Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետև` Կողմեր,

ղեկավարվելով` 1992թ. հունիսի 26-ի` «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» Համաձայնագրով, 2000թ. սեպտեմբերի 25-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրով, 2010թ. օգոստոսի 20-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին» Համաձայնագրով,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում են Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության անդամներ և մասնակիցներ են 1968թ. հուլիսի 1-ի` «Միջուկային զենքը չտարածելու մասին» Պայմանագրի, 1963թ. մայիսի 21-ի «Միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին» Վիեննայի Կոնվենցիայի, 1979թ. հոկտեմբերի 26-ի` «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» Կոնվենցիայի, 1986թ. սեպտեմբերի 26-ի` «Միջուկային պատահարների վերաբերյալ վաղ ազդարարման մասին» Կոնվենցիայի և 1994թ. հունիսի 17-ի` «Միջուկային անվտանգության մասին» Կոնվենցիայի,

ընդունելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության արդյունավետության հետագա բարձրացման կարևորությունը,

հաշվի առնելով ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության երկարատև բնույթը և կարևոր նշանակություն տալով դրա հետագա ընդլայնմանն ու խորացմանը,

համոզված լինելով միջազգային ռեժիմի կատարելագործման անհրաժեշտության մեջ, որն ապահովում է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը` հիմնված բոլոր երկրների, Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (այսուհետ` ԱԷՄԳ) և այլ միջազգային կազմակերպությունների փոխհամագործակցության վրա,

ընդունելով, որ միջուկային անվտանգությունը հանդիսանում է իրենց պետությունների էներգետիկ քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը,

նշելով, որ միջուկային անվտանգության ապահովումը հանդիսանում է նախևառաջ շահագործող կազմակերպությունների և ատոմային էներգիայի օգտագործման պետական կառավարման մարմինների պարտավորությունը,

ընդունելով ատոմային էներգիա օգտագործող երկրներում միջուկային և ճառագայթային անվտանգության արդյունավետ կարգավորող համակարգերի առկայության անհրաժեշտությունը,

ելնելով միջուկային անվտանգության մշակույթի բարձր մակարդակի պահպանման կարևորությունից,

հաստատելով ամբողջ աշխարհում միջուկային անվտանգության բարձր մակարդակի պահպանմանը աջակցելու մտադրությունը,

ընդունելով ԱԷՄԳ-ի կենտրոնական դերը միջուկային անվտանգության միջազգային նորմերի մշակման և պետություններին ցուցաբերած դրանց կիրառման աջակցությունը,

ընդգծելով, որ միջուկային անվտանգության բնագավառում տեղեկատվական թափանցիկությունը հանդիսանում է կարևորագույն սկզբունք, որը նպաստում է ատոմային էներգետիկայի նկատմամբ հասարակության կողմից դրական վերաբերմունքի,

համաձայնեցին ներքոնշյալի մասին`

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են տերմիններ և նշանակություններ, որոնք օգտագործվում են ԱԷՄԳ-ի փաստաթղթում «Անվտանգության հարցերով ԱԷՄԳ-ի տերմինաբանական բառարան. միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության բնագավառում օգտագործվող տերմինաբանություն» (STI/PՍB/1290), ինչպես նաև տերմիններ` հետևյալ նշանակությամբ.

«իրավասու մարմիններ»-սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի կողմից նշանակված մարմիններ,

«լիազորված կազմակերպություններ»-կազմակերպություններ, որոնք Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան հանդիսանում են իրավաբանական անձինք և լիազորված են համապատասխան Կողմերի կամ իրավասու մարմինների կողմից իրականացնել համագործակցություն սույն Համաձայնագրին համապատասխան,

«մտավոր սեփականություն» - ունի 1967թ. հուլիսի 14-ի ք. Ստոկհոլմում (Շվեդիա) ստորագրված Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին Կոնվենցիայի 2-րդ հոդվածում տրված նշանակությունը,

«ատոմային էներգետիկայի ենթակառուցվածք»-ունի «Ատոմային էներգետիկայի համար ազգային միջուկային ենթակառուցվածքի զարգացման սահմաններ» ԱԷՄԳ-ի (STI/PՍB/1305) փաստաթղթում տրված նշանակությունը,

«միջուկային անվտանգության ենթակառուցվածք»-ունի «Միջուկային անվտանգության ենթակառուցվածք միջուկաէներգետիկական ազգային ծրագրի համար, հիմնված ԱԷՄԳ-ի անվտանգության հիմնարար սկզբունքների վրա» (Միջուկային անվտանգության միջազգային խմբի հաշվետվություն ԻՆՍԱԳ-22 STI/PՍB/1350) փաստաթղթի 1.1 բաժնի 1 կետում տրված նշանակությունը:

 

Հոդված 2

 

Կողմերն իրականացնում են համագործակցություն հետևյալ նպատակներով`

Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքների կատարելագործում, կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման և ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կառուցման հետ, համաձայն 2010թ. օգոստոսի 20-ի` Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին Համաձայնագրի,

Հայաստանի Հանրապետության ատոմային էներգետիկայի օբյեկտներում միջուկային անվտանգության կայուն և բարձր մակարդակի նվաճում,

Հայաստանի Հանրապետության ատոմային էներգետիկայի օբյեկտներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցների ստեղծում և դրանք պատշաճ վիճակում պահպանում:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը համագործակցում են հետևյալ բնագավառներում`

միջուկային անվտանգության ենթակառուցվածքի կատարելագործում, այդ թվում` աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ժամանակ,

ներքին անվտանգության հատկանիշներով (ինքնապաշտպանված) նորարարական միջուկային էներգետիկ տեղակայանքների մշակում,

Կողմերի պետությունների միջուկային անվտանգության կարգավորման համակարգերի կատարելագործում,

միջուկային անվտանգության բնագավառում Կողմերի պետությունների նորմատիվ իրավական բազայի մշակում և կատարելագործում` ԱԷՄԳ-ի անվտանգության նորմերին համապատասխան,

Հայաստանի Հանրապետության ճգնաժամային կենտրոնների համակարգի մշակում և հետագա զարգացում` օգտագործելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի առկա հնարավորությունները,

միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների համար համաձայնեցված ուսումնական ծրագրերի մշակում,

միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` հաշվի առնելով ԱԷՄԳ-ի առաջարկությունները,

Կողմերի պետությունների միջուկային անվտանգության հարցերով շահագործող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում,

ծրագրերի իրականացում Համաշխարհային ասոցիացիայի շրջանակներում ընդգրկված ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների մասնակցությամբ,

միջուկային էներգետիկ տեղակայանքի հարթակներում ծայրահեղ արտաքին ազդեցությունների վտանգի առաջացման ժամանակ կանխարգելիչ բնույթի տեխնիկական միջոցների և կազմակերպչական միջոցառումների արդյունավետության և բավարարության գնահատում,

միջուկային էներգետիկ տեղակայանքի հարթակներում արտանախագծային և ծանր վթարների կառավարման և դրանց հետևանքների նվազեցման համար նախատեսված տեխնիկական միջոցների և կազմակերպչական միջոցառումների արդյունավետության և բավարարության գնահատում,

ատոմային էլեկտրակայանների և հետազոտական ռեակտորների շահագործման անվտանգության գնահատման իրականացման մոտեցումների մշակում:

 

Հոդված 4

 

1. Սույն Համաձայնագրի իրականացման համար համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով`

միջուկային անվտանգության միջազգային ռեժիմի ամրապնդմանն ուղղված համատեղ գործողություններ,

գիտատեխնիկական, նորմատիվ իրավական և այլ տեղեկատվության փոխանակում,

տեխնիկական և գիտական անձնակազմի պատրաստմանն աջակցության ցուցաբերում,

միջուկային անվտանգության հարցերով աշխատանքային հանդիպումների, գիտական սեմինարների և համաժողովների կազմակերպում,

լիազորված կազմակերպությունների միջև անձնակազմի փոխանակում, այդ թվում` միջուկային անվտանգության հարցերով պատրաստման նպատակով,

միջուկային անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման և կատարելագործման նպատակով համատեղ հետազոտությունների անցկացման ծրագրերի մշակում,

լիազորված կազմակերպությունների կողմից աշխատանքների, մատակարարումների և ծառայությունների, ինչպես նաև գների, վճարման պայմանների, այդ պայմանագրերով (կոնտրակտներով) նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների, պայմանագրերի (կոնտրակտների) կողմերի պարտականությունների ու պատասխանատվությունների և այլ պայմանների կոնկրետ բովանդակությունը որոշող առանձին պայմանագրերի (կոնտրակտների) կնքում,

համագործակցության այլ ձևերը որոշվում են Կողմերի կամ Կողմերի իրավասու մարմինների միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

2. Սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերի, իրավասու մարմինների և լիազորված կազմակերպությունների միջև համագործակցությունն իրականացվում է Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Կողմերը նշանակում են հետևյալ իրավասու մարմիններին.

Ռուսական Կողմից-«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիա և էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության Դաշնային ծառայություն (ատոմային էներգիայի օգտագործման ժամանակ անվտանգության կարգավորման հարցերով),

Հայկական Կողմից-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով):

2. Իրավասու մարմինները համակարգում են լիազորված կազմակերպությունների միջև համագործակցությունը:

3. Լիազորված կազմակերպություններն իրավասու են ներգրավել հայկական կամ ռուսական կազմակերպություններ սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ուղղություններով աշխատանքների իրականացման համար:

4. Իրավասու մարմինների փոփոխության, դրանց անվանափոխման կամ գործառույթների փոփոխման դեպքում Կողմերն անհապաղ գրավոր տեղեկացնում են միմյանց այդպիսի փոփոխության մասին դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Ռուսական Կողմն աջակցում է Հայկական Կողմին.

ԱԷՄԳ-ի առաջարկություններին համապատասխան միջուկային անվտանգության անհրաժեշտ ենթակառուցվածքի կատարելագործում,

միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգի կատարելագործում,

միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների պատրաստման, մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպում,

միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների համար համաձայնեցված ուսումնական ծրագրերի մշակում,

միջուկային անվտանգության ապահովման բնագավառում գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման ծրագրերի մշակում` ԱԷՄԳ-ի համապատասխան առաջարկությունների և ռուսական փորձի օգտագործմամբ:

2. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Հայկական Կողմն իր տարածքում ապահովում է.

միջուկային անվտանգության ապահովման անհրաժեշտ ենթակառուցվածքի կատարելագործումն ԱԷՄԳ-ի առաջարկություններին համապատասխան,

ատոմային էներգիայի օգտագործման դեպքում անվտանգության կարգավորման նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական համակարգերի կատարելագործումը,

ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների Համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոնի աջակցությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի հակավթարային գործողությունների պաշտպանված ղեկավարման կետի և տարածաշրջանային ճգնաժամային կենտրոնի կապուղիների` ստեղծված «Ատոմային էլեկտրակայաններում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության Ռուսական կոնցեռն» բաց բաժնետիրական ընկերության ճգնաժամային կենտրոնի բազայի հիման վրա, կատարելագործումը,

ԱԷՄԳ-ի համապատասխան առաջարկությունների և ռուսական փորձի օգտագործմամբ միջուկային անվտանգության ապահովման բնագավառում գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման ծրագրերի մշակումը:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունը չի շոշափում մտավոր սեփականության իրավունքները` ստեղծված մինչև սույն Համաձայնագրի կնքումը կամ դրա շրջանակներից դուրս և պատկանող Կողմերին, իրավասու մարմիններին և/կամ լիազորված կազմակերպություններին, որոնցից օգտվելն անհրաժեշտ է սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեության համար (այսուհետ` նախորդող մտավոր սեփականություն):

2. Կողմերը, իրավասու մարմինները և/կամ լիազորված կազմակերպությունները, կախված, թե որն է կիրառելի, ժամանակին միմյանց տեղեկացնում են սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցության բոլոր տեսակի արդյունքների մասին, որոնք որպես մտավոր սեփականություն ենթակա են իրավական պաշտպանության, և անհապաղ փոխհամագործակցում են դրանց իրավական պաշտպանությունն իրականացնելու նպատակով:

3. Կողմերը յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին, որոնց մասնակիցներն են հանդիսանում Կողմերի պետությունները, համապատասխան, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Համաձայնագրի շրջանակներում ստեղծված մտավոր սեփականության պաշտպանության ապահովման, կամ նախորդող մտավոր սեփականության, որի օգտագործման իրավունքները տրամադրվում են սույն Համաձայնագրի շրջանակներում և այդ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համար:

4. Ստեղծվող մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների ամրագրման կարգն ու պայմանները, դրանց տնօրինումը, նախորդող մտավոր սեփականության իրավունքների տրամադրման կամ փոխանցման կարգն ու պայմանները սահմանվում են սույն Համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերին (կոնտրակտներին) համապատասխան:

5. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում համատեղ ստեղծված մտավոր սեփականության իրավունքների բաշխման նկատմամբ կիրառվում են հետևյալ հիմնական սկզբունքները:

Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում համատեղ ստեղծված մտավոր սեփականության, ինչպես նաև նախորդող մտավոր սեփականության պատշաճ պաշտպանության սկզբունք,

Կողմերի, Կողմերի իրավասու մարմինների կամ Կողմերի լիազորված կազմակերպությունների համապատասխան ներդրումների պատշաճ հաշվառման սկզբունք` սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի կողմից համատեղ ստեղծված մտավոր սեփականության իրավունքների բաշխման դեպքում,

նախորդող մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների փոխանցման, տրամադրման և նախորդող մտավոր սեփականության օգտագործման սկզբունք, միայն այդպիսի մտավոր սեփականության իրավական պաշտպանության ապահովումից հետո այն պետության տարածքում, որտեղ այն նախատեսվում է օգտագործել:

 

Հոդված 8

 

1. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերը չեն իրականացնում այնպիսի տեղեկատվության փոխանցում, որի փոխանցումն արգելված է յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությամբ, կամ դրա փոխանցումը չի համապատասխանում միջազգային պայմանագրերին, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերի պետությունները:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող կամ դրա իրականացման արդյունքում ստեղծվող և Ռուսական կողմից սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն կամ Հայկական կողմից, որպես ծառայողական գաղտնիք դիտարկվող տեղեկատվությունը հստակ սահմանվում և նշվում է որպես այդպիսին:

Այն փաստաթղթերը, որոնք Ռուսական Կողմի դիտարկմամբ, պարունակում են սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական օգտագործման համար» նշում:

Այն փաստաթղթերը, որոնք Հայկական Կողմը դիտարկում է որպես ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական գաղտնիք» նշում:

Կողմերն առավելագույնս սահմանափակում են այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են օգտվել այդ տեղեկատվությունից, և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակների համար:

Ռուսաստանի Դաշնությունում նման տեղեկատվության հետ վարվում են որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետությունում` որպես ծառայողական գաղտնիք:

Այդպիսի տեղեկատվությունն ապահովվում է պաշտպանությամբ` Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն:

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված կամ դրա իրականացման արդյունքում ստեղծված ամբողջ տեղեկատվությունը չի բացահայտվում և չի փոխանցվում երրորդ կողմին առանց Կողմերի նախնական գրավոր համաձայնության:

3. Տեղեկատվության փոխանակման կարգը որոշվում է Կողմերի կողմից, յուրաքանչյուր առանձին դեպքի համար` Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 9

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում միջուկային նյութերի, սարքավորումների, ոչ միջուկային հատուկ նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանումը և ներմուծումն իրականացվում է համաձայն Կողմերի պարտավորությունների, որոնք բխում են 1968թ. հուլիսի 1-ի` «Միջուկային զենքի չտարածելու մասին» Պայմանագրից, ինչպես նաև արտահանման հսկման բազմակողմ մեխանիզմների շրջանակներում այլ միջազգային պայմանագրերից և պայմանավորվածություններից, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերի պետությունները:

2. Սույն Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ստացած միջուկային նյութերը, սարքավորումները, ոչ միջուկային հատուկ նյութերը և համապատասխան տեխնոլոգիաները, ինչպես նաև նրանց հիմքի վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային կամ ոչ միջուկային հատուկ նյութեր և սարքավորումները,

չեն օգտագործվի միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ սարքավորումների արտադրության կամ որևէ այլ ռազմական նպատակի հասնելու համար,

կգտնվեն ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո` համաձայն Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի միջև 1993թ. սեպտեմբերի 30-ի` «Միջուկային զենքը չտարածելու մասին» Պայմանագրի երաշխիքների կիրառման մասին Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա իրավասության տակ փաստացի գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում,

ապահովված կլինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այնպիսի ֆիզիկական պաշտպանության միջոցներով, որոնց մակարդակը չի լինի ցածր, քան ԱԷՄԳ-ի «Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության երաշխիքներ» (INFCIRC /225 /Rev.5) փաստաթղթով երաշխավորած մակարդակը,

կվերաարտահանվեն կամ Հայաստանի Հանրապետության իրավասությունից կփոխանցվեն ցանկացած այլ երկիր միայն սույն հոդվածում սահմանված պայմաններով, և ԱԷՄԳ-ի երաշխավորման առարկա կհանդիսանան այնքանով, որքանով դա իրագործելի կլինի երաշխիքների մասին գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում:

3. Սույն Համաձայնագրի համաձայն Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության ստացած երկակի նշանակության սարքավորումները և նյութերը և համապատասխան տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են միջուկային նպատակներով և դրանց ցանկացած վերարտադրված կրկնօրինակները.

կօգտագործվեն միայն հայտարարված նպատակներով, որոնք կապված չեն միջուկային պայթուցիկ սարքավորումների ստեղծման գործունեության հետ,

չեն օգտագործվի միջուկային վառելիքային ցիկլի բնագավառում այն գործունեությունների իրականացման համար, որոնք չեն գտնվում ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո,

չեն կրկնօրինակվի, չեն վերափոխվի, չեն վերաարտահանվի կամ չեն փոխանցվի երրորդ կողմին առանց Ռուսական Կողմի օրենսդրությանը համապատասխան ձևակերպված գրավոր համաձայնության:

4. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը համագործակցում են միջուկային նյութերի, սարքավորումների, ոչ միջուկային հատուկ նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանման հսկման հարցերում:

 

Հոդված 10

 

Միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվությունը, որը կարող է առաջանալ սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրականացման հետևանքով, Կողմերի կողմից կարգավորվում է համաձայն 1963թ. մայիսի 21-ի` «Միջուկային վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին» Վիեննայի Կոնվենցիայի:

 

Հոդված 11

 

1. Կողմերի միջև Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և/կամ մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Վեճերի կարգավորումը` Կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով չկարգավորման դեպքում, կարգավորվում են Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

2. Անհրաժեշտության դեպքում Կողմերի իրավասու մարմինները, նրանցից մեկի առաջարկությամբ, հանդիպումներ են անցկացնում սույն Համաձայնագրի կատարումն ապահովող առաջարկությունների քննարկման համար:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված տեղեկատվության փոխանակման նպատակով որպես պաշտոնական լեզու կիրառվում է ռուսերենը:

 

Հոդված 13

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրն անժամկետ է:

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Սույն Համաձայնագիրն ուժը կորցրած է համարվում այդպիսի ծանուցումն ստանալուց 6 ամիս հետո:

4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, որոնք առաջացել են սույն Համաձայնագրի կատարման արդյունքում նրա գործողության դադարեցումից առաջ, եթե Կողմերը այլ բան չեն պայմանավորվել:

5. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի պարտավորությունները նախատեսված սույն Համաձայնագրի 7-10 հոդվածներում ուժի մեջ են մնում:

6. Կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում, սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են գրավոր, առանձին արձանագրությունների տեսքով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

Կատարվել է ք. Երևանում 2013թ. դեկտեմբերի 2-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. նոյեմբերի 26-ին

 

pin
ՌԴ կառավարություն
02.12.2013
Համաձայնագիր