Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.30-ՐԴ, 204.33 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
քաղաքացիական և վարչական պալատի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0497/02/13
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0497/02/13 2017 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անաիդա, Վլադիմիր, Արմեն, Արմինե Աղաջանյանների ներկայացուցիչ Գեղամ Այվազյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Անաիդա և Վլադիմիր Աղաջանյանների սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Անաիդա, Վլադիմիր, Արմեն, Արմինե Աղաջանյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման, Արման Ավագյանի, երրորդ անձինք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), «Բլեսս» ՈՒՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և գույքը հետ ստանալու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է Երևանի Սարի թաղի 13-րդ փողոցի թիվ 11/3 հասցեում գտնվող անշարժ գույքը, Երևանի Նոր Նորքի Բակունցի 1-ին նրբանցքի թիվ 8/2 հասցեում գտնվող անշարժ գույքը, Երևանի Բագրևանդի թիվ 88 հասցեում գտնվող բենզալցման կայանը, ավտոտեխսպասարկման կետը, Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի թիվ 20 շենքի 1-ին ավտոտնակը, Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 88/1 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ ստանալ և դրանց նկատմամբ ճանաչել ամուսիններ Անաիդա Աղաջանյանի և Վլադիմիր Աղաջանյանի համատեղ սեփականության իրավունքը, առոչինչ ճանաչել Արմեն Աղաջանյանի և Կազմակերպության միջև 29.08.2012 թվականին կնքված հիփոթեքի թիվ 06-12/2 պայմանագիրը և թիվ 066-12/3 շարժական գույքի կարգավորումների պայմանագիրը, որոնց համաձայն` գրավադրվել են Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 88 հասցեում գտնվող անշարժ և շարժական գույքերը: Որպես վերը նշված պահանջներից բխող ածանցյալ պահանջ` պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի կողմից Երևանի Սարի թաղի 13-րդ փողոցի թիվ 11/3 հասցեում գտնվող անշարժ գույքի, Երևանի Նոր Նորքի Բակունցի 1-ին նրբանցքի թիվ 8/2 հասցեում գտնվող անշարժ գույքի, Երևանի Բագրևանդի թիվ 88 հասցեում գտնվող բենզալցման կայանի, ավտոտեխսպասարկման կետի, Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի թիվ 20 շենքի 1-ին ավտոտնակի, Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 88/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Արմեն Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումները և նշված գույքերի նկատմամբ գրանցել ամուսիններ Անաիդա Աղաջանյանի և Վլադիմիր Աղաջանյանի սեփականության իրավունքը: Պահանջել է նաև անվավեր ճանաչել Արմեն Աղաջանյանի և Կազմակերպության միջև 29.08.2012 թվականին կնքված հիփոթեքի թիվ 06-12/2 պայմանագրի և թիվ 066-12/3 շարժական գույքի կարգավորումների պայմանագրի հիման վրա կատարված Կազմակերպության գրավի իրավունքի գրանցումը Երևանի Բագրևանդ փողոցի թիվ 88 հասցեում գտնվող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 08.05.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Սարի թաղի 13-րդ փողոցի թիվ 11/3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Անաիդա Աղաջանյանի և Արմեն Աղաջանյանի միջև 06.12.2011 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և այդ հիմքով Արմեն Աղաջանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչվել են անվավեր` այդ գույքը վերադարձվել է Անաիդա Աղաջանյանին, և դրա նկատմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը: Երևանի Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Անաիդա Աղաջանյանի և Արմեն Աղաջանյանի միջև 06.12.2011 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և այդ հիմքով Արմեն Աղաջանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչվել են անվավեր` այդ գույքը վերադարձվել է Անաիդա Աղաջանյանին, և դրա նկատմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը: Երևանի Նոր Նորք համայնքի Բագրևանդի փողոցի թիվ 88/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Վլադիմիր Աղաջանյանի և Արմեն Աղաջանյանի միջև 07.12.2011 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և այդ հիմքով Արմեն Աղաջանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչվել են անվավեր` այդ գույքը վերադարձվել է Վլադիմիր Աղաջանյանին, և դրա նկատմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը: Երևանի Սարի թաղի 13-րդ փողոցի թիվ 11/3 հասցեում գտնվող անշարժ գույքի, Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 88/1 հասցեում գտնվող անշարժ գույքի, Երևանի Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8/2 հասցեում գտնվող անշարժ գույքի, Երևանի Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի 20-րդ շենքի թիվ 1 հասցեում և Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 88 հասցեում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ պատասխանողներ Անաիդա և Վլադիմիր Աղաջանյանների սեփականության իրավունքը գրանցելու հայցապահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ.Չիլինգարյան, Մ.Հարթենյան, Հ.Ենոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2015 թվականի որոշմամբ Անաիդա, Վլադիմիր, Արմեն և Արմինե Աղաջանյանների և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 08.05.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.02.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 15.10.2015 թվականի որոշման դեմ Անաիդա, Վլադիմիր, Արմեն, Արմինե Աղաջանյանների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անաիդա, Վլադիմիր, Արմեն, Արմինե Աղաջանյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

ՀՀ սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, եթե ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշմամբ արձանագրվել է իրավունքի խախտման փաստը և քաղաքացիական գործով կիրառված օրենքի դրույթի վերաբերյալ տրվել է մեկնաբանություն` բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, որը նաև բխում է սահմանադրական կամ կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Տվյալ պարագայում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը դիմողների նկատմամբ չի կիրառվել վերը նշված մեկնաբանությամբ, հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն իմպերատիվ կերպով սահմանում է սնանկ ճանաչված պարտապանի կողմից անհատույց փոխանցված գույքը հետ վերադարձնելու կարգ` սահմանելով ոչ ավել, քան երեք նախապայման` սնանկ ճանաչված պարտապանի հետ փոխկապակցված անձ լինելը, կատարված փոխանցումների անհատույց լինելը, անհատույց փոխանցումների` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում կատարված լինելը: Դատարանը փաստել է, որ սույն գործով հիմնավորվել է վերը նշված երեք նախապայմանների միաժամանակյա առկայությունը, ինչն անվիճելի հիմք է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կիրառման համար (հատոր 5-րդ, գ.թ. 103-136):

2) Վերաքննիչ դատարանը 15.10.2015 թվականի որոշմամբ Անաիդա, Վլադիմիր, Արմեն և Արմինե Աղաջանյանների և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժել է և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ (հատոր 10-րդ, գ.թ. 62-78):

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.02.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 15.10.2015 թվականի որոշման դեմ Անաիդա, Վլադիմիր, Արմեն և Արմինե Աղաջանյանների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 11-րդ, գ.թ. 85-90):

4) Անաիդա, Վլադիմիր, Արմեն և Արմինե Աղաջանյանների դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ որոշել է. ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitսtiօ iո iոtegrսm): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipsօ factօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չեն համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու` պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն իմպերատիվ կերպով սահմանում է սնանկ ճանաչված պարտապանի կողմից անհատույց փոխանցված գույքը հետ վերադարձնելու կարգ` սահմանելով ոչ ավել, քան 3 նախապայման` 1) սնանկ ճանաչված պարտապանի հետ փոխկապակցված անձ լինելը, 2) կատարված փոխանցումների անհատույց լինելը և 3) անհատույց փոխանցումների` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում կատարված լինելը:

Դատարանն արձանագրել է, որ դատաքննությամբ հաստատվել է, որ պատասխանողներ Անաիդա և Վլադիմիր Աղաջանյաններն Արմինե և Արմեն Աղաջանյանների ծնողներն են և նկատի ունենալով, որ Երևանի Սարի թաղի 13-րդ փողոցի թիվ 11/3 հասցեում գտնվող, Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 88/1 հասցեում գտնվող, ինչպես նաև Երևանի Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8/2 հասցեում գտնվող անշարժ գույքերը պատասխանող Արմեն Աղաջանյանին են փոխանցվել նվիրատվության պայմանագրերի հիման վրա, Դատարանը գտել է, որ տվյալ պարագայում առկա է նաև օրենքով սահմանված երկրորդ նախապայմանը (անհատույց փոխանցում): Դատարանը հաստատված է համարել նաև, որ Արմեն Աղաջանյանին Վլադիմիր և Անաիդա Աղաջանյանների կողմից հիշյալ անշարժ գույքերի նվիրատվությունը կատարվել է վերջիններիս սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարիների ընթացքում: Վերոգրյալի հիման վրա Դատարանը փաստել է վերը նշված երեք նախապայմանների միաժամանակյա առկայությունը, ինչն համարել է անվիճելի հիմք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կիրառման համար:

Վերաքննիչ դատարանը, Անաիդա, Վլադիմիր, Արմեն և Արմինե Աղաջանյանների վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել Դատարանի` վերը շարադրված պատճառաբանությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.02.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 15.10.2015 թվականի որոշման դեմ Անաիդա, Վլադիմիր, Արմեն, Արմինե Աղաջանյանների կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Անաիդա, Վլադիմիր, Արմեն, Արմինե Աղաջանյանների դիմումը, 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ արձանագրել է. «Վիճարկվող նորմի նպատակը պարտատերերի նկատմամբ պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելը կանխելն է, որով պետությունը թույլ չի տալիս խախտել պարտատերերի իրավունքը` դրանով իսկ պաշտպանելով այլոց` պարտատերերի հիմնական իրավունքները: Օրենքի վիճարկվող դրույթով սահմանված պայմաններին համապատասխանող փոխանցումներն ինքնին չեն կարող վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Նման դիրքորոշման համար հիմք են հանդիսանում այն հանգամանքները, որ, նախ` նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կարող են հաստատվել դատարանի կողմից գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրման և գնահատման արդյունքում, երկրորդ` նշված պայմաններին համապատասխանող ոչ բոլոր փոխանցումները կարող են վկայել պարտապանի ոչ իրավաչափ մտադրության մասին: Եթե պարտապան ֆիզիկական անձը որևէ անհատույց փոխանցում է կատարել իր հետ փոխկապակցված անձի, որից միայն երեք կամ չորս տարի հետո է ստանձնել որևէ պարտավորություն և դրանից կարճ ժամանակ անց սնանկ է ճանաչվել, շատ դժվար կլինի նման փոխանցումը դիտարկել որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցում:

Նման դեպքերը, թեև համապատասխանում են վիճարկվող դրույթի սահմանած պայմաններին, սակայն չեն կարող ծառայել վիճարկվող դրույթի` օրենսդրի կողմից սահմանված և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող նպատակին, հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանները վիճարկվող դրույթը կիրառելիս դրա գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: ...Սահմանադրական դատարանի գնահատմամբ օրենքի վիճարկվող դրույթում սահմանված պայմանները բավարարող բացառապես բոլոր փոխանցումները հետ ստանալը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դրանցից ոչ բոլորը կարող են ակնհայտորեն վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին, չի կարող դիտարկվել որպես Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ միջոց: Նման մոտեցումը կխախտի ոչ միայն անձի սեփականության իրավունքը, այլև հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության սահմանադրական սկզբունքը»:

ՀՀ սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ որոշել է. ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ»: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վեճի առարկա դրույթը դիմողների նկատմամբ չի կիրառվել նույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ներկայացված մեկնաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշումը սույն գործով նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 15.10.2015 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանում է միայն Անաիդա, Վլադիմիր, Արմեն և Արմինե Աղաջանյանների վերաքննիչ բողոքը մերժելու մասով` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացրել են միայն Անաիդա, Վլադիմիր, Արմեն և Արմինե Աղաջանյանները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2015 թվականի որոշման` Անաիդա, Վլադիմիր, Արմեն և Արմինե Աղաջանյանների վերաքննիչ բողոքը մերժելու մասը, և գործը`

- Երևանի Սարի թաղի 13-րդ փողոցի թիվ 11/3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Անաիդա Աղաջանյանի և Արմեն Աղաջանյանի միջև 06.12.2011 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և այդ հիմքով Արմեն Աղաջանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, այդ գույքն Անաիդա Աղաջանյանին վերադարձնելու և դրա նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների,

- Երևանի Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Անաիդա Աղաջանյանի և Արմեն Աղաջանյանի միջև 06.12.2011 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և այդ հիմքով Արմեն Աղաջանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, այդ գույքն Անաիդա Աղաջանյանին վերադարձնելու և դրա նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների,

- Երևանի Նոր Նորք համայնքի Բագրևանդի փողոցի թիվ 88/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Վլադիմիր Աղաջանյանի և Արմեն Աղաջանյանի միջև 07.12.2011 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և այդ հիմքով Արմեն Աղաջանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, այդ գույքը Վլադիմիր Աղաջանյանին վերադարձնելու և դրա նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասով ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԱՆԴ/0497/02/13
Որոշում