Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐ ...

 

 

020.1398.230118

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԴՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 23 հունվարի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրը կնքվել է ի կատարումն 2002թ. ապրիլի 2-ի` ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կնքված բարեկամության և համագործակցության մասին պայմանագրով ստանձնված պարտավորությունների: Այն ուղղված է նպաստելու Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև կրթության և գիտության բնագավառում բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը` Հայաստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում տրվող կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման միջոցով:

Համաձայնագիրը տարածվում է կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի վրա, որոնք տրվում են Կողմերի պետությունների տարածքներում, ինչպես նաև` պետական նմուշի այն փաստաթղթերի վրա, որոնք տրվում են Կողմերից յուրաքանչյուրի` այլ պետությունների տարածքներում տեղակայված կրթական հաստատությունների կողմից:

2. Կողմերը գիտության և կրթության ոլորտում ակտիվ համագործակցելու նպատակով ստանձնում են մի շարք պարտավորություններ: Մասնավորապես.

- փոխադարձաբար, որպես համադրելի ճանաչել` հիմնական կրթության վկայականը, որը տրվում է Հայաստանի Հանրապետությունում, և ընդհանուր կրթության մասին վկայականը, որը տրվում է Տաջիկստանի Հանրապետությունում,

- միջնակարգ կրթության մասին վկայականը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության վկայագիրը (միջնակարգ կրթություն ստանալու հետ մեկտեղ) և դրա ներդիրը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում, և միջնակարգ ընդհանուր կրթության վկայականը և նախնական մասնագիտական կրթության (միջնակարգ ընդհանուր կրթություն ստանալու հետ մեկտեղ) վկայագիրը, որոնք տրվում են Տաջիկստանի Հանրապետությունում, երկու պետություններում ճանաչվում են որպես փաստաթղթեր, որոնք իրավունք են տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը և ընդունող ուսումնական հաստատության կողմից սահմանվող պայմաններին համապատասխան,

- նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության վկայագիրը և ներդիրը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում, և մասնագիտության մասին վկայականը և նախնական մասնագիտական կրթության վկայագիրը, որոնք տրվում են Տաջիկստանի Հանրապետությունում, համադրելի են ճանաչվում երկու պետություններում աշխատանքի ընդունվելիս` այդ փաստաթղթերում նշված մասնագիտությանը (արհեստին) և որակավորմանը համապատասխան,

- միջին մասնագիտական կրթության վկայագրերը և ներդիրները, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում, համադրելի են ճանաչվում երկու պետություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ և աշխատանքի ընդունվելիս,

- ստացած կրթության ծավալը և բովանդակությունն արտացոլող ակադեմիական տեղեկանքը, որը տրվում է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից այն անձանց, ովքեր կրթություն ստանալու նպատակով ընդունվել են միջին մասնագիտական կրթության մասնագիտակրթական ծրագրերով, սակայն տարբեր պատճառներով չեն ավարտել ուսումնական ամբողջական ծրագիրը, իրավունք է տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որոնք ունեն պետական հավատարմագրման վկայական,

- բակալավրիատի վկայագրերը, որոնք տրվում են պետական հավատարմագրման վկայական ունեցող` Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, համադրելի են աշխատանքի ընդունվելիս և իրավունք են տալիս շարունակելու բարձրագույն կրթությունը մասնագետի պատրաստման ծրագրերով և մագիստրոսի պատրաստման ծրագրերով` Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը և ընդունող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանվող պայմաններին համապատասխան:

3. Հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն կրթության հաստատությունների կողմից տրվող բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի (բակալավրի վկայագիր) համադրելիության սահմանումը կատարվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում` համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կանոնների համաձայն:

Կողմերն ստանձնել են նաև մի շարք այլ պարտավորություններ, որոնց նպատակն է լիարժեք և ամբողջական կարգավորել սույն միջազգային համաձայնագրի առարկան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 հունվարի 2018 թվականի

ՍԴՈ-1398

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.01.2018
N ՍԴՈ-1398
Որոշում