Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 հունվարի 2018 թվականի N 3

 

16. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մշակել և մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. հունվարի 25-ի նիստի

N 3 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

 

II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

2. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգն այն գործողությունների ամբողջությունն է, որի նպատակն է շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը, գնահատումը, տրամադրումն ու պահպանումը: Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգն անհրաժեշտ է պետությանը և հասարակությանը` շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, երկրի էկոլոգիական անվտանգության և կայուն զարգացման, բնության մեջ ընթացող երևույթների ու պրոցեսների և դրանց հետևանքների վերաբերյալ լիարժեք պատկերացում ունենալու, շրջակա միջավայրի, ներառյալ` դրա բաղադրիչների վիճակի և դրանց վրա բնածին ու մարդածին փոփոխությունների վնասակար հետևանքների գնահատման համար:

3. Հայեցակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրի «4.4. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի 2-րդ կետի 6-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով:

4. Հայեցակարգը բաղկացած է տասը բաժնից: Հայեցակարգում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի ներկա վիճակը, հայեցակարգի նպատակը և խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականության մշակման հիմնավորվածությունը ու անհրաժեշտությունը, առաջարկվող լուծումները, ակնկալվող արդյունքները, մոտավոր ֆինանսական գնահատականը և ամփոփ եզրակացությունը:

 

III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

5. Տնտեսության տարբեր ոլորտների կայուն զարգացումը ենթադրում և կարևորում է ազգային էկոլոգիական քաղաքականության ներդաշնակ ուղղորդչի դերը, որի ապահովման կարևորագույն նախապայմանը շրջակա միջավայրի պետական մոնիթորինգն է: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավումը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համաշխարհային գործընթացներին նույնպես պահանջում է ուշադրության կենտրոնում պահել շրջակա միջավայրի մոնիթորինգի գործընթացն` ապահովելով ազգային և միջազգային շրջանակներում գործադրվող ջանքերի ներդաշնակեցումն ու համակարգումը:

6. Սույն հայեցակարգի շրջանակներում շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգը բնորոշվում է որպես հանրապետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների սահմանում անընդհատ կամ պարբերական ռեժիմով, սահմանված կարգով նմուշառումների, դիտարկումների և փորձարկումների միջոցով շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների վիճակի, բնական երևույթների, նաև մարդածին ազդեցության հետևանքով միջավայրի փոփոխությունների և նույն այդ միջավայրի և մարդու համար նշված փոփոխությունների հետևանքների ու դրանց կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվության ստեղծման, գնահատման, տրամադրման և պահպանման մշտապես իրականացվող գործընթաց:

7. Էկոհամակարգային մոտեցմամբ շրջակա միջավայրի մոնիթորինգն իրականացվում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների որակական և քանակական հատկությունների և դրա վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման համար` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների հետևյալ բաղադրիչների նկատմամբ`

1) մթնոլորտային օդի որակի, մթնոլորտում առկա ֆիզիկական գործոնների և տեղի ունեցող բնական երևույթների, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտը քայքայող նյութերի և մարդածին այլ գործոնների ու երևույթների նկատմամբ.

2) մակերևութային ու ստորերկրյա ջրային էկոհամակարգերի, ջրային ռեսուրսների որակական ու քանակական հատկությունների, բաղադրության, քիմիական ու ռադիոակտիվ նյութերով և թափոններով աղտոտվածության, ինչպես նաև ջրային ռեսուրսների վիճակը վատթարացնող այլ ազդեցությունների ու երևույթների նկատմամբ.

3) հողերի որակի, որակական փոփոխությունների, հողերի դեգրադացիայի և հողերի վրա այլ բացասական ազդեցությունների ու երևույթների նկատմամբ.

4) հանրապետության տարածքի ճառագայթային վիճակի նկատմամբ.

5) թափոնների գործածության արդյունքում առաջացած բացասական ազդեցությունների նկատմամբ.

6) բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառների, տեսակների ու դրանց պոպուլյացիաների, համակեցությունների բազմազանության, ինչպես նաև դրանց տարածվածության, բնակության վայրերի կամ աճելավայրերի և տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի նկատմամբ:

7) Էկզոգեն և էնդոգեն պրոցեսների նկատմամբ:

8. Մոնիթորինգն իրականացվում է նաև այն բնածին և տեխնածին աղետների դեպքում, որոնք առաջացնում կամ կարող են առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում կամ բնական ռեսուրսների վիճակի վատթարացում (հատուկ մոնիտորինգ):

9. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգը վերջին անգամ մշակվել է 2006 թվականին իսկ հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիրը մշակվել է 2007-2011 թվականների համար:

10. Սույն հայեցակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով որ, չնայած շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների մոնիթորինգի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումներին, շրջակա միջավայրի մոնիթորինգի առանձին բաղադրիչների մասով հավասարաչափ զարգացում տեղի չի ունեցել: Շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգի գործող օրենսդրական հենքի կատարելագործման խնդիրն արդիական է, քանի որ այն չի ապահովում էկոհամակարգային մոտեցման մոդելի կիրառմամբ միասնական մոնիթորինգի իրականացման ու տեղեկատվական համակարգերի կառավարման և բնության բոլոր բաղադրիչների միմյանց հետ շաղկապված վիճակի գնահատման գործընթացների կարգավորումը: Բացի այդ, ժամանակակից բնապահպանական մարտահրավերները պահանջում են միջազգային, տարածաշրջանային և ազգային հնարավորությունների համախմբում, գործողությունների և գերակայությունների սահմանում:

11. Հիմք ընդունելով շրջակա միջավայրի մոնիթորինգի բնագավառում առաջադեմ պետությունների փորձը` հայեցակարգը մշակվել է այնպես, որ հնարավորինս արդյունավետ օգտագործվեն պետական բյուջեից և այլ աղբյուրներից տրամադրվող ֆինանսական միջոցները և գործող կառույցների կարողությունները: Հաշվի են առնվել շրջակա միջավայրի մոնիթորինգի անհրաժեշտ հետազոտությունների ու միջոցառումների իրականացման ասպարեզներում զարգացումները և միտումները:

 

IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

12. Գիտականորեն հիմնավորված մոնիթորինգային աշխատանքները սկսել են իրականացվել դեռևս 19-րդ դարից, նախ` օդերևութաբանության, ապա և այլ բնագավառներում:

13. Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ

1) Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի որակի պետական մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության գործող «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՇՄՄՏԿ):

2) Մթնոլորտային օդի որակի դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության 11 բնակավայրի 18 դիտարկման կայանում (Երևանում` 7, Գյումրի, Արարատ, Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում` մեկական, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում` երեքական, Ամբերդում` մեկ բարձրալեռնային կայան) և 230 պասիվ նմուշառման դիտակետում (թվարկված բնակավայրերում և Կապան, Քաջարան, Չարենցավան և Մարտունի քաղաքներում): Երևան քաղաքում անընդհատ օրական ռեժիմով դիտարկվում են ազոտի օքսիդները, ծծմբի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը, օզոնը և կախյալ մասնիկները (ինչպես նաև` կախյալ մասնիկներում ծանր մետաղները), Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում` ազոտի օքսիդները, ծծմբի երկօքսիդը և կախյալ մասնիկները, Գյումրի և Արարատ քաղաքներում` միայն կախյալ մասնիկները: Կապան, Քաջարան, Չարենցավան, Գյումրի, Արարատ և Մարտունի քաղաքներում շաբաթական ռեժիմով դիտարկվում են ազոտի և ծծմբի երկօքսիդները:

3) Ամբերդ բարձրլեռնային կայանը ընդգրկված է «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման Եվրոպայի մոնիթորինգի և գնահատման ծրագիր» ցանցում, որն էլ կառուցվել և վերազինվել է նշված ծրագրի կողմից: Ստացված արդյունքները փոխանցվում են Եվրոպայի մոնիթորինգի և գնահատման կենտրոն` Նորվեգիայի «Օդի հետազոտության ինստիտուտ», որտեղ էլ տվյալները վերլուծվում, մոդելավորվում և հրապարակվում են:

4) Մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի միջոցառումների ծրագիրը կազմվել է 2007 թվականին և դրանից հետո էական փոփոխության չի ենթարկվել, իսկ միջազգային գործընթացներն այդ ուղղությամբ անընդհատ զարգանում են: Ընդհանուր առմամբ, բնագավառի հրատապ խնդիրն է վերանայել օդի մոնիթորինգի ռազմավարությունն, իրականացման նորմատիվամեթոդական, կազմակերպական, գործնական մոտեցումները և դրանք համապատասխանեցնել ժամանակակից միջազգային պահանջներին: Հիմնավոր վերազինման կարիք են զգում դիտակայաններն ու լաբորատորիաները: Բացի այդ, մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական և մարդու առողջության համար ամենավնասակար ցուցանիշ համարվող տարանջատված կախյալ մասնիկների (PM10 և PM2.5) դիտարկումներ ընդհանրապես չեն իրականացվում` անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով: Մթնոլորտի աղտոտվածության գնահատումը չի համապատասխանում միջազգային մոտեցումներին, համաձայն որոնց օդի աղտոտման աստիճանը գնահատվում է հիմնվելով օդի հիմնական աղտոտիչների (NO2, NO, SO2, PM2.5, PM10, CO) միջին ժամային, միջին օրական և միջին տարեկան կոնցենտրացիաների վրա, իսկ մոդելավորում և կանխատեսում չի իրականացվում` անհրաժեշտ տվյալների ոչ լիարժեքության պատճառով:

14. Հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգ

1) Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի, մակերևութային ջրերի, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի, շրջակա միջավայրի, օզոնային շերտի վիճակի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ակտինոմետրիական, ռադիոլոգիական և աերոլոգիական դիտարկումները, տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումն ու օգտագործումը, պաշտոնական կանխատեսումների և նախազգուշացումների կազմումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

2) Ներկայումս ստանդարտ օդերևութաբանական պարամետրերի լրիվ ծրագրով դիտարկումներ իրականացվում են 47 կայանում: Ցանցի 3 կայանից (Երևան, Սևան և Գյումրի) «ԿԼԻՄԱՏ» հեռագրերի միջոցով տվյալները հաղորդվում են Տվյալների համաշխարհային և տարածաշրջանային կենտրոններին:

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ագրոօդերևութաբանական դիտարկումներ կատարվում են 40 կայանում և 2 դիտակետում շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման ինչպես նաև խոտհարքների և արոտավայրերի ագրոօդերևութաբանական պայմանները բնութագրելու համար: 10 կայանում իրականացվում են հողի խոնավության ավտոմատ դիտարկումներ:

4) Օզոնի ընդհանուր պարունակության մոնիթորինգը կատարվում է Ամբերդ բարձր լեռնային և Երևանի Արաբկիր օդերևութաբանական կայաններում: Ամբերդ օդերևութաբանական կայանը 2000 թվականից ընդգրկված է Համաշխարհային օդերևութաբանական կենտրոնի օզոնային շերտի մոնիթորինգի համաշխարհային ցանցում: Այդ կայանում դիտված օզոնի ընդհանուր պարունակության տվյալները բնութագրում են օզոնային շերտի վիճակը ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Տվյալները մշակվում և ուղարկվում են Համաշխարհային օդերևութաբանական կենտրոնի օզոնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն:

5) Գետնամերձ օզոնի դիտարկումներ իրականացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության գործող «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Երևան քաղաքի` 7 և Ամբերդի դիտակայաններում:

6) Հայաստանի Հանրապետության տարածքի համար երկօրյա կտրվածքով կանխատեսվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` համապատասխան ինդեքսների տեսքով, որոնք գնահատվում են ըստ տեղանքի բարձրության և ամպամածության տվյալների: Կատարվում է Արեգակի ակտիվության ու գեոմագնիսական դաշտի վիճակի մասին ՌԴ Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտից ստացվող տեղեկատվության մշակում և արխիվացում:

7) Ակտինոմետրական` արեգակնային ճառագայթման հաշվեկշռի, ուղիղ ճառագայթման, ցրված և անդրադարձված ճառագայթման չափումները իրականացվում են Տաշիր, Գյումրի, Սևան, Մարտունի, Երևան ագրո և Ամբերդ օդերևութաբանական կայաններում օրական վեց անգամ: Հաշվարկային եղանակով ստացվում են տվյալներ գումարային ճառագայթման և երկրի մակերևույթի ալբեդոյի վերաբերյալ: Չափումների արդյունքները լիովին բնութագրում են արեգակնային ճառագայթման ռեժիմը Հայաստանի տարածքում:

8) Աերոլոգիական դիտարկումները կատարվում են Երևանում` Դավթաշենի աերոլոգիական կայանում (ծովի մակերևույթից 1134 մ) օրական 1 անգամ` Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին: Այս կայանը ընդգրկված է Կլիմայի դիտարկումների գլոբալ համակարգի մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության գլոբալ ցանցում աերոլոգիական տվյալները այս կայանից հաղորդվում են համաշխարհային և տարածաշրջանային տվյալների կենտրոններ: Այդ տվյալները օգտագործվում են մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության և հանրապետության տարածքի եղանակի կանխատեսումների, ինչպես նաև օդագնացության սպասարկման համար:

9) Ռադիոլոգիական դիտարկումների միջոցով գնահատվում է Հայաստանի տարածքում մթնոլորտի, հողի և ջրի ռադիոակտիվության աստիճանը, որի համար օգտագործվում են 34 օդերևութաբանական կայանից ստացված հողի և ջրի նմուշները: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում 30 կմ շառավիղով կատարվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության հաճախացված չափումներ:

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի N 1111-Ն որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես հայտարարվեց սակավաջրություն և երաշտ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 14-ի N 517-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների ամսական և սեզոնային մոնիթորինգի շարունակական իրականացումը:

15. Ջերմոցային գազերի արտանետումներ

1) Ջերմոցային գազերի արտանետումների մոնիթորինգը ջերմոցային գազերի արտանետումների ծավալների հսկումն է, որը հիմնված է հաշվարկների վրա:

2) Ջերմոցային գազերի արտանետումների հսկումը (կադաստրը) իրականացվում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (հոդվածներ 4.1 և 12) և 2016 թ. դեկտեմբերի 8-ի նիստի N 49 արձանագրության 8-րդ կետով կետով հավանության արժանացած որոշման համաձայն:

3) Կադաստրի մշակումը բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից`. հաշվարկների հիմքերի սահմանում, տվյալների հավաքագրում, տվյալների մուտքագրում, արտանետումների հաշվարկ և հաշվետվության պատրաստում:

4) Հաշվարկների հիմքերի սահմանումը նշանակում է համապատասխան սեկտորային փորձագետների կողմից մեթոդաբանության ընտրություն, կամ անհրաժեշտության դեպքում վերանայում և փոփոխությունների իրականացում: Հաշվարկային մեթոդաբանությունը ընտրվում է հիմնական աղբյուրների վերջին վերլուծության հիման վրա:

5) Տվյալների հավաքագրումը բաղկացած է հետևյալ քայլերից` պահանջների սահմանում (համապատասխան փորձագետների կողմից իրականացված հաշվարկային մեթոդաբանության և տվյալների աղբյուրների վերանայում և ընտրություն), տվյալների հայցում/հավաքագրում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից պաշտոնական հարցման եղանակով, տվյալների ստացում, տվյալների ստուգումը լրիվության և ճշգրտության տեսանկյունից, որն իրականացվում է կադաստրի մշակման մեջ ընդգրկված համապատասխան փորձագետների կողմից:

6) Հաշվետվության կազմումը ներառում է հետևյալ քայլերը` մշակված սեկտորային հաշվետվությունների հիման վրա կադաստրի հաշվետվության նախագծի կազմում և խմբագրում, հաշվետվության նախագծի քննարկում միջգերատեսչական համակարգման խորհրդի աշխատանքային խմբի (հաստատված ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի 955-Ա որոշմամբ) անդամների և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ, հաշվետվության տեղադրում Կլիմայի փոփոխության տեղեկատվական կայքում` հանրային քննարկման համար, հաշվետվության ներկայացում շահագրգիռ նախարարություններին և կազմակերպություններին, հաշվետվության նախագծի ներկայացում և համաձայնեցում Միջգերատեսչական համակարգման խորհրդի հետ և արխիվացում:

7) Կադաստրը մշակվում է քառամյա կտրվածքով, նորացվում է երկամյա կտրվածքով, ֆինանսավորվում է միջազգային հիմնադրամների կողմից:

8) Ավետաբերների արտանետումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հոդված 36), 22.04.1999թ. «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 259 որոշման համաձայն: Տեղեկատվությունը ներկայացվում է տարեկան կտրվածքով:

16. Մակերևութային ջրային ռեսուրսների որակի և քանակի մոնիթորինգ

1) Հայաստանի Հանրապետությունում մակերևութային ջրերի որակի պետական մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության գործող «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2) Հայաստանի Հանրապետությունում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգն իրականացվում է 50 գետում, 6 ջրամբարում և Սևանա լճում: Նմուշառման դիտակետերի ընդհանուր թիվը 131 է, որտեղից վերցվում է տարեկան 1050 նմուշ: Նմուշառումները իրականացվում են տարեկան 7-12 անգամ հաճախականությամբ: Նմուշառման, տեղափոխման, նախնական մշակման և փորձազննման ընթացակարգերը տեղի են ունենում միջազգային ստանդարտների պահանջների համաձայն: 2003 թվականից սկսած ՇՄՄՏԿ-ի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի լաբորատորիան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպական միության օժանդակությամբ զգալիորեն համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով և մոնիթորինգի համար անհրաժեշտ այլ օժանդակ միջոցներով:

3) Հայաստանի Հանրապետությունում մակերևութային ջրերի որակի պետական մոնիթորինգի ծրագրում ներառված են միայն ֆիզիկաքիմիական ցուցանիշների հետազոտությունները: Հիդրոկենսաբանական ցուցանիշների մոնիթորինգի բացակայությունը թույլ չի տալիս գնահատել ջրային ռեսուրսի էկոլոգիական վիճակը: Մակերևութային ջրերի մոնիթորինգի ռազմավարությունը և իրականացման նորմատիվամեթոդական մոտեցումները պետք է վերանայել և դրանք համապատասխանեցնել Եվրոպական միության ջրային շրջանակային դիրեկտիվի պահանջներին:

4) Հայաստանի Հանրապետությունում մակերևութային ջրերի քանակի պետական մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Մակերևութային ջրերի քանակական մոնիթորինգն իրականացվում է 95 հիդրոլոգիական դիտակետերում` այդ թվում 86 գետային, 4 լճային և 5 ջրամբարային, որոնց աշխատանքները համակարգվում են 7 գետավազանային` Դեբեդի, Աղստևի, Ախուրյանի, Քասախ-Սևջրի, Սևան-Հրազդանի, Արփայի, Որոտանի հիդրոլոգիական կայանների կողմից:

17. Ստորերկրյա ջրային ռեսուրսների որակի և քանակի մոնիթորինգ

1) Ստորերկրյա ջրերի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության գործող «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» (միայն մակարդակի դիտարկումներ երկրաշարժերին բնորոշ քիմիական տարրերի որոշմամբ) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (միայն խմելու նպատակով օգտագործվող խոշոր ջրաղբյուրներում որակի դիտարկումներ) կողմից:

2) Ներկայումս մոնիթորինգը կատարվում է ստորերկրյա 128 ջրաղբյուրում, ինչը անբավարար է Հայաստանի բարդ հիդրոերկրաբանական պայմաններում ձևավորվող ստորերկրյա ջրերի որակական և քանակական փոփոխությունները բնութագրելու համար: Հիդրոերկրաբանական մոնիթորինգն իրականացվում են ստորերկրյա ջրաղբյուրների ծախսի, ջերմաստիճանի, մակարդակի և քիմիական կազմի հետազոտությամբ:

18. Հողերի որակի և քանակի մոնիթորինգ

1) Հայաստանի Հանրապետությունում հողերի որակի պետական մոնիթորինգի իրականացման գործառույթները դրված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության գործող «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վրա, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով հողերի աղտոտվածության մոնիթորինգ չի իրականացվում:

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը իրականացնում է անտառային հողերի վիճակի մոնիթորինգ:

3) Հողերի մոնիթորինգը ներառում է հողերի բաղադրության և կառուցվածքի քանակական և որակական ցուցանիշների նկատմամբ տեղեկատվության ստացումը, հավաքագրումը, մշակումը, գնահատումը և տվյալների բազայի վարումը:

4) Հայաստանի Հանրապետությունում մինչև 1990-ական թվականները կատարվել են միայն հողերի նմուշառում, իսկ նմուշների լաբորատոր հետազոտումը իրականացվել է Վրաստանում:

5) Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվում են հողերի աղտոտվածության ոչ կարգավորված և էպիզոդիկ բնույթ կրող հետազոտություններ: Այդ բնագավառում աշխատանքները կատարվում են տարբեր մակարդակներով, ոչ լրիվ և հաճախ առանց կանոնակարգելու: Արդյունքում բացակայում է ցուցանիշների հավաքագրման, վերլուծման և փոխանակման գործընթացների համակարգումը:

6) 2009 թվականի փետրվարի 19-ի N 276-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է հողերի վիճակի մոնիթորինգի իրականացման, դրա մասին տեղեկատվության ստացման, հավաքագրման և փոխանակման գործընթացները:

7) 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1192-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի հանրապետության տարածքում հետազոտման, բացահայտման և դրանց տարածքում մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը:

19. Կենսաբազմազանության մոնիթորինգ

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործառույթներ ունեն.

ա. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Սևան» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Արփի լիճ» ազգային պարկ», «Արգելոցապարկային համալիր», «Զիկատար» բնապահպանական կենտրոն», «Զանգեզուր կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը,

բ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ները,

գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ը (կրծողների և էկտոպարազիտների մոնիթորինգ),

դ. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության», «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ինստիտուտները.

2) Նշված գերատեսչությունների կողմից կենսաբազմազանությանն առնչվող տվյալները պարբերաբար հավաքագրվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը: Սակայն, կենսաբազմազանության մոնիթորինգը և կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվական համակարգը ոչ լիարժեք է, ցածր է ստացված արդյունքների հավաստիությունը:

3) Հայաստանը վավերացրել է կենսաբազմազանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր և դրանց արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը: 2010 թվականին ընդունվել է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի 10-ամյա Ռազմավարական պլանը և «Հայաստանի կենսաբազմազանության պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության ռազմավարությունը և պետական ծրագիրը»: Հայաստանի կողմից «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը ներառում է կենսաբազմազանության հաշվառման և մոնիթորինգի մեխանիզմների ներդրման համար նախադրյալների ստեղծումը, գիտական հետազոտությունների ընդլայնումը:

4) Կենսաբազմազանության վիճակը և տեղի ունեցած փոփոխությունները բացահայտելու, վերլուծելու և գնահատելու համար հավաստի տվյալների ստացումը պահանջում է շարունակական և ամբողջական մոնիթորինգի առկայություն, ինչը հիմնվում է համապատասխան մասնագետների, մեթոդաբանության, նյութատեխնիկական ռեսուրսների և ֆինանսական միջոցների բավարար մակարդակի վրա:

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 121-Ն որոշմամբ հաստատվել է կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը:

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 120-Ն որոշմամբ հաստատվել է բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը:

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշմամբ հաստատվել է բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը:

8) Կենսաբազմազանության վերաբերյալ առաջնային/նախնական տվյալների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում հանրապետության ողջ տարածքի համընդհանուր մոնիթորինգի իրականացման, որի միջոցով հնարավոր կլիներ կանխորոշել էկոհամակարգի հնարավոր դեգրադացման նախանշանները, բացահայտել ազդող գործոնները և ձեռնարկել բացասական ազդեցության կանխարգելման կամ նվազեցման միջոցառումներ: Չնայած ակադեմիական և բուհական ինստիտուտների գիտական թեմաների շրջանակներում իրականացվել են կենսաբազմազանության որոշ բաղադրիչների կենսաբանական հատկանիշների հետազոտություններ և հաշվառումներ, սակայն դրանք չեն կրել մշտական բնույթ և չեն մեկնաբանվել դրանց փոփոխությունների կանխատեսման տեսանկյունից: Չեն իրականացվել կենսառեսուրսների օգտագործման կամ կենսառեսուրսների վրա այլ գործոնների ազդեցության հետևանքով բուսական և կենդանական աշխարհի վիճակի փոփոխությունների դիտարկումներ. էկոհամակարգերի փոփոխությունների գրանցում և վերլուծում, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի կառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրություններ:

9) Հայաստանի Հանրապետությունում կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրման հիմնական դժվարություններն են` կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգված և միասնական ցանցի բացակայությունը, կենսաբազմազանության վերաբերյալ ընդհանուր տվյալների բանկի բացակայությունը, ընդհանուր իրավիճակի կանխորոշման չափորոշիչների բացակայությունը և այլն:

20. Էկզոգեն պրոցեսների մոնիթորինգ

1) Հայաստանի Հանրապետության տարածքում լայն զարգացում ունեցող արտածին երկրաբանական երևույթներից առանձնահատուկ տեղ են գրավում գրավիտացիոն պրոցեսները (սողանքներ, քարաթափեր, փլուզումներ), որոնց շարքում իրենց զարգացվածությամբ, տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել վտանգավոր են սողանքները:

2) Հայաստանի Հանրապետության տարածքում սողանքային երևույթները չնայած ուսումնասիրվում եմ դեռևս 20-րդ դարի 50-ական թվականներից, սակայն մինչ այժմ համակարգված մոնիթորինգ չի իրականացվում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 7-ի N 1074 որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագիրը», որի իրականացումը նախատեսված էր 2002-2004 թվականների ընթացքում (համապատասխան ֆինանսավորման ապահովման պայմաններում): Սակայն այդ ծրագրով իրականացվել են միայն 19 սողանքային տեղամասերի նախնական ինժեներաերկրաբանական հետազոտություններ` մոնիթորինգային ցանցի ստեղծմամբ և սողանքային գոտիներում գտնվող 32 բնակավայրերի բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն` առաջնահերթ վերաբնակեցման ենթակա տների հաշվառման նպատակով: Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև միջկառավարական պայմանագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհով Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության կողմից 2004-2006 թվականների ընթացքում իրականացվեց «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագիրը:

3) Սողանքների կառավարման ոլորտի, որի բաղկացուցիչ մասն է կազմում մոնիթորինգը, բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. հուլիսի 10-ի նիստի N 27 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի հանրապետության սողանքային աղետի կառավարման» հայեցակարգը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. 31 հուլիսի N 758-Ա որոշմամբ հաստատվեց «Հայաստանի հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգի կիրարկման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը»:

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սողանքների մոնիթորինգի իրականացման գործառույթներ ունեն.

ա. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (համակարգում և ամփոփում է սողանքային աղետի դեմ պայքարի բնագավառում համապատասխան ոլորտների պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված մոնիթորինգի արդյունքները),

բ. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, երկաթգծի ու կապի օբյեկտներին վտանգ սպառնացող սողանքների մոնիթորինգի իրականացում),

գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն (բնակավայրերի կառուցապատված տարածքներին, բնակելի, հասարակական, արտադրական շենքերին ու շինություններին վտանգ սպառնացող սողանքների գույքագրում և մոնիթորինգի իրականացում),

դ. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (էլեկտրամատակարարման օբյեկտներին, գազատարներին ու հանքավայրերին վտանգ սպառնացող սողանքների մոնիթորինգի իրականացում),

ե. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (գետերին և սելավատարներին վտանգ սպառնացող սողանքների մոնիթորինգի իրականացում),

զ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (բնության հատուկ պահպանվող տարածքներին (բնության հուշարձան, արգելավայր, արգելոց, ազգային պարկ), սպառնացող սողանքների մոնիթորինգի իրականացում),

է. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (բնակավայրերի կառուցապատված տարածքներից դուրս գտնվող պատմամշակութային շենքերին և շինություններին վտանգ սպառնացող սողանքների մոնիթորինգի իրականացում):

21. Էնդոգեն պրոցեսների մոնիթորինգ

1) Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության մոնիթորինգը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը»:

2) Հայաստանի Հանրապետությունում գործում է սեյսմիկ անվտանգության մոնիթորինգի բազմապարամետրային դիտացանց, որի նպատակն է երկրակեղևի կարծր, հեղուկ և գազային բաղադրիչների շուրջօրյա մոնիթորինգը: Բազմապարամետրային դիտացանցը կազմված է 7 մոնոպարամետրային ցանցից` սեյսմաչափական, սեյսմագեոդեզիական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, հիդրոերկրադինամիկական, մթնոլորտային ճնշման և սեյսմակենսաբանական: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության գնահատման նպատակով չափումներ են կատարվում ազգային դիտացանցի 78 կայանում (Համաշխարհային սեյսմագրաֆիկական ցանցի 1 կայան Գառնիում, հեռաչափական սեյսմիկ 23 կայան, տարածաշրջանային սեյսմիկ 8 կայան, գրունտների ուժեղ շարժումների 17 կայան, համաշխարհային գեոդեզիական ցանցի 1 կայան Դավթաշենում և 15 հենակետ, հիդրոերկրադինամիկական - 13 կայան) և հիդրոերկրաքիմիական 8 հորատանցքում, որոնցից 4-ում տեղադրված են նաև բազմապարամետրային ավտոմատ կայաններ, որոնց տվյալները վերլուծական կենտրոն են հասնում արբանյակային կապի միջոցով իրական ժամանակում:

22. Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի իրականացման գործառույթներ ունեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (գամմա ճառագայթման դոզայի հզորության չափումներ և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքին հարող 5 և 10 կմ շառավղով ճառագայթային վթարային մոնիթորինգ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (խմելու ջրի ընդհանուր ակտիվության չափումներ), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (վթարային մոնիթորինգ) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն (ՀԱԷԿ-ի դիտարկման գոտում ընթացիկ մոնիթորինգ): «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի իրականացման և վերահսկման պատասխանատվությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին:

2) Ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխանող շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի և վերահսկողության կարողությունների ստեղծման ու զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թվականի դեկտեմբերի 18-ի նիստի N 53 արձանագրության 27-րդ կետով հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությունը»:

3) Հայաստանի Հանրապետությունում տարբեր տարիների մասնակի ուսումնասիրություններ են արվել, սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համար նախատեսված սարքավորումներն ու այլ տեխնիկական միջոցները բարոյապես ու ֆիզիկապես հնացած են և շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի պարբերական, համալիր և լիարժեք արդիական համակարգը բացակայում է:

4) Ներկայումս շրջակա միջավայրի լիարժեք ճառագայթային մոնիթորինգ իրականացվում է միայն Հայաստանի ատոմային էլեկտրակայանի դիտարկման գոտում` 30 կմ շառավիղով, որտեղ կատարվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության հաճախացված չափումներ:

23. Շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվություն

1) Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացվում է շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվության հիման վրա:

2) Շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության ու կյանքի որակի պահպանման ու բարելավման, կայուն զարգացման ապահովման նպատակով պետական արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվությունն է:

3) Շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվությունը կազմված է.

ա. շրջակա միջավայրի, բնական ռեսուրսների և օբյեկտների, բնության մեջ ընթացող երևույթների վրա ներգործության գործոնների հաշվառման և գույքագրման տվյալներից,

բ. շրջակա միջավայրի որակի, բնական և մարդածին երևույթների և պրոցեսների, էկոհամակարգերի մոնիթորինգի տվյալներից,

գ. շրջակա միջավայրի որակի, էկոհամակարգերի, բնության մեջ ընթացող երևույթների, մարդածին և բնական գործոնների, ներգործության չափերի հետևանքների և ազդեցությունների հետևանքների մոնիթորինգի և գնահատման տվյալներից,

դ. շրջակա միջավայրի որակի, էկոհամակարգերի, բնության մեջ ընթացող երևույթների, մարդածին և բնական ազդեցությունների մոդելավորման տվյալներից,

ե. բնօգտագործման և բնապահպանական գործառույթների վերահսկման ու կարգավորման, շրջակա միջավայրի որակը բնութագրող ինդիկատորներից ու նորմաներից,

զ. շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացմանը վերաբերող մեթոդիկաներից, ստանդարտներից, ղեկավար ձեռնարկներից ու փաստաթղթերից.

4) Շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվությունը բաղկացած է նախնական, խմբավորված և մշակման տվյալներից, դինամիկայի և միտումների, ազդեցության հետևանքների գնահատումների քանակական և որակական բնութագրերից, փորձագիտական եզրակացություններից:

5) Շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվությունն ամբողջությամբ և նրա առանձին բաղադրիչները պետք է համադրելի լինեն նմանատիպ տվյալների միջազգային տեղեկատվական բանկերի հետ:

6) Բնապահպանական տեղեկատվությունը ձևավորվում է բնապահպանական մոնիթորինգ իրականացնող մարմինների, կազմակերպությունների և այլ անձանց տեղեկատվական աղբյուրներից:

7) Գերատեսչությունների կողմից ստեղծվող տվյալները հավաքվում, մշակվում և պահպանվում են մոնիթորինգի իրականացման համար պատասխանատու կազմակերպությունների ներսում: Դեռևս կանոնակարգված չեն մոնիթորինգային տվյալների ստացման, վերլուծման, գնահատման ու ամփոփման սկզբունքներն ու տրամադրման ձևերը: Սակայն պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները պետական մարմիններին (նախարարություններին, առընթեր պետական կառավարման մարմիններին, գործակալություններին, պետական փակ բաժնետիրական ընկերություններին, ոչ առևտրային կազմակերպություններին), կենտրոնացված խմելու և ոռոգման ջրամատակարարում իրականացնող կազմակերպություններին և ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվում են անվճար:

 

V. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

24. Հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգային մոտեցման հիման վրա շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի համակարգի ստեղծումը` պետական մոնիթորինգի համակարգի զարգացման ռազմավարության և ազգային գործողությունների ծրագրի մշակման, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պետական մոնիթորինգի կազմակերպման, իրականացման և ստացված տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցման, մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման, շտեմարանում ընդգրկված տեղեկատվության մատչելիության ապահովման կապակցությամբ առաջացող հասարակական հարաբերությունների կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման միջոցով:

25. Թեպետ շրջակա միջավայրի առանձին բաղադրիչներից որոշների համար առկա են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների մոնիթորինգին, պետական կադաստրների վարման, մոնիթորինգի կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու մարմիններին ու կազմակերպություններին վերապահված իրավասություններին և տեղեկատվական հոսքերի կառավարմանը վերաբերող օրենսդրական կարգավորումներ, այնուամենայնիվ դրանցում առկա են բազմաթիվ թերություններ և բացթողումներ, այդ թվում` ոլորտում տարվող քաղաքականության անջատությունը և օրենսդրական հենքերի անկատարությունը, հիմք են հանդիսանում շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգի համակարգի միմյանցից անհամաձայնեցված գործմանը և զարգացմանը: Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանության և կայուն կառավարման համար առաջնահերթ երաշխիքը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի համալիր գնահատումն է` էկոհամակարգում շրջակա միջավայրի բաղադրիչների միջև գոյություն ունեցող պրոցեսների և փոխադարձ կապերի հաշվի առմամբ:

26. Ստորև բերվում են շրջակա միջավայրի միասնական պետական մոնիթորինգի զարգացման վերհանված խնդիրները.

1) պետական նշանակության շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և տեղեկատվության բնորոշման, մոնիթորինգի նպատակների, խնդիրների, սկզբունքների, դիտարկման առարկայի, ցուցանիշների, ձևերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն:

2) շրջակա միջավայրի մոնիթորինգի պետական նշանակության տեղեկատվության ստացման, վերլուծման, գնահատման ու ամփոփման սկզբունքների, տրամադրման ձևերի և պատասխանատուների հստակեցման անհրաժեշտությունը.

3) մոնիթորինգի տվյալների շտեմարանների ստեղծման ու վարման, այդ տեղեկատվության մատչելիության ապահովման, շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի տեղեկատվության ստացման, հաղորդման, վերամշակման և տրամադրման ընթացքում նոր տեխնոլոգիաների կիրառման, շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հաշվետվությունների կամ զեկույցների պատրաստման պահանջների սահմանման անհրաժեշտություն:

4) Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորված պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ու պարտականությունների շրջանակում շրջակա միջավայրի մոնիթորինգի միջոցառումների ծրագրերի մշակման անհրաժեշտություն,

5) միջազգային հավատարմագրում ունեցող կամ միջազգային ստանդարտներին համապատասխանող շրջակա միջավայրի մոնիթորինգի ցանցի արդիականացման, մոնիթորինգի կայանների, դիտակետերի և լաբորատորիաների ժամանակակից սարքավորումներով վերազինման անհրաժեշտություն,

6) շրջակա միջավայրի բաղադրիչների ավտոմատացված և հեռազննման մեթոդների կիրառմամբ մոնիթորինգի կարողությունների զարգացման անհրաժեշտություն շրջակա միջավայրի վերաբերյալ հրատապ կանխատեսումների և կառավարման համար,

7) Միջազգային բնապահպանական համաձայնագրերով Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված, միջազգային նորմերին համապատասխանող մոնիթորինգի աշխատանքների կազմակերպումը անդրսահմանային ջրահոսքերի օգտագործման և պահպանության, մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի և անապատացման դեմ պայքարի հետ կապված հարցերում:

 

VI. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Եվրոպական միության երկրների և Ռուսաստանի Դաշնության փորձը:

28. Եվրոպական միություն

1) Եվրոպական միության երկրներում շրջակա միջավայրի մոնիթորինգն իրականացվում է Եվրոպայի երկրի դիտարկումների ծրագրի (Copernicus) շրջանակում: Մոնիթորինգի ծրագրերը համակարգվում են Եվրոպայի տիեզերական գործակալության (տիեզերական բաղադրիչներ) և Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության կողմից: Եվրոպայի Երկրի դիտարկումների ծրագիրը (ԵԵԴԾ) բաղկացած է բազմաբաղադրիչ ենթահամակարգից, որոնք տվյալներ են հավաքագրում 6 թեմատիկ ոլորտների վերաբերյալ` հողի, օդ, ջուր, կլիմայի փոփոխություն, արտակարգ իրավիճակների կառավարում և անվտանգություն: Այդ համակարգը աջակցում է շրջակա միջավայրի պահպանությանը, քաղաքային տարածքների կառավարմանը, տարածաշրջանային և տեղական պլանավորմանը, գյուղատնտեսությանը, ջրային և անտառային տնտեսությանը, ձկնաբուծությանը, առողջապահությանը, տրանսպորտին, կլիմայի փոփոխությանը հարմարվելու, քաղաքացիական պաշտպանությանը, տուրիզմին և այլն:

2) Եվրոպական միության յուրաքանչյուր երկիր ունի իր շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգի համակարգը: Ընդ որում շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգն իրականացվում է տարբեր կազմակերպությունների և ինստիտուտների կողմից: Օրինակ, Սլովակիայում շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների (օդի որակ, մակերևութային ջրերի որակ և քանակ, ստորերկրյա ջրերի որակ և քանակ, օդերևութաբանական) մոնիթորինգն իրականացվում է Սլովակիայի Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության գործող Հիդրոօդերևութաբանական ինստիտուտի կողմից, հողերի վիճակի մոնիթորինգն իրականացվում է Հողերի գիտություն և պահպանում հետազոտական ինստիտուտի կողմից, կենսաբազմազանությունը` Պետական բնության պահպանություն կազմակերպության կողմից, իսկ անտառները` Անտառների պետական գույքագրում և մոնիթորինգ կազմակերպության կողմից: Գերմանիայում շրջակա միջավայրի մոնիթորինգն իրականացվում է երկու ցանցերի միջոցով` դաշնային և մարզային: Մարզային մակարդակով ստացված տվյալները ամփոփվում են դաշնային կազմակերպության կողմից:

3) ԵՄ-ի և գլոբալ քաղաքականության իրականացմանը նպաստելու, լավագույն փորձի փոխանակման, զարգացման, իրականացման և փորձարկման մեթոդների կատարելագործման, ԵԵԴԾ աջակցելու նպատակով գործում է Միասնական գիտական կենտրոնը (JRC): Յուրաքանչյուր թեմատիկ ոլորտների ներքո մշակվում և իրականացվում են մոնիթորինգի ազգային, տարածաշրջանային և գլոբալ ծրագրերը յուրաքանչյուր պետության տարբեր պետական կազմակերպությունների միջոցով:

4) Եվրոպայում շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալները և տեղեկատվությունը հավաքվում, փոխանակվում և օգտագործվում է «Շրջակա միջավայրի տեղեկատվական համակարգի (SEIS)» միջոցով:

29. Ռուսաստանի Դաշնություն

1) Ռուսաստանի դաշնությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգն իրականացվում է միասնական համակարգի շրջանակներում պետական կազմակերպությունների միջոցով:

2) Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգն բաղկացած է 15 թեմատիկ ենթահամակարգերից, ինչպես օրինակ, շրջակա միջավայրի վիճակի և աղտոտվածության, մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, ճառագայթային վիճակի, հողերի, կենդանական աշխարհի, անտառների պաթոլոգիայի, անտառի վերարտադրության, հանքային հարստության պետական մոնիտորինգ և այլն: Յուրաքանչյուր ենթահամակարգ իր իրավասությունների շրջանակում հավաքագրած տվյալները մշակում, վերլուծում և հրապարակում է:

3) Մոնիթորինգն իրականացվում է Ռուսաստանի դաշնության Բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության Հիդրոօդերևութաբանական դաշնային ծառայության և շրջակա միջավայրի մոնիթորինգի կազմակերպության կողմից: Մոնիթորինգն իրականացվում է ռեգիոնալ և տարածքային մակարդակով` Հիդրոմետի տարածքային մարմինների կողմից:

4) Յուրաքանչյուր ենթահամակարգից ստացվող շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքվում է տվյալների պետական շտեմարանում (ֆոնդ), որտեղ կազմվում են շրջակա միջավայրի վերաբերյալ տարեկան վերլուծությունները:

30. Միջազգային պայմանագրերով ստանձնած մոնիթորինգի պահանջներ

1) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական կոնվենցիաներ կամ դրանց արձանագրություններ ուղղակի կամ անուղղակի պարունակում են բնապահպանական մոնիթորինգի իրականացման, տեղեկատվության ստացման ու փոխանակման, վիճակի գնահատման և զեկույցների կամ հաշվետվությունների պատրաստման պահանջներ, որոնց կատարումը պարտադիր է համապատասխան միջազգային պայմանագրին կողմ հանդիսացող երկրի համար:

2) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների նկատմամբ յուրաքանչյուր միջազգային պայմանագրով նախատեսված մոնիթորինգի իրականացման և տեղեկատվական հոսքերի կառավարման և դրանց արդյունքներով տվյալ բաղադրիչի վիճակի գնահատման ու զեկույցի կամ հաշվետվության պատրաստման պահանջն ընդհանուր է Եվրամիության անդամ և հարևան երկրների համար, ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովը (ԵՏՀ) ձեռնամուխ եղավ օժանդակել երկրներին` շրջակա միջավայրի պահպանության բնագավառի բարելավման հարցում:

3) 2003 թվականին Կիևում կայացած «Շրջակա Միջավայրը Եվրոպայի Համար» Համաժողովին շրջակա միջավայրի պահպանության ոլորտի նախարարները կարևորեցին ոլորտի քաղաքականության ձևավորման համար շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման գործընթացը: ՄԱԿ-ի ԵՏՀ մշակեց «Բնապահպանական ցուցանիշների և դրանց վրա հիմնված գնահատման զեկույցների» կիրառման ուղեցույցը:

4) Բնապահպանական ցուցանիշների կիրառումը անփոխարինելի գործիք է հանդիսանում շրջակա միջավայրի վիճակի գնահատման, բնապահպանական զեկույցների պատրաստման և բնապահպանական քաղաքականության ձևավորման համար: Դրանք կարող են ցույց տալ հիմնական միտումները և օգնելու նկարագրել բնապահպանական վիճակի փոփոխությունների պատճառահետևանքային կապը, մշակելու առաջնայնություններն ու հետևելու դրանց քաղաքականության իրականացմանն ու միջազգային պարտավորությունների կատարմանը:

5) Այս ամբողջը Հայաստանում ներդնելու հիմնական նախապայմաններ են`

ա. համապատասխան իրավական հենքի ստեղծումը,

բ. մշակված բնապահպանական 47 ցուցանիշի համախմբի ներդնումը,

գ. միասնական մոնիթորինգի և տեղեկատվական համակարգերի ներդրման քաղաքականության ձևավորումն ու համակարգերի ներդնումը,

դ. հզորությունների ամրապնդումը (մոնիթորինգի և տեղեկատվական համակարգերի ժամանակակից տեխնոլոգիաների ներդնումն ու դրանց սպասարկումը, լաբորատորիաների հագեցվածությունն ու պայմանների բարելավումը, կադրերի կանոնավոր ուսուցումն ու վերապատրաստումը և այլ):

6) Մոնիթորինգի նման համակարգի ստեղծումը պահանջում է մի կողմից կառուցվածքային փոփոխություններ և կազմակերպչական որոշումներ, մյուս կողմից` այդ խնդիրների լուծման համար տեխնիկական հագեցվածության ապահովում: Դա բարդ խնդիր է և պահանջում է տարիների շարք: Միայն կարող ենք նշել, որ Ամերիկայում նման խնդիրը առաջարկվել է 1957 թվականին և իրականացվել է միայն 20 տարի անց, այն էլ սահմանափակումներով` որոշակի տեղամասերում:

7) ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում խնդիր է դրված մոնիթորինգի ազգային համակարգերի միաձուլման` միասնական միջպետական ցանցում` «Շրջակա միջավայրի մոնիթորինգի գլոբալ համակարգ»: Վերջինիս նպատակն է Երկիր մոլորակի շրջակա միջավայրի և ռեսուրսների փոփոխությունների մոնիթորինգի իրականացում` գլոբալ առումով/մասշտաբով: Գլոբալ մոնիթորինգը համակարգ է, որը դիտարկում համաշխարհային գործընթացների և երևույթների վիճակը և կանխատեսում է հնարավոր փոփոխությունները, ներառյալ Երկրի կենսոլորտի վրա մարդածին ազդեցությունը, որպես ամբողջություն:

8) ՀՀ-ը ստորագրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային (ՄԱԿ ԿՓՇԿ) կոնվենցիան 1992 թվականի հունիսի 13-ին և վավերացրել է այն որպես Հավելված I-ում չընդգրկված երկիր 1993 թվականի մայիսի 14-ին: 2002 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանը վավերացրել է ՄԱԿ ԿՓՇԿ` Կիոտոյի արձանագրությունը` այսպիսով միանալով միջազգային ջանքերին` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: ԿՓՇԿ Դոհայի ուղղումը և Փարիզյան համաձայնագիրը վավերացվել են 2017 թվականի փետրվարի 9-ին:

9) Այս և այլ բնապահպանական միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումները հաստատող որոշումներ (1998թ. N 115, 02.12.2004թ. N 1840-Ն, 10.11.2011թ. N 1594-Ն և վերջինը` արձանագրային որոշում 08.12.2016թ. N 49-8):

 

VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

31. Հայեցակարգի ընդունման դեպքում, նոր և հավասարակշռված քաղաքականության իրականացմամբ կապահովվի կայուն զարգացման համատեքստում ոլորտի համակարգված ու ամբողջական կառավարումը և կերաշխավորվի շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների փոխկապակցված կառավարումը, որի շնորհիվ բնապահպանության ոլորտի քաղաքականությունն առավել նպատակաուղղված կլինի շրջակա միջավայրի իրական բարելավմանը:

32. Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների էկոհամակարգային մոտեցմամբ մոնիթորինգի իրականացման նոր ձևի անցում` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միմյանցից տարանջատ մոնիթորինգի իրականացման փոխարեն, ինչը կերաշխավորվի բնական միջավայրի որևէ բաղադրիչի վերաբերյալ որոշում կայացնելիս միաժամանակ մյուս բաղադրիչների վրա կայացվող որոշման ազդեցության դիտարկումն ու գնահատումը:

33. Շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի վիճակի բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

1) մշակել շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի համակարգի զարգացման ռազմավարությունը, բարելավմանն ուղղված առաջնահերթ և հեռանկարային ազգային գործողությունների ծրագիրը` ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից բխող մոնիթորինգային աշխատանքների կատարումը,

2) սահմանել շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգ իրականացնող ենթահամակարգերը, դրանց գործունեության կարգը, միասնական մոնիթորինգի համակարգի ենթահամակարգերում միմյանց հետ փոխկապակցվածության մեխանիզմները, դիտարկման ցանցերի և տեղեկատվական ռեսուրսների ստեղծման և պահպանման կարգը,

3) սահմանել թափոնների արտադրման աղբյուրների և քանակների ու որակի մշտադիտարկման կարգը, ինչպես նաև ուսումնասիրել վերջիններիս ազդեցության ներքո շրջակա միջավայրի օբյեկտներում տեղի ունեցող փոփոխությունները, կանխատեսել այդ փոփոխությունների հետևանքով առաջացող ռիսկերը:

4) մշակել շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի տվյալների շտեմարանների ստեղծման և գործարկման գործողությունների ծրագիրը,

5) մշակել շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի տեղեկատվության ստացման, պահպանման, փոխանակման և տրամադրման պայմանները և կարգը:

 

VIII. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

34. Շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի համակարգը ստեղծվում է հիմնական և գիտահետազոտական մոնիթորինգի ենթահամակարգերի ընդգրկմամբ:

35. Հիմնական մոնիթորինգի համակարգում պետք է ընդգրկվեն շրջակա միջավայրի պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինները, շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվություն ձևավորող կազմակերպությունները:

36. Գիտահետազոտական մոնիթորինգը աջակցում է հիմնական մոնիթորինգին:

 

IX. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

37. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի ֆինանսական հստակ գնահատական հնարավոր է տալ հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման շրջանակներում մշակվող ծրագրերի հստակ գնահատականների արդյունքում:

38. Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի ֆինանսավորման աղբյուրները կարող են լինել.

1) ՀՀ պետական բյուջեն,

2) միջազգային և դոնոր կազմակերպությունների ներդրումները,

3) տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները:

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

39. Պետական մոնիթորինգի տարեկան և երկարաժամկետ ծրագրերը ձևավորվում են պետական պարտադիր մոնիթորինգային աշխատանքներից` որոնք բխում են բնապահպանական կառավարման համար անհրաժեշտ պետական նշանակության տեղեկատվության ստեղծման պահանջից:

40. Հայեցակարգով ներկայացված համակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի նաև գեներացնելու ֆինանսական միջոցներ հաշվի առնելով, որ

1) միջազգային ստանդարտներին համապատասխանող շրջակա միջավայրի մոնիթորինգի ցանցի ստեղծումը, այդ թվում ժամանակակից լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը կստեղծեն լրացուցիչ վճարովի ծառայությունների (օրինակ` շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացում, լաբորատոր ծառայությունների մատուցում և այլն) մատուցման հնարավորություն` ապահովելով եկամուտների հավելյալ մուտքեր,

2) նախատեսվում է ապահովել շրջակա միջավայրի վիճակի, նրա վրա ներգործության և պատասխան ազդեցության լիարժեք արտացոլումը, ներդնել դիտարկումների, չափումների, տվյալների ստացման, հաղորդման ու մշակման ժամանակակից համակարգեր, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ֆինանսական միջոցները,

3) ստեղծել համապատասխան ֆինանսական մեխանիզմներ մոնիթորինգի համակարգի կատարելագործման, առկա բացերը (մեթոդական, տեխնիկական և մասնագիտական) լրացնելու նպատակով,

4) ակտիվացնել աշխատանքները միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:

 

X. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

41. Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի միասնական պետական մոնիթորինգի հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագրի իրագործումը հնարավորություն կընձեռի հետևողականորեն լուծել մոնիթորինգի խնդիրները, զարգացնել ազգային հզորությունները շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի և տեղեկատվության կառավարման ուղղությամբ, որի առկայությունը կապահովի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի բազմակողմանի գնահատումը` ապահովելով առավել արդյունավետ բնապահպանական քաղաքականության մշակմանը:

42. Հայեցակարգը աջակցելու է նաև միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը շրջակա միջավայրի մոնիթորինգի բնագավառում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2018
N 3
Արձանագրային որոշում