Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 95-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 95-ՐԴ, 109-ՐԴ, 111-ՐԴ, 113-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
թիվ ԼԴ3/0173/02/16 2017 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԼԴ3/0173/02/16
Նախագահող դատավոր`   Ս. Միքայելյան
                    Դատավորներ`   Գ. Խանդանյան
                                                    Հ. Ենոքյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե Ավետյանի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարինե Ավետյանի ընդդեմ Շնող համայնքի ղեկավարի (այսուհետ` Համայնքի ղեկավար)` Համայնքի ղեկավարի 08.02.2016 թվականի թիվ 2 կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարինե Ավետյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի 08.02.2016 թվականի թիվ 2 կարգադրությունը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում, Շնող համայնքապետարանից բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Գագիկյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2016 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.04.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարինե Ավետյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ և 95-րդ հոդվածները, 111-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ և 113-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 208-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մարինե Ավետյանի և «Շնողի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի (այսուհետ` Հաստատություն) միջև 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագիրը լուծվել է Համայնքի ղեկավարի 08.02.2016 թվականի թիվ 2 կարգադրությամբ, որը Մարինե Ավետյանին փոստային ծառայության միջոցով ուղարկվել է 22.02.2016 թվականին, իսկ վերջինս այն ստացել է 25.02.2016 թվականին, երբ դեռ կատարելիս է եղել իր աշխատանքային պարտականությունները: Հետևաբար, եթե նույնիսկ նշված աշխատանքային պայմանագիրը համարվեր որոշակի ժամկետով կնքված պայմանագիր, ապա այն լուծվել է, այսինքն` աշխատանքային հարաբերությունները դադարել են 25.02.2016 թվականին, իսկ 25.02.2016 թվականին այդ պայմանագիրը չէր կարող լուծվել հետին թվով` 08.02.2016 թվականին: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև 25.02.2016 թվականը Մարինե Ավետյանն իրականացրել է օրենքով, այլ իրավական ակտերով և Հաստատության կանոնադրությամբ Հաստատության տնօրենի վրա դրված լիազորությունները: Հետևաբար, անգամ նշված աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կնքված դիտարկելու դեպքում այդ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն սահմանված կարգով չի լուծվել` համարվելով անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, խեղաթյուրելով գործի փաստական հանգամանքները և կատարելով եզրահանգում այն մասին, որ աշխատանքային պայմանագիրը լուծվել է այն հիմքով, որ Մարինե Ավետյանը չունի ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացվող պահանջներին համապատասխան որակավորում (կրթություն), անտեսել է այն հանգամանքը, որ Համայնքի ղեկավարի 08.02.2016 թվականի թիվ 2 կարգադրությունում աշխատանքային պայմանագիրը լուծելու նման հիմք վկայակոչված չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.04.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Շնող համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանի 22.12.2015 թվականի տեղեկանքի համաձայն` Մարինե Ավետյանը 13.01.1998 թվականից մինչև 10.01.2011 թվականն աշխատել է Շնողի մանկապարտեզում` որպես վարիչ, որից հետո Շնող համայնքի ավագանու 24.12.2010 թվականի թիվ 44 որոշմամբ նշանակվել և աշխատել է Հաստատությունում` որպես տնօրեն (հատոր 1-ին, գ.թ. 11):

2) Շնող համայնքի ավագանու 24.12.2010 թվականի թիվ 44 որոշման համաձայն` որոշվել է Շնող համայնքում հիմնադրել «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը, և նշված ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Մարինե Ավետյանի թեկնածությանը տրվել է համաձայնություն (հատոր 1-ին, գ.թ. 12):

3) Համայնքի ղեկավար Հայկազ Քոչինյանի 10.01.2011 թվականի թիվ 1 կարգադրության համաձայն` Հաստատության տնօրեն է նշանակվել Մարինե Ավետյանը, վերջինիս հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 13):

4) Շնողի գյուղապետարանի` ի դեմս Հայկազ Քոչինյանի` որպես Գործատուի և Մարինե Ավետյանի` որպես Աշխատողի միջև 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագրի համաձայն` Գործատուն աշխատողին տրամադրում է աշխատանք, պարտավորվում է վճարել նրա կատարած աշխատանքի դիմաց, իսկ Աշխատողը պարտավորվում է կատարել Գործատուի հանձնարարած աշխատանքը նույն պայմանագրով սահմանված պայմաններով: Պայմանագրի 1.4 կետի համաձայն` պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով` 10.01.2011 թվականից մինչև 10.01.2016 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

5) Համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանի 15.12.2015 թվականի թիվ 223 գրության համաձայն` Մարինե Ավետյանը ծանուցվել է, որ 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 10.01.2016 թվականին, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Շնողի համայնքապետարանն աշխատանքային պայմանագիր չի կնքելու, ժամկետը չի երկարացնելու` Մարինե Ավետյանի` ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացվող պահանջներին համապատասխան որակավորում (կրթություն) չունենալու պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 16):

6) Հաստատության տնօրենի 08.01.2016 թվականի թիվ 118 հրամանի 23.02.2016 թվականին տրված քաղվածքի համաձայն` 08.01.2016 թվականից մինչև 05.02.2016 թվականը Մարինե Ավետյանին տրամադրվել է ուսումնական արձակուրդ (հատոր 1-ին, գ.թ. 21):

7) Հաստատության տնօրենի 06.02.2016 թվականի թիվ 119 հրամանի 23.02.2016 թվականին տրված քաղվածքի համաձայն` 06.02.2016 թվականին Մարինե Ավետյանին թույլատրվել է վերադառնալու տնօրենի պարտականությունների կատարմանը (հատոր 1-ին, գ.թ. 22):

8) 06.02.2016 թվականից մինչ 23.02.2016 թվականը Հաստատության տնօրեն Մարինե Ավետյանն արձակել է հրամաններ, ստորագրել և հաստատել է ճաշացուցակները (հատոր 1-ին, գ.թ. 25-31):

9) Համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանի 08.02.2016 թվականի թիվ 2 կարգադրության համաձայն` 08.02.2016 թվականից լուծվել է Մարինե Ավետյանի հետ 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագիրը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Նշված կարգադրությունը 22.02.2016 թվականին փոստային ծառայության միջոցով ուղարկվել է Մարինե Ավետյանին, վերջինս այն ստացել է 25.02.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 23-24):

10) Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Բայրամյանի կողմից 29.02.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Մարինե Ավետյանը մինչև 25.02.2016 թվականը ներառյալ աշխատել և վարձատրվել է որպես Հաստատության տնօրեն (հատոր 1-ին, գ.թ. 32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո աշխատանքային հարաբերությունները շարունակվելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորության հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ, 111-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել դրա գործողության ժամկետը լրանալու հիմքով, եթե պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն օրենքով սահմանված կարգով չի լուծվել, իսկ աշխատանքային հարաբերությունները շարունակվել են:

i

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե նույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում նույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են, որպես կանոն, անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով` նկատի ունենալով աշխատանքային հարաբերությունների կայուն և կատարվող աշխատանքի մշտական բնույթ ունենալը: Երաշխավորված աշխատանքի ապահովման և աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքն առավել արտահայտվում է հենց անորոշ ժամկետով աշխատանքային հարաբերություններում: ՈՒստի, դա է պատճառը, որ օրենսդիրը սահմանափակել է աշխատանքային պայմանագրեր կնքելիս անորոշ ժամկետով կամ որոշակի ժամկետով պայմանագրի տեսակն ընտրելու` կողմերի կամքի ազատությունը` սահմանելով, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով:

Նույն տրամաբանությունը հաշվի առնելով` օրենսդիրը նախատեսել է, որ այն դեպքերում, երբ թեև կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվել, ապա պետք է համարել, որ կողմերը ցանկանում են շարունակել իրենց միջև առկա աշխատանքային հարաբերություններն անորոշ ժամկետով: ՈՒստի, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելիս ժամկետի լրանալն ինքնին չի հանգեցնում աշխատանքային պայմանագրի դադարման, եթե աշխատողը շարունակում է աշխատանքը: Պայմանագրային հարաբերությունների դադարման համար անհրաժեշտ է կողմերից մեկի` պայմանագրի դադարման կամքն արտահայտող գործողությունը: Ե՛Վ գործատուն, և՛ աշխատողը պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը լուծելու ցանկության մասին պետք է ծանուցեն մյուս կողմին` ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ, իսկ ժամկետը լրանալուց հետո աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է ձևակերպվի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՈՒստի, այն դեպքերում, երբ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո աշխատողը փաստացի շարունակում է աշխատել և աշխատանքային պայմանագիրը չի լուծվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, որից հետո աշխատանքային պայմանագիրն արդեն չի կարող լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Նման դեպքերում աշխատանքային պայմանագիրը, համարվելով անորոշ ժամկետով կնքված պայմանագիր, կարող է լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերով:

Սույն գործի փաստերի համաձայն` 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագրի հիման վրա Մարինե Ավետյանն աշխատել է Հաստատությունում` որպես տնօրեն: Աշխատանքային պայմանագիրը կնքվել է մինչև 10.01.2016 թվականը: 15.12.2015 թվականին Մարինե Ավետյանը ծանուցվել է, որ 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 10.01.2016 թվականին, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Շնողի համայնքապետարանն աշխատանքային պայմանագիր չի կնքելու, ժամկետը չի երկարացնելու` համապատասխան որակավորում (կրթություն) չունենալու պատճառով: ՈՒսումնական արձակուրդից վերադառնալուց հետո` 06.02.2016 թվականից մինչ 25.02.2016 թվականը Մարինե Ավետյանը` որպես Հաստատության տնօրեն, արձակել է հրամաններ, ստորագրել և հաստատել է ճաշացուցակները, ինչպես նաև վարձատրվել որպես Հաստատության տնօրեն: Համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանի 08.02.2016 թվականի թիվ 2 կարգադրության համաձայն` 08.02.2016 թվականից լուծվել է Մարինե Ավետյանի հետ 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագիրը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Նշված կարգադրությունը 22.02.2016 թվականին փոստային ծառայության միջոցով ուղարկվել է Մարինե Ավետյանին, վերջինս այն ստացել է 25.02.2016 թվականին:

Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ կողմերի միջև 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրացել է 11.01.2016 թվականին, Մարինե Ավետյանը 08.01.2016 թվականից մինչև 05.02.2016 թվականը գտնվել է ուսումնական արձակուրդում, իսկ ուսումնական արձակուրդից վերադառնալուց հետո 06.02.2016 թվականից մինչ 25.02.2016 թվականն ընկած ժամանակահատվածում որպես Հաստատության տնօրեն արձակել է հրամաններ, աշխատողներին տվել է գործուղումներ, ստորագրել և հաստատել ճաշացուցակները: Հետևաբար կողմերի միջև 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն օրենքով սահմանված կարգով չի լուծվել, և աշխատանքային հարաբերությունները շարունակվել են: Դատարանը նշել է նաև, որ 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագիրը լուծվել է 25.02.2016 թվականին` Համայնքի ղեկավարի 08.02.2016 թվականի թիվ 2 կարգադրությունը Մարինե Ավետյանին պատշաճ կարգով իրազեկելու պահից, այսինքն` պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, երբ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր:

Վերաքննիչ դատարանը, Համայնքի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարելով և վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Համայնքի ղեկավարը 08.02.2016 թվականին արձակել է թիվ 2 կարգադրությունը, որով կարգադրել է 08.02.2016 թվականից լուծել Մարինե Ավետյանի հետ 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագիրը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Նշված կարգադրությունը Մարինե Ավետյանին փոստային ծառայության միջոցով ուղարկվել է 22.02.2016 թվականին: ՈՒստի Դատարանը հաշվի չի առել, որ 08.02.2016 թվականից պատասխանողի հրամանով աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Վերաքննիչ դատարանը նշել է, որ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է նաև այն հիմքով, որ հայցվորը ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացվող պահանջներին համապատասխան որակավորում (կրթություն) չի ունեցել, ինչն անտեսվել է Դատարանի կողմից:

Մինչդեռ անդրադառնալով սույն գործով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Մարինե Ավետյանի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով` 10.01.2011 թվականից մինչև 10.01.2016 թվականը: Պայմանագրի ժամկետը լրանալու, այն չերկարացնելու և նոր պայմանագիր չկնքվելու մասին Մարինե Ավետյանը ծանուցվել է 15.12.2015 թվականին: ՈՒսումնական արձակուրդից վերադառնալուց հետո` 06.02.2016 թվականից մինչև 25.02.2016 թվականը Մարինե Ավետյանը շարունակել է աշխատել որպես Հաստատության տնօրեն` իրականացնելով տնօրենին վերապահված գործառույթներ: Մինչդեռ Համայնքի ղեկավարի 08.02.2016 թվականի թվագրությամբ կարգադրության համաձայն` 08.02.2016 թվականից լուծվել է Մարինե Ավետյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Նշված կարգադրությունը 22.02.2016 թվականին փոստային ծառայության միջոցով ուղարկվել է Մարինե Ավետյանին, իսկ վերջինս այն ստացել է 25.02.2016 թվականին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործատուն, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 08.02.2016 թվականով թվագրված կարգադրությունը երեք օրվա ընթացքում չի ուղարկել Մարինե Ավետյանին, այն ուղարկել է միայն 22.02.2016 թվականին, կարգադրությունն արձակելուց 14 օր անց, կարգադրությունը ստացվել է 25.02.2016 թվականին, հետևաբար 10.01.2011 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը դրա գործողության ժամկետը լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով չի լուծվել, և աշխատանքային հարաբերությունները շարունակվել են: Այսինքն` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը պետք է համարվեր անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, իսկ այդ պարագայում այն չէր կարող լուծվել պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով, որպիսի եզրահանգման հանգել է Դատարանը և որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է նաև այն հիմքով, որ հայցվորը ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացվող պահանջներին համապատասխան որակավորում (կրթություն) չի ունեցել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ նույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ թեև 15.12.2015 թվականին Մարինե Ավետյանին ուղարկված գրության մեջ նշվել է, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Շնողի համայնքապետարանն աշխատանքային պայմանագիր չի կնքելու, ժամկետը չի երկարացնելու` համապատասխան որակավորում (կրթություն) չունենալու պատճառով, այդուհանդերձ, Համայնքի ղեկավարի 08.02.2016 թվականի թիվ 2 կարգադրությամբ Մարինե Ավետյանի հետ 10.01.2011 թվականին կնքված թիվ 1 աշխատանքային պայմանագիրը լուծվել է բացառապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (պայմանագրի գործողության ժամկետը լրանալու) հիմքով: Համայնքի ղեկավարի նշված կարգադրությունը որևէ նշում չի պարունակում աշխատողի` համապատասխան որակավորում (կրթություն) չունենալու կամ նման իրավական հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Հետևաբար, սույն գործով Դատարանն իրավաչափորեն արձանագրել է Համայնքի ղեկավարի հրամանի անհիմն լինելը` բավարարելով այն անվավեր ճանաչելու մասին հայցվորի պահանջը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված և ածանցվող մյուս երկու` նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի բռնագանձման պահանջները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը ճիշտ է գնահատել ապացույցները և կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, սխալ գնահատելով ապացույցները, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Սույն գործով, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ Մարինե Ավետյանի հայցը բավարարելու մասին Դատարանի վճռին պետք է տրվի օրինական ուժ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել երկու ոչ գույքային պահանջների համար 20.000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ոչ գույքային պահանջի համար 10.000 ՀՀ դրամ) և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկվող գումարի երեք տոկոսը` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև երկու ոչ գույքային պահանջների համար 40.000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ոչ գույքային պահանջի համար 20.000 ՀՀ դրամ) և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկվող գումարի երեք տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2016 թվականի վճռին:

2. ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկվող գումարի երեք տոկոսը` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 40.000 ՀՀ դրամ և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկվող գումարի երեք տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյանի
Դատավորներ` Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԼԴ3/0173/02/16
Որոշում