Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-314-ՐԴ ՀՈԴՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-314-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 325-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԱՐԴ/0116/01/15
Քրեական գործ թիվ   ԱՐԴ/0116/01/15
Նախագահող դատավոր`   Ս. Համբարձումյան
                    Դատավորներ`  Ա. Խաչատրյան
                                                   Մ. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս.Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե.Դանիելյանի
Հ.Ասատրյանի
Լ.Թադևոսյանի
Ա.Պողոսյանի
Ս.Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ.Ավագյանի
մասնակցությամբ
դատախազ Ա.Շահբազյանի
ամբասոտանյալներ Ս.Պապիկյանի
Ա.Սարգսյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սամվել Սիրեկանի Պապիկյանի և Արարատ Թորգոմի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի հունիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 62214315 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Սամվել Սիրեկանի Պապիկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով: Նույն մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Արարատ Թորգոմի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով:

2015 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Պապիկյանի և Ա.Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 13-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Սամվել Պապիկյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով առաջադրված մեղադրանքում, և նա արդարացվել է: Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է նաև Արարատ Սարգսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով առաջադրված մեղադրանքում, և նա արդարացվել է:

Վճռվել է նաև ամբաստանյալներ Ս.Պապիկյանի և Ա.Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել:

3. Մեղադրող Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հունիսի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 13-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, ինչը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2005 թվականից աշխատելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում, որպես առաջատար մասնագետ, ի պաշտոնե հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դատարանի դատավճռով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Արարատ Սարգսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս 2014թ. հոկտեմբերի 23-ին, նոյեմբերի 28-ին և 2015թ. հունվարի 26-ին անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Այսպես.

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. օգոստոսի 28-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ազատազրկման 4 տարի ժամկետով դատապարտված և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ երկու տարի ժամկետով նույն դատավճռով սահմանված փորձաշրջանում գտնվող ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Արարատ Սարգսյանին 2013թ. նոյեմբերի 5-ին այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Սամվել Պապիկյանը վերցրել է հաշվառման, նրա անվամբ կազմել անձնական գործ և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, ՀՀ Կառավարության 26.10.2006թ. 1561-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության» կարգի 50-րդ հոդվածով սահմանված պահանջի համաձայն, վերջինիս պարտավորեցրել է նախ` ամիսը երեք, իսկ հետագայում ամիսը երկու անգամ ներկայանալ բաժանմունք և ստորագրել անձնական գործին կցված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բաժանմունքի պետի կողմից հաստատված ժամանակացույցում:

2014թ. հոկտեմբերի 23-ին Սամվել Պապիկյանը պրոֆիլակտիկ այցելություն է կատարել Ա.Սարգսյանի բնակության վայր, որտեղ վերջինս, գանգատվելով առողջական վիճակից, խնդրել է թույլատրել բաժանմունք ներկայանալու արդեն իսկ նշանակված հերթական օրը` 2014թ. հոկտեմբերի 30-ին, չներկայանալ և ժամանակացույցում հետին օրով ստորագրել: Ա.Սարգսյանի խնդրանքին ընդառաջելով` Սամվել Պապիկյանն անձնական այլ դրդումներով վերջինիս նկատմամբ կարեկցանքից դրդված կատարել է պաշտոնեական կեղծիք` Ա.Սարգսյանին թույլ է տվել այցելությունների փաստն ու հերթականությունը հաստատող պաշտոնական փաստաթղթում ակնհայտ կեղծ տեղեկություն գրառել, հետին օրով ստորագրել ժամանակացույցում` որպես հերթական ներկայանալու օր նշված` 2014թ. հոկտեմբերի 30-ի ամսաթվի դիմաց, որից հետո կեղծ տեղեկություն պարունակող այցելությունների ժամանակացույցը կցել է դատապարտյալի անձնական գործին, դրանով իսկ կազմել և հանձնել է կեղծ փաստաթուղթ: (...)

Այնուհետև, բաժանմունք ներկայանալու նախապես նշանակված հերթական օրը` 2014թ. նոյեմբերի 5-ին, դատապարտյալ Ա.Սարգսյանն այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունք չի ներկայացել, այլ ներկայացել է նոյեմբերի 28-ին: Սամվել Պապիկյանից վերցնելով իր անձնական գործը, օգտագործելու նպատակով` պաշտոնական փաստաթուղթ կեղծելու դիտավորությամբ` բաժանմունք չներկայանալու համար հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով Ա.Սարգսյանն իր անձնական գործին կցված ժամանակացույցում ստորագրել է ոչ միայն 2014թ. նոյեմբերի 28-ի ամսաթվի, այլ Ս.Պապիկյանից աննկատ նաև բաժանմունք չներկայանալու օրվա` 2014թ. նոյեմբերի 5-ի ամսաթվի դիմաց, փաստորեն` պաշտոնական փաստաթղթում կատարելով կեղծիք: Նույն պահին կեղծիքը հայտնաբերելով` Ս.Պապիկյանը համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն տեղի է տվել դատապարտյալ Ա.Սարգսյանի խնդրանքներին և վերջինիս դրդմամբ` նրան խղճալու և կարեկցելու անձնական այլ դրդումներով, կեղծիքը չի արձանագրել և կեղծ գրառումով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ժամանակացույցը հանձնել` կցել է դատապարտյալի անձնական գործին: (...)

Բացի այդ, բաժանմունք ներկայանալու նախապես նշանակված հերթական օրը` 2015թ. հունվարի 12-ին, դատապարտյալ Ա.Սարգսյանն այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունք կրկին չի ներկայացել, այլ ներկայացել է հունվարի 26-ին: Սամվել Պապիկյանից վերցնելով իր անձնական գործը, օգտագործելու նպատակով պաշտոնական փաստաթուղթ կեղծելու դիտավորությամբ բաժանմունք չներկայանալու համար, հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով Ա.Սարգսյանն իր անձնական գործին կցված ժամանակացույցում ստորագրել է ոչ միայն 2015թ. հունվարի 26-ի ամսաթվի, այլ Ս.Պապիկյանից աննկատ նաև բաժանմունք չներկայանալու օրվա` 2015թ. հունվարի 12-ի ամսաթվի դիմաց, փաստորեն` պաշտոնական փաստաթղթում կատարելով կեղծիք: Նույն պահին կեղծիքը հայտնաբերելով` Ս.Պապիկյանը համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն տեղի է տվել դատապարտյալ Ա.Սարգսյանի խնդրանքներին և վերջինիս դրդմամբ` նրան խղճալու և կարեկցելու անձնական այլ դրդումներով, կեղծիքը չի արձանագրել և կեղծ գրառումով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ժամանակացույցը հանձնել` կցել է դատապարտյալի անձնական գործին: (...)

Այսպիսով, ՀՀ ԱՆ ՔԿ վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Սամվել Պապիկյանին մեղսագրվում են. 1-ին դրվագով` պաշտոնատար անձի կողմից անձնական դրդումներով կեղծ փաստաթուղթ կազմելու և հանձնելու, 2-րդ և 3-րդ դրվագներով` նույն դրդումներով կեղծ փաստաթղթերը հանձնելու հանրորեն վտանգավոր արարքները, որոնք նախատեսվում են ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 132-134):

5.1. Ա.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «դատարանի դատավճռի համաձայն, գտնվելով փորձաշրջանի մեջ, իր վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պաշտոնատար անձին 2014թ. հոկտեմբերի 23-ին դրդել է պաշտոնական կեղծիք կատարելուն, իսկ 2014թ. նոյեմբերի 28-ին և 2015թ. հունվարի 26-ին պաշտոնական փաստաթուղթ է կեղծել և պաշտոնատար անձին դրդել կեղծ փաստաթուղթ հանձնելուն:

Այսպես.

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. օգոստոսի 28-ի դատավճռով Արարատ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Նույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պաատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նույն դատավճռով սահմանվել է փորձաշրջան երկու տարի ժամկետով` նրա վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը դնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի բաժանմունքի վրա: 2013թ. նոյեմբերի 5-ին Արարատ Սարգսյանը հաշվառվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում և ՀՀ Կառավարության 26.10.2006թ. 1561-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության» կարգի 50-րդ հոդվածով սահմանված պահանջի համաձայն, պարտավորեցվել է նախ` ամիսը երեք, իսկ հետագայում ամիսը երկու անգամ բաժանմունք ներկայանալու և անձնական գործին կցված` պաշտոնական փաստաթուղթ ժամանակացույցում ստորագրելու մասին:

2014թ. հոկտեմբերի 23-ին` դատապարտյալ Արարատ Սարգսյանի վարքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող` այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Սամվել Պապիկյանի կողմից պրոֆիլակտիկ նպատակով դատապարտյալի բնակության վայր կատարած այցելության ժամանակ, Արարատ Սարգսյանը, գանգատվելով առողջական խնդիրներից, խնդրել է նրան թույլատրել նշանակված հերթական օրը` 2014թ. հոկտեմբերի 30-ին, բաժանմունք չներկայանալ և ժամանակացույցում ստորագրել հետին օրվանով: Արարատ Սարգսյանի դրդմամբ և նրան ընդառաջելով` Ս.Պապիկյանը համաձայնել է կատարել պաշտոնեական կեղծիք` անձնական այլ դրդումներով կազմել և հանձնել կեղծ փաստաթուղթ, և նրան թույլ է տվել այցելությունների փաստն ու հերթականությունը հավաստող պաշտոնական փաստաթղթում ակնհայտ կեղծ տեղեկություն գրառել, ստորագրել ժամանակացույցում` որպես հերթական ներկայանալու օր նշված` 2014թ. հոկտեմբերի 30-ի ամսաթվի դիմաց: (...)

Այնուհետև, 2014թ. հոկտեմբերի վերջերին Արարատ Սարգսյանը, մեկնելով Ռուսաստանի Դաշնություն, այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի բաժանմունք ներկայանալու նախապես նշանակված հերթական օրը` 2014թ. նոյեմբերի 5-ին, բաժանմունք չի ներկայացել, այլ ներկայացել է նոյեմբերի 28-ին և առաջատար մասնագետ Սամվել Պապիկյանից ստանալով իր անձնական գործը, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու դիտավորությամբ և այն օգտագործելու իր անձնական գործին կցելու և չներկայանալու համար հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ժամանակացույցում ստորագրել է ոչ միայն 2014թ. նոյեմբերի 28-ի ամսաթվի, այլ Սամվել Պապիկյանից աննկատ նաև բաժանմունք չներկայանալու օրվա` 2014թ. նոյեմբերի 5-ի ամսաթվի դիմաց, փաստորեն` օգտագործելու նպատակով պաշտոնական փաստաթղթում կատարելով կեղծիք: Իսկ կեղծիքը Ս.Պապիկյանի կողմից հայտնաբերելուց հետո Արարատ Սարգսյանը խնդրել, համոզել է նրան այն չարձանագրել և համապատասխան միջոցներ չձեռնարկել, ի վերջո, դրդել վերջինիս պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գրառումով ժամանակացույցը հանձնել` կցել իր անձնական գործին: (...)

Բացի այդ, 2015թ. հունվարի սկզբներին գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում և նախապես նշանակված օրը` 2015թ. հունվարի 12-ին բաժանմունք չներկայանալով` Արարատ Սարգսյանն ԱՊԿ Արմավիրի բաժանմունք է այցելել միայն 2015թ. հունվարի 26-ին և անձնական գործում հունվարի 26-ի ամսաթվի դիմաց ստորագրելով` պաշտոնական փաստաթուղթ կեղծելու դիտավորությամբ և այն օգտագործելու` իր անձնական գործին կցելու և չներկայանալու համար հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով Սամվել Պապիկյանից աննկատ ստորագրել է նաև բաժանմունք չներկայանալու օրվա` 2015թ. հունվարի 12-ի ամսաթվի դիմաց, փաստորեն` օգտագործելու նպատակով պաշտոնական փաստաթղթում կատարելով կեղծիք: Իսկ կեղծիքը Ս.Պապիկյանի կողմից հայտնաբերելուց հետո Արարատ Սարգսյանը խնդրել, համոզել է նրան դարձյալ չարձանագրել այն, ի վնաս իրեն միջոցներ չձեռնարկել և Ս.Պապիկյանի մոտ խղճահարություն առաջացնելով` վերջինիս դրդել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գրառումով ժամանակացույցը հանձնել` կցել իր անձնական գործին: (...)

Այսպիսով, դատարանի դատավճռով սահմանված փորձաշրջանում գտնվող դատապարտյալ Արարատ Սարգսյանին մեղսագրվում են. 1-ին դրվագով` պաշտոնատար անձին կեղծ փաստաթուղթ կազմելուն և հանձնելուն դրդելու, 2-րդ և 3-րդ դրվագներով` օգտագործելու նպատակով պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և պաշտոնատար անձին կեղծ փաստաթղթերը հանձնելուն դրդելու հանրորեն վտանգավոր արարքները, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով, 325-րդ հոդվածի 1-ին և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 122-124):

6. Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով և հռչակելով ամբաստանյալների անմեղությունը վերջիններիս առաջադրված մեղադրանքներում, ի թիվս այլնի, փաստել է.»(...) Իր բնույթով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում տարվող և դատապարտյալների անձնական գործին կցվող այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող «ժամանակացույցը» իրավաբանական նշանակություն ունեցող որևէ փաստ չի կարող հաստատել և Ա.Սարգսյանի որևէ իրավունքի ծագում չի կարող առաջացնել:

Անդրադառնալով մեղադրող Ա.Շահբազյանի այն պնդմանը, որ նշված «ժամանակացույցը» ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ սահմանված և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դատապարտյալների անձնական գործի անբաժան մասն է, ուստի` նույնպես համարվում է պաշտոնական փաստաթուղթ, դատարանն այն անհիմն է համարում:

(...)

Դատարանն արձանագրում է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց» ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ չի հաստատվել, հետևաբար այն չի կարող համարվել պաշտոնական փաստաթուղթ, քանի որ հատկանշական է, որ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26-ը հոկտեմբերի 2006թ. թիվ 1561-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով սահմանված են պաշտոնական փաստաթղթերի սպառիչ ցանկը /ձև 1, 2, 3, 4, 5, 9, 10/, սակայն հիշյալ իրավական ակտի նույն դրույթներով նախատեսված չէ դատապարտյալի ներկայանալու ժամանակացույց սահմանող ձևաթղթի կազմման և այն շրջանառության մեջ դնելու կարգը:

(...)

Վերլուծելով ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լ.Ավետիսյանի կողմից ներկայացված գրությունը, այն որ, ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից կազմվել և շրջանառության մեջ է դրվել դատապարտյալի հաճախումների միասնական նմուշի ձև, պարզ և հասկանալի է դառնում, որ դատապարտյալների հաճախումների ժամանակացույցը պաշտոնական փաստաթուղթ չէ, այլ ուղղակի միասնական համաձայնությամբ ստեղծված ձևանմուշ է, ուստի դրանում խախտումներ կատարելը չի կարող իր մեջ պարունակել պաշտոնական փաստաթղթերի կեղծման հանցակազմի հատկանիշներ» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 108-119):

7. Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, միևնույն ժամանակ արձանագրել է. «(...) Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա հաստատված չէ այն հանգամանքը, որ պաշտոնատար անձ հանդիսացող Ս.Պապիկյանն անձամբ կազմել, առավել ևս հանձնել է կեղծ փաստաթուղթ: Համենայն դեպս, գործով կազմված մեղադրական եզրակացության մեջ նկարագրված փաստական հանգամանքներն այդ մասին չեն վկայում:

(...) Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու շարժառիթ չեն կարող համարվել անձին խղճալու և կարեկցելու դրդումները: Քրեական օրենքով որպես պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու շարժառիթներ են համարվում շահադիտական նպատակը կամ անձնական այլ դրդումները` ոչ գույքային բնույթի օգուտ ստանալը, կարիերիզմը, հովանավորչությունը, վրեժը, նախանձը, իրականությունը գունազարդելու ցանկությունը և այլն: Ինչպես տեսնում ենք, հանցանքի շարժառիթ հանդիսացող անձնական այլ դրդումները անձին բացասականորեն բնութագրող հանգամանքներ են, և այդ շարքում խղճալն ու կարեկցելը որպես մարդկային դրական հատկանիշներ դժվար է պատկերացնել:

(...) Ամբաստանյալ Արարատ Սարգսյանի նկատմամբ արդարացման դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով բեկանելու հիմքերը բացակայում են նաև այն պատճառով, որ եթե նույնիսկ վերջինիս գործողությունները պարունակեին պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հատկանիշներ, ապա դրանք իրենց նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չեն պատճառել և չէին կարող պատճառել «(տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 240):

8. Դատապարտյալ Ա.Սարգսյանի անձնական գործին կցված` դատապարտյալի այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը գտնվում է նյութական կրիչի վրա, ներառում է փաստաթղթի տրման օրը, Ա.Սարգսյանի այցելությունների ամսաթվերի դիմաց դրված ստորագրությունները` հաստատված ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ Արմավիրի բաժանմունքի ժ/պ, արդարադատության մայոր Է.Տոնիկյանի ստորագրությամբ և բաժանմունքի կնիքով (տե՛ս Ա.Սարգսյանի անձնական գործը, թերթ 3):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել դատական սխալ, սխալ են մեկնաբանել նյութական իրավունքը, որն ազդել է գործի ելքի վրա: Բողոք բերած անձի կարծիքով` բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է նաև օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածների հանցակազմերի առարկա հանդիսացող «պաշտոնական փաստաթուղթ» հասկացությունը` դրան հաղորդելով իր քրեաիրավական նշանակությանը չհամապատասխանող սահմանափակ իմաստ: Ըստ բողոքաբերի` դատարանները, առանց պատճառաբանության և օրենսդրական որևէ հիմնավորման, լրացուցիչ չափանիշներ են սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող փաստաթուղթը պաշտոնական համարելու համար: Մասնավորապես` գտել է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը» չի կարող համարվել պաշտոնական փաստաթուղթ, քանի որ այն ամրագրված չէ նորմատիվ իրավական ակտով:

Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, ինչպես նաև վկայակոչելով այն հանգամանքը, որ, այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից, և այդ մարմնի անունից տրվող տեղեկատվություն է պարունակում, որը գտնվում է նյութական կրիչի վրա ու հավաստում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, եզրակացրել է, որ այն անհրաժեշտ է համարել պաշտոնական փաստաթուղթ:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ստորադաս դատարանների` պաշտոնական փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանությունները հակասում են Ս.Գաբրիելյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի հուլիսի 23-ի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև Եվրոպական դատարան)` Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

9.1. Միաժամանակ բողոքաբերը փաստարկել է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, ըստ որի` պաշտոնեական կեղծիք կատարելու շարժառիթ չեն կարող համարվել անձին խղճալու և կարեկցելու դրդումները: Բողոքի հեղինակի կարծիքով` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու շարժառիթի նման մեկնաբանությունն անհիմն է, որովհետև անձնական այլ դրդումների համատեքստում որպես դրա դրսևորման ձև կարող է դիտվել նաև անձին խղճալու և կարեկցելու պատճառով այլ անձին օգնելու, սույն գործով նշված շարժառիթով Ս.Պապիկյանի կողմից Ա.Սարգսյանի համար անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու միտումը:

9.2. Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանի գործողություններն իրենց նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, փաստել է, որ այդպիսի դատողությունն անհիմն է, քանի որ դատաքննությամբ հիմնավորվել է, որ Ա.Սարգսյանի դիտավորությունն ուղղված չի եղել հենց նվազ կարևորության արարք կատարելուն և այնպիսի հետևանքներ պատճառելուն, որոնք չեն ներկայացնում բարձր հասարակական վտանգավորության աստիճան, այլ Ա.Սարգսյանը հանրորեն վտանգավոր արարքը կատարել է իր վրա դրված պարտականությունները կատարելու կամ պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 13-ի դատավճիռը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների առարկա հանդիսացող «պաշտոնական փաստաթուղթ» հասկացության և քրեաիրավական նշանակության մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածների իմաստով պաշտոնական փաստաթուղթ չդիտելու առնչությամբ ստորադաս դատարանների ձևավորած դատողություններն արդյոք հիմնավորված և պատճառաբանված են:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում հետևյալ արարքի համար. «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»:

13.1. Մեջբերված հանցակազմերի դիսպոզիցիաների նկարագրությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, 325-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների պարտադիր հատկանիշ է համարվում հանցագործության առարկան, որոնք են ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դեպքում` պաշտոնական փաստաթուղթը, իսկ 325-րդ հոդվածի պարագայում` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայականը կամ պաշտոնական այլ փաստաթուղթը, ինչպես նաև կնիքը, դրոշմը, ձևաթուղթը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանցակազմերի առարկա հանդիսացող պաշտոնական փաստաթղթի բովանդակության ու հատկանիշների մեկնաբանմամբ պայմանավորված` արարքը համապատասխան հոդվածներով որակելիս գործնականում առաջացող խնդիրները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վեր հանել և պարզաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, 325-րդ հոդվածների իմաստով «պաշտոնական փաստաթուղթ» եզրույթի բնութագրական հատկանիշները:

Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում նշել, որ ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առանձին հատկանիշների` հատկապես հանցագործության օբյեկտի և սուբյեկտի տարբերություններից` նշյալ հանցակազմերի իմաստով «պաշտոնական փաստաթուղթ» եզրույթի բնութագրական տարրերը ոչ բոլոր դեպքերում են համընկնում: Ուստիև Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ երկու հանցակազմերի առարկայի հատկանիշները պետք է քննարկման առարկա դարձնել միմյանցից տարանջատված:

14. Այսպես` վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկան` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փաստաթուղթն այդ հոդվածի իմաստով պաշտոնական դիտարկվելու համար պետք է օժտված լինի հետևյալ հատկանիշներով`

1) այն պետք է ունենա իրավաբանական նշանակություն, մասնավորապես` պետք է պարունակի կամ դրանով պետք է տրամադրվի իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկատվություն: Այլ կերպ` փաստաթղթում առկա տեղեկությունը պետք է հավաստի իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, իրադարձություններ, որոնք կարող են առաջացնել իրավական հետևանքներ` իրավունք տրամադրելու կամ դրանից զրկելու, պարտականություն սահմանելու կամ վերջինից ազատելու, իրավունքների և պարտականությունների ծավալը փոփոխության ենթարկելու տեսքով (որպես այդպիսին` կարող են լինել` աշխատավարձի մասին տեղեկանքը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և այլն): Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ փաստաթուղթը պաշտոնական դիտարկվելու տեսանկյունից պարտադիր չէ, որ այն իրավական հետևանքներ առաջացրած լինի, այլ խոսքով` բավարար է միայն, որ այն իր բնույթով օժտված լինի այդպիսի հետևանքներ առաջացնելու, իրավահարաբերությունների վրա ազդեցություն ունենալու (իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու) հնարավորությամբ,

2) հաշվի առնելով քննարկվող հանցագործության օբյեկտը (այն ուղղված է պետական ծառայության բնականոն գործունեության դեմ), ինչպես նաև հանցագործության սուբյեկտը (սուբյեկտը հատուկ է, որպես այդպիսին` կարող է լինել միայն պաշտոնատար անձը, ով համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշներին)` այն, որպես կանոն, պետք է տրված լինի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց կազմակերպությունների կողմից,

3) այն պետք է պատշաճ կերպով ձևակերպված լինի: Մասնավորապես` փաստաթուղթը`

- պետք է գտնվի նյութական կամ էլեկտրոնային կրիչի վրա,

- պետք է ունենա որոշակի վավերապայմաններ, օրինակ` կնիք, դրոշմ, ստորագրություն և այլն: Նշվածի համատեքստում հարկ է նկատել, որ փաստաթղթի ձևակերպմանը վերաբերող սույն հատկանիշների առկայությունը, ինչպես նաև փաստաթղթի` համապատասխան մարմիններում փաստաթղթաշրջանառության օբյեկտ լինելը, հաշվետվողական բնույթ ունենալը, դրա նկատմամբ հսկողությունը կարող են վկայել փաստաթղթի իրավական բնույթի և դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության մասին:

15. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով «իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ» եզրույթի բնութագրական հատկանիշներին` Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ հիշյալ եզրույթը ենթադրում է, որ համապատասխան հանցակազմի առարկան է կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, իրադարձություն հավաստող այն փաստաթուղթը, որը տրամադրում է որևէ իրավունք կամ ազատում պատասխանատվությունից: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ խնդրո առարկա հոդվածի իմաստով «պատասխանատվությունից ազատել» եզրույթը ներառում է ինչպես իրավական պատասխանատվության որևէ տեսակից (քրեական, վարչական, կարգապահական, քաղաքացիաիրավական և այլն), այնպես էլ որևէ պարտականությունից ազատելու հատկանիշը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետում մատնանշված` պաշտոնական փաստաթղթի ձևակերպմանը վերաբերող հատկանիշները (3-րդ ենթակետ) նույնությամբ վերաբերելի, բնորոշ են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով պաշտոնական փաստաթղթերին:

15.1. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերլուծության ենթարկել նաև քննարկվող հոդվածի (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) իմաստով պաշտոնական փաստաթղթի տրման սուբյեկտի հետ կապված հիմնահարցը:

Այսպես` Վճռաբեկ դատարանն իր` 2006 թվականի հունիսի 1-ի թիվ ՎՔԲ-106/06 գործով որոշման շրջանակներում փաստել է. «Պաշտոնական են համարվում այն փաստաթղթերը, որոնց պետական մարմինների կողմից տրվում է իրավաբանական նշանակություն: Պաշտոնական փաստաթղթերը կարող են տրվել ինչպես պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ այլ իրավաբանական անձանց, առևտրային կամ այլ տեսակի կազմակերպությունների կողմից: Այդպիսիք կարող են հանդիսանալ նաև առևտրային բանկերում կազմվող վարկային կամ այլ ֆինանսական փաստաթղթերը, քանի որ դրանք ևս ունեն իրավաբանական նշանակություն»:

i

Ս.Գաբրիելյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...)Պաշտոնական փաստաթուղթ պետք է համարել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից տրվող այն վավերացված տեղեկատվությունը, որը գտնվում է նյութական կրիչների վրա և հավաստում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր կամ իրադարձություններ» (տե՛ս Սամվել Գաբրիելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵՇԴ/0115/01/09 որոշման 16-րդ կետը):

Միաժամանակ հարկ է նշել, որ 2006 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումների կապակցությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է. «(...) Վճռաբեկ դատարանը նշել է, որ ցանկացած փաստաթուղթ, որին իշխանություններն իրավական նշանակություն են տալիս, անկախ նրանից այն տրվել է պետական մարմինների, թե առևտրային իրավաբանական անձանց կողմից, (...) ՔՕ-ի 325-րդ հոդվածով համապատասխանում են «պաշտոնական փաստաթուղթ» հասկացությանը: Դատարանը չի գտնում, որ «պաշտոնական փաստաթուղթ» հասկացության նման մեկնաբանությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կեղծման հանցանքի էությանը կամ, այն ընդունելով, ներպետական դատարանները ընդլայնել են հանցանքի հասկացությունը այնքան, որ այն բացահայտ կերպով դուրս է մնացել դրա գործողության շրջանակից (...)» (տե՛ս Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2013 թվականի փետրվարի 5-ի (գանգատ թիվ 23341/06) վճռի 61-րդ կետը):

15.2. Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ կարող է տրվել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների, այնպես էլ այլ իրավաբանական անձանց կողմից:

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն եզրակացնում է, որ փաստաթուղթը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածների իմաստով պաշտոնական դիտարկելու համար դատարանները յուրաքանչյուր դեպքում պարտավոր են բազմակողմանի գնահատման ենթարկել այն և պարզել, թե արդյոք վերջինս օժտված է պաշտոնական փաստաթղթին բնորոշ, ի թիվս այլնի, սույն որոշմամբ մատնանշված հատկանիշներով` հատկապես ուշադրություն դարձնելով դրա բնույթին, իրավաբանական նշանակություն ունենալուն:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ`

ա) Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում փաստել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում տարվող և դատապարտյալների անձնական գործին կցվող «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը» իր բնույթով իրավաբանական նշանակություն ունեցող որևէ փաստ չի կարող հաստատել և Ա.Սարգսյանի որևէ իրավունքի ծագում չի կարող առաջացնել:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը ՀՀ կառավարության` 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ չի հաստատվել: Բացի այդ, տվյալ որոշման 5-րդ գլխում սահմանվում է պաշտոնական փաստաթղթերի սպառիչ ցանկը (ձև 1, 2, 3, 4, 5, 9, 10), որում, սակայն, նախատեսված չէ դատապարտյալի ներկայանալու ժամանակացույց սահմանող ձևաթղթի կազմման և այն շրջանառության մեջ դնելու կարգ:

Վերոնշյալի և գործում առկա ապացույցների համադրության արդյունքում Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ դատապարտյալների հաճախումների ժամանակացույցը պաշտոնական փաստաթուղթ չէ, այլ միասնական համաձայնությամբ ստեղծված ձևանմուշ, որում խախտումներ կատարելը չի կարող իր մեջ պարունակել պաշտոնական փաստաթղթերի կեղծման հանցակազմի հատկանիշներ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

բ) Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, միաժամանակ արձանագրել է, որ գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա հաստատված չէ այն հանգամանքը, որ պաշտոնատար անձ հանդիսացող Ս.Պապիկյանն անձամբ կազմել, առավել ևս հանձնել է կեղծ փաստաթուղթ: Ըստ Վերաքննիչ դատարանի` գործով կազմված մեղադրական եզրակացության մեջ նկարագրված փաստական հանգամանքներն այդ մասին չեն վկայում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պաշտոնեական կեղծիք կատարելու շարժառիթներին, փաստել է, որ անձին խղճալու և կարեկցելու դրդումները չեն կարող համարվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու շարժառիթ, քանի որ անձնական այլ դրդումների ներքո պետք է հասկանալ ոչ գույքային բնույթի օգուտ ստանալը, կարիերիզմը, հովանավորչությունը, վրեժը, նախանձը, իրականությունը գունազարդելու ցանկությունը և այլն: Այսինքն` ըստ Վերաքննիչ դատարանի` անձնական այլ դրդումներն անձին բացասականորեն բնութագրող հանգամանքներ են, և այդ շարքում խղճալն ու կարեկցելը, որպես մարդկային դրական հատկանիշներ դժվար է պատկերացնել:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանի նկատմամբ արդարացման դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով բեկանելու հիմքերը բացակայում են նաև այն պատճառով, որ եթե նույնիսկ վերջինիս գործողությունները պարունակեին պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հատկանիշներ, ապա դրանք իրենց նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման առ այն, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքի կողմից տրված փաստաթուղթը` «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածների իմաստով պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում:

Սույն որոշման 14-15.2.-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը նշված փաստաթուղթն ներառում է համապատասխան հոդվածների իմաստով պաշտոնական դիտարկվելու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները:

Այսպես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ն օժտված է հետևյալ հատկանիշներով`

- այն իր բնույթով ունի իրավաբանական նշանակություն, հավաստում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, որոնք կարող են առաջացնել իրավական հետևանքներ: Մասնավորապես` վերջինս հավաստում է ՀՀ կառավարության` 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ սահմանված կարգով` դատապարտյալի կողմից բաժանմունք ամիսն առնվազն մեկ անգամ ներկայանալու իրավաբանական փաստը: Միևնույն ժամանակ այն, ներառված լինելով դատապարտյալի անձնական գործում (դա բխում է ՀՀ կառավարության հիշյալ որոշման հավելվածի 49-րդ կետի 2-րդ պարբերությունից, ըստ որի` անձնական գործում ներառվում են տեղեկություններ դատապարտյալի անձի, բնակության և աշխատանքի վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին), համապատասխան միջնորդության քննարկման ժամանակ կարող է ունենալ առանցքային նշանակություն պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը լուծելիս: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ փաստաթուղթը պաշտոնական դիտարկվելու տեսանկյունից պարտադիր չէ, որ այն իրավական հետևանքներ առաջացրած լինի, այլ բավարար է միայն, որ այն իր բնույթով օժտված լինի այդպիսի հետևանքներ առաջացնելու, իրավահարաբերությունների վրա ազդեցություն ունենալու հնարավորությամբ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետի 3-րդ ենթակետը), ինչպիսին սույն դեպքում հանդիսանում է «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը,

- այն կազմվել է պետական մարմնի կողմից, մասնավորապես` փաստաթուղթը տրվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և բաժանմունքի անունից,

- այն պատշաճ կերպով ձևակերպված է, մասնավորապես` գտնվում է նյութական կրիչի վրա, կնքված է, նշված է փաստաթղթի տրման օրը, փաստաթղթում առկա տեղեկատվության (ի թիվս այլնի, դատապարտյալի բաժանմունք ներկայանալու օրերը` հաստատված վերջինիս ստորագրությամբ) իսկությունը վավերացված է Արմավիրի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարի ստորագրությամբ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18.1. Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, ըստ որի` «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը» իրավաբանական նշանակություն ունեցող որևէ փաստ չի կարող հաստատել: Ինչ վերաբերում է նույն դատարանի այն դիրքորոշմանը, որ նշյալ փաստաթուղթը Ա.Սարգսյանի որևէ իրավունքի ծագում չի կարող առաջացնել, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով պաշտոնական է համարվում ոչ միայն իրավունք վերապահող, այլև պատասխանատվությունից ազատող փաստաթուղթը: Իսկ սույն դեպքում այն դրսևորվել էր ոչ միայն նրանում, որ «ժամանակացույց»-ը իր բնույթով օժտված է համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությամբ (տե՛ս սույն որոշման նախորդ կետը), այլև նրանում, որ Ա.Սարգսյանը, իր վրա դրված պարտականությունը չկատարելով, մասնավորապես` համապատասխան օրերին (2014 թվականի նոյեմբերի 5-ին և 2015 թվականի հունվարի 12-ին) բաժանմունք չներկայանալով, միառժամանակ հետին ամսաթվով ստորագրել է չներկայացած օրերի դիմաց (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը), այսինքն` հավաստել է իր վրա դրված պարտականությունն իբր պատշաճ կերպով կատարված լինելու փաստը` դրանով իսկ իրեն ազատելով փաստացի չկատարված պարտականությունից (այդ առումով տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

18.2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերը հիմնավորել են նաև նրանով, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը չի հաստատվել ՀՀ կառավարության` 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ, այդ իրավական ակտի դրույթներով նախատեսված չէ դատապարտյալի ներկայանալու ժամանակացույց սահմանող ձևաթղթի կազմման և այն շրջանառության մեջ դնելու կարգ, հետևաբար համապատասխան փաստաթուղթը չի կարող հանդիսանալ նշված հանցագործությունների առարկա համարվող պաշտոնական փաստաթուղթ (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ստանձնել է պատիժը պայմանականորեն չկիրառելու կապակցությամբ փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն (մինչ կատարված համապատասխան օրենսդրական փոփոխությունները): Իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված պահանջների, մասնավորապես` դատապարտյալի կողմից բաժանմունք ամիսն առնվազն մեկ անգամ ներկայանալու պարտականությունը սահմանող նորմի կատարումն ապահովելու նպատակով հիշյալ բաժնի կողմից կազմվել և շրջանառության մեջ էր դրվել միասնական ձևանմուշի փաստաթուղթ, որտեղ, ի թիվս այլնի, նշվել են դատապարտյալի ներկայանալու օրերը, իսկ դրանց դիմաց` վերջինիս ստորագրությունը: Այլ կերպ` վերահսկողության համար ընտրված սույն ձևը բխել է այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքների կողմից դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և դատապարտյալի հիշյալ պարտականությունը սահմանող նորմի կատարումն ապահովելու պահանջներից, ուստիև ստորադաս դատարանների վերոգրյալ հետևությունները չեն կարող հիմնավոր համարվել: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում այն դատողությանը, որ փաստաթուղթը պաշտոնական դիտարկվելու համար պարտադիր է, որ այն անմիջականորեն հաստատված լինի նորմատիվ իրավական ակտով. որոշակի փաստաթղթի կազմման հնարավորությունը կարող է առանձին դեպքերում բխել նաև համապատասխան մարմնի ընդհանուր բնույթի լիազորություններից:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն եզրակացնում է, որ «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածների իմաստով պաշտոնական փաստաթուղթ չդիտելու առնչությամբ ստորադաս դատարանների ձևավորած դատողությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

20. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի շրջանակներում արձանագրել է. «(...) Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու շարժառիթ չեն կարող համարվել անձին խղճալու և կարեկցելու դրդումները: Քրեական օրենքով որպես պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու շարժառիթներ են համարվում շահադիտական նպատակը կամ անձնական այլ դրդումները` ոչ գույքային բնույթի օգուտ ստանալը, կարիերիզմը, հովանավորչությունը, վրեժը, նախանձը, իրականությունը գունազարդելու ցանկությունը և այլն: Ինչպես տեսնում ենք, հանցանքի շարժառիթ հանդիսացող անձնական այլ դրդումները անձին բացասականորեն բնութագրող հանգամանքներ են, և այդ շարքում խղճալն ու կարեկցելը, որպես մարդկային դրական հատկանիշներ, դժվար է պատկերացնել» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանի նշյալ դատողության առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ որոշակի հանգամանքի` որպես քննարկվող հանցակազմի շարժառիթ հանդիսացող անձնական այլ դրդումների դրսևորման ձև լինելու կամ չլինելու հարցը լուծելիս պետք է իբրև չափանիշ ընդունել ոչ թե դրա` իր բնույթով դրական կամ բացասական համարվելը, այլ այն, թե անձը դրա միջոցով արդյոք ստացել է ոչ նյութական օգուտ: Այլ կերպ` ոչ նյութական օգուտ ստանալու հանգամանքն է այն ուղենիշը, որը թույլ կտա որոշելու քննարկվող հանցակազմի համապատասխան շարժառիթի առկայությունը կամ բացակայությունը:

i

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանի գործողություններն իրենց նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), և դրա կապակցությամբ բողոքաբերի` սույն որոշման 9.2.-րդ կետում բարձրացրած փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իր վերոգրյալ հետևությունը պատճառաբանելու համար որևէ փաստարկ չներկայացնելով, Վճռաբեկ դատարանին զրկել է այդ հարցի առնչությամբ համարժեք իրավական գնահատական տալու հնարավորությունից (տե՛ս, mutatis mutandis, Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 19-րդ կետը):

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ գործում եղած ապացույցներով հաստատված չէ այն հանգամանքը, որ պաշտոնատար անձ հանդիսացող Ս.Պապիկյանն անձամբ կազմել և հանձնել է կեղծ փաստաթուղթ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի և ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքներից անմիջականորեն բխում է, որ Ս.Պապիկյանը «այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույց»-ը հանձնել, մասնավորապես` կցել է Ա.Սարգսյանի անձնական գործին: Այլ կերպ` կեղծ փաստաթուղթ հանձնելու փաստը հաստատված չլինելու առնչությամբ Վերաքննիչ դատարանի ձևավորած դիրքորոշումն անհիմն է: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով, որ պաշտոնեական կեղծիքի հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության հավաստման համար բավարար է հանցակազմի դիսպոզիցիայում նշված արարքներից որևէ մեկի կատարումը` Վճռաբեկ դատարանն այլևս հարկ չի համարում վերլուծության ենթարկել ստորադաս դատարանի նաև այն հետևությունը, որ Ս.Պապիկյանի կողմից կեղծ փաստաթուղթ անձամբ կազմելու հանգամանքը չի հաստատվում գործում եղած ապացույցներով:

21. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առարկայի` պաշտոնական փաստաթղթի հասկացությունը, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է հանգի համապատասխան հետևության:

22. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Սամվել Սիրեկանի Պապիկյանի և Արարատ Թորգոմի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրվի չհեռանալու մասին ստորագրությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Սամվել Սիրեկանի Պապիկյանի և Արարատ Թորգոմի Սարգսյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 13-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալներ Սամվել Սիրեկանի Պապիկյանի և Արարատ Թորգոմի Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս.Ավետիսյան
Դատավորներ` Ե.Դանիելյան
Հ.Ասատրյան
Լ.Թադևոսյան
Ա.Պողոսյան
Ս.Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.06.2017
N ԱՐԴ/0116/01/15
Որոշում