Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 188...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 188-ՐԴ, 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
թիվ ԵԿԴ/0481/02/14
2017 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0481/02/14  
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
                   Դատավորներ` Ա. Պողոսյան
                                                Գ. Կարախանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գառնիկ Ավետիսյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարսենիկ Ավետիսյանի ընդդեմ Մարլիկ և Գառնիկ Ավետիսյանների` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով ժառանգության զանգված հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, փաստացի տիրապետմամբ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և բնակելի տան մուտքերն առանձնացնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մարլիկ Ավետիսյանի ընդդեմ Վարսենիկ և Գառնիկ Ավետիսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարսենիկ Ավետիսյանը պահանջել է բնեղենով առանձնացնել Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեի` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով ժառանգության զանգված հանդիսացող 32,87 քմ ընդհանուր մակերեսը, փաստացի տիրապետման հիմքով ճանաչել իր սեփականության իրավունքը նույն հասցեի անշարժ գույքի (1-ին հարկից)` 81,84 քմ, (2-րդ հարկից)` 74,2 քմ մակերեսների և 33,8 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ, առանձնացնել նշված հասցեի բնակելի տան մուտքերը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարլիկ Ավետիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեի անշարժ գույքում 68,81 քմ մակերեսով տարածքների նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 26.12.2014 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են` ճանաչվել է Վարսենիկ Ավետիսյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Մ.Հերացու փողոց, թիվ 14/4 տան 1-ին հարկից 81,84 քմ, 2-րդ հարկից` 74,2 քմ մակերեսների և 33,8 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ, միաժամանակ ճանաչվել է Մարլիկ Ավետիսյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Մ. Հերացու փողոց, թիվ 14/4 հասցեի 68,81 քմ մակերեսով տարածքի նկատմամբ, և առանձնացվել են Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 տան մուտքերը` «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրամադրված թիվ 290-01/Վ 013 եզրակացության համաձայն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2015 թվականի որոշմամբ Գառնիկ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.12.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Ավետիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացվել Վարսենիկ և Մարլիկ Ավետիսյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հաշվի չի առել, որ ո՛չ Վարսենիկ Ավետիսյանի, ո՛չ էլ Մարլիկ Ավետիսյանի մոտ առկա չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչվելու համար պարտադիր պայման հանդիսացող բարեխղճությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի և հակընդդեմ հայցով հայցվորի սեփականությունը ճանաչված անշարժ գույքի մեծ մասն ինքնակամ կառույցներ են, ինչը հաստատվում է գործում առկա մի շարք ապացույցներով, մասնավորապես` թիվ 1043 սեփականության վկայագրի և «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրված թիվ 290-01/Վ-013 հաշվետվության համադրմամբ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գառնիկ Ավետիսյանը մշտապես, անընդմեջ բնակվում է նշված հասցեում և օգտագործում է տան մեծ մասը և երբևէ չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարելի է գնահատել որպես վերջինիս կողմից իր սեփականությունից հրաժարում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը և հակընդդեմ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Մարլիկ Ավետիսյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Մարլիկ Ավետիսյանի` վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում գտնվող տունը 1950-ական թվականներին կառուցապատվել է վերջինիս կողմից, բնակելի տունը փաստացի առանձնացվել է կողմերի միջև, և տան մի մասը` երեք սենյակներով, անցել է Մարլիկ Ավետիսյանի տիրապետման և տնօրինման ներքո: Այսինքն` տունը կողմերի համաձայնությամբ բաժանելը վերջինիս բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նա տան այդ մասը տիրապետելու է որպես սեփականը: Ստորադաս դատարանները հայցը և հակընդդեմ հայցը բավարարելիս իրավացիորեն հաստատված են համարել, որ կողմերն առանձնացրել են իրենց բաժինները և տարիներ շարունակ փաստացի, բարեխղճորեն օգտագործում են դրանք:

 

2.2 Վարսենիկ Ավետիսյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վարսենիկ Ավետիսյանը, բացի Ռիմա Մելքոնյանից իրեն կտակված գույքից, 15 տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետում և օգտագործում է Մ. Հերացու թիվ 14/4 հասցեի բնակելի և օժանդակ տարածքներն այն չափով, որով ներկայումս անշարժ գույքը բաժանված է: Վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում գտնվող բնակելի տունը և տնամերձ հողամասը ժամանակի ընթացքում փաստացի բաժանվել է կողմերի միջև, և այն տարիներ շարունակ օգտագործվում է փաստացի բաժանված վիճակում:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ վիճելի հասցեում առկա են ինքնակամ շինություններ, ապա գործում դրա վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Կիրովյան ռայսովետի կոմունալ տնտեսության բաժնի և քաղաքացիներ Արամ և Խաչիկ Հարությունյանների միջև 1950 թվականին կազմված` անհատական կարգով բնակելի շենքի կառուցման համար անժամկետ օգտագործման հողամաս հատկացնելու մասին ակտի համաձայն` Երևանի Այգեստան թիվ 27 հասցեում անժամկետ օգտագործողին շինարարության և հետագա շահագործման համար հատկացվել է 1.034 քմ մակերեսով հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

2) Երևանի քաղսովետի բնակարանային տնտեսության վարչության կողմից 23.10.1953 թվականին տրված գույքային թերթի համաձայն` Երևանի Այգեստան թիվ 11/27 (ներկայումս` Հերացու փողոցի թիվ 14/4) հասցեի 1.008,76 քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Խաչիկ Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ. 7):

3) 14.06.1988 թվականին կազմված կտակի համաձայն` Խաչատուր (Խաչիկ) Հարությունյանը Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում գտնվող բնակելի տունն ամբողջությամբ կտակել է Գառնիկ Ավետիսյանին: 08.06.1990 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 20.09.1989 թվականին մահացած Խաչատուր (Խաչիկ) Հարությունյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի բնակելի տան 1/3 մասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Բնակելի տան 1/3 բաժինը բաղկացած է 46,8 քմ բնակելի, 35,8 քմ օժանդակ մակերեսներից (հատոր 1-ին, գ.թ. 11, 12):

4) Ըստ Հայկուշ Գույումջյանի հայցի ընդդեմ Մարլիկ Ավետիսյանի և Արամ Հարությունյանի` բնակարանի պահանջի մասին, քաղաքացիական գործով Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ժողդատարանի 30.04.1991 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` Հայկուշ Գույումջյանը և Արամ Հարությունյանն օրինական ամուսիններ են, իսկ Մարլիկ Ավետիսյանն ամուսնու եղբայրն է: Համատեղ կյանքի ընթացքում բոլորը բնակվել են Երևանի Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեի տանը, որը սեփականության իրավունքով պատկանել է պատասխանողների հորը` հանգուցյալ Խաչիկ Հարությունյանին: 30.05.1972 թվականին վեճի առարկա տան սեփականատեր Խաչիկ Հարությունյանի և Արամ Հարությունյանի միջև կնքվել է տան համատեղ օգտագործման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում առանձնացվել է յուրաքանչյուրի բաժնեմասը: Խաչիկ Հարությունյանը 04.04.1973 թվականին Հրանտ Կարախանյանի հետ կնքել է առուծախի պայմանագիր, որով վերջինիս է օտարել մեկ սենյակ` 24,5 քմ, և մեկ օժանդակ կառույց` 15 քմ մակերեսով: Հետագայում նշված տան բոլոր ապօրինի կառույցներն օրինականացվել են Խաչիկ Հարությունյանի անվամբ, իսկ վերջինս էլ մահից առաջ տունն ամբողջությամբ կտակել է մյուս որդու` պատասխանող Մարլիկ Ավետիսյանի որդուն` Գառնիկ Ավետիսյանին (հատոր 1-ին, գ.թ. 13-15):

5) 24.08.1992 թվականի թիվ 1043 սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեի տան 1/6 բաժինը բաղկացած է 48,8 քմ ընդհանուր մակերեսից, որից` 24,0 քմ բնակելի, իսկ 24,8 քմ` օժանդակ մակերեսները սեփականության իրավունքով պատկանում են Գառնիկ Ավետիսյանին: Նույն վկայագրի «հողամասի բնութագիրը» բաժնում հողամասի մակերեսը նշվել է 446,6 քմ, որից 178,18 քմ մակերեսը` կառուցապատ (հատոր 1-ին, գ.թ. 17-18):

6) 24.08.1992 թվականի թիվ 1043 սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեի տան 1/6 բաժինը` բաղկացած 33,8 քմ ընդհանուր մակերեսից, որից` 22,8 քմ բնակելի, իսկ 11,0 քմ` օժանդակ, սեփականության իրավունքով պատկանել է Ռիմա Մելքոնյանին: Նույն վկայագրի «հողամասի բնութագիրը» բաժնում հողամասի մակերեսը նշվել է 446,6 քմ, որից 178,13 քմ կառուցապատ (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

7) Ռիմա Մելքոնյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեի անշարժ գույքը 26.12.2012 թվականին նոտարական կարգով հաստատված կտակով կտակել է դստերը` Վարսենիկ Ավետիսյանին: 08.10.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.03.2013 թվականին մահացած Ռիմա Մելքոնյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 33,8 քմ մակերեսից, որից 22,8 քմ ընդհանուր մակերեսով տարածքը բնակելի է, 11,0 քմ` օժանդակ, և ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 446,6 քմ ընդհանուր մակերեսով հողամասից, որից 178,13 քմ` կառուցապատ (հատոր 1-ին, գ.թ. 23, 24):

8) Ռիմա Մելքոնյանի մահից` 30.03.2013 թվականից հետո, ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամանակ` 08.10.2013 թվականին Մարլիկ Ավետիսյանն ընդունել է ըստ օրենքի ժառանգությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածով սահմանված կարգով` ժառանգության պարտադիր բաժնի իրավունքով: Մարլիկ Ավետիսյանին տրված` 08.10.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.03.2013 թվականին մահացած Ռիմա Մելքոնյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 33,8 քմ մակերեսից, որից 22,8 քմ ընդհանուր մակերեսը բնակելի է, 11,0 քմ` օժանդակ, և ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 446,6 քմ ընդհանուր մակերեսով հողամասից, որից 178,13 քմ` կառուցապատ (հատոր 1-ին, գ.թ. 25):

9) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրամադրված թիվ 290-01/Վ 013 հաշվետվության համաձայն` Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեում կատարված զննության արդյունքում պարզվել է, որ բնակելի տունը սեփականատերերի կողմից ենթարկվել է տարատեսակ հատակագծային փոփոխությունների: Ըստ կատարած չափագրման արդյունքների` Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեում գտնվող բնակելի տան մակերեսը կազմում է` 342,78 քմ, որից բնակելի մակերեսը կազմում է`169,33 քմ, իսկ օժանդակը` 173,45 քմ: Բնակելի տան առաջին հարկը գտնվում է կիսակառույց վիճակում, իսկ Վարսենիկ, Մարլիկ և Գառնիկ Ավետիսյանները փաստացի բնակվում են երկրորդ հարկում: Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեում գտնվող բնակելի տնից, ըստ ուրվագծային գծանշված պատկերների, 63,81 քմ մակերեսով տարածքն օգտագործվում է Մարլիկ Ավետիսյանի կողմից: Վարսենիկ Ավետիսյանի կողմից բնակելի տան 2-րդ հարկից փաստացի օգտագործվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 74,2 քմ, որից բնակելի մակերեսը կազմում է 53,9 քմ, օժանդակ մակերեսը` 20,3 քմ: Մարլիկ և Վարսենիկ Ավետիսյանները համատեղ, բնակելի տան 1-ին հարկից փաստացի օգտագործում են 81,84 քմ մակերեսով տարածք և հողատարածքում առկա ավտոտնակը` 33,8 քմ մակերեսով:

«ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի` ի լրումն թիվ 290-01/Վ-014 հաշվետվության համաձայն` Մարլիկ Ավետիսյանի կողմից փաստացի օգտագործվող ներքին մակերեսների հաշվարկում առկա է վրիպակ, որի ճիշտ չափային տվյալները արտացոլված է հաշվետվության մեջ, և այն 63,81 քմ մակերեսի փոխարեն կազմում է 68,81 քմ (հատոր 1-ին, գ.թ. 117-123, 144-146):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառման առանձնահատկություններին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին` արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

i

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա,Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

i

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքն սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է և՛ ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ ժառանգների պարագայում ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառման հնարավորությանը, և՛ ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցերին` արձանագրելով, որ ժառանգների պարագայում ձեռքբերման վաղեմության հիմքով ժառանգական զանգված հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը բացառվում է, ինչպես նաև բացառվում է ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը (տե՛ս, Ստեփան և Կարինե Սարգսյաններն ընդդեմ Լևոն Սարգսյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0225/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը, Նելսոն Կոչնակյանն ընդդեմ Հասմիկ Կոչնակյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1493/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը և հակընդդեմ հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ վիճելի մակերեսները և դրանց վրա տեղակայված շինությունները փաստացի բաժանվել են կողմերի միջև, և կողմերն այն բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել և օգտագործել են ավելի քան 10 տարի: Միաժամանակ Դատարանը վիճելի մակերեսների նկատմամբ հայցվորի և հակընդդեմ հայցով հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելիս հիմք է ընդունել «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրամադրված թիվ 290-01/Վ 013 հաշվետվությունը:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցներից հետևում է, որ վիճելի հասցեում գտնվող տունը 1950-ական թվականներին կառուցվել է Մարլիկ Ավետիսյանի կողմից, այն փաստացի առանձնացվել է կողմերի միջև, և Մարլիկ Ավետիսյանն այն տիրապետում է բացահայտ` երրորդ անձանցից ոչ գաղտնի եղանակով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 20.02.2014 թվականին տրամադրված թիվ 290-01/Վ 013 հաշվետվությամբ նշվել է, որ վիճելի հասցեի տունը կողմերի համաձայնությամբ է ենթարկվել տարատեսակ հատակագծային փոփոխությունների, որի արդյունքում կողմերն են փաստացի առանձնացրել իրենց բաժնեմասերը, հետևաբար Դատարանը, հայցը և հակընդդեմ հայցը բավարարելով, վեճն ըստ էության ճիշտ է լուծել:

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` վիճելի հասցեի անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա սեփականության իրավունք են ձեռք բերել Վարսենիկ, Մարլիկ և Գառնիկ Ավետիսյանները: Այսպես` Վարսենիկ Ավետիսյանին տրված` 08.10.2013 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.03.2013 թվականին մահացած Ռիմա Մելքոնյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 33,8 քմ մակերեսից, որից 22,8 քմ ընդհանուր մակերեսով տարածքը բնակելի է, 11,0 քմ` օժանդակ, և ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 446,6 քմ ընդհանուր մակերեսով հողամասից, որից 178,13 քմ` կառուցապատ: Մարլիկ Ավետիսյանին տրված` 08.10.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.03.2013 թվականին մահացած Ռիմա Մելքոնյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնեմասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 33,8 քմ մակերեսից, որից 22,8 քմ ընդհանուր մակերեսը բնակելի է, 11,0 քմ` օժանդակ, և ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող 446,6 քմ ընդհանուր մակերեսով հողամասից, որից 178,13 քմ` կառուցապատ: Գառնիկ Ավետիսյանին տրված` 08.06.1990 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 20.09.1989 թվականին մահացած Խաչատուր (Խաչիկ) Հարությունյանի ժառանգական գույքը բաղկացած է նշված հասցեի բնակելի տան 1/3 մասից, որը գտնվում է Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում: Բնակելի տան 1/3 բաժինը բաղկացած է 46,8 քմ բնակելի, 35,8 քմ օժանդակ մակերեսներից: Սույն գործում առկա` «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 20.02.2014 թվականի թիվ 290-01/Վ 013 հաշվետվության համաձայն` Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 (Այգեստան 11/27) հասցեում կատարված զննության արդյունքում պարզվել է, որ բնակելի տունը սեփականատերերի կողմից ենթարկվել է տարատեսակ հատակագծային փոփոխությունների: Միաժամանակ նշված հաշվետվությամբ արձանագրվել են Վարսենիկ, Մարլիկ և Գառնիկ Ավետիսյանների կողմից վիճելի հասցեի` փաստացի օգտագործվող տարածքների մակերեսները, որոնք էապես տարբերվում են նշված հասցեի կապակցությամբ Վարսենիկ, Մարլիկ և Գառնիկ Ավետիսյաններից յուրաքանչյուրին ժառանգության իրավունքի վկայագրերով փոխանցված մակերեսներից:

Վերը շարադրված փաստերի հաշվառմամբ, միաժամանակ նկատի ունենալով վիճելի իրավահարաբերության բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար ստորադաս դատարանների կողմից ենթակա էին պարզման հետևյալ հանգամանքները`

1. Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 14/4 հասցեում առկա անշարժ գույքի իրավական կարգավիճակը և մակերեսը,

2. վիճելի հասցեի անշարժ գույքի սեփականատերերից յուրաքանչյուրի սեփականության իրավունքի ծագման հիմքերը,

3. վիճելի հասցեի անշարժ գույքի սեփականատերերից յուրաքանչյուրի կողմից փաստացի օգտագործվող հողամասի և շինությունների կարգավիճակը և մակերեսը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վերը շարադրված հանգամանքները պարզելուց հետո ստորադաս դատարանները կարող էին եզրահանգումներ անել սույն գործով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառելիության հարցի վերաբերյալ:

Մինչդեռ Դատարանն առանց պարզելու սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, հիմք ընդունելով միայն «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 20.02.2014 թվականի թիվ 290-01/Վ 013» հաշվետվությունը, որը չի կարող գնահատվել որպես բավարար ապացույց, քանի որ նշված հաշվետվությամբ ընդամենը նշվել են սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող տարածքները, բավարարել է հայցը և հակընդդեմ հայցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից, ի թիվս այլ հանգամանքների, անտեսվել է նաև այն հանգամանքը, որ առանց պարզելու հայցվորի և հակընդդեմ հայցով հայցվորի` տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքերը և փաստացի օգտագործվող բաժնեմասերից` անշարժ գույքի տվյալ մասի իրավական կարգավիճակը, փորձագիտական հաշվետվությամբ առաջարկվող տարբերակով` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է վերջիններիս սեփականության իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չեն պարզել սույն վեճի լուծման համար էական հանդիսացող հանգամանքները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պատճառաբանությունների լույսի ներքո սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող էական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ բողոքի պատասխանների փաստարկները հերքվում են վերը շարադրված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԵԿԴ/0481/02/14
Որոշում