Սեղմել Esc փակելու համար:
«911» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«911» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԱՀԱԶԱ ...

 

 

326.0068.160218

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        02            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32618055

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 հունվարի 2018 թվականի N 68-Ն

 

«911» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԴԱՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 94-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) աշխատակազմի փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (այսուհետ` ՃԿԱԿ) «911» ծառայությունում օպերատիվ հերթափոխի կողմից քաղաքացիների և այլ անձանց ահազանգերի սպասարկման, տեղեկատվության ընդունման, գրանցման, փոխանցման, վերադաս հրամանատարների հրամանների, կարգադրությունների կատարման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետին` սահմանված ժամկետներում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների նախարարի

2018 թ. հունվարի 26-ի

թիվ 68-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ «911» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԴԱՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ` Ծառայություն) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (այսուհետ` ՃԿԱԿ) «911» ծառայության ահազանգման կենտրոնում (այսուհետ` ԱԿ) օպերատիվ հերթափոխի (այսուհետ` ՕՀ) կողմից ահազանգերի սպասարկման, տեղեկատվության ընդունման, գրանցման, փոխանցման, վերադաս հրամանատարների հրամանների, կարգադրությունների կատարման ընթացակարգերն ու առանձնահատկությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները`

1) արտակարգ դեպք, պատահար` շրջակա միջավայրում, մարդու գործունեության ոլորտում տեղի ունեցած իրադարձություն, որի հետևանքով խախտվել է որևէ բնականոն վիճակ կամ գործընթաց, ինչից առաջացել են (սպառնում է առաջանալ) այնպիսի հետևանքներ, որոնց կանխման, գնահատման և (կամ) վերացման համար ծագել է փրկարարական, ոստիկանության, բժշկական կամ այլ մասնագիտացված ծառայությունների ուժեր և (կամ) միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն.

2) արտակարգ դեպքի, պատահարի վայր` որոշակի տարածք, որտեղ ազդում (տարածվում) կամ ազդել են (տարածվել են) արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի խոցման գործոնները.

3) ոչ ստանդարտ դեպք, պատահար` մարդու գործունեության ոլորտում տեղի ունեցած իրադարձություն, որի առաջացումը, ծագումը պայմանավորված չի եղել արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքներով և (կամ) նրա խոցող գործոններով կամ տվյալ իրադարձության հետևանքով չեն առաջացել արտակարգ դեպքեր, պատահարներ (դրանց առաջացման սպառնալիք):

 

II. ԱԿ-ՈՒՄ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

3. Արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերն ու տեղեկատվությունն ընդունվում են ԱԿ-ի հերթապահ մասում` «911» հեռախոսահամարներին, ֆիքսված և ուղիղ հեռախոսակապերով, ռադիոկապով, «SMS» հաղորդագրություններով, ավտոմատացված ազդանշանային ու այլ համակարգերով:

4. Ահազանգերը գրանցվում են ահազանգի սպասարկման համար նախատեսված սույն կարգի 7-րդ գլխում բերված ձև 1 և ձև 5 ահազանգերի գրանցման ձևայնացված փաստաթղթերում (այսուհետ` բլանկ)` տվյալ ահազանգն սպասարկող պաշտոնատար անձի կողմից:

5. «911» օպերատորը (հրահանգիչ («911» դիսպետչերը)), ահազանգը սպասարկելուց հետո, լրացված բլանկը (առնչության մասով) ստորագրում է` ներկայացնելով ավագ դիսպետչերին, ով ստուգելով գրանցման և զետեղված տեղեկատվության ճշտությունը` ստորագրում է բլանկի համապատասխան հատվածում` ըստ հերթական համարի համարակալելով բլանկը, լրացնում տվյալ դեպքին առնչվող ի լրումն տեղեկատվությունը:

6. ԱԿ-ի մեկ այլ «911» օպերատորի մոտ ստացված նույն արտակարգ դեպքին, պատահարին առնչվող ահազանգերը գրանցվում են յուրաքանչյուրը նոր բլանկում և կցվում տվյալ արտակարգ դեպքին, պատահարին առնչվող առաջինը լրացված բլանկին:

7. Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը (այսուհետ` հրահանգիչ) ահազանգը սպասարկելուց հետո, ավարտուն լրացված բլանկն ըստ հերթական համարի համարակալում է, ստորագրում և ներկայացնում ավագ դիսպետչերին:

8. ԱԿ-ում արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման (առաջացման սպառնալիքի) վերաբերյալ ահազանգերի սպասարկումը և արձագանքման կազմակերպումն իրականացվում է սույն հավելվածում սահմանված կարգով:

9. ԱԿ-ում արտակարգ դեպքերի, պատահարների առաջացմանը, դրանց ուղղությամբ կազմակերպված արձագանքմանը, դեպքի վայրում հետևանքների վերացմանը, փրկարարական, կանխարգելիչ աշխատանքների իրականացմանը, ցուցաբերած հոգեբանական խորհրդատվությանը վերաբերող տեղեկատվությունը համակարգում է ավագ դիսպետչերը և սույն կարգի 7-րդ գլխում բերված ձև 2-ում սահմանված ձևաչափով գրանցում օրվա օպերատիվ տեղեկագրում:

10. Տեղեկատվությունն օպերատիվ տեղեկագրում լրացվում է հակիրճ, ԱԿ-ում գրանցման ժամանակագրական հերթականությամբ, ներառելով հետևյալ տարրերը`

1) ԱԿ-ում ահազանգի (տեղեկատվության) գրանցման ժամը.

2) ահազանգողի (տեղեկատվությունը, հաղորդագրությունը տրամադրողի) անունը, ազգանունը (ծառայությունը, պաշտոնը, կոչումը).

3) այլ ծառայությունում ահազանգի գրանցման ժամը (եթե ահազանգն առաջինը գրանցվել է այլ ծառայությունում).

4) ահազանգողից ստացված տեղեկատվությունը` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի առաջացման հասցեի (վայրի) և բնույթի, ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ահազանգողի` այս կամ այն կարգի օգնության դիմելու վերաբերյալ.

5) արձագանքման գործընթաց ներգրավված ստորաբաժանումները և նրանց մեկնման, կանչի վայր հասնելու և մշտական տեղակայման վայր վերադարձի ժամերը.

6) իրազեկված պաշտոնատար անձանց, ծառայությունների հերթապահների (դիսպետչերների) անունը, ազգանունը (ծառայությունը, պաշտոնը, կոչումը) և տեղեկատվության փոխանցման ժամերը.

7) կանչի հասցեում, վայրում ստեղծված իրական իրավիճակը (եթե այն տարբերվել է ահազանգողի կողմից նկարագրվածից, տրամադրվածից).

8) լրացուցիչ օգնություն պահանջելու կամ արտակարգ դեպքի, պատահարի բարդության աստիճանը փոխվելու դեպքում` օգնություն պահանջողի կամ բարդության աստիճանը փոխողի պաշտոնը, կոչումը, անուն, ազգանունը, ինչպես նաև պահանջվող օգնության տեսակը, բնույթը.

9) հետևանքների, խոցող գործոնների մեկուսացման (չեզոքացման), վերացման ժամերը.

10) հասցված վնասի բնութագիրը (տուժածների, զոհվածների անուն, ազգանուն, հայրանունները, ծննդյան տարեթվերը, գույքի, իրերի, առարկաների անվանումները (մակնիշը, պետհամարանիշը, կարգը, տեսակը, պատկանելիությունը` պարզված լինելու դեպքում), կենդանիների, բույսերի տեսակը, չափման միավորը.

11) ստորաբաժանումների, ղեկավարների ձեռնարկած լրացուցիչ միջոցառումները` հետևանքների մեղմացման, նվազեցման, վերացման ուղղությամբ, ինչպես նաև դրանց իրականացման ընթացքում առկա կամ առաջացած խոչընդոտները.

12) դեպքի վայր ժամանած պաշտոնատար անձանց պաշտոնները, կոչումները, անունները, ազգանունները:

11. Ավագ դիսպետչերը, ըստ տեղեկատվության գրանցման ժամանակագրական հերթականության, օպերատիվ տեղեկագրում գրանցված տեղեկատվությունը փոխանցում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետին (այսուհետ` ՕՀՊ) և (կամ) այն մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն (այսուհետ` ՄՃԿԿ), որի տարածքում գրանցվել է արտակարգ դեպքը, պատահարը, վտանգավոր տարերային երևույթը:

12. ՀՀ մարզերում գրանցված և Կենտրոնական ԱԿ - ում սպասարկված հոգեբանական խորհրդատվությանն առնչվող տեղեկատվությունը ՄՃԿԿ-ներ չի փոխանցվում:

13. Յուրաքանչյուր օրվա օպերատիվ տեղեկագիրը հերթապահության ընդունում հանձնումից առաջ ավագ դիսպետչերը վերջնական ստուգում է, լրացնում այլ ծառայություններին փոխանցված զանգերի քանակը, ստորագրում և հերթապահության ընդունման հանձնման ժամանակ` բլանկների հետ միասին, հանձնում ԱԿ-ի պետին:

14. ԱԿ-ի պետն ստուգում է օպերատիվ տեղեկագրի լրացման ճշտությունը, տեղեկատվության գրանցման համապատասխանելությունը սահմանված ձևաչափերին, բլանկների և օպերատիվ տեղեկագրում զետեղված արտակարգ դեպքերի, պատահարների թվաքանակի համապատասխանելիությունն ու ամփոփում է օպերատիվ տեղեկագիրը` նշելով

1) տվյալ հերթափոխի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, պատահարների, սոցիալ - կենցաղային բնույթի դեպքերի ընդհանուր քանակը.

2) արտակարգ դեպքերի, պատահարների, սոցիալ - կենցաղային բնույթի դեպքերի թվաքանակն ըստ բնույթի, դասի, ենթադասի և կազմակերպված արձագանքումների քանակը.

3) ավտոմատացված համակարգերով ստացված ահազանգերի և կազմակերպված արձագանքումների քանակը.

4) հրահանգչի սպասարկված ահազանգերի քանակը.

5) ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ - ի հերթապահ բժշկին (այսուհետ` ՀԲ) փոխանցված ահազանգերի քանակը.

6) կեղծ ահազանգերի քանակը.

7) ծառայությունները` ուր փոխանցվել է ԱԿ-ում գրանցված տեղեկատվությունը:

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված գործողությունների իրականացումից հետո մինչև ժամը 09:15-ն օպերատիվ տեղեկագրի էլ. տարբերակը փոխանցվում է ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետին և «911» ծառայության պետին, իսկ տպագրված օրինակը` ստորագրվում է ավագ դիսպետչերի կողմից և հանձնվում ԱԿ պետին:

16. Օպերատիվ տեղեկագրի փոխանցումն անհրաժեշտ ուղղություններով այս կամ այն պատճառով չհաջողվելու դեպքում` ԱԿ-ի պետը զեկուցում է «911» ծառայության պետին` վերջինիս փոխանցված չլինելու և դրա հավանական պատճառների մասին` ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ վերջիններիս բացահայտման և վերացման ուղղությամբ:

17. Հերթապահության ժամանակ օպերատիվ տեղեկագրի կամ օպերատիվ տեղեկագրում զետեղված որևէ տեղեկատվության տրամադրումը շահագրգիռ ծառայություններին և պաշտոնատար անձանց իրականացվում է ՃԿԱԿ պետի հրամանով:

18. ՃԿԱԿ պետի կարգադրությամբ օպերատիվ տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը կարող է ձևավորվել և առանձին տեղեկանքով փոխանցվել շահագրգիռ պաշտոնատար անձանց այլ պարբերականությամբ և ձևաչափերով:

19. Երբ անհրաժեշտություն է առաջացել օպերատիվ տեղեկագիրը լրացնել և փոխանցել շահագրգիռ անձանց այլ ժամերի կամ կոնկրետ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությամբ, տեղեկագրի համապատասխան տողում գրվում է այն ժամը, որի դրությամբ գրանցվել են պահանջվող տեղեկությունները:

20. Արտակարգ դեպքի, պատահարի մեկ ԱԿ-ի սպասարկման տարածքում գրանցվելու (առաջանալու, ծագելու), իսկ դրա վերաբերյալ ահազանգի` մեկ այլ ԱԿ-ում, ահազանգն ստացող ԱԿ-ի «911» օպերատորը`

1) սահմանված կարգով գրանցում է արտակարգ դեպքի, պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը.

2) կապ է հաստատում տվյալ տարածքն սպասարկող ԱԿ-ի հետ` փոխանցելով գրանցված տեղեկատվությունը, ինչպես նաև ինչ միջոցառումներ են իրականացվել ահազանգի սպասարկման ընթացքում (միացյալ ցանցի հիմնված լինելու դեպքում` ուղղում ահազանգը տվյալ ԱԿ):

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված դեպքերում արտակարգ դեպքի, պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը Ծառայության համապատասխան ՄՃԿԿ փոխանցում է այն ԱԿ-ի ավագ դիսպետչերը, որի սպասարկման տարածքում գրանցվել է արտակարգ դեպքը, պատահարը, վտանգավոր տարերային երևույթը:

22. Սույն կարգի 20-րդ կետում նշված դեպքերում և' ահազանգն ստացող, և' արձագանքում կազմակերպող ԱԿ-ներում բացվում են համապատասխան բլանկներ. ահազանգն ընդունող ԱԿ-ի բլանկում լրացուցիչ նշվում է նաև այլ ԱԿ տեղեկատվության փոխանցման ժամը և տեղեկատվությունն ընդունողի կոչումը, պաշտոնը, անուն, ազգանունը, իսկ արձագանքում կազմակերպող ԱԿ-ի բլանկում` տեղեկատվության ստացման ժամը, տեղեկատվությունը հաղորդողի կոչումը, պաշտոնը, անուն, ազգանունը:

23. «911» օպերատորը ՀԲ-ին փոխանցում է`

1) արնահոսության.

2) ջերմային/քիմիական այրվածքների.

3) կոտրվածքների.

4) աչքի վնասվածքների.

5) սրտի կաթվածի, ինֆարկտի.

6) մարմնի տարբեր հատվածներում ցավերի.

7) հղիության և ծննդաբերության.

8) թունավորման.

9) շնչահեղձման, հևոցի, այլ շնչառական խնդիրների.

10) խայթոցների և կենդանիների կծելու.

11) բարձրությունից վայր ընկնելու.

12) արտադրական վնասվածքների.

13) ուշագնացության և գիտակցության կորստի.

14) էլեկտրական լիցքով հարված ստանալու.

15) կայծակահարման.

16) ալերգիայի.

17) ինսուլտի.

18) կտրող, ծակող վերքերի, հրազենային վնասվածքների.

19) ցրտահարման.

20) արևահարման.

21) սուր ռեսպիրատոր հիվանդությունների.

22) սալջարդների.

23) ջրահեղձումների.

24) ցնցումների, դողերոցքի.

25) բարձր/ցածր զարկերակային ճնշման.

26) բարձր/ցածր մարմնի ջերմաստիճանի.

27) շնչուղիներում, ականջի խեցիներում, աչքի խնձորակում, կերակրափողում, ստամոքսում, մարմնի այլ հատվածներում` օտար մարմինների հայտնվելու.

28) կենցաղային (խոհանոցային) սարքերում, սարքավորումներում վերջույթների արգելափակման.

29) գլխապտույտների.

30) մակաբույծներով խոցվելու.

31) առանց կյանքի նշանների մարդու մարմնի հայտնաբերման.

32) ինֆեկցիոն հիվանդությունների (կարմրուկ, ջրծաղիկ, խոզուկ և այլն).

33) ստամոքսաղիքային համակարգի խանգարումների.

34) սրտխառնոցի.

35) նորագոյացությունների.

36) արցունքաբերության.

37) լսողության, տեսողության կորստի, կտրուկ վատթարացման.

38) այլ առողջական/բժշկական բնույթի ահազանգերը:

24. ՀԱԲ հրահանգչին «911» օպերատորը փոխանցում է հետևյալ ահազանգերը`

1) ներանձնային կոնֆլիկտներով տառապող մարդկանց.

2) ինքնասպանության փորձի, երբ ահազանգում է փորձ կատարողը.

3) երեխաների, անչափահասների հանդեպ բռնության.

4) սեռական բռնության, բռնության հետևանքների.

5) զրուցակցի կարիք ունեցող անձանց.

6) տարաբնույթ ֆոբիաների վերաբերյալ.

7) մարդկանց խուճապի մեջ, սթրեսային, հիսթերիկ վիճակում գտնվելու.

8) ոչ ադեկվատ վարքի.

9) հոգեկան խնդիրներով մարդկանց վարքի կտրուկ փոփոխման.

10) հոգեկան խնդիրներ չունեցող մարդկանց վարքի կտրուկ փոփոխման.

11) ընդարմացման («ստուպոռ»).

12) արտակարգ դեպքերից, պատահարներից տուժածներին, նրանց հարազատներին հոգեբանական աջակցության.

13) ընտանեկան կոնֆլիկտների վերաբերյալ.

14) սեռատարիքային խնդիրների վերաբերյալ.

15) այլ հոգեբանական բնույթի ահազանգերը:

25. Այն դեպքում, երբ ահազանգն արտակարգ դեպքի, պատահարի վերաբերյալ է, սակայն հաղորդվող տեղեկատվությունը պարունակում է նաև սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերում նշված բժշկական/հոգեբանական բնույթի տեղեկատվություն ևս, «911» օպերատորը սույն հավելվածի համաձայն սպասարկում է ահազանգը, այնուհետև` փոխանցում սպասարկման գործընթացը ՀԲ կամ ՀԱԲ հրահանգչին` ըստ առնչության:

26. Սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերում նշված դեպքերում, երբ հոգեբանական խորհրդատվության ցուցաբերման ժամանակ, ահազանգը սպասարկելիս, գրանցվում են արտակարգ դեպքեր, պատահարներ կամ տրվում են դրանց առաջացման սպառնալիքներ, ՀԱԲ հրահանգիչը տեղեկատվությունը զեկուցում է ավագ դիսպետչերին` ներկայացնելով մանրամասները, ինչպես նաև տեղեկատվություն ահազանգողի, դեպքի վայրի, ստեղծված իրավիճակի մասին:

27. Ահազանգերի սպասարկման ժամանակ, երբ արտակարգ դեպքի, պատահարի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման ընթացքում ստացվում է տեղեկատվություն դեպքի վայրում հոգեբանական իրավիճակի սրված լինելու, լսվում են ձայներ կոնֆլիկտի առկայության ու այլ հոգեբանական բնույթի խնդիրների առկայության վերաբերյալ, «911» օպերատորը ստացված տեղեկատվությունը զեկուցում է ՀԱԲ հրահանգչին` ներկայացնելով մանրամասները, ինչպես նաև տեղեկատվություն ահազանգողի մասին:

28. Նույն ահազանգին առնչվող «911» օպերատորի և ՀԱԲ հրահանգիչների լրացված բլանկները կցվում են իրար և հանձնվում ավագ դիսպետչերին:

29. Արտակարգ դեպքերին, պատահարներին վերաբերող, այլ բնույթի օպերատիվ տեղեկատվության փոխանցումը սույն կարգով չնախատեսված անձանց արգելվում է:

30. Ավագ դիսպետչերը` Կենտրոնի ՕՀՊ-ին (և (կամ) սպասարկման տարածքի ՄՃԿԿ ՕՀՊ-ին), իսկ տարածքային ԱԿ-ի ավագ դիսպետչերը` ՄՃԿԿ-ի օպերատիվ հերթափոխի ղեկավարին զեկուցում է բոլոր տեխնածին, սոցիալ - կենսաբանական (կենցաղային) արտակարգ դեպքերի, պատահարների, վտանգավոր տարերային երևույթների, կենցաղային բնույթի ահազանգերի մասին`

1) արձագանքումը կազմակերպելուց անմիջապես հետո` ներկայացնելով ահազանգի գրանցման ժամը, բնույթը, արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի, կենցաղային կանչի հասցեն (վայրը), արձագանքման գործընթաց ներգրավված Ծառայության ստորաբաժանումները և ուժերի քանակը, ինչպես նաև ինչ շահագրգիռ այլ ծառայություններ են իրազեկվել կամ արձագանքել.

2) սպասարկվող դեպքի, պատահարի մասին ԱԿ-ում գրանցված նոր տեղեկատվություն գրանցվելու դեպքում.

3) արտակարգ դեպքի, պատահարի վայրում ստեղծված իրավիճակի մասին` արձագանքած ստորաբաժանումներից տեղեկատվություն ստանալուց անմիջապես հետո, եթե չի առաջացել լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն, իսկ վերջինիս առաջանալու դեպքում` լրացուցիչ ուժերի արձագանքումը կազմակերպելուց հետո.

4) հետևանքների, խոցող գործոնների վերացման, չեզոքացման, մեկուսացման կամ նշված գործընթացներում ստեղծված իրավիճակի կտրուկ վատթարացման (այլ արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման, առաջացման սպառնալիքի) վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո:

31. Ավագ դիսպետչերը սույն կարգի 30-րդ կետում նշված պաշտոնատար անձանց չի զեկուցում և օպերատիվ տեղեկագրում չեն գրանցվում սպասարկված այն զանգերը (այդ թվում` «SMS» - ով ու այլ համակարգերով ստացվող), որոնց ընթացքում`

1) մարդկանց, քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն, բժշկական/հոգեբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական աջակցություն արտակարգ դեպքերում, պատահարներում, վտանգավոր տարերային երևույթների գրանցման դեպքում վարքականոնների, գործելու կամ ահազանգողին անհանգստացնող խնդիրների, հետաքրքրող հարցերի վերաբերյալ.

2) գրանցվել է միայն լռություն («911» էլ. նամակով բնագիր չի ստացվել).

3) զանգահարողն արտահայտել է տրամաբանորեն չկապակցված խոսք («911» էլ. նամակով բնագիրը միտք չի արտահայտում կամ զետեղված բնագիրն արտակարգ գործոն, տրամաբանական հարցադրում չի պարունակում).

4) չեն լսվել մարդկանց խոսակցության կամ այլ բնույթի` արտակարգ գործոն պարունակող ձայներ (օրինակ` օգնության կանչի, հևոցի կամ շնչահեղձման ձայներ, լաց, տագնապալի գոռոցներ, ապակիների կամ առարկաների կոտրման, պայթյունի, կոնֆլիկտի, ծեծկռտուքի ձայներ և այլն):

32. Արձագանքման, ձեռնարկված միջոցառումների, հետևանքների և դրանց վերացման ուղղությամբ աշխատանքների, այլ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին կամ այլ անձանց արգելվում է, բացառությամբ, երբ`

1) տրամադրված տեղեկատվության լուսաբանումը նպաստում է`

ա. ազգաբնակչության իրազեկմանը.

բ. հետևանքների մեղմացմանը, նվազեցմանը, հետևանքների վերացման գործընթացին` աջակցմանը.

գ. բնակչության շրջանում ստահոդ լուրերի և խուճապի տարածման կանխմանը.

2) «911» հեռախոսահամարը` «թեժ գիծ» հայտարարելու դեպքում.

3) ՀՀ ԱԻ նախարարի, Ծառայության տնօրենի, ՃԿԱԿ պետի հրամանով:

33. ՀՀ ԱԻՆ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի, ինչպես նաև տեղեկատվական շտեմարաններում գրանցված այլ անձանց տան, բջջային հեռախոսահամարների, բնակության հասցեների, էլ. փոստի, այլ անձնական տվյալների տրամադրումը երրորդ անձանց արգելվում է:

34. ԱԿ-ում «թեժ գիծ» գործելու դեպքում` տեղեկատվության տրամադրումն իրականացվում է ՀՀ ԱԻ նախարարի կողմից հաստատված կարգով:

35. ԱԿ-ում փորձաշրջան անցնող քաղաքացիներին (այսուհետ` փորձնակ) ահազանգերի սպասարկման գործընթաց ներգրավումը թույլատրվում է համապատասխան տեսական գիտելիքների տրամադրումից, անհրաժեշտ կարողությունների ձևավորումից և ստուգումից հետո` «911» ծառայության պետի թույլտվությամբ:

36. Փորձնակների կողմից լրացված փաստաթղթերում, փորձնակի ազգանունի կողքին գրվում է «(փորձնակ)» բառը:

37. Ծառայության հերթապահ ստորաբաժանումներից ստացվող ուժերի և միջոցների մասին օրական տվյալները համակարգում է ԱԿ-ի ավագ դիսպետչերը, ով սույն կարգի 7-րդ գլխում բերված ձև 3-ում սահմանված ձևաչափով լրացնում է ամփոփագիրը, մեկ օրինակ տպագրում և մինչև ժամը 09:30-ը էլ. փոստով, փոխանցում ՄՃԿԿ ՕՀՊ-ին և կենտրոնական ԱԿ-ի ավագ դիսպետչերին:

38. Կենտրոնական ԱԿ-ի ավագ դիսպետչերը`

1) համակարգում է ԱԿ-ներից ստացված ամփոփագրերը` լրացնելով մեկ ընդհանուր ամփոփագրում` ըստ ստորաբաժանումների հերթական համարի, և ընդհանրացնում գրանցված տվյալներն աղյուսակի ստորին մասում.

2) տպագրում է ամփոփագրի 2 օրինակ` մեկ օրինակը հանձնելով Կենտրոնի ՕՀՊ-ին.

3) ամփոփագրի 1 օրինակ մինչև ժամը 09:35-ը էլ. փոստով տրամադրվում է Ծառայության փրկարար ուժերի վարչություն:

39. ԱԿ-ներում էլ. փոստով ստացված ամփոփագրերն անվանվում են տվյալ օրվա ամսաթվով և պահպանվում ավագ դիսպետչերի և ԱԿ-ի պետի համակարգչում` համապատասխան ամսվա էլ. թղթապանակում:

40. Տպագրված ամփոփագրերը հերթապահության ընդունման հանձնման ժամանակ ներկայացվում են ԱԿ-ի պետին և պահպանվում համապատասխան թղթապանակներում (էլ. տարբերակը` էլ. թղթապանակում):

41. Համացանցի բացակայության, այլ տեխնիկական խնդիրների առաջացման, դեպքում, երբ էլ. փոստի միջոցով հնարավոր չէ իրականացնել տեղեկատվության փոխանակում, տեղեկատվության փոխանակման գործընթացն իրականացվում է ֆաքսով:

42. ԱԿ-ներից ֆաքսով ստացված ամփոփագրերը լրացվում են ընդհանուր ամփոփագրում և հերթապահության ընդունման - հանձնման ժամանակ հանձնվում «911» ծառայության պետին:

43. ԱԿ-ում ուսումնական պրակտիկա անցնող անձանց ներգրավումն ահազանգերի սպասարկման կամ հերթապահության փաստաթղթերի լրացման գործընթաց արգելվում է:

 

III. ԱԿ-Ի ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

44. ԱԿ-ում «911» հեռախոսահամարին գրանցվող զանգերին պատասխանում է «911» օպերատորը` ներկայանալով «Արտակարգ իրավիճակների նախարարություն. «911», լսում եմ»: Զանգերին պատասխանվում է անմիջապես:

45. «911» հեռախոսահամարին զանգ գրանցվելու դեպքում, «911» օպերատորը սույն կարգով սահմանված ձևով պատասխանում է և բացառությամբ` սույն կարգի 185-րդ կետի 3-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերում և 31-րդ կետում նշված դեպքերի, արտակարգ դեպքերի, պատահարների գրանցման բլանկում համապատասխան տիրույթում (տողում)`

1) գրանցում է ահազանգի ստացման ժամը.

2) հնարավորինս մանրամասն ճշգրտում, պարզաբանում և գրանցում է արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի առաջացման վայրը (հասցեն).

3) պարզում է զոհերի և տուժածների առկայությունը, առկայության դեպքում` նրանց թվաքանակը, գտնվելու վայրը, ստացված վնասվածքները և վնասվածքի աստիճանը.

4) սույն կարգի 23-րդ կետում նշված դեպքերում` փոխանցում ահազանգը բուժ կանխարգելման բաժնի հրահանգչին (այսուհետ` ԲԿ` հրահանգիչ).

5) սույն կարգի 24-րդ կետում նշված դեպքերում` փոխանցում ահազանգը հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչին (այսուհետ` ՀԱԲ հրահանգիչ).

6) սույն կարգում սահմանված հարցաշարի միջոցով` ըստ դեպքի, պատահարի բնույթի, հնարավորինս մանրակրկիտ բացահայտում է ստեղծված իրավիճակը.

7) պարզում դեպքի վայրին մոտեցման ուղիների առանձնահատկությունները (ճանապարհի անցանելիությունը, խցանումների, արգելաձողերի այլ խոչընդոտների առկայությունը, հարակից ճանաչված օբյեկտները.

8) պարզում և գրանցում է երբ է տեղի ունեցել (նկատվել) արտակարգ դեպքը, պատահարը, վտանգավոր տարերային երևույթը.

9) գրանցում է ահազանգողի հետ հետադարձ կապի հեռախոսահամարը և ահազանգողի անունը, ազգանունը, այլ ծառայություններից ստանալու դեպքում` նաև տվյալ ծառայության պաշտոնատար անձի տվյալները.

10) նշում է ահազանգի ստացման եղանակն ու այլ անհրաժեշտ/ստացված տեղեկատվությունն ու տվյալները:

46. Բնակելի շենքերում, շինություններում, առանձնատներում, հյուրանոցներում, հանգստյան տներում, հանրակացարաններում հրդեհի առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) որ հարկում է (մուտքում), նկատվում կրակը կամ ծուխը և որտեղից, ինչ հեռավորությունից է ահազանգողը տեսնում այն.

2) կան մարդիկ, ովքեր օգնության են կանչում կամ դեռևս դուրս չեն եկել բնակարաններից (առանձնատնից).

3) ահազանգողը տվյալ շենքի (սենյակի, համարի, բնակարանի, առանձնատան) բնակիչ է, թե ոչ (հյուրանոցի, հանգստյան տան աշխատակից, ականատես և այլն).

4) քանի հարկանի և ինչ տիպի շինություն է (քարաշեն, պանելային, փայտաշեն, բաղդադե միջնորմներով և այլն).

5) կրակը նկատվում է միայն շինության ներսում (բնակարանում, շքամուտքում, նկուղում), թե հրդեհի լեզվակները դուրս են գալիս շինության սահմաններից.

6) ինչ է այրվում, ինչ ծավալներով, հրդեհի տարածման վտանգի առկայությունը, տարածման ուղղությունը.

7) հնարավոր է հոսանքազրկել շինությունը (բնակարանը, առանձնատունը).

8) շքամուտքը կահավորված է կոդավորված դռներով, առկայության դեպքում` փականի կոդը.

9) շինությունում (բնակարանում, առանձնատանը, տանիքում, նկուղում) գազի բալոնների, վառելիքի, դյուրավառ, պայթյունավտանգ քիմիական (այլ տեսակի) նյութերի (իրերի), զինամթերքի առկայությունը և քանակը.

10) շինությունը գազիֆիկացված է, թե ոչ.

11) կրակից վտանգավոր հեռավորության վրա առկա են այլ շինություններ, օժանդակ կառույցներ, տրանսպորտային միջոցներ, էլեկտրա, գազամատակարարման գծեր (հանգույցներ), ուր կարող է տարածվել հրդեհը.

12) տեղում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, թե ոչ (եթե իրականացվում են` ինչ ուժերով և եղանակներով).

13) շենքի բոլոր բնակիչները տեղեկացվել են հրդեհի մասին, թե ոչ.

14) բակում, շենքին մոտեցման ուղիներին առկա են կայանած տրանսպորտային միջոցներ, որոնք կարող են խանգարել ժամանող ուժերի մոտեցմանը.

15) կարող է ահազանգողը դիմավորել ժամանող ուժերը, հնարավորության դեպքում` որտեղ է նպատակահարմար դիմավորել.

16) կրակմարիչներով, հրշեջ ծորակներով հրդեհաշիջման հնարավորությունը:

47. Տրանսպորտային միջոցներում (այսուհետ` ՏՄ) հրդեհի առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ՏՄ-ի տեսակը (մարդատար, բեռնատար, միկրոավտոբուս, ավտոբուս, տրոլեյբուս, հատուկ տեխնիկա, կցորդի առկայություն և այլն), մակնիշը, բեռնատարի դեպքում` նաև թափքի տիպը (բենզատար, ջրատար, գազատար, ցեմենտատար և այլն), տեղափոխվող բեռի առկայությունը, առկայության դեպքում` քանակը.

2) ՏՄ-ի որ հատվածում է (սրահում, շարժիչի հատվածում, բեռնախցիկում) բռնկվել հրդեհը կամ նկատվում ծուխը, ինչ է այրվում (ծխում), առկա է բենզինի (դիզելի, գազի, քսուքի) արտահոսք, թե ոչ.

3) մարդկանց առկայությունը ՏՄ-ում, առկայության դեպքում` թվաքանակը և ինչն է խոչընդոտում նրանց դուրս գալուն.

4) ՏՄ-ի անմիջական հարևանությամբ կան այլ ՏՄ-ներ, շինություններ, օբյեկտներ, որոնց վրա կարող է տարածվել հրդեհը, առկայության դեպքում` ինչպիսի և ինչ հեռավորության վրա, հնարավոր է ՏՄ-ն հեռացնել անվտանգ տարածք, թե ոչ.

5) ահազանգողը ՏՄ-ի սեփականատերն է (ուղևորը), թե ոչ.

6) ՏՄ-ում` գազի բալոնի, վառելիքի, դյուրավառ, պայթյունավտանգ քիմիական (այլ տեսակի) նյութերի (իրերի), զինամթերքի առկայությունը, առկայության դեպքում` քանակը.

7) ինչն է դարձել (կարող էր դառնալ) հրդեհի (ծխի) առաջացման պատճառ.

8) հնարավոր է դադարեցնել ՏՄ-ի գազի, հոսանքի մատակարարումը (անջատել շարժիչը).

9) ՏՄ-ում կրակմարիչի առկայությունը, նրանով հրդեհաշիջման հնարավորությունը:

48. Այն դեպքում, երբ ահազանգողը նշում է, որ հրդեհը բռնկվել է ցիստեռն տիպի ՏՄ-ում, սակայն չի կարողանում հաղորդել` ինչ տեսակի բեռ է (նյութ է) տեղափոխվում, «911» օպերատորն ահազանգողին խնդրում է` հնարավորինս անվտանգ հեռավորությունից ցիստեռնի վերջնամասում գտնել գունազարդված (շեղանկյուն կամ ուղղանկյուն կարմիր, գազարագույն, սև-սպիտակ և այլն) նշանը և նկարագրել այն: Նկարագրած պատկերը նույնականացվում է «911» օպերատորի մոտ առկա վտանգավոր բեռների շտեմարանում և համընկնման դեպքում` կազմակերպվում համապատասխան արձագանքում. հնարավորության դեպքում` ահազանգողի միջոցով ապահովվում է մոտակայքում գտնվող մարդկանց, երթևեկության անվտանգությունը` պահպանելով տվյալ նյութի համար սահմանված անվտանգության կանոնները:

49. Անտառածածկ, բուսածածկ տարածքներում հրդեհի առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) կրակ է նկատվում, թե ծուխ.

2) ով է ահազանգողը (անտառտնտեսության աշխատակից, ականատես), ինչ հեռավորությունից է ահազանգողը նկատում հրդեհը (ծուխը).

3) ինչ է այրվում (խոտածածկ տարածք, թփուտներ, ծառեր), ինչ ծավալով, տարածման արագությունը.

4) հրդեհի օջախի մոտակայքում շինությունների, օբյեկտների, ավտոճանապարհների, ՏՄ-ների, էլ. հաղորդակցման սյուների (լարերի), գազատար խողովակաշարերի առկայությունը.

5) տեղանքի (լանդշաֆտի) բնութագիրը (լեռնային, բլրային, հարթավայրային և այլն), մոտեցման ուղիների առկայությունը.

6) օդերևութաբանական պայմանները (քամու առկայությունը, ուղղությունը, արագությունը):

50. Արդյունաբերական, արտադրական օբյեկտում հրդեհի առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը տվյալ օբյեկտի աշխատող է, թե ոչ.

2) շինության որ հարկում, որ հատվածում է բռնկվել կամ նկատվում հրդեհը, ծուխը (շքամուտքում, նկուղում, սրահում, արտադրամասում, տանիքում և այլն).

3) ինչ է այրվում, ինչ ծավալներով, հրդեհի տարածման վտանգի առկայությունը.

4) քանի հարկանի և ինչ տիպի շինություն է (քարաշեն, պանելային, փայտաշեն, բաղդադե միջնորմներով և այլն).

5) կան մարդիկ, ովքեր օգնության են կանչում կամ դեռևս դուրս չեն եկել շինությունից.

6) ինչ է արտադրվում տվյալ օբյեկտում, արտադրամասում, հրդեհի բռնկման վայրում.

7) շինությունում (արտադրամասում, պահեստում) դյուրավառ, պայթյունավտանգ, քիմիապես վտանգավոր նյութերի առկայությունը և քանակը.

8) հնարավոր է հոսանքազրկել շինությունը, թե ոչ.

9) կրակմարիչներով, հրշեջ ծորակներով հրդեհաշիջման հնարավորությունը:

51. Բենզալցակայաններում, գազալցակայաններում, վառելիքաքսուքային նյութերի պահեստներում հրդեհի առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը տվյալ օբյեկտի աշխատող է, թե ոչ.

2) ինչ է այրվում, ինչ ծավալներով, հրդեհի տարածման կամ պայթյունի առաջացման վտանգի առկայությունը (արտահոսող գազի, բենզինի, դիզ. վառելիքի, քսուքային նյութերի առկայությունը).

3) հրդեհի օջախից վտանգավոր հեռավորության վրա ՏՄ-ների (շարժակազմի, վագոնների, ցիստեռնների) առկայությունը, առկայության դեպքում` դրանց անվտանգ տարածք դուրս բերման կամ տեղափոխման հնարավորությունը.

4) հրդեհի օջախից վտանգավոր հեռավորության վրա շենքերի, շինությունների, օբյեկտների առկայությունը, առկայության դեպքում` դրանց նշանակությունը (բնակելի, առևտրի, վարչական և այլն).

5) օբյեկտում առկա վառելիքաքսուքային, քիմիապես վտանգավոր նյութերի տեսակը, քանակը, պահեստավորման վայրը.

6) կրակմարիչներով, հրշեջ ծորակներով հրդեհաշիջման հնարավորությունը.

7) ձեռնարկվել են միջոցներ արտահոսքը դադարեցնելու, տարածքը հոսանքազրկելու, հրդեհը մարելու ուղղությամբ, թե ոչ:

52. Մարդատար գնացքներում հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը գնացքի կամ երկաթգծի աշխատող է (մեքենավար, դիսպետչեր), թե ոչ (ուղևոր է, ականատես).

2) ինչ է այրվում (ծխում), ինչ ծավալներով և գնացքի որ հատվածում.

3) խուճապի, վիճաբանության, ծեծկռտուքի առկայությունը.

4) գնացքը կանգնած է, թե ընթացքում, եթե ընթացքում` ապա հնարավոր է այն կանգնեցնել թե ոչ, եթե հնարավոր չէ.

ա. շարժման արագությունը, ուղղությունը և հեռավորությունը մինչ նշանակման վայրը.

բ. մոտակա անվտանգ տարածքում գնացքը կանգնեցնելու / ընթացքը շարունակելու հնարավորությունը և նպատակահարմարությունը.

գ. մոտակա մոտեցման ուղիների առկայությունը.

5) գնացքի կանգնած լինելու դեպքում` բոլոր ուղևորներն են դուրս եկել գնացքից, թե կան անհայտ կորածներ կամ մարդիկ, ովքեր չեն կարողանում դուրս գալ գնացքից և ինչը կարող է խոչընդոտել դուրս գալուն (ուղևորների խցանումը միջանցքում, դռների մոտ, հրդեհի, ծխապատ գոտու առկայությունը).

6) կրակմարիչներով հրդեհաշիջման հնարավորությունը.

7) քանի վագոնից է բաղկացած գնացքը:

53. Բեռնատար գնացքներում հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը գնացքի կամ երկաթգծի աշխատող է (մեքենավար, սլաքավար, դիսպետչեր), թե ոչ.

2) ինչ է այրվում (ծխում), ինչ ծավալներով և գնացքի որ հատվածում (քարշակում, վագոնում).

3) ինչ է տեղափոխում գնացքը և հրդեհի` այլ վագոններին տարածման վտանգի առկայությունը, վագոնների քանակը.

4) գնացքի` ընթացքում լինելու դեպքում`

ա. շարժման արագությունը, ուղղությունը և հեռավորությունը մինչ նշանակման վայրը.

բ. մոտակա անվտանգ տարածքում գնացքը կանգնեցնելու / ընթացքը շարունակելու հնարավորությունը և նպատակահարմարությունը.

գ. մոտակա մոտեցման ուղիների առկայությունը.

5) գնացքի կանգնած լինելու դեպքում`

ա. հարակից տարածքում օբյեկտների (բնակելի շենք, արդյունաբերական շինություն, կազմակերպության վարչական շենք, անտառ, ցանքատարածքներ և այլն) առկայությունը և հեռավորությունը հրդեհի օջախից.

բ. հարակից օբյեկտների բնութագիրը.

գ. հրդեհի` այդ օբյեկտներին տարածման վտանգի առկայությունը:

54. Ջրային ավազաններում` նավերի, ջրային այլ ՏՄ-ների բռնկման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) որտեղ է գտնվում ահազանգողը (ափում, այրվող լողամիջոցի վրա, մոտակա լողամիջոցի վրա և այլն), որտեղից է տեսնում հրդեհը (ծուխը), ինչ հեռավորությունից.

2) լողամիջոցի տեսակը, ինչ է այրվում, ինչ ծավալներով, ափից ինչ հեռավորության վրա.

3) լողամիջոցի վրա նկատվում են (կան) մարդիկ, թե ոչ, եթե այո` նրանց թվաքանակը և գտնվելու վայրը.

4) կան ջրում հայտնված մարդիկ, թե ոչ, եթե այո` նրանց թվաքանակը, ինչպես նաև նրանց թվում լողալ չիմացողների (օգնություն կանչողների) առկայությունը.

5) այլ արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման վտանգը.

6) ընթացքում է լողամիջոցը, թե կանգնած, եթե ընթացքում` ինչ արագությամբ է շարժվում, որ ուղղությամբ.

7) մոտակայքում այլ լողամիջոցների առկայությունը, որոնց միջոցով հնարավոր կլինի տարահանել մարդկանց.

8) եղանակային պայմանները (ալիքների առկայությունը, բարձրությունը, քամու առկայությունը):

55. Մետրոպոլիտենում հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը մետրոպոլիտենի աշխատող է (մեքենավար, դիսպետչեր, կարգավորող և այլն), թե ոչ (ուղևոր, ականատես) և որտեղից է տեսնում հրդեհը (ծուխը).

2) մետրոպոլիտենի որ հատվածում է բռնկվել հրդեհը կամ նկատվում ծուխը (սպասասրահում, շարժասանդուղքների հատվածում, նախամուտքում, նախասրահում, շարժակազմում, օժանդակ սենյակներում, թունելում).

3) ինչ է այրվում (ծխում), ինչ ծավալներով.

4) խուճապի, վիճաբանության, ծեծկռտուքի առկայությունը.

5) շարժասանդուղքները գործում են, թե ոչ, կան մարդկանց կուտակումներ շարժասանդուղքների մոտ, սպասասրահում, նախամուտքում, նախասրահում.

6) հոսանքազրկված է տարածքը, թե ոչ.

7) կրակմարիչներով, հրշեջ ծորակներով հրդեհաշիջման հնարավորությունը.

8) շարժակազմում հրդեհի դեպքում` շարժման արագությունը, հեռավորությունը մինչ հաջորդ կայարանը.

9) շարժակազմի կանգնեցման կամ ընթացքը շարունակելու հնարավորությունը (նպատակահարմարությունը).

10) կրակմարիչների առկայությունը և կիրառման հնարավորությունը.

11) վագոնները լքած կամ վագոններում մնացած մարդկանց առկայությունը և թվաքանակը.

12) վագոններից դուրս եկած մարդկանց շարժման ուղղությունը:

56. Ավտոկայանատեղիում (այսուհետ` ԱԿՏ) հրդեհների վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ինչ է այրվում կամ ծխում, ԱԿՏ-ի որ հատվածում (ՏՄ, ՏՄ-ներ, էլ. լարեր, թափված կամ պահեստավորված ՎՔՆ, լուսավորման համակարգ և այլն).

2) ով է ահազանգողը (պահակ, անվտանգության աշխատակից, ականատես, կայանած ՏՄ-ի վարորդ) և որտեղից է տեսնում դեպքի վայրը, ինչ հեռավորությունից.

3) ԱԿՏ-ի տիպը (ստորգետնյա, վերգետնյա, շինության որևէ հարկում, բաց, փակ, բազմահարկ և այլն).

4) այլ արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման վտանգը.

5) ԱԿՏ-ում կայանած ՏՄ-ների թվաքանակը.

6) հոսանքազրկված է տարածքը, թե ոչ.

7) հրդեհի տարածման վտանգի առկայությունը.

8) ԱԿՏ-ում` մուտքերի/ելքերի (մարդկանց, ՏՄ-ների) քանակը և թույլատրելի բարձրությունը (ստորգետնյա ԱԿՏ-ի դեպքում).

9) կան մարդիկ, ովքեր կարող են դեռևս լինել ԱԿՏ-ում, արգելափակված լինել կամ հայտնված հրդեհի/ծխապատ գոտում.

10) հարակից ՏՄ-ների` անվտանգ տարածք դուրս բերման հնարավորությունը.

11) կրակմարիչների առկայությունը և դրանցով հրդեհաշիջման կազմակերպման հնարավորությունը:

57. Կինոթատրոններում, թատրոններում, մարզահամերգային համալիրներում հրդեհների վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը տվյալ կազմակերպության աշխատակից է, թե ոչ.

2) ինչ է այրվում (ծխում), շինության որ հատվածում (որ հատվածից է նկատվում ծուխը), ինչ ծավալներով.

3) կրակը շինության ներսում է (շքամուտքում, դահլիճում, նկուղում), թե լեզվակները դուրս են գալիս շինության սահմաններից.

4) քանի հարկանի և ինչ տիպի շինություն է (քարաշեն, պանելային, փայտաշեն, բաղդադե միջնորմներով և այլն).

5) շինությունում անցկացվող միջոցառումների (ցուցադրումների, խաղերի) առկայությունը.

6) խուճապի, վիճաբանության, ծեծկռտուքի առկայությունը.

7) կան մարդիկ, ովքեր օգնության են կանչում կամ դեռևս դուրս չեն եկել շինությունից (դահլիճից, աշխատասենյակներից).

8) տարահանվել են բոլոր հաճախորդները, աշխատակիցները, թե ոչ, եթե ոչ, ապա` ինչն է խոչընդոտում.

9) շինության ներսում, ելքերի մոտ խցանումների առկայությունը.

10) կրակմարիչներով, հրշեջ ծորակներով հրդեհաշիջման հնարավորությունը:

58. Հիվանդանոցներում (ծննդատներում, հոսպիտալներում) հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը տվյալ հիվանդանոցի աշխատակից է, թե ոչ.

2) որտեղից է տեսնում հրդեհը կամ ծուխը (դրսից, հարակից շենքից, շինության ներսից).

3) ինչ է այրվում (ծխում), շինության որ հատվածում (որ հատվածից է նկատվում ծուխը), ինչ ծավալով.

4) կրակը շինության ներսում է (աշխատասենյակում, միջանցքում, շքամուտքում, նկուղում, վիրահատարանում, լաբորատորիայում, ծնարանում և այլն), թե լեզվակները դուրս են գալիս շինության սահմաններից.

5) շենքում մարդկանց, հիվանդների թվաքանակը.

6) հրդեհի (ծխապատ գոտու) հատվածում տարահանվել են հիվանդները, հաճախորդները, բուժ. անձնակազմը, աշխատակիցները, թե ոչ.

7) քանի հարկանի և ինչ տիպի շինություն է (քարաշեն, պանելային, փայտաշեն, բաղդադե միջնորմներով և այլն).

8) հակահրդեհային անվտանգության (ազդանշանային) համակարգի առկայությունը, առկայության դեպքում` նրա գործարկման հնարավորությունը.

9) խուճապի, վիճաբանության, ծեծկռտուքի առկայությունը.

10) շինության ներսում, ելքերի մոտ խցանումների առկայությունը.

11) կրակմարիչներով, հրշեջ ծորակներով հրդեհաշիջման հնարավորությունը:

59. Առևտրի կենտրոններում (ապրանքի, սննդի պահեստներում) հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը տվյալ օբյեկտի աշխատակից է, թե ոչ (հաճախորդ, անցորդ).

2) որտեղից է տեսնում հրդեհը կամ ծուխը (դրսից, հարակից շենքից, շինության ներսից).

3) ինչ է այրվում (ծխում), առկա է հրդեհի` հարակից շինություններին, ՏՄ-ներին տարածման վտանգ, թե ոչ.

4) կրակը տարածվել է շինության ներսում (պահեստում, խոհանոցում, միջանցքում, շքամուտքում, նկուղում, առևտրի սրահում, ավտոտնակում և այլն), թե լեզվակները դուրս են գալիս շինության սահմաններից (տանիքից).

5) հակահրդեհային անվտանգության (ազդանշանային) համակարգի առկայությունը, առկայության դեպքում` նրա գործարկման հնարավորությունը.

6) քանի հարկանի և ինչ տիպի շինություն է (քարաշեն, պանելային, փայտաշեն, բաղդադե միջնորմներով, մեծ պահեստային տարածքներով և այլն).

7) պահեստում հրդեհի դեպքում`

ա. ինչ տեսակի ապրանքներ են պահեստավորված (կենցաղային, սնունդ, հագուստեղեն, վառելիքաքսուքային նյութեր, շինանյութ և այլն).

բ. պահեստի (պահեստների) մակերեսը.

գ. մարդատար/բեռնատար վերելակի առկայությունը.

8) հրդեհի (ծխապատ գոտու) հատվածում տարահանվել են հաճախորդները, աշխատակիցները, թե ոչ.

9) հոսանքազրկված է շինությունը, թե ոչ, առկա է հոսանքազրկման հնարավորություն, թե ոչ.

10) մարդկանց խցանումների առկայությունը շինության մուտքի/ելքի հատվածներում.

11) խուճապի, վիճաբանության, ծեծկռտուքի առկայությունը.

12) կրակմարիչներով, հրշեջ ծորակներով հրդեհաշիջման հնարավորությունը:

60. ՈՒսումնական հաստատություններում (դպրոցներում (այդ թվում` հատուկ), նախադպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում) հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ահազանգողը տվյալ հաստատության աշխատակից է, թե ոչ (անցորդ, ծնող, ուսանող, ունկնդիր, սան և այլն).

2) հաստատությունում ուսումնական (կամ օրակարգով նախատեսված) գործընթացի (հանդես, մրցում, դաս, պարապմունք, հանգստի ժամ, դասամիջոց) առկայությունը.

3) շինությունում ուսանողների, աշխատակիցների առկայությունը, դրանց մոտավոր թվաքանակը.

4) տարահանվել են աշակերտները (սաները, ուսանողները, անձնակազմը), թե ոչ.

5) շինության որ հատվածում (դասասենյակում, լսարանում, նկուղում, սպորտ դահլիճում, տանիքում, ճաշարանում, աշխատասենյակներում և այլն) և հարկում է բռնկվել հրդեհը կամ նկատվում ծուխը, ինչ ծավալներով.

6) ինչ է այրվում, հնարավոր է կրակմարիչներով, հրդեհային ծորակներով մարել կամ կանխել հրդեհի տարածումը:

61. «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային համակարգով ազդանշան ստանալու դեպքում ավագ դիսպետչերն իրականացնում է հետևյալ գործողությունները`

1) ծրագրային փաթեթի միջոցով պարզում է օբյեկտի հասցեն, նշանակությունը և գործունեության տեսակը.

2) սահմանված կարգով կազմակերպում է արձագանքում.

3) կապ է հաստատում տվյալ օբյեկտի պատասխանատուի հետ և սույն կարգի 46-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 57-ից 60-րդ կետերում սահմանված ձևով ճշտում ստեղծված իրավիճակը` անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ ուժեր և միջոցներ, իսկ պատասխանատուից հրդեհի (ծխապատ գոտու) բացակայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում` վերադարձնում ուժերը մշտական տեղակայման վայր:

62. Հրդեհների առաջացման, առաջացման սպառնալիքի վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորն արձագանքումը կազմակերպում է հաստատված չվացուցակին համաձայն, բացառությամբ սույն կարգի 171-րդ և 172-րդ կետերում նշված դեպքերում:

63. Հրդեհների առաջացման մասին ավագ դիսպետչերը կամ նրա հանձնարարությամբ «911» օպերատորն իրազեկում են տվյալ տարածքն սպասարկող Նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության օրվա հերթապահին` ստանալով դեպքի վայր ժամանած հաշվարկից հրդեհի առկայության մասին հավաստիացում:

64. ՏՄ-ների բախման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ՏՄ-ների քանակը և բախման ձևը (հանդիպակաց, համընթաց, կողային), երբ է տեղի ունեցել ՃՏՊ-ն.

2) ՏՄ-ների տեսակը (մարդատար, բեռնատար, միկրոավտոբուս, ավտոբուս, տրոլեյբուս, հատուկ տեխնիկա, կցորդի առկայություն և այլն), մակնիշը.

3) թափքում արգելափակված, թափքից դուրս ընկած մարդկանց առկայությունը և թվաքանակը.

4) թափքից դուրս եկած, դուրս ընկած մարդկանց գտնվելու վայրը (երթևեկելի հատվածում են, մայթում, հարակից տարածքում և այլն), վիճակը, դիրքը (անշարժ են, կան կյանքի նշաններ, քայլում են, շարժվում են, պառկած դիրքում են և այլն).

5) ՏՄ-ներից ՎՔՆ արտահոսքի առկայությունը, ինչ է արտահոսում և որ մասից (շարժիչի, բեռնախցիկի, սրահի).

6) անջատված են ՏՄ-ների շարժիչը, հանված մարտկոցի «-» սեղմակը, թե ոչ, և հնարավոր է մինչ օգնության ժամանումը` անջատել շարժիչները, մարտկոցների «-» սեղմակը.

7) ՏՄ-ների դիրքը ՃՏՊ-ից հետո, երթևեկության խաթարվածության աստիճանը (ամբողջությամբ պարալիզացված, միակողմանի կամ մասնակի երթևեկելի):

65. Ցիստեռն տիպի ՏՄ-ի ՃՏՊ-ում ներգրավված լինելու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) եթե ահազանգողն ականատես է`

ա. ինչ հեռավորությունից է տեսնում ՃՏՊ-ն.

բ. հրդեհի, ծխի, տարողությունից արտահոսքի առկայությունը (տարողության վնասված լինելը), արտահոսման դեպքում` արագությունը և ուր է թափվում արտահոսող նյութը.

գ. ինչ բեռ է (նյութ) տեղափոխում բեռնատարը.

դ. ինչ վիճակ է տիրում դեպքի վայրում` ժամանել է ոստիկանություն, շտապօգնություն, թե ոչ, կան մարդկանց կուտակումներ, վիճաբանություն և այլն.

ե. կարող է ահազանգողը հնարավորինս անվտանգ հեռավորությունից ցիստեռնի վերջնամասում գտնել գունազարդված (շեղանկյուն կամ ուղղանկյուն) նկար և նկարագրել այն.

2) եթե ահազանգողը ցիստեռնի վարորդն է`

ա. ինչ բեռ է (նյութ) տեղափոխում բեռնատարը, ինչ քանակությամբ, առկա սպառնալիքները` հրդեհի, ծխի, տարողությունից արտահոսքի առկայությունը (արտահոսման արագությունը, ուղղությունը), տարողության վնասված լինելը, արտահոսքի առկայության դեպքում` ՏՄ-ի անվտանգ տարածք հեռացնելու, արտահոսքը դադարեցնելու հնարավորությունը.

բ. ինչ միջոցներ են ձեռնարկվել մարդկանց, երթևեկության մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ.

գ. համապատասխան հեռավորության վրա տեղադրվել են նախազգուշացնող նշաններ` այլ ՏՄ-ների բախումը կանխելու համար, թե ոչ.

դ. ուր է տեղափոխվում բեռը, ՃՏՊ-ի մասին տեղեկացված են շահագրգիռ ընկերությունների, կազմակերպությունների պատասխանատուները, թե ոչ:

66. Վրաերթի վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) վրաերթի ենթարկված մարդկանց թվաքանակը.

2) վրաերթի ենթարկվածի վիճակը (պառկած դիրքում անգիտակից վիճակում է, շնչառության առկայությունը, շարժվում է, քայլում) և գտնվելու վայրը (երթևեկության հատվածում, մայթեզրին, ՏՄ-ի վրա և այլն).

3) որտեղ է գտնվում վրաերթի ենթարկված մարդը (մարդիկ), ՏՄ-ն, վարորդը (դեպքի վայրում է, դիմել է փախուստի), եթե երթևեկելի հատվածում` ապա կարող է իր ՏՄ-ն (այլ ՏՄ-ը) կանգնեցնել այնպես, որ առավելագույնս ապահովվի վրաերթի ենթարկված մարդու անվտանգությունը, մինչ համապատասխան ծառայությունների ժամանումը.

4) հիվանդանոց տեղափոխվածների առկայությունը (թվաքանակը), ինչ ՏՄ-ով են տեղափոխվել.

5) վրաերթի ենթարկվածի տարիքը, սեռը, հնարավորության դեպքում` անուն, ազգանուն, հայրանունը.

6) վրաերթ կատարած ՏՄ-ի մակնիշը, պետհամարանիշը:

67. ՏՄ-ների շրջվելու վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ինչ տիպի ՏՄ է շրջվել (մարդատար, բեռնատար, միկրոավտոբուս, ավտոբուս, տրոլեյբուս, հատուկ տեխնիկա, կցորդի առկայություն և այլն).

2) շրջված ՏՄ-ում արգելափակված ուղևորների առկայությունը և թվաքանակը.

3) ՏՄ-ից դուրս ընկած մարդկանց առկայությունը, առկայության դեպքում` վիճակը և գտնվելու վայրը.

4) հրդեհի, ծխի, վառելիքի արտահոսքի առկայությունը.

5) ինչպես է շրջվել ՏՄ-ն` կողքի, գլխիվայր.

6) որտեղ է հայտնվել ՏՄ-ն շրջվելուց հետո (երթևեկելի հատվածում, շինության կողքին, մայթեզրին, ընկել է կիրճը, ձորը, առուն).

7) երթևեկության խաթարվածության աստիճանը (խաթարվել է ամբողջովին, մասնակի, միակողմանի երթևեկելի է).

8) ով է ահազանգողը` ականատես, վթարված ՏՄ-ի ուղևորը, վարորդը.

9) ՏՄ-ից դուրս եկած մարդկանց առկայությունը, գտնվելու վայրը, առողջական վիճակը.

10) հիվանդանոց տեղափոխվածների առկայությունը (թվաքանակը և ինչ ՏՄ-ով են տեղափոխվել).

11) ՏՄ-ում դյուրավառ, պայթյունավտանգ նյութերի, զինամթերքի առկայությունը:

68. Մարդկանց` ՏՄ-ներից դուրս ընկնելու վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) դուրս ընկած մարդկանց թվաքանակը.

2) տեսնում է ահազանգողը դուրս ընկած մարդկանց, թե ոչ.

3) ինչ վիճակում են (պառկած դիրքում անգիտակից վիճակում է, շնչառության առկայությունը, շարժվում է, քայլում և այլն) և գտնվելու վայրը (երթևեկության հատվածում, մայթեզրին և այլն).

4) որտեղ է գտնվում դուրս ընկած մարդը (մարդիկ), ՏՄ-ն, վարորդը (դեպքի վայրում է, դիմել է փախուստի), եթե երթևեկելի հատվածում` ապա կարող է իր ՏՄ-ն (այլ ՏՄ-ը) կանգնեցնել այնպես, որ առավելագույնս ապահովվի դուրս ընկած մարդու անվտանգությունը, մինչ համապատասխան ծառայությունների ժամանումը.

5) հիվանդանոց տեղափոխվածների առկայությունը (թվաքանակը), ինչ ՏՄ-ով են տեղափոխվել.

6) տուժածի տարիքը, սեռը, հնարավորության դեպքում` անուն, ազգանուն, հայրանունը.

7) ՏՄ-ի մակնիշը, պետհամարանիշը.

8) ահազանգողի կարծիքով` ինչն է դարձել ՏՄ-ից մարդու դուրս ընկնելու պատճառ (կտրուկ արգելակումը, դռան անսարքությունը, ուղևորներով գերբեռնված լինելը, տուժածի անզգուշությունը, վիճաբանության առկայությունը ՏՄ-ում):

69. Ձնաբքի, վրաբեր ձյան պատճառով տրանսպորտային միջոցների (մարդկանց) արգելափակված լինելու վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911»օպերատորը ճշտում է`

1) արգելափակված ՏՄ-ների, մարդկանց թվաքանակը.

2) ՏՄ - ներում վատառողջ մարդկանց, երեխաների առկայությունը.

3) ինչն է արգելափակման պատճառը (ուժեղ ձնաբուքը, ձյան շերտի հաստությունը, առատ ձյունը, ՃՏՊ-ն, տեղապտույտ տվող ՏՄ-ն և այլն).

4) հետ վերադառնալու հնարավորությունը.

5) տվյալ հատվածում շինությունների, կառույցների, տարածքների առկայությունը, ուր կարելի է տեղափոխվել` մինչ օգնության ժամանումը.

6) մոտակա բնակավայրերում գիշերելու հնարավորությունը (բարեկամների, ազգականների առկայությունը).

7) ՏՄ-ում վառելիքի քանակը (շարժիչն աշխատանքային վիճակում պահելու ժամանակը).

8) ինչքան ժամանակ է անցել խցանման, արգելափակման պահից.

9) ջրով, տաք հագուստով, սննդամթերքով ապահովվածությունը.

10) եղանակային պայմանները, տեղումների առկայությունը.

11) ոստիկանության, ՃՇՇ ծառայությունների առկայությունը:

70. Տրանսպորտային միջոցների` ձնակույտերում, ցեխակույտերում արգելափակված լինելու վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) մարտկոցի լիցքավորվածության աստիճանը, հետադարձ կապի համար այլ հեռախոսահամարի առկայությունը.

2) կան ՏՄ-ում ուղևորներ, թե ոչ, եթե այո` նրանց վիճակը, տարիքը, թվաքանակը.

3) ՏՄ-ի մակնիշը, տիպը, պետհամարանիշը.

4) ինչքան ժամանակ է և ինչ դիրքում է ՏՄ-ն արգելափակված (առկա է վայր ընկնելու, այլ ՏՄ-ների բախման, խցանումների առաջացման, այլ սպառնալիքներ).

5) որտեղից է ահազանգողը խոսում (ՏՄ-ից, ՏՄ-ի մոտակայքից, տնից և այլն).

6) եղանակային պայմանները տեղում և վառելիքի առկայությունը.

7) տաք հագուստի, սննդի անհրաժեշտությունը:

71. Բնակելի շենքերում, շինություններում (հանրակացարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում) փլուզման առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում «911» օպերատորը ճշտում է`

1) ինչ է փլուզվել, ինչ ծավալներով (շինությունն ամբողջությամբ, մասնակի, առանձին կոնստրուկցիոն տարրեր (բաղնիքի առաստաղը, նկուղի ծածկը, արտաքին պատը, տանիքը, աստիճանավանդակը, կից շինությունը, պատշգամբը)), ինչ հետևանքներ է առաջացրել (ուր են ընկել փլուզված կոնստրուկցիոն տարրերը, ինչի վրա).

2) քանի հարկանի և ինչ տիպի կառույց է (պանելային, կիսապանելային, քարաշեն, փայտե և այլն), որ հարկում է (որ հարկից է) տեղի ունեցել փլուզումը.

3) կան անհապաղ օգնության կարիք ունեցող կամ օգնություն կանչող մարդիկ, թե ոչ, եթե այո` նրանց թվաքանակը, սեռը, տարիքը, փլուզված հատվածում` գտնվելու հնարավոր վայրերը.

4) ահազանգողը տվյալ շենքի (հանրակացարանի, հանգստյան տան, հյուրանոցի) բնակիչ է, թե ոչ, եթե այո`

ա. որտեղ էր գտնվում և ինչ է զգացել փլուզման պահին.

բ. ինչքան մարդ, ըստ ահազանգողի, կարող էր փլուզված գոտում գտնվել.

5) հոսանքազրկված է շենքը, թե ոչ.

6) գազիֆիկացված է շինությունը, թե ոչ, եթե այո` հնարավոր է դադարեցնել մատակարարումը, թե ոչ.

7) որտեղից է ահազանգողը տեսնում փլուզումը, ինչ է տվյալ պահին տեսնում, ինչ իրավիճակ է տիրում.

8) կան մարդիկ, որ ուզում են դուրս գալ շինությունից, սակայն չեն կարողանում, ինչն է խոչընդոտում նրանց.

9) այլ արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման սպառնալիքի առկայությունը (նոր փլուզման, պայթյունի, հրդեհի և այլն).

10) նկատվում է հրդեհ, ծուխ, զգացվում է գազի հոտ կամ արտահոսք.

11) շրջակայքում վնասված այլ օբյեկտների, շինությունների առկայությունը, առկայության դեպքում`

ա. նշանակությունը.

բ. վնասվածության աստիճանը.

գ. ստեղծված իրավիճակը տվյալ տարածքում.

12) ինչը կարող էր փլուզման պատճառ դառնալ (պայթյունը, վթարայնության աստիճանը, շինության ներսում կամ հարակից տարածքում իրականացվող շինարարությունը և այլն).

13) մինչ փլուզումը` լսվել են պայթյունի, վիճաբանության այլ կասկածելի ձայներ, թե ոչ.

14) կարող է ահազանգողը փակել մուտքը վտանգավոր տարածք, ներգրավել բնակիչներին, և հնարավորինս ապահովելով իր անվտանգությունը, կազմակերպել առավել անվտանգ ուղիներով (չվնասված հատվածի առաջին հարկի պատուհաններից կամ շքամուտքից) մարդկանց առանց խուճապի դուրս գալը և հեռանալը` անվտանգ տարածք.

15) կան մարդիկ, ովքեր դեռևս դուրս չեն եկել կամ այս կամ այն պատճառով չեն կարող դուրս գալ ինքնուրույն.

16) եղանակային պայմանները տեղում:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
26.01.2018
N 68-Ն
Հրաման