուցման մատչելիության և որակի բարձրացման ապահովման նպատակով 2009 թվականին 10 մարզերում և Երևանում գործում են 33 հենակետային դպրոցներ` յուրաքանչյուր մարզում 3-ական (մեկական երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոց): Հենակետային դպրոցներում կազմակերպվում են մեթոդական աշխատանքներ` նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ներդրման, խորհրդատվական, առաջավոր փորձի փոխանակման աշխատանքներ, վարպետության և վերապատրաստման դասընթացներ: 2008 թվականին միջոցներ են հատկացվում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքների իրականացման, ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման համար: Հրատարակված գրականությունն անվճար տրամադրվում է հանրապետության բոլոր համայնքների երաժշտական և արվեստի դպրոցներին:

30. Հանգստի և ժամանցի կազմակերպմանն ուղղված ծրագրերի իրականացում` երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ կազմակերպելու համար իրականացվել են`

1) «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը, որը նպատակաուղղված է երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը, դասական երաժշտության, ժողովրդական արվեստի, գեղանկարչության, թատրոնի հետ հաղորդակցմանը:

2) Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտների համար մշակութային հաստատություններ այցելությունների աբոնեմենտային ծրագիրը (պիլոտային) նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին և սովորողներին արվեստին հաղորդակցվելու մատչելիության ապահովմանը, երեխաների հոգևոր-մշակութային, գեղագիտական դաստիարակության նպատակային ուղղորդմանը:

3) «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը, որն ուղղված է շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու խթանմանը:

4) «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը: Ծրագիրը շարունակական է և իրականացվում է 2008 թվականից:

31. Պատանի ստեղծագործողների համար հանրապետական ու միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում

1) Կատարողական արվեստում պատանի երաժիշտների կարողությունների զարգացման ու խթանման նպատակով իրականացվում է «Վերածնունդ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնը (Գյումրի):

2) Մանկապատանեկան կինոյի զարգացման նպատակով իրականացվում է մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» միջազգային փառատոնը:

3) Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով իրականացվում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական փառատոնը:

4) Մասնագիտական կարողությունների ու զարգացման ու կատարելագործման նպատակով ապահովվում է շնորհալի երեխաների մասնակցությունը մի շարք միջազգային մրցույթների ու փառատոների:

32. Սոցիալապես անապահով և հատուկ կարիքներով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում պետական աջակցություն

1) ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 614 երեխաներ ստանում են արվեստի և արհեստների անվճար ուսուցում: Կենտրոնի կողմից երեխաներին անվճար տրամադրվում են նյութեր, գործիքներ, իսկ դասընթացի ավարտից հետո` վկայականներ: Կազմակերպվում են նաև համերգներ, ցուցահանդեսներ:

2) Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու ժամանակակից աշխարհում նրանց առավել ամբողջական ինտեգրման խթանման նպատակով իրականացվում է «Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ փառատոնը»:

33. Մանկական մուլտֆիլմերի նկարահանում

Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը: Տարեկան պետական աջակցությամբ երեխաների համար նկարահանվում է 4-5 մուլտֆիլմ:

34. Մշակույթի ոլորտում տարեկան ծրագրի նպատակներն ու խնդիրները

Ծրագրի նպատակն է`

ա. երեխաների մշակութային մասնագիտական ուսուցմանը և գեղագիտական դաստիարակությանը նպաստող ծրագրերի իրականացումը.

բ. երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպումը.

գ. երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումը և խթանումը.

դ. արվեստի և մշակույթի ոլորտներում բազմակողմանի և մասնագիտական գիտելիքների ուսուցանումը.

ե. արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավումը.

զ. մանկապատանեկան կինոյի, թատրոնի գործունեության զարգացման խթանումը.

է. երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցման նպաստումը.

ը. երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովումը:

Ծրագրի խնդիրն է`

ա. գեղարվեստական կրթության մատչելիության ապահովումը` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ,

բ. գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովումը` երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ,

գ. ուսուցման մատչելիության ապահովումը արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում, մասնավորապես` սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած մշակութային կրթության ապահովմամբ,

դ. երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը` նպատակային ծրագրերի իրականացմամբ,

ե. ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցումը` մշակութային միջոցառումների և գիտաճանաչողական ուղևորությունների իրականացմամբ,

զ. շնորհալի երեխաների ու երիտասարդների բացահայտում, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովումը` մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, վարպետության դասերի և այլ միջոցառումների կազմակերպմամբ:

Ակնկալվող արդյունքը`

ա. ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարների փոխհատուցումը նպատակաուղղված է գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի հետագա մասնագետներով համալրմանը:

բ. «Մշակութային կրթության աջակցման հիմնադրամի» կողմից մեթոդական աշխատանքների կազմակերպումը նպաստում է գեղարվեստական կրթական հաստատություններում ուսուցման որակի բարձրացմանը, կրթական նոր մեթոդների ներդրմանը, փորձի փոխանակմանը, վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, ժամանակակից դասագրքերով համալրմանը, վարպետության դասերի միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

գ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում գիշերօթիկ, հատուկ դպրոցներում իրականացվում է հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաների արվեստների և արհեստների ուսուցում:

դ. «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը:

ե. «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացմամբ ապահովվում է ՀՀ բոլոր մարզերի շնորհալի երեխաների ստեղծագործական աշխատանքների ներկայացումը (համերգ, ցուցահանդես):

զ. Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, մանուկների ու պատանիների հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը:

Ռազմավարություն`

ա. Երաժշտական և արվեստի դպրոցներին պետական աջակցության ցուցաբերման շարունակականության ապահովում.

բ. Արվեստի տարբեր ոլորտներում նպատակային ծրագրերի իրականացում.

գ. Միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների մասնակցության նպատակով պատանի շնորհալի ստեղծագործողներին պետական աջակցության ցուցաբերման շարունակականության ապահովում

դ. Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի գործունեության ապահովում և հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրման խնդրին ուղղված նպատակային ծրագրերի մշակում.

ե. Մշակութային ծրագրերի իրականացման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում:

35. Արդարադատության ոլորտում` Հայաստանի Հանրապետությունում անչափահասների գործերով իրականացվող աշխատանքներն ուղղված են ոլորտում արդյունավետության բարձրացմանը, բարեփոխումների խթանմանը:

1) Ազատազրկված անչափահասների հանրակրթության իրականացում միջոցառման նպատակն է ազատությունից զրկված անչափահասների հիմնական կրթության իրավունքի ապահովումը: Ներկայում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում որևէ ուսումնական հաստատության կողմից հանրակրթություն չի ապահովվում: Սույն միջոցառումը նախատեսում է հանրակրթության իրականացում կալանավորված և դատապարտված անչափահասների համար.

2) Իրավախախտ անչափահասների գեղագիտական դաստիարակության, կրթամշակութային ծրագրերի իրականացում` սույն միջոցառումը նախատեսում է իրավախախտ անչափահասների գեղագիտական և մշակութային ուսուցում` ուղղված նրանց մտավոր և գեղագիտական զարգացման, ստեղծագործական կյանքին մասնակցելու իրավունքի ապահովմանը: Հաշվի առնելով նաև մշակույթի դերը անձի զարգացման և վերասոցիալականացման գործում, սույն դասընթացները կնպաստեն հետագա իրավախախտումների բացառմանը: Միջոցառման շրջանակում կիրականացվեն արտադպրոցական դաստիարակության և մշակութային ուսուցման դասընթացներ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, պրոբացիայի անչափահաս շահառուների և պատժից ազատված անչափահասների համար.

3) Պրոբացիայի պետական ծառայության անչափահաս շահառուների վերասոցիալականացման ծրագրերի մշակում` սույն միջոցառման շրջանակում նախատեսվում է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում անչափահաս շահառուների վերասոցիալականացման ծրագրերի մշակում և իրականացում: Հաշվի առնելով կրկնահանցավորության կանխարգելման և երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ուսումնասիրված միջազգային փորձը` վերասոցիալականացման ծրագրերը ներառելու են հոգեբանական, սոցիալական աշխատանքի վրա հիմնված դասընթացներ, անհատական և խմբային աշխատանքներ.

4) Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության շարունակականության ապահովում` սույն միջոցառումը նախատեսում է անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության արդյունավետության ապահովումը` ոլորտի հիմնախնդիրների համակարգված և համագործակցային մոտեցման, օրենսդրական բարեփոխումների շրջանակում երեխաների լավագույն շահի ապահովման նպատակով: Միջոցառման շրջանակում նախատեսվում է խորհրդի նիստերի կազմակերպում, համատեղ ծրագրերի իրականացում, իրավական ակտերի վերլուծություն, հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացում.

5) Իրավախախտ, տուժող, վկա անչափահասների իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային օրենսդրության և դրանց կիրառման ընթացակարգերի համեմատական ուսումնասիրություն` սույն միջոցառումը նախատեսում է իրավախախտ, տուժող և վկա անչափահասների շահերի և իրավունքների պաշտպանության առաջարկությունների մշակում երեխաների իրավունքների ապահովման հիմնարար դրույթները ներառելու, դրանցից բխող պաշտպանության միջոցներ և մեխանիզմներ, նախատեսելու նպատակով: Ծրագրի շրջանակում կիրականացվի օրենսդրության համեմատական վերլուծություն, կուսումնասիրվի տուժողների պաշտպանության արդի հայեցակարգերը և համապատասխան միջազգային փորձը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրության «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի Կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցման գործընթացի շարունակում միջոցառման նպատակն է ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման կարգը համապատասխանեցնել Հաագայի 1993 թվականի «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) պահանջներին: Ներկայում որդեգրվող Կենտրոնական մարմնի կողմից, որպես որդեգրող հաշվառված բոլոր օտարերկրացիների համար, երեխաների տվյալները հասանելի են: Նշված կարգավորումը չի համապատասխանում կոնվենցիայի սկզբունքներին, իսկ Կենտրոնական մարմնի կողմից չեն համադրվում երեխայի և որդեգրողների տվյալները: Բարեփոխումների նպատակն է Կոնվենցիայի 16-րդ հոդվածին համապատասխան նախատեսել երեխա-որդեգրող համադրման կարգ, որը կիրականացվի մասնագիտական աշխատանքային խմբի կողմից: Միաժամանակ, միջոցառումները նպատակ են հետապնդում վերանայել որդեգրման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության, որդեգրվող երեխաների մասին տվյալների տրամադրման, Կոնվենցիային անդամակցող պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության կարգը և ժամկետները.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանեցում «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի Կոնվենցիայի պահանջներին:

Ներկայում Կենտրոնական մարմինը, կոնվենցիայի շրջանակներում ներկայացված դիմումների քննարկման ընթացքում, ղեկավարվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, ինչի հետևանքով բախվում է կայացված որոշումը կատարելու (հարկադրանքի կիրառում), գործի քննարկման և բողոքարկման համար նախատեսված ժամկետները պահպանելու և այլ խնդիրների հետ: Նախատեսվող բարեփոխումները նպատակ են հետապնդում վերանայել դիմումները քննարկող մարմինների իրավասությունների շրջանակը` ներգրավելով դատական մարմիններին, տարանջատել դատարանների և Կենտրոնական մարմնի լիազորությունները, կրճատել վարույթի իրականացման ժամկետները և բողոքարկման կարգը` համապատասխանեցնելով կոնվենցիայի պահանջներին:

36. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունն անչափահասներին հանցավոր ոտնձգություններից զերծ պահելու, նրանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներում առաջնային է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության դերը: Վերջին տարիների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բազմաբնույթ կանխարգելիչ միջոցառումները նպաստել են անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների նվազմանը /2014 թվականին` 389 հանցագործության դեպք, 2015 թվականին` 385 հանցագործության դեպք, 2016 թվականին` 375 հանցագործության դեպք/:

37. Մինչդեռ, դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնք պահանջում են համապատասխան լուծումներ:

12-18 տարեկան իգական սեռի հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների համար Հայաստանի Հանրապետությունում վերականգնողական կենտրոնի /այսուհետ` իգական սեռի վերականգնողական կենտրոն/ ստեղծումը:

Վերջին տարիների ընթացքում նկատվում է ինչպես հանցագործություններ կատարած (2014 թվականին` 17, 2015 թվականին` 27, 2016 թվականին` 34/, այնպես էլ տարբեր իրավախախտումներ կատարելու համար ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումներում հաշվառված իգական սեռի անչափահասների թվի աճ /2014 թվականին` 60, 2015 թվականին 81, 2016 թվականին` 94): Միաժամանակ պետք է նշել, որ ՀՀ ոստիկանությունում 2016 թվականին /ըստ օպերատիվ ամփոփագրերի/ արձանագրվել է անչափահասների անհայտ կորելու 93 դեպք, որից 62 անհայտ կորածները հանդիսացել են իգական սեռի ներկայացուցիչներ: Նշված անչափահասների գերակշիռ մասը հայտնվելով տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում հարազատների և ընկերական շրջապատի հետ, հեռանում են տանից և հայտնվում այնպիսի միջավայրում, ուր հնարավոր է դառնում նրանց շահագործումն ու բռնության ենթարկվելու վտանգը:

Իգական սեռի վերականգնողական կենտրոնում նախատեսվում է կանխարգելիչ աշխատանքների իրականացում միայն հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների շրջանում, ինչը պահանջում է երկարաժամկետ ծառայությունների /դաստիարակչական, հոգեբանական, սոցիալական և այլն /մատուցում և բնականաբար վերջիններս պետք է ժամանակավորապես բնակվեն /գիշերեն/ տվյալ հաստատությունում:

38. ՀՀ ոստիկանության կողմից համայնքային վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնման կապակցությամբ շարունակվում են բանակցային գործընթացները միջազգային և պետական պատկան մարմինների հետ:

Գործող վերականգնողական կենտրոնները գործում են ՀՀ ոստիկանության և կենտրոնների պատասխանատուների փոխհամագործակցության շրջանակներում: Համայնքային վերականգնողական կենտրոնները հանդիսանում են համայնքահեն կենտրոններ (ցերեկային), կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում իրավախախտումներ կատարած, անչափահասների գործերով ծառայությունում հաշվառված անչափահասների, ինչպես նաև բռնության ենթարկված, սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք ունեցող անչափահասների հետ:

Վերոհիշյալ անչափահասների հետ աշխատանքները կազմակերպելիս վերականգնողական կենտրոնների աշխատանքային խմբերը համագործակցում են ինչպես պետական շահագրգիռ կառույցների, այնպես էլ տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերվում վերականգնողական կենտրոնների շահառու հանդիսացող անչափահասներին և նրանց ընտանիքներին:

Նշված աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է նպաստել նոր համայնքային վերականգնողական կենտրոնների բացմանը և ակտիվորեն համագործակցել գործող համայնքային վերականգնողական կենտրոնների հետ:

39. Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գործող հանրակրթական դպրոցներում` դպրոցականների շրջանում, պարբերաբար անց են կացվում տարբեր իրավական թեմաներով հանդիպումներ և զրույցներ: Այն նպատակ է հետապնդում անչափահասներին ծանոթացնել գործող օրենքներին, իրենց իրավունքներին և պարտականություններին:

40. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները նախականխելու, անչափահասների շրջանում հանցագործություն ծնող պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոստիկանի նկատմամբ հասարակության մեջ ձևավորված կարծրատիպը փոխելու նպատակով, 2013-2014 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվեց դպրոցական տեսուչների ինստիտուտը և ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայությանը տրամադրվեց դպրոցական տեսուչի 62 հաստիք: Ներկայում դպրոցական տեսուչներն իրենց գործունեությունն են ծավալում ՀՀ տարածքում գործող 106 ավագ դպրոցներում: Հիշատակման է արժանի այն հանգամանքը, որ 2017 թվականի ՀՀ ոստիկանության ղեկավարության ցուցումով ևս մեկ դպրոցական ավագ տեսուչի հաստիք է հատկացվել նաև Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրին:

Դպրոցական տեսուչների ինստիտուտի գործունեությունը մշտապես գտնվում է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ինստիտուտի լիարժեք կայացման ուղղությամբ: Ներկայում ոստիկանության ղեկավարության կողմից քննարկվում է նաև դպրոցական տեսուչների ինստիտուտը նոր հաստիքներով համալրելու հարցը:

 

III. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

41. 2018 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2018 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 41
Արձանագրային որոշում