Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 358-ՐԴ, 393-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԿԴ/0021/01/16
Գործ թիվ ԵԿԴ/0021/01/16  
Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան
                   Դատավորներ` Ս. Համբարձումյան
                                                Մ. Պետրոսյան   

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի

                   

2017 թվականի ապրիլի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Գևորգ Աշոտի Սիմոնյանի պաշտպան Մերի Ալավերդյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցվել է թիվ 13838515 քրեական գործը: Նույն օրը Գևորգ Սիմոնյանը և Ջանիկ Սիմոնյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի նոյեմբերի 9-ի որոշումներով Գևորգ և Ջանիկ Սիմոնյանները ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 10-ի որոշումներով Գ.Սիմոնյանի և Ջ.Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Գ.Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը 2015 թվականի դեկտեմբերի 16-ին փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Ջ.Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2016 թվականի փետրվարի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 19-ի դատավճռով Գ.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նույն դատավճռով Ջ.Սիմոնյանը ճանաչվել է անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում և արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու և նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:

Հիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Գ.Սիմոնյանի պաշտպան Մ.Ալավերդյանը և մեղադրող Մ.Նալբանդյանը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2016 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Գ.Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, դատավճիռը նշանակված պատժի մասով փոփոխվել է, Գ.Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում` չորս տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

4. Գ.Սիմոնյանի պաշտպան Մ.Ալավերդյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է հետևյալը. «Դատաքննությամբ պարզվեց, որ ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանը, որոշելով գողություն կատարել ք.Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի 30 բնակարանից, սակայն իր այդ նպատակի մասին չտեղեկացնելով իր հորեղբոր որդուն` ամբաստանյալ Ջանիկ Սիմոնյանին, 2015թ. նոյեմբերի 07-ին` ժամը 16-ի սահմաններում, վերջինիս առաջարկել է գնալ վերը նշված փողոց` ասելով, որ ցանկանում է այցելել ծանոթին և ինչ-որ բան վերցնել նրանից:

Ամբաստանյալ Ջ.Սիմոնյանը համաձայնվել է, և նրանք գնացել են ք.Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի մոտ, որտեղ ամբաստանյալ Գ.Սիմոնյանն ամբաստանյալ Ջ.Սիմոնյանին առաջարկել է սպասել` մինչև ինքը բարձրանա ծանոթի բնակարան և վերադառնա:

Այնուհետև, ամբաստանյալ Գ.Սիմոնյանը բարձրացել է նշված շենքի երկրորդ հարկ, իր մոտ ունեցած հարմարեցված բանալիներով բացել է տուժողի` ք.Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի հ. 30 բնակարանի մուտքի դռան փականները, որից հետո ամբաստանյալ Ջ.Սիմոնյանին առաջարկել է բարձրանալ վերև և մոտ 20 րոպե իրեն սպասել նշված բնակարանի հյուրասենյակում` նրան չասելով, որ այդ բնակարանն իր ծանոթինը չէ:

Բնակարան մտնելուց հետո ամբաստանյալ Գ.Սիմոնյանը մտել է ննջասենյակ, իսկ վերջինիս նպատակներից անտեղյակ ամբաստանյալ Ջ.Սիմոնյանն անցել է հյուրասենյակ և սպասել ամբաստանյալ Գ.Սիմոնյանին` մտածելով, որ վերջինիս հանդիպումն ծանոթ կնոջ հետ է:

Այդ ընթացքում ամբաստանյալ Գ.Սիմոնյանը տուժողի բնակարանի ննջասենյակից հափշտակել է 846.997.56 ՀՀ դրամին համարժեք 1.773 ԱՄՆ դոլար և 748 ՀՀ դրամին համարժեք 100 ՌԴ ռուբլի ու 2.134.748 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով ոսկյա զարդեր, որոնք տեղավորել է վերարկուի և տաբատի գրպաններում ու, ժամը 16:30-ի սահմաններում դուրս գալով ննջասենյակից, ամբաստանյալ Ջ.Սիմոնյանին առաջարկել է գնալ, սակայն, երբ նրանք գտնվել են բնակարանի միջանցքում, բնակարան են մտել օպերատիվ տեղեկություններ ստացած ոստիկանները և նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ամբաստանյալ Գ.Սիմոնյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ամբողջ գողոնն ու հարմարեցված բանալիները:

(...)

Ամբաստանյալ Գ.Սիմոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը և հետևանքները, նրա հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, այնպես էլ դատաքննության ընթացքում ուսումնասիրված` նրա անձը բնութագրող տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Որպես ամբաստանյալ Գ.Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առնում, որ նա խոստովանել է կատարած հանցագործությունը, վատառողջ է` երրորդ խմբի հաշմանդամ և նրա խնամքին է մինչև 14 տարեկան երեխան:

Ամբաստանյալ Գ.Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատական քննությամբ չարձանագրվեցին:

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Գ.Սիմոնյանի հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, նրա մեղքի ձևը, ելնելով գործի փաստական տվյալների և հանգամանքների վերլուծության հիման վրա դատարանի մոտ ձևավորված նրա բարոյահոգեբանական ու քրեաիրավական բնութագրից և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ ու 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, հանգում է հետևության, որ պետք է դատապարտվի ազատազրկման, որը պետք է կրի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 112-120):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում Գ.Սիմոնյանի պաշտպան Մ.Ալավերդյանը նշել է. «(...) Դատավճռով հաշվի չեն առնվել և չեն գնահատվել (...) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, հանցագործություն կատարելու հանգամանքները, (...) պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության հարցը: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 1-5):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Բողոքաբերը Վերաքննիչ դատարանին խնդրել է (...) դատավճիռը` ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժի չափի մասով բեկանել և փոփոխել, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշանակել հոդվածով սահմանված նվազագույն պատժաչափ և նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան օրենքով սահմանված որոշակի ժամկետով:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանն ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս թեև արձանագրել է, սակայն բավարար չափով հաշվի չի առել ամբաստանյալի անձը բնութագրող, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, և ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում` անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ ու 61-րդ հոդվածների պահանջները, ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ սույն գործի շրջանակներում նշանակել է ակնհայտ խիստ պատիժ, ուստի դատական ակտն ամբաստանյալ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժի մասով` մեղմացման առումով պետք է փոփոխել և վերջինիս նկատմամբ հոդվածի սանկցիայի շրջանակներում նշանակել նվազագույն պատիժ, ինչը Վերաքննիչ դատարանի համոզմամբ կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները:

Նման եզրահանգման հանգելիս, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի համապատասխան դրույթները, այնպես էլ այն, որ ամբաստանյալը հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամ` վերջինիս ձախ ձեռքը թերաճ է և ըստ էության անգործունակ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 65-72):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է, չհիմնավորված և չպատճառաբանված, կայացվել է նյութական իրավունքի էական խախտումով:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն առհասարակ անդրադարձ չի կատարել պատիժը կրելու նպատակահարմարության հարցին` թույլ տալով դատական սխալ, որն ամբաստանյալի համար առաջացրել է ծանր հետևանք, քանի որ Գ.Սիմոնյանն անարդարացիորեն պետք է պատիժ կրի ազատազրկման ձևով:

i

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը և Գևորգ Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը գնահատման ենթարկել է արդյոք պաշտպանի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկը, և նույն դատարանի որոշումը բավարարու՞մ է դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (...)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի, Գ.Խնուսյանի, Է.Մարգարյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

i

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման (...)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

i

Զարգացնելով Ֆ.Գալստյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Գ. Խնուսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` (...) քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (...)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

Է.Մարգարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ»(...) դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

i

(...) Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգելու կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը» (տե՛ս Էրիկ Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը):

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Վերոնշյալ նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Մկրտիչ Պողոսյանի և մյուսների գործով որոշման շրջանակներում` արձանագրելով` «(...) Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները, այլ նաև կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում և որոնց կապակցությամբ վերաքննիչ դատարանի եզրահանգումները պետք է արտացոլվեն վարույթը եզրափակող դատական ակտում:

(...)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ պետք է անդրադառնա բողոքի հիմքերին: Վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ վերաքննիչ բողոք բերելու հիմքը դատական սխալն է, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 308.1-րդ հոդված): Այլ խոսքով` վերաքննիչ բողոքի հիմքն ինքնին օժտված է գործի ելքի վրա ազդեցություն ունենալու հատկանիշով:

Ինչ վերաբերում է բողոքի հիմնավորումներին անդրադառնալու հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ բողոքի այն հիմնավորումներին, որոնք ողջամտորեն կարող են ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար և պատշաճ պատճառաբանել դրանց վերաբերյալ իր եզրահանգումները:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում միայն վերաքննիչ դատարանի որոշումը կհամապատասխանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին (...)» (տե՛ս Մկրտիչ Արայիկի Պողոսյանի, Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի և Սեյրան Մանվելի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշման 15-րդ կետը):

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը որպես Գ.Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել նրա կողմից կատարված հանցագործությունը խոստովանելը, վատառողջ` երրորդ խմբի հաշմանդամ լինելը, խնամքին մինչև 14 տարեկան երեխա ունենալը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և եկել հետևության, որ վերջինս պետք է դատապարտվի ազատազրկման ու ազատազրկման ձևով պատիժը պետք է կրի (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Պաշտպան Մ.Ալավերդյանը վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը դատավճռով հաշվի չի առել և գնահատման չի ենթարկել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության հարցը և խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով Գ.Սիմոնյանի նկատմամբ նշանակել տվյալ արարքի համար օրենքով սահմանված նվազագույն պատժաչափ և նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը» բաժնում մանրամասն շարադրել է պաշտպան Մ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում անդրադարձել է բողոքաբերի բարձրացրած հարցերից միայն մեկին` Առաջին ատյանի դատարանի կողմից խիստ պատիժ նշանակելու վերաբերյալ բողոքի փաստարկին, մինչդեռ պատիժը պայմանականորեն չկիրառելու վրաբերյալ բողոքաբերի փաստարկը քննարկման առարկա չի դարձվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

12. Սույն որոշման 9-10-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով պարտավոր էր քննարկման առարկա դարձնել բողոքաբերի` պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ փաստարկը և արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե ինչ հանգամանքների հիման վրա է եկել այս կամ այն հետևության: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից խիստ պատիժ նշանակելու վերաբերյալ բողոքի փաստարկին, քննարկման չի ենթարկել պատժի կրման նպատակահարմարության հարցը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկը գնահատման չենթարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի բավարարում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

i

13. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ և 393-րդ հոդվածների խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գևորգ Աշոտի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Գևորգ Աշոտի Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2017
N ԵԿԴ/0021/01/16
Որոշում