Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԼՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԼՅԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԼՅԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ (ԻԿՐԱՆԵՏ) ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻԿՐԱՆԵՏ-Ի ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը (ԻԿՐԱՆԵՏ), այսուհետ` Կողմեր,

ցանկանալով զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և ԻԿՐԱՆԵՏ-ի միջև համագործակցությունը` ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության խթանման նպատակով,

նպատակ ունենալով ընդգրկելու Հայաստանի Հանրապետության գիտնականներին և մասնագետներին ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից կազմակերպվող և իրականացվող միջոցառումներում և հետբուհական ու հետդոկտորանտական մակարդակներով վերապատրաստման ծրագրերում, ինչպես նաև աջակցելու փոխանակման ծրագրերի համատեղ իրականացմանը,

հիմք ընդունելով 2003 թվականի հունիսի 12-ին ստորագրված «Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հիմնադրման մասին» համաձայնագիրը,

սույնով համաձայնեցին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնի հիմնադրման մասին` ստորև նշված գործունեության կարգով և պայմաններով.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

ա) Կառավարություն նշանակում է` Հայաստանի Հանրապետության կառավարություն,

բ) Կենտրոն նշանակում է` Հայաստանի Հանրապետությունում Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) կենտրոն, որը հիմնադրված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում և տեղակայված է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հիմնական մասնաշենքում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող. 24Ա, ք. Երևան, 0019, Հայաստանի Հանրապետություն),

գ) ԻԿՐԱՆԵՏ նշանակում է` Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանց,

i

դ) Հիմնադիր համաձայնագիր նշանակում է` «Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հիմնադրման մասին» համաձայնագիր,

ե) Կանոնադրություն նշանակում է` Հիմնադիր համաձայնագրին կից ԻԿՐԱՆԵՏ-ի կանոնադրություն,

զ) Սեփականություն նշանակում է` անշարժ գույք, կահույք, տրանսպորտային միջոցներ, իրավունքներ, ցանկացած արժույթով ակտիվներ, վարկեր, եկամուտներ, այլ ակտիվներ և այն ամենը, ինչը կարող է կազմել Կենտրոնի սեփականությունը,

է) Փաստաթղթեր նշանակում է` ցանկացած տեսակի նամակագրություն, ձեռագրեր, տեսաձայնային նյութեր, ինչպես նաև Կենտրոնին պատկանող կամ նրա տնօրինության տակ գտնվող ցանկացած այլ փաստաթուղթ,

ը) Աշխատակազմ նշանակում է` Կենտրոնի աշխատակիցներ, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն և չունեն Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության կարգավիճակ,

թ) Տեղական աշխատակազմ նշանակում է` Կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքի ընդունված աշխատողներ վարչական պարտականությունների կամ ծառայությունների կատարման նպատակով:

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում, Հիմնադիր համաձայնագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հիմնադրվում է Կենտրոն` որպես հետազոտական հաստատություն: Կանոնադրության 2-րդ հոդվածի դրույթների համաձայն` Կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում կիրականացնի ԻԿՐԱՆԵՏ-ի առաքելությունը` աջակցելով և լրացնելով ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության ոլորտներում ազգային գործունեությանը:

2. Իր գործունեության շրջանակներում Կենտրոնը պատասխանատու է Կառավարության և ԻԿՐԱՆԵՏ-ի միջև համագործակցությունը զարգացնելու, համակարգելու և դրան աջակցելու համար, ինչպես նաև ակադեմիական համայնքի և քաղաքացիական հասարակության մեջ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի զարգացմանը նպաստելու համար: ԻԿՐԱՆԵՏ-ը կարող է օժանդակել երկրում հայկական հետազոտական հաստատությունների և համալսարանների մասնակցությամբ իրականացվող ուսումնասիրությունների և հետազոտական ծրագրերի զարգացմանը` տրամադրելով բարձրորակ ծառայություններ և մոբիլիզացնելով ծրագրերի ֆինանսավորման համար անհրաժեշտ ռեսուրսները, ինչպես նաև կարող է իրականացնել Հիմնադիր համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված այլ գործունեություն:

 

Հոդված 3

 

1. Կանոնադրության 1-ին հոդվածին համապատասխան` Կենտրոնը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ և իրավունք ունենա կնքելու պայմանագրեր, ձեռք բերելու և տնօրինելու անշարժ և շարժական գույք, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող, բացելու և տնօրինելու բանկային հաշիվներ տեղական և օտարերկրյա բանկերում` ազգային արժույթով և արտարժույթով:

2. Գիտական գործունեության առումով Կենտրոնը պետք է լինի ԻԿՐԱՆԵՏ-ի լիազորությունների և պատասխանատվության ներքո: Աշխատանքային, սանիտարական և այլ պահանջների մասով կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխող նորմերը:

3. Կենտրոնի տարածքները չեն կարող օգտագործվել ԻԿՐԱՆԵՏ-ի գործառույթների հետ անհամատեղելի նպատակներով:

 

Հոդված 4

 

1. Կենտրոնի բյուջեն ձևավորվում է Կողմերի ներդրումներից:

2. Կենտրոնի համար Կառավարության ներդրումները կատարվում են տարեկան կտրվածքով` Հայաստանի Հանրապետության` տվյալ տարվա պետական բյուջեով գիտական և տեխնոլոգիական գործունեության համար նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում:

3. ԻԿՐԱՆԵՏ-ը ներդրումներ է կատարում Կենտրոնի բյուջեում` Կենտրոնի հետազոտողների համար տարեկան տեղաշարժի ծրագրեր իրականացնելով, ԻԿՐԱՆԵՏ-ի այլ կենտրոններ նրանց այցելությունների և լավագույն փորձի փոխանակման նպատակով և համակարգչային սարքավորումներ տրամադրելով` Կենտրոնում գիտական տվյալների բազա ստեղծելու և երկրի վրա տեղակայված աստղադիտարաններից և տիեզերական կայաններից ստացվող տվյալներ փոխանցելու նպատակով:

4. Կենտրոնի տարածքների և սարքավորումների ապահովագրությունը կապահովի հայկական Կողմը: ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից Կենտրոնի համար ձեռք բերված սարքավորումների ապահովագրությունը կապահովի ԻԿՐԱՆԵՏ-ը:

5. Կենտրոնը իր բյուջեի միջոցներով կհոգա իր ծախսերի մի մասը, ներառյալ այցելությունների կազմակերպման, հաղորդակցության ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրերի հետ կապված ծախսերը, ինչպես նաև գրասենյակային ծախսերը և սարքավորումների վերանորոգման և տեխնիկական ապահովման հետ կապված ծախսերը: Հայաստանի Հանրապետության բյուջեով գիտական և տեխնոլոգիական գործունեության հատկացված տարեկան միջոցներից Կառավարությունը կապահովի նաև կոմունալ ծառայությունների և տարածքների անվտանգության ծախսերը` տվյալ շինության պահպանման ռեժիմին համապատասխան:

6. Կենտրոնի տարածքներում կարող են կատարվել անհրաժեշտ ներքին հարդարման աշխատանքներ` պայմանով, որ շենքի կառուցվածքային տարրերը չեն ենթարկվի փոփոխության:

 

Հոդված 5

 

1. Կենտրոնի գործունեության համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կստեղծի Կառավարման խորհուրդ: ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրենը ի պաշտոնե Կենտրոնի Կառավարման խորհրդի նախագահն է: Մյուս անդամների թվում են` մեկ անդամ ԻԿՐԱՆԵՏ-ի Կառավարման խորհրդից, մեկ անդամ ԻԿՐԱՆԵՏ-ի գիտական կոմիտեից, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

2. Կենտրոնի Կառավարման խորհուրդը հավանություն կտա.

- կարճաժամկետ և երկարաժամկետ գիտական զարգացման ծրագրերին ու դրանց հաշվետվություններին,

- Կենտրոնի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններին,

- գիտական անձնակազմի վերապատրաստման և կրկնակի վերապատրաստման ծրագրերին,

- խոշոր գիտական ծրագրերում Կենտրոնի մասնակցությամբ պայմանավորված արդյունքների վերաբերյալ հաշվետվություններին,

- նախագծերին և համագործակցության այլ ձևերին,

- գիտական միջոցառումների կազմակերպման և մասնակցության տարեկան ծրագրին, ներառյալ` համաժողովներին, աշխատանքային խորհրդակցություններին, երիտասարդ գիտնականների դպրոցներին մասնակցության մասով,

- Կենտրոնի կառուցվածքին,

- Կենտրոնի կանոնադրությանը, ինչպես նաև դրա փոփոխություններին:

Կառավարողների խորհուրդը վերահսկողություն կիրականացնի իր որոշումների կատարման ընթացքի նկատմամբ և կիրականացնի Կանոնադրության 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված գործունեությանը վերաբերող այլ լիազորություններ:

 

Հոդված 6

 

1. Կենտրոնը կունենա Կառավարման խորհրդի կողմից նշանակված տնօրեն, ով իր պարտականությունների շրջանակներում`

- գործում է որպես Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի հավատարմագրված ներկայացուցիչ,

- խրախուսում է Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի ծառայությունները,

- մշակում է համագործակցության ռազմավարական շրջանակը, տարեկան աշխատանքային ծրագիրը, Կառավարության և ԻԿՐԱՆԵՏ-ի, ակադեմիական համայնքի, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների միջև ակտիվ գործընկերության ծրագրերը,

- ղեկավարում և համակարգում է բոլոր նախագծերն ու զարգացման ծրագրերը և մոբիլիզացնում է համապատասխան ֆինանսական միջոցները,

- աջակցում է ԻԿՐԱՆԵՏ-ի նախագծերի և ծրագրերի իրականացմանը, վերահսկում է դրանց իրականացումը և նպաստում է Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից իրականացվող մյուս բոլոր գործունեությունների կառավարմանը,

- պատասխանատու է Կենտրոնի տարածքների և սարքավորումների ընդհանուր վերահսկողության համար:

2. Կենտրոնի Տեղական աշխատակազմն աշխատանքի է ընդունվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային և սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 7

 

Կենտրոնը, նրա շինությունները և փաստաթղթերը անձեռնմխելի են: Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի սեփականություն հանդիսացող գույքը ենթակա չէ առգրավման, բռնագրավման, կալանքի` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հանրային նպատակներով օգտագործման դեպքերի:

 

Հոդված 8

 

1. Կառավարությունը ֆինանսավորում է մաքսատուրքերը Կենտրոնի համար նախատեսված սարքերի, սարքավորումների, համակարգիչների ներկրման դեպքում և համաֆինանսավորում է Կենտրոնի գիտական և գիտատեխնիկական գործունեությունից բխող հոդվածների և հրապարակումների ներկրման դեպքում: Ներկրված ապրանքները չեն կարող վաճառվել Հայաստանի Հանրապետությունում` առանց Կառավարության թույլտվության:

2. Կենտրոնն ազատվում է երկու փոխադրամիջոցի և դրանց պահեստամասերի ներկրման նկատմամբ կիրառվելիք մաքսատուրքերից և ցանկացած այլ վճարումից: Փոխադրամիջոցները կհաշվառվեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշներով: Փոխադրամիջոցների համար անհրաժեշտ վառելիքը և քսանյութերը կարող են գնվել կամ ներկրվել առանց տուրքերի` Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունների համար ամրագրված չափաբաժնով:

 

Հոդված 9

 

Կենտրոնի անձնակազմը և Սեփականությունը Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են իրավազորության և վճռի կատարման նկատմամբ անձեռնմխելիությունից` բացառությամբ.

1) տնօրենի կողմից անձեռնմխելիությունից հրաժարվելու դեպքում,

2) Կենտրոնի աշխատակցի կամ նախկին աշխատակցի կողմից աշխատանքային կամ սոցիալական ապահովության հարցերով վարույթ նախաձեռնվելու դեպքում,

3) Կենտրոնին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցով հասցված վնասների, վնասվածքի կամ մահվան ելքով դժբախտ պատահարի հետևանքով երրորդ կողմի նախաձեռնած քաղաքացիական վարույթի դեպքում,

4) Կենտրոնին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում,

5) Կենտրոնի նախաձեռնած դատական վարույթի հետ ուղղակիորեն կապված հակընդդեմ վարույթի դեպքում:

 

Հոդված 10

 

1. ԻԿՐԱՆԵՏ-ը պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության հետևանքով հասցված բոլոր վնասների համար:

2. ԻԿՐԱՆԵՏ-ը Կառավարությանը զերծ կպահի երրորդ կողմին պատճառած վնասների համար փոխհատուցման ցանկացած պահանջից:

3. ԻԿՐԱՆԵՏ-ը կնախատեսի ապահովագրություն երրորդ կողմերի նկատմամբ ցանկացած քաղաքացիական պատասխանատվությունից, որպեսզի ինքն իրեն ապահովագրի իր գործունեության իրականացման ընթացքում պատճառված հնարավոր վնասից:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ցանկացած վեճ կլուծվի Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 12

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Վերջիններս ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրով նախատեսված ընթացակարգերին համապատասխան և կդիտարկվեն որպես դրա մաս:

 

Հոդված 13

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է մյուս Կողմին ծանուցել սույն Համաձայնագիրը չեղյալ համարելու իր մտադրության մասին: Դադարեցումն ուժի մեջ կմտնի մյուս Կողմի գրավոր ծանուցումը ստանալու օրվանից վեց (6) ամիս հետո:

 

Կատարված է Հռոմ քաղաքում 13.02.2015, երկու բնօրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տեքստերի միջև տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. նոյեմբերի 24-ին

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2015
Համաձայնագիր