Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ԵՎ 143-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
ՇԴ3/0193/02/11      2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ՇԴ3/0193/02/11

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
                    Դատավորներ` Տ. Նազարյան
                                                 Ա. Պետրոսյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի

                   

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լենա Ռեհանյանի ներկայացուցիչ Սյուզաննա Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ Լենա Ռեհանյանի դիմումի` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2014 թվականի վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լենա Ռեհանյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 41/1 հասցեում (նախկին հասցե` Արթիկ քաղաքի 4-րդ կվարտալի 34 հողամաս) գտնվող անշարժ գույքի` 293,2 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 82 քմ մակերեսով շինության նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գուրգեն Ռեհանյանը և Գևորգ Սահակյանը պահանջել են Լենա Ռեհանյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 41 և 43 հասցեների տնատիրությունների զավթած հողամասը, որի մի մասը ծանրաբեռնված է ապօրինի շինություններով, և Լենա Ռեհանյանին վտարել նշված տնատիրությունների հողամասերից:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մնացյան) 24.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է` ճանաչել Լենա Ռեհանյանի սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող 293,2 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 82 քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ, բացի երկրորդ` կիսակառույց ավտոտնակից (3,113x6.900 քմ) և պարտավորեցնել Գուրգեն Ռեհանյանին և Գևորգ Սահակյանին վիճելի անշարժ գույքը հանձնել Լենա Ռեհանյանին, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշմամբ (դատավորներ` Տ. Նազարյան, Կ. Հակոբյան, Ա. Խառատյան) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2014 թվականի վճռի դեմ Գուրգեն Ռեհանյանի և Գևորգ Սահակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշման դեմ Գուրգեն Ռեհանյանի և Գևորգ Սահակյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

23.06.2016 թվականին դիմելով դատարան` Լենա Ռեհանյանը պահանջել է ուղղել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2014 թվականի վճռում թույլ տրված վրիպակը, այն է` դատական ակտի «Վճռեց» մասում «82 քմ» թվի փոխարեն նշել «58,7 քմ» թիվը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Մնացյան) (այսուհետ` Դատարան) 24.06.2016 թվականի «Վճռի վրիպակն ուղղելու մասին» որոշմամբ Լենա Ռեհանյանի դիմումը բավարարվել է. որոշվել է ուղղել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2014 թվականի վճռում թույլ տրված վրիպակը, այն է` վճռի «Վճռեց» մասում «Ճանաչել սկզբնական հայցով հայցվոր Լենա Ռեհանյանի սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող 293,2 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 82 (ութսուներկու) քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ, բացի երկրորդ` կիսակառույց ավտոտնակից (3,113x6.900 քմ) և պարտավորեցնել սկզբնական հայցով պատասխանողներ Գուրգեն Ռեհանյանին և Գևորգ Սահակյանին վիճելի անշարժ գույքը հանձնելու Լենա Ռեհանյանին» նախադասության փոխարեն կարդալ` «Ճանաչել սկզբնական հայցով հայցվոր Լենա Ռեհանյանի սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող 293,2 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 58,7 քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ, բացի երկրորդ` կիսակառույց ավտոտնակից (3,113x6.900 քմ) և պարտավորեցնել սկզբնական հայցով պատասխանողներ Գուրգեն Ռեհանյանին և Գևորգ Սահակյանին վիճելի անշարժ գույքը հանձնելու Լենա Ռեհանյանին»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2016 թվականի որոշմամբ Դատարանի 24.06.2016 թվականի «Վճռի վրիպակն ուղղելու մասին» որոշման դեմ Գուրգեն Ռեհանյանի և Գևորգ Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 24.06.2016 թվականի «Վճռի վրիպակն ուղղելու մասին» որոշումը բեկանվել է և այն փոփոխվել է` Լենա Ռեհանյանի դիմումը` վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լենա Ռեհանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 143-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Լենա Ռեհանյանի սեփականության իրավունքը` շենք-շինությունների մասով, ճանաչվել է 3 միավոր գույքից 2 միավոր գույքի նկատմամբ` բացառությամբ կիսակառույց ավտոտնակի, հետևաբար 82 քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին Լենա Ռեհանյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` 58,7 քմ մակերեսի չափով: ՈՒստի Դատարանի վճռում 82 քմ մակերեսի փոխարեն պետք է նշվեր 58,7 քմ` նվազեցնելով չճանաչված կիսակառույց ավտոտնակի արտաքին մակերեսը` 23,3 քմ մակերեսը, ընդհանուր` 82 քմ մակերեսով շենք-շինության մակերեսից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.06.2016 թվականի «Վճռի վրիպակն ուղղելու մասին» որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի կնիքով հաստատված իրավիճակային հատակագծով առանձին-առանձին, համապատասխանաբար շեղ գծերով նշված գծագրերով մատնանշված են` «գոյություն ունեցող հացատուն»` 6,800x5,300 քմ մակերեսով, և «գոյություն ունեցող ավտոտնակ»` 3.550x6.900 քմ մակերեսով, և առանց շեղ գծերի գծագրով` «քանդված ավտոտնակ» կիսակառույց` 3.113x6.900 քմ մակերեսով (հատոր 4-րդ, գ.թ. 149):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ դատարանը վճռում թույլ է տվել որոշակի վրիպակ, ապա մինչև վճռի կատարումն իրավասու է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձանց դիմումով ուղղել այն: Վրիպակները վճիռը շարադրելիս դատարանի կողմից թույլ տրված բառերի, անունների, անվանումների, ամսաթվերի, վճռի գործողության և կատարման համար նշանակություն ունեցող այլ տեղեկությունների վերաբերյալ տեղ գտած սխալագրություններն են: Ընդ որում, վրիպակի ուղղումը թույլատրելի է, եթե գործում առկա նյութերը ստուգելիս ակնհայտ է դառնում, որ տվյալ անճշտությունը պատահական սխալի, անուշադրության հետևանք է: Անկախ նրանից, թե վճռի որ մասում է հայտնաբերվել նման թերությունը, այն ենթակա է վերացման` պայմանով, որ դրա արդյունքում վճռի էությունը և բովանդակությունը չի փոխվում: Հետևաբար դատարանի կողմից վճռի վրիպակն ուղղելու մասին որոշում կայացնելու արդյունքում չպետք է փոփոխություն կամ լրացում կատարվի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքներում, գնահատված ապացույցներում, օրենքների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի կիրառման կամ չկիրառման վերաբերյալ դատարանի եզրահանգումներում, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ կատարված եզրահանգումներում:

Այսպիսով` վճռում տեղ գտած վրիպակն ուղղելու կառուցակարգը վճռի թերությունների վերացման այն դատավարական միջոցներից է, որն ուղղված է շտկելու վճռում առկա անճշտությունները` համապատասխանեցնելով վճռի եզրափակիչ մասը վճռի ամբողջական բովանդակությանը` միաժամանակ նախադրյալներ ապահովելով դրա կատարման համար:

Սույն գործով Դատարանը, «Վճռի վրիպակն ուղղելու մասին» որոշմամբ արձանագրելով, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լենա Ռեհանյանի կողմից պահանջվող 82 քմ մակերեսով շինություններից կիսակառույց ավտոտնակի նկատմամբ չի ճանաչել վերջինիս սեփականության իրավունքը, սակայն թյուրիմացաբար վճռում 58,7 քմ մակերեսի փոխարեն նշել է ամբողջ շենք-շինության չափը` 82 քմ մակերեսը` դրանից չնվազեցնելով երկրորդ ավտոտնակի մակերեսը, հանգել է այն հետևության, որ Լենա Ռեհանյանի` վճռում վրիպակն ուղղելու մասին դիմումը ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Դատարանը չի պատճառաբանել, թե գործում եղած ինչ ապացույցների և փաստերի հիման վրա է հանգել այն եզրակացության, որ վիճելի շինությունների մակերեսը 58,7 քմ է, ոչ թե` 82 քմ, ինչպես նաև արձանագրելով, որ շինությունների առավել նվազ մակերեսի վերաբերյալ տեղեկություններ պարունակող ապացույցներ գործում առկա չեն, գտել է, որ Լենա Ռեհանյանի` վճռի վրիպակն ուղղելու մասին դիմումը ենթակա էր մերժման:

Մինչդեռ հիմք ընդունելով վերոնշյալը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Լենա Ռեհանյանի հայցը, 24.12.2014 թվականի վճռի պատճառաբանական մասում արձանագրել է հետևյալը. «Դատարանը, գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գտնում է, որ պետք է ճանաչել սկզբնական հայցով հայցվոր Լենա Ռեհանյանի սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող 293,2 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, բացի երկրորդ` Գուրգեն Ռեհանյանի կողմից օգտագործվող կիսակառույց ավտոտնակից, պարտավորեցնել սկզբնական հայցով պատասխանողներ Գուրգեն Ռեհանյանին և Գևորգ Սահակյանին վիճելի անշարժ գույքն ամբողջությամբ վերադարձնել Լենա Ռեհանյանին»: Միաժամանակ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր 24.12.2014 թվականի վճռի «Վճռեց» մասում արձանագրել է. «Ճանաչել սկզբնական հայցով հայցվոր Լենա Ռեհանյանի սեփականության իրավունքն Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 41/1 հասցեում գտնվող 293,2 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 82 քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ, բացի երկրորդ` կիսակառույց ավտոտնակից (3,113x6,900 քմ) և պարտավորեցնել սկզբնական հայցով պատասխանողներ Գուրգեն Ռեհանյանին և Գևորգ Սահակյանին վիճելի անշարժ գույքը հանձնելու Լենա Ռեհանյանին» (հատոր 4-րդ, գ.թ. 178-191): Գործի քննության ընթացքում ներկայացվել և հետազոտվել է Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի կնիքով հաստատված իրավիճակային հատակագիծը, որով առանձին-առանձին, համապատասխանաբար շեղ գծերով նշված գծագրերով մատնանշված են` «գոյություն ունեցող հացատուն»` 6,800x5,300 քմ մակերեսով, և «գոյություն ունեցող ավտոտնակ»` 3.550x6.900 քմ մակերեսով, և առանց շեղ գծերի գծագրով` «քանդված ավտոտնակ» կիսակառույց` 3.113x6.900 քմ մակերեսով:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, իրականացնելով գործում առկա բոլոր ապացույցների հետազոտում և գնահատում, հանգել է այն հետևության, որ Լենա Ռեհանյանի սեփականության իրավունքը շենք-շինությունների մասով ենթակա է բավարարման միայն իր կողմից օգտագործվող հացատան և ավտոտնակի նկատմամբ: Միաժամանակ, թեև ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի նշել այդ երկու գույքային միավորների մակերեսները` առանձին-առանձին, այնուամենայնիվ, ինչպես վճռի պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է Լենա Ռեհանյանի սեփականության իրավունքը` շենք-շինությունների կապակցությամբ մասնակիորեն, այն է` հացատան և ավտոտնակի նկատմամբ, իսկ կիսակառույց ավտոտնակի նկատմամբ, որի մակերեսը դատական ակտով նշվել է ինչպես վճռի պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում, հայցվորի սեփականության իրավունքը չի ճանաչվել:

Հետևաբար Դատարանի 24.06.2016 թվականի «Վճռի վրիպակն ուղղելու մասին» որոշմամբ ուղղվել է ի սկզբանե վերոնշյալ վճռի եզրափակիչ մասում ակնհայտորեն թույլ տրված վրիպակը, ինչի արդյունքում Դատարանը հնարավորություն է ստեղծել հստակեցնելու վճիռը, այն դարձնելու որոշակի և հնարավոր դարձնել այդ դատական ակտի կատարումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի 24.06.2016 թվականի «Վճռի վրիպակն ուղղելու մասին» որոշումը բխում է գործում առկա ապացույցներից, դրանով չի փոփոխվել կամ լրացվել վճռի էությունը և բովանդակությունը, իսկ այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով հարցի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև դիմումի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2016 թվականի «Վճռի վրիպակն ուղղելու մասին» որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան

                         

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ՇԴ3/0193/02/11
Որոշում