ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
16 նոյեմբերի 2017 թվականի N 48
11. ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ ըստ գետավազանների Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի որոշման մեթոդին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. նոյեմբերի 16-ի նիստի
N 48 արձանագրային որոշման
ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԸ
1. Յուրաքանչյուր գետավազանի ջրային հաշվեկշիռը ցույց է տալիս գետավազան ջրի մուտքի և ելքի հարաբերակցությունը և դրանցով պայմանավորված ջրի պաշարի փոփոխությունը:
2. Գետավազանի ջրային հաշվեկշռի մուտքի հիմնական տարրերն են մթնոլորտային տեղումները, այլ ավազանից ներհոսքը և ստորերկրյա հոսքը, իսկ ելքի տարրերը` գոլորշիացումը և արտահոսքն ավազանից:
3. Ջրային հաշվեկշռի բոլոր տարրերը որոշվում են չափման կամ գնահատման որոշակի անճշտություններով, հետևաբար ջրային հաշվեկշռի հավասարումը պետք է ներառի նաև անկապքի գործակից (բ):
4. Յուրաքանչյուր գետավազանի համար յուրաքանչյուր ժամանակահատվածում ջրային հաշվեկշռի հավասարումը ունի հետևյալ տեսքը`
P+Qսհ-E-Qմա-Qսա-/\S-բ=0
որտեղ.
P - ջրհավաք ավազանում տեղացող մթնոլորտային տեղումներն են,
Qսհ - գետավազանում ստորերկրյա ջրերի հոսքն է,
E - գոլորշիացումն է ավազանի մակերևույթից,
Qմա և Qսա - գետավազանից մակերևութային և ստորերկրյա ջրերի արտահոսքն է,
/\S - ջրի ծավալի փոփոխությունն է (որը կախված մուտքի և ելքի բաղադրիչների հարաբերակցությունից կարող է լինել դրական և բացասական),
բ - անկապքի գործակիցն է:
5. Ջրային հաշվեկշռի հաշվարկման համար պետք է 30 և ավելի տարիների տեղումների դիտարկման տվյալների շարքեր, իսկ եթե տվյալ գետավազանում տվյալները բավարար չեն կամ բացակայում են, անհրաժեշտ է դրանք վերականգնել կամ երկարացնել կոռելյացիայի մեթոդով` օգտագործելով համարժեք օդերևութաբանական կայանների դիտարկման տվյալները:
6. Գետային հոսքը հաշվարկվում է բազմամյա մշտադիտարկումների տվյալների հիման վրա, ինչպես նաև հաշվի է առնվում գետավազանի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություններն, որն ազդում է հոսքի ձևավորման վրա:
7. Գոլորշիացումը մակերևութային ջրային ռեսուրսներից հաշվարկվում է ըստ գոլորշաչափի տվյալների, իսկ դրանց բացակայության դեպքում օգտագործվում են ջրային և ջերմային հաշվեկշռի, աերոդինամիկ կամ էմպիրիկ մեթոդները:
8. Ջրային հաշվեկշռի տարրերի հաշվարկման միավորն է մմ կամ մ3: