Սեղմել Esc փակելու համար:
«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ...

 

 

326.0025.260118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32618031

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 հունվարի 2018 թվականի N 25-Ն

 

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների անցկացման հրահանգը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտորին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների նախարարի

2018 թվականի հունվարի 15-ի

թիվ 25-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հրահանգը մշակված է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան և կարգավորում է`

1) ելակետային շրջան դուրս գալուց հետո ստորաբաժանման հրամանատարի, նրա տեղակալների, շտաբի, շտաբի ծառայողների, ծառայությունների պետերի, ստորաբաժանումների հրամանատարների գործողությունները և պարտականությունները.

2) համակցված խոցման կամ այլ օջախներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների նախապատրաստման ու իրականացման հարցերը.

3) պարետային ծառայության կազմակերպումը.

4) ախտահարման օջախ ստորաբաժանումների տեղաշարժման և մուտքի կազմակերպումը:

2. Սույն հրահանգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ելակետային շրջան` վայր, որտեղ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հետագա մարտական առաջադրանք կատարելու համար կենտրոնացվում են համապատասխան ստորաբաժանումներ.

2) համակցված խոցման օջախ` տարածք (օբյեկտ), որտեղ երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, օդերևութաբանական բնական երևույթների և տեխնածին վթարների առաջացման և/կամ հակառակորդի կողմից կիրառված տարատեսակ զինատեսակների (հրաձգային, պայթուցիկ, միջուկային, քիմիական, ռադիոակտիվ, մանրէաբանական) կիրառման հետևանքով տեղի է ունեցել մարդկանց, օբյեկտների համակցված խոցում և ստեղծվել է փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտություն:

 

ԳԼՈՒԽ 2. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՇՏԱԲԻ, ՇՏԱԲԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ, ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Ստանալով ելակետային շրջան դուրս գալու խնդիր (ազդանշան) ստորաբաժանման հրամանատարը տալիս է անհրաժեշտ ցուցումներ երթին նախապատրաստվելու ուղղությամբ, բացատրում է խնդիրը, գնահատում է իրավիճակը, ընդունում է երթի դուրս գալու որոշում և ենթականերին տալիս հրաման:

4. Հրամանատարի երթի դուրս գալու հրամանի հիման վրա շտաբը կատարում է ստորաբաժանման ելակետային շրջան առաջանցման հաշվարկ, խնդիրները հասցնում է ստորաբաժանումներ, ապահովում է ելակետային շրջան նրանց դուրս գալու և առաջանցման ապահովման միջոցառումների կատարման նկատմամբ հսկողություն: Անհրաժեշտության դեպքում, նախքան ստորաբաժանման երթի դուրս գալը, ուղարկվում է տեղազննման խումբ` երթուղու և ելակետային շրջանի հետախուզության նպատակով: Տեղազննման խմբի պետը ստորաբաժանման շտաբի պետին զեկուցում է տեղազննման արդյունքների մասին:

5. Ժամանելով ելակետային շրջան` ստորաբաժանման հրամանատարը ճշգրտում է որոշումը, ստորաբաժանումներին տալիս նշանակված շրջանների զբաղեցման հրաման և դրանց ինժեներական սարքավորման մասին կարգադրություն, կազմակերպում է հնարավոր ախտահարման օջախներում ստորաբաժանումների նախապատրաստումը և փրկարարական աշխատանքների իրականացումը:

6. Զբաղեցնելով ելակետային շրջանը` ստորաբաժանման հրամանատարը վերադասին, պետին զեկուցում է նրա օպերատիվ ենթակայության տակ անցնելու մասին:

7. Ստորաբաժանման հրամանատարը ճշգրտում է ելակետային շրջանում անցկացված տեղազննման արդյունքները` շրջանի ուսումնասիրման, ինչպես նաև ստորաբաժանումների գտնվելու վայրերի և երթուղիների որոշման համար:

8. Ստորաբաժանումների ելակետային շրջան ժամանելով` հրամանատարը սահմանում է անձնակազմի և տեխնիկայի տեղաշարժման հստակ կարգ, որոշում է ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզության, պահպանության խնդիրները, ինչպես նաև տալիս է ցուցումներ` ելակետային շրջանում ստորաբաժանումների գտնվելու դեպքում ապահովման միջոցառումների իրականացման և առաջիկա գործողություններին պատրաստվելու ուղղությամբ:

9. Ստորաբաժանման օպերատիվ ենթակայության մասին կարգադրություն ստանալով` հրամանատարը դիմում է օպերատիվ ենթակայության հանձնված քաղաքացիական պաշտպանության պետին, զեկուցում է ստորաբաժանումների տեղակայման վայրի, կազմի, մարտական պատրաստականության և խնդիրների կատարման հնարավորությունների մասին, ճշտում է աշխատանքային տեղամասերը, կցված կազմավորումների կազմը և հնարավորությունները, կառավարման կազմակերպումը և ստորաբաժանումների գործողությունների նախապատրաստման միջոցառումները:

10. Ստորաբաժանումների հրամանատարները վերադասի, պետի որոշման հիման վրա ճշգրտում են ստորաբաժանմանը կցված կազմավորումների տեղակայման վայրը և կազմը, պատրաստվածության աստիճանները և հնարավորությունները, որոշում են խնդիրները և դրանց կատարման կարգը, անձնակազմին հասցնում են ազդարարման ազդանշանները և դրանցով գործելու կարգը, կազմակերպում են փոխգործողություն, համակողմանի ապահովում և դրանցով կառավարում:

11. Ստորաբաժանմանը կցված կազմավորումները և այլ ուժերն ու միջոցներն անցնում են ստորաբաժանման հրամանատարի լրիվ ենթակայության տակ և կատարում են իրենց առջև դրված առաջադրանքները լրիվ ծավալով կամ մինչև նշված ժամկետը:

12. Ստորաբաժանման շտաբը հրամանատարի ցուցումների հիման վրա կազմակերպում է ելակետային շրջանի հետախուզություն, պահպանություն, ճառագայթային քիմիական և մանրէաբանական պաշտպանություն, ինժեներական աշխատանքներ, հիդրոօդերևութաբանական, տեխնիկական, թիկունքի և ապահովման այլ տեսակներ, ինչպես նաև անցկացնում է ստորաբաժանումների և կցված կազմավորումների առաջիկա գործողությունների նախապատրաստման միջոցառումներ:

13. Դրված խնդիրները ստորաբաժանումների կողմից ժամանակին և լրիվ կատարման ապահովման համար շտաբը հսկում է`

1) ժամանակին ստորաբաժանումների կողմից հրամանների և կարգադրությունների ստացումը.

2) ենթակաների ընդունած որոշումների բովանդակությունը և այդ որոշումների համապատասխանությունը հրամանատարի առաջադրած խնդրին.

3) խնդիրները լուծելիս հետախուզության, պահպանության և պարետային ծառայության գործողությունները.

4) Ախտահարման օջախներում ստորաբաժանումների պատրաստականությունը գործողություններին, ազդանշանների և դրանցով գործելու կարգի անձնակազմի իմացությունը.

5) համակողմանի ապահովման միջոցառումների անցկացումը:

14. Ստորաբաժանման հրամանատարի որոշման հիման վրա կազմակերպվում է համակողմանի ապահովում:

15. Ստորաբաժանումների տեղաշարժումն ու տեղակայումը իրականացվում է իրենց ուժերով, իսկ անձնակազմի հատուկ պատրաստություն և հատուկ տեխնիկայի կիրառում պահանջող առավել բարդ միջոցառումները` հատուկ մասնագիտացված ուժերի և թիկունքի համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ:

16. Ապահովումն անցկացվում է անընդմեջ` ինչպես նախապատրաստման, այնպես էլ գործողությունների ընթացքում:

17. Ելակետային շրջանում մասերի և ստորաբաժանումների կառավարումը բոլոր աստիճանների հրամանատարներն իրականացնում են անձնական շփման միջոցով և շարժական ու լարային կապի միջոցներով:

18. Ստորաբաժանման հրամանատարը ստորաբաժանումները ղեկավարում է շտաբի ծառայողների միջոցով:

19. Ախտահարման օջախներում առաջիկա գործողություններին ստորաբաժանումների նախապատրաստման ընթացքում ստորաբաժանման հրամանատարը, նրա տեղակալները, շտաբի ծառայողները, ծառայությունների պետերը, ստորաբաժանումների հրամանատարները պարտավոր են`

1) գնահատել հակառակորդի հարվածների հնարավոր հետևանքները, փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ծավալները և իրականացման պայմանները.

2) նախապատրաստել տեխնիկան, տեխնիկական միջոցներն ու գույքը` խոցման օջախներում կիրառելու համար.

3) մշակել ստորաբաժանումների և կցված կազմավորումների հետ փոխգործողությունների կարգը.

4) ուսումնասիրել ազդարարման ազդանշանները և դրանցով գործելու կարգը, խնդիրների կատարման եղանակները և միջոցները, ինչպես նաև խոցման օջախներում գործողությունների դեպքում անվտանգության միջոցները.

5) կազմակերպել ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների ապահովումը:

20. Փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման կարգադրությունը` կոնկրետ խնդիրների և աշխատանքային տեղամասերի նշմամբ, ստորաբաժանման հրամանատարը ստանում է այն պետից, ում օպերատիվ ենթակայության տակ է գտնվում:

21. Ստորաբաժանման հրամանատարը, հաշվի առնելով գործողությունների պլանը և պետի որոշումը, կոնկրետ իրավիճակը, ինչպես նաև ժամանակի առկայությունը, սահմանում է ախտահարման օջախներում ստորաբաժանումների գործողություններին նախապատրաստվելու միջոցառումների հերթականությունը և իրականացման ժամկետները:

22. Ստորաբաժանման հրամանատարը, ստանալով խնդիրը, ճշգրտում է այն, գնահատում իրավիճակը, ընդունում փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշում և երթևեկության ապահովման ջոկատներին տալիս է գործելու կարգադրություն, ստորաբաժանումների գործելու հրաման և կազմակերպում է փոխգործողության ապահովում և կառավարում:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՄԱԿՑՎԱԾ ԽՈՑՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

23. Համակցված ախտահարման օջախներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացվում են ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի բարդ պայմաններում, ներկայացնելով միմյանցից տարբեր միջոցառումների միաժամանակյա իրականացում, որոնք ընդգրկում են`

1) համալիր հետախուզության անընդհատ իրականացում.

2) ախտահարման օջախի մեկուսացում և վարակի տարածման կանխում, ապագազացման, ապաակտիվացման և ախտահանման միաժամանակյա իրականացում.

3) քիմիական, ճառագայթային ազդեցություններից և մանրէաբանական վարակումից անձնակազմի պաշտպանություն.

4) առավելագույն կարճ ժամանակում խոցվածներին տարաբնույթ բժշկական օգնության ցուցաբերում.

5) շտապ և առանձնահատուկ կանխարգելիչ աշխատանքների կատարում.

6) ճառագայթային, քիմիական, մանրէաբանական բարդ պայմաններում աշխատելու համար նախատեսված տարբեր ստորաբաժանումների միաժամանակյա կամ հաջորդական ընդգրկում:

24. Հետախուզության հիմնական խնդիրներն են`

1) ճառագայթային, քիմիական և մանրէաբանական ախտահարման գոտիների ժամանակին հայտնաբերումը.

2) ճառագայթման մակարդակի, թունավոր նյութերի տեսակների և բաղադրության, վարակիչ հիվանդությունների հարուցիչների որոշումը.

3) ախտահարման օջախներում և ստորաբաժանումների տեղաբաշխման ուղիներում խնայող գործոնների ազդեցության բնութագրերի որոշումը.

4) ախտահարման օջախներում մարդկանց վիճակի պարզաբանումը:

25. Քիմիական պաշտպանության ստորաբաժանումները հիմնական ուժերը կենտրոնացնում են հետևյալ աշխատանքների կատարմանը`

1) ճառագայթային, թունավոր նյութերի և մանրէաբանական միջոցառումների ախտահարման տեղամասերի որոշում.

2) տարահանման, ստորաբաժանումների տեղաշարժման ուղիների, շրջանցանելի և աշխատանքների կատարման տեղամասերի ապաակտիվացում, ապագազացում և ախտահանում.

3) ախտահարված տարածքների ապաակտիվացում, ապագազացում և ախտահանում:

26. Բժշկական ստորաբաժանումները համակցված խոցման օջախներում տուժածներին և/կամ խոցվածներին ցուցաբերում են առաջին բժշկական օգնություն: Այդ ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում տուժածների և/կամ խոցվածների տեսակավորմանն ու կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների խստորեն պահպանմանը: Փոխադարձ վարակվելը բացառելու նպատակով տուժածները և/կամ խոցվածները բաշխվում են ըստ հոսքերի և առանձին խմբերի: Վարակիչ հիվանդություններով վարակվածներին ժամանակին հայտնաբերելու և մեկուսացնելու համար տուժածները և/կամ խոցվածները ենթարկվում են բժշկական զննության:

27. Մեխանիզացված ստորաբաժանումները համակցված ախտահարման օջախներում ներգրավում են կոմունալ-էներգետիկ և տեխնոլոգիական ցանցերի անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, տեղաշարժման ուղիների անցումային հնարավորությունների և տեղամասերի վերակազմակերպման համար:

28. Մեխանիզացված ստորաբաժանումները կարող են ներգրավել խոցվածների որոնման, տեղափոխման, կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներում:

29. Ստորաբաժանումների հերթափոխն իրականացվում է հանձնարարված խնդիրների լուծմանը համապատասխան կամ անձնակազմի կողմից ճառագայթման սահմանված բաժնեչափով ճառագայթահարման դեպքում:

30. Հերթափոխից հանված ստորաբաժանումը դուրս է բերվում արտակարգ իրավիճակների վայրից, որտեղ իրականացվում է լրիվ սանիտարական մշակում:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՐԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

31. Հրամանատարի որոշման և վերադաս շտաբի կարգադրության համաձայն` կազմակերպվում է պարետային ծառայություն` ստորաբաժանումների տեղաշարժի կարգի պահպանման և կարգավորման, տեղաշարժման ընթացքի հսկողության, քողարկման միջոցների պահպանման, երթուղիների պահպանության, հետ մնացած մարդկանց, տեխնիկայի և տրանսպորտային միջոցների հավաքի, ինչպես նաև այլ խնդիրների լուծման նպատակով:

32. Պարետային ծառայությունն իրականացվում է տեղաշարժման երթուղիներում, ստորաբաժանումների տեղակայման շրջաններում, ախտահարման օջախներում, վարակվածության գոտիներում, ինչպես նաև ստորաբաժանումների տեղակայման շրջանում:

33. Պարետային ծառայության իրականացմանն ընդգրկվում են շտաբների ծառայողներ, տեղաշարժման, կապի, ճառագայթային և քիմիական հետախուզության, տարահանման անհրաժեշտ միջոցներով, ինչպես նաև ճանապարհային սարքավորումներով հաստիքային պարետային ստորաբաժանումներ: Անհրաժեշտության դեպքում ընդգրկվում են նաև այլ ստորաբաժանումներ:

34. Հսկիչ-անցագրային կետերը տեղակայվում են ճանապարհների առավել կարևոր հանգույցներում և խաչմերուկներում, ախտահարման օջախների սահմանների մոտ տեղաշարժման երթուղիներում: Հսկիչ-անցագրային կետերի միջանկյալներում և ախտահարման օջախ տանող երկրորդական ուղիներում անհրաժեշտության դեպքում տեղադրվում են շրջափակման կետեր և կազմակերպվում է պարեկություն:

35. Պարետային կետերը տեղադրվում են ստորաբաժանումների տեղակայման շրջաններում, ելակետերում, կարգավորման կետերում, գետնանցումներում, լեռնային անցումներում, երթուղիները կապող ուղիներում և ճանապարհների հանգույցներում:

36. Ճառագայթային, քիմիական և մանրէաբանական ախտահարման, ինչպես նաև լայնածավալ հրդեհների տեղամասերում երթուղիների վերականգնման դեպքում պարետային և տեղաշարժման կարգավորման կետերը տեղադրվում են վարակված տեղամասի մուտքի առաջ և ելքում, երթուղիները նշվում են ցուցանակներով և ճանապարհային նշաններով:

37. Երթևեկության կարգավորման կետերը տեղադրվում են փողոցների խաչմերուկներում, ճանապարհների հանգույցներում, երկաթուղային գծանցումներում, գետնանցումներում, ինչպես նաև երթևեկության խաթարման կամ հնարավոր դժվարանցանելիության կետերում:

38. Հրամանատարի ցուցումով կարևոր օբյեկտներում և կառույցներում տեղադրվում են պահպանության կետեր:

39. Հսկիչ-անցագրային կետերի, երթևեկության կարգավորման և պարետային կետերի մոտակայքում պարետային վերակարգի անձնակազմի պատսպարման համար սարքավորվում են ծածկված դիտանցքեր, հնարավորության դեպքում` հակաճառագայթային թաքստոցներ:

40. Պարետային ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների հետ համաձայնեցված:

41. Պարետային ծառայության ծավալումն անցկացվում է նախօրոք, մինչև փրկարարական ուժերի դուրս գալը նշված երթուղի կամ նշված շրջան, իսկ հավաքը` հատուկ կարգադրությամբ կամ դրված խնդիրների լուծումից հետո:

42. ՈՒժեր և միջոցներ չբավարարելու դեպքում, ինչպես նաև սահմանափակ ժամանակում պարետային ծառայությունը ծավալվում է հերթականությամբ` սահմանված կետերն անցնելուն համընթաց կամ նշված շրջաններ ժամանելուն պես:

 

ԳԼՈՒԽ 5. ԱԽՏԱՀԱՐՄԱՆ ՕՋԱԽ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

43. Ստորաբաժանման տեղաշարժման կարգը խոցման օջախ կախված է` տեղաշարժման երթուղիների քանակից, դրանցում տիրող իրավիճակից և իրականացվում է հրամանատարի կողմից ընդունված որոշման համապատասխան:

44. Տեղաշարժման ընթացքում հրամանատարները, շտաբները և ծառայությունները պետք է անցկացնեն հետախուզություն, իմանան ստորաբաժանումների և ենթակայության հանձնված կազմավորումների կարգավիճակը, պահպանեն սահմանված կարգը և շարժման արագությունը, ճշգրտեն ենթակաների խնդիրները և հսկեն դրանց կատարումը:

45. Հետախուզությունը երթուղիների վրա և խոցման օջախներում որոշում է տեղանքի վարակվածության առկայությունն ու մակարդակը, փլուզումների, ջրածածկումների և հրդեհների բնույթը, տուժածների գտնվելու վայրը, նրանց փրկության վրա ազդող պայմանները: Իրավիճակի մասին տվյալներն անմիջապես զեկուցվում են հրամանատարին, շտաբ և շարժումն ապահովող ջոկատի հրամանատարին:

46. Հետախուզական ստորաբաժանումներն իրականացնում են հետախուզություն համագործակցելով համայնքի և օբյեկտի հետախուզական կազմավորումների, ինչպես նաև լաբորատոր հսկողությունն իրականացնող կազմակերպությունների, իսկ անհրաժեշտության դեպքում` ճառագայթային, քիմիական և մանրէաբանական մոնիտորինգ իրականացնող խմբերի հետ:

47. Հիմնական ուժերի տեղաշարժը դեպի ախտահարման օջախ ապահովվում է այն իրականացնող ջոկատների արագ և վճռական գործողությունների շնորհիվ, որոնք ուղարկվում են ախտահարման օջախ մինչև ստորաբաժանումների տեղաշարժի կազմակերպումը:

48. Ջոկատների շարժումն ապահովող ուժերը և միջոցները երթուղիների տեղամասերի միջև բաշխվում են այնպես, որ նախ և առաջ ապահովվի գլխավոր ուժերի անարգել տեղաշարժը երթուղու փլուզված հատվածներով:

49. Համաձայնեցնելով քաղաքացիական պաշտպանության պետի հետ` անհրաժեշտության դեպքում երթուղիների վերականգնմանը ներգրավում են տեղական ուժեր և միջոցներ:

50. Տեղաշարժն ապահովող ջոկատը շարժվելով նշված երթուղիով, իրականացնում է հետախուզություն, վերականգնում է ճանապարհի փլուզված հատվածները, անհրաժեշտության դեպքում ապահովում է փլատակները, հրդեհի օջախները, ռադիացիայի բարձր մակարդակ ունեցող գոտիները շրջանցող նոր երթուղիներ, վերականգնում է ջրային խոչընդոտների վրայով անցումներ, ախտահանում է ճանապարհի առանձին հատվածներ, մեկուսացնում և մարում հրդեհը, հարմարեցնում անցումը փլուզված տարածքով, ամրացնում կամ քանդում շենքերի և շինությունների այն կոնստրուկցիաները, որոնք կարող են փլուզվել:

51. Ժամանակավոր ճանապարհների շինարարությունն իրականացնում է շարժումն ապահովող ջոկատը, հնարավորության սահմաններում շրջանցելով հիմնական փլվածքները` այգիներով կամ լայն փողոցներով:

52. Ժամանակավոր ճանապարհները կառուցվում են` 6-6.5 մ լայնությամբ, երկկողմանի շարժման նպատակով: Եթե երկկողմանի ճանապարհ կառուցելն անհնար է կամ կապված է մեծ աշխատանքների հետ, ապա շարժումը ապահովող ջոկատը կառուցում է երկու միակողմանի զուգահեռ ճանապարհ` 3-3.5 մ նվազագույն լայնությամբ: Դա իրականացնում են փողոցները ինժեներական տեխնիկական միջոցներով փլվածքների կտորներից մաքրելու, հարթեցնելու և ամրացնելու միջոցով:

53. Փողոցների մաքրումն իրականացվում է այն դեպքում, երբ փլուզման չափերը շատ տարածված չեն և բարձրությունը չի գերազանցում 0.5 մ:

54. Ջոկատի հրամանատարը ելնելով իրավիճակից ապահովում է շարժումը, պարզում է ստորաբաժանման խնդիրները և փլուզված տարածքում անցումների կառուցման ընթացքում`

1) իրականացնում է անցումների ուղղությունների ընտրություն.

2) հայտնաբերում, շրջափակում կամ փլուզում է փլուզման ենթակա շենքերը.

3) ապահովում է աշխատանքի ընթացքում անհրաժեշտ տեխնիկայի անխափան աշխատանքը.

4) իրականացնում է պայթեցման անվտանգ աշխատանքներ.

5) ապահովում է ցուցատախտակների առկայությունը:

55. Ժամանակավոր ճանապարհների կառուցման աշխատանքների ավարտից հետո շարժումն ապահովող ջոկատը կարող է ներգրավվել դեպի առավել կարևոր օբյեկտներ անցումների ապահովման կամ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների:

56. Ստորաբաժանման անխափան տեղաշարժն ապահովելու համար հրամանատարը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները և ժամանակին դուրս բերի ստորաբաժանումը աշխատանքի կատարման համար նախատեսված տեղամասեր:

57. Նախատեսված տեղամասեր հասնելու երթուղիներում խոչընդոտների արագ հաղթահարման ու կարճ ժամանակում հիմնական ուժերի ժամանումն ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում ավելացվում են տեղաշարժն ապահովող ջոկատի հնարավորությունները:

58. Աշխատանքի տեղամաս հասնելով` ստորաբաժանման հրամանատարը տեղում հստակեցնում է ստորաբաժանման և ենթակա կազմավորումների խնդիրները, ստորաբաժանումների գործողությունների կատարման հաջորդականությունը, աշխատող հերթափոխների կազմը և ժամանակը, կառավարման կետերի գտնվելու վայրը և հակառակորդի կրկնվող հնարավոր հարվածի և/կամ հնարավոր երկրորդային վտանգի առաջացման դեպքում անձնակազմի պատսպարման և/կամ հավաքատեղի խնդիրներն ու վայրը, հաստատում է ենթակա հրամանատարների կողմից ճշգրտված որոշումները:

59. Ստորաբաժանման կառավարման կետն ընտրվում է այն վայրերում, որը հարմար է ստորաբաժանումների փրկարարական աշխատանքներ իրականացնելու և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ղեկավարման ընթացքում:

60. Ստորաբաժանման կառավարման կետում հրամանատարի հետ որպես կանոն լինում են շտաբի պետը, շտաբի կազմը, ինժեներական, քիմիական, ճառագայթային, կենսաբանական, բժշկական ծառայությունները, աշխատանքների անվտանգությունն ապահովող խմբի ղեկավարը:

61. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների առավել օպերատիվ ղեկավարման համար այն մարմինները, որոնք ապահովում են ստորաբաժանումների համագործակցությունը շրջանի (օբյեկտի) քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ, հնարավորության դեպքում տեղակայվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության ղեկավարման կետերի մոտ:

62. Արտակարգ իրավիճակի վայր ինժեներատեխնիկական և մեխանիզացված ստորաբաժանումներ հասցնելու համար կառուցվում են անցումներ: Այդ աշխատանքներն իրականացնում են մեխանիզացված և ընդհանուր նշանակության ստորաբաժանումները, որոնք ապահովված են ինժեներատեխնիկական միջոցներով:

63. Անցումների կառուցման աշխատանքների իրականացմանը զուգընթաց ստորաբաժանման հրամանատարները կազմակերպում են տարածքների (օբյեկտների) հետախուզություն` պարզելու համար թաքստոցները, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ծավալն ու կատարման հաջորդականությունը:

64. Այն ստորաբաժանումները, որոնք ներգրավված չեն անցումների կառուցման աշխատանքներին, համապատասխան հրամանատարների ցուցումով շարժվում են աշխատանքային տեղամասեր (օբյեկտներ) և լուծում իրենց առջև դրված խնդիրները`

1) կիրառելով վթարափրկարարական տեխնիկական միջոցներ.

2) անհատական պաշտպանական միջոցներ.

3) բնակչության տարահանման անհապաղ իրականացում.

4) անձնակազմի սանիտարական մշակման կազմակերպում.

5) սննդամթերքի, ջրի և կերի վարակազերծում:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
15.01.2018
N 25-Ն
Հրաման