Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ (ՀԱՇՎԵՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 հունվարի 2018 թվականի N 1

 

1. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2013-2016 ԹԹ.) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 6.2.

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն` իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության և ներկայացման նպատակով գործատուներն ու աշխատողները կարող են օրենքով սահմանված կարգով իրենց կամքով ազատորեն միավորվել` ստեղծելով արհեստակցական ու գործատուների միություններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված է.

1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը):

Եթե կազմակերպությունում բացակայում է (են) արհեստակցական միությունը (միությունները), կամ գոյություն ունեցող արհեստակցական միություններից որևէ մեկը չի միավորում կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):

Կազմակերպությունում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի) առկայությունը չպետք է խոչընդոտի արհեստակցական միությունների գործառույթների իրականացմանը:

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

2. Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

Աշխատողների ներկայացուցիչների իրավունքները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 25-րդ հոդվածով, որի համաձայն`

1. Աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

1) մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուից ստանալու տեղեկատվություն.

3) գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ.

4) կազմակերպությունում վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը.

5) աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ կազմակերպությունում իրականացնելու ոչ պետական վերահսկողություն.

6) կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով.

7) կազմակերպությունում մասնակցելու արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.

8) գործատուին ներկայացնելու առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ:

2. Արհեստակցական միությունները, բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից, իրավունք ունեն`

1) սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովելու աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում.

2) առաջարկություններ ներկայացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.

3) կազմակերպելու և գլխավորելու գործադուլներ:

3. Աշխատողների ներկայացուցիչներին կոլեկտիվ պայմանագրով կարող են վերապահվել օրենսդրությանը չհակասող լրացուցիչ իրավասություններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն`

1. Կազմակերպության կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերություններում որպես գործատուի ներկայացուցիչ հանդես է գալիս կազմակերպության ղեկավարը (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ և այլն): Օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում կամ իրենց լիազորությունների սահմաններում գործատուներին կարող են ներկայացնել նաև այլ անձինք:

2. Գործատուն իրավունք ունի աշխատանքային իրավունքի բնագավառի իր լիազորությունները կամ դրանց մի մասը փոխանցելու քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:

3. Հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակների կոլեկտիվ հարաբերություններում որպես գործատուների ներկայացուցիչ հանդես է գալիս գործատուների համապատասխան միությունը:

Գործատուների միությունը ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձ է, որը միավորում է գործատու կազմակերպություններին և գործատու քաղաքացիներին: Միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայացվում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով:

Գործատուների միության գործունեությունը կարգավորվում է սույն օրենսգրքով, օրենքով և իր կանոնադրությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 45-րդ հոդվածի համաձայն`

1. Կոլեկտիվ պայմանագիրը գործատուի (գործատուի ներկայացուցչի) և աշխատողների ներկայացուցիչների կամ գործատուների միության և արհեստակցական միության, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գրավոր ձևով կնքված կամավոր համաձայնությունն է, որը կարգավորում է աշխատողների և գործատուների միջև աշխատանքային հարաբերությունները: Կոլեկտիվ պայմանագրերը երկկողմ են, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ կնքվող կոլեկտիվ պայմանագրի, որը եռակողմ է:

2. Կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կողմերը և նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում և վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով: Կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնող կողմը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել մյուս կողմին: Ծանուցման մեջ նշվում են կոլեկտիվ բանակցությունների նպատակը, ինչպես նաև առաջարկությունները և պահանջները:

3. Կոլեկտիվ բանակցության կողմերը պայմանավորվում են կոլեկտիվ բանակցությունները սկսելու օրվա և ընթացակարգի վերաբերյալ:

4. Կոլեկտիվ բանակցությունների վարումը պետք է իրականացվի ողջամիտ և առանց ձգձգումների:

5. Կոլեկտիվ պայմանագրի կողմերը կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն կոլեկտիվ բանակցությունների հետ կապված հարցերի վերաբերյալ հարցումներ անելու միմյանց: Հարցման պատասխանները պետք է ներկայացվեն հարցումն անելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է փոփոխվել կողմերի կամ նրանց ներկայացուցիչների լրացուցիչ պայմանավորվածությամբ:

6. Տեղեկատվություն տրամադրող կողմն իրավունք ունի մյուս կողմից պահանջելու չհրապարակել ստացված տեղեկատվությունը:

7. Կոլեկտիվ բանակցությունները համարվում են ավարտված կոլեկտիվ պայմանագիր կնքելու կամ տարաձայնությունների մասին արձանագրություն կազմելու կամ կողմերից մեկի կողմից մյուս կողմին կոլեկտիվ բանակցություններից դուրս գալու մասին գրավոր ծանուցում ուղարկելու պահից, եթե կողմերն այլ որոշում չեն ընդունել:

8. Կոլեկտիվ բանակցությունները համարվում են չկայացած, եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ծանուցում ստացած կողմը հրաժարվում է մասնակցել կոլեկտիվ բանակցություններին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանված է, որ.

1. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի բովանդակությունը և կառուցվածքը որոշում են պայմանագրի կողմերը:

2. Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել`

1) աշխատանքի անվտանգությունը և հիգիենան ապահովող լրացուցիչ միջոցառումներ.

2) զբաղվածության լրացուցիչ երաշխիքներ.

3) սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.

4) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրա կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը:

3. Ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով կարող են սահմանվել`

1) աշխատանքի վարձատրության պայմանները, աշխատանքի վարձատրության կարգավորման մեխանիզմները` հաշվի առնելով սղաճի մակարդակը և գների աճը.

2) աշխատանքի պայմանները.

3) աշխատաժամանակը և հանգստի ժամանակը (ներառյալ արձակուրդների տրամադրումը և դրանց տևողությունը).

4) աշխատողների թվաքանակի կրճատման կարգը և պայմանները, երաշխիքները կրճատումների դեպքերում.

5) աշխատանքի անվտանգության և հիգիենայի պայմանները.

6) արտադրության էկոլոգիական անվտանգության և աշխատողների առողջության պահպանման պայմանները.

7) աշխատողների` մասնագիտություն ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու և վերաորակավորվելու պայմանները.

8) այնպիսի երաշխիքներ և հատուցումներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.

9) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրա կատարման նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու կարգը.

10) կոլեկտիվ պայմանագիրը չկատարելու համար պատասխանատվությունը.

11) կոլեկտիվ աշխատանքային վեճերի դեպքում աշխատողների և գործատուների կողմից պահանջների ներկայացման կարգն ու ժամկետները.

12) կոլեկտիվ վեճերից, գործադուլներից խուսափելուն ուղղված սոցիալական գործընկերության միջոցառումները.

13) կողմերի համաձայնությամբ` այլ հարցեր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը Օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանների վերաբերյալ գործատուի և տվյալ կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների միջև կնքված գրավոր համաձայնությունն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ կազմակերպությունում կնքված կոլեկտիվ պայմանագիրը տարածվում է այդ կազմակերպության բոլոր աշխատողների վրա: Կազմակերպության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կարող են կնքվել կոլեկտիվ պայմանագրեր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված է, որ կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով կողմերը սահմանում են աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով չկարգավորվող կամ դրանց չհակասող և դրանցով նախատեսված պայմանների համեմատ աշխատողների դրությունը չվատթարացնող պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը բովանդակում է աշխատողների և գործատուների փոխադարձ պարտավորություններն Աշխատանքային օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերի կամ դրանց մի մասի վերաբերյալ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն`

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերն են կազմակերպության աշխատողների կոլեկտիվը` ի դեմս կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչի, և գործատուն` ի դեմս կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի:

2. Կազմակերպությունում աշխատողների մեկից ավելի ներկայացուցիչների առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է աշխատողների ներկայացուցչական միասնական մարմնի և գործատուի միջև:

3. Աշխատողների ներկայացուցչական միասնական մարմինը ստեղծում են աշխատողների ներկայացուցիչները` համապատասխան բանակցությունների միջոցով: Աշխատողների ներկայացուցիչների համաձայնության բացակայության պատճառով աշխատողների միասնական ներկայացուցչական մարմին չստեղծվելու դեպքում միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում ընդունում է աշխատողների ժողովը (համաժողովը):

4. Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության պատճառով աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը փոխանցված լինելու դեպքում կոլեկտիվ պայմանագրի կողմերն են գործատուն և համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությունը:

Այսինքն, վկայակոչված իրավանորմերը թույլ են տալիս փաստել, որ ՀՀ օրենսդրությամբ առկա են բավարար հիմքեր` կազմակերպության աշխատողների կեսից ավելիին միավորող արհեստակցական միություն չլինելու դեպքում մնացած աշխատողների ներկայացուցչության ապահովման համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` հատուկ ծառայողների, քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժինը վերաբերում է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին և ներառում է 7-11-րդ գլուխները, որոնք համապատասխանաբար սահմանում են աշխատանքի ոլորտում սոցիալական գործընկերությանը, կոլեկտիվ պայմանագրերի մասին ընդհանուր դրույթներին, հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերին, կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերին, կոլեկտիվ աշխատանքային վեճերին վերաբերող կարգավորումները:

Պետական ծառայության տեսակները, այդ թվում` հատուկ ծառայությունները, քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոնները և դրանց հասկացությունները սահմանված են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման հարցերով ԱՄԿ փորձագետների կոմիտեն «Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին» ԱՄԿ թիվ 98 կոնվենցիայի վերաբերյալ իր 2012 թվականի ուղիղ հարցման մեջ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածի դրույթներին անդրադառնալով, պահանջել էր, որպեսզի ՀՀ կառավարությունը տրամադրի տեղեկատվություն «հատուկ ծառայություններ» և «քաղաքացիական պաշտոններ» հասկացությունների իմաստների և այդ աշխատողների կատեգորիաների մասին (նշվածի շրջանակներում Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման հարցերով ԱՄԿ փորձագետների կոմիտեն մեջբերել էր, որ համաձայն ԱՄԿ թիվ 98 կոնվենցիայի 6-րդ հոդվածի` միայն պետական կառավարման մեջ ներգրավված հանրային ծառայողները կարող են դուրս մնալ Կոնվենցիայում արտահայտված երաշխիքներից):

Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման հարցերով ԱՄԿ փորձագետների կոմիտեի 2012 թվականի ուղիղ հարցմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվել է պահանջվող տեղեկատվությունը («Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկացությունների շրջանակներում), որից հետո Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման հարցերով ԱՄԿ փորձագետների կոմիտեն ԱՄԿ թիվ 98 կոնվենցիայի վերաբերյալ իր հետագա ուղիղ հարցումներով նշված հարցին այլևս չի անդրադարձել:

Միաժամանակ հարկ է նշել, որ ԱՄԿ թիվ 98 կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` կոնվենցիայի գործունեությունը չի տարածվում պետական ծառայողների վրա, և նա ոչ մի ձևով չի մեկնաբանվի որպես նրանց իրավունքների կամ դիրքի վնասի հասցնում:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

1. Հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները:

2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև օրենքներով նախատեսված այլ ծառայություններ:

4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի համաձայն` քաղաքացիական պաշտոնը ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:

Վերոնշյալ օրենքի իմաստով քաղաքացիական պաշտոններ են համարվում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և անդամների, օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարների, նրանց անդամների, ՀՀ վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների, ՀՀ գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ ճյուղային հանրապետական միությունների վիճակագրական տվյալների համաձայն` 01.01.2017 թվականի դրությամբ կնքվել է 665 կոլեկտիվ պայմանագիր, որից 4 ճյուղային, 60 տարածքային, 601 կազմակերպության մակարդակներով: Կոլեկտիվ պայմանագրերը տարածվում են կազմակերպությունների 145318 աշխատողների վրա, որոնցից 143750-ը արհմիության անդամներ են:

 

Հոդված 6.3.

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` կոլեկտիվ աշխատանքային վեճը արհեստակցական միության և գործատուի կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող կողմերի միջև տարաձայնություններն են` կողմերի ներկայացրած ու չբավարարված պահանջների վերաբերյալ, որոնք ծագում են կոլեկտիվ պայմանագրի կնքման առիթով բանակցությունների, ինչպես նաև օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված պայմանների փոփոխման կամ աշխատանքի նոր պայմանների սահմանման, կոլեկտիվ պայմանագրի կնքման և կատարման ընթացքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված է, որ.

1. Կոլեկտիվ աշխատանքային վեճերի վերաբերյալ գործատուին կամ կոլեկտիվ պայմանագրի կողմին պահանջներ առաջադրելու իրավունք ունեն սոցիալական գործընկերության կողմերը:

2. Պահանջները պետք է ներկայացվեն գրավոր` հստակ շարադրված ու պատճառաբանված: Գրավոր պահանջները հանձնվում են գործատուին կամ սոցիալական գործընկերության համապատասխան կողմին:

Գործատուն կամ պահանջներ ստացած համապատասխան կողմը պարտավոր է քննարկել ստացված պահանջները և դրանք ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, ընդունել գրավոր որոշում և դա տրամադրել պահանջներ առաջադրողին: Եթե ընդունված որոշումը չի բավարարում պահանջներ առաջադրողներին, ապա կողմերը կարող են վեճը քննարկել սույն գլխով սահմանված ընթացակարգերով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 66-րդ հոդված):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն`

1. Կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկման կարգը կազմված է հետևյալ փուլերից.

1) կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկում հաշտեցման հանձնաժողովում (այդ թվում` միջնորդի մասնակցությամբ): Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը հաշտեցման հանձնաժողովի կողմից կոլեկտիվ վեճերի քննարկման պարտադիր փուլ է.

2) կոլեկտիվ աշխատանքային վեճի քննում դատարանում, եթե կոլեկտիվ աշխատանքային վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կատարման ընթացքին:

2. Կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմն իրավունք չունի խուսափելու հաշտեցման ընթացակարգերից:

Կոլեկտիվ աշխատանքային վեճը լուծելու համար կողմերի ներկայացուցիչները, հաշտեցման հանձնաժողովը, միջնորդը պարտավոր են օգտագործել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

1. Հաշտեցման հանձնաժողովում ներկայացված պահանջների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում ընդունվում է գրավոր որոշում` կոլեկտիվ աշխատանքային վեճը լուծված համարվելու և հաշտեցման գործընթացն ավարտվելու մասին: Հաշտեցման հանձնաժողովի որոշումը կողմերի համար ունի պարտադիր ուժ և ենթակա է կատարման հաշտեցման հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հաշտեցման հանձնաժողովում ներկայացված պահանջների կամ դրանց մի մասի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը կազմում են արձանագրություն տարաձայնությունների վերաբերյալ և ընդունում են որոշում` կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը միջնորդի մասնակցությամբ շարունակելու (եթե վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կնքմանը կամ փոփոխմանը) կամ վեճը չլուծվելու և հաշտեցման գործընթացն ավարտելու մասին:

3. Հաշտեցման հանձնաժողովի որոշման մասին տեղեկացվում է աշխատողներին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 71-րդ (կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը միջնորդի մասնակցությամբ) հոդվածի համաձայն`

1. Կոլեկտիվ աշխատանքային վեճը քննարկվում է միջնորդի մասնակցությամբ, եթե վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կնքմանը կամ փոփոխմանը:

2. Հաշտեցման հանձնաժողովի կողմից տարաձայնությունների մասին արձանագրություն կազմելուց և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան որոշում ընդունելուց հետո կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը երեք աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում են միջնորդ: Անհրաժեշտության դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը կարող են դիմել աշխատանքի բնագավառի պետական լիազորված մարմին` միջնորդի թեկնածության վերաբերյալ: Միջնորդի թեկնածության վերաբերյալ համաձայնությունը ամրագրվում է արձանագրությամբ, որում նշվում են միջնորդի վարձատրության չափն ու կարգը: Եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը ձեռք չեն բերում համաձայնություն միջնորդի թեկնածության վերաբերյալ, ապա բանակցությունները համարվում են ավարտված, իսկ կոլեկտիվ աշխատանքային վեճը` չլուծված:

3. Միջնորդի մասնակցությամբ կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկման կարգը որոշվում է կողմերի համաձայնությամբ, որին մասնակցում է նաև միջնորդը:

4. Միջնորդն իրավունք ունի հարցադրումներ ներկայացնելու կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերին և ստանալու նրանցից տվյալ վեճին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ: Միջնորդն իրավունք ունի կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերին ներկայացնելու առաջարկություններ:

5. Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը միջնորդի մասնակցությամբ իրականացվում է նրան հրավիրելուց հետո` յոթ օրվա ընթացքում: Հաշտեցման հանձնաժողովում ներկայացված պահանջների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում ընդունվում է գրավոր որոշում կոլեկտիվ աշխատանքային վեճը լուծված համարելու, իսկ ներկայացված պահանջների կամ դրանց մի մասի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` վեճը չլուծվելու և հաշտեցման գործընթացն ավարտելու մասին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 72-րդ հոդվածում (Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննումը դատարանում) սահմանված է, որ կոլեկտիվ պայմանագրի դրույթների կատարման վերաբերյալ կոլեկտիվ աշխատանքային վեճի դեպքում հաշտեցման հանձնաժողովում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը տարաձայնությունների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց և վեճը չլուծվելու ու հաշտեցման գործընթացն ավարտելու մասին որոշումն ընդունելուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող են դիմել դատարան:

Ամփոփելով վերոգրյալը` հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի սահմանված ընթացակարգերով կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծվելու դեպքում կողմերը կարող են դիմել դատարան:

Միաժամանակ հարկ է նշել, որ պետական ոլորտում կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկման կարգը նույնն է, ինչ ներկայացված է վերևում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային վեճերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը, եթե աշխատողի և գործատուի միջև կնքվել է համաձայնություն, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված է վեճն արբիտրաժին հանձնելու հնարավորություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքի օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային վեճերը կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը նույն հոդվածով սահմանված ժամկետում: Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում աշխատողի աշխատանքային պայմանագրից բխող վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6.4.

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման հարցերով ԱՄԿ փորձագետների կոմիտեն «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» ԱՄԿ N 87 կոնվենցիայի 3-րդ հոդվածի առնչությամբ, եզրակացրել է, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասում: Մասնավորապես պետք է սահմանել, որ գործադուլ հայտարարելու որոշումը կայացվի ավելի քիչ աշխատողների համաձայնության դեպքում (գործող կարգավորումների համաձայն գործադուլ հայտարարելու որոշումը համարվում է հավանության արժանացած աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնության դեպքում) և հաշվի առնվի միայն քվեարկության ձայների քանակությունը:

Վերոնշյալ հարցի հետ կապված, ուսումնասիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ուղարկված ԱՄԿ N ACD 19-2-1-3 գրությունը և դրան կից ներկայացված Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման հարցերով ԱՄԿ փորձագետների կոմիտեին ուղղված Գործատուների միջազգային կազմակերպության 2016 թվականի օգոստոսի 31-ի գրությունը, որում նշված է, որ Գործատուների միջազգային կազմակերպությունը Հայաստանը ներառել է ԱՄԿ N 87 կոնվենցիայի առնչությամբ իր դիտողությունների մեջ: Գործատուների միջազգային կազմակերպությունն իր գրությամբ անդրադարձել է այն հարցերին, որ ԱՄԿ N 87 կոնվենցիան չի ներառում գործադուլի իրավունքին վերաբերող կարգավորումներ և հույս է հայտնել, որ գրությամբ նշված հարցերը Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման հարցերով ԱՄԿ փորձագետների կոմիտեի կողմից կքննարկվեն և վերջինս ԱՄԿ N 87 կոնվենցիային վերաբերող իր մեկնաբանություններում չի անդրադառնա գործադուլի իրավունքին:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ ներկա փուլում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ հոդվածներում համապատասխան փոփոխություններ կատարելուց` մինչև Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման հարցերով փորձագետների կոմիտեի կողմից վերոնշյալ հարցի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպություններում (երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ) գործադուլ անելու ընթացքում պետք է ապահովվեն նվազագույն պայմաններ (ծառայություններ), որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի (կենսականորեն անհրաժեշտ) կարիքները բավարարելու համար: Նվազագույն պայմանները սահմանում են համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ պայմանների կատարումն ապահովում են գործադուլը ղեկավարող մարմինը, գործատուն և նրանց նշանակած աշխատողները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված է, որ արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ: Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, որում գործադուլին մասնակցելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմք նախատեսված չէ: Հետևաբար, գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը այդ հիմքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն`

1. Գործադուլին մասնակցությունը կամավոր է: Որևէ մեկին չի կարող պարտադրվել մասնակցելու գործադուլի կամ հրաժարվելու դրանից: Աշխատողին գործադուլի մասնակցելու կամ դրանից հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:

Գործադուլը դադարեցնելու վերաբերյալ կողմերի բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակիորեն աշխատավարձ վճարելու վերաբերյալ:

3. Գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ` ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն`

1. Գործադուլ հայտարարվելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում գործատուն իրավունք չունի`

1) խոչընդոտելու բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը.

2) հրաժարվելու աշխատողներին աշխատանք տրամադրելուց.

3) գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկելու կարգապահական պատասխանատվության:

2. Գործադուլի ժամանակ գործատուն իրավունք չունի գործադուլին մասնակցող աշխատողների փոխարեն ընդունելու նոր աշխատողներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 80-րդ հոդվածի կարգավորումները տարածվում են ինչպես արհեստակցական միության անդամ հանդիսացող, այնպես էլ չհանդիսացող աշխատողների վրա:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41.2-րդ հոդվածի համաձայն` գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆԸ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն

Աշխատանքային պայմաններ, աշխատանքի կազմակերպումը և աշխատանքային միջավայր: «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`

1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը):

Եթե կազմակերպությունում բացակայում է (են) արհեստակցական միությունը (միությունները), կամ գոյություն ունեցող արհեստակցական միություններից որևէ մեկը չի միավորում կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):

Կազմակերպությունում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի) առկայությունը չպետք է խոչընդոտի արհեստակցական միությունների գործառույթների իրականացմանը:

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

2. Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

Աշխատանքային օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն`

1. Աշխատողների կոլեկտիվը կազմում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող բոլոր աշխատողները:

Աշխատողների կոլեկտիվն իր որոշումներն ընդունում է աշխատողների ժողովում (համաժողովում):

2. Աշխատողների ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է գործատուի մոտ աշխատողների կեսից ավելին, իսկ համաժողովը` աշխատողների ընտրած պատվիրակների երկու երրորդից ավելին:

3. Աշխատողների ժողովի (համաժողովի) որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է ժողովի (համաժողովի) մասնակիցների (պատվիրակների) կեսից ավելին, բացառությամբ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի:

4. Աշխատողների ժողովի մասնակիցների (համաժողովի պատվիրակների) ձայների մեծամասնությամբ կայացված որոշմամբ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշումները կարող են ընդունվել գաղտնի քվեարկությամբ:

5. Աշխատողների կոլեկտիվն իր որոշումները կարող է ընդունել նաև կազմակերպության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հրավիրված ժողովներում` քվեարկությամբ ստացված ձայների հանրագումարով:

Աշխատողների ներկայացուցիչների իրավունքները սահմանված են Աշխատանքային օրենսգրքի 25-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասով աշխատողների ներկայացուցիչներին իրավունք է վերապահված.

. գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ.

. կազմակերպությունում վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը.

. աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ կազմակերպությունում իրականացնելու ոչ պետական վերահսկողություն.

. կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով.

. գործատուին ներկայացնելու առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի վկայակոչված հոդվածով միաժամանակ նախատեսված է, որ աշխատողների ներկայացուցիչներին կոլեկտիվ պայմանագրով կարող են վերապահվել օրենսդրությանը չհակասող լրացուցիչ իրավասություններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ գործատուն պարտավոր է`

1) հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները և չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ.

2) խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ստանալ նրանց համաձայնությունը.

3) ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը սեղմ ժամկետներում.

4) ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, քննարկել աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները և տալ գրավոր պատասխաններ.

5) աշխատողների ներկայացուցիչներին անվճար տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ` աշխատանքին վերաբերող հարցերի վերաբերյալ.

6) կատարել կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ պարտականություններ.

7) ապահովել աշխատողների ներկայացուցչի` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում իրականացվում է սոցիալական գործընկերության շրջանակներում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը գործատուի և տվյալ կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների միջև կնքված գրավոր համաձայնություն է հետևյալ պայմանների վերաբերյալ.

1) աշխատանքի վարձատրության պայմաններ, աշխատանքի վարձատրության կարգավորման մեխանիզմներ` հաշվի առնելով սղաճի մակարդակ և գների աճ.

2) աշխատանքի պայմաններ.

3) աշխատաժամանակ և հանգստի ժամանակ (ներառյալ արձակուրդների տրամադրում և դրանց տևողություն).

4) աշխատողների թվաքանակի կրճատման կարգ և պայմաններ, երաշխիքներ կրճատումների դեպքերում.

5) աշխատանքի անվտանգության և հիգիենայի պայմաններ.

6) արտադրության էկոլոգիական անվտանգության և աշխատողների առողջության պահպանման պայմաններ.

7) աշխատողների` մասնագիտություն ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու և վերաորակավորվելու պայմաններ.

8) այնպիսի երաշխիքներ և հատուցումներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.

9) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրա կատարման նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու կարգ.

10) կոլեկտիվ պայմանագիրը չկատարելու համար պատասխանատվություն.

11) կոլեկտիվ աշխատանքային վեճերի դեպքում աշխատողների և գործատուների կողմից պահանջների ներկայացման կարգն ու ժամկետներ.

12) կոլեկտիվ վեճերից, գործադուլներից խուսափելուն ուղղված սոցիալական գործընկերության միջոցառումներ.

13) կողմերի համաձայնությամբ` այլ հարցեր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն`

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերն են կազմակերպության աշխատողների կոլեկտիվը` ի դեմս կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչի, և գործատուն` ի դեմս կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի:

2. Կազմակերպությունում աշխատողների մեկից ավելի ներկայացուցիչների առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է աշխատողների ներկայացուցչական միասնական մարմնի և գործատուի միջև:

3. Աշխատողների ներկայացուցչական միասնական մարմինը ստեղծում են աշխատողների ներկայացուցիչները` համապատասխան բանակցությունների միջոցով: Աշխատողների ներկայացուցիչների համաձայնության բացակայության պատճառով աշխատողների միասնական ներկայացուցչական մարմին չստեղծվելու դեպքում միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում ընդունում է աշխատողների ժողովը (համաժողովը):

4. Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության պատճառով աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը փոխանցված լինելու դեպքում կոլեկտիվ պայմանագրի կողմերն են գործատուն և համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությունը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը մշակվում է կոլեկտիվ բանակցությունների արդյունքում և ներկայացվում է աշխատողների ժողովի քննարկմանը:

ՀՀ, աշխատանքային օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են կողմերը կամ այդ նպատակով նրանց լիազորած ներկայացուցիչները:

Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կողմերի ներկայացուցիչները կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետու են աշխատողների ժողովին (համաժողովին): Հաշվետվության ներկայացման կարգը և ժամկետները սահմանվում են կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցերը հաստատում է գործատուն, իսկ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով այն համաձայնեցնում է կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը ստորագրած մարմնի հետ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 253-րդ հոդվածի համաձայն` գործատուն պարտավոր է աշխատողներին տեղեկացնել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին և խորհրդակցել նրանց հետ: Գործատուն պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին: Գործատուն կարող է ստեղծել կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այս առումով պետք է ընդգծել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով միաժամանակ սահմանված է, որ կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են սույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն (Աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 262-րդ հոդվածով սահմանված է, որ աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների սահմաններում հսկողություն և վերահսկողություն են իրականացնում պետական լիազորված մարմինները:

Առողջության և անվտանգության պաշտպանություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ գործատուները և աշխատողները կարող են ձեռք բերել աշխատանքային իրավունքներ և պարտականություններ, փոփոխել կամ հրաժարվել դրանցից և պաշտպանել դրանք իրենց ներկայացուցիչների միջոցով: Գործատուների և աշխատողների ներկայացուցչությունը կարող է իրականացվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային հարաբերություններում: Օրենսգրքի վկայակոչված հոդվածում ամրագրված է, որ ներկայացուցչությունն անհատական աշխատանքային հարաբերություններում կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի կարգավորումների համաձայն` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Այսինքն աշխատանքային պայմանների վերաբերյալ կողմերի համաձայնության գալու պահանջն ամրագրվում է նաև աշխատանքային պայմանագրում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 253-րդ հոդվածի համաձայն` գործատուն պարտավոր է աշխատողներին տեղեկացնել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին և խորհրդակցել նրանց հետ: Գործատուն պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին: Գործատուն կարող է ստեղծել կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի թիվ 1007-Ն որոշմամբ: Նշված կարգով սահմանվում են կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության նպատակները, աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգը:

Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության նպատակը և խնդիրները: Գործատուն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 253-րդ հոդվածի և սույն կարգի համաձայն ստեղծելու կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով:

Նշված հանձնաժողովի գործունեության նպատակը կազմակերպությունում աշխատողների մասնակցության ապահովումն է մասնագիտական ռիսկերի դիտարկման, առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման ու պահպանման կանխարգելիչ միջոցառումների պլանավորման և կազմակերպման, ինչպես նաև աշխատողների առողջական վիճակի վերլուծության աշխատանքներին:

Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության նպատակի իրագործմանն ուղղված խնդիրներն են`

ա) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կանխարգելիք միջոցառումների պլանավորման, կազմակերպման ու իրականացման գործում գործատուին աջակցելը.

բ) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հարցերի մասին աշխատողների իրազեկմանն օժանդակելը.

գ) անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ աշխատողների մեծամասնության կարծիքի ձևավորումն ու ներկայացումն ապահովելը.

դ) կազմակերպությունում աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների ներդրման աշխատանքներում գործատուին աջակցելը:

Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովը ձևավորվում է գործատուի, արհեստակցական միության և աշխատողների կողմից հավասար թվով լիազորված ներկայացուցիչներից:

Նշված հանձնաժողովի անդամների թիվը որոշվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բայց ոչ պակաս վեց մարդուց, ելնելով կազմակերպության աշխատողների թվից և այլ առանձնահատկություններից:

Արհեստակցական միության և աշխատողների կողմից լիազորված ներկայացուցիչներն առաջադրվում են համապատասխանաբար արհեստակցական միության անդամներից ու աշխատողների կոլեկտիվից և ընտրվում արհեստակցական միության ու աշխատողների կոլեկտիվի ընդհանուր ժողովներում:

Գործատուի ներկայացուցիչները նշանակվում են գործատուի կողմից` հրամանով կամ կարգադրությամբ:

Նշված հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել կազմակերպության աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնատար անձը:

Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով Հանձնաժողովի կազմը հաստատվում է գործատուի հրամանով կամ կարգադրությամբ:

Հանձնաժողովի որևէ անդամի` իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրա փոխարեն ընտրվում է նոր անդամ` սույն կարգին համապատասխան:

Գործատուն կարող է չընդունել վերոնշյալ հանձնաժողովի որոշումը: Այդ դեպքում գործատուն հանձնաժողովի որոշումը չընդունելու հիմնավորումը ներկայացնում է հանձնաժողովին` ընդունելի տարբերակ մշակելու նպատակով:

Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կազմակերպության ներքին իրավական ակտերով և սույն կարգով:

Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են իր կանոնակարգին համապատասխան կամ անհրաժեշտությունից ելնելով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է իր կանոնակարգի համաձայն, որը հաստատվում է հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` դրան մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Քվեարկությունն անցկացվում է բաց: Հանձնաժողովն իր նիստերին կարող է մասնակից դարձնել կազմակերպության ստորաբաժանումների պատասխանատու աշխատողներին:

Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովը`

ա) գործատուից ստանում է տեղեկատվություն արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վտանգավոր ու վնասակար գործոնների մասին.

բ) աշխատողների դիմումների և առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև աշխատողների հարցումների միջոցով տեղեկացնում է աշխատատեղերում գործատուի կողմից իրականացվող աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման միջոցառումների իրականացման մասին.

գ) ստացված տեղեկատվության հիման վրա գործատուին ներկայացնում է առաջարկություն այլ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով լրացուցիչ հետազոտությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ.

դ) աջակցում է գործատուին և պետական լիազորված մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրական դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքերի ծառայողական քննության գործընթացին.

ե) մասնակցում է կազմակերպությունում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման վերաբերյալ ուսուցման կազմակերպմանը.

զ) պարբերաբար, բայց առնվազն տարեկան մեկ անգամ աշխատանքային կոլեկտիվին ներկայացնում է իր գործունեության մասին հաշվետվություն:

Սոցիալական և սոցիալ-մշակութային ծառայությունների և հարմարությունների կազմակերպումը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն` գործատուին ներկայացնելու առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման վերաբերյալ:

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միության նպատակներից է գործատուին աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը: Նշված պայմանները կարող են վերաբերել օրինակ աշխատողների հանգստանալու, երեխաներին կրծքով կերակրելու սենյակների կահավորմանը և այլն:

Կիրարկումը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության շրջանակներում (որն իրականացվում է աշխատողների ներկայացուցիչների կամ գործատուների (գործատուների ներկայացուցիչների) կողմից) Աշխատանքային օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն` գործատուի և նրա լիազորած անձանց` կազմակերպությունում ՀՀ օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով: Աշխատանքային օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները, օրենսդրության պահանջները կամ պայմանագրերի նորմերը խախտելու դեպքերում գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան` աշխատողների ներկայացուցչի անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով:

ՀՀ աշխատանքային պայմանների, աշխատանքի կազմակերպման և աշխատանքային միջավայրի սահմանմանն աշխատողների ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ կարգավորումները ներկայացված են Աշխատանքային Օրենսգրքի հոդված 22-ի «Աշխատանքային պայմաններ, աշխատանքի կազմակերպումը և աշխատանքային միջավայր» բաժնում տրված տեղեկատվության մեջ, որոնց չպահպանման դեպքում ևս օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով:

Աշխատողները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն, իրավունք ունեն պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները` դիմելով դատարան կամ աշխատողների ներկայացուցիչներին: Մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.

5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով.

6) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

8) վնասի հատուցում ստանալով.

9) տուգանք (տուժանք) բռնագանձելով.

10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Տեսչական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել էին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության և հաստատվել էր տեսչության կանոնադրությունը:

ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 444-Ն որոշմամբ` 2017 թվականի օգոստոսի 21-ից տեսչությունը լուծարվել է և ստեղծվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին: 444-Ն Որոշմամբ հաստատվել է նաև տեսչական մարմնի կանոնադրություն, որի 11-րդ կետի 10-13-րդ ենթակետերով սահմանվել են տեսչական մարմնին վերապահված հետևյալ գործառույթները`

«10. աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողության իրականացումը, որը ներառում է`

ա. աշխատատեղում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների, այդ թվում` աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը ու վերլուծումը,

գ. աշխատանքային օրենսդրության և այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը` համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը,

դ. մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ե. աշխատողների կյանքին կամ առողջությանն սպառնացող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանում, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը` մինչև խախտումների վերացումը.

11) իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականներ տալը` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար.

12) առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

13) առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի` Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 41.1-րդ հոդվածի համաձայն` «Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար»:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2018
N 1
Արձանագրային որոշում