Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ...

 

 

020.1386.141117

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 նոյեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Լ. Դավթյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գագիկ Բադալյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Գագիկ Բադալյանի` 2017 թվականի հուլիսի 11-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Պետական տուրքը» վերտառությամբ 70-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Հայցագինը մեծացնելու դեպքում պետական տուրքի չբավականացնող գումարը գանձվում է վճիռը կայացնելիս` ավելացված հայցագնին համապատասխան: Հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում»:

Ընդունումից ի վեր օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը փոփոխության չի ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

04.04.2016թ. Գագիկ Սամվելի Բադալյանը դիմելով դատարան` պահանջել է Վարդան Հմայակի Եղիազարյանից բռնագանձել փոխառության պայմանագրով տրված 2500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսները: Գագիկ Սամվելի Բադալյանի կողմից սկզբնական հայցագնի երկու տոկոսի` 24800 ՀՀ դրամի չափով պետական տուրքը վճարվել է ամբողջությամբ: Ներկայացված հայցադիմումը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 07.04.2016թ. ընդունել է վարույթ: 08.04.2016թ. Գագիկ Բադալյանը միջնորդությամբ փոփոխել է հայցապահանջը` ավելացրել է հայցագինը և խնդրել է Վարդան Եղիազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 264.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսները: 04.05.2016թ. Գագիկ Բադալյանը միջնորդությամբ փոփոխել է հայցապահանջը` նվազեցրել է հայցագինը և խնդրել է Վարդան Եղիազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 2500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսները: Հիմք ընդունելով մինչև վճիռ կայացնելը Վարդան Եղիազարյանի կողմից 2500 ԱՄՆ դոլարի չափով գումարի վճարման, այսինքն` սկզբնական հայցապահանջի կամավոր կատարման փաստը`12.07.2016թ. Գագիկ Բադալյանը հրաժարվել է հայցից: 12.12.2016թ. դատարանը կայացրել է վճիռ, որով կարճել է գործի վարույթը` Գագիկ Բադալյանի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Միաժամանակ, դատարանը վճռել է Գագիկ Բադալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել բռնագանձման պահին 5280 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, ինչպես նաև վերջինիցս հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվարկել և բռնագանձել պետական տուրք` փաստացի վճարման պահին` 264.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրված տույժերի գումարի 2/երկու/ տոկոսի չափով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մասնակիորեն բավարարվել է ՀՀ վերաքննիչ դատարանի` 14.03.2017թ. որոշմամբ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 12.12.2016թ. թիվ ԿԴ/0321/02/16 վճիռը մասնակի` բռնագանձման ենթակա պետական տուրքի մասով, բեկանել է և փոփոխել` որոշելով. «Վարդան Հմայակի Եղիազարյանից հօգուտ Գագիկ Սամվելի Բադալյանի բռնագանձել 24800 (քսանչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ` որպես Վարդան Եղիազարյանից հօգուտ Գագիկ Բադալյանի բռնագանձման ենթակա 2500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի համար ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վարդան Եղիազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.11.2015 թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով սահմանված տոկոսագումարի 2 տոկոսը` որպես ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար:

Գագիկ Սամվելի Բադալյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 5230 (հինգ հազար երկու հարյուր երեսուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես Վարդան Եղիազարյանից հօգուտ Գագիկ Բադալյանի բռնագանձման ենթակա 261.500 (երկու հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի համար ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար:

Գագիկ Բադալյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 261.500 (երկու հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 08.04.2016թ.-ից մինչև հայցապահանջի նվազեցման օրը` 04.05.2016թ. ընկած ժամանակահատվածի համար հաշվարկվելիք` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով սահմանված տոկոսագումարի 2 տոկոսը` որպես ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար»:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դիմողի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2017թ. որոշմամբ մերժվել է:

3. Դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 6-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին:

Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ օրենսդրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, նախատեսված չէ այն դեպքը, թե ինչպես պետք է վարվի դատարանը պետական տուրքի չափը որոշելիս ավելացված հայցագինը նվազեցվելու դեպքում, երբ պետական տուրքը վճարված չէ ավելացված հայցագնին համապատասխան: Օրենսդիրը` քաղաքացիական դատավարության օրենսգրքի մակարդակով, նախատեսել է միայն այդ դեպքում վճարված պետական տուրքի անվերադարձելիության հարցը, սակայն չի սահմանել, որ չվճարված պետական տուրքը ենթակա է վճարման ավելացված հայցագինը նվազեցնելու դեպքում:

Ըստ դիմողի` դատարան դիմելու համար պետական տուրքի հետ կապված վիճարկվող իրավանորմի անորոշությունը դատարաններին հնարավորություն է տալիս կամայականորեն, անկանխատեսելի և չափազանց հայեցողաբար լուծելու պետական տուրքի հարցը, ինչն ինքնին հանգեցնում է անձի` արդյունավետ դատական պաշտպանության և սեփականության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտման:

Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նաև նրանով, որ իր գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կիրառել է օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` 29.01.2013թ. թիվ 129 որոշման 19-րդ կետի շրջանակներում տրված մեկնաբանությամբ, մինչդեռ, ըստ դիմողի, վիճարկվող նորմի իրավական անորոշությունը հարկ է գնահատել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետի «ա» ենթակետի, օրենսգրքի 68, 69, 70, 72 և 73-րդ հոդվածների հետ համակարգային կապի և միասնության մեջ:

Վերոգրյալի հիման վրա դիմողը խնդրում է օրենսգրքի վիճարկվող նորմը ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 6-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, կամ օրենսգրքի վիճարկվող նորմը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 6-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, կամ բացահայտել օրենսգրքի` վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը:

4. Պատասխանողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Ըստ պատասխանողի` պետական տուրքը երկու կարևորագույն գործառույթներ է իրականացնում. նախ`այն միջոց է արդարադատության` որպես պետության կողմից իրականացվող ծառայության ծախսերի մի մասի փոխհատուցման, ապա` նաև քաղաքացիական շրջանառության մասնակիցների համար գործուն երաշխիք է, որ իրենց նկատմամբ անհիմն հայցեր չներկայացվեն: Վերջինս ընկած է ինչպես օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման կանոնների, այնպես էլ օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման հիմքում, այն է` երբ հայցագինը հայցվորի կողմից մեծացվում է, հայցվորն ավելացնում է պետական տուրքի չափը` այն համապատասխանեցնելով նոր հայցագնին, իսկ նվազեցվելու դեպքում վճարված պետական տուրքը չի վերադարձվում:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը, վկայակոչելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2013 թվականի թիվ 129 որոշման 19-րդ կետը, գտնում է, որ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնության տեսակ է, ինչը, ի տարբերություն պետական տուրքի գծով արտոնության մեկ այլ` «պետական տուրքի նվազեցում» տեսակի, չի հանգեցնում օրենքով սահմանված կարգով հաշվարկված պետական տուրքի նվազեցման. վճարումը պարզապես հետաձգվում է որոշակի ժամկետով:

Պատասխանողի գնահատմամբ` ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` վերը նշված որոշմամբ հաստատված կանոնն անմիջականորեն բխում է օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից:

Պատասխանողը գտնում է նաև, որ դիմումն ամբողջությամբ խարսխված է պետական տուրքի` վերը նշված գործառույթներից միայն առաջինի վրա` անտեսելով պետական տուրքի` անձանց նկատմամբ անհիմն հայցեր չներկայացնելու երաշխիք լինելու հանգամանքը: Արդյունքում, պատասխանողի գնահատմամբ, դիմողը հանգել է օրենքով սահմանված պետական տուրքի ինստիտուտի տրամաբանության հետ չհամընկնող եզրակացությունների:

5. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կարծիքով Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ ամրագրված դրույթը: Ըստ դիմողի` օրենսգրքի վիճարկվող դրույթի սխալ կիրառումը պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանն այն կիրառել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` 29.01.2013թ. թիվ 129 որոշման 19-րդ կետի շրջանակներում տրված մեկնաբանությամբ, որում չի անտեսվում պետական տուրքի` անձանց նկատմամբ անհիմն հայցեր չներկայացնելու երաշխիք լինելու հանգամանքը:

i

Սահմանադրական դատարանի գնահատմամբ` դիմողն ըստ էության բարձրացնում է իրավական նորմի կիրառման իրավաչափության հարց, ինչն իր լուծումը պետք է ստանար օրենքի միատեսակ կիրառման գործառույթի իրականացման շրջանակներում: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել իրավական նորմի կիրառման իրավաչափության վերաբերյալ իր` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Գագիկ Բադալյանի դիմումի հիման վրա`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 նոյեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1386

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.10.2017
N ՍԴՈ-1386
Որոշում