Սեղմել Esc փակելու համար:
ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 46

 

13. ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 2-ի նիստի

N 46 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգը» (այսուհետ` Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

 

II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

2. Հայեցակարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) համար շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման նպատակով ընդերքօգտագործողների կողմից վճարումների փաստացի վիճակը, անդրադարձ է կատարվում նրանց կողմից այդ վճարումների ապահովման մեխանիզմներին, ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման ներկայիս վիճակին և դրանց արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ առաջարկվող լուծումներին:

3. Հայեցակարգը առաջ կքաշի մի շարք տարբերակներ և գաղափարներ, որոնց կիրառման միջոցով հնարավոր կլինի լուծել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնման աշխատանքների ծրագրավորումը, ֆինանսավորումը և իրագործումը` միևնույն ժամանակ համապատասխան պայմաններ ստեղծելով նախկինում դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի տարածքների խախտված հողերի վերականգնման համար ֆինանսավորման միջոցների աղբյուրների առաջացմանը:

 

III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

4. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1105-Ն որոշման 1-ին հավելվածի 94-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 646-Ա որոշմամբ հավանության արժանացած հավելվածի 4.4-րդ բաժնի 6-րդ կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերի:

5. Ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի ռեկուլտիվացիայի ծրագիրը ներառվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում և հիմնական հաշվետվությունում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրում, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում, հանքի փակման ծրագրում:

6. Հայեցակարգի նպատակն է ընդերքօգտագործման արդյունքում ընդերքօգտագործողների կողմից խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ռեկուլտիվացիոն ֆոնդի դրամական միջոցների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակումը:

7. Հանքարդյունաբերության ոլորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման շարժիչ ուժը: Հանքարդյունաբերությունը տնտեսության մեջ հիմնական արտարժույթ ստեղծողն է և 2017 թ. ապրիլի դրությամբ այն կազմում է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի 21%-ը: Սակայն ներդրումների միջոցով ոլորտի մեծածավալ կարճաժամկետ օգուտներ ստանալու ներուժը հաճախ ստվերում է թողնում շրջակա միջավայրի և տեղական համայնքների վրա ոլորտի թողած հնարավոր բացասական ազդեցությունը: Հանքարդյունաբերության ոլորտն ունի դրական, երկարաժամկետ և կուտակային ազդեցություն տնտեսության վրա, սակայն անհրաժեշտ է, որպեսզի հաշվի առնվեն նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, այդ թվում նաև ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

8. Ընդերքօգտագործման աշխատանքները դադարեցնելուց հետո հանքավայրի և օգտակար հանածոների արդյունահանման համալիրի տարածքները ռեկուլտիվացվում են` անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակին վերադարձնելու նպատակով:

9. Հանքի փակման ծրագրի հիմնական պայմաններից մեկը ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման մեթոդների, եղանակների և ծավալների ընտրությունն է, անհրաժեշտ գումարների գնահատումն է, ինչը ներառված է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի այն դրույթներում, որոնք վերաբերվում են հանքի փակման ծրագրի ֆինանսական երաշխիքներին և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վճարների իրականացմանը:

10. Հանքի փակման, այդ թվում` ռեկուլտիվացիայի ծրագրում մանրամասն նկարագրվում են, թե ինչպես են ընդերքօգտագործողները վերականգնելու խախտված տարածքը` բերելով այն անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակին:

11. Հանքերից շատերը փակվում են նախատեսվածից շուտ և հետևաբար այդ ընդերքօգտագործողները չունեն հանքի փակման մշակված ծրագիր: Հանքի փակմանը, այդ թվում ռեկուլտիվացիայի ծրագրին և դրանց իրականացմանը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սկսած նախագծման փուլից` հանքի արդյունավետ փակում ապահովելու և փակման չնախատեսված կամ չպլանավորված դեպքերի բացասական հետևանքները մեղմացնելու նպատակով:

12. Ռեկուլտիվացիոն աշխատանքների աստիճանական իրականացման դեպքում հնարավոր է կատարել հանքի փակման ընթացիկ աշխատանքների արդյունավետության գնահատում և անհրաժեշտության դեպքում նախագծով և/կամ ծրագրով նախատեսված միջոցառումների փոփոխություն:

13. Հանքերի փակումը, այդ թվում` ռեկուլտիվացիոն աշխատանքները պահանջում են զգալի ռեսուրսներ և ֆինանսավորում, որոնք հաշվի են առնվում նախագծման փուլում:

 

IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

14. Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման ենթակա գումարներն ընդերքօգտագործողները սկսել են վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշումն ընդունվելուց հետո (Որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշմամբ): Մինչ այդ, դեռևս խորհրդային ժամանակներում նաև, փակված, դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի խախտված հողերի վերականգնման համար շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ չեն իրականացվել:

15. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի օրենսգրքով:

16. Ընդերքօգտագործողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ (ռեկուլտիվացիոն ֆոնդ), որի օգտագործման հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշմամբ:

17. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման ենթակա վճարները ընդերքօգտագործողների կողմից իրականացվում են նախնական և ընթացիկ հատկացումների ձևով: Նախնական հատկացումը կատարվում է համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրի ստորագրման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ ընթացիկ հատկացումները կատարվում են համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրով ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում, իսկ եթե պայմանագրով չի սահմանված ընթացիկ հատկացումների կատարման ժամանակացույց, ապա հատկացումները կատարվում են ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար:

18. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարվող գումարները պահվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական գանձապետարանում բացված` ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) արտաբյուջետային հաշվում` հ/հ N 900008015019, ըստ ընդերքօգտագործողների` նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում:

19. Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները երկարատև են (մինչև 50 տարի) և այդ ժամանակահատվածում հանքի շահագործման ընթացքում տեղի է ունենում փաստացի իրավիճակների` խախտված հողերի փաստացի մակերեսների, հանքի փաստացի տարեկան արտադրողականության փոփոխություն, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառում, գնաճ և այլն:

20. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողերի ընդհանուր մակերեսը նախնական խոշորացված գնահատականներով կազմում է 13640 հա (0,45%):

21. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված է, որ ընդերքօգտագործողը հանքի փակումից 2 տարի առաջ ներկայացնում է հանքի փակման վերջնական ծրագիր, իսկ հրաժարման դեպքում` հրաժարման դիմումին կից ներկայացնում է խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիոն) ծրագիր:

22. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 309-Ա հրամանով հաստատվել է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը: Աշխատակարգի համաձայն ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու համար հանձնաժողովի կողմից պետք է տրվի ընդերքօգտագործողի կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և կատարման որակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա էլ լիազոր մարմինը որոշում է ընդունում ընդերքօգտագործողին դրամագլխից գումար հատկացնելու կամ չհատկացնելու մասին:

23. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի N 365-Ն հրամանով հաստատվել է ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը, որի համաձայն հաշվարկված ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը ինդեքսավորվում է լիազոր մարմնի համաձայնությամբ` ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, եթե նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների համար շուկայական գներն աշխատանքների արժեքի հաշվարկի հիմքում դրված գների համեմատ աճել են ավելի քան 10 տոկոսով:

24. Վերը նշված իրավական ակտերի կիրառման արդյունքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ հավաքագրվել է 1 223 496 748,90 ՀՀ դրամ: Ընդերքօգտագործման իրավունքները դադարեցրած 105 ընկերությունների կողմից վճարվել է 66 009 260 ՀՀ դրամ` նախագծերով կամ ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված 190 824 620 ՀՀ դրամ ընդհանուր գումարի փոխարեն:

25. Ըստ համաշխարհային բանկի փորձագետների կարծիքի` Հայաստանում հանքերի փակման և խախտված հողերի վերականգնման աշխատանքների կարգավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Սակայն այդ աշխատանքների իրականացման ժամանակ այնուամենայնիվ առաջանում են մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների և պարտավորությունների հետ:

26. ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 646-Ա որոշման 4.4 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնի 6-րդ կետի 2)-րդ և 3)-րդ ենթակետերով նախատեսվում է ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների հասցեական օգտագործման և խախտված հողերի վերականգնման նպատակով` մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման հայեցակարգը և 2018-2020 թվականների ընթացքում ներդնել հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող մեխանիզմներ:

 

V. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

27. Հայեցակարգում դիտարկվում են ընդերքօգտագործողների և լիազոր մարմնի կողմից ռեկուլտիվացիոն ֆոնդի գումարների արդյունավետ կառավարման և ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնման աշխատանքների կատարմանն ուղղված պարտականությունների ապահովման խնդիրները:

28. 2011 թվականի նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ընդունումից հետո անցումային ժամանակահատվածում բազմաթիվ ընդերքօգտագործողներ չեն վերաձևակերպել իրենց ընդերքօգտագործման իրավունքները` այդ թվում` ամբողջությամբ չեն վճարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները և չեն իրականացրել ռեկուլտիվացիոն աշխատանքներ, որի արդյունքում մնացել են խախտված հողատարածքներ:

29. Սկսած խորհրդային ժամանակներից մինչև 2003 թվականը ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքները հիմնականում չեն վերականգնվել, քանի որ բացակայել են այդ աշխատանքները կարգավորող իրավական ակտերը և կանոնակարգերը, և հետևաբար առաջացել են նախկինից ժառանգած բնապահպանական խնդիրներ:

30. Ընդերքօգտագործողների սնանկացման և խախտված հողերի վերականգնման ծախսերը վճարելու անկարողության պայմաններում բացակայում են պետության կողմից ընդերքօգտագործողի փոխարեն խախտված հողերի վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով ֆինանսական ապահովման մեխանիզմները:

31. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում հավաքագրված գումարները չեն բավարարում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար, քանի որ այդ աշխատանքների նախահաշիվը կատարվել է նախագծային փուլում, իսկ հանքավայրերի ծառայելու ժամկետները հիմնականում երկար են (մինչև 50 տարի), հավաքագրված գումարները մնում են սառեցված վիճակում և ժամանակի ընթացքում գնաճի պատճառով արժեզրկվում են, քանի որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի N 365-Ն հրամանի ռեկուլտիվացիոն աշխատանքների ինդեքսավորումը իրականացվում է ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, ինչը հիմնականում պրակտիկայում չի իրականացվում:

32. Բացակայում են դադարեցված, լքված, ապօրինի շահագործված, տիրազուրկ հանքավայրերի խախտված հողերի վերականգնման ֆինանսավորման աղբյուրները:

33. Ռեկուլտիվացիոն աշխատանքների հետ կապված հիմնական իրավական ակտերն ամբողջությամբ չեն ապահովում այն ֆինանսական և արդյունավետ կառավարման միջոցները, որոնք կերաշխավորեն այդ աշխատանքների ամբողջական իրականացումը: Այդ աշխատանքների հետ կապված ծախսերն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են լրացուցիչ բեռ հանդիսանալ պետության համար:

34. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի պահանջների համաձայն ընդերքօգտագործողները հանքի փակումից 2 տարի առաջ ներկայացնում են հանքի փակման վերջնական ծրագիր, իսկ հրաժարման դիմումին կից ներկայացնում են նաև օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները, որոնցում ներկայացված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների գումարների չափերը համարժեք են փաստացի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարներին: Ընդերքօգտագործողների կողմից դրամագլխին նախագծային և փաստացի խախտված հողատարածքների վերականգնման համար անհրաժեշտ գումարների տարբերության վճարումների իրականացումն օրենսդրությամբ կարգավորված չի:

35. Ընդերքօգտագործողներին շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից հատկացումներ կատարելու նպատակով լիազոր մարմնի կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և կատարման որակի վերաբերյալ որոշում ընդունելու գործընթացը բարդ է և երկարացված, քանի որ այդ աշխատանքների վերաբերյալ պահանջվում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:

36. 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-161-Ն օրենքը, որով սահմանվել են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման հետ կապված նոր ընթացակարգեր: Օրենքով սահմանվում է, որ ընդերքօգտագործողներն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում կարող են իրականացնել նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակում: Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում հնարավոր են արտադրական լցակույտերով զբաղեցրած տարածքների մակերեսների և, հետևաբար, ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների փոփոխություններ: Դա իր հերթին կհանգեցնի ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման դրույթների համապատասխան կատարվող հատկացումների փոփոխությանը: Մինչև 2017 թվականի մայիսի 4-ը օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների համար թափոնների վերամշակման, թափոններով զբաղեցրած տարածքների փոփոխության դեպքում կառաջանան կարգավորում պահանջող իրավահարաբերություններ: Հետևաբար, անհրաժեշտ է կարգավորել վերոնշյալ իրավահարաբերությունները` նախատեսելով ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների իրագործման ավարտին շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների վերահաշվարկման մեխանիզմ:

37. Լքված, դադարեցված, տիրազուրկ, կոնսերվացված հանքավայրերում բնապահպանական միջոցառումների չիրականացման, հանքավայրերի ռեկուլտիվացիայի կամ դրանց այլընտրանքային օգտագործման իրականացման բացակայության արդյունքում առաջանում են մարդկանց առողջությանը սպառնացող և երկարաժամկետ բնապահպանական ռիսկեր:

38. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող հանքավայրերի գերակշռող մասում (ավելի քանի 95%) ընդերքօգտագործողների կողմից մշակվում և իրականացվում են միայն լեռնատեխնիկական ռեկուլտիվացիայի աշխատանքներ, քանի որ բացակայում են ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման և տնտեսական յուրացման նպատակով բարելավման միջոցառումների իրականացման մեթոդական հիմքերը և ուղեցույցերը:

39. Չնայած վերջին տարիների ռեկուլտիվացիոն ֆոնդի գումարների համալրման դրական փոփոխություններին, անհրաժեշտություն է առաջացել այն կառավարել արդյունավետ` սկսած նախագծման փուլից մինչև հանքի փակման և ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ավարտը:

 

Միջազգային փորձ:

 

40. Միջազգային պրակտիկայում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ֆինանսավորումն ապահովելու համար կիրառվում են տարբեր ֆինանսական երաշխավորություններ` սկսած նախագծման փուլից մինչև հանքի փակումը:

41. Միջազգային պրակտիկայում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ապահովման համար ֆինանսական երաշխիքի գումարի հաշվարկման ժամանակ կիրառվում է երկու հիմնական մոտեցում.

1) հաշվարկվում են հանքի փակման և խախտված հողերի վերականգնման ծախսերը` հիմնվելով հանքարդյունահանման գործունեության ազդակիր տարածքի վրա: Նախագծերի ֆինանսական երաշխավորության չափը հաշվարկվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր նախագծի առանձնահատկությունները: Այն հաշվարկվում է` վերականգնման միավոր ծախսը բազմապատկելով աշխատանքների մոտավոր գնահատված տարածքի մակերեսով: Ֆինանսական երաշխավորությունը վճարվում է աստիճանաբար, իսկ վճարման գումարը որոշվում է` հաշվարկելով նախագծով նախատեսված գործունեության պլանում ներառված յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար: (օր.` Ավստրալիա (Քվինզլենդ) և Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն):

2) ֆինանսական երաշխիքը կարող է հիմնվել փակման և վերականգնման մանրամասն ծրագրով նախատեսված աշխատանքների նախահաշվի վրա: Փակման ծրագիրն արտացոլում է տեղանքի բավարար վերականգնման համար պահանջվող բոլոր միջոցառումները: Ֆինանսական երաշխավորությունը պետք է բավարար լինի հանքի փակումից հետո իրականացվող երկարաժամկետ միջոցառումներն ապահովելու համար: Հաշվարկները հիմնվում են աշխատանքների համար պահանջվող ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքի վրա: Ֆինանսական երաշխավորության չափը որոշելիս հաշվի են առնվում նախագծի ավարտման հետ կապված ծախսերը, թեև վճարումները կատարվում են փուլային եղանակով (օր.` Օնտարիու, Կանադա):

42. Խախտված հողերի վերականգնումն ապահովելու համար կիրառվում են ֆինանսական երաշխավորության տարբեր գործիքներ, որոնք բաժանվում են երեք հիմնական խմբերի.

1) Ֆինանսական երաշխիքը պահվում է ընկերության մոտ,

2) Ֆինանսական երաշխիքը երաշխավորվում է երրորդ անձի (բանկի, առևտրային կազմակերպության) կողմից,

3) Ֆինանսական երաշխիքը փոխանցվում է կառավարությանը կամ հավատարմագրային ֆոնդին:

43. Միջազգային պրակտիկայում ֆինանսական երաշխիքի ամենաընդունված տարբերակն ակրեդիտիվն է կամ բանկային երաշխիքը: Ակրեդիտիվը բանկի կողմից ստանձնված պարտավորություն է որոշակի չափանիշների բավարարման դեպքում վճարում կատարելու մասին: Ակրեդիտիվի լայն կիրառումը բացատրվում է նրա վարչարարման պարզությամբ: Ակրեդիտիվի փաստաթղթին կից ներկայացվում են վերականգնման պայմանագրի պայմաններն ու համաձայնեցված ծախսերը: Ակրեդիտիվը կարող է փոփոխության ենթարկվել միայն բոլոր համապատասխան կողմերի համաձայնության հիման վրա: Ակրեդիտիվը երաշխավորում է արժեքի որոշակիությունը և այն կարող է լուծարվել կամ վերանայվել պահանջվող գումարի փոփոխման անհրաժեշտության դեպքում (օր.` Ավստրալիա (Քվինզլենդ), Կանադա):

44. Միջազգային պրակտիկայում կիրառվում են հավատարմագրային ֆոնդերը, պարտատոմսերը, որոնք ֆինանսական երաշխիքն ընկերությունից փոխանցում են երրորդ անձին: Հավատարմագրային ֆոնդերը փոխհատուցման պայմանագրեր են' կնքված ընդերքօգտագործող ընկերության կողմից, որոնց հիման վրա տվյալ ընկերությունը ռեկուլտիվացիայի ու հանքի փակման հաշվարկված ծախսերի արժեքին հավասար չափով պահուստավորում է գրավ, դրամական միջոցներ կամ դրանց համարժեքներ: Այս ֆոնդերը կամ ակտիվներն այնուհետև հանձնվում են հավատարմագրային կառավարման կարգավորող մարմնին, բանկին կամ որևէ այլ ֆինանսական կազմակերպությանը (օր.` Ավստրալիա (Վիկտորիա) և Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն):

45. Ըստ միջազգային պրակտիկայի դրամական ավանդը, որը բաղկացած է փակման ու վերականգնման բոլոր ծախսերը ծածկող գումարից, ներդրվում է բանկային հաշվին, որը հասանելի է միայն կառավարությանը: Եթե ընդերքօգտագործող ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, ապա կառավարությունը կարող է ուղղակիորեն օգտագործել հաշվում առկա միջոցները: Դրամական միջոցների փոխարեն կիրառվում են նաև ներդրումային արժեթղթեր, օր.` կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր, որոնք ենթակա են վճարման կառավարությանը մարման ժամկետը լրանալու պահին կամ դրանից առաջ, ընդերքօգտագործողի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում (օր.` Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն):

 

VI. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

46. Իրավական ակտերում կատարել փոփոխություններ, ապահովելու շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների լիարժեք հավաքագրումը, որի արդյունքում վճարված գումարները բավարար կլինեն ընդերքօգտագործման արդյունքում ռեկուլտիվացիայի ենթակա խախտված հողատարածքների վերականգնման աշխատանքների իրականացման համար:

47. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի պահանջների համաձայն ընդերքօգտագործողը հանքի փակումից 2 տարի առաջ ներկայացնում է հանքի փակման վերջնական ծրագիր, հրաժարման դիմումին կից ներկայացնում է նաև օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` մտցնելով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վերջնական հատկացման գաղափարը: Վերջինս հնարավորություն կտա ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարների հաշվարկման ժամանակ հաշվի առնել սղաճի բացասական ազդեցությունը և վերականգնման ենթակա փաստացի խախտված տարածքների մակերեսները, և հետևաբար կապահովի հանքերի փակման ժամանակ խախտված տարածքների վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը:

48. Սահմանել և ներդնել ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմներ` խթանելու ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացումը:

49. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որը կարգելի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և հրաժարման հավաստագրերի տրամադրման գործընթացներն իրականացնել առանց ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցության:

 

VII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

50. Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման արդյունքում կամրագրվի և կհստակեցվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վճարների իրականացման իրավահարաբերությունները, որը կնպաստի այդ վճարների լիարժեք հավաքագրմանը, ինչի արդյունքում կապահովվի խախտված հողերի վերականգնման աշխատանքների կատարման համար ֆինանսական երաշխիքները:

51. Լիազոր մարմնի կողմից ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման միջոցով կստեղծվեն ապահով ֆինանսական միջոցներ` իրականացնելու ռեկուլտիվացիոն աշխատանքներ, որն էլ կնպաստի շրջակա միջավայրի բարելավմանը և մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցմանը:

52. Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգով սահմանված նոր մոտեցումները կխրախուսեն խախտված հողերի վերականգնման համար կենսաբանական ռեկուլտիվացիայի լայնածավալ իրականացմանը:

53. Հայաստանի Հանրապետության փոքր տարածք ունեցող երկրում շրջանառության մեջ կներառվեն վերականգնված լրացուցիչ հողատարածքներ, որոնք կնպաստեն գյուղատնտեսության և անասնապահության զարգացմանը` ապահովելով դրանց տնտեսական յուրացման հեռանկարները:

 

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

54. Ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքները կնպաստեն տվյալ տարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացմանը:

55. Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման արդյունքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն խախտված հողատարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացմանը:

 

IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

56. Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգը կարևոր փաստաթուղթ է, որը հիմք կհանդիսանա լիարժեք հավաքագրելու շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների գումարները և այդ գումարները ուղղելու ընդերքօգտագործման գործունեության արդյունքում խախտված հողերի վերականգնմանը` ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բարելավումն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները և մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2017
N 46
Արձանագրային որոշում