Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 197...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 197-ՐԴ, 447-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԱՐԴ/0303/02/15
2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԱՐԴ/0303/02/15
Նախագահող դատավոր`   Գ. Խանդանյան
                  Դատավորներ`   Ս. Միքայելյան
                                                 Հ. Ենոքյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկ Միրզախանի Մալխասսյանի ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ղուկաս Ավագյանի ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասսյանի` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերից բաժինները բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ղուկաս Ավագյանը պահանջել է իրեն և Հայկ Միրզախանի Մալխասսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 և 04-079-101-031 կադաստրային համարների տակ գրանցված հողամասերի, նույն գյուղի 2-րդ փողոցի 53ա հասցեում գտնվող 04-079-161-001-001 կադաստրային համարի տակ գրանցված խորքային հորի և ջրաճնշման աշտարակի, նույն փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի տակ գրանցված գույքի, ինչպես նաև 04-079-111-075-001: 002: 007 կադաստրային համարների տակ գրանցված անասնաշենքերի 1/3 բաժինները բնեղենով առանձնացնել:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Սիմոնյան) (այսուհետ` Դատարան) 05.09.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2016 թվականի որոշմամբ Հայկ Միրզախանի Մալխասսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.09.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Միրզախանի Մալխասսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 197-րդ, 447-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ գրավի պայմանագրերը չէին կարող արգելք հանդիսանալ Դատարանի վճռի կայացման համար, քանի որ գրավի առարկա հանդիսացող հողամասերը չեն օտարվել երրորդ անձանց կամ որևէ այլ կերպ չեն տնօրինվել, ինչպես նաև որևէ փոփոխության չեն ենթարկվել, անտեսել է, որ հողամասից բաժինն առանձնացնելը հենց գույքի տնօրինման դրսևորում է, որը, գրավի պայմանագրերի համաձայն, կարող էր իրականացվել բացառապես գրավառուի համաձայնությամբ: Տվյալ դեպքում, անկախ այն հանգամանքից, որ հողամասերի սեփականատերերի կազմի փոփոխություն տեղի չի ունենալու, գույքերը մի դրությունից փոխվելու են այլ դրության` դառնալով երկու միավոր գույք, ձևափոխվելու են` նախկինի համեմատ այլ արտաքին ձև, սահմանագիծ և կազմ ստանալով: Այսինքն` ակնհայտ առկա են փոփոխության դրսևորումներ, որոնք վկայում են Վերաքննիչ դատարանի եզրահանգման անհիմն լինելու մասին: Բացի այդ, Դատարանի վճռի հիման վրա գույքերի բաժանումը հանգեցնելու է դրանց շուկայական գնի փոփոխությանը` նվազմանը, ուստի փաստացի վտանգ է առաջանում հիմնական պարտավորության ապահովվածության տեսանկյունից:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 28-րդ, 53-րդ, 62-րդ, 130-րդ, 219-րդ, 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փորձագիտական եզրակացությունը չի պարունակում դատատեխնիկական հետազոտության որևէ մեթոդ, ուստի եզրակացությունն իրականացվել է սահմանված դատավարական կարգի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև փորձագիտական եզրակացության` որպես մեկ ամբողջական փաստաթղթի գնահատման վերաբերյալ պահանջը` առանձնացնելով եզրակացությունից ապրանքագիտական մասը և գտնելով, որ այն վճռի հիմքում չի դրվել, և գնահատական տալով միայն եզրակացության դատատեխնիկական մասին: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև սույն գործով կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության վերաբերյալ վերաքննիչ բողոքում առկա հիմնավորումներին, չի գնահատել բողոքաբերի կողմից այդ կապակցությամբ ներկայացված փաստարկները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արմավիր տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից 04.11.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2850548 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 կադաստրային համարի տակ գրանցված 2,6849 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Հայկ Միրզախանի Մալխասսյանին` 2/3 բաժին, և Ղուկաս Ավագյանին` 1/3 բաժին:

Կադաստրի կողմից 04.11.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2850549 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-101-031 կադաստրային համարի տակ գրանցված 4,335 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Հայկ Միրզախանի Մալխասսյանին` 2/3 բաժին, և Ղուկաս Ավագյանին` 1/3 բաժին:

Կադաստրի կողմից 07.11.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2850547 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 53ա հասցեում գտնվող խորքային հորը և ջրաճնշման աշտարակը, ինչպես նաև 04-079-161-001-001 կադաստրային համարի տակ գրանցված 0,0303 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Հայկ Միրզախանի Մալխասսյանին` 2/3 բաժին, և Ղուկաս Ավագյանին` 1/3 բաժին:

Կադաստրի կողմից 07.11.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2850550 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի տակ գրանցված 8,4439 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասը, ինչպես նաև 04-079-111-075-001: 002: 007 կադաստրային համարների տակ գրանցված 863,3 քմ մակերեսով անասնաշենքերն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Հայկ Միրզախանի Մալխասսյանին` 2/3 բաժին, և Ղուկաս Ավագյանին` 1/3 բաժին (հատոր 1-ին, գ.թ. 7-18):

2) «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Ա/Ձ Ղուկաս Ավագյանի միջև 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Վ վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը Ա/Ձ Ղուկաս Ավագյանին մինչև 60 ամիս մարման ժամկետով և տարեկան 11% տոկոսադրույքով տրամադրել է 39.000.000 ՀՀ դրամ վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 146-153):

3) Ընկերության` որպես գրավառուի և Ղուկաս Ավագյանի, Հայկ Միրզախանի Մալխասսյանի` որպես գրավատուների միջև 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Գ/01 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի համաձայն` գրավատուները` որպես 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Վ վարկային պայմանագրով Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավադրել են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0106-0072) տակ գրանցված 2,6849 հա մակերեսով հողամասը (թիվ 2850548 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական):

Ընկերության` որպես գրավառուի և Ղուկաս Ավագյանի, Հայկ Միրզախանի Մալխասսյանի` որպես գրավատուների միջև 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Գ/02 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի համաձայն` գրավատուները` որպես 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Վ վարկային պայմանագրով Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավադրել են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-101-031 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0101-0031) տակ գրանցված 4,335 հա մակերեսով հողամասը (թիվ 2850549 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական):

Ընկերության` որպես գրավառուի և Ղուկաս Ավագյանի, Հայկ Միրզախանի Մալխասսյանի` որպես գրավատուների միջև 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Գ/03 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի համաձայն` գրավատուները` որպես 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Վ վարկային պայմանագրով Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավադրել են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 անասնաշենքերի հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0111-0094) տակ գրանցված 8,4439 հա մակերեսով հողամասը, ինչպես նաև նշված հողամասի վրա գտնվող շինությունները (թիվ 2850550 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական):

Նշված պայմանագրերի 3.17-րդ կետի համաձայն` գրավատուները պարտավորվում են առանց գրավառուի գրավոր համաձայնության գրավի առարկա հանդիսացող գույքը չօտարել, չհանձնել վարձակալության, ենթավարձակալության և անհատույց օգտագործման կամ չտնօրինել այլ կերպ: Նույն պայմանագրերի 3.19-րդ կետի համաձայն` գրավատուները պարտավորվում են գրավի առարկայի հետ կատարված ցանկացած փոփոխությունների դեպքում ստանալ գրավառուի համաձայնությունը, ողջամիտ ժամկետում ապահովել կատարված փոփոխությունների պետական գրանցում և պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ (հատոր 2-րդ, գ.թ. 154-159):

4) Ընկերության և Հայկ Միրզախանի Մալխասսյանի միջև 03.06.2016 թվականին կնքված պահանջի զիջման մասին պայմանագրի համաձայն` Հայկ Միրզախանի Մալխասսյանն ամբողջությամբ կատարել է Ընկերության հանդեպ Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորությունը` 16.363.937,7 ՀՀ դրամ պարտքի գումարը վճարելով Ընկերությանը: Պայմանագրի 2.3-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով Հայկ Միրզախանի Մալխասսյանի կողմից Ընկերության հանդեպ Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորության ամբողջական կատարման փաստը, Ընկերության` վարկային պայմանագրով ծագած պահանջի իրավունքները և վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող գրավի պայմանագրերից ծագած գրավի իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում են Հայկ Միրզախանի Մալխասսյանին այն ծավալով, որով վերջինս բավարարել է Ընկերության պահանջը: Նույն պայմանագրի 2.5-րդ կետի համաձայն` հաշվի առնելով, որ 2.3-րդ կետում նշված իրավունքները Հայկ Միրզախանի Մալխասսյանին անցնելու արդյունքում պարտատերը և երաշխավորության պայմանագրով երաշխավորը (Հայկ Միրզախանի Մալխասսյանը) համընկնում են, ուստի կողմերն ընդունում են, որ նույն պայմանագրի կնքմամբ երաշխավորության պայմանագրի գործողությունը դադարում է (հատոր 3-րդ, գ.թ. 74-75):

5) 07.06.2016 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07062016-04-0032, թիվ 07062016-04-0030 և թիվ 07062016-04-0026 վկայականների համաձայն` համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-0106-0072 կադաստրային ծածկագրով 2,6849 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, նույն գյուղում գտնվող 04-079-0101-0031 կադաստրային ծածկագրով 4,335 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, նույն գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող անասնաշենքի, ինչպես նաև 04-079-0111-0094 կադաստրային ծածկագրով 8,4439 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասի նկատմամբ գրանցվել է Հայկ Միրզախանի Մալխասսյանի գրավի իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 76-78):

6) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կատարված դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության արդյունքում 18.02.2016 թվականին կազմված թիվ «013-01/Վ-016» փորձագետի եզրակացությունը չի պարունակում նշում դատատեխնիկական փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդի վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 86-113):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում գրավ դրված և ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու կամ դրանից բաժին առանձնացնելու հնարավորության հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 447-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բաժանելը կամ դրանից բաժին առանձնացնելը համարվում է սեփականության իրավունքի տնօրինման իրավազորության դրսևորում, և հնարավո՞ր է արդյոք ընդհանուր գույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել այն դեպքում, երբ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի գրավի պայմանագրով նախատեսված է առանց գրավառուի համաձայնության գրավի առարկան տնօրինելու կամ դրա փոփոխությանը հանգեցնող ցանկացած գործողություն իրականացնելու արգելք,

- արդյո՞ք փորձագետի եզրակացությունը կարող է համարվել պատշաճ ապացույց այն դեպքում, երբ չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին:

i

1) 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն` հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրավը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխի 1-ին պարագրաֆում պարունակվող գրավի մասին ընդհանուր կանոնները կիրառվում են հիփոթեքի նկատմամբ, եթե այլ կանոններ չեն սահմանված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխի հիփոթեքին վերաբերող պարագրաֆում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն` գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի համաձայն` գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձի սահմանադրական իրավունք հանդիսացող սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող տնօրինման իրավազորությունը ենթադրում է սեփականատիրոջ կողմից սեփական կամքով և հայեցողությամբ գույքի իրավական և փաստացի ճակատագիրը որոշելու հնարավորություն: Գույքի տնօրինման իրավունքը ենթադրում է ինչպես օրենքով նախատեսված, այնպես էլ օրենքով չարգելված եղանակներով գույքի հետագա ճակատագիրը որոշելու իրավունք, այդ թվում նաև` գույքի փաստացի նկարագիրը փոփոխելու կամ գույքի տնօրինման գործարքներ կնքելու եղանակով: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված կարգավորումը կիրառելի է ինչպես միանձնյա, այնպես էլ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման դրսևորում է հանդիսանում նաև գույքի բաժանումը և գույքից բաժին առանձնացնելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բաժանելիս այն դադարում է ընդհանուր սեփականություն հանդիսանալ, և յուրաքանչյուր մասնակից դառնում է գույքի բաժանված մասի միակ սեփականատերը: Գույքից բաժին առանձնացնելիս առանձնացող սեփականատերը դառնում է միակ սեփականատեր առանձնացված բաժնի նկատմամբ, իսկ գույքի մնացած մասի նկատմամբ պահպանվում է չառանձնացած մասնակիցների ընդհանուր սեփականությունը: Հետևաբար, ընդհանուր գույքը բաժանելիս կամ դրանից բաժին առանձնացնելիս ոչ միայն փոփոխվում է գույքի փաստացի վիճակը (մասնավորապես` օբյեկտիվ իրականության մեջ այն շարունակում է գոյություն ունենալ այլ անհատականացնող տվյալներով, այլ մակերեսով, այլ արժեքով), այլ նաև իրավական վիճակը, քանի որ մասնավորապես փոփոխվում է սեփականության տեսակը և գույքային միավորների քանակը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումը ոչ այլ ինչ է, քան տնօրինման իրավազորության դրսևորում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի գործով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի մեկնաբանությանը` մասնավորապես արձանագրելով, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն (տե՛ս, թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

i

Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան և Հնազանդ Ավագյանների գործով զարգացնելով իր նախկին դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ օրենսդիրը նախատեսել է հետևանքներ այն դեպքերի համար, երբ կոնկրետ տեսակի գույքը բաժանելու հնարավորությունը սահմանափակված է օրենքով կամ անհնար է առանց այդ գույքին անհամաչափ վնաս պատճառելու: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում կոնկրետ գործի փաստերից ելնելով` դատարանները նշված պայմանների հաշվառմամբ պետք է գնահատեն գույքի բաժանման հնարավորությունը, ինչպես նաև նմանատիպ գործերի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմաններին պետք է անդրադառնան առանձին-առանձին (տե՛ս, թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Հետևաբար, գույքի տնօրինման իրավազորության դրսևորում հանդիսացող` գույքի բաժանման կամ առանձնացման իրավունքն իրացնելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանելը պարտադիր է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ գույքի տնօրինում է նաև գույքը գրավ դնելը:

«Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.

- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը` ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

- «հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն` (1) գրավի իրավունքը հանդիսանում է գրավառուի սահմանափակ իրային իրավունքը, (2) գրավառուն ունի հիմնական պարտավորության չկատարման դեպքում նախապատվության իրավունքով գրավադրված գույքի արժեքից իր պահանջների բավարարում ստանալու «օրինական սպասելիք»: Հետևաբար սեփականության իրավունքի պաշտպանության թե՛ սահմանադրաիրավական, թե՛ կոնվենցիոն ընթացակարգերը հավասարապես կիրառելի են նաև գրավի իրավունքի պաշտպանության նկատմամբ (տե՛ս, թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ոչ միայն գույքը գրավ դնելն է հանդիսանում սեփականության իրավունքի տնօրինման իրավազորության դրսևորում, այլ նաև գրավառուն գրավի իրավունք ձեռք բերելուց հետո օգտվում է սեփականության իրավունքի պաշտպանության համար սեփականատիրոջը տրված երաշխիքներից: Ընդ որում, եթե սեփականատիրոջը տրված երաշխիքները սահմանվում են օրենքով, գրավի պայմանագրով կողմերը կարող են նախատեսել նաև այլ երաշխիքներ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի ուժով կողմերը կարող են սահմանափակել գրավատուի կողմից գույքի տնօրինման իրավունքը: Նման կարգավորման նպատակը սեփականատիրոջ և գրավառուի` որպես գրավ դրված գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող սուբյեկտների շահերի հավասարակշռումն է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավ դրված գույքի տնօրինման իրավունքը սահմանափակ չէ, այլ կարող է սահմանափակվել ինչպես օրենքով, այնպես էլ գրավի պայմանագրով: Ընդ որում, նշված հետևությունը կիրառելի է գրավի առարկա հանդիսացող ցանկացած գույքի, այդ թվում` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում մեջ բերել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված` գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմանների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքը, որի համաձայն` գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) միջամտությունը նախատեսված է օրենքով,

2) միջամտությունը բխում է հանրային շահից,

3) միջամտությունը բավարարում է համաչափության պահանջներին:

Այսպես, ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և կարևորագույն պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը պետք է հիմնված լինի օրենքի վրա. այս պահանջը բխում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկի` իրավունքի գերակայության էությունից (տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, 79-րդ կետ): Հետևաբար առաջին պայմանը ենթադրում է ոչ միայն ներպետական օրենսդրության շրջանակներում սեփականության իրավունքի տվյալ սահմանափակումը նախատեսող օրենքի առկայությունը, այլ նաև այդ օրենքի համապատասխանությունը իրավունքի գերակայության սկզբունքից բխող որոշակի որակական հատկանիշների (տե՛ս, James and Others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, 67-րդ կետ):

Սեփականության իրավունքի իրականացման միջամտության իրավաչափության երկրորդ պայմանի համաձայն` այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից, որի գնահատման հարցում հանրային իշխանության մարմիններն օժտված են որոշակի հայեցողությամբ (տե՛ս, James and Others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, 46-րդ կետ):

Սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության իրավաչափության երրորդ պայմանը նախատեսում է, որ միջամտությունը պետք է ապահովի արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (տե՛ս, Sporrong and Lonnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, 69-րդ կետ): Մասնավորապես, գույքից անարգել օգտվելու իրավունքի ցանկացած միջամտության դեպքում կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև պետք է գոյություն ունենա համաչափության որոշակի ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Scollo v. Italy գործով Եվրոպական դատարանի 28.09.1995 թվականի վճիռը, 32-րդ կետ): Եվրոպական դատարանի գնահատմամբ նման բարենպաստ հավասարակշռության հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի միջամտության պատճառով սեփականատերն ստիպված է կրել անհամաչափ, ավելորդ և չափազանց մեծ ծանրություն (տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, 89-րդ կետ):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված տնօրինման իրավազորության սահմանափակումը նպատակ ունի ապահովելու հավասարակշռություն գույքային իրավունքի իրավատերեր հանդիսացող սեփականատիրոջ և գրավառուի շահերի միջև: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված սահմանափակումը տեղավորվում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված` գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմաններում:

ՈՒստի Վճռաբեկ դատարանը, կարևորելով ընդհանուր սեփականության յուրաքանչյուր մասնակցի իրավունքը` ներկայացնել գույքից բնեղենով իր բաժինն առանձնացնելու պահանջ, հարկ է համարում արձանագրել, որ եթե տվյալ գույքը կրում է օրենքով սահմանված կամ կամովին ստանձնած ծանրաբեռնվածություններ, օրինակ` գրավ, որն արգելք է հանդիսանում գույքի տնօրինման համար, ապա գույքի տնօրինումը կարող է կատարվել համապատասխան ծանրաբեռնվածությունների վերացումից հետո: Հակառակ եզրահանգման պայմաններում գրավի առկայությունը որևէ կերպ չէր ապահովվի այն պարտավորությունները, որոնցում առկա է ընդհանուր, չբաժանված սեփականություն, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գրավը կարգավորող նորմերը կիրառելի են ինչպես միանձնյա, այնպես էլ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը գրավ դնելիս: ՈՒստի Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գրավատուն, պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով գրավի պայմանագիր կնքելով, որում մասնավորապես նախատեսված է նման սահմանափակում, համաձայնում և ընդունում է, որ ժամանակավորապես զրկվում է իր որոշ իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

2) Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով փորձագետի եզրակացության վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ փորձագետի եզրակացության բովանդակությանը` այդպիսով նպաստելով այդ հարցով իրավունքի զարգացմանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` (...) փորձագետների եզրակացություններով (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

i

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության), իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Գուրգեն Այվազյանի և մյուսների գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատարանի հայեցողական լիազորությանը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ` մասնավորապես արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը` միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և կոնկրետ գործի փաստական հանգամանքները (տե՛ս, թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե՛ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջներն օրենքով սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի արվել: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվի հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում` առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին` պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Նշված պահանջներից մեկն էլ վերաբերում է կիրառված մեթոդների մասին տեղեկություններ պարունակելուն: Փորձագետի եզրակացությունը պետք է նշում պարունակի կիրառված մեթոդների վերաբերյալ, որպեսզի` մասնավորապես կողմերը և դատարանը հնարավորություն ունենան գնահատելու եզրակացությունն արժանահավատության, հիմնավորվածության, ամբողջականության տեսանկյունից` անհրաժեշտության դեպքում բարձրացնելով լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու հարցը: Փորձագետի եզրակացության մեջ կիրառված մեթոդները նշելով` փորձագետը հնարավորություն է տալիս այլ անձանց` պատկերացում կազմելու իր կազմած եզրակացության մասնագիտական հիմնավորվածության վերաբերյալ: Իրազեկվելով, թե ինչ մեթոդներ են կիրառվել փորձաքննություն իրականացնելիս` կողմերը և դատարանը հնարավորություն են ունենում, օրինակ, բացահայտելու փորձաքննության ընթացքում անթույլատրելի մեթոդների կիրառման դեպքերը: ՈՒստի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ եթե փորձագետի եզրակացությունը չի պարունակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պարտադիր համարվող պահանջները, այդ թվում` չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, ապա նման եզրակացությունը չի կարող համարվել պատշաճ ապացույց` մասնավորապես դրա արժանահավատության տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Ընկերության և Ա/Ձ Ղուկաս Ավագյանի միջև 16.08.2012 թվականին կնքված վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը Ա/Ձ Ղուկաս Ավագյանին մինչև 60 ամիս մարման ժամկետով և տարեկան 11% տոկոսադրույքով տրամադրել է 39.000.000 ՀՀ դրամ վարկ: Նշված վարկային պայմանագրից ծագող պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Ընկերության` որպես գրավառուի և Ղուկաս Ավագյանի, Հայկ Միրզախանի Մալխասսյանի` որպես գրավատուների միջև 16.08.2012 թվականին կնքվել են անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրեր, որոնց համաձայն` գրավադրվել են Ղուկաս Ավագյանին և Հայկ Միրզախանի Մալխասսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հետևյալ անշարժ գույքերը.

1. ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0106-0072) տակ գրանցված 2,6849 հա մակերեսով հողամասը,

2. ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-101-031 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0101-0031) տակ գրանցված 4,335 հա մակերեսով հողամասը,

3. ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 անասնաշենքերի հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0111-0094) տակ գրանցված 8,4439 հա մակերեսով հողամասը, ինչպես նաև նշված հողամասի վրա գտնվող շինությունները:

Նշված անշարժ գույքերի նկատմամբ գրանցված է Հայկ Միրզախանի Մալխասսյանի (2/3 բաժին) և Ղուկաս Ավագյանի (1/3 բաժին) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Բացի նշված գույքից, ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 53ա հասցեում գտնվող խորքային հորը և ջրաճնշման աշտարակը, ինչպես նաև 0,0303 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասը նույնպես ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Հայկ Միրզախանի Մալխասսյանին (2/3 բաժին) և Ղուկաս Ավագյանին (1/3 բաժին):

Վերոնշյալ գրավի պայմանագրերի 3.17-րդ կետի համաձայն` գրավատուները պարտավորվում են առանց գրավառուի գրավոր համաձայնության գրավի առարկա հանդիսացող գույքը չօտարել, չհանձնել վարձակալության, ենթավարձակալության և անհատույց օգտագործման կամ չտնօրինել այլ կերպ: Նույն պայմանագրերի 3.19-րդ կետի համաձայն` գրավատուները պարտավորվում են գրավի առարկայի հետ կատարված ցանկացած փոփոխությունների դեպքում ստանալ գրավառուի համաձայնությունը, ողջամիտ ժամկետում ապահովել կատարված փոփոխությունների պետական գրանցում և պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ:

Ընկերության և Հայկ Միրզախանի Մալխասսյանի միջև 03.06.2016 թվականին կնքված պահանջի զիջման մասին պայմանագրի համաձայն` հիմք ընդունելով Հայկ Միրզախանի Մալխասսյանի կողմից Ընկերության հանդեպ Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորության ամբողջական կատարման փաստը, Ընկերության` վարկային պայմանագրով ծագած պահանջի իրավունքները և վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող գրավի պայմանագրերից ծագած գրավի իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցել են Հայկ Միրզախանի Մալխասսյանին այն ծավալով (16.363.937,7 ՀՀ դրամ), որով վերջինս բավարարել է Ընկերության պահանջը: Վերը նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Հայկ Միրզախանի Մալխասսյանի գրավի իրավունքը:

Դատարանը, բավարարելով Ղուկաս Ավագյանի հայցը, պատճառաբանել է, որ բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքերը բաժանելու և դրանցից Ղուկաս Ավագյանի բաժիններն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն առկա չէ, և գտել է, որ Ղուկաս Ավագյանն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա դատական կարգով պահանջելու այդ ընդհանուր գույքերից բնեղենով առանձնացնելու իր 1/3-ական բաժինները: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ նշված անշարժ գույքերից գրավադրված երեք անշարժ գույքերի առանձնացված բաժինների նկատմամբ Ղուկաս Ավագյանի սեփականության իրավունքը կարող է գրանցվել դրանց գրավը դադարելուց հետո միայն: Դատարանը նաև գտել է, որ գործում առկա` 18.02.2016 թվականին տրված թիվ 013-01/Վ-016 եզրակացությունն արժանահավատ և հիմնավորված է, ուստի կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքեր և անհրաժեշտություն առկա չէ:

Վերաքննիչ դատարանը, Հայկ Միրզախանի Մալխասսյանի վերաքննիչ բողոքը մերժելով և անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ գրավի պայմանագրերի 3.17-րդ և 3.19-րդ կետերի վերլուծությունից հետևում է, որ գրավադրված անշարժ գույքերի փոփոխությանը հանգեցնող ցանկացած գործողություն կարող է իրականացվել միայն գրավառուի, այսինքն` բողոքաբերի համաձայնությամբ, պատճառաբանել է, որ գրավի առարկա հանդիսացող հողամասերը չեն օտարվել երրորդ անձանց կամ որևէ այլ կերպ չեն տնօրինվել, ինչպես նաև որևէ փոփոխության չեն ենթարկվել, Դատարանի 05.09.2016 թվականի վճռով հստակեցվել են կողմերին պատկանող բաժնեմասերը, և դրանք առանձնացվել են բնեղենով, որը չի հակասում գրավի պայմանագրերի վերոնշյալ կետերի պահանջներին: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ փորձագետի եզրակացության «Հետազոտություն» բաժնում ներկայացվել է անշարժ գույքը բնեղենով առանձնացնելու տարբերակների չափագիտական մեթոդով համապատասխան հիմնավորումները, որոնց հիմքով էլ փորձագետի եզրակացության «Եզրակացություններ» բաժնում փորձագետների կողմից ներկայացվել են անշարժ գույքի բնեղենով առանձնացման տարբերակներ:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

i

Վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Ղուկաս Ավագյանն Ընկերության հետ կնքել է վարկային պայմանագիր, որի կատարման ապահովման նպատակով կնքել է նաև գրավի պայմանագրեր: Նշված պայմանագրերի 3.17-րդ կետի համաձայն` գրավատուները պարտավորվում են առանց գրավառուի գրավոր համաձայնության գրավի առարկա հանդիսացող գույքը չօտարել, չհանձնել վարձակալության, ենթավարձակալության և անհատույց օգտագործման կամ չտնօրինել այլ կերպ, իսկ 3.19-րդ կետի համաձայն` գրավատուները պարտավորվում են գրավի առարկայի հետ կատարված ցանկացած փոփոխությունների դեպքում ստանալ գրավառուի համաձայնությունը:

Վերոգրյալ գրավի պայմանագրերի 3.17-րդ և 3.19-րդ կետերը մեկնաբանելով և գնահատելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված պահանջների շրջանակներում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կնքելով նշված գրավի պայմանագրերը` Ղուկաս Ավագյանը պարտավորություն է ստանձնել առանց գրավառուի (Ընկերության, իսկ հետագայում` պահանջի զիջման պայմանագրի ուժով Հայկ Միրզախանի Մալխասսյանի) համաձայնության չտնօրինելու գրավադրված գույքը, դրա հետ կապված որևէ փոփոխություն չիրականացնելու: Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տնօրինման դրսևորում է նաև Ղուկաս Ավագյանի կողմից ներկայացված` ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջը: Հետևաբար, առանց գրավառուի համաձայնության ներկայացնելով ընդհանուր գույքից իր բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջ` Ղուկաս Ավագյանը խախտել է գրավի պայմանագրերի` գույքի տնօրինման իրավունքի և գրավի առարկայի հետ կապված ցանկացած փոփոխության վերաբերյալ սահմանափակում նախատեսող կանոնները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը գրավի պայմանագրերի դրույթները չի մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված պայմանագրի մեկնաբանման կանոններով, որի արդյունքում հանգել է սխալ եզրակացության առ այն, որ գրավի առարկա հանդիսացող հողամասերը չեն օտարվել երրորդ անձանց կամ որևէ այլ կերպ չեն տնօրինվել, ինչպես նաև որևէ փոփոխության չեն ենթարկվել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ղուկաս Ավագյանը պարտավոր էր ընդհանուր գույքից իրեն պատկանող բաժինները բնեղենով առանձնացնելու պահանջ ներկայացնել միայն գրավառուի` Հայկ Միրզախանի Մալխասսյանի գրավոր համաձայնությունը ստանալուց հետո, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Այլ կերպ ասած` ստորադաս դատարաններն անտեսել են, որ քանի դեռ առկա չէ գրավառու հանդիսացող Հայկ Միրզախանի Մալխասսյանի գրավոր համաձայնությունը` Ղուկաս Ավագյանի պահանջը` գրավադրված անշարժ գույքերից բաժին առանձնացնելու վերաբերյալ, բավարարվել չի կարող:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը վերը թվարկված փաստերի անտեսմամբ, արդյունքում նաև` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 447-րդ հոդվածների խախտմամբ սխալ եզրահանգման է եկել գրավ դրված գույքից բաժին առանձնացնելու հնարավորության վերաբերյալ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի այս մասով վճռաբեկ բողոքի փաստարկները հիմնավոր են և իրավաչափ:

Նկատի ունենալով, որ կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող թվով չորս անշարժ գույքերից միայն երեքն են հանդիսանում գրավի առարկա, նշված եզրահանգումը վերաբերում է միայն ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0106-0072) տակ գրանցված 2,6849 հա մակերեսով հողամասից, նույն գյուղում գտնվող 04-079-101-031 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0101-0031) տակ գրանցված 4,335 հա մակերեսով հողամասից, նույն գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0111-0094) տակ գրանցված 8,4439 հա մակերեսով հողամասից, ինչպես նաև նշված հողամասի վրա գտնվող շինություններից Ղուկաս Ավագյանի բաժինն առանձնացնելու վերաբերյալ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը:

Ինչ վերաբերում է կողմերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող և գրավի առարկա չհանդիսացող ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 53ա հասցեում գտնվող խորքային հորը և ջրաճնշման աշտարակը, ինչպես նաև 0,0303 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասը բաժանելու վերաբերյալ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը նշված անշարժ գույքի բաժանումն իրականացրել է «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կատարված դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության արդյունքում 18.02.2016 թվականին կազմված թիվ «013-01/Վ-016» փորձագետի եզրակացության հիման վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ անշարժ գույքերի բաժանման հիմքում ընկած փորձագետի եզրակացությունը չի պարունակում նշում դատատեխնիկական փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների վերաբերյալ, ինչը կասկած է հարուցում փորձագետի եզրակացության հիմնավորվածության և արժանահավատության վերաբերյալ: Ընդ որում, նման հարց բարձրացվել է նաև Դատարանում գործի քննության ժամանակ, մինչդեռ Դատարանը, մերժելով կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, վճռի հիմքում դրել է մի եզրակացություն, որը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին` դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված մեթոդին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդի մասին նշումը պետք է հստակորեն նշվի փորձագետի եզրակացության մեջ` չհարուցելով կասկած հենց նման մեթոդը կիրառված լինելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը կողմից նշված և ենթադրաբար կիրառված մեթոդի վերաբերյալ նշում փորձագետի եզրակացության մեջ առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 53ա հասցեում գտնվող խորքային հորը և ջրաճնշման աշտարակը, ինչպես նաև 0,0303 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասը բաժանելու վերաբերյալ պահանջը քննելիս Դատարանը պատշաճ քննություն չի իրականացրել, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջի մասով գործը ենթակա է նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի վերոնշյալ հանգամանքները պարզելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0106-0072) տակ գրանցված 2,6849 հա մակերեսով հողամասից, նույն գյուղում գտնվող 04-079-101-031 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0101-0031) տակ գրանցված 4,335 հա մակերեսով հողամասից, նույն գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0111-0094) տակ գրանցված 8,4439 հա մակերեսով հողամասից, ինչպես նաև նշված հողամասի վրա գտնվող շինություններից Ղուկաս Ավագյանի բաժինն առանձնացնելու վերաբերյալ պահանջների մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը նշված մասերով փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով այդ մասերով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ստորադաս դատարանի դատական ակտը նշված մասերով փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 53ա հասցեում գտնվող խորքային հորը և ջրաճնշման աշտարակից, ինչպես նաև 0,0303 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասից բաժինն առանձնացնելու վերաբերյալ պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` գործը նշված ծավալով նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ղուկաս Ավագյանից հօգուտ Հայկ Միրզախանի Մալխասսյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար: Մնացած մասերով դատական ծախսերի բաշխման հարցին անհրաժեշտ է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և

- ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2016 թվականի վճիռը` հայցը` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0106-0072) տակ գրանցված 2,6849 հա մակերեսով հողամասից, նույն գյուղում գտնվող 04-079-101-031 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0101-0031) տակ գրանցված 4,335 հա մակերեսով հողամասից, նույն գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0111-0094) տակ գրանցված 8,4439 հա մակերեսով հողամասից և դրա վրա գտնվող շինություններից Ղուկաս Ավագյանի բաժինն առանձնացնելու պահանջի մասով բավարարելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասով, փոփոխել և Ղուկաս Ավագյանի հայցը` նշված անշարժ գույքերից իր բաժինն առանձնացնելու պահանջի մասերով, մերժել,

- գործը` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 53ա հասցեում գտնվող 0,0303 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասից և դրա վրա գտնվող խորքային հորից և ջրաճնշման աշտարակից Ղուկաս Ավագյանի բաժինն առանձնացնելու պահանջի մասով, ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ղուկաս Ավագյանից հօգուտ Հայկ Միրզախանի Մալխասսյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ղուկաս Ավագյանից հօգուտ Հայկ Միրզախանի Մալխասսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Մնացած մասերով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԱՐԴ/0303/02/15
Որոշում