Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵ ...

 

 

020.1405.130318

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 մարտի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դ. Անանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հուլիսի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2018 թվականի փետրվարի 14-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2017 թվականի հուլիսի 25-ին` Երևանում, որի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների վրա, այդպիսով ստեղծելով բարենպաստ հարկային ռեժիմ, ինչպես նաև կանխատեսելի և կայուն հարկային դաշտ:

Կոնվենցիային կից ներկայացված է արձանագրություն, որը Կոնվենցիայի անբաժանելի մասն է:

Կոնվենցիայով սահմանվում են պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց` հարկման ենթակա գույքը և եկամուտների տեսակները, որոնցով պայմանավորված կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ մյուս կողմի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը կամ գույքը հարկելուց, որի հարկման իրավունքը Կոնվենցիայով վերապահված է համապատասխան մյուս պայմանավորվող կողմին և` ընդհակառակը:

2. Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- չհարկել կամ հարկել նվազեցված դրույքաչափերով Իսրայելի Պետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված որոշ տեսակի եկամուտներ, մասնավորապես` անշարժ գույքից ստացվող եկամուտը (6-րդ հոդված), ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթը (7-րդ հոդված), շահաբաժինները (10-րդ հոդված), տոկոսները (11-րդ հոդված), ռոյալթիները (12-րդ հոդված), գույքի արժեքի հավելաճը (13-րդ հոդված), վարձու աշխատանքից եկամուտը (14-րդ հոդված),

- բացառել կրկնակի հարկումը Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան, մասնավորապես, երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարող են հարկվել Իսրայելում, ապա Հայաստանը թույլ է տալիս այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից հանել Իսրայելում վճարված եկամտահարկին հավասար գումար, և այդ ռեզիդենտի գույքից գանձվող հարկից հանել Իսրայելում վճարված գույքահարկին հավասար գումար,

- բացառել խտրականությունը Կոնվենցիայի 24-րդ հոդվածին համապատասխան, մասնավորապես, Իսրայելի Պետության ազգային անձանց Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված չսահմանել որևէ պարտավորություն, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, ենթակա են կամ կարող են ենթակա լինել Հայաստանի ազգային անձինք,

- Իսրայելի Պետության իրավասու մարմնին ծանուցել Հայաստանի Հանրապետության հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին (Կոնվենցիայի 2-րդ հոդված, մաս 4),

- չհարկել Հայաստանի Հանրապետության համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ հավատարմագրված ուսումնական հաստատությունում ուսուցման կամ հետազոտմամբ զբաղվելու նպատակով ժամանած Իսրայելի Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի` ուսուցանման կամ հետազոտման համար տրվող վարձատրությունը` ՀՀ առաջին անգամ մուտք գործելու օրվանից երկու տարին չգերազանցող ժամանակահատվածով (հոդված 19),

- չհարկել Կոնվենցիայի 20-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված այն վճարումները կամ եկամուտները, որպիսիք Հայաստանի Հանրապետությունում բնակվելու, ուսանելու կամ մասնագիտանալու նպատակով ստացել են անմիջապես մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը Իսրայելի Պետության ռեզիդենտ հանդիսացող ուսանողները կամ փորձնակները,

- Իսրայելի Պետության իրավասու մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն, մասնավորապես, փոխանակել այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Կոնվենցիայով նախատեսված հարկերի վերաբերյալ ներպետական օրենքների կատարման համար, քանի դեռ հարկումը չի հակասում Կոնվենցիային,

- երաշխավորել, որ Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն բացահայտվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են բոլոր տեսակի հարկերի գնահատման կամ գանձման, հարկադիր բռնագանձման կամ դատական հետապնդման, բողոքարկումների քննման, կամ վերը նշվածի վերահսկողության գործընթացներին, ինչպես նաև երաշխավորել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունը կօգտագործեն միայն այդպիսի նպատակների համար (հոդված 26, կետ 2),

- թույլատրել նվազեցնել Իսրայելում հավելաճի մասին օրենքի համաձայն վճարված հարկի գումարը` կապված Իսրայելից արտագաղթի արդյունքում օտարելու հետ` Կոնվենցիայի 13-րդ հոդված 6-րդ կետի համաձայն (Արձանագրության 8-րդ կետ):

3. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտման մասին Կողմերի ծանուցումներից վերջինի ստացման օրվանից:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 13-րդ հոդվածի դրույթներին և միտված են միջազգային իրավունքի հիման վրա` պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի հուլիսի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 մարտի 2018 թվականի

ՍԴՈ-1405

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.03.2018
N ՍԴՈ-1405
Որոշում