Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2018 թվականի Թիվ 22-Ն

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2018 թվականի փետրվարի 19-ի դռնբաց նիստում Արթուր Բալյանի (այսուհետ` Դիմումատու) 2018 թվականի փետրվարի 2-ի դիմումի հիման վրա քննարկեց համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին հարցը:

Դիմումատուն հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցերի վերաբերյալ:

Հանձնաժողովը 2018 թվականի փետրվարի 2-ին Արթուր Բալյանից ստացել է պաշտոնական պարզաբանում տալու վերաբերյալ դիմում, որով Դիմումատուն խնդրել է տրամադրել պաշտոնական պարզաբանում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ:

Դիմումատուն նշել է, որ վերոնշյալ իրավական նորմի ընկալումը թողնում է հայեցողական մեկնաբանման մեծ հնարավորություն և գործնականում բավական դժվար է տնտեսվարող սուբյեկտների համար հասկանալ` որն է նշված հոդվածի իմաստով ակտիվների հասկացությունը, արդյոք ընկերության բոլոր ակտիվները, այդ թվում` պաշարները ներառվում են Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանմամբ տրված ակտիվներ հասկացության մեջ:

Դիմումատուն առաջարկել է իր մեկնաբանությունը, համաձայն որի` ոչ բոլոր ակտիվներն են ընդգրկվում տվյալ նորմի իմաստով ակտիվներ հասկացության մեջ, քանի որ շատ դեպքերում բոլոր ակտիվները նկատի ունենալը չի բխում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակից: Դիմումատուն նշել է, որ շուկայական տնտեսության պայմաններում մի տնտեսվարող սուբյեկտ կարող է մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի վաճառել տարբեր ժամանակահատվածներում մեծ քանակությամբ պաշարներ, որոնց հանրագումարը ժամանակի մի պահի կարող է գերազանցել վերը նշված նորմով սահմանված ակտիվների մասով սահմանաչափը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով` Դիմումատուն խնդրել է տրամադրել պաշտոնական պարզաբանում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ:

Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.

2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.

5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

Այսպես` Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է համակենտրոնացման դրսևորման հնարավոր ձևերը: Մասնավորապես` համակենտրոնացման դրսևորման ձևերից է տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին: Այսինքն` օրենսդիրը ակտիվների ձեռքբերման միջոցով դրսևորվող համակենտրոնացումը նախատեսել է որպես համակենտրոնացման առանձին ձև և սահմանել, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը համակենտրոնացում է համարվում այն դեպքում, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին:

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները կազմել և ներկայացնել պետական մարմիններին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» թիվ 235-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանվում են ֆինանսական հաշվետվություններում կազմակերպության ակտիվների և հասույթի արժեքի (չափի) հաշվարկման ստանդարտները:

Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը, պարզ է դառնում, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով տնտեսվարող սուբյեկտների ակտիվների արժեքը դիտարկելիս Հանձնաժողովը հիմք է ընդունում տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական փաստաթղթերում արտացոլված ակտիվների արժեքը, որը որոշվում են հաշվապահական հաշվառման վերաբերյալ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Օրենքի վերոնշյալ դրույթի իմաստով բոլոր ակտիվների, այդ թվում` պաշարների արժեքն է ներառվում ակտիվների արժեքի հաշվարկում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով, ապա այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Հանձնաժողովը չի անդրադառնում տնտեսվարող սուբյեկտների ակտիվների արժեքի հաշվարկման մեխանիզմներին, քանի որ դա կարգավորվում է հաշվապահական հաշվառման օրենսդրությամբ և ստանդարտներով:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, Հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով ակտիվների արժեքը դիտարկելիս Հանձնաժողովը հիմք է ընդունում տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական փաստաթղթերում արտացոլված բոլոր ակտիվների արժեքը, որը որոշվում է հաշվապահական հաշվառման վերաբերյալ իրավական ակտերի և ստանդարտների համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

pin
Տնտես. մրցակցության պաշտպանության հ
19.02.2018
N 22
Պաշտոնական պարզաբանում