Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 179-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 179-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 175-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 235-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԱՔԴ/0084/01/15
Գործ թիվ ԵԱՔԴ/0084/01/15   
Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան  

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
 Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
պաշտպան
մեղադրող
Մ. Ֆարմանյանի
Ա. Առաքելյանի

                   

2017 թվականի ապրիլի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հայկ Վաչեի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մայիսի 16-ի որոշման դեմ պաշտպան Մ.Ֆարմանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2015 թվականի մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09108615 քրեական գործը:

2015 թվականի մայիսի 13-ին Հայկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի մայիսի 27-ին թիվ 09108615 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), և շնորհվել թիվ ԵԱՔԴ/0084/01/15 համարը:

2015 թվականի հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 09110415 քրեական գործը:

2015 թվականի հունիսի 10-ին Հ.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

2015 թվականի հունիսի 16-ին թիվ 09110415 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, և շնորհվել թիվ ԵԱՔԴ/0106/01/15 համարը:

2015 թվականի հունիսի 26-ի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/0084/01/15 և թիվ ԵԱՔԴ/0106/01/15 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում` գործի քննությունը շարունակելով թիվ ԵԱՔԴ/0084/01/15 համարով:

2015 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09110115 քրեական գործը:

2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 14135615 քրեական գործը, որը նույն թվականի հունիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ընդունվել է վարույթ, միացվել թիվ 09110115 քրեական գործին` գործի քննությունը շարունակելով 09110115 համարով:

2015 թվականի հունիսի 29-ին Հ.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հուլիսի 7-ին թիվ 09110115 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, և շնորհվել թիվ ԵԱՔԴ/0127/01/15 համարը:

2015 թվականի հուլիսի 27-ին որոշմամբ թիվ ԵԱՔԴ/0084/01/15 և թիվ ԵԱՔԴ/0127/01/15 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում` գործի քննությունը շարունակելով թիվ ԵԱՔԴ/0084/01/15 համարով:

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել և հռչակվել է Հ.Գալստյանի անմեղությունը` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հ.Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման համապատասխանաբար 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս, 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս, 9 (ինը) ամիս և 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետներով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Հ.Գալստյանը և մեղադրող Ա.Առաքելյանը, որոնց քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մայիսի 16-ին վերաքննիչ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մայիսի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Գալստյանի պաշտպան Մ.Ֆարմանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Գալստյանի պաշտպան Մ.Ֆարմանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

i

5. Հայկ Վաչեի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքների համար. «Հայկ Գալստյանը 21.04.2015թ.-ին, ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցից նստել է Վալերիկ Հովհաննեսի Պոչիկյանի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի 34 OT 212 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենան և պատվիրել վարել Արմավիրի մարզի Խաթունաղ գյուղ, ճանապարհին մտերմանալով վերջինիս հետ, ձեռք բերելով նրա վստահությունը, Խաթունաղ գյուղի «Գայ» սուպերմարկետի մոտ իբր ծանոթից գումար ստանալու պատրվակով Վ.Պոչիկյանից վերցրել է ավտոմեքենան, նրան թողել Խաթունաղ գյուղում և հեռացել: Արգավանդ գյուղում, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, ապօրինի, անհատույց շահադիտական նպատակներով մեքենայի սրահից հափշտակել է 7.000 ՀՀ դրամ գումար, ավտոմեքենայի էլեկտրոնային հաշվիչը` լուսային համակարգի հետ միասին, պահեստային բանալին, նավիգացիոն համակարգի աջ կողային ալեհավաքը, որից հետո Երևան քաղաքի Զ.Քանաքեռցու 126/1 շենքի բակում փոխել է մեքենայի 4 անվադողերը իրենց անվահեծերով, հաջորդ օրը` 22.04.2015թ.-ին ժամը 03-ի սահմաններում` ավտոմեքենան թողել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի «Ծիրան» սուպերմարկետի մոտ և հեռացել` Վ.Պոչիկյանին պատճառելով զգալի չափերի` 481.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, նա ապօրինի կերպով կրվող սառը զենք հանդիսացող որսորդական դանակի գործադրմամբ Վաղինակ Մուրադյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակում է գործել վերջինիս նկատմամբ և հափշտակել 80.000 ՀՀ դրամ արժեքով ոսկյա մատանին:

Այսպես` 2015 թվականի հունիսի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում Հայկ Գալստյանը, նստելով Վաղարշակ Մուրադյանի կողմից վարվող տաքսի ավտոմեքենան, պատվիրել է այն վարել տարբեր վայրեր, որից հետո` ժամը 18:30-ի սահմաններում հասնելով Երևան քաղաքի Զ.Սարկավագի 126/1 շենքի մոտ Վ.Մուրադյանի մատին եղած ոսկյա մատանուն տիրանալու նպատակով Հ.Գալստյանը վերջինիս ասել է, որ այն հավանել է ու իր համար նույն մատանուց պատվիրելու համար այն հարազատներին ցույց տալու և ուղեվարձը վճարելու պատրվակով առաջարկել է միասին բարձրանալ իր բնակարան: Վերելակով նշված շենքի 6-րդ հարկ բարձրանալիս Վ.Մուրադյանը Հ.Գալստյանի խնդրանքով մատից հանել և նրան է փոխանցել իր 80.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանին, ապա շենքի 6-րդ հարկի հարթակ դուրս գալուն պես Վ.Մուրադյանը պահանջել է վերադարձնել մատանին, սակայն Հ.Գալստյանը փաստացի խաբեությամբ տիրացած լինելով ուրիշի գույքին, մերժել է` ասելով, թե ինչ մատանու մասին է խոսքը: Երբ Վ.Մուրադյանը շարունակել է պահանջել վերադարձնել իր գույքը, Հ.Գալստյանը հափշտակված ոսկյա մատանին իր մոտ պահելու նպատակով իր կողմից կրվող ուսապարկի միջից հանել է սև գույնի պատյանով սառը զենք հանդիսացող որսորդական դանակը և այն պահելով Վ.Մուրադյանի ուղղությամբ, հարձակում է գործել` կտրուկ շարժվել է դեպի վերջինս` ասելով, որ փախչի այդտեղից: Վ.Մուրադյանն իր կյանքի համար իրական վտանգ զգալով, անմիջապես դիմել է փախուստի, իսկ Հ.Գալստյանը իր կողմից ապօրինի կրվող սառը զենք հանդիսացող որսորդական դանակի գործադրմամբ Վ.Մուրադյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է վերջինիս 80.000 ՀՀ դրամ արժողությամբ մատանին:

Բացի այդ, նա 18.05.2015 թ-ին ժամը 02:00-ին Երևան քաղաքի Զ.Սարկավագի 126/1 շենքի 16 հասցեում գտնվող բնակարանում օգտվելով հարմար առիթից Հասմիկ Ջոնիկի Բաբախանյանի պայուսակը ճաշասենյակից ննջասենյակ տեղափոխելու ընթացքում գաղտնի հափշտակել է վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիրը, որի մեջ եղել է զգալի չափ կազմող 47.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ընկերոջը զանգահարելու պատրվակով Հ.Գալստյանը Հ.Բաբախանյանի վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերի խարդախություն կատարելու դիտավորությամբ վերջինիցս վերցրել է 30.000 ՀՀ դրամ արժողության «NOKIA» մոդելի բջջային հեռախոսը և հափշտակել այն» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 76-78):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված է համարվել հետևյալը. «(...) Դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Հայկ Գալստյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքի կատարման մեջ` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերլուծելով և գնահատելով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված դրվագներով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ` դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում ամբաստանյալ Հ.Գալստյանին առաջադրված մեղադրանքը:

Նման եզրահանգման համար դատարանը հիմք է ընդունում հատկապես տուժողներ Վալերիկ Պոչիկյանի, Հասմիկ Բաբախանյանի ցուցմունքները, դատաքննության ժամանակ հետազոտված մյուս ապացույցները, քանի որ դրանք օբյեկտիվ ու ճշմարտացի են, համապատասխանում են դատարանի կողմից հաստատված գործի փաստական հանգամանքներին և հաստատվում են գործի մյուս ապացույցների հետ համակցության մեջ: (...) Վ.Պոչիկյանից և Հ.Բաբախանյանից հափշտակություն կատարելու դրվագներով ամբաստանյալ Հայկ Գալստյանի մեղքը հիմնավորող վերը շարադրված ապացույցները ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:

(...) Վերլուծելով և գնահատելով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղսագրված դրվագով դատական քննության ժամանակ հետազոտված ամբաստանյալի, տուժող Վաղարշակ Մուրադյանի ցուցմունքները, սույն դրվագով ձեռք բերված մյուս ապացույցներն իրենց համակցության մեջ` դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում որ (...) Երևան քաղաքի Զ.Սարկավագի 126/1 շենքի մոտ Վ.Մուրադյանի մատին եղած ոսկյա մատանուն տիրանալու նպատակով Հ.Գալստյանը վերջինիս ասել է, որ այն հավանել է ու իր համար նույն մատանուց պատվիրելու համար այն հարազատներին ցույց տալու և ուղեվարձը վճարելու պատրվակով առաջարկել է միասին բարձրանալ իր բնակարան: Վերելակով նշված շենքի 6-րդ հարկ բարձրանալիս Վ.Մուրադյանը Հ.Գալստյանի խնդրանքով մատից հանել և նրան է փոխանցել իր 80.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանին, ապա շենքի 6-րդ հարկի հարթակ դուրս գալուն պես Վ.Մուրադյանը պահանջել է վերադարձնել մատանին, սակայն Հ.Գալստյանը, փաստացի տիրացած լինելով այդ գույքին, մերժել է` ասելով, թե ինչ մատանու մասին է խոսքը: Երբ Վ.Մուրադյանը շարունակել է պահանջել վերադարձնել իր գույքը, Հ.Գալստյանը հափշտակված ոսկյա մատանին իր մոտ պահելու նպատակով իր կողմից կրվող ուսապարկի միջից հանել է որսորդական դանակի սև գույնի պատյանը և այն պահելով Վ.Մուրադյանի ուղղությամբ, հարձակում է գործել` կտրուկ շարժվել է դեպի վերջինս` ասելով, որ փախչի այդտեղից: Վ.Մուրադյանը կատարվածը ընկալելով որպես դանակով հարձակում` իր կյանքի համար իրական վտանգ զգալով, անմիջապես դիմել է փախուստի, իսկ Հ.Գալստյանը հափշտակել է վերջինիս 80.000 ՀՀ դրամ արժողությամբ մատանին: Տվյալ դեպքում տուժողն իր ոսկյա մատանին Հայկ Գալստյանին տալուց հետո վերջինիս հետ բազմաբնակարան շենքի աստիճանահարթակում միայնակ գտնվելով` նրա կողմից դեպի իրեն դանակի պատյանը պարզելու /դանակի առկայությունը կամ բացակայությունը չի երևացել/ և սպառնալիք հնչեցնելու պայմաններում ճշմարտացիորեն այդ սպառնալիքն ընկալել է որպես իր կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն սպառնալիք ու դիմել է փախուստի:

Դատարանը գտնում է, որ նման դեպքում տուժողի ընկալումը անչափ կարևոր է: Եթե իրականում սպառնալիքը կյանքի կամ առողջության համար վտանգավոր չի եղել, բայց տուժողին այդպիսին է թվացել և նա հավատացած է եղել, որ գույքը չհանձնելու դեպքում իր կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, առկա է ավազակության հանցակազմը: Այսինքն` Հայկ Գալստյանի այդ արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցակազմը:

(...)

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ գործով ապացուցված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը, քանի որ գործով ձեռք բերված ապացույցներով, չփարատված կասկածները ամբաստանյալի օգտին մեկնաբանելով դատարանը չի կարող ապացուցված համարել, որ դեպքին նախորդող և դեպքի պահին Հայկ Գալստյանի մոտ առկա է եղել սառը զենք հանդիսացող որսորդական դանակ, որի գործադրմամբ էլ ամբաստանյալը կատարել է ավազակությունը: Այդ հանգամանքը չեն հաստատել տուժող Վ.Մուրադյանը և ամբաստանյալ Հ.Գալստյանը իրենց ցուցմունքներով, իսկ սառը զենքի առկայությունը բավարար չէ մեղադրանքի այդ մասն ապացուցված համարելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 75-86):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ «(...) Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հայկ Վաչեի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքների քրեաիրավական որակման հարցում հանգել է վերջնական ճիշտ եզրակացության, հետևաբար վիճարկվող դատական ակտը բեկանելու, փոփոխելու, ինչպես նաև գործը նոր դատաքննության ուղարկելու հիմքեր չկան:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հայկ Վաչեի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչելու և այդ մասով արդարացնելու հարցում հանգել է վերջնական ճիշտ եզրակացության, հետևաբար վիճարկվող դատական ակտն այդ մասով ևս բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան» (տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթ 114-131):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 107-րդ, 207-րդ, 365-րդ և 397-րդ հոդվածները, ինչպես նաև կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեին:

Վճռաբեկ բողոքի հեղինակն ի հիմնավորումն իր փաստարկների նշել է, որ տուժողի առողջությանը և կյանքին փաստացի վնաս չի պատճառվել, իսկ եթե բռնությունը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը վտանգավոր չէ, ապա այդ դեպքում առկա է կողոպուտի հանցակազմը: Հ.Գալստյանի կողմից հնչեցրած «փախիր այստեղից» սպառնալիքը չկատարելու դեպքում տուժողի նկատմամբ որևէ այլ սպառնալիք չի հնչեցվել, վերջինս իր կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք չի լսել: Հետևաբար տուժողի ընկալումն սպառնալիքի վերաբերյալ թվացյալ է եղել, վերջինս չափազանցրել է սպառնացող վտանգի բնույթը:

Անդրադառնալով որպես զենք գործադրված առարկային` բողոքաբերը նշել է, որ վերջինս եղել է սև կտորից կարված կամ պատրաստված պատյանը, որի ցանկացած հատվածից բռնելու դեպքում այն կծալվի, և հարձակման ենթարկվողը կտեսնի, որ դրա մեջ դանակ չկա: Ըստ բողոքաբերի` դա որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրում չի կարող համարվել, ուստի Հ.Գալստյանի արարքում առկա է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, այլ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հանցակազմը:

8.1 Բողոք բերած անձը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին և 324-րդ հոդվածի 1-ին մասերով առաջադրված մեղադրանքներին, նշել է, որ ստորադաս դատարաններն այդ մեղադրանքների հիմքում դրել են տուժող Հ.Բաբախանյանի ցուցմունքը, մինչդեռ, ըստ բողոքաբերի, այն արժանահավատ չէ և գործի տվյալներով չի հաստատվում, որ տուժողը դեպքի պահին ունեցել է 47.000 ՀՀ դրամ:

Բողոքաբերը նշել է նաև, որ գործով չի հաստատվել նշված տուժողի անձնագիրը Հ.Գալստյանի կողմից հափշտակելու հանգամանքը:

9. Ելնելով վերոշարադրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով գործի վարույթը կարճել և Հայկ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Հ.Գալստյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` «1. Ավազակությունը` ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումն է, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (...):

2. Ավազակությունը, որը կատարվել է`

(...)

4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ` (...)»:

Մեջբերված նորմերի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ժ.Ղուկասյանի և այլոց գործով որոշմամբ` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Ավազակության հասարակ և որակյալ տեսակների դեպքում օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող բռնությունը կամ դրա սպառնալիքը կարող են լինել բացառապես կյանքի կամ առողջության համար վտանգավոր, հետևաբար յուրաքանչյուր դեպքում անձի արարքը որպես ավազակություն (...) որակելիս պետք է գործի բավարար փաստական տվյալներով հիմնավորել, թե ինչում է արտահայտվել բռնության կամ դրա սպառնալիքի բովանդակությունը, և արդյոք դրանք կյանքի կամ առողջության համար վտանգավոր են եղել, թե ոչ:

Բռնության տարբեր դրսևորումների` կյանքի կամ առողջության համար վտանգավոր լինելը որոշվում է ելնելով`

ա) կյանքի կամ առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանից,

բ) հանցագործության բնույթից, կատարման եղանակից, կատարման մեխանիզմի առանձնահատկություններից և այլն:

i

(...) Հանցագործության, տվյալ դեպքում` ավազակության բնույթից, կատարման եղանակից, կատարման մեխանիզմի առանձնահատկություններից և այլնից ելնելով` բռնությունը գնահատվում է որպես կյանքի կամ առողջության համար վտանգավոր նաև այն դեպքում, երբ դրա կիրառման պահին իրական վտանգ է ստեղծվել տուժողի կյանքի կամ առողջության համար: Այսպես, գույքը հափշտակելու նպատակով հանցավորը, առանց վնաս պատճառելու, կիրառում է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ կամ բռնությունը կիրառում է տուժողի կյանքի համար վտանգավոր այլ եղանակներով (օրինակ` խեղդում է տուժողին, տարբեր ձևերով փակում է նրա շնչառությունը և այլն): Նման դեպքերում բռնության բնույթը որոշվում է գործի բոլոր հանգամանքները (բռնության գործադրման եղանակ, գործիքներ, հանցակիցների քանակ, դեպքի կատարման ժամանակ, տեղ և այլն) հաշվի առնելով (...)» (տե՛ս Ժ.Ղուկասյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԷԴ/0091/01/11 որոշման 16-17-րդ կետերը):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով արարքը զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակություն որակելու խնդրին, Ժ.Ղուկասյանի և այլոց գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Այն դեպքում, երբ զենքը կամ որպես զենք օգտագործվող առարկան փաստացի չի գործադրվել, սակայն կոնկրետ իրավիճակում դրանք տուժողի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ են ստեղծել (օրինակ` հարձակման ժամանակ հանցավորը զենքը կամ որպես զենք օգտագործվող այլ առարկան հպում է տուժողի որովայնին, կոկորդին կամ կենսական կարևոր նշանակություն ունեցող այլ օրգաններին), արարքը պետք է որակել որպես ավազակություն: Նկարագրված դեպքում տուժողի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ է ստեղծվում, քանի որ ցանկացած պահի, այդ թվում` տուժողի կողմից դիմադրություն ցույց տալու կամ փախուստի փորձի դեպքում հանցավորի դիտավորյալ կամ անզգույշ գործողություններով տուժողի կյանքին կամ առողջությանը կարող է վնաս պատճառվել: Զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրումը տուժողի գույքը հափշտակելու նպատակով հարձակման ընթացքում դրանց փաստացի օգտագործումն է, օգտագործման փորձը կամ դրանցով սպառնալիք տալը: Իսկ այն դեպքում, երբ հանցավորը զենքը կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաները փաստացի չի օգտագործել, չի փորձել օգտագործել կամ դրանցով սպառնալիք տալ, սակայն հանցավորի մոտ դրանց առկայությունը կոնկրետ դեպքում տուժողի կյանքի կամ առողջության համար ստեղծել է իրական վտանգ, արարքը ենթակա է որակման որպես հասարակ ավազակություն (տե՛ս Ժ.Ղուկասյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԷԴ/0091/01/11 որոշման 18-րդ և 21-րդ կետերը):

13. Վերահաստատելով և զարգացնելով Ժ.Ղուկասյանի և այլոց գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակություն որակելու համար, այլ պայմաններից զատ, անհրաժեշտ է հաստատված համարել հանցավորի մոտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների առկայությունը: Այսպես` անձի արարքը զենքի գործադրմամբ ավազակություն որակելիս վարույթ իրականացնող մարմինը պետք է օրենքով սահմանված կարգով ապացուցված համարի, որ հանցավորի կողմից օգտագործվել է սարք կամ առարկա, որն իր կառուցվածքով նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ ազդանշան արձակելու համար («Զենքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի ա) կետ): Ինչ վերաբերում է որպես զենք օգտագործվող առարկայով կատարված ավազակությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես զենք օգտագործվող կարող են լինել այն առարկաները, որոնց օգտագործմամբ կարող է պատճառվել անձի մահ կամ առողջությանը վնաս (օրինակ` կացին, խոհանոցային դանակ, մուրճ և այլն):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հանցավորը գիտակցում է, որ գույք հափշտակելու նպատակով սպառնում է ոչ պիտանի զենքով կամ զենքին նմանվող առարկայով (զենքի նմանակում` խաղալիք դաշույն, ատրճանակի մակետ և այլն), հնարավորություն չունենալով դրանցով տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր վնաս հասցնել, ապա հանցավորի գործողությունները չեն կարող որակվել զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն: Ասվածը չի վերաբերում այն դեպքերին, երբ հանցավորը գործադրում է այնպիսի առարկա (օրինակ` մետաղից պատրաստված ատրճանակի մակետ), որով ինքնին հնարավոր է տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր վնաս հասցնել:

Ակնհայտորեն ոչ պիտանի զենքի կամ զենքին նմանվող առարկայի օգտագործմամբ հարձակում գործելիս հանցավորը տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է տալիս` նպատակ ունենալով վախեցնել տուժողին, կոտրել նրա կամքն ու հնարավոր դիմադրությունը և տիրանալ գույքին: Հետևաբար քննարկվող դեպքերում անձի գործողությունները (այլ որակյալ հատկանիշների բացակայության դեպքում) կարող են որակվել որպես հասարակ ավազակություն: Իսկ այն դեպքում, երբ տուժողի համար նույնպես ակնհայտ է, որ հանցավորի կողմից օգտագործվում է ոչ պիտանի զենք կամ զենքին նմանվող առարկա, որը չի կարող նրա կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծել, արարքը պետք է որակվի որպես կողոպուտ (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը (ավազակություն) ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված հանցակազմից (կողոպուտ) տարանջատելու և նշված հանցակազմերի մեկնաբանման վերաբերյալ մանրամասն տե՛ս Ժ.Ղուկասյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԷԴ/0091/01/11 որոշումը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով կրվող սառը զենք հանդիսացող որսորդական դանակի գործադրմամբ Վ.Մուրադյանի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակում է գործել վերջինիս նկատմամբ և հափշտակել 80.000 ՀՀ դրամ արժեքով ոսկյա մատանի (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ Հ.Գալստյանը տուժողից վերցրած ոսկյա մատանին իր մոտ պահելու նպատակով իր կողմից կրվող ուսապարկի միջից հանել է որսորդական դանակի սև գույնի պատյանը և այն պահելով Վ.Մուրադյանի ուղղությամբ` հարձակում է գործել` ասելով, որ փախչի այդտեղից (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Արդյունքում Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հ.Գալստյանին ճանաչել է անմեղ` ապացուցված չհամարելով դեպքին նախորդող և դեպքի պահին ամբաստանյալի մոտ սառը զենք հանդիսացող որսորդական դանակի առկայությունը: Միևնույն ժամանակ ստորադաս դատարանը հաստատված է համարել Հայկ Գալստյանի այդ արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայությունը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ եզրակացության, դատական ակտը թողել է անփոփոխ (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 12-13-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Հայկ Գալստյանին մեղավոր են ճանաչել զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակության համար այն պայմաններում, երբ ապացուցված չեն համարել նրա մոտ դանակի առկայության փաստը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Գալստյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

15.1. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 8.1-րդ կետում շարադրված փաստարկներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, գործով բոլոր ապացույցների (տուժողներ Վալերիկ Պոչիկյանի, Հասմիկ Բաբախանյանի ցուցմունքների, զննության` 2015 թվականի մայիսի 26-ի արձանագրության և դատաբժշկական փորձաքննության փորձագետի թիվ 1282 եզրակացության) բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում ստորադաս դատարանները հանգել են հիմնավոր հետևության ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ Հայկ Գալստյանի մեղավորության վերաբերյալ:

16. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հաստատված չհամարելով դեպքի պահին ամբաստանյալ Հայկ Գալստյանի մոտ դանակի առկայության փաստը և, միևնույն ժամանակ, վերջինիս մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակության համար, կիրառել են այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում ստորադաս դատարանները թույլ են տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերն այդ մասով բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար: Նոր քննության ընթացքում անհրաժեշտ է սույն որոշման իրավական դիրքորոշումների լույսի ներքո բազմակողմանի վերլուծության և գնահատման ենթարկել գործի հանգամանքները և արդյունքում օրենքով սահմանված կարգով հանգել համապատասխան հետևության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հայկ Վաչեի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մայիսի 16-ի որոշումը մասնակիորեն` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով բեկանել և գործն այդ մասով ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Հայկ Վաչեի Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան

                 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2017
N ԵԱՔԴ/0084/01/15
Որոշում