Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
թիվ ԵԿԴ/0529/02/14
2017 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0529/02/14 
Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան
                  Դատավորներ` Ն. Բարսեղյան
                                              Լ. Գրիգորյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անդրանիկ Մանուկյանի ընդդեմ Դավիթ Խառատյանի, երրորդ անձ Մանուշակ Կավիցյանի` ինքնակամ կառույցների քանդման` տարածքի նախկին վիճակի վերականգնման և վնասի հատուցման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անդրանիկ Մանուկյանը պահանջել է Դավիթ Խառատյանին և երրորդ անձ Մանուշակ Կավիցյանին պարտավորեցնել քանդել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում կառուցված ինքնակամ կառույցները` Դավիթ Խառատյանի կողմից կառուցված սանհանգույցները, աստիճանավանդակներն ու բացվածքները` նկուղային հարկի երկու առանձին մուտքերը (դռների ու պատուհանների բացվածքները), դրանց ծածկերը, իսկ բակային տարածքը (ճանապարհը) վերականգնել նախկին վիճակի, ինչպես նաև պարտավորեցնել Դավիթ Խառատյանին բնեղենով վերադարձնել իր կողմից պատճառված վնասը (վերադարձնելու դարպասը իր տեղը կամ տրամադրելու նույն տեսակի երկաթյա դարպաս), պարտավորեցնել Մանուշակ Կավիցյանին նախկին վիճակի վերականգնել իր իրավանախորդ Աշոտ Կարապետյանի կողմից ընդհանուր օգտագործման (հասարակական զուգարանի) տարածքում (նախկին տեղում) կառուցված շինությունը, բնակիչների ընդհանուր օգտագործման հասարակական զուգարանը:

14.10.2015 թվականին դիմելով դատարան` Անդրանիկ Մանուկյանը Մանուշակ Կավիցյանի մասով հայցից հրաժարվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 22.07.2016 թվականի վճռով Մանուշակ Կավիցյանի մասով գործի վարույթը կարճվել է, իսկ Դավիթ Խառատյանի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2016 թվականի որոշմամբ Անդրանիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.07.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա փորձագիտական եզրակացությունների համաձայն` Դավիթ Խառատյանն օգտագործում է ինքնակամ զավթած, Անդրանիկ Մանուկյանին և Աշոտ Կարապետյանին պատկանող ընդհանուր հողամասը, իսկ օգտագործման եղանակը հանդիսանում է այն, որ պատասխանողը, վերակառուցելով պատուհանների և դռների բացվածքները, ծանրաբեռնել է Անդրանիկ Մանուկյանի հողամասը շինություններով, ինչը նշված է նաև Դավիթ Խառատյանին 10.04.2010 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2695945 վկայականում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ այդ դռների բացվածքները և աստիճանավանդակներն ուղղակի խախտում են Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ խախտվել են Անդրանիկ Մանուկյանի` գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավազորությունները: Բացի այդ, Անդրանիկ Մանուկյանն այդ շինությունների պատճառով զրկված է իրեն պատկանող սեփականության իրավունքի օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դավիթ Խառատյանն ակնհայտորեն դուրս է եկել իր հողամասի սահմաններից և վիճելի հողամասի վրա կառուցված շինությունները կառուցվել են առանց սեփականատերերի, մասնավորապես` սույն քաղաքացիական գործով հայցվոր Անդրանիկ Մանուկյանի համաձայնությունը հաշվի առնելու:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Անդրանիկ Մանուկյանը հստակ ապացուցել է, որ խնդրո առարկա դարպասը գտնվում է իրեն պատկանող տարածքում, և պատկանում է իրեն, ինչպես նաև այն, որ այդ դարպասը գաղտնի կերպով տեղափոխել է Դավիթ Խառատյանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1991 թվականին տրված բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` Անդրանիկ Մանուկյանը հանդիսանում է Երևանի Թումանյան 2-րդ նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող 76,88 քմ մակերեսով բնակելի և 101,27 քմ մակերեսով օժանդակ տարածքի սեփականատեր, ինչպես նաև նույն հասցեում գտնվող 880 քմ մակերեսով հողամասի սեփականատեր` ընդհանուր սեփականության իրավունքով: Սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսանում 22.08.1991 թվականի բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 13-16, 22, 23):

2) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 14.04.2010 թվականի թիվ 2695945 վկայականի համաձայն` քաղաք Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5 շենքի 1-ին բնակարանի` 158,4 քմ մակերեսի նկատմամբ 24.11.2005 թվականի թիվ 12448 առուվաճառքի պայմանագրի, Երևանի քաղաքապետի 31.08.2009 թվականի թիվ 7975-Ա որոշման, 12.04.2010 թվականի թիվ 1042 համաձայնության հիման վրա 14.04.2010 թվականին գրանցվել է Դավիթ Խառատյանի սեփականության իրավունքը: Նշված վկայականի «լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարված է նշում առկա ինքնակամ օգտագործվող 32,9 քմ մակերեսով նկուղի, ինքնակամ 2 դռան բացվածքի և 2 աստիճանի վերաբերյալ, որոնք հաշվառված են թիվ 2-86 մատյանում, սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 158/383 (հատոր 2, գ.թ. 44-45):

3) «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի կողմից տրված 26.06.2015 թվականի թիվ 10-11-14 դատատեխնիկական եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Թումանյան 2-րդ անցուղի թիվ 5 փոստային հասցեում գտնվող, համատիրությանն օրինական հատկացված հողամասի մակերեսը կազմում է 880 քմ, իսկ փորձագետի կողմից իրականացված չափագրումները համադրելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից տրամադրված հատակագծի հետ` փաստացի կազմել է 980,1 քմ: Նշված 980,1 քմ մակերեսով հողամասից Երևանի Քաղսովետի գործադիր կոմիտեի 11.05.1948 թվականի նիստի թիվ 8 արձանագրությունով օտարվել է 135,0 քմ մակերեսով հողամաս և հատկացվել է թիվ 5ա բազմաբնակարան շենքի կառուցման համար (...): Փաստացի` շինություններից ազատ հողամասը, որը հանդիսանում է Անդրանիկ Մանուկյանի և Աշոտ Կարապետյանի ընդհանուր օգտագործման հողամասը, կազմում է 296,9 (539-157,2-84,2) քմ մակերես: Եզրակացության «Հետազոտություն» բաժնի 4-րդ կետում նշվել է, որ ըստ Կադաստրի կողմից 14.10.2010 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2695945 վկայականի, ինչպես նաև իրականացված չափագրմամբ ստացված տվյալների` Դավիթ Խառատյանի կողմից, բացի օրինական գրանցում ստացած բնակարանից և նկուղից, ինքնակամ զավթվել է Անդրանիկ Մանուկյանին և Աշոտ Կարապետյանին պատկանող ընդհանուր օգտագործման հողամասից` վերակառուցելով պատուհանների բացվածքը դռների բացվածքի` շինություններով ծանրաբեռնվել է 13,2(5,0+4,0+4,2)քմ մակերեսով հողամաս ... (հատոր 2-րդ, գ.թ. 16-39):

4) Ըստ, Կառուցագետ, անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի 22.12.2015 թվականի թիվ Կ-15/Պ-099 շինարարական եզրակացության` Կադաստրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության (կադաստրային քարտեզի) համաձայն` Թումանյան 2-րդ անցուղի թիվ 5 հասցեում փաստացի առկա է 723,69 քմ մակերեսով հողամաս, (...): Կատարված տեղազննմամբ պարզվել է, որ Երևանի Թումանյան 2-րդ անցուղի թիվ 5 հասցեում փաստացի առկա է 739,91 քմ մակերեսով հողամաս, այդ թվում.

(...)

- 83,2 քմ մակերեսով Անդրանիկ Մանուկյանի կողմից տիրապետվող հողամաս,

- 169,0 քմ մակերեսով Աշոտ Կարապետյանի կողմից տիրապետվող հողամաս,

(...)

- 7,26 (3,34+3,92) քմ մակերեսով Անդրանիկ Մանուկյանին և Աշոտ Կարապետյանին պատկանող, սակայն Դավիթ Խառատյանի կողմից ինքնակամ զբաղեցված հողամաս,

- 120,75 քմ մակերեսով Անդրանիկ Մանուկյանին և Աշոտ Կարապետյանին պատկանող ընդհանուր անցում (հատոր 3-րդ, գ.թ. 89-95):

5) ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննիչի` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 19.12.2014 թվականի որոշման համաձայն` Անդրանիկ Մանուկյանն իր բացատրությամբ հայտնել է, որ մոտ 10-15 տարի առաջ իր հարևան Դավիթ Խառատյանն իրեն է տվել երկու երկաթյա փեղկեր` ընդհանուր բակում մուտքի դռներ պատրաստելու համար, ինքը նշված դարպասների ձևափոխման և տեղադրման վրա ծախսել է 200.000 ՀՀ դրամ, իսկ նույն թվականի նոյեմբերի 6-ին նկատել է, որ Դավիթ Խառատյանը դարպասները կտրել և տարել է: Դավիթ Խառատյանը հայտնել է, որ նշված դարպասները պատկանում են իրեն, և որ ինքն է դրանք բերել իր` Դավիթ-Բեկի թիվ 40 հասցեում գտնվող առանձնատնից և տեղադրել` տեղեկացնելով, որ Անդրանիկ Մանուկյանը միայն մասնակցել է տեղադրման աշխատանքներին` օգնելով իրեն: Ինչ վերաբերում է Անդրանիկ Մանուկյանի կողմից դարպասները ձևափոխելուն, ապա ինքը տեղյակ չի եղել դրա մասին և անձամբ չի թույլատրել դրանք ձևափոխել, իսկ դարպասները հանել է այն պատճառով, որ Անդրանիկ Մանուկյանը դատարան հայց է ներկայացրել իր դեմ: Անդրանիկ Մանուկյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացույցների գնահատման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:

Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

ՈՒրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինքնակամ կառույցի օրենսդրական բնորոշումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետում, որի համաձայն` կառույցը համարվում է ինքնակամ, եթե այն կառուցվել է օրենքով կամ այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կառուցվել կամ վերակառուցվել է առանց թույլտվության, կառուցվել կամ վերակառուցվել է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով: Ընդ որում, ուրիշին պատկանող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ինքնակամ կառույցը քանդել պարտավորեցնելու հայցերով ապացուցման առարկան կազմող փաստերին, գտել է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

- վեճի առարկա կառույցը ինքնակա՞մ է, թե` ոչ: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նշված փաստը ենթակա է պարզման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորման համատեքստում.

- ու՞մ է պատկանում հողամասը, որի վրա գտնվում է ինքնակամ կառույցը.

- արդյո՞ք ինքնակամ կառույցը պահպանելը խախտում է դատարան դիմած շահագրգիռ անձի որևէ իրավունք և օրենքով պահպանվող որևէ շահ (տե՛ս, Սեյրան Քոչարյանն ընդդեմ Օնիկ Մալաքյանի, Շուշիկ Ալեքսանյանի թիվ ԵԱՔԴ/0232/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի և 47-րդ հոդվածի համադրված վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածում սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև` փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով` վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ:

i

Անդրադառնալով փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում առանձնացնել այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս:

Վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնահասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, նաև «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

i

Ընդ որում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե՛ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ1/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Երևանի Թումանյան 2-րդ անցուղի թիվ 5 հասցեում առկա հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Անդրանիկ Մանուկյանին և Աշոտ Կարապետյանին, հայցը մերժել է` պատճառաբանելով, որ Անդրանիկ Մանուկյանը որևէ կերպ չի հիմնավորել, որ իրեն պատկանող անշարժ գույքն է ծանրաբեռնված ինքնակամ շինություններով և նշված ինքնակամ շինությունները կամ դրանցում առկա բացվածքները խախտում են իր որևէ իրավունք կամ օրենքով պահպանվող շահ կամ վտանգ են սպառնում իր կյանքին և առողջությանը: Ավելին` Անդրանիկ Մանուկյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ Դավիթ Խառատյանի կողմից կառուցվել են սանհանգույցներ, աստիճանավանդակներ, դռան և պատուհանի բացվածքներ, նկուղային հարկի երկու առանձին մուտքեր, ինչպես նաև չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ դարպասը Դավիթ Խառատյանին չի պատկանում:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց` ի հիմնավորումն այն փաստի, որ Դավիթ Խառատյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականում արտացոլված ինքնակամ բացվածքները և աստիճանները գտնվում են Անդրանիկ Մանուկյանին պատկանող հողամասի վրա, ինչը կարող էր հիմք հանդիսանալ հետևություն անելու այն մասին, որ դրանով իսկ խախտվում են հայցվորի` գույքն օգտագործելու և տիրապետելու իրավունքները: Անդրանիկ Մանուկյանը չի հիմնավորել նաև այդ կառույցներով պայմանավորված` իր իրավունքների խախտման փաստը, մինչդեռ ինքնակամ կառույցը քանդելու նախապայման է հանդիսանում այդ կառույցով այլ անձանց իրավունքների խախտումը:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս ատյանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն չեն հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 14.04.2010 թվականի թիվ 2695945 վկայականը, որի, լրացուցիչ նշումներ, փոփոխություններ, բաժնում նշում է կատարված, որ Երևանի Թումանյան 2-րդ նրբանցքի թիվ 1 հասցեում առկա են ինքնակամ օգտագործվող 32,9 քմ մակերեսով նկուղ, ինքնակամ 2 դռան բացվածք և 2 աստիճան: Ավելին` ստորադաս դատարաններն անտեսել են և միմյանց հետ չեն համադրել, Էքսպերտ ՍՎՍե ՍՊԸ-ի կողմից 26.06.2015 թվականի թիվ 10-11-14 և, Կառուցագետ, անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի 10.12.2015 թվականի թիվ Կ-15/Պ-099 եզրակացությունները, որոնցով հաստատվում է, որ Դավիթ Խառատյանն ինքնակամ զավթել է Անդրանիկ Մանուկյանին և Աշոտ Կարապետյանին պատկանող ընդհանուր օգտագործման հողամասից` 13,2(5,0+4,0+4,2)քմ մակերեսով հողամաս, այն ծանրաբեռնել է շինություններով` պատուհանների բացվածքը դռների բացվածքի վերակառուցելով:

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ստորադաս դատարանները սույն գործով ձեռք բերված ապացույցների համադրմամբ փաստելով, որ վիճելի ինքնակամ կառույցներով պայմանավորված չի խախտվում ինչպես հայցվորի, այնպես էլ` այլ անձանց իրավունքները, հանգել են ոչ իրավաչափ հետևության, քանի որ վիճելի հողամասը հանդիսանում է Անդրանիկ Մանուկյանի և Աշոտ Կարապետյանի ընդհանուր սեփականությունը, իսկ վերոհիշյալ հողամասի վրա առկա շինությունները կառուցվել են առանց սեփականատերերի, մասնավորապես` Անդրանիկ Մանուկյանի համաձայնությունը հաշվի առնելու: Հետևաբար առանց հողամասի սեփականատերերից մեկի` Անդրանիկ Մանուկյանի համաձայնության տվյալ հողամասում իրականացված ինքնակամ կառույցը խախտում է վերջինիս կողմից իրեն պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից բխող իրավազորությունների արդյունավետ իրականացումը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հիմքով դատավարական իրավունքի խախտման արդյունքում ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որպիսի պարագայում առաջանում է գործի նոր քննության անհրաժեշտություն` «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի կողմից 26.06.2015 թվականին տրված թիվ 10-11-14 եզրակացությունը և, Կառուցագետ, անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի 10.12.2015 թվականի թիվ Կ-15/Պ-099 եզրակացությունը գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ համադրելու և գնահատելու համար:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս փաստարկին` պատճառված վնասը բնեղենով հատուցելու պահանջի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումներն այս մասով հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը պատճառված վնասը բնեղենով հատուցելու պահանջը մերժելիս պատճառաբանել է, որ սույն գործով որևէ կերպ չի հիմնավորվել, որ վեճի առարկա դարպասը պատկանել է Անդրանիկ Մանուկյանին:

Վերաքննիչ դատարանը վերը նշված պահանջի մասով վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել, որ վնասն առկա է կամ իրեն է պատճառվել, ինչն անհրաժեշտ է վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատճառված վնասը բնեղենով հատուցելու պահանջի մասին ստորադաս դատարանների եզրահանգումներն օրինական են և հիմնավորված, քանի որ վնասը հատուցելու պահանջի բավարարման առաջին նախապայմանը վնասի առկայությունն է, ինչը սույն գործով չի հիմնավորվել: Այսպես` սույն գործում առկա չեն բավարար ապացույցներ, որ վիճելի դարպասը պատկանում է Անդրանիկ Մանուկյանին: Ավելին` ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչի 19.12.2014 թվականի որոշմամբ Անդրանիկ Մանուկյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նշված որոշման համաձայն` Անդրանիկ Մանուկյանը բացատրություն է տվել առ այն, որ 10-15 տարի առաջ Դավիթ Խառատյանն իրեն է տրամադրել երկու երկաթյա փեղկեր` մուտքի դռներ պատրաստելու համար, իսկ ինքն այդ դարպասների ձևափոխման և տեղադրման վրա ծախսել է 200.000 ՀՀ դրամ, սակայն սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որ Անդրանիկ Մանուկյանը կատարել է Դավիթ Խառատյանի կողմից իրեն տրամադրված դարպասների ձևափոխման և տեղադրման աշխատանքներ, որոնց համար ծախսել է 200.000 ՀՀ դրամ: Ավելին, այդ հանգամանքը չի կարող դրվել վնասը բնեղենով հատուցելու պահանջի հիմքում:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու մասին վճռաբեկ բողոքի հիմքը, գտնում է, որ այն բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` տարածքի նախկին վիճակին վերականգնելուն (ինքնակամ կառույցները քանդելու տեսքով) պարտավորեցնելու պահանջի մասով, բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անդրանիկ Մանուկյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք: Տվյալ դեպքում սույն գործով քննության առարկա է հանդիսանում երկու ոչ գույքային պահանջ (ինքնակամ կառույցները քանդելու և վնասը բնեղենով հատուցելու), իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն` մեկ ոչ գույքային պահանջի մասով, և այդ մասով գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին այդ մասով հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ինչ վերաբերում է մյուս ոչ գույքային պահանջին, ապա նկատի ունենալով, որ այդ պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը թողնվում են օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցն այդ պահանջի մասով պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշման` Դավիթ Խառատյանի կողմից կառուցված ինքնակամ կառույցները` բացվածքները, աստիճանավանդակներն ու նկուղային հարկի երկու առանձին մուտքերը, բակային տարածքը (ճանապարհը) քանդել պարտավորեցնելու` նախկին վիճակը վերականգնելու պահանջի մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2016 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: Մնացած մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԵԿԴ/0529/02/14
Որոշում